Արշակ Արքա, Դրաստամատ Ներքինի

Երեք են, որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.

Առիւծը, որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից

ետ չի դառնալ:

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ԱՐՇԱԿ ԱՐՔԱ, ԴՐԱՍՏԱՄԱՏ ՆԵՐՔԻՆԻ

Պատմավեպ

Երեք են, որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.
Առիւծը, որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից
ետ չի դառնալ:
Եղնիկը, եւ նոխազը, եւ թագաւորը, որի զօրքը իր հետն է:
Առակաց գլ. լ. խ. 29

Մեկ նետընկեց հեռավորության վրա քարավանին հետապնդում էր առյուծը: Տապից թալկացած ուղտերն ու պահնորդները նրա նկատմամբ կորցրել էին զգոնությունը: Ուղտերի մաշկը հարվել էր, սապատները սմքել, ճլորել, տոպրակների նման կախվել էին մեջքներից: Քսաներորդ օրը առաջապահ զինվորները մի ուրիշ բան էլ տեսան, ձեռքերն առաջ պարզած՝ հորիզոնի վրա մանր, սև կետեր ցույց տվեցին: Ամբողջ օրը նրանց ընդառաջ քայլելուց հետո նրանք հասկացան, որ մի քայլ անգամ չեն մոտեցել սև ուրվագծերին: Նրանք ևս շարժվում էին նույն արագությամբ, ինչ որ քարավանը: Հենց ուղտերը կանգնում էին, մանր կետերը նույնպես կանգնում էին ու նորից քարավանի շարժման հետ վերսկսում էին ճանապարհը: Նրանց և քարավանի միջև տարածությունը չէր կրճատվում: Պահնորդ զինվորները քսաներորդ օրը տեսան նրանց. արդեն քանիերորդ օրն էր նրանք հետապնդում էին քարավանին՝ չգիտեին: Իսկ այդ օրվանից հետո, արևածագից մայրամուտ ամբողջ այդ ընթացքում, թագավորին երկրպագության գնացող քարավանի տեսադաշտից չբացակայելով, նրա առջևից, հորիզոնի վրա վազում էին սև ուրվագծերը, որոնք քանի գնում՝ նվազում կամ ծավալաշատ էին դառնում: Երբեմն նրանց միջանցիկ փոշու ամպն էր ծածկում ու հետո նորից, նույն անփոփոխ հեռավորության վրա, նրանք հայտնվում էին կրկին: Քարավանը նրանց ընդառաջ էր գնում, բայց նրանք էին քարավանին տանում իրենց հետևից: Վարձկան ուղտատերերն այդ եզրակացության եկան, երբ ամբողջ օրը քայլելուց հետո նորից հանդիպեցին նախորդ գիշերվա խարույկատեղերին: Հետո, ավազե բլրի վրա շարք կանգնած, քարացավ նրանց բազմությունը, հանկարծ նրանք վերակենդանացան ու ցրվեցին՝ շրջանցելով ավազե բլուրը տարբեր ուղղություններով, միանգամից հայտնվեցին քարավանի առաջ, և բոլորը պարզ տեսան շնագայլերի դեղին աչքերը:
Քարավանի առաջնորդ Ֆարուխն ասաց. «Ճանապարհից պիտի շեղվենք, թեթև զինված մարդու համար մեկ օրվա հեռավորության վրա հայկական վանք կա, այնտեղից ջուր կվերցնենք»: «Այս պայմանների համար փորձ ունեցող ուղտեր պիտի վերցրած լինեիք, քարավանապե՛տ»,– ասաց Դրաստամատը: «Տե՛ր, պատճառը միայն ջուրը չէ: Չորքոտանիների ծարավը թուլացնելու համար նրանց կերակուրներին՝ ջերմիկին ու գարուն, լրացուցիչ աղ ենք խառնել: Նկատե՞լ եք, քարավանի երկու կողմերով քայլող զինվորների մեծ մասը կաղում է, նրանց մատների արանքում ճաքեր են առաջացել: Իսկ աչքերը կարմրած են, բորբոքված: Խեղդող տապից նրանք գիշերները չեն կարողանում քնել, մեկի մոտ արդեն ուղեղի բորբոքում է նկատվում: Ինչքան հասկացա, ձեր խոստացած ոսկին նրանց սկսել է քիչ ոգևորել: Ուղտապաններն էլ նրանց միացած՝ շերբեթ ու կին են պահանջում: Երկու հոգի ծածուկ փախել են, ու տեսնողներ չեն եղել: Առյուծն այս գիշեր դարձյալ ուղտ է տարել ու աննկատ մնացել»: «Ֆարո՛ւխ, դու հաստատապես գիտե՞ս, որ ճանապարհից պիտի շեղվենք»: «Այո՛, տե՛ր, գուսանների, կանանց ու սպասարկող ծառաների երևակայությունն էլ է բորբոքված՝ ընդոծին պատկերներ են տեսնում: Անցյալ տարիներին անապատում այսքան շոգ չի եղել: Քրտնաթոր ուղտերը չեն ուզում գնալ՝ փրփրակալած բերաններով պառկում են տաք ավազների մեջ ու տնքում են»:
Կաղ քարավանապետն ու պահնորդ զինվորները, քարավանին ու առյուծին հետամուտ, շնագայլերից մեկին ավազե բլուրների հետևում ու անապատի նարնջագույն լույսի մեջ հանկարծակիի բերեցին, շրջափակեցին ու մորթեցին: Թմրած, բորբոքված ոտքերով ուղտերին արագաքայլ դարձնելու համար նրանց ռունգերը տրորեցին շնագայլի տաք արյունով:
Ֆարուխը՝ Պարսից Մեծ դռան հազարապետ, վարչական պաշտոնյայից շուկաներում և հրապարակներում ելույթներ ունենալու արտոնագիր ունեցող, հաղթանդամ կառուցվածքով կռփամարտիկ էր: Բայց հանկարծ սկսեց ո՛չ իր երկրի թագավորին հավատալ, ո՛չ էլ՝ կրոնին: Նա մի օր Որմիզդի տաճարում արքայից արքայի՝ Եղբայր Արևի և Լուսնի անվանակոչության քսանամյակի տոնի արարողության ժամանակ իր կնոջը սրբազան խառնակության պահին տեսել էր մեհյանի ավագ մոգի հետ ու երկուսի կոկորդն էլ կտրել էր անուշահոտ, սուրբ ջրավազանում լողանալու պահին ու դատապարտվել կալվածքային աշխատանքների համար ստրկության վաճառքի: Վերջին պահին Պարսից աշխարհում բնակվող Դրաստամատը նրա համար փրկագին էր վճարել ու իջեցրել օտար աշխարհներ նավարկող նավից: Նա էլ քրիստոնեություն էր ընդունել ու, ահա քսան տարի է, հավատարմորեն ծառայում էր նրան:
Տարիներ անց երկրորդ անգամ դատապարտվեց, այս անգամ՝ մահապատժի: Այլանդակի տեսքով այլակերպված ամբոխին ու պահակախմբին հրմշտելով՝ մտել էր Պարսից Մեծ դռան հրապարակ, կանգնել պտտվող անիվ֊մեքենայի վրա գցված, ծաղրուծանակի ենթարկվող Հայաստանի թագուհու՝ մերկ Փառանձեմի կողքին ու պահակազորի հրամանատարին ասել. «Այստեղ հավաքվածների մեջ ամենաայլանդակը ես եմ, Հայաստան աշխարհի Մեծ Տիկինը իմն է, ես եմ նրան տիրելու»: Պահակապետն ասել է. «Քոնն է, մուրացկան, եթե կարող ես…»: Ֆարուխը շուրջը հավաքվածների ծիծաղը չի լսել՝ իբրև մերկացել է: Ծոցից հանած դաշույնի շեշտակի մի հարվածով կտրել է թագուհու կոկորդի քներակը: Ասել է. «Դուք էլ գիտեք, որ Զրադաշտը արգելում է մեռելին պղծելը»: Ուշքի եկած հրապարակը գոռացել է՝ «Մա՛հ»: Խաբված ամբոխը՝ «Կախաղա՛ն»: Հանկարծակիի եկած՝ պահակազորի հրամանատարը Ֆարուխի ձեռքերը մեջքին կապած ծեծելով զնդան է իջեցրել: Դրաստամատը ոսկով մեծ փրկագին է վճարել ու ազատել կախաղանից:
Ուղտը ճչաց, թանձր շոգ էր, նրա ձայնը չգնաց անապատի հեռուները, մարեց մոտակայքում՝ կարմրափոշի լույսի մեջ: Ուղտապանները հայհոյում էին ու աղմկում: «Առյուծն է, տե՛ր,– ասաց Ֆարուխը:– Առյուծը խփեց ուղտին, ահավոր շոգ է: Առյուծն այս ժամին չպիտի հանդիպի, եթե նա ստվեր չի որոնում, նշանակում է՝ հավասարակշռությունը կորցրել է: Առյուծը կատաղած է, նրա հիվանդ ուղեղի տագնապը մեզ հանգիստ չի տալու: Մինչև մութն իջնելը մենք պիտի գնանք հայկական վանքը: Գիշերային խարույկների վրա հույս դնել չի լինի՝ հանգչում են տոթից ու գինուն կարոտած հերթապահների անփութությունից: Շնագայլերը, արդեն քարավանի առաջն ընկած, փորձում են առաջնորդել թմրած ուղտերին: Նրանք զգում են քարավանի օրեցօր մարող ուժն ու այնքան են մոտենում վրաններին, որ նրանց հանկարծահաս լացը սարսռեցնում է բոլորին: Մեր վարձած ուղտատերերի՝ ավազների բնակիչների հեթանոս աստծու խորհրդի համաձայն շնագայլերն անծայրածիր անապատի մեջ գիտեն մի տեղ, ուր ավազը քանի գնում, կարմիր է դառնում, որտեղ ամեն ինչ մեռյալ է, ու ամեն մի շունչ մեռնում է»: Ֆարուխը զինվորներին ասաց. «Բերեք»: Զինվորները ձեռքերը կապոտած չորս ուղտատերերին բերեցին: Ծառաները ծնկեցրին ուղտին, ամպհովանիով ծածկված պատգարակից իջավ Դրաստամատը: Ֆարուխն ասաց. «Նրանք փախչում էին, նրանց էլ այս գիշեր են բռնել,– ասաց.– խոսեք տիրոջ հետ»: Ձեռներն արձակված նրանցից ավագը հանեց գլխի թաշկինակը, խոնարհվեց մինչև գետին, ասաց. «Իմ անունը Ոսկեգույն Ուղտերի Արքա է, թող մեր տիրոջը հայտնի լինի՝ մենք մեր Աստծու խորհրդով ճանապարհն այլևս չենք կարող շարունակել: Մեր ուղտերը քարավանից չենք հանում, նրանց դիմաց մեզ հեռանալու իրավունք տվեք: Մեզ՝ ավազի բնակիչներիս, Աստված հայտնի է դարձրել. հետևել շնագայլերի ընթացքին և իմանալ, որ նրանք մեզ առաջնորդում են կարմիրը: Օր օրի խորանում ենք անապատի ավազուտների կրկնակի կարմրի մեջ, դա մահվան աշխարհի դարպասն է: Կարմիրը՝ գույներից ամենապայծառը, հերթականության մեջ ամենավերջինն է: Բովանդակությամբ՝ ամենաթույլը, հանգչողը, որն իր ավարտի մեջ սև է դառնում: Նրանով վերջանում է աշխարհը, կյանքը նրա մեջ է ավանդում շունչը: Ցուլը՝ Աստծու փոխանորդը երկրի վրա և երևելին իր իմացությամբ՝ նրան հանդիպելիս նետվում է մարտի: Կենդանական աշխարհը այդ գույնով տեսնում է արյան սպանվելն ու սարսափում է նրանից: Կարմիրը կենաց և մահու աշխարհների վերջին սահմանագիծն է, մահամատույցը, ուր հեղձամահ սևն է
բնակվում: Շնագայլերը Կարմիր Չար Ուժի կողմից այդ երկու աշխարհների միջև կարգված միջնորդներ են, հենց այդ նպատակով էլ նրանք աշխատում են գիշերուզօր, նրանք մեզ կտանեն մահվան երկիրը: Տե՛ր, շնագայլերը սպասում են գոյի անկմանը և առաջնորդում կարմրից կրկնակի կարմիր՝ գույնի հեղձամահ թուլության մեջ շրջապտույտ տալով, ուժասպառ անելով ուղտերին, դրության տերը կլինեն և քարավանը հետևները գցած՝ կտանեն անգոյության դաշտը: Ձեր ծառաները, երբ ձեզ ասում են, թե շոգից են դեղին ուղտերը փրփրակալած բերաններով պառկում տաք ավազների մեջ ու չեն ուզում գնալ, դուք չպետք է հավատաք, դա շոգից չէ: Լսեք ոսկեգույն ուղտի տնքոցը ու կհասկանաք, որ կարմիրն արդեն հետապնդում է ուղտին, ու նրա գլխի մեջ թանձր սևն է իջնում: Ամենակարող իշխան, մեզ իրավունք տվեք հեռանալ անապատից»: Զինվորները մտրակելով տարան նրանց:
«Տե՛ր, ավազաբնակների սարսափն է՛լ ավելի սաստկացրեց չկարգավորվող մի հանգամանք ևս: Կանանցից շատերի մոտ սկսվել է ամսեկանի ժամանակը, ու նրանք չեն կարողանում թաքցնել իրենց հիվանդությունը: Կանայք անընդհատ ճամբարի ներսում մեզ հետ միասին են և անհրաժեշտություն ունեն առանձնության, շրջակայքում ոչ մի թուփ չկա, իսկ հեռու՝ ավազաբլուրների հետևը, առյուծն ու շնագայլերն են: Կանայք իրենք իրենց իրավիճակից տագնապած են, ավազի բնակիչները՝ նույնպես. նրանց սովորույթն է՝ ճանապարհին կնոջ արյունը վատ նշան է. անասունների անկում կլինի, մարդկային միզակապություն, որդեսերման սերմի անպտղություն, կործանարար փոթորիկ, կրակե հողմ, սերմնակաթություն, խավարի թանձրության աննախադեպ հարձակում: Քարավանի տղամարդիկ մռայլ են, հատկապես ավազի վարձու բնակիչները. նրանք պահանջում են, որ կանայք հեռու մնան ջորիներից ու ուղտերից, դա անհնար է: Նրանք չեն կարող ավազի հատիկը ճաքեցնող այս տաք արևի տակ քայլելով տեղ հասնել: Զինվորներն էլ նրանց միացած՝ պահանջում են, որ նրանք ջրի տիկերին ու իրենց կերակուրներին չմոտենան: Կանայք ամոթից ինքնամփոփ ու ճնշված են, ընդհանուր սեղանին ճաշի չեն նստում, հրամայել եմ նրանց կերակրեն վրաններում: Արդեն երկրորդ օրն է՝ վարձկան ուղտատերերի պահանջով կանանոցի ներքինին արևածագի հետ վատառողջ կանանց վրաններից դուրս է հանում և, ի տես ամենքի, քարընկեց հեռավորության վրա՝ ավազներին գծած շրջանակների մեջ, նրանց ձեռքերն է
լվանում՝ արյան անմաքրության նշանը սրբելու համար և մեղմելու քարավանի տագնապը: Բայց գիշերը քարավանը լքած փախստականները հեռանալուց առաջ իրենց ընկերներին զգուշացրել են մոտալուտ ահասարսուռ վտանգի մասին: Տե՛ր, մենք պիտի գնանք հայկական վանքը, քարավանի ոգին բորբոք պահելու համար այնտեղից տիկերով ջուր ու գինի կվերցնենք, կանայք իրենց մաքրության գործերը կհոգան»:
Երբ հայոց նախարարները, մեծամեծերը, կուսակալները, գավառատերերը, գյուղերի դասպետները Արշակ թագավորին բռնադատեցին, շտապեցրին, ստիպեցին, որ անհապաղ իր գահից, իր երկրից ելնի ու գնա Պարսից աշխարհի Մեծ դուռը, Շապուհն էլ, նա՝ Լուսնի և Աստղերի ընկեր, արքայից արքան, վերցրեց ու Արշակ թագավորին բանտարկեց Խուժաստան աշխարհի Անհուշ բերդում: Դրաստամատն այլևս Հայաստան չվերադարձավ, մնաց Պարսից աշխարհում: Մեծ փրկագնով կախաղանից ազատեց Ֆարուխին, և նրանք երկուսով բազում միջոցների դիմեցին, շատ հնարքներ օգտագործեցին Արշակ արքային բերդից փախցնելու համար:
Ֆարուխը, տարիներ առաջ, պարսից Խուժաստան աշխարհի անապատի այս նույն ճանապարհով, որ հիմա բանտարկված Արշակ թագավորին երկրպագության գնացող բազմանդամ քարավանն է անցնում, ծառայի հետ երեսուն օր ճանապարհ գնաց, հասավ Անհուշ բերդ, բերդի կառավարչին ասաց. «Թափառական աստղահմա եմ, այս կողմերով էի անցնում, ասի՝ մտնեմ ձեզ ուրախացնեմ»: Կառավարիչը կասկածանքով է նայել եկվորին, հետո՝ թե. «Մո՛գ, արածդ ի՞նչ է, ի՞նչ կարող ես անել»: Ֆարուխը, թե. «Կարող եմ ամենազորեղ ուժերին կանչել ու երկինք, գետին խավարեցնել»: Բերդի կառավարիչը երկմտեց, վերևից նայեց անապատի բոլոր կողմերը, տեսավ եկվորները երկուսով են, այնքան էլ չվախեցավ, սակայն կասկածեց: Ֆարուխը բացեց ափն ու ցույց տվեց քրտնած, գինեգույն Սարդիոնը, ասաց. «Կառավարի՛չ, ով կհասկանա այս հմայիլ-հուռութքի վրա գրված բառը, կստանա բարձրագույն ազատություն, կդառնա անմահ, կիմանա, թե ինչպես է ծնվածը՝ կապված լուսնային օրերի հետ, և երբ երակ թողնի, ճաշակելով մեղքի բոլոր քաղցրությունները, կմնա անմեղ: Գրվածքը տառերով թվային յոթ երկնային բարձրությունների արտահայտությունն է: Այդ յոթ ոլորտներից վերև՝ աստվածների իշխանություններից, հրեշտակապետերից ու հրեշտակներից վերև ապրում է անանուն խավարը, որը գեղեցիկ է ամեն մի լույսից և հիասքանչ՝ գիշերային մթից, անսկիզբ է ու անծնունդ, ես կիջեցնեմ նրան՝ ի սարսափ աշխարհի, դու միայն ցանկացիր, կառավարի՛չ»:
Կառավարիչը, բերդի դարպասները նրանց դեմ բացելուց առաջ, զգուշության համար աշտարակի պահնորդ զինվորներին ուղարկեց ուղտի փորը ճղելու: Ֆարուխն ասաց. «Լսված բան չի, որ հյուրընկալողը անապատով անցնողի չորքոտանուն սպանի»: Կառավարիչն ասաց. «Եթե թափառական մոգը կարծում է, որ ինքը Հոմերոսի «Իլիականը» չի կարդացել, շատ իզուր»: Ասաց. «Քո կարծիքով, Տրոյան ինչպե՞ս գրավեցին, հենց այդպես, քաղաքի կառավարչի անփութության պատճառով, ձիու փորը զինվորներ նստեցրին ու քաղաքը գրավեցին»: Երբ ուղտի դին, պարսպից հեռու, ցիներին ու շնագայլերին կերակուր գցեցին, կառավարիչն ասաց. «Չնայած այսպես պետության և ինձ վրա թանկ է նստում, բայց ձեր մեկնելուց նոր ուղտ կտամ»,– ասաց. «Մո՛գ, դու գործդ արա, տեսնենք»: Ֆարուխը, թե. «Պիտի սենյակ լինի, որ աղոթք անեմ: Պիտի արևի ժամացույցի ստվերը գա ցերեկային օրվա վերջն ազդարարող Արփող ժամի վրա, ու ես նոր իրավունք կունենամ երկնային յոթ ոլորտներից այն կողմ ապրող ուժերին կանչելու»: Հետո նա, մի սենյակում առանձնացած, Սարդիոն քարի հետ մնաց: Սպիտակ, ատլասե շղարշը գցեց ուսերից մինչև գետին, ժամացույցի ցուցիչի ստվերը եկավ, կանգնեց ցերեկային վերջին Արփող ժամի վրա, ինքը բարձունքում, աշտարակին կանգնած, ձեռքերն արևելք ու արևմուտք պարզած, գինեգույն Սարդիոնը կրծքից կախած, գլուխը հետ գցած, երկնային ուժերին խնդրեց, պահանջեց, գոռաց. «Սալլի՛, իջի՛ր, տո՛ւր խավարում, տո՛ւր երկինք-գետնի ահաբեկիչ մթնեցում: Սալլի՛, լույսից գեղեցիկ խավար, իջի՛ր, իջի՛ր»: Ոչինչ էլ չպատահեց, կառավարիչն էլ տրամադրություն չուներ, նյարդայնացած էր՝ պահնորդ զինվորների մեջ սիրեկան ուներ, որը մահացել էր տիֆից: Երկուսին էլ մի լավ ճիպոտով ծեծել տվեց, հմայիլ-հուռութքը վերցրեց ու առանց ուղտի թողեց անապատ: Աշտարակից նրանց հետևից ճչաց, Ֆարուխին գոռաց. «Մո՜գ, մեկ էլ այս կողմերում երևաս, արվամոլների խուցը կգցեմ, որ ճաշակես մեղքերի բոլոր քաղցրություններն ու անմեղ մնաս»:
Նրանք քսան օր անապատը ոտքով կտրեցին, հասան Դրաստամատին: Դրաստամատը նրանց շերբեթ խմեցրեց ու գինու մրուր՝ յոթ տարի արևի տակ պահած: Արևահար, լպոկտված մարմիններին սագի յուղ քսեց: Մեկ շաբաթ անց Ֆարուխի լեզուն բացվեց, ասաց. «Տե՛ր, արևի խավարում չեղավ: Ծիսակատարությունը ցուցման նմանողականությամբ կատարեցի, խավարման հմայությունը ասացի, գոռացի, ճչացի, չեղավ: Հայաստանի մոգերի ուղարկած գիտությունը չկատարվեց»: Նրանք կարդացին Տարոնի տաճարից ուղարկած «Նշանագիր իմաստնոց» գիրքը, տեսան, որ գրքի նշածով արևի խավարում պիտի լիներ: Դրաստամատը գրքի աղյուսակների վրա գիշերուզօր գլուխ ջարդեց ու պարզեց, որ նահանջ տարիները իրենք չեն նկատել, եթե նահանջ տարիներն էլ հաշվարկած լինեին, այդքան ցանկալի խավարումը շարժական տասը օրերի միջև պիտի լիներ: Եվ տասն օր հետո Պարսից աշխարհի վրա երեքօրյա արևի խավարում եղավ, հողմահարված խավարը ծածկեց երկիրը, և ամեն մի կենդանի շունչ իր գտնված դիրքում քարացավ, մարդկանցից շատերը գետինը ճեղքեցին, գլուխները թաքցրին պատռվածքի մեջ, իսկ հողագնդի վրա մարդկային երևակայության չար և բարի կրքերով ստեղծված շատ արժեքներ՝ հարստություն, տաճարներ, գերեզմանոցներ, եկեղեցիներ և արգելափակոցներում բանտարկվածներ մնացին անտերունչ, գրքի նշածով խավարում եղավ և այնպիսի մի խավարում, որ գողերը նույնիսկ Շապուհ արքայի թագի ամենամեծ ադամանդը գողացան:
Հայոց Ահեկան ամսի քսանին մեկ մոդ սերմնացուն հարյուրապատիկ բերք էր տվել, ցորենի մեկ հասկը վաթսուն հատիկ էր կծղավորել, խաղողի մի հնձանից երկու հարյուր տիկ գինի էր հանվել, խոշոր ու մանր կճղակավորների երկու ծին ու երկու խուզ էր եղել: Այդ օրը Մարդպետական նախարարությունից Դրաստամատին Արամազդի տաճարն էին տանում գիշերով։ Քրիստոնեական կուսակցությունը ներքինիացնելը համարում էր մահացու մեղք։ Նրան տանում էին գորգի մեջ փաթաթած։ Դրաստամատը գլանվածքի անցքից լսում էր հեռվից եկող շների հաչոցն ու աքլորների կանչը։ Տեսնում էր սայլի ճաղերից պարանով կապված ողջակիզացու սպիտակ արջառին, լուսնի կաթնագույն լույսի մեջ՝ կապույտ ու հաղթանդամ, պարանոցն ու ճակատը զարդարված գույնզգույն ծոպերով ու լսում էր նրա կճղակների մեջ ընդ մեջ բախյունը ճանապարհի հանդիպակաց քարերին ու տարածության մեջ պարպվող նրա փնչոցը: Նա գորգի փոքրիկ անցքից նայում էր աստղերին, միտքը պահում նրանց շարվածքը, որ փախուստի ժամանակ տունդարձի ճանապարհը չկորցնի, այդ օրերին Մարդպետական նախարարության տարածքներում թափառող երեք վհուկների ձեռքը չընկնի, գա հասնի տուն։
Նրա հայր Գարջույլը՝ պղնձաձույլ Արամազդ աստծու առաջ ծնկաչոք, նրա մանուկ որդին կողքին՝ ծնկաչոք ու դողահար, բարակ բատիստե սպիտակ շապիկի մեջ։ Գարջույլի երկուհարյուրանոց ասպազեն գունդը, զգոն ու վճռական՝ արարողության անցաբանը չիմացողների համար, փակել էր տաճարի ելք ու մուտքը: Գարջույլը ձեռքը դրեց տղայի գլխին՝ իր առաջնեկին, երկրի նախնյաց կարգին համաձայն՝ ասաց. «Զոհաբերում եմ թագավորին»։ Պատմուճանը հետ տարավ, այծի բրդից գործած կարմիր տոպրակով արծաթն ու ոսկին դրեց Աստծու ոտքերի առաջ, ասաց. «Դվին մայրաքաղաքում ընդունված համընդհանուր կշեռքով՝ երեսուն դրամ արծաթ, երեսուն դրամ ոսկի եմ նվիրաբերում Արամազդին։ Երեսուն տիկ գինի, երեսուն քուզա կաթ, ոչխարի խուզից երեսուն հակ բուրդ եմ նվիրաբերում տաճարին»։
Թմբուկները հնչեցին, կապուտակ վարագույրը բացվեց, կարմիր և սպիտակ հանդերձներով դուրս եկան տաճարի բարձրագույն աստիճաններին ձեռնադրված խորհրդագետները, հայեցողները, մարգարեներն ու քրմերը: Նրանց մեջ Արամազդի սրբազան նշանակություն ունեցող ոգին զարթեցնելու համար սպասավորները արծաթե անոթներով կարմիր գինու մրուրի հետ խառնած սև կակաչի հյութ մատուցեցին։ Նրանց ոտքերի առջև դրեցին ծխացող խունկը, ու կարմիր ծանր վարագույրը հետ գնաց, ոսկեզօծած պոզերով ու կճղակներով, Գարջույլի՝ Արամազդին նվիրած հրե ցուլը բերեցին։ Կարդացող դպիրը նստեց նրա կճղակների մոտ ու կարդաց Արամազդին փառաբանող աղոթքը, ու բոլորը նրա հետ աղաղակեցին. «Դու մա՛յր, դու կի՛ն, դու արո՛ւ Արամազդ, Արամա՛զդ»։ Տաճարի առաջին քուրմ Ողյումպը անուշահոտ խնկով օծեց ցլի դունչը, ու նրան տարան արյան ավազանի մոտ։ Հետո տաճարի հայեցողը մոտեցավ ողջակիզության համար արդեն մորթված, արջառի միսը շարած սեղանին և նրա տակ վառեց սրբազան կրակը։ Սրինգների և լարաձայն գործիքների նվագի տակ, ծիրանագույն և կարմիր վարագույրների ծալքերից մերկ դուրս եկավ ամլության Խարման աստծուն ծառայող քրմուհին ու մյուս զոհասեղանի վրա պառկած Դրաստամատի շուրջը պարեց:
Վախեցած Դրաստամատն ուզում էր լացել, բայց երբ քրմուհին փափուկ ստինքները, ստինքների պտուկները քսեց ու գոլ շնչով ումպ-ումպ համբուրեց նրա ամորձիքը, խտուտից լացը ժպիտ դարձավ, ու այդ պահին ականջին աքլորի կանչ հասավ։ Քրմուհին տաճարի մարգարեից իմացավ տիեզերքի խորհուրդն ու բոլորին բարձր հայտարարեց. «Երկնքում աստղերի դասավորությունը այս պահին զոհն ընդունելի է համարում, իսկ Երևակ մոլորակը չեզոք դիրք է բռնել, մենք ընդունում ենք եկվորին»։
Թմբուկներին հարվածվող անընդհատ նույն ռիթմը, բայց միշտ ուրիշ և ուրիշ հնչեղությամբ, անցնում էր օդի, տաճարի ու մասնակիցների միջով, մարմինները տրվում էին նրան։ Երգչախումբը հիմնի Արամազդ բառին ձայնակցում էր արցունքահոս: Տաճարի չորս անկյուններում վառվեցին յոթնաջահ աշտանակները, կապուտակ-ծիրանագույն ու կրկնակի կարմիր վարագույրները բացվեցին, դուրս եկավ ոսկե պոզերով, պտղաբերության Անահիտ դիցուհուն ծառայող քրմուհին։ Թմբուկների զարկերի տակ նրան ուղեկցում էին կենդանակերպ մորթիներով փաթաթված քրմերը։ Անուշահոտ ծխերի բուրմունքը վրան՝ քրմուհին Դրաստամատի պառկած սեղանի շուրջ մերկ պարում էր՝ զնգզնգացնելով թևերի ու ոտքերի ապարանջաններն ու փորձում արծաթե
գավով թուրմը խմեցնել նրան։ Նա զարմացած էր քրմուհու ոսկե պոզերի մեջ ամրացված հուրհրացող արևով, դողում էր և չէր ուզում խմել: Վագրի ու շան մորթով երկու քրմերը Դրաստամատին շատ արագ ոսկեհյուս պարանով ոտքերից ու ձեռքերից կապեցին սեղանի չորս անկյունների եղջյուրներից: Նա դարձյալ չէր ուզում խմել: Նրա կողքին կանգնած հայրն ասաց. «Չլացես, որ չլացես, սպիտակ նժույգը քեզ եմ նվիրելու և ինձ հետ տանելու եմ կարմիր ծառերի անտառ՝ վարազի որսի»։ Դրաստամատն ասաց. «Իմ տիրոջ բեղի տակ շրթունքը դողում է, բա ինչո՞ւ է նրա շրթունքը դողում»։ Գարջույլն ասաց. «Իզուր չես խմում քրմուհու տված թուրմը։ Խմի՛ր, որ մեր տոհմը հաճո լինի ամենակարող Արամազդին: Այս տարվա նման, եկող տարի մեր մանր ու խոշոր կճղակավոր չորքոտանուն զույգ ծին տա, ոչխարի խուզը տարեկան երկու անգամ լինի, ու մեկ մոդ սերմնացուն հարյուրապատիկ բերք տա»: Դրաստամատը հարցրեց. «Իմ տիրոջը արդյոք հաստատապես հայտնի՞ է, որ այն սպիտակ-կապույտ ցլի ողջակիզությունը Աստված հայրիկի՝ իմ տիրոջ շատ սիրելի առաջնեկ, կապուտաչ որդու փոխարեն ընդունելի և բավարար կհամարի՞»: «Հաստատապես պարզ է, այստեղ եղող բոլորին հայտնի է, որ հայրիկի կապուտաչ, ոսկեգանգուր տղային Աստված խնայել է ու ցլին ընդունել: Հայրիկի շատ սիրելի առաջնեկ տղան թող մտածի, որ իր տիրոջ շրթունքի դողալը հովիվների դեմ զայրույթից է: Ճանապարհին լրաբերը հաղորդեց, որ նախարարության սահմաններում թափառող երեք վհուկները ոչխարի հոտից չորս խոյ են գողացել»,– ասաց Գարջույլը: «Նշանակում է՝ այդ չորս խոյերն էլ իմ տիրոջ առաջնեկ որդու փոխարեն ընդունեց Աստված, և իմ սիրելի հայրիկի ձեռքերի դողալը կապ չունի տանը հուսակոտոր մայրիկի՝ իր մեղրաշուրթ տղայի համար կոծ անելու հետ։ Պատճառը վհուկներն են ու չորս խոյերը։ Տանը սուգ մտած մայրիկը, ուրեմն, իզուր է մազերին մոխիր լցնում»: Գարջույլն ասաց. «Ճիշտ է ասում խորաթափանց, ճշմարտությանը հասու, խելացի տղան»։ «Իմ տերը հաստատապես գիտե՞, որ իր խորաթափանց և ճշմարտությանը հասու խելացի տղային ոչ քարե դանակը կհասնի և ոչ աստվածների կրակը, ու իմ տիրոջ ճակատին շարված քրտինքի կաթիլները չե՞ն գալիս նրա հոգու տագնապից»: «Հայրիկի շատ սիրելի առաջնեկ որդին թող միանշանակ իմանա, որ նրան ոչ դանակը կհասնի, ոչ աստվածների կրակը: Պարզապես նրան սեղանի վրա քնել է պետք, որ մեծահամբավ Արամազդ աստված նրա մեջ իմաստության լույսը սերմանի»: Դրաստամատը շրթունքները մոտեցրեց գավին, հետո դրսից ձիու խրխինջ լսեց ու ավելի ուժգին՝ աքլորի երրորդ կանչը։
Ողյումպ քուրմը, օբսիդիան քարից դանակը ձեռքին, մոտեցավ թուրմից քնած Դրաստամատին: Նրա ծնկի տակ բարձ դրեցին, մինչև տասը հաշվելու չափ ժամանակ անցավ ու մորթե կեղևից հանած ամորձիքը տարավ, գցեց Արամազդի առաջ ողջակեզի համար վառվող սրբազան կրակի մեջ, ու մսի հոտը, անուշահոտ խնկի ծխի հետ միախառնված, բարձրացավ առ Աստված։ Քրմապետը նորից չոքեց բարձին ու բարձրացավ, ճեղքված կեղևից փողորակի մեջ առած արյունը քսեց ողջակեզի սեղանի չորս եղջյուրներին ու Արամազդի ոտնաթաթերին։ Ոսկե մատուցարանով սրբազան, բարակ ալյուր բերեցին, ալյուրը դարձյալ արյունով սրսկեց ու այրեց աստվածների կրակով։ Տաճարի առաջին մարգարեն հայտարարեց. «Երկնքում մոլորակներից ամենակատարյալ Աստված Արեգակը այսօր՝ եբրայական Միհրշրվան, Ասորական Թշրին Հրա, հայոց Ահեկան ամիսների տասնիննին, գիշերվա Կամավոտ ժամին մտել է Կարիճ համաստեղությունը, որը համապատասխանում է մարդու առնանդամին, և Հրատի, Արեգակի ու Լուսաբերի գոտիներում գերիշխում է Հայաստան աշխարհին, Հռասափ հողմին, որը փչում է հարավ-արևելյան կողմից։ Ժամը պատեհ է և հաճո երկնային ուժերին։ Ընտրյալը գալիս է առ Աստված և դեպի քեզ, թագավոր, որպես հավատարիմ ծառա՝ երկնային ուժերից առաքված, նրա ծնունդը լուսնի տասնութերորդ օրն է, առողջությունը կատարյալ կլինի, նախանշված է՝ երկարակյաց լինի, հիվանդանալու դեպքում՝ մահ չկա, ընդամենը երեք օր կտագնապի ու արագ կառողջանա՝ նրա համար շահաբեր երակ թողնելու միջոցով, թող ընդունելի լինի»։
Բորբոքված կրակի վրա այրած ամորձիքի և արյունաշաղախ ալյուրի մոխիրը տաճարի սպասավորները լուծեցին ջրի հետ և լցրին բակի սուրբ սոսիների արմատներին, որ հետագայում, ծառի տերևների սոսափյունով, տաճարի մարգարեները գուշակեն Դրաստամատի՝ թագավորին նվիրվածության աստիճանը:
Դրաստամատը, երբ արթնացավ, երջանիկ էր։ Քրմերի նման երկար, բատիստե սպիտակ շապիկ էր հագած ու մեջքին կապած կարմրածուփ գոտու ծայրերը գետնին էին կպնում։ Նրան անհանգստացնողն աճուկների ցավն էր, իսկ առողջացման օրերին Դրաստամատին խնամող Արձան քուրմը հետևում էր, որ նա ձեռները չխոթի շապիկի տակ, չվախեցնի պորտի տակ կանգնած սպիտակ թիթեռին: Ու երբ լրացավ Արեգակի Կարիճ համաստեղությունում լինելու երեսուն օրը, հինգ ժամը, չորս մասը և վերին կիսագնդերով անցնելու երեք հարյուր վաթսունհինգ ցերեկային ժամերի և չորս մասերի ժամանակը, քուրմըն արձակեց Դրաստամատի վերքին կապված բանդը, ու սպիտակ թիթեռը թռավ նրա գրկից՝ զարմացած հայացքի և իր ու Արձան քուրմի ծիծաղի տակ։ Ու կապույտ շապիկ հագցրին։ Երկու և կրկնակի անգամ լուսնկան ամիս անցավ, երկու և կրկնակի անգամ մազերը սափրեցին և հինգերորդ, վեցերորդ լուսնկան ամիսներին՝ քրմերի հետ անցկացրեց լուսատուների և աստղերի լույսի տակ, տաճարի երկնքի դիտանոց աշտարակին։ Հետևելով տիեզերքի անսահմանության մեջ լուսատուների ու մոլորակների իմաստությամբ լեցուն տեղաշարժերին՝ քուրմը տեսցրեց նրան երկինքը և վարժեցրեց մոլորակները և լուսատուները ժամադետի կողմից՝ կրկնամասերի, մանրամասնակների և մանրաերկրորդականների բաժանման հմտություններին: Հետո՝ մինչև սեղանատամի ընկնելը, անցկացրեց քրմական գիտության դպրանոցում՝ Արամազդի գրչի դիվանի՝ երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտասանության ուսման մեհյանում։ Սովորեց գաղտնիքների աղյուսակն ու նրա բացման բանալին։ Ուսուցիչ քուրմը ցույց տվեց թիվը, ասաց. «Թիվը իր մեջ պահում է առարկաների գաղտնիքը, իսկ համաշխարհային ներդաշնակություն ասածը Աստծու արտահայտությունն է։ Տես, յոթ լարաձայն նվագարանի՝ յոթ սրբազան տոնայնությունը համապատասխանում է յոթ գույնին լույսի, յոթ մոլորակներին և յոթ տեսակին գոյի՝ նյութական և հոգևոր կյանքի բոլոր ոլորտներում կրկնվող։ Սա իմաստության առաջին օրենքն է, խորաթափանց եղիր և հիշիր»: «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը: «Շատ լավ,– ասաց Արձան քուրմը,– գտիր լուսնային ժամերը»: Դրաստամատը բարձրաձայն հաշվեց. «Երբ լուսինը մեկ օրական է, կրկնապատկիր այն՝ կլինի երկու, երկուսը չորեքպատկիր՝ կլինի ութ, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ մաս՝ կմնա երեք, կրկնապատկիր այն՝ կլինի վեց, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ՝ կմնա մեկը, այն էլ կիսաժամի մասն է»: Եվ դարձյալ նրան փորձեց Արձան քուրմը։ Գիշերով դուրս հանեց, կանգնեցրեց վերջ ու սահման չունեցող աստղալից երկնքի դիմաց, ասաց. «Բաժանիր այն»: Դրաստամատն անսահման երկինքը բաժանեց տասներկու կենդանակերպ համաստեղությունների միջև: Ասաց. «Ուսուցիչ, կան աստղեր, որոնք մշտնջենավոր են՝ ոչ մոլորվում, ոչ շեղվում են իրենց սեփական շավղից, ինչպես մոլորակները, այլ միշտ նույն ճանապարհն ընթանալով՝ կատարում են իրենց ընթացքը։ Սրանցից տասներկուսն են գլխավորը և կոչվում են կենդանակերպեր։ Նրանք շարժվում են յոթ մոլորակների գերիշխանության տակ։ Ու դուրս են աստղատներից, այդ պատճառով էլ կոչվում են աստվածներ, իսկ մյուս աստղերն ու լուսատուները բաժանված են այս տասներկու աստվածների գերակայության տակ»։ Նրա վրայից հանեցին կապույտ շապիկը և տարան արքունիք, արքայազնի մոտ։
Նա արդեն սովորել էր գիտությունը հանքանյութերի և բույսերի մասին, մարդու և ժողովուրդների պատմությունը, գիտեր ճարտարապետությունը, աստղագիտությունն ու սրբազան երաժշտությունը, սովորել էր հիվանդությունների, դեղերի և մարդկային մարմնի մասին ամենակարևորները։ Եվ ուսուցիչ Արձան քրմի ցուցումով, մինչև տասնվեց տարին լրանալը, քնեց արքայազնի ծոցն ու սովորեց հուզմունքի, սարսափի, երջանկության, վախի պահերին թագաժառանգի մարմնից արձակվող բուրմունքների տարատեսակներին ու նրանց՝ այդ անտեսանելի բույրերի ազդակներով գուշակեց թագաժառանգի համար վտանգ պարունակող առարկաների տեղն ու հեռավորությունը և ճշտեց այդ ակնթարթին իր գտնվելու անհրաժեշտ անսխալ կետը՝ նրան պաշտպանելու համար, քանի որ նա միանշանակ գիտեր, որ մարմնի անդամները համադրվում են տիեզերքի կենդանակերպի հետ, ու ամեն ինչ ղեկավարվում է Արեգակով և Լուսնով, ու հողագնդի վրա գտնվողներից ոչ մի բան, տեսանելի և թե անտեսանելի, լինի բուրմունք, երջանկություն և թե դարանակալ մահ, նրանց ենթակայությունից դուրս չէ, ուստի հասկացավ, որ ամեն պահ անհրաժեշտ է սթափ լինել, քննել ու գտնել Արեգակի և Լուսնի շարժումների առանձնահատկությունները և իմանալ, թե ինչ ներազդեցություն է հատուկ նրանցից ամեն մեկին։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը: Քուրմն ասաց. «Քանի որ Արեգակին վիճակ է ընկել ցերեկը, ուստի նրա համաստեղության նշանը արական է ու ծագումն՝ արևելքից: Նրա զինակիրներն են Հրատ և Լուսաբեր աստղերը»: Արձան քուրմն ասաց. «Դու արդեն գիտես, որ Փայլածուն իր բնույթով չեզոք է և փայլում է Արեգակի ծագման ժամանակ արևելյան կողմից։ Իսկ Լուսինը, ծագելով արևմտյան կողմից, դարձյալ ունի չեզոք բնույթ. բարություն սփռող աստղի հետ լինելիս բարություն է տալիս, չարություն տվող աստղի հետ լինելիս՝ չարություն»։ Արձան քուրմն ասաց. «Դու պարտավոր ես այդ երկու աստվածների առանձնահատկություններն իմանալ ու ճարտար հաշվարկներով թագաժառանգի հարաբերությունները այնպես ստեղծել, որ նրանց չարության փուլերը չներազդեն նրա վրա, ու նա երկնային լուսատուների հետ ապրի հաշտ ու խաղաղ, հողագնդի վրա լինի իբրև մի երրորդ Աստվածություն»։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը:
Արձան քուրմը քրիստոնեական ուսմունքի դասընթացներ անցկացրեց։ Սուրբ գիրքը կարդաց ու ցույց տվեց Աստծու Որդու անձնական միայնակությունը, նրա հնազանդությունը՝ իր իսկ ուսերին դրված փայտին։ Ցույց տվեց լուսնյակ գիշերվա նրա ընթրիքը պարտեզում ընկերների հետ. «Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց և նրանց տվեց, և ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է… Այնպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ և ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով»:
«Դու նրա խոսքը լսիր սրտով ու գործը քննիր՝ տես, թե նա՝ Մեծ ուսուցիչը, ո՞ւր էր հասել: Թեև քրիստոնյաները չեն ընդունում այս իրողությունը, բայց իրականում նա իրոք, իր մարմնից կտրել ու խառնել էր հացին և իր արյունը լցրել էր գինու մեջ ու կերակրել իր տասներկու աշակերտներին։ Նրանց ուսուցչապետն իր հոգին ու մարմինը այնպես էր կրթել, որ տիեզերքի բարդ օրենքներից հանել էր ու հասցրել բացարձակ ճշմարտության, որը և անմահությունն է։ Դու խորաթափանց եղիր և արդեն շատ բան գիտես մոլորակների գաղտնիքների մասին և կհասկանաս, որ Աստծու Որդին, իր մարմնական մահից հետո փոխակերպվելով բացարձակի ու լինելով մեկ ուրիշ ժամանակի մեջ, կարող էր իր միսն ու արյունը ճաշակած աշակերտների հետ այստեղ, աշխարհի վրա հաղորդակցվել, բայց ինչ պատահեց»,– Արձան քուրմը տասներկուսի միջից ջոկեց, հանեց Հուդային, ասաց. «Ահա, դու տես և ճանաչիր նրան, սա մանանեխի հատիկի չափ հավատ կրող այն մեկն է, որի միջոցով Աստծու Որդին պիտի փրկեր աշխարհն ու մարդուն, բայց այդ միջոցին նա արդեն ձեռքը Փրկիչի հետ մտցրել էր պնակը ու վաղուց երեսուն արծաթով վաճառել էր նրան ու Աստծու Որդուն այլևս չէր ճանաչում, մինչև լուսադեմին աքաղաղը երրորդ անգամ կկանչեր»։ Դրաստամատը հասկացավ ու սովորեց սրի հարվածի ժամանակ իր մարմնով պաշտպանել թագաժառանգի սիրտը։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը։
Երկրի չորս ծագերից ու աշխարհի տարբեր վայրերից հրավիրված լավագույն բժիշկները, բժշկապետ քրմի հետ, նրան ասացին. «Մարմինը, տիեզերքի օրինակով, երրորդությամբ է ստեղծված՝ պինդ, հեղուկ և եթերային նյութերից»։ Ասացին. «Մարմնի հոգեկան աշխարհի առաջնորդը՝ մարմնի շարժողականության աղբյուրը, լյարդն է,– ասին,– Իսկ մարմնի հիվանդության պատճառը որոնիր նրա արտաթորանքի մեջ…»: Եվ երբ թագաժառանգը բարձրանում էր գիշերանոթի վրայից, նա, բժշկապետ քրմի, մասնագետ բժիշկների հետ, չորեքթաթ՝ հոտոտում էր պարունակությունը՝ նրա մարմինը և հիվանդությունները ճանաչելու համար։ Նա սկզբից գիշերանոթի, հետո թագաժառանգի ու աշխարհի դեմ զզվանքը հաղթահարեց, հետո բոլորին հակառակ՝ տեսավ ու հասկացավ, որ առաջ թագավորն է, հետո նոր՝ Աստված։ Ծնկաչոք, հենց ոսկե գիշերանոթի վրա կռացած, աղաղակեց. «Մեղա քեզ, Աստված»։
Պատանության տարիներին, երբ նրա աղվամազը սկսի նոր սևին տալ, կհասկանա իր համար անդառնալին։ Անտառի փեշին, թագաժառանգի հետ զինավարժությունների ժամանակ, կզգա ոտքերի տակ հողի տրոփյունը, հետո՝ քառատրոփ վազքից՝ հողի դղրդոցը, հետո՝ օդի տատանումից առաջացած ալիքը, գլորվելն ու շեշտակի հարվածը՝ սկզբից մոտակայքում իր պոչի հետ գզվռտվող, իր պոչի հետևից շրջապտույտ վազող որսկան բարակ շանը։ Հարվածող ալիքից սարսափած՝ բարակը կլանչելով իրեն անտառ կգցի, ու նոր ինքը կտեսնի սուրացող կարմիր աչքերով ցլին՝ անտառի կապույտից պոկված: Ցուլը, սահմռկեցուցիչ բառաչով, առանց ընթացքը դադարեցնելու, կգա ու կթռչի բացատում արածող կովի վրա։ Կովը կերերա ու չի ընկնի: Կովի առջևի ոտները կծալվեն, ծնկները կխրվեն հողի մեջ, ու նորից կկանգնի, անտառի կապույտի մեջ կպարպվի կովի տնքոցը։ Դրաստամատը կրքից կայծկլտացող թագաժառանգի աչքերին կնայի ու չի հասկանա եղելությունը։ Միայն աչքերի կարմիրը կորցրած ցուլի իջնել-նահանջելուց, որսկան բարակի ծառի թիկունքից դուրս գալուց հետո դողէրոցք կունենա: Հողի դմփդմփոցն ու կովի տնքոցը անտառի կապույտի հետ կլցվեն ոսկորների ու նյարդերի մեջ, կհասկանա: Զույգ ձեռներով կհափշտակի կապայի առաջամասը ու կաղաղակի, կգոռա թագաժառանգ Արշակի քիթ ու բերանին. «Չի կարող պատահի՝ իմս մեռած, ճլորած լինի»: Շրջակա լեռները, Դրաստամատին արձագանք տված, կաղաղակեն, կգոռան: Վանդակների տանիքներին նստած որսկան բազեները սարսափած կթռչեն, կգնան:
Արշակ թագաժառանգը նրա ուսը կսեղմի, կասի. «Փաստաթղթերը՝ քո պատվի ու իշխանության նշաններն էլ են պատրաստ։
Թագավորը հրաման է տվել. այսօր արքունիքում քո նոր անվանակոչության արարողությունն է կայանալու, և ի լուր համայն Հայոց աշխարհի՝ դու անվանվելու ես հայր թագավորի, ու քո տնօրինությանն են հանձնվելու այն բերդերը, որտեղ պահվում են արքունի հարստություններն ու գանձերը: Դու պատվով ու դիրքով մեր երկրի առաջին մարդն ես լինելու»։ Նա թագաժառանգի խոսքը մինչև վերջ չի լսի, կցատկի մոտիկ արածող ձիուն։ Կգա, կհասնի հոր՝ Գարջույլ իշխանի դաստակերտը: Զարմանքից շվարած ծնողներին, կարգի համաձայն, չի երկրպագի: Ախոռից կհանի այն սպիտակ նժույգը, որ հայրն Արամազդի տաճարում խոստացել էր իրեն նվիրել ու կարմիր եղեգների անտառ վարազի որսի տանել: Նժույգը կքաշի, կբերի ապարանքի մարմարե աստիճանների մոտ ու հոր ոտքերի առաջ սրախողխող կանի՝ արյունը ցայտեցնելով նրա ոտքերին ու սպիտակ մարմարին: Մինչև դաստակերտից դուրս գալը՝ կդառնա, խաղողի վազերի տակից մի բուռ խոտ կպոկի, խոտով արյունոտ ձեռքերը կմաքրի, ինքն, արդեն դարպասից դուրս, խոտը կշպրտի բակ, մորը կասի. «Բադը, հավը ձագին կարողանում են խնայել, մայրիկը իր մեղրաշուրթ առաջնեկին չկարողացա՞վ պահել»: Տնեցիները՝ քույր ու եղբայրները, ծառաները, կցանկանան բան հասկանալ ու չեն հասկանա։ Միայն լացող մայրը նրա փարթամացող մարմնի տեսքից ու ձայնի չառնականացող, բարակ, մեղմահունչ երանգից կգուշակի եղելությունը: Իսկ բեղի տակ դողացող շրթունքով հայրը կհասկանա, որ Դրաստամատն այլևս չի հավատում նախարարության սահմաններում թափառող երեք վհուկների պատմությանը:
Այդ պահին դաստակերտի սահմաններից դուրս Արշակ թագաժառանգը, ձին թավիշ խոտի մեջ արձակած, ինքը ձիթենու ծառի տակ պառկած, նրան էր սպասում։
Նույն այդ գիշեր, գիզակ ժամին Արամազդի տաճարի պուրակում սուրբ սոսիների տերևները սկսեցին սոսափել: Տաճարի հայեցողներն ու մարգարե քրմերն իրենց լսածը մեկնաբանեցին։ Պայծառատեսության մեջ անսխալ ասացին. «Դրաստամատին տիեզերքի լուսատու աստվածները մտցրին անսահման միայնակության փուլ։ Նա՝ վերջնական ու անմնացորդ, արդեն նվիրվել է թագաժառանգին»։

Երբ յոթ տարի Հայոց աշխարհը պատերազմ մղեց Պարսից թագավորի դեմ, երբ այդ պատերազմից ձանձրացան ու քայքայման սկիզբ դրեցին և սկսեցին հայոց տերության բանակից քակվել ու հեռանալ մեծամեծ նախարարները, երբ նրանց սահմանամերձ և գաղափարակից ազնվականությունը՝ նույնպես, բոլորը միասին ապստամբեցին Հայոց Արշակ արքայի դեմ, երբ նաև միջնաշխարհում մնացածները երկմտեցին թագավորից և չէին կամենում նրան լսել ու որևէ հրաման կատարել, ու երբ այդպես հայոց թագավորությունը տրոհվեց, երբ Արշակ արքան Պարսից աշխարհի Անհուշ բերդում արգելափակվեց ու արծաթ շղթաներով պատերին գամվեց, Դրաստամատը Պարսից աշխարհում մնաց ու Ֆարուխի հետ թագավորի համար հնարավոր և անհնար միջոցներով փախուստի ճանապարհներ էր որոնում, նա այդ տարիքում բժշկագիտության մեջ արդեն այնքան գիտակ ու իմաստնացած էր և այնքան էր առաջ գնացել, որ նրան հրավիրում էին տարբեր երկրներ՝ բժշկագիտության վիճաբանական հարցեր մեկնելու։
Նրան լուր են բերել Հայաստանից երթևեկ քարավանապետները, ասել են. «Դրաստամատ ներքինի, եթե հնար ունես, հասիր մեր աշխարհ: Արշակի որդի Պապ թագավորին հոգևորականներն ու նախարարները բզկտում են, մեղադրանք կարդում։ Հասիր Եկեղյաց գավառ, քո խոսքն ասա, դու բժշկագիտությունից հասկանում ես, շատ երկրների տերեր ականջալուր են եղել քո խոսքի ճշմարտությանը»։
Երկու օրում եկել, հասել էր Հայաստան, կանգնել էր Խախ ավանում, դագաղի մեջ պառկած Ներսես կաթողիկոսի գլխավերևը, ձեռքերը կրծքին ծալած լսել մահացածի անունից հոգևորականների ու խռովահույզ նախարարների մեղադրանքը: Ասել էր. «Չի կարող պատահի,– ասել էր,– այդպիսի թունավորման պատմություն չկա, բժշկությունը ժխտում է»: Ասել են. «Դու շահագրգիռ կողմ ես։ Բա ինչո՞ւ կաթողիկոսը, որ մտավ Պապ թագավորի մոտ, իրեն առույգ էր զգում, գինի խմելուց հետո հանկարծ նվաղեց։ Մենք մեր աչքով ենք տեսել, երբ եկավ կացարան ու պարեգոտը արձակեց, սրտի վրա մի սև կետ էր՝ դրամի մեծության, հետո աստիճանաբար տարածվեց, դարձավ նկանակի չափ»: Ասել են. «Իզուր են քո չարչարանքները, դժվար թե քեզ հավատանք։ Դու շահագրգիռ կողմ ես։ Համ էլ այս աշխարհից փոխվելուց առաջ կաթողիկոսի բերանից գունդ-գունդ արյուն էր գալիս, ինչո՞ւ», Դրաստամատը՝ թե. «Ինչը որ տեսել եք, Մանեճ իշխան, ճիշտ եք նկատել, բայց հո դուք չէի՞ք կարող տեսնել կաթողիկոսի ներսը, թե ինչպես թոքի մեջ երակը ծակվեց»։ Ասել են. «Հնարում ես: Շահագրգիռ կողմ ես ու հնարում ես»: Դրաստամատն ասել էր. «Ձեր մի թագավորը օտար աշխարհի բանտի հացն է ուտում, իսկ այս մյուսին՝ Վաղես կայսեր հրամանով Տերենտիոս դուքսը բերեց, գաղտագողի Հայաստան աշխարհի գլուխ դրեց, որն անգամ թագավորական տիտղոս չունի, նա ձեր այս ամբաստանություններով կմերժվի ժողովրդից։ Մտածելու առիթ կա, թեև քիչ չէ նաև ճակատագրի ծաղրը, բերեք մտածենք, խաղաղվենք ու դիահերձենք»: Ասել են. «Քրիստոնյային կդիահերձե՞ն, այն էլ՝ կաթողիկոս առաջնորդի՞ն»: Դրաստամատը հարցրել է. «Թագավորին կհալածե՞ն, կամբաստանե՞ն գահ անգամ չունեցող թագավորին, երբ աշխարհի ամենամեծ՝ Քաղդեական բժշկագիտությունը մի դեպք անգամ չի նշում նմանաձև թունավորման»։
Քանի որ Հունաց աշխարհում օրենք գոյություն ուներ՝ կասկածելի դեպքերի համար Կեսարիա, Հունաց պատրիարքի մոտ թղթի վրա դեպքերի ու պատահարի նկարագրությամբ դեսպան են ուղարկել: Գնացել տեսել, եկել ասել է. «Կարելի է»: Հոգևոր դասի ու կասկածող, չհավատացող իշխանների աչքի առաջ դիահերձել են Ներսես կաթողիկոսին, տեսել են՝ թոքի մեջ մի մեծ երակ էր ծակված։

Մի օր՝ արքունական խորհրդակցությունից հետո, երբ նրանք երկուսով են մնացել ու զբոսնել են թագավորական տան պարտեզում, Դրաստամատն Արշակ արքային ասել է. «Մեր մարդիկ եկել են Պարսից աշխարհից: Տեղեկություններն հավաստի են, նրանք պատրաստվում են պատերազմի»: Պարտեզում աշխատող ստրուկները գետնատարած երկրպագել են թագավորին։ «Իսկ Ներսես կաթողիկոսն ի՞նչ է անում, տեղեկություններ ունե՞ք։ Պատերազմը հասկանալի է, մենք նրանց՝ բյուզանդացիների հետ վարած բանակցություններից համարյա թե գուշակում էինք դեպքերի ընթացքը: Ներսեսն է ինձ մտահոգում»։ Ծաղկանոցների մոտ, ձեռները կրծքներին սեղմած կիսախոնարհ, նրանց ողջույնի էին կանգնել պարտիզպանն ու այգեգործները։ «Մեզ զենք է պետք, արքա՛, մենք կարծես թե ուշացել ենք։ Անկախ պատճառներից՝ պիտի պատրաստ լինեինք այս պատերազմին»։ «Իսկ ցորենի շտեմարաններն ի՞նչ վիճակում են։ Հոների հետ կապ կա՞»։ «Թագավո՛ր, արքունիքին պատկանող բոլոր ամուր բերդերում շտեմարանների շինարարությունն արդեն ավարտվում է։ Ազնվականությունն ու նախարարները սահմանված կարգով հարկվում են, հազարապետ Վրիվ Գնունին զբաղված է ցորենի ու գարու պահեստավորումով։ Թագավո՛ր, արքունական հրամանը կատարվում է, արդեն բոլոր գավառներում ձիերի հաշվառում է անցկացվում։ Իսկ հոները հաստատապես զենք կվաճառեն, նրանց հետ գործերը վատ չեն, ամեն ինչ արվում է պայմանավորվածության համաձայն։ Անցյալ գիշեր հրեա վաճառական Աբրահամին էինք հրավիրել: Վասակ զորավարն էլ էր ներկա հանդիպմանը, խոստացավ՝ մի քարավան զենք էլ ինքը կհասցնի Պաղեստինից։ Սակայն թագավորին հայտնի է՝ արքունական գանձարանն այդքան հարուստ չէ»։ «Իսկ Ներսեսը ի՞նչ է ասում, Դրաստամատ, մի՞թե մինչև վերջ համառելու է ու չի գիտակցելու, որ մենք մեզ պաշտպանող զենքի տերը պիտի լինենք»: «Այո, թագավո՛ր, համառելու է, բացահայտ ասել է, որ մի ոսկի անգամ չի տա: Ես վախենում եմ՝ դեպքերի ընթացքին որ նայենք, առժամանակ հետո նույնիսկ պատերազմողներ չենք ունենա։ Պահը վճռորոշ է, թագավոր, խորաթափանցություն է պահանջում: Սուրհանդակները տեղեկացրին, որ անցյալ շաբաթվա համաժողովից հետո Ներսես կաթողիկոսը դեռևս չի վերադարձել մայրաքաղաք, հոգևոր
շքախմբով շրջագայում է Տարոնի գավառում»։ «Դրաստամա՛տ, կարծում ես՝ Ներսեսի գործողությունները մտածված են ու հատուկ նպատակներ ունե՞ն»: «Ոչ միայն նպատակամղված են, այլև կոնկրետ ու հստակ են, արքա։ Ժամանակին հաշվենկատ չեղանք ու սխալվեցինք, եթե վերլուծենք անցյալ շաբաթվա նրա կոնդակով Հայոց աշխարհի հոգևոր դասի հրավիրված համաժողովը Աշտիշատի եկեղեցում, շատ բան կպարզվի: Դա մեր համայն աշխարհին վերաբերող օրենսդիր ժողով էր, թագավոր։ Ցանկանում են աշխարհական կարգերը նորոգել, հենց այդպես էլ սկսել են: Հռոմեացոց հավատի նմանությամբ ընդհանուր կանոններ են սահմանել: Ազնվական շատ տներում խոսում են ու հիացած են Ներսեսի մուծած այդքան համարձակ բարեկարգումներով»։ «Այո, Աշտիշատի հոգևոր համաժողովը տարորոշեց մեր ու նրանց դիրքերը, Դրաստամատ»: Հետո երկար, անորոշ, մտածկոտ երկնքին էր նայում, ասաց. «Անձրև է գալու»:
«Արքա, եթե փորձենք այդ համաժողովի ասելիքը մեկնել, կստացվի, որ նրանք, հավատացյալների քանակը ընդլայնելուց բացի, ձգտում են ստեղծել միություններ և դրանցով իսկ կապ հաստատել մինչ այդ ցիրուցան, անկազմակերպ համայնքների միջև։ Անորոշություն չկա, արքա, պարզ տեսանելի է նպատակը, ցանկանում են շրջանցել թագավորության վարչապետի իրավասության տակ գտնվող աշխարհիկ կարգերը՝ այդ համայնքներին իրար միացնող կենտրոն դարձնելով նախևառաջ միայն հոգևորականությանը՝ անկախ մեր ցանկությունից: Այն եպիսկոպոսները, որոնք մինչև հիմա կանգնած էին առանձին համայնքների գլուխ և չունեին միասնական կանոնակարգ, մի քանիսով կմիավորվեն ու կստեղծեն վարչական մեկ միավոր՝ որևէ մեկի գլխավորությամբ։ Թագավոր, պարզ նշմարելի է, որ արտաքին տեսքից հանդարտ այս գործողության տակ ստեղծվում է կուռ հոգևոր վարչակարգ՝ իր հզոր կառավարման կենտրոնով: Արդեն Ներսես հայրապետի հրամանը կա՝ կաթողիկոսարանում աշխատելու են տասներկու դռան եպիսկոպոսներ, որոնք լինելու են կաթողիկոսի խորհրդատուները: Նրանց համար արդեն պաշտոններն էլ են ստեղծված՝ աղքատանոցների, ուրկանոցների, դատավարության, լուսարարապետության տեսչություններ, որոնց միջոցով հսկողություն կսահմանեն աշխարհիկ կարգերի վրա։ Թագավո՛ր, այս ամենը վտանգավոր է, ես այս ամենը հաստատապես վտանգավոր եմ համարում»։ Նրանք վերադարձել էին պարտեզում զբոսնելուց. թագավորի առաջ արքունի կարապետները բացեցին սյունազարդ դահլիճի դուռը, հարալեզ շունը չէր հեռանում նրանից:
Արշակը, երբ թագավոր օծվեց, նրան հոգևոր առաջնորդ էր պետք, այնպիսի մի առաջնորդ, որին դեմ չլիներ բյուզանդական կայսրը, և նա կարողանար նաև ժողովրդին համախմբել հայոց թագավորի շուրջը։ Դրաստամատն ասել էր. «Նա Գրիգոր Լուսավորիչի տոհմից է, ժողովուրդը նրան կսիրի։ Համ էլ նրա Բամբիշ մայրը քո հոր՝ Տիրան թագավորի քույրն էր»: Ասել էր՝ հա։ Ասել էր. «Ներսեսը կրթությունը Կեսարիայում է ստացել, քեզ էլ գահ բարձրացրեց Բյուզանդական երկիրը, թող նրանց Կոստանդիոս կայսրը մտածի, որ քո կողմնորոշումը բյուզանդական աշխարհն է, աչքը քաղցր կլինի մեզ վրա»։ Արշակ թագավորն ասել էր՝ հա։ Ասել էր. «Արքա, ժամանակ կշահենք, պետությունը կհզորացնենք»: Թագավորն ասել էր. «Հա, Ներսեսը լավ է: Հիմա, այս ժամանակի համար լավ է, բայց պիտի միջամտենք, որ Աղբիանոսականները հզորանան»: Դրաստամատն ասել է՝ հա:
Այդ օրը արքունիք՝ երեկոյան ժողովին հրավիրյալ նախարարները, մեծամեծերը, գնդերի և դրոշակների տերերը, բոլոր սատրապները, ազնվականներն ու սահմանապահները, ինը հարյուր հոգին, որոնք իրենց բարձ-բազմոցը ունեին թագավորի սեղանի շուրջը, և նրանք նույնպես, որ ոտքի վրա կանգնած էին լինում, ասել էին. «Հա»։ Գոռացել էին. «Ներսեսը լինի մեզ հովիվ: Մեր հովիվը Ներսեսն է որ կա»։ Ձեռքերի ափ ու երես իրար էին խփել ու ասել էին. «Տե՛ր Աստված, ընտրությունն էս ինչ ճիշտ է, ուրիշ էլ ոչ մեկին չենք ուզում»: Ներսեսը հրավիրյալների առաջ ոտքից ոտք է ձգվել, թե՝ «Ես ինչ գիտեմ։ Ես հայրապետության համար մեղավոր անձ եմ»: Հավաքվածները ժպտացել են, թագավորն էլ նրանց հետ ծիծաղել է։ «Ինչի՞»,– հարցրել է թագավորը: Ներսեսը սկզբից նախարարների աչքերին է նայել, հետո թագավորի, ասել է. «Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել: Իմ պապը կաթողիկոս է եղել, հայրս՝ սարկավագ, ես նրանց պատմությունը լավ գիտեմ: Եկեղեցու խորանի կանթեղը մարելու բարձրացած՝ սանդուղքից ընկնող մարդը ողնաշարը կջարդի՞, կամ սարկավագ պաշտոնյան կանթեղը մարելու համար սանդուղքը կբարձրանա՞ր: Ինչ է, ժամկոչ չկա՞ր: Չեմ կարող լինել և վերջ»։ Ասել են. «Հիմքից զուրկ, անցած պատմություններ ես հիշում»։ Թագավորն ասել է. «Ափսո՜ս»: Հավաքվածները տեսել են, որ Ներսեսն էլ մատներով չի խաղում պատմուճանի ճարմանդի հետ ու չի ձգվում ոտքից ոտք, ու թագավորի ժպիտն էլ չկա։ Ներսեսն ասել է. «Դուք այսօր իզուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք»։
Արշակ արքան բարձրացել է գահից, Ներսեսին ասել է. «Դու էլ սենեկապետ չես իմ արքունիքում»։ Ներսեսի պատմուճանը արձակել, գցել է ոտքերի տակ, գոտուց պոկել է ակնակուռ, մարգարտազարդ, ոսկի պատյանով պողպատյա սուրն ու ասել է. «Արիացիր, մենք երկիր ունենք կառուցելու»։ Ներսեսն ասել է՝ «Չէ՛»։ Թագավորն ասել է՝ «Հա՛»,– նվիրակ պաշտոնյային ասել է. «Կանչեք վարսավիրներին»: Գուսանների խումբը նվագել է, թագավորական դռան հացարարը սեղան է բացել: Իշխանական տների ու տոհմերի մեծամեծ նախարարները գարեջուր ու գինի են խմել, ասել են. «Մեր հայրապետի կենացը»: Դրանիկ ծառաներն ու վարսավիրները Ներսեսի ոտքերն ու ձեռքերը կապած՝ տիկնանց ու օրիորդների, բոլորի աչքի առաջ խուզում էին նրա գանգուր, վայելուչ վարսերը:
Հավաքված ծիծաղողների մեջ լացողներ կային, լացը կոծ դարձնողներ էլ եղան։ Իսկ պարտեզի վանդակում պատեպատ խփվող վագրին Արշակ արքան ասել է. «Թողեք դուրս»։ Իր զինակիրներից երկուսին ասել է՝ սպանեք դրան: Զինակիրները, նիզակները ձեռքերին, կանգնել են վագրի առաջ: Նրանք վագրին նիզակահարել, սպանել են հավաքված ծիծաղող-լացողների, վարսատ Ներսեսի աչքի առաջ: Մինչև ծերունի Փավստոս եպիսկոպոսը Ներսեսին կձեռնադրեր սարկավագ, արքունական տան դարբինները աշխատեցրին փուքսերը ու կռած մեխերով վագրին բերանից ու թաթերից, թագավորի հրամանով, մեխեցին պալատի արտաքին պատի ճակատին, ու հավաքվածները հանդարտվեցին, Ներսեսը լռեց: Արքան հրաման տվեց: Հանդերձապետը սարկավագին պատշաճ ոսկեկար զգեստներ բերեց, ու արքունի երեց Մրջյունիկը հագցրեց Ներսեսին:
Արշակ թագավորի հրամանով արքունի դպիրները հրովարտակ են գրել վավերագիր թագավորական կնիքով, գանձապետը թանկագին նվերներ է պատրաստել, հայոց մեծամեծերից, նախարարներից ու քսանութ հոգևորականներից դեսպանություն են կազմել: Արտաքին աշխարհի նիստուկացը իմացող, դեռևս Տիրան թագավորի ժամանակներից օտար արքունիքներում հարգված և իր իմաստնությամբ ճանաչված հայր Մարդպետին շքախմբի առաջնորդ են կարգել ու Ներսես սարկավագին Կեսարիա են ճանապարհել՝ Հայոց աշխարհի համար ձեռնադրվելու, բոլոր քրիստոնյա երկրների նման իր հոգևոր առաջնորդը ունենալու համար:
Լրտեսներն այնտեղից վերադարձել, Արշակ արքային հայտնել են, որ ձեռնադրվելուց հետո Ներսես կաթողիկոսն այցելել է բյուզանդական ազնվական ընտանիքներին ու հանդիպում է ունեցել Կոստանդիոս կայսեր հետ, ասել են. «Բայց լուր չունենք, թե ինչի շուրջ են զրուցել: Խոսակցությունը եղել է առանձնության մեջ, դեմ հանդիման, երկուսի միջև»: Ասել են. «Մեր տեղեկությունները թռուցիկ են՝ դրանիկ ծառաներից լսած ու արքունի գիշերանոթներ մաքրողներից, թագավոր, հավաստի ասել չենք կարող, բայց իբրև թե պետական հարցեր են քննարկվել»։ Ասել է. «Իմացեք», ու ինքը մտասույզ՝ թախծել է։ Բայց լրտեսների այս լուրը բերելուց առաջ մի լուր էլ էր հասել Հայաստան, թե. «Ներսեսին ձեռնադրելու ժամանակ Աստծու սքանչելիքը նրա վրա երևաց՝ մի սպիտակ աղավնի եկավ, նստեց նրա գլխին, ու հիմա զարմացած Բյուզանդական աշխարհը, նրան դիմելով, աղաղակում է. «Դու հաճելի եղար Աստծուն»։ Ու նրան ներբողներ է երգում»։ Հայոց աշխարհն էլ ընկավ ցնծության մեջ՝ գիշերուզօր ալելուիաներ էին երգում ու ծնծղաներ խփում հրապարակներում, լուրը տարածվում էր, թե՝ «Ներսես կաթողիկոսի վրա Սուրբ հոգին հանգչեց սպիտակ աղավնու տեսքով: Նրա խոսքն ու գործը այսուհետ Աստծուց է լինելու։ Ում օրհնեց՝ նա օրհնվելու է. ում անիծեց՝ նա անիծվելու է»։
Արքունի խորհրդականները խռնվել են Արշակ թագավորի շուրջը, ասել են. «Արքա, այս ի՞նչ է կատարվում, ժողովրդի աղաղակի մեջ ինքնամոռացություն կա, գլուխ չենք հանում, թե մենք ի՞նչ ենք անելու»։ Արշակ թագավորը հրաման է տվել, մունետիկները գավառներում ու մեծ քաղաքներում փող են փչել, ոտքի ելած շինական ու ազատանի Դվին մայրաքաղաք են կանչվել։ Ինքը ձի է հեծել, իշխանների ու նախարարների շքախումբ է հանել, պալատական գուսանների դասն է վերցրել։ Ախոռապետից պահանջել է՝ արքունի զբոսանքի սպիտակ կառքը ժապավեններով, ծաղիկներով, վարագույրներով զարդարել, Ներսես կաթողիկոսի համար ճերմակ ջորիներ լծել։ Մառանապետին հրամայել է արքունի հնձաններից հինգ հարյուր տիկ գինի վերցնել ու հինգ հարյուր գլուխ ոչխարի հոտ քշել իր շքախմբի հետևից։ Ժողովուրդը եկել, հորձանք է տվել՝ իր արքունիքի պաշտոնյաներով, նրանց գլուխն անցած նվագով, պարելով, ծնծղաներ ղողանջեցնելով, ալելուիա երգելով ու աղավնիներ թռցնելով՝ գնացել, հասել են հայոց սահմանը, Առյուծ լեռան մոտ, նոր ձեռնադրված հայոց կաթողիկոսին դիմավորել։ Արշակ թագավորը հրամայել է, ու Ներսես հայրապետի գլխի վրայով տարածվել է քառանկյուն կերպասից պատրաստված և չորս կողմերը ծոպերով զարդարված, բարձրաստիճան վիճակավորին հատուկ պատվի նշանակ ամպհովանին, որը Արշակ թագավորի պահանջով վեց պատվավոր նախարարներ, վեց ձողերով աջ ու ձախ կողմերից բարձրացրած՝ հորիզոնական դիրքով տանում էին Ներսես հայրապետի՝ թափորով քայլելու ժամանակ։ Դարձյալ հրամայել է
Արշակ թագավորը, Վասակ զորավարը ցած է իջել ձիուց, Ներսես կաթողիկոսի աստիճանի հայտարար, մարդու հասակից բարձր, Ասա անվանարկյալ հովվական գավազանը՝ իբրև նրա իշխանության նշանակ, քայլեցրել է աշխարհաժողով բազմության առջևից ու այդպես, գավազանը դրոշակի պես պահած, երկար ճանապարհ է քայլել, մինչև որ անցել են սահմանաբաժան գետը, ու հացենիների պուրակում խնդությունից հողը դղրդացնող խնջույք են արել:
Հետո ազնվական տներում խոսում էին, թե. «Արշակ թագավորն ու նրա հարալեզ շունը պարել են Ներսես կաթողիկոսի առաջ»,– թե. «Արքան նրբանկատորեն լավ էլ շրջանցեց Ներսեսի վրա Սուրբ հոգու՝ աղավնու տեսքով հանգչելու և ժողովրդի կողմից Ներսեսին սրբերի շարքը դասելու մեծարման արարողությունը, իբրև թե՝ իր շեփորների ձայնն էր, որ տերության բնակչությանը ոտքի հանեց, ինքը աշխարհական բազմությանը առաջնորդ չլիներ, ցնծությունն ու դղրդոցը, կեցցեների աղաղակը այդքան ահեղաձայն չէին լինի։ Ինքը միակն է, որ կարող էր իր թագավորական անսահմանափակ իշխանությամբ այդչափ ժողովուրդ առաջնորդել ու իրեն երկրպագության եկած ժողովրդի սիրուց ու մեծարման փշրանքներից էլ Ներսեսին բաժին հանել»: Նաև ասում էին, թե. «Նա այդքան դաժան չպիտի լիներ սպարապետի նկատմամբ, Ներսեսն ո՞վ էր, որ Վասակի նման զորավարին ձիուց իջեցրեց, գավազանը ձեռքը տված, քայլեցնել տվեց նրա առջևից։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, հասկանալի էր, վեց նախարարների կերպասե ամպհովանին նրա գլխի վրա պահելը, նրանք՝ վեցը միասին, մի Վասակ չարժեն,– ասացին,– բայց Վասակ զորավարի նկատմամբ այդքան ստոր լինե՞լ… Երկրի տիրոջ այդքան վախկոտ լինելը տանուլ տալու պես մի բան է նշանակում»։ Ասում էին. «Տեսնես այդպիսի ստորացման համար Վասակը երբևէ կների՞ թագավորին, դժվար թե ների…»:
Այդ օրերին, նորից ու նորից, առանց հանգստի ազնվական ընտանիքների ճաշկերույթներին հրավիրված, գինովցած Հայր Մարդպետը ասել էր. «Դե, թևերը բացած չէր պարում, բայց մի անգամ թագավորը ձին խաղացրեց կաթողիկոսի ու սպիտակ ջորիներ լծած կառքի դեմը, որ պարելու նման մի բան դարձավ»։
Ու այդպես մեծ ցնծություններով Ահեկան ամսի հինգերորդ՝ Ահրանք օրը Կեսարիայից վերադարձավ և Արշակի թագավորության առաջին տարում հայոց հայրապետության աթոռին նստեց Մեծն Ներսեսը՝ Աթանագինեսի որդին, Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու, և հոգս էր տանում իր հոտը անվնաս պահելու՝ երևացող և աներևույթ թշնամիներից։ Եվ այդ նպատակով էլ կաթողիկոսը գնացել-հասել էր Տարոնի գավառ՝ նախնյաց եկեղեցական ժողովների հավաքատեղը, ու Աշտիշատից Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին ազգապահպանության կոնդակ էր հղել ու նրանց մեկտեղ գումարել:
Ժողովը բացել էր Ներսես կաթողիկոսը, ելույթ էր ունեցել, թե. «Անիծյալ լինի տիրոջ գործը թուլությամբ անողը, և անիծյալ լինի իր սուրը արյունից չխնայողը…»: Ընդմիջման ժամանակ միջանցքներում ու եկեղեցուն կից պարտեզում նրա ելույթի կետերն են քննարկել։ Ճառը ոգևորել ու զարմացրել է լսողներին իր ամբողջականությամբ, խորաթափանցությամբ, աշխարհի բոլոր երկրների քաղաքական դրության այդքան ճշգրիտ մեկնությամբ։ Ընդմիջումից հետո իր ելույթը շարունակել է կաթողիկոսը, թե. «Ինչ բարեկարգություններ, որ ես տեսա Բյուզանդիա աշխարհում, մանավանդ նրանց թագավորանիստ քաղաքում, նույնը պիտի սահմանենք և մեր աշխարհում…»,– ասել է. «Թող ամեն մի գավառում շինվեն աղքատանոցներ և նրանց կից շտեմարաններ…»: Նա անուն առ անուն թվարկել է բոլոր գավառները ու բաշխել բացվելիք հիվանդանոցների վրա։ Ասել է. «Թող վերոհիշյալ երկրների ագարակներն ու ավանները իրենց արտերի բերքից, արածող մեծ ու փոքր անասունների կթից ու բրդից բաժին հանեն հիվանդանոցներին և նրանց պետքերը հոգան…»: Բագունք գավառի Մարի երեցը հարցը ուղիղ է տվել, առանց ծռմռելու ասել է. «Հայրապե՛տ, հոգևոր դասը իրավունք ունի՞ աշխարհական կարգերը բարեկարգելու։ Բոլորս էլ գիտենք՝ թագավորն է աշխարհիկ կյանքի տերը։ Նրա հազարապետ պաշտոնյան է իբրև անմիջական տեսուչ հարկերի»։ Ներսես կաթողիկոսն ասել է.
«Թագավորության հազարապետության հարկահավաք տեսուչի ու ազնվական ընտանիքների ողորմածությա՞նը սպասենք, բայց մեզ պարզ է նրանց անգթությունը՝ նույնիսկ ալևորների մուրալու
արհեստի նկատմամբ»,– ասել է. «Լավ, առաջ չանցնենք, Մարի երեց, այդ հարցերին քիչ հետո կանդրադառնանք։ Հիմա եկեք պատասխան գտնենք, թե ինչ անենք, երբ ազնվական ընտանիքներում գործում է արյունակցական ամուսնությունների սովորությունը, օտարները՝ Հռոմը, մեզ պախարակում, բարբարոս է համարում այդ սովորույթի համար, կամ թագավորը աչք է փակում ամուսնալուծությունների վրա, որոշ հոգևորականների և Մարի երեցի ասելով, մենք չխառնվենք, մենք գործ չունենք, մեր լռությամբ գործակցենք չարին, կլինի՞, չի՛ լինի»։ Ժողովը ելույթին հավանություն է տվել, բայց ընդմիջման ժամանակ պարտեզում ջրավազանների շուրջը զբոսնողները և կաթողիկոսի ելույթը վերլուծողներից շատերը ասել են. «Սա Բյուզանդիա չէ, շատ ազգային սովորույթներ Հռոմի բարքերի հետ չպիտի շփոթել, կաթողիկոսը, վայ թե, շփոթում է»: Բայց Մարի երեցն իր իմացածը չէր ասել, հարցի վրա չէր կանգնել, իր տված հարցը հաստատապես չէր պնդել։ Սակայն զղջացել՝ ընդմիջումից հետո կրկին խոսք է վերցրել, թե՝ «…Դա լավ կյանքից չէ, որ մեր աշխարհում արյունակցական ամուսնությունների սովորություններ կան, դուք ինձանից լավ գիտեք, որ նախարարությունների՝ ագարակներն ու ոստանները օժիտ տալու սովորությամբ՝ բաժան-բաժան չանելու, երկրի ամբողջականությունը պահելու այդ միակ միջոցն է։ Իսկ ամուսնալուծությունները, որպես հոգևորական, ես ինքս էլ չեմ ընդունում, բայց գերության տարվածներ ու մարդաթափ գավառներ ունենք։ Այս հարցն էլ քննարկելու պահանջ ունի, այս հարցի շուրջն էլ խոսենք։ Ես չեմ ասում, թե մեր օրենքը վատն է, բայց գերության գնացած ամուսնուն, երբ մանկամարդ կինը տասը տարի է սպասում, ինչքանո՞վ է ճիշտ, ինձանից լավ գիտեք, շատ գյուղեր ու գավառներ ամայացած են։ Հայրապետ, ես չեմ հակադրվում, թող իմ ասածն այնպես չդիտվի, թե ես դեմ եմ, որ կանայք սպասեն գերության քշված ամուսիններին, ես ասում եմ՝ երկիրը աճ պիտի ունենա»։ Ներսես կաթողիկոսի փոխարեն նրա Խադ տեղապահն ասել է. «Երե՛ց, Աստծուն ծառայելը միայն շուրջառ հագնելը չէ»: Այդպիսի հավաքներից հետո էր, որ շատ հոգևորականներ զրկվում էին աստիճանից, ծխից կամ ուղարկվում էին հեռու անապատներ: Խադ տեղապահը նորից է կրկնել իր միտքը, Մարի երեցը
թույլ ասել էր՝ «Հա»: Տարոն գավառի Շմավոն եպիսկոպոսը ասել է. «Հայրապետ, եթե ախտավորների, բորոտների, ցավագարների ու հաշմանդամների համար կացարաններ ու անկելանոցներ շինենք և ժողովրդից տուրք պահանջենք, խելքս բան չի կտրում, թագավորական դուռը մեր բռնած դիրքին ինչպե՞ս կնայի…»: Ներսես եպիսկոպոսն ասել է. «Ի՞նչ ես դռանն ու երդիկին նայում, մտքինդ ասա»: Շմավոնը շուրջառը հետ է տարել, գոտուց մետաքսե թաշկինակն է հանել, ճակատի քրտինքն է սրբել, թե. «Բա, որ մեր բարեգործության պատճառով ռազմական հարկերը պակասեն, պետությունը ի՞նչ վիճակի մեջ կընկնի: Այստեղ ուրիշ կարծիք չի կարող լինել՝ կա՛մ ռազմական տուրքերը պիտի պակասեն, կա՛մ մի տուրք էլ ժողովուրդը բարեգործության համար է վճարելու»: Ներսես կաթողիկոսն ասել է. «Շմավոն եպիսկոպոս, պատասխանս վերաբերում է նախ Մարի երեցին, դուք տեսե՞լ եք մայրաքաղաքի պարիսպների պատերի տակ, հեռու և խուլ անկյուններում ժողովրդից վտարված բորոտներին, հիվանդներին, ալևորներին՝ իբրև անասուններ հողը փորել, մտել են մեջը։ Մայրաքաղաքի դարպասները վերահսկող պահակազորը նրանց քաղաք չի թողնում՝ հաց անգամ մուրալու։ Գութը պիտի շարժենք մեր ւսշխարհի մեջ, Աստված պիտի մերժվածներին տեր լինի։ Ասված է, չէ՞, Կեսարինը տուր Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Ընդմիջմանը՝ ասվածը հոգևոր դասը էլի քննարկել ու վերլուծել՝ դեմ ու կողմ են եղել։ Համաժողովը նորից է շարունակվել, Բագրևանդցի Տաճատ եպիսկոպոսը համաձայն չէր։ Վիճում, ապացուցում էր, որ. «Այն էլ հիմա, երբ երկրի քաղաքական վիճակը կայուն չէ, ժողովրդին
փորձ անել դարձնել իբրև վանականների մի ընդհանուր միաբանություն, կամ եպիսկոպոսությունները միացնել ու ստեղծել վարչական ավելի մեծ տարածքներ, կամ հոգևորականների թիվը բազմապատկել երկրում, այդ գահը վերցնելու պետական խռովության պես բան է, գոնե մտածե՞լ եք՝ արդյունքում ի՞նչ կլինի»։ Էլի են վիճել, կողմերի են բաժանվել ու վեճը չեն դադարեցրել: Ներսես կաթողիկոսը խոսք է վերցրել ու ասել է. «Իմացեք բոլորդ, վեճն անիմաստ է, որովհետև կրոնը և թագավորությունը անբաժան են, նրանցից ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի, որովհետև կրոնը թագավորության սիրտն է, իսկ թագավորությունը՝ կրոնի արյունը»:
Ժողովը դարձյալ շարունակվում էր ու ոչ մի կերպ չէր խաղաղվում։ Ներսես հայրապետը հրամայեց, ասաց. «Սրբերին բերեք անապատներից»։ Նրանց հետևից սուրհանդակ գնաց: Շաղիտան նստում էր Առյուծ լեռան վրա, Եպիփանը՝ Անահիտի աթոռ մեծ լեռան Մամբրե կոչվող անապատում, Մանիշեղ գետի կողքին։ Իսկ Գինդը Տարոն գավառից եկավ։ Նրանք եկան ու ասացին։ Եպիփանը գլխի թաշկինակը հետ տարավ ու ասաց. «Ինչ որ Մեծն Ներսեսն ասում է, ճիշտ է ասում»։ Ժողովականներն էլ ասացին. «Ներսեսը ճիշտ է ասում», քանի որ Եպիփանն այնպիսի սրբության էր հասել, որ ամեն ոք սպասում էր նրա մահվանը, որ որպես նշխարք կարողանա նրա մարմինը ձեռք բերել: Ժողովն էլի մի ժամ շարունակվել է, ու պաշտոններ են բաժանել, այդ ընթացքում խաղաղության են հասել: Հայրապետը բոլոր բարեգործական հիմնարկների վրա հայր և հսկիչ է նշանակել Շաղիտային, Եպիփանին, Եփրեմին և Գինդին՝ Սլկունյաց ցեղից, իսկ նրանց վրա վերահսկողության գործը հանձնել է իր ձեռնասուն Խադ անունով եպիսկոպոսին, որ Կարնո Մարգաց գյուղից էր ու իր վարքով, մաքրակենցաղությամբ Մեծն Ներսեսին էր նման, մանավանդ աղքատների խնամատարության գործում։ Սակայն սատանան նրան հանգիստ չէր տալիս, նրա շուրջն էր պտտվում ու ոչ մի կերպ չէր կարողանում նրան դիպչել, բացի մի բանից.– որ նա զգեստի կողմից պճնասեր էր ու ձիասեր:
Համաժողովից հետո՝ տունդարձի ճանապարհին, ոչ մեկի ջորին, ուղտը, ձին չի խրտնել, հեծվորին պատեպատ չի խփել: Եղեգնուտներում նստած վագրը չի դարանակալել չորքոտանիներին հեծած հոգևոր դասին։ Կարիճը չի թունավորել ճանապարհամերձ թմբին հացի նստածներին։ Ամենքը գնացել, հասել են
իրենց գավառները։ Երթևեկ քարավաններից ու գրություններից իմացել են, որ ամեն մի եպիսկոպոս բարեհաջող տեղ է հասել: Հոգևորականությունը եզրակացրել է, որ Աշտիշատի ժողովի ժամանակ թագավորի լրտեսները վատ են աշխատել կամ էլ անհոգություն ցուցաբերած՝ բացարձակ չեն գործել։ Այդ ժողովից հետո էր, որ ամբողջ Հայաստան աշխարհում բարեգործական տներ բացվեցին և աշխարհիկ օրենքները բարեկարգվեցին ու հուզեցին երկիրը։
Լուրեր էին պտտվում, թե Ներսես հայրապետի կացարանի նկուղներում կճուճներով պահվող յուղը, մեղրը, ամբարների հացահատիկն ու ալյուրը անհատնում են Աստծու օրհնությամբ, ինքը գիշերուզօր բաժանում է ժողովրդին, առավոտյան գալիս, տեսնում է՝ կրկին լցվել, կրկնապատկվել ու քառապատկվել է: Հետո գավառներից, գյուղերից սայլերով, ջորիներով բարիքներ տանելու եկած ժողովուրդը երախտապարտ փառաբանում էր իր շարքերի միջով անցնող Ներսեսին՝ աղաղակելով. «Դու ցանկալի ես քո բարձր հասակով», «Դու գրավիչ ես գեղեցկությամբ», «Տենչալի», «Մարդասեր», «Սուրբ և պարկեշտ», «Շատ իմաստուն», «Անաչառ», «Իրավադատ», «Հեզ ու քաղցր», «Դու խոնարհ ու աղքատասեր», «Ամուսնական կյանքում՝ օրինավոր», «Դու զարմանալի և պատկառելի բոլոր նայողների համար»։
Նույնիսկ հայր Շաղիտան, Եպիփանը, Եփրեմը և Գինդը՝ Սլկունյաց ցեղից, և եկեղեցու սպասավոր կազմը, ալելուիաներ երգելով ու ծնծղաներ զարկելով, մի քանի անգամ կաթողիկոսարանից դուրս բերեցին Վեհափառի իշխանության նշանակ Ասա անվանարկյալ գավազանը, որ գիշերը անկյունում դրած տեղը ծաղկել ու նշի պտուղներ էր տվել, ու ման տվեցին հորձանուտ տվող ժողովրդի մեջ։ Եվ եղան այնպիսիք, որոնք անհույս հիվանդատերեր էին, եկան հեռու գավառներից՝ նշի պտուղներ տանելու իրենց մահամերձ հիվանդների համար, ու հրապարակներում և բանուկ փողոցներում աղաղակ բարձրացրին՝ իրենց սայլերի վրայից գոռացին. «Դու ապրում ես Տիրոջ պատվիրանի համաձայն՝ մեզ սիրում ես ինչպես ինքդ քեզ»: «Ապրում ես արդարությամբ՝ անարատությամբ ու ընկերներիդ ծառայություններ անելով»։ «Դու մեզ նման աղքատներին ու տառապյալներին սիրում ես ու խնամք ունես նրանց վրա, մինչև իսկ քո զգեստներն ու կերակուրները կիսում ես նրանց հետ»: «Դու մեծ մարդ՝ զրկվածների հովանավոր ու պաշտպան»։ «Ձանձրանալ չգիտես, Աստծու սքանչելիքը Բյուզանդիա աշխարհում որ իջավ քո վրա, սրտումդ է, ու եռում ես Սուրբ հոգով, սուրբ մարդ»։
Վախեցած Արշակ թագավորը հոգևորականության շուրջը ժողովրդի զանգվածային այսչափ կուտակումներից՝ ասել է. «Ժամանակն է, Դրաստամա՛տ, Չունակի գործունեության ճանապարհները բացելու: Շատացրեք նրան ենթակա առաջնորդարանի բնակիչներին։ Ապստամբ նախարարներից բռնագրավված կալվածքներ կցեք նրա եպիսկոպոսությանը: Նրա թեմում նոր եկեղեցիներ բացելու ծախսերը հոգացեք արքունի գանձարանից»:
Այդ գիշեր սուրհանդակները հասել են Մանավազակերտ, Չունակի աթոռանիստ գյուղը ու նրան հրավիրել են արքունիք: Թագավորական տան կարապետները հայտարարել են նրա ժամանումը, գահից ընդառաջ ելած թագավորին օրհնել է եպիսկոպոսը, սյունազարդ դահլիճի չորս անկյունների վրա խաչ է հանել, ասել է. «Բարին արքային և պալատին, նաև տանս արքունի»: Թագավորը թույլատրել է, առանձնացել է եպիսկոպոսը ու հատկացված ժամանակում ճանապարհի հոգնությունն է թոթափել, հետո նրանք առանձնացել են խորհրդակցության:
«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքով լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում։ Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»։ Արշակ թագավորը հարալեզ շան դունչը հրել է ծնկներից, բարձրացել է գոմեշի կաշվից հյուսածո բազկաթոռից, բաց պատուհանի առաջ է կանգնել, հետո շրջվել, սկահակի մեջ դրված ջրաշուշաններին է նայել, հարցրել է. «Ինչպե՞ս, կաթողիկո՛ս»։ «Թագավո՛ր, մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, որ մանր և խոշոր անասնապահությունը և նրա առևտուրը, որ մեր աշխարհի ծայրամասերի ժողովրդի սովորույթն է, այնտեղ բնակվող նախարարների մեծ մասին գայթակղում է դեպի Պարսից երկիրը։ Իսկ հայոց միջնաշխարհի նախարարության համակրանքը Հռոմի արվեստի, շռայլ կյանքի ռազմական ուժի և ցոփության կողմն է։ Արքա, մեզ այնպես է թվում, թե քանի գնում,
մեր աշխարհը կտրվածք է ստանում այս երկու երկրների բարքերի նմանությամբ: Մենք պիտի թույլ չտանք, որ ազգի այդ օտարամոլ հակումը շարունակվի։ Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը առաջարկում են ժողովրդի համար արժեք ստեղծել, որ հունամետներին ու պարսկասերներին միաբանի»։ Լռությունը կտրել. «Այդպիսի բան հնարավո՞ր է, եպիսկոպո՛ս»,– հարցրել է Արշակ արքան։ «Հնարավոր է, թագավոր, եթե մեր նշանագրերն ունենանք։ Ազնվականությունն իր զավակներին էլ չի տանի օտար դպրոցներ, կկործանվի այլադավան կուռքերի հետագա երկրպագության հիմքը»։ Թագավորը մտածել է, թե. «Չե՞ս սխալվում, Չունակ եպիսկոպոս»,– հարցրել է. «Ձեր վերլուծությունը չի՞ կարող սխալ լինել»։ «Թագավոր,– ասել է Չունակ եպիսկոպոսը,– դեպքերին նայենք, Աշտիշատի համաժողովում, առանց արքունի կամքը հաշվի առնելու, ստեղծվեց հզոր հոգևոր մի կենտրոն՝ իր տասներկու խորհրդական կաթողիկոսների դռան եպիսկոպոսներով: Արքա, երկիրը եկեղեցու գերիշխանության տակ միավորելն է նրանց նպատակը։ Գրիգորի մահից հետո առաջին անգամ իրականանում է լուսավորչականների երազանքը՝ դնել աստվածապետական երկրի հիմքը։ Արդեն իսկ ոչ միայն հունաց լեզվով են կատարվում պաշտամունքները, ծեսերը, աստվածաբանությունը, այլ նաև շրջանցած մեր ազգային ավանդական սովորույթները, այդ կողմնորոշմամբ են առաջ տանում ազգի մտավոր զարգացումը, գիտությունը, ուսուցանելու արտոնությունները: Արքա, մենք այս պատճառով ենք պնդում և համոզված ենք, որ նշանագրերը համազգային արժեք կլինեն՝ օտարի նկատմամբ սերը թուլացնելու»:
Լռությունը երկարում էր, թագավորը քայլում էր, ծափի ձայնի վրա ծառաները եկան։ Թագավորի համար տհաճ էր պատին ամրացված մեդեայի ձեթով վառվող ջահերի արձակած հոտը։ Նվիրակ պաշտոնյային հրամայեց՝ ստրուկները սյուներին նոր ջահեր ամրացրին։ Եպիսկոպոսը օշարակ խմեց։ Արշակ թագավորը հարալեզ շան գլուխն էր շոյում, հարցրեց. «Ինչպե՞ս է այդ հնարավոր անել, եպիսկոպոս»: Ասաց. «Մեր թեմում Հաբել անունով հիշատակագրող դպիր կա, որը գիտի, հաստատապես տեղյակ է, որ Ասորիքի՝ Ուռհա քաղաքի դիվանի իշխան, հեթանոս Պիղատոս անունով ճարտասանի
մոտ պահվում են հայերեն նշանագրերը»,– ասել է. «Հաբել քահանայի գիտելիքներին ու խոսքին կասկածել պետք չէ, թագավոր։ Աստծու առաջ խոնարհ քահանա է»: Արշակ արքան ասել է. «Չունակ եպիսկոպոս, քո թեմի բանիմաց գիտուններից խումբ կազմիր, Հաբել քահանային առաջնորդ կարգիր, արքունական գանձարանի ծախսերով թող գնան Ուռհա»: Ծառաները Չունակ եպիսկոպոսին ճանապարհեցին Մանավազակերտ:
Սակայն այդ օրերին, երբ Ներսես կաթողիկոսի գավազանը մի գիշերվա ընթացքում անկյունում դրված տեղը ծաղկեց ու նշի պտուղներ տվեց, և ժողովուրդը, ամբողջ Հայաստան աշխարհից հորձանք տված, ուխտի էր գալիս՝ երկրպագելու Աստծու խորհրդով ծաղկած գավազանին, զարմանահրաշ, հրաշքների մեջ նմանը չունեցող մի դեպք էլ տեղի ունեցավ Չունակ եպիսկոպոսի աթոռանիստ գավառում, ու սքանչելիքը լուսաբանող գիրը, և Չունակ եպիսկոպոսի հաստատող խոսքերը այսպիսին էին, որ շրջում էին Հայաստան աշխարհում և ուխտագնացության հրավիրում Աստծու ժողովրդին. «Լսեք այս հրաշքի և փառավոր նշանի մասին, որի նմանը չի եղել և որը վերաբերում է մեզ, ձեզ և մեր բոլոր ժողովրդին, որովհետև երկրավորներիս համար դժվար է հասկանալ և հավատալ այդ զարմանալի երևույթը: Բայց այն մենք տեսանք մեր աչքով, շոշափեցինք մեր ձեռքերով և մեր շուրթերով կարդացինք, ուստի դուք, առանց կասկածի, պարտավոր եք հավատալ։ Սահմի ամսվա տասնիննին, ուրբաթ օրը Հարք գավառի Մանավազակերտ ավանի մի գյուղացի անտառից փայտ բերելու ժամանակ թագակիր մի օձ տեսավ։ Օձը նրա աչքի առաջ ժայռերի մեջ մի ձու ածեց, որի վրա կային պարզ, հստակ ընթեռնելի տառեր։ Տառերը ձվի մասն էին կազմում, երևում ու շոշափվում էին, ճիշտ այն տառերի նման, որ ճարտար քարագործները փորագրում են կոթողների վրա այնպես, որ փորվածքները կույրն անգամ կարող է զգալ. այսպես էր այն՝ ձվի մի կողմը նկարված էր խաչ, որը պտտվում էր ձվի շուրջը և գալիս, հասնում էր գրված տառերին։ Նորից մի թագ էր նկարված, որը միանում էր գրին, որտեղ որ գրված էր՝ միաբանություն։ Եվ մեր գավառում չկա ոչ մի քրիստոնյա կամ հեթանոս, որ տեսնելով այս հրաշքը՝ անդադար չփառաբանե Աստծուն: Բայց ինչ վերաբերում է տառերին, որոնք Աստված իր աջով նկարել էր օձի ներսում, մենք չենք կարող նմանը արտագրել, որովհետև դրանք չափազանց գեղեցիկ էին։ Ով որ լսի այս հրաշքի մասին, առանց կասկածի թող հավատա»։
Ժողովուրդը երկրպագության համար հիմա էլ հորձանուտ տվեց դեպի հարավ՝ Հարք գավառ։ Ներսես կաթողիկոսը աղբիանոսականներից օձի ձուն պահանջեց։ Նայեց և տեսավ՝ գրածի նման էր: Վեճ բացեց, ձուն գտնող գյուղացուն էլ պահանջեց բերել ու երդվեցրեց Սուրբ գրքի վրա։ Գյուղացին տեսածը կրկին հաստատեց։ Առարկություն չընդունող Չունակին հրապարակայնորեն ասաց. «Ծաղկող ու պտուղ տվող գավազանը հասկանալի է, որովհետև Սուրբ գրքում նմանատիպ գավազաններ ինչքան ուզես՝ որոնք նույնիսկ օձեր են դարձել: Գավազանների սրբանալու նախատեսակներ շատ ունենք, իսկ օձի՝ ոչ»,– ասել է. «Չունակ եպիսկոպոս, ի՞նչ է, վերցնենք ու օձին սուրբ հայտարարենք, կլինի՞։ Գոնե աղավնի լիներ՝ Սուրբ հոգու երկնային պատկերը, կհասկանայինք, օձը՝ չէ։ Ձեր առաջնորդարանը կենդանապաշտությամբ է զբաղվում, ժողովրդին գցում է հեթանոսական մոլությունների մեջ»։ Չունակ եպիսկոպոսը նրան պատասխանել, հավաքվածների ներկայությամբ ասել է. «Ինչո՞ւ, կաթողիկոս, սուրբ գավազանը օձ կդառնա, իսկ գավազանը, որ օձ դարձավ, սուրբ ձու չի՞ ածի»։ Հայրապետը երկար ժամանակ լռելուց հետո պատասխանել է, Չունակը ներկա է եղել, պապանձված ժողովրդին է ասել. «Հիշեք դուք նրա քրմական կուսակցությունից ծագումը ու կհասկանաք, թե ինչո՞ւ էր նա ձվի հրաշքի մասին պատմող գրությունները ուղարկել երկրի հենց այն գավառները, որտեղ դեռևս հեթանոսական սովորույթներն են գերիշխում, և ինչո՞ւ է օձին ընտրել, որովհետև թևավոր օձը հեթանոսության գխավոր խորհրդանիշն է, այն էլ օղակ դարձած օձը, նրանց լեզվով ասած՝ համաշխարհային կյանքի խորհրդանիշն է, որ գոյին դնում է շարժման մեջ և տիեզերական լույսի ճառագման մոգական ուժն է նշանակում, նա հրաշքների այս հորինվածքներով ախտավոր հեթանոսներին ու տաճարների քրմերին իրենց համայնքներով հավաքագրում է արքունիքի շուրջը»,– հետո շրջվել, Չունակին ասել է. «Քո՝ արքունիքին ծառայելու ցանկությունները հասկանալ կարելի է,
եպիսկոպոս, բայց արի տես, որ հասկանալ հնարավոր չէ, թե ինչու գավազանը, որ օձ դարձավ խաչի պատկերով, ձու չի կարող ածել»: Իսկ խաչի պատկերով ձուն Ներսես կաթողիկոսը ուղարկել էր Կեսարիա՝ աստվածաբանների ու սրբերի ժողովի քննարկմանը։ Նրանց վեճն էլի երկար է շարունակվել, նրանք իրար չեն հանդուրժել, պատեհ ու անպատեհ իրար դեմ վեճեր են բացել:
Այդ օրերին, Սահմի ամսվա քսանութերորդ՝ Սիմ օրը, երրորդ՝ իր նախադեպը չունեցող երկու դեպք էլ պատահեց. Աղիհովիտ գավառում, Գնելի հարսանիքի ժամանակ, հարսի ու փեսայի գլխին անհամար քանակությամբ ոսկեդրամներ էին շաղ տվել և հողը դմբդմբացնող շեփոր էին փչել, որը տերության օրենքով՝ միայն թագավորի ներկայությամբ էր թույլատրվում փողհարել:
Մյուս դիպվածի մասին ժողովուրդը խոսում էր զուսպ ուրախությամբ, իսկ ազնվականությունը՝ անթաքույց ցնծությամբ։ Թագավորության առաջին մարդկանցից մեկն էր զոհվել, որի դեմ շատ թակարդներ էին լարվել, դավեր նյութվել, մահափորձեր ձեռնարկվել, բանսարկություններ սարքվել, իր ճկունության և խորաթափանց մտքի շնորհիվ նա բոլորից էլ խույս էր տվել:
Դրաստամատը չէր կարող չզեկուցել թագավորին, զեկուցեց՝ ասաց. «Արքա՛, այսօր առավոտյան լուր ստացանք, Հայր Մարդպետը սպանվել է»։ Հետո նայում էին իրար աչքերի մեջ։ Թագավորն ասաց. «Համընդհանուր ողբերգություն դարձրեք՝ ի տես բոլորի: Իսկ ժողովուրդը ինչպե՞ս է մեկնաբանում դիպվածը»։ «Արքա՛, շատ հետաքրքիր մեկնություններ են պտտվում ժողովրդի ու բանակի մեջ,– ասել է Դրաստամատը,– խոսում են, իբրև թե Հայր Մարդպետը դուրս է եկել իր նախարարության սահմանները շրջելու, հասել է իր տիրույթներին սահմանակից Տարոնի գավառ։ Ներսես կաթողիկոսն էլ Աշտիշատի հայտնի համաժողովից հետո դեռ այնտեղ է եղել՝ սրբերի գերեզմանների մոտ նրանց հիշատակը հարգելու։ Նրանք հանդիպել են իրար։ Կաթողիկոսը, Հայր Մարդպետի նման, հյուրի պատվին ճաշկերույթ է տվել: Միասին ճաշել են պարտեզում ու իրար պատվել, հետո Մարդպետը հրապուրվել է տեղի վայելուչ տեսարաններով, իրեն հատուկ չարության մոլուցքով է լցվել: Ու գինովցած ժամանակ ասել է, թե. «Այսպիսի զմայլելի տեղերը
տվել են կանանց շորեր հագած հոգևորականներին,– ասել է,– մենք այս տեղերը կքանդենք ու նրանց տեղը արքունի հանգստյան պալատներ կշինենք, թող միայն ես թագավորի մոտ հասնեմ»։ Հետադարձ ճանապարհին՝ Խոռխոռունիք գավառում, նրան հանդիպել է Շավասպը ու զրույցի ժամանակ նրան պատմել է, որ անտառում ձյունի նման սպիտակ մի արջ է տեսել։ Հայր Մարդպետն էլ այնքան գինովցած է եղել, որ ո՛չ անտառում շրջող սպիտակ արջին է կասկածել, ո՛չ էլ իրեն կրնկակոխ հետամուտ Շավասպին։ Կառքից իջել է, մտել թավուտ։ Շավասպն էլ հանել է հագուստների տակ թաքցրած աղեղը ու թիկունքից նետահարել։ Թագավոր, այս պատմությունը պատմողները նաև ասում են, թե Տիրանի թագավորության տարիներին Հայր Մարդպետը կոտորել էր ամբողջ Արծրունյաց տոհմը։ Մահապատժից մազապուրծ փրկվել էր միայն Շավասպը։ Արքա՛, այս բերնեբերան անցնող պատմության մեջ ազնվական ընտանիքներին և թե ժողովրդին բավարարող վրեժ կա, նախանձություն և բացահայտ ատելություն։ Ասում են՝ Շավասպն էլ չկա։ Ասում են՝ թագավորական գնդերը, երկիրը ոտնատակ տված, որոնել են նրան՝ չկա, անհետացել է, չեն գտել։ Ասում են՝ Հայր Մարդպետի երկու տղաներն էլ են իրենց գնդերով նրան որոնում»։ Դրաստամատը մի շնչով պատմեց երկրի ներսում զարգացող դեպքերի ընթացքը, ու նրանք նայում էին իրար աչքերի մեջ։ Հետո, թե. «Թագավո՛ր, դարձյալ ասում են, թե Հայր Մարդպետի որդիները հայտարարել են՝ եթե երեք օրվա ընթացքում չգտնեն Շավասպին, ստիպված Աշտիշատի եկեղեցին էլ են խուզարկելու, այս գործում եկեղեցին անմեղ չէ»։ Արշակ արքան ասել է. «Հայր Մարդպետի թաղումը շուքով, արքունի առաջին մարդուն վայել պատվով կազմակերպեք։ Երկրում թող Տրե ամսվա Արեգ, Հրատ, Արամ առաջին երեք օրերը սուգ հայտարարվի»: «Թագավո՛ր, արքունի տան ու հրապարակի դրոշները արդեն խոնարհված սգում են։ Լալկան կանանց ու ողբասացներին թագավորական տան գանձարանից է վճարվել։ Ամեն ինչ արվում է մեծ ուշադրությամբ, հուղարկավորման արարողությանը կմասնակցեն արքունիքում թագավորի շուրջը պատվի բարձերին նստող բոլոր մեծամեծերն ու նախարարները»։ Ասել է. «Թագավո՛ր, նաև մեր լրաբերներից այսօր հավաստի տեղեկություններ հասան, որ
Հայր Մարդպետը, մինչև սպանվելը, Աշտիշատի եկեղեցում Ներսես կաթողիկոսի ճաշկերույթի սեղանի հյուրն է եղել, ու նրա մատնած արքունի գաղտնիքը ցնցել է հոգևոր դասին ու տագնապ է առաջացրել նրանց մեջ։ Նրանք գիտեին, որ Հայր Մարդպետի նման մարդը որևէ տեղ հենց այնպես չի մեկնում, և նրա հայտնած տեղեկությունը անհիմն չի լինում։ Հաճախ ինձ թվում է՝ հենց այնտեղ է թաքցրած այնինչը, որը մենք որոնում ենք»։ «Դրաստամա՛տ, մի քանի գունդ պիտի ուղարկենք Տարոնի գավառ, Աշտիշատի եկեղեցուց սկսած թող այդ տարածքներում զորավարժություններ անցկացնեն ու միաժամանակ աչք պահեն հոգևորականների տեղափոխած բեռներին։ Պատրվակ կա, պատրվակը խոսեք, թող բերնեբերան անցնի, պտտվի, թե եկեղեցին պաշտպանության կարիք ունի, եկեղեցուն արքունիքը չի կարող միայնակ թողնել Հայր Մարդպետի որդոց զինված գնդերի դեմ, հոգևորականները, իրենց համար այս անբարենպաստ պայմաններում, չեն համարձակվի գանձարանը տեղից տեղ տանել: Մենք կշահենք, երբ շարունակենք նրանց տագնապը բորբոքել»։ Թագավորը երկար լռում էր, հետո գարեջուր խմեց, ասաց. «Դրաստամա՛տ, ժամանակն արդեն հասունացել է, որ կաթողիկոս Ներսեսը գնա Բյուզանդիա։ Նա արդեն գիտե՝ ինչ է մեր ցանկացածը ու աչալուրջ է մեր ամեն մի ձեռնարկման նկատմամբ։ Կաթողիկոսի բացակայությամբ ավելի դյուրին կլինի։ Նրա՝ երկրից ժամանակավոր հեռանալը անհրաժեշտ է։ Պատրաստեք դեսպանությունը, պահանջվող գրություններն ու վայելուչ նվերները, թող երեք օրից մեկնի»։
Երկու շաբաթ առաջ Դրաստամատը գիշերով արագընթաց ձիով աննկատ դուրս էր եկել Հայաստանից ու հասել Հռոմ։ Կանգնել էր Վաղես կայսեր գահի առաջ, խոնարհվել էր մինչև գետին, ճակատը խփել էր գորգին։ Իր հետ քսակով բերած մարգարիտն ու ամենագոհարն էր դրել կայսեր ոտքերի տակ՝ բարձին, ասել էր. «Բարձրագո՛ւյն քրմապետ, Կեսա՛ր, Օգոստո՛ս, աստվածների ու Մարսի սպասավո՛ր, ֆրանկների ու բարբարոսների կործանո՛ղ, գաղիացիների ու իտալացիների ազատարա՛ր, մեր մե՛ծ արքա հայոց մեծաց Արշակն ասում է՝ նեղն եմ, ձեր օգնության կարիքն ունեմ»։ Եղնիկի հյուսածո քսակից իր նմանակը չունեցող ադամանդն էր հանել, դրել նրա ծնկներին, ասել էր. «Մեր թագավորն ասում է՝ ձեր աջակցությունն է անհրաժեշտ»։ Տոպրակներով ոսկին էր դրել, ասել էր. «Մեր երկիրը պատերազմի առաջ է կանգնած, նույն հավատի ու կրոնի մարդիկ ենք, դուք պարտավոր եք օգնել՝ գործը միասին առաջ տանենք»։ Արծաթե սալիկները դրել էր ու ասել. «Մեր Ներսես հայրապետին ուղարկենք, թող գա հասնի Բյուզանդիա, քո ցանկությամբ մեր երկրին կաթողիկոս կարգեցինք, թող քո կամքով էլ միառժամանակ Հռոմում մնա: Մեր ժողովուրդը մեկ տեղ չի գալիս, բուռ չի հավաքվում»։ Վաղես կայսրը խոշոր, հուրհրացող, շիկագույն, արնատեսիլ ադամանդը լույսի ու աչքի դեմ է պահել, ասել է. «Դուք մտածե՞լ եք՝ ինձանից ի՞նչ եք ուզում։ Հայաստան աշխարհի ժողովուրդն ինձ թշնամի կհայտարարի։ Ինձ կանգնեցնում եք փակ ճանապարհի առջև, դժվար ճանապարհ է»: Դրաստամատն ասել էր. «Աստվածների ու Մարսի սպասավոր Վաղես կայսր, հայոց լավագույն ութ գնդեր, մեր աշխարհի ծախսերով, բյուզանդական լեգեոնների հետ կռվում են քո թշնամի Գոթերի ու Վանդալների դեմ։ Արշակ թագավորին էլ օր օրի Շապուհն իր երկիրն է հրավիրում, նույնիսկ իր քրոջը՝ Որմիզդուխտին, դաշնակից շահելու ակնկալիքով՝ նրան կնության է առաջարկում։ Ասում է՝ այնպիսի կալվածքներ տամ Արշակ թագավորին, որ Հայաստանից մեզ մոտ գալիս՝ մինչև Տիզբոն, իր կալվածքում իջևանի»։ Վաղես կայսրը ծիրանագույն մարգարիտը պահել է ափի մեջ. կամաց, գոլ, ումպ֊ումպ, հուշիկ փչել է ափերի մեջ ու աչքը ջերմությունից վերակենդանացած վառվող մարգարիտին՝ ասել է. «Բա որ մեր աշխարհի հոգևոր դասը իմ դեմ դուրս գա՞։ Չէ՞ որ մեր արքեպիսկոպոսն է ձեր հոգևոր առաջնորդին օծում։ Թերևս, կարծում եմ, ելք պիտի որ լինի»։ Դրաստամատն ասել էր. «Բարձրագույն քրմապետ, Կեսար և Օգոստոս: Շապուհի երթևեկ դեսպանները մեր արքունիքից մագաղաթե Վարազագիր վավերագրով ուխտի և բարեկամության հավաստումով՝ ութ զինված գնդեր են խնդրում՝ իրենց զորաբանակի հետ Քուշանների դեմ կռվելու համար»։ Վաղես կայսրը ոսկու սալիկը մի ափից մյուսն է գցել, ծանր ու թեթև արել, ասել է. «Երկնային աստվածներով եմ երդվում, թե սա Սպերի հանքատան ոսկին չէ: Չնայած հավատս չի գալիս, որ այդ հանքերը դուք կարողանաք աշխատեցնել»,– ասել է.
«Խելացի բան է պետք մտածել, գործը խելքով կանեն»,– ասել է. «Ուղարկեք, թող գա»: Դրաստամատն ասել էր. «Ուղարկենք, թող գա հունաց Պանեմոս ամսվա տասնութին»: Կայսրն ասել է. «Հա, թող գա Անկյուրայի ժողովի նախօրեին»։
Քանի որ ժամանակն էր, ժամանակը լրացել էր ու հայոց երկրի թագավորին ստիպում էր գնալ-հասնել Բյուզանդիա։ Արքունիքը նախարարներին, մեծամեծերին ու ավագանուն երկրի չորս ծագերից խորհրդի հավաքեց, առաջարկություններ քննարկեց, որոշումներ ընդունեց, թղթեր վավերացրեց։ Վաղյաց կարգի համաձայն՝ կաթողիկոսին դեսպան կարգեց։ Ներսես հայրապետին հորդորեց շուտ, թեկուզ հաջորդ օրը առավոտյան, հայոց հարգված ու պետական գործերի մեջ վստահելի տասը սատրապների հետ հունաց Պանեմոս, հայոց Քաղոց ամսվա մինչև տասնութը լինել Հռոմում՝ երկու աշխարհների միջև կնքված խաղաղության և միաբանության դաշինքը նորոգելու, առևտրական և ապրանքափոխանակության հարցեր լուծելու, խաղաղության կայունության համար նոր պարտավորվածություններ վերցնելու և նոր պարտավորություններ դնելու։
Երբ Ներսես հայրապետը աճապարանքով երկար օրերի ճանապարհ կտրեց ու ճիշտ նշված ժամանակին հասավ Բյուզանդիա, հունաց ամբողջ երկիրը սգի մեջ էր։ Փոքրիկ արքայազնը այգում ծառերի մեջ խաղացել էր վայրի տանձով՝ վեր էր նետել տանձը և բերանով բռնել: Մի անգամ այնքան խորն էր մտել նրա կոկորդը, որ մինչև կհասցնեին օգնել՝ երեխան հեղձամահ էր եղել։
Հայրապետը սպասեց ու մինչև կայսեր սգից դուրս գալը՝ մասնակցեց Անկյուրայի դավանաբանական համաժողովին, որտեղ բուռն վեճեր ու տարաձայնություններ եղան Քրիստոսի Աստվածության և Սուրբ Երրորդության հասկացությունների շուրջը։ Ժողովում անզիջում պայքար մղվեց նաև Քրիստոսի Աստվածային բանի և մարդկային միության էության շուրջ։ Համաժողովը վերջացավ։ Հայրապետին հաղորդեցին, որ կայսեր տրամադրության նվաղ լինելու հայտնի պատճառով՝ շատ մարդ չի կարող ընդունել։ Սպասողները թող ներող լինեն: Կայսեր արքունի նվիրակը միայն Ներսես կաթողիկոսին առաջնորդեց ընդունարան։ Հայրապետը երկար ժամանակ ներսում մնաց, երբ դուրս եկավ, երկաթե կապանքներով շղթայված ու սփրթնած էր։
Արքունիքը և սպասողները ահաբեկված էին, իսկ Ներսես եպիսկոպոսապետին տարան բանտ՝ իբրև մահապարտի։ Կայսեր մոտ եկան լցվեցին արքունի խորհրդատուները՝ ծերակույտը ու հայոց դեսպան՝ սպասող տասը սատրապները։
Ծերակույտը կայսեր առաջ խոնարհվեց ու ասաց. «Ներսես կաթողիկոսը օտար ու հեռավոր երկրից գործի համար ուղարկված մարդ է, որը թագավոր է ներկայացնում, մեր կողմից նրան վնաս պիտի չհասնի, կարող է պատերազմ ծագի»։ Գործը դժվարացել էր, քանի որ հայ պատվիրակ սատրապները հասցրել էին հունաց եկեղեցու հոգևոր դասին էլ պատահարի մասին լուր հաղորդել։ Հավաքված բազմությունը համառորեն պնդում էր գործը մահվան չհասցնել։ Վաղես կայսրն ասաց. «Ձեր կարծիքով ես ի՞նչ պիտի անեմ. համաձայն եմ, դուք ճիշտ եք, բայց եթե հայոց Արշակ արքան նրա միջոցով ինձ անարգանք ու նախատինք հասցներ, չէր կարելի մեղադրանքը Ներսեսին սեպել, պատժի կամ բանտի ենթարկել, բայց նա իր սեփական կամքով ինձ վիրավորեց»։ Վաղես կայսրը ապացույցներ ուներ, ասաց. «Վկաներին կանչեք»։ Կայսեր արագագիր քարտուղարները եկան ու քաղվածաբար կարդացին Ներսես հայրապետի ելույթի վիրավորական հատվածները: Կայսրն ասաց. «Բա դուք ի՞նչ էիք կարծում, հենց այն բանի համար, որ նա ինձ անպատվել է, իր թագավորի առաջ էլ է հանցավոր»։ Հավաքվածները շատ խնդրեցին, թախանձեցին՝ լինել գթասիրտ։ Կայսրն ասաց. «Լավ, թող ձեր ասածը լինի, ձեր ցանկացածը մերժելն էլ է դժվար, նա մահապատժի չի ենթարկվի, բայց որ երկնքից Աստված էլ իջնի, աքսոր պիտի գնա»։ Պարտեզում նրան սպասող կար. սևազգեստ կայսրուհին ճեմում էր ծաղիկների մեջ: Վաղես կայսրը այլևս խորհրդականներին չլսեց, հրաման տվեց, Ներսես հայրապետին աքսորեցին։ Իսկ Հայոց աշխարհի տասը դեսպան սատրապներին պատվեց, արժեքավոր նվերներ տվեց։ Արշակ արքայի սիրտը առնելու համար նրանց հետ ոսկի, չփտող և լավ ձայն տվող փայտեր, արծաթի, փղոսկրի, սև փայտի ու թանկագին ակների և քարերի գանձեր առաքեց։ Ու կարմիր մելանով մի գիր էլ էր ուղարկել պարզության համար, թե. «Մե՛ծ արքա, հայոց Մեծաց Արշակ, Ներսեսը այստեղ ինձ ու իմ տերությանն անպատվեց։ Մեղադրեց՝ ինձ համարեց իմ որդու մահվան պատճառը, որ ես հարում եմ արիանոսների աղանդին, դրա համար էլ Աստված ինձ պատժեց՝ մեռցրեց իմ որդուն։ Մեր Պանեմոս՝ ձեր Քաղոց ամսվա տասնութին Անկյուրայում կայացած տիեզերաժողովում էլ մի քանիսի հետ ճակատ կազմած՝ հանդես եկավ որպես ուղղափառ, ուստի աքսորվողը միայն նա չէ, նրա հետ էլի ինը եպիսկոպոսներ կան՝ տարբեր աշխարհներից։ Արշակ թագավո՛ր, համբերող եղիր, դու էլ դիմացիր։ Գիտեմ, որ շատ կուրախանաս, և զայրույթդ կմեղմվի, դրա համար էլ իմ արքունիքից արձակում եմ հայոց թագավորության Արշակունի պատանդներին՝ քո եղբոր որդիներին՝ Գնելին ու Տիրիթին։ Արիացիր, թագավո՛ր, և մեզ չմեղադրես»։
Արշակ արքան շատ խիստ զայրացավ, դժգոհություն հայտնեց գանձերը ուղարկողից էլ, բերողներից էլ։ Ասաց. «Այդ քարերից մենք էլ շատ ունենք, դրանք թող կայսեր գլխին թափվեն և՝ ձեր, որ բերել եք: Մեր ունեցած քարերը բավարար են կայսեր ու բերողներիդ ատամները թափելու համար»։ Նա զայրույթը չէր կարողանում զսպել Հունաց կայսեր դեմ, թե ինչպե՞ս է նա համարձակվել արգելքի ենթարկել այնպիսի մեծ ու պատվավոր մի մարդու, որը մի աշխարհի և թագավորության գլխավորը՝ ուսուցիչն ու առաջնորդն էր։ Ասաց. «Թող սուգ լինի»:
Երկրում հինգ օր ծանր սուգ հայտարարվեց։ Արքունի տան ու հրապարակի դրոշները խոնարհվեցին։ Հինգ օր թագավորը իր պաշտոնյաներով սգաց, հինգ օր խանութներն ու փերեզականոցները փակվեցին ու փողոցներում արտոնագիր ունեցող բանասացների ու գուսանների ելույթները արգելվեցին։ Դպրոցները փակվեցին, ու ողբասացները ողբացին։ Հինգ օր եկեղեցիներում ժամերգություններ անցկացրին ու կոչնակներ խփեցին։ Հինգ օր բանակը նիզակներին սև ժապավեններ կապեց ու ձի չհեծավ: Արաց ամսի՝ Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր հինգ օրերը լաց ու կոծով անցան։
Երկիրը սգից դուրս եկավ, թագավորը հրաման տվեց զորք ու գնդեր կազմել, Վասակ զորավարը կազմեց, հրաման տվեց տիկերով ջուր վերցնել, Վասակ զորավարը վերցրեց, հրաման տվեց ռազմական կառքերը լծել, Վասակ զորավարը լծեց, հրաման տվեց երկար ու անզիջում պատերազմ մղելու համար բավարար քանակությամբ զենք ու զինամթերք վերցնել, Վասակ զորավարը վերցրեց, հրաման տվեց անխնա զարկել ու ավարի առնել Հունաց Գամիրք աշխարհը՝ իր գյուղերով, Վասակ զորավարը իսկույն և անշեղորեն կատարում էր նրա հրամանները։ Ընկավ ճանապարհ։
Իսկ ոտքի հանված ժողովուրդը՝ իշխաններ, ազատներ, շինականներ, գավառներից, գյուղերից գալիս֊մտնում էին մայրաքաղաքի չորս դարպասներով ու կուտակվում հրապարակներում: Հյուրանոցները, քարավանատները, մասնավոր բնակարաններն ու անառականոցները այլևս ընդունելու, կերակրելու հնարավորություն չունեին: Քաղաքի կառավարչի հրամանով կտավատի յուղի շտեմարանի մոտ գտնվող հասարակական բաղնիքը փակեցին ու գիշերելու տեղեր դարձրին: Արքունական շտեմարանի ցորենով հաց թխեցին ու ժողովրդին բաժանեցին, մունետիկները փողոցներում հայտարարեցին, որ ցորենի պահեստի դատարկված տարածությունները հյուրանոցներ են դարձրել, քնելու տեղեր չունեցողները թող գնան այնտեղ գիշերելու։ Փողոցներում և հրապարակներում գիշերատներ դարձված սայլերն ու վրանները խանգարում էին երթևեկությանն ու խցանումներ էին առաջացնում։ Մի քանի օր անց սկսեցին թալանել տաք ջրերի մոտ գտնվող Կարմիր շուկան՝ նրա հարևանությամբ՝ թագավորական փողոցի ամբողջ երկայնքով խանութները, կրպակներն ու վաճառատները:
Գիշերը մեծ հրդեհ բռնկվեց հյուրանոցներ դարձված արքունական ցորենի շտեմարաններում: Կարգապահ տեսուչները չէին կարողանում կատարել իրենց պարտականությունները, նրանց հսկողությունը ձևական, աչք խաբելու բնույթ էր կրում։ Քաղաքի պարիսպներից դուրս բնակվող բորոտները, եկվորների արանքները մտած, խցկվում էին դարպասներից ներս։ Դռները հսկող կայազորները չէին կարողանում նրանց մուտքը արգելել, ու պետական պաշտոնյաները եկվորների միջից ընտրովի ստուգումներ կատարեցին ու մի քանիսին բռնեցին և ի ցույց դնելով ժողովրդին՝ ասացին. «Ահա, նայեցեք, նրանց մաշկի մեջ ճերմակ ուռուցք կա, և ճերմակած են ախտի միջի մազերը, սա բորոտության նշանն է, որ կա»։ Նրանց կողմից հայտարարվեց, որ արևելյան՝ Ծաղկոց դարպասով, մայրաքաղաք թափանցած բորոտների պատճառով մի ամբողջ թաղամասում քոսի տարածված վարակի նշաններ են նկատվել: Խմելու ջրի պակաս է զգացվում մայրաքաղաքում, ասացին, մեր կարծիքով, հենց դա էլ կարող է հիվանդության արագ տարածման պատճառ դառնալ։ Քաղաքի կառավարական դիվանը հայտարարեց, որ իրենք վախենում են: Ասացին. «Մենք որոշեցինք վարակի դեմն առնել»: Նրանց որոշումը միանշանակ էր և վերջնական։ Ու քաղաքի դարպասները դրսից եկող հորձանուտի դեմը փակելու ժամանակ շատերը հեղձամաղձուկ եղան:
Մայրաքաղաքի հրապարակներ հասածների մեջ զենքով եկածներ, ուրկանոցներից, գոդանոցներից փախածներ էլ կային։ Ժամանակին Ներսես կաթողիկոսի նկուղից կրկնապատկված բարիքները սայլերով տարածներ ու ծաղկած գավազանի նշի պտուղներից կերած, վերակենդանացածներ, մահակներով զինվածներ էլ կային։ Նրանք միաբան պատերազմ էին պահանջում հայրապետ Ներսեսի համար։ Մայրաքաղաքում ու նրանից դուրս՝ պարիսպների տակ, այլևս տեղ չկար։ Իսկ Ներսես հայրապետի տեղապահ Խադ եպիսկոպոսը վարչական միավորների հոգևոր առաջնորդներին ցուցումը պարզ ու միանշանակ էր տվել։ Ինքը, սպիտակ էշը նստած, մազեղեն հագած, գլխին մոխիր էր ցանում, Ներսես հայրապետի համար սուգ անելով, մայրաքաղաքից դուրս, դաշտի ճանապարհի վրա կանգնած՝ եկվորներին խմբերի ու քաղաքի չորս դարպասների վրա էր բաժանում և ուղարկում արքունիք։ Հոգևոր առաջնորդներ Շաղիտան, Եպիփանը, Եփրեմն ու Գինդը՝ Սլկունյաց ցեղից, գավառներից ու անապատներից դարձյալ ու դարձյալ նոր խռովարար խմբեր էին ուղարկում։ Նախարարություններին գցում էին պատերազմական վիճակներին հատուկ ահ ու սարսափի մեջ։ Եկողները գալիս,
կուտակվում էին արքունական տան առջևի հրապարակում ու պատերազմ պահանջում:
Ռազմական արշավի դուրս եկած Վասակ զորավարը զենքով, մահակներով եկած կռվել պահանջողներին իր զորագնդին խառնեց, ուրկանոցներից փախած բորոտներին ու ուխտավորներին իրենց մահճակալներն ուղարկեց։ Կասկածամիտ, չհավատացողների համար երկար ու ձիգ ճառ արտասանեց։ Նույնիսկ ամեն մի զորագնդի համար առանձին-առանձին աքաղաղներ պահանջեց, որ Հունաց աշխարհի վրա հարձակումները սկսի ոչ թե արևածագին, այլ ավելի շուտ՝ աքլորականչի հետ։ Հետո սուրը քաշեց, սպիտակ ձին խաղացրեց զորքի ու հրապարակ եկած պատերազմ ճանապարհողների առաջ ու առաջնորդեց բանակը։ Ժողովուրդը հանդարտվեց, խաղաղվեց ու գնաց տները։
Վասակ զորավարը գնաց, հասավ հունաց Գամիրքի սահմաններին ու ճամբար խփեց։ Բանակում ինչքան անպայտ ձիեր կային՝ պայտեցին, ինչքան ոտնաթաթերը փչացրած ուղտեր կային՝ բուժեցին, ինչքան հատը փախցրած օղազրահներ կային՝ հատը կապեցին։ Ջրի ծակ տիկերը կպցրին, զորավարժություններ անցկացրին. վեց ամիսը անցավ, Վասակ զորավարը փողհարին հրաման տվեց, նա էլ պատերազմի ավարտ շեփորեց, զորքը ճանապարհ ընկավ, ցորենի քաղի երրորդ֊չորրորդ Մանի, Ասակ օրերին հասավ մայրաքաղաք։

Երբ Հայոց աշխարհի՝ խաղաղության և միաբանության, երաշխավորությունների ու պարտավորվածությունների դաշինքը վերանորոգելու՝ Բյուզանդիա գնացած հայոց տասը սատրապ-դեսպանները, Ներսես հայրապետին այնտեղ թողած, վերադարձան ու գլուխները կախ կանգնեցին թագավորի առաջ, Հռոմից ուրիշ տեղեկություններով եկան նաև լրտեսները։ Բայց դեռ նրանց գալուց առաջ՝ դեպքերի ընթացքը քննարկելով, Արշակ թագավորը միանգամից ընդունեց, որ սխալվել է։ Լրտեսներն ասացին. «Գաղտնի արարողություն է եղել։ Գնելին պատանդությունից արձակելու օրը հյուպատոս֊փոխարքայի աստիճան է շնորհվել։ Իսկ դրա նախօրեին Կոստանդիոս կայսրը գինի է խմել նրա հետ ու իր օրհնությունը տվել»։ Լրաբերները գնացին։ Ստրուկները Արշակ թագավորին պառկեցրին գոմշի կաշուց հյուսածո բազմոցին ու սև փայտի յուղով շփեցին ոտքի թաթերը, կոպերը, թիկունքի մկաններն ու ծոծրակը՝ գիշերային անքնությունը և անկանոն գինարբուքից գլխացավերը թուլացնելու համար։ Նա դեռ բազմոցին էր պառկած։ Ասաց.
«Երաժիշտներն ու հարճերը պետք չեն, թող գնան,– ասաց,– ես չգիտեմ՝ երկրի թագավոր լինողը իրավունք ունի՞ երեխայի պես խաբվելու»։ Բարձրացավ, դարձյալ գինի էր խմում։ Դրաստամատն ասաց. «Իրավունք ունի Կոստանդիոսը ծիծաղելու, նրա հաշվարկները քաղաքականության մեջ նուրբ ու գեղեցիկ եղան: Արձակել պատանդներին, այն էլ փոխարքայի կոչումով, մեզ համար քաղաքական այս իրավիճակում՝ նշանակում է ապրել մշտական տագնապների մեջ»։
Կոստանդիոս կայսրը, նրանց խնդրանքով, Ներսես կաթողիկոսին պահել էր Բյուզանդիայում, բայց արձակել էր Արշակ թագավորի պատանդ եղբորորդիներին, որոնց միայն ներկայությունը կխանգարեր կենտրոնացված պետություն ստեղծելուն։ Պատանդների Հայաստան վերադառնալուց հետո նախարարները, արդեն նկատելի ընդգծվածությամբ, բաժանվել էին հունամետ և պարսկասեր կուսակցությունների, որը երկրի բնակիչներին և արքունիքին տագնապալի վիճակի մեջ էր դրել։
Այդ օրերին ժողովրդի տագնապն է՛լ ավելի սաստկացրել էր մի զարմանահրաշ դեպք ևս, որ պատահել էր Բասենի գավառի Որդորու գյուղում: Գերեզմանատան իրենց շիրիմներից դուրս էին եկել երեք հարյուր հանգուցյալներ և անհետացել էին մոտակա անտառում՝ վառվող գիսաստղի մոտիկ լեռանը խփվելուց հետո: Ահասարսուռ դեպքը, իր՝ բերանից բերան անցնող մանրամասն նկարագրություններով, տագնապի մեջ էր գցել բոլորին ու աշխարհի վերջը գալու մասին մռայլ մտորումների տեղիք էր տվել։ Պատահարը կեղծիք համարել հնարավոր չէր, քանի որ գերեզմանատան հարևանությամբ, պետական քարհանքում աշխատող երկու հարյուր ստրուկներն ու նրանց հսկող զինվորներն իրենց աչքերով էին տեսել դիպվածը ու նրանց ստուգումներից պարզվել էր, որ հանգուցյալների շիրիմները դատարկ են։
Տարոնի Արամազդի տաճարի Ողյումպ քուրմը մագաղաթների վրա գրված բացատրություններ էր ուղարկել թագավորին ու երկրի ծայրամասերը, որ առայժմ այդ հարցի գիտական պատասխանը իրենք չունեն, սակայն անհույս ահաբեկվելու կարիք էլ չկա, քանի որ համանման դեպքեր են պատահել ձկնակեր եթովպիացիների աշխարհում, Հնդկաստանում և փարավոնների երկրում։ Երկու տարի առաջ վառվող աստղի՝ լիճը և Նեղոսն ընկնելուց հետո մոտ հինգ հարյուր հանգուցյալներ վեր են կացել իրենց շիրիմներից ու անհետ լցվել մացառախիտ անտառները ու Նեղոս գետը։
Հոգևորականներն էլ առավոտյան ու երեկոյան ժամերգությունների ժամանակ հույս ու բացատրություններ էին տալիս ժողովրդին, որ համանման հարությունները չի կարելի կապել ո՛չ Աստծու, ո՛չ էլ աշխարհին սպասվող կործանման հետ, հիմա երկնային Տերը պահապան է, ուստի պետք չէ հուսակոտոր լինել, այլ պիտի մտածել Տիրոջ տված խաղաղությամբ երկիրը շենացնելու մասին: Թագավորն էլ ոգևորող հրաման տվեց, որ այդ օրերին ամուսնացողները արքունի մեծ նվերներ կստանան: Նախարարություններում, գավառներում ու գյուղերում հարսանքատերերը շատացան, օրեր ու ամիսներ անցան, երկիրն աստիճանաբար խաղաղվեց:
Այդ ընթացքում Դրաստամատը բացակայել էր երկրից ու նոր էր վերադարձել հեռավոր ու վտանգավոր ճանապարհորդությունից։ Հասել էր Մազքութների թագավորություն ու նրանց Արշակունի Սանեսան թագավորի հետ, հայոց արքունի անունից, դաշնակցություն էր կնքել: Մազքութների թագավորը, Պարսկաստանում և Բյուզանդիայում ընդունված համընդհանուր կշեռքով, քառասուն քոռ ոսկի էր պահանջել, որ նրանք իրենց միացնեին լեռնաբնակների էլի տասնմեկ ցեղեր ու Ճոռա դռնով հեղեղի պես լցվեին պարսից երկիր, երբ հայոց թագավորը նրանց հետ մտներ պատերազմի մեջ։ Արշակ թագավորը գոհ էր բանակցությունների արդյունքից։ Բայց լեռնանցքի մուտքը հսկում էր լեռնային մի քանի ցեղերից կազմված վարձկան պարսից կայազորը, ուր դարձյալ պիտի գնար Դրաստամատը՝ բանակցություններ վարելու կայազորի պետի հետ ու ստուգելու նրա ու այնտեղի ամրությունների թույլ և ուժեղ կողմերը: Նրանք այս հարցերն էին քննարկում, երբ արագընթաց ռազմական կառքը կանգնեց արքունի դռանը։ Գամիրքի իշխան զորապետ Գորութին արքունի կարապետները առաջնորդեցին սյունազարդ դահլիճ, նա, ձեռքը կրծքին սեղմած, խոնարհվեց թագավորի առաջ։ «Խոսի՛ր, զորապե՛տ»,– ասաց արքան:
«Թագավո՛ր, Արարատյան աշխարհի Կոշ ավանում արդեն յոթերորդ օրն է՝ Գնելի հարսանիքն են կատարում։ Հարսանիք են
անում, բայց սատրապները, նախարարները, իշխաններն ու մեծամեծերը սեղանների շուրջն են բազմել՝ թագավորական տան օրենքի նմանությամբ, ըստ բարձերի։ Նրանք նույնիսկ կառքեր ու ազնվացեղ նժույգներ են ընծա տվել փեսային։ Հանդիսությունն այնպես է կազմակերպված, որ, կարծես, թագավոր են պատվում։ Թագավորի առաջ իրավունք չունեցող մարդը իրեն ինչպե՞ս կպահի։ Իրենց որդիներին, թագավորական տան օրենքի նմանությամբ, տալիս են Գնելին արքունի դաստիարակության։ Նա էլ իշխանաորդոց պերճաշուք շորեր է հագցրել, ինչպես այստեղ է նախնյաց կարգով սահմանված։ Ես իմ խոսքն ասացի, ինձ թվում է՝ այսպես չի կարելի, թագավոր։ Դուք պիտի խոսեք, ձեր միջամտությունը պիտի լինի։ Այնտեղ ջորին էին տեսել, հետո եկան հաստատապես ասացին՝ Հայր Մարդպետն անձամբ մասնակցում է հարսանիքին։ Գինովցած՝ ծիծաղող հարսանքավորներին ասել է. «Ես տեսա, որ Արշակ թագավորը Առյուծ լեռան տակ ձին պարեցրել է սպիտակ ջորիները լծած Ներսես կաթողիկոսի կառքի առաջ։ Ես չեմ հասկանում՝ ժողովրդին ինչպես ենք բացատրելու՝ արքունի առաջին աստիճանավորը ի՞նչ գործ ունի հունամետների հետ»։ Արշակ թագավորն ասել է. «Դրաստամա՛տ, Վասակ զորավարն իր գնդով հենց հիմա պիտի գնա Արարատյան աշխարհի Կոշ ավան, թող արքունի տան հրամանը տանի։ Այսուհետև, թագավորի կամքով Արշակունիներից ոչ մեկը, թագաժառանգից բացի, մայրաքաղաքում կամ նրան մոտ բնակվելու իրավունք չունի, քանզի այսպես է եղել մեր իմաստուն նախնյաց կարգը, և այսպես է Մեծ արքա հայոց Մեծաց Արշակի կամքը, թող ընտրի Աղիհովիտ գավառը»։ Թագավորը մի հրաման էլ էր տվել Վրիվ հազարապետին՝ գնալ Հայր Մարդպետի դաստակերտը:

Ծառաները գիշերը Հայր Մարդպետին արթնացրել են: Նրանց դեմի գյուղից լուր բերողներն ասել են. «Գունդը գալիս է»։ Հեռու, մթան մեջ շները հաչել են, դաստակերտում սագերը կչկչացել են։ Ծառաները արագավազ նժույգը ոտքի տակ են տվել, կիսամերկ Հայր Մարդպետը մինչև լուսաբաց հասել է Տարոնի գավառ։ Ձին սանձակոտոր արձակել, ինքը մտել է Արամազդի տաճարն ու ողջակեզի սեղանի եղջյուրներից է բռնել։
Ծառաները Վրիվ հազարապետին ասել են. «Գնաց Տարոն, գնաց եղջյուրներից բռնելու,– ասել են,– իզուր է ձեր որոնելը, ուզում եք ողջ դաստակերտը տակն ու վրա արեք»: Աքլորը կանչել է։ Հայր Մարդպետի որդին՝ սուրը ձեռքին, տան շեմին է կանգնել, գնդի զինվորներից երկուսը մոտեցել, սուրը ձեռքից վերցրել՝ հեռու նետել են մթան մեջ, նրա թևերն են բռնել, մյուս երկուսը աղեղից լարն են արձակել, զինվորը նրա ցորնագույն, ոսկեդեղին ամորձիքը բուռն է հավաքել, արմատից, խեղդելու նման, կապել է ու երկու կողմից ձգել են, տղան շատ կարճ, մի ակնթարթ է գոռացել: Մայրը հերարձակ, գիշերվա մեջ ճերմակ շապիկով, արցունքոտ ասել է. «Գոնե երկրորդին խնայեցեք։ Այս մեկին հունձքի երրորդ շաբաթվա վերջին օրը հարսանիք ենք անելու»: Զինվորները երկրորդին էլ են բռնել ու ամորձիքի արմատին աղեղնալարը խեղդելու նման փաթաթել, ձգելով՝ ոսկեդեղին, ցորնագույն ամորձիքը պայթեցրել են մութ գիշերվա մեջ, երբ աքաղաղը երրորդ անգամ էր կանչում։
Հետո Հայր Մարդպետին հետամուտ գունդը այդտեղից գնացել է Տարոն։ Նրանց ընդառաջ ելած՝ տաճարի միայն բարձրագույն աստիճաններին ձեռնադրված, խորհրդագետները, հայեցողները, մարգարեներն ու քրմերն ասել են. «Սպանելու իրավունք չունեք»։ Նրանք Հայր Մարդպետի կարմիր կապայի փեշից արդեն կտրել էին ու լաթը գցել Արամազդի ոտքերի տակ՝ պատվանդանին ամրացված կշեռքի նժարին: Տաճարի խորհրդագետ քուրմն ասել էր. «Հազարապե՛տ, պիտի մենք էլ, դուք էլ սպասենք։ Արամազդի կամքն է, եթե ների, կարմիր լաթը կթեթևանա, ու մյուս նժարը կիջնի»։ «Ահա,– ասել է.– տես այստեղ մարդկային դատաստանից ինչքան մազապուրծ փախածներ կան: Շաբաթներով ու ամիսներով, լաց ու կոծով, մեղքերը լացելով՝ իրենց լաթերի թեթևանալուն են սպասում»։ Ողյումպ քուրմն ասել է. «Չէ՛, չէ՛, հազարապետ, դու ուժ չպիտի գործադրես, իզուր է քո երկմտանքը ու մի զայրացրու երկնային ուժերին։ Տեսնո՞ւմ ես այն ծերունուն, երկարաժամկետ, տարիներով սպասման մեջ սրբազան խելագարության հասավ։ Երիտասարդ տարիքում պղծել է իր գեղեցկուհի աղջկան ու փախել թագավորից, հա, կարծեմ Խոսրով թագավորի դատից ու եղջյուրներից բռնել։ Նրա աղջիկը վաղուց է մահացել, ինքը տաճարում ապաշխարելով՝ ծերացավ, ու մորուքը գետինն է ավլում, բայց լաթը չի թեթևանում, նա ինչքան լացում է, լաթն այնքան ծանրանում է։ Հազարապե՛տ, դու վերադարձիր, ու թող համբերություն լինի»:
Գունդը Տարոնից վերադարձվել է։ Գնունի հազարապետ Վրիվն ասել է. «Իրավունք չունենք, թագավոր, տաճարը ապրելու իրավունք տվեց նրան,– ասել է,– արքա, նա գիտեր, որ դուք հովանավորում եք քրմական կուսակցությանը, դրա համար էլ գնաց տաճար՝ եղջյուրներից բռնելու: Ձեր օթյակի առջևի սեղանի եղջյուրներից էր բռնել, համ էլ մինչև հասանք, պատմուճանն արդեն կտրել էին»:
Արքունիքում բոլորը փսփսում էին, ազնվական տներում դեպքերը վերլուծում էին, մայրաքաղաքի շուկայում վաճառականները խոսում էին, հասարակական բաղնիքում իրար պատմում ու հաստատապես համոզված էին՝ Հայր Մարդպետը Կոշ ավանում, որ ծիրանի էր գցել Գնելի ուսերին, գահին դավել է ու այլևս պրծում չունի, որի դեմ շատ թակարդներ էին լարել, դավեր նյութել, մահափորձեր ձեռնարկել, բանսարկություններ սարքել։ Նա բոլորից էլ խույս էր տվել իր ճկունության ու խորաթափանց մտքի շնորհիվ, իսկ հիմա անխուսափելի էր նրա մահապատիժը։
Սակայն հինգ օր հետո ներման իրավունք տանելու եկած տաճարի առաջին քուրմ Ողյումպն ու հավատացյալների շքախումբը արքունի տան հրապարակում շեփոր են փչել, պատշգամբ ելած թագավորին է մոտեցել, կարմիր լաթով կշեռքը ձեռքին, առաջին հայեցողը, ասել է. «Ահա, թագավոր, մենք բոլորս վկա ենք, Արամազդը իր խնամակալության տակ է վերցրել նրան»: Արշակ թագավորն ասել է. «Թող Արամազդի կամքը լինի»: Սպիտակ մետաքսե թաշկինակն է տվել տաճարի հայեցողին՝ որպես Հայր Մարդպետի ապրելու նշան: Իրեն՝ Տարոնի տաճարից ոտաբոբիկ երկրպագության եկած Հայր Մարդպետին ասել է. «Դու մահվան էիր արժանի։ Քո անմիջական մասնակցությամբ, Գնելի հարսանիքի ժամանակ, նախարարների աստիճանակարգը որոշող նոր բարձեր են բաժանվել: Դու ձախից առաջին բարձին ես նստած եղել։ Չգիտեի՞ր, որ բարձերի բաժանման շնորհը թագավորին է պատկանում։ Փողեր եք հնչեցրել, ու դմբդմբացել է հողը, պարտեզում հավաքված ռամիկը գոռացել է. «Կեցցե՜ թագավորը»։ Դու լավ գիտեիր, որ փողերի նման հուժկու շեփորահարումով հողը դմբդմբացնում են միայն երկրի իսկական թագավորի մուտքը ողջունելու ժամանակ։ Հաստատապես գիտեիր, որ այդ հավաքը հունամետ նախարարների՝ նոր թագավորի օծման արարողությունն է եղել։ Պաշտոնով իբրև հայր թագավորի՝ ծիրանի ես գցել նրա ուսերին։ Դու մահվան էիր արժանի, սակայն քեզ նորից գահին ծառայելու պատիվ է տրվում։ Քո կալվածքը կից է Աշտիշատի եկեղեցու տիրույթներին: Կգնաս այնտեղ՝ իբրև քո ոստանի գործերը կարգավորելու, և կտեսնվես Աբդիշո քահանայի հետ։ Այսպիսի հնարավորություն քեզ տրվում է իբրև շնորհ՝ գահի նկատմամբ քո հավատարմությունը փորձությամբ ապացուցելու»: Հայր Մարդպետը գետնատարած համբուրել է թագավորի կարմիր կապայի ոսկերիզ քղանցքն ու բրոնզափայլ սանդալները։ Երբ նա դեռ ծնկի է եղել, երբ թագավորի քղանցքի փեշերը շուրթերին է դրել, Արշակ արքան նրան ասել է. «Դու մահվան էիր արժանի, Հա՛յր Մարդպետ, քանի որ դավեցիր գահը, և տարիներ առաջ քո անմիջական խորհրդով և մասնակցությամբ Տիրան թագավորի հետ խախտել եք նախնյաց օրենքով սահմանված նախարարության աստիճանակարգը, անմեղ մարդկանց եք սպանել ու նրանց ընտանիքները սեռահատել: Բայց այսօր դու չես մեռնելու, որովհետև նույն դժվարությունների մեջ ես եղել, ինչ որ իմ հայրն ու նրա ընտանիքն են տեսել ու տարել թե՛ այստեղ, թե՛ Պարսից աշխարհի աքսորում»:

Երբ Հռոմեացոց Հեպերիոս, պարսից Աբան, հայոց Արեգ ամսի տասներեք Պարխար օրը հունաց թագավորի և պարսից արքայից արքա Շապուհի միջև տասը տարիներ շարունակվող անզիջում ու երկրներ կործանող արյունահեղ պատերազմը ավարտվել է, նրանց միջև հաշտություն և մագաղաթի վրա վավերացված՝ կատարյալ խաղաղություն է կայացել, առնելիքն ու տալիքը վերադարձրել են միմյանց, աշխարհներ են բաժանել, վերաբաժանել ու սահմանացույց քարե առյուծ կոթողներ կանգնեցրել աշխարհի չորս ծագերի
վրա, հաստատել իրենց տերության սահմանները: Ծովերի ու օվկիանոսների իրենց հասանելիք տարածքները արծիվների ու քամու թռիչքներով են որոշել: Գերիներ են փոխանակել ու հարևան երկրներում թագավորներ գահակալել՝ ինչպես Տրդատ Մեծին, ինչպես նրա որդի Խոսրովին, Խոսրովի որդի Տիրանին, ինչպես և նրա որդի Արշակին…
Պարսից Շապուհ արքան հայոց թագավորին հանել է իր երկրի խոնավ բանտից, ասել է. «Տիրա՛ն, աչքերդ դաղելու համար ներող եղիր։ Դե, դու էլ թագավոր ես, կհասկանաս, ազգ ապրեցնելու հարց էր, հիմա խաղաղություն է, վերադարձիր աքսորից քո աշխարհը, և քո թագավորությունը թող քեզ լինի։ Բյուզանդական գահն էլ է այդպես կամենում»: Շապուհը նրան բաղնիք է հրավիրել: Նրանց մարմինները ստրուկները անուշահոտ յուղերով են օծել: Հարճերը, նրանց ծնկներին նստած, մորուքներն են սանրել։ Հացարարները մեծ ու ճոխ ճաշկերույթի սեղան են գցել արքունական տան մեծ՝ փիրուզագույն դահլիճում, ու նրանց զրույցն այնտեղ է շարունակվել: Տիրան թագավորն ասել է. «Արքայից արքա՛ Շապուհ, կույր տեղովս անօգուտ, անպատշաճ, նույնիսկ անկարելի է թագավորություն անել։ Ճիշտ կլիներ՝ իմ փոխարեն թագավորեցնեիր իմ որդի Արշակին, որ քո ձեռքից հաց կերավ ու քո աչքի առաջ հասակ առավ, և քո նման ոչ մեկը չգիտի նրա թույլ և ուժեղ կողմերը»: Շապուհն ասել է. «Բյուզանդական աշխարհն էլ է այդպես կամենում, բայց, Տիրան թագավո՛ր, թող ձեզ չթվա, թե այդպես վարվելու դեպքում մենք նրանց մեծապետական թելադրանքն ենք կատարում: Կարող է նրանց ուղարկած գրությունների բովանդակությունը քո ականջին էլ հասած լինի ու սխալ մտածես»:
Հետո, արքայից արքա Շապուհի հրամանով, Արշակ թագաժառանգին բերել են արքունական կալվածքի աշխատանքների տեղից։ Ասել էր. «Տիրան թագավորի որդի՛ Արշակ, ահա երկու հզոր տերությունների միջև համերաշխություն և խաղաղություն է կայացել, մենք որոշեցինք լինել գթասիրտ ու վեհանձն աստվածների նման, վերադարձնել հայոց գահը քեզ, գնա՛, թագավորի՛ր՝ լինելով մեզ երախտապարտ, հնազանդ ու խաղաղ»։ Իր արագագիր դպիրներին ու պաշտոնյաներին է կանչել ու վավերագիր մագաղաթով Հայոց աշխարհի թագավոր է ճանաչել Տիրանի որդի Արշակին: Արշակը խոնարհվել է Շապուհի առաջ, արքունի ավագանու՝ երկու մովան հանդերձապետերի ներկայությամբ ասել է. «Եղբայր Արևի և Լուսնի, աստղերի ընկեր Շապուհ, ձեր՝ երկու հզոր տերությունների միջև կայացած բանակցությունների, գրավոր պարտականությունների համեմատ, դե վերադարձրու ինձ իմ երկրից գերի բերված ճարտարագործ վարպետներին, կավագործներին և ազնվական ընտանիքներին, որովհետև իմ ժողովուրդը այստեղ՝ աքսորում, իր պարտականությունների մեջ անխախտ էր՝ պարտաճանաչ և վերադարձի է արժանի, ինչպես մենք։ Նրանցից շատերը այստեղ՝ արքունի կալվածքներում, բաց արևի տակ աշխատեցին, քրտինքը ճակատներին, շատերն ինձ հետ արյաց բանակի առաջին շարքերում կռվեցին ու ընկան քո երկրի թշնամի հյուսիսական ցեղերի դեմ, շատերը ճարտարագետ հնարքներով զարդարեցին քո քաղաքներն ու բերդերը, նրանցից մեծ մասը ծանր աշխատանքից ուժասպառ մահացան ու անտերունչ թաղվեցին քո ամրությունների հաստակուռ պարիսպների տակ: Արդեն տասը տարի է՝ նրանք օտարության մեջ են, արյա՛ց արքա, վերադարձրու նրանց ինձ»։
Լռությունը երկարել էր, Շապուհը չէր խոսել, մոգերի խորհրդատու երկու հանդերձապետերը չէին խոսել: Շապուհն ասել էր. «Արշակ թագաժառանգ, լավ իմացիր, որ քո համառությունն ու համարձակությունը ոչինչ են։ Իրոք, քո ասածի համեմատ, դու միայնակ ինչպե՞ս և ո՞ւմ ես թագավորելու…»:
Հայոց արքունական տունը՝ իրենց կանանոցով, գանձերով ու ստացվածքներով, արձակել էր իր տերությունից։ Արշակ Մեծ Հայքի թագավորը իր ընտանիքի անդամներից ու գերությունից արձակված իր ժողովրդից քարավան կազմեց։ Իր ունեցած հարստությունը ծախսեց ու Տիզբոնի հայոց եկեղեցուց և մեծահարուստներից ոսկի հավաքեց։ Ճանապարհի համար զենք, սայլեր ու բեռնակիր ուղտեր գնեց, սննդի համար՝ ոչխարի հոտեր, տիկերով ջուրը գրաստներին բարձեց ու Արեգ ամսվա Նպատ օրը, նավավար աստղի ծագման հետ, քարավանը շարժեց Տիգրիսի ափերով դեպի Արբելա, այնտեղից արևախանձ հարթավայրերով ուղղություն վերցրեց դեպի Գանձակ ու Ատրպատական:
Ճանապարհին, տափաստաններով անցնելիս, նրա քարավանի դեմ, բլուրների ստորոտներին, գետնափոր անցքերում բնակվող լախտերով զինված, կարճահասակ վայրենի մարդիկ դուրս եկան: Նրանք անթիվ ու անհամար, մանր-մանր, քարկիտուկ զանգվածի պես շարվեցին ամեն տեղ ու փակեցին նաև նահանջի ճանապարհը, նրանք կոշտացած ու թուխ այնպիսի մաշկ ունեին, որ եռաթև նետն անգամ չէր ծակում։ Իր հոտերից ոչխարներ ու բեռնակիր ջորիներ տվեց և նրանց տարածքներով անցնելու իրավունք ստացավ։
Եկավ ու անապատը մտավ, ուր ջրերը հետ էին քաշվել, ու ավազները եկել գրավել էին շատ բնակավայրեր, և ամայացած, կիսավեր գյուղերի ու քաղաքների միջով անցնելիս ջրհորներ փնտրեց, քսանից կիսացամաք մեկը գտավ, սակայն նրան տիրացած՝ ագեվոր, աղեղնաոտ, տափակաքիթ ու լայներես ցեղին շատ վարձ տվեց իր մարդկանց և մանր ու խոշոր կճղակավոր հոտի ծարավը հագեցնելու համար։ Ճանապարհի համար տիկերով ջուր վերցնելու դիմաց՝ նորածին մանուկներ պահանջող նրանց առաջնորդին իր սպիտակ նժույգը՝ նաև պարկերով բակլա ու գարի տվեց, իսկ նա իր պահանջի մեջ դարձյալ համառ ու անկոտրում էր։ Արշակ թագավորը հրամայեց, Դրաստամատը նրանց սովորեցրեց ամենուր, ոտքերի տակ ավազների մեջ վխտացող, խոշոր մրջյուններից ոսկի փոշի ստանալու գաղտնիքը, որի համար պարսից վաճառականները մեկնում էին Հնդկաստան ու այնտեղից լիտրը վաթսուն-յոթանասուն,
երբեմն նույնիսկ հարյուր դահեկանով էին գնում։
Ամայի բնակավայրերի տարածքներից դուրս եկավ ու շարժվեց առաջ։ Գիշերատեղեր, բանուկ ճանապարհների հեռուն՝ դիտորդ աշտարակների մոտ ընտրեց ու նրանց վրա պահակակետեր դրեց՝ գիշերով մոտեցող ավազակախմբերի ահազանգը առնելու համար։ Ճանապարհին ծնված մանուկներին քնելու ճոճքեր շինեցին ու սայլերի ցցերից կախեցին, նրանցից բոլոր արուներին խոյի արյունը ճակատներին քսած՝ արևի դեմ պահած՝ Վահագն ռազմի Աստծուն նվիրեցին: Արևից նեղված, ուժասպառ ծերունիներին ջորիների և ուղտերի հովհար աշտարակների մեջ նստեցրին, նրանցից մեռածներին զմռսեցին գինու դատարկ կարասների մեջ, որ երկիր բերեն: Քարի ճանապարհացույց նշաններով կողմնորոշվելով՝ ինքը՝ երիտասարդներից կազմած գնդի հետ միշտ առջևից ու հետևից՝ քարավանին հետամուտ ու հանդիման, լեռնական ցեղերի դեմ կռվելով, ալևորների ոտքով, հղի կանանց և պառավների ոտքով,
ուժասպառների ոտքով, արքունական տան ու ազնվականների ոտքով, քարավանի թիկունքը պահած, աստիճանաբար նահանջող զինվորների ոտքով, ոչխարի հոտերի ոտքով, բազմամարդ քարավանին առաջ տանող ուղտերի ոտքով՝ քառասուն օրվա ճանապարհ կտրեց, Թավրեժով Նախիջևան ու Հայոց աշխարհի Դվին մայրաքաղաքը հասավ։
Երկրում ցրվածներին, երկրից փախածներին, երկրից խռովածներին, երկրի հավատարիմներին, երկրի վստահելիներին հավաքեց ու նրանց վրա թագավորեց:
Իսկ Տիրան թագավորահայրը եկել, իջևանել էր Անգեղտուն գավառի Անգեղ բերդում։ Այնտեղ էին գտնվում նաև Հայոց Արշակունի թագավորների գերեզմանները: Խաղաղության մեջ ապրեց-
ապրեց Տիրան թագավորահայրն ու հանկարծ սկսեց գիշերները վեր թռչել անկողնուց ահասարսուռ դամբարաններից փչող ցրտից ու երկրի ավերակներից կանչող բվի կանչից ու գոռում էր. «Հենց նոր տեսա, շունը պատի տակ գանգ էր լիզում»: Ու պատերից կախված սրերն ու տապարներն էր պոկոտում՝ երկրում իր վաղեմի քաղաքականությունը վերականգնելու համար։ Դրանիկ ծառաները, նրա Օվակ ներքինին ու բերդի Եղիա կառավարիչը տեսածից շվարեցին, մեկտեղ հավաքվեցին ու խորհրդակցեցին, լրատար ուղարկեցին մայրաքաղաք, արքունիքից ընդունելություն խնդրեցին, իրենց խորհրդակցության նյութն ու ասելիքը մայրաքաղաք՝ Արշակ արքային հասցրին, ասացին. «Թագավոր, նստակյաց չէ, անհանգիստ է, առաջն առնել է պետք, իշխաններին նամակներ է գրում։ Կարդացել ենք, խռովահույզ նամակներ են։ Գավառից գավառ, նախարարություններ գնալու համար ուղեկցողներ, կառք է պահանջում,– ասել էին,– հատկապես պատանդությունից վերադարձած Գնելի ու Տիրիթի դաստակերտ գնալ-գալը նրա պատկերացումների մեջ մեծ շփոթ ստեղծեցին: Ոսկի էլ է ծախսվում, թագավոր, մեր կարծիքով՝ ոսկի է շռայլվում»։ Արշակն ասել է. «Միայն թագավորահայրն էր պակասում»։ Դրաստամատն ասել էր. «Նա ցրտից է վախենում, ծանոթ ցուրտ է»։ Թագավորն ասել էր. «Դա է»: Բերդի կառավարիչը վերադարձել էր Անգեղ դաստակերտ։

Բերդում և գավառի ազնվական ընտանիքներում լուր էր տարածվել, թե այդ օրը Տիրան թագավորահորը ծեծել էին։ Լուրը Անգեղ բերդից էր հասել, մայրապետն ասել էր. «Ես լսել եմ»։ Դրանիկ ծառաներն ու աղախիններն ասում էին. «Ոչինչ չենք լսել»։ Մայրապետն ու պարտիզպանն ասում էին. «Ինչպես չէ, հենց իր առանձնասենյակում՝ ամենուր լսվող օգնության աղեկտուր կանչը բացառած,– ասել էր,– գաղտնի անցքեր կան, որ տեսնելու հնարավորություններ են տալիս։ Ծնկի հարվածով փորին՝ փռեցին գետնին ու նրա սողեսող, չորեքթաթ փախուստի առաջը մեկ ուրիշ հարվածով քիթ ու բերանին՝ կանգնեցրին դռան մոտ։ Նրանց ու շուրջն էր նայում կույրի պես, ասաց. «Զավակներս, թագավորին գետնին չեն պառկեցնի, դուք էս ի26՞նչ եք անում»։ Պարտիզպանն ասել էր, ծեծողներն ասացին. «Հողը թագավորությունը միջիցդ կհանի»։ Մայրապետն ասել էր, նա թե՝ «Ամրոցներ էին խոնարհվում ոտքերիս տակ, օտար թագավորների հետ սուր եմ խաչել»։ Պարտիզպանն ասել էր. «Պառկած տեղը՝ մինչև հաջորդ հարվածը կհասներ քիթ ու բերանին ու ատամները կթափվեին բուռը, ծեծողներին ասաց. «Պարսից բանտերում թագավոր կծեծեի՞ն, արծաթ շղթաներով էին պատերին գամում»: Էլի ծեծեցին, նա լացում էր, նրանք ծեծում էին։ Նա սողեսող մտնում էր մահճակալի տակ, ոտքերից քաշեցին, հանեցին դուրս ու ձեռքի մատները մարմարյա հատակի վրա կրունկներով տրորեցին»։ Դրանիկ ծառաներն ասել էին. «Այդպիսի բան հնարավոր չէ, այդպիսի աղմկոտ դեպք պատահեր, մենք չէի՞նք լսի»։ Մայրապետն ասել էր, թակողները, թե՝ «Դեռ ուր ես, սպասիր ծեծենք, պրծնենք, բարձն էլ պիտի բերանին դնենք, հեղձամաղձուկ անենք»: Դրանիկ ծառաներն ասել էին. «Բա ո՞ւր է, ինչի՞ չարեցին, Տիրանը կա»։ Պարտիզպանն ու մայրապետն ասել էին. «Բա ինչի՞, հենց դռան փականի չխկոց է լսում, թավալվում է թախտին, կզաքիսի մորթե վերմակը քաշում է գլխին ու լացակումած գոռում է. «Գալիս են՝ բարձը դնեն»:
Մայրաքաղաքից ու նախարարություններից ջորիներով ու կառքերով տեսության եկած ազնվականությանը, որոնք օրերով ընդունելության հերթի էին սպասում, որ պատահարի մասին տեղեկությունն անմիջապես տուժողից լսեն։ Տիրան թագավորահայրն ասել էր. «Ինձ ո՞վ կարող է ծեծել, ինչի՞, ինձ ծեծելն այդքան հե՞շտ է»: Նրանք ասել են. «Բա ձեռներդ ու բերա՞նդ»: Ասել է. «Ես դուրս թռա, դուք գիտեք՝ կույր մարդու դուրս թռչելը ինչպես կլինի՝ ձայնը, որ լսեցի, միաժամանակ ականջներիս երկու կողմից կանչողը Գնելի ձայնն էր, այդ ձայնը գլուխս էր մտել ու օգնություն էր կանչում, որ դուրս թռա, պատի տակ բուն կանչում էր, այդ ժամանակ էլ ընկել եմ, քամին էլ մեջքիս վրայով անցավ, կույր մարդը ինչպե՞ս պիտի օգնության վազի, որ չընկնի, մանավանդ, երբ բվի կանչն էլ թնջկվում է ոտքերի տակ։ Պատահում է, որ էլի իմ անկողնու մեջ լսում եմ օգնության կանչող ձայնը»:
Նրան այդպիսի պահերին հանգստացնում էին, հետո սկսում էր գանգատվել, որ ձայնը թաքնվել է իր անկողնու մեջ, որ իրեն հանգիստ չտա, ու լացում էր։ Տիրանի կանանոցից Վարսենիկ հարճին էին առանձնացրել ու վարժեցրել նրա մահճակալին։ Մայրապետը Վարսենիկ հարճին մի ժամ շուտ էր մտցնում արքայահոր անկողինը, որ այնտեղ ապրող ձայնին դուրս քշի, մայրապետն ասում էր. «Լքված, միայնակ մարդու ցուրտը պիտի դուրս քշել, թե չէ անարյուն մարդը, որ սկսեց պաղել, ինչ ձայն ասես չի լսի, ձայնն այնքան վտանգավոր չէ, ինչքան ցուրտը»։ Վարսենիկ հարճը մերկ՝ մանկահասակ մարմնով արդուկում՝ այրում էր անկողինը, Տիրան թագավորը չէր տաքանում: Պիրկ, պայթուցիկ ստինքները խաղացնում, ճզմում էր նրա սմքած կրծքի վրա, ինքն իր կրքից այրեցյալ մատով ծակում էր քաթանե սավաններն ու հևասպառ լինում։ Տիրան թագավորահայրը դարձյալ լացելով էր անցկացնում գիշերը, դարձյալ լսում էր իրեն օգնության կանչող Գնելի ձայնը ու չէր խաղաղվում, թավալվում, թավալվում էր անկողնու մեջ, արցունքները թափվում էին աչքերից, սև սուգը մտել էր սրտի խորքերն ու հանգիստ չէր տալիս։
Իսկ ցերեկները Վարսենիկ հարճը, ինչ-որ բանից քշվողի պես, թափառում էր անդունդների բերանին, բերդի աշտարակների պատերին, ջրհորների քիվերին, մինչև փորը բոյ քաշած փշոտ հանդերում ու մասրենու թփերի մեջ: Դաստակերտի մերձակա ճանապարհով պատահական անցորդներին կամ սայլերով բերդ՝ բանջարեղեն բերած գյուղացիներին՝ տան անկյուններից, ծառերից, թփերից ու թաքստոցներից ծածուկ, մատով կանչում էր իր մոտ։ Հյուրերի կամ պալատականների ներկայությամբ անպարկեշտ, մանկամիտ պատմություններ էր անում։ Տիրան թագավորահոր հետ
անքուն գիշերներ անցկացնելուց հետո, որպեսզի նրան օգնեն, աղախինները նրա մերկ, շիկացած մարմինը օրը մի քանի անգամ փաթաթում էին սառը, ձնհալ ջրով թրջած քաթանե սավան-
ների մեջ։
Տիրիթը բյուզանդական կայսրության պատանդությունից արձակվելուց հետո այցելել էր Տիրան պապին՝ իրեն հասանելիք հողակտորների ու արքունական գանձարանից ռոճիկ ստանալու հարցերը ճշտելու: Պարտեզից արքունիք անցնելու ճանապարհին սպիտակ աղավնիների հետ խաղացող Վարսենիկին էր տեսել։ Նրանք նայել էին իրար, հետո իրենց շուրջը, Վարսենիկը մատով կանչել էր, նա հետամուտ էր եղել: Թագավորահոր տան Օվակ ներքինին կանգնել էր նրանց միջև, ասել էր. «Նա թագավոր Տիրանի հարճն է, թագաժառա՛նգ»: Վարսենիկը աղավնիներին թողել է գրկից ու երկնքին նայելով՝ հարցրել է. «Թագաժառա՛նգ, ասում են՝ կանայք լիալուսնի ժամանակ են հղիանում, դա ճի՞շտ է։ Կհավատա՞ս, ես որ լիալուսին ու նարինջ եմ տեսնում, փշաքաղվում եմ ամբողջ մարմնով։ Կամ դու գիտե՞ս, որ լիալուսինն է հղիացնում հողագունդը»։ Օվակ ներքինին ձեռքից բռնած տարել է Վարսենիկին։ Հետադարձին Տիրիթը դարձյալ տեսել է Վարսենիկին, Օվակ ներքինու հսկողությամբ՝ նշենու տակ լուսատտիկների հետ խաղալիս։ Վազելով գնացել է նրան ընդառաջ, ասել է. «Թագաժառա՛նգ, կայծոռիկի լույսը կփոխարինի լուսնի շողերին։ Իսկ Օվակ ներքինին ասում է՝ չի փոխարինի»։ Տիրիթը մի քսակ ոսկի է տվել Օվակ ներքինուն։ Նա ասել է. «Աղջիկը թագավորահայր Տիրանի հարճն է, թագաժառա՛նգ,– ասել է,– ներող եղիր, թագաժառանգ, բայց նա հիմա գործեր ունի անելու՝ Տիրան թագավորահոր անկողինը տաքացնելու ժամն է»: Ու ձեռքից բռնած տարել է Վարսենիկին։
Տիրիթը մի անգամ էլ, կրկին ու էլի է եկել հարճի հետ հանդիպելու, սակայն այդ օրերին մայրապետը Վարսենիկին փակի տակ է պահել։ Իսկ դաստակերտի կառավարիչ Եղիան, Տիրիթի կառքի դուռը բացելիս, խոնարհվել է ու ասել. «Արքունի տան անունից եմ ասում, թագաժառա՛նգ, եթե դեպքերը այսպես շարունակվեն, հարճին ցերեկները զնդան կիջեցնեմ»: Տիրիթը նրա աչքերի մեջ է նայել, հետո նրա պատմուճանի ճարմանդը պոկել, գցել է ոտքերի տակ։ Ասել է. «Իմ մեծությունը քեզ բրածեծ անելով կմեռցնի»։ Նա դարձյալ եկել է ու մի օր տեսել է, թե ինչպես է Վարսենիկը Անգեղ բերդից քիչ հեռու, ծիրանի այգու վերևի դաշտերում, արևածագի ու արևի առաջ իր մերկ մարմինը՝ կորեկի ցողաթաթախ արտում լոր որսացող վայրի կատուներին տված, նրանց ճանկերը շերտ առ շերտ պատառոտում են զոհին։ Տիրիթը ձին քշել, հարձակվել է, հետամուտ հալածել է նրանց, ու ինքը պառկել էր արյունոտ Վարսենիկի կողքին։ Հենց թևի տակի խատուտիկը պոկել էր, պահել նրա շրթունքների դիմաց, ասել էր. «Վարսենիկ, փչիր, տես՝ ինչ թեթև սահելով կգնա»։ Նա չի փչել, նա լացել է։ «Թագաժառա՛նգ, արևը տեսավ, ես իմ արյունը նվիրեցի Անահիտ դիցուհուն, որ պահապան լինի։ Դու գթասիրտ եղիր ու իզուր մի հապաղիր»: Հենց այդ պահին բերդի կառավարիչ Եղիան ու նրա զինված ջոկատը՝ ձիերը ծառս-ծառս անել՝ վերևից խուզարկելով, կորեկի փարթամ դաշտում որոնել են նրանց։ Գտել, կանգնել են երկուսի գլխավերևը, Եղիան ասել է. «Վերջ տուր, դու իրավունք չունես բացել նրա մերկությունը: Դա
նույնն է, թե հեղաշրջում լինի։ Թագավորահոր հարճին տիրելը՝ գահը վերցնել է նշանակում, դու էլ լավ գիտես»։ Զինվորները Վարսենիկին դրել են արագընթաց, երկանիվ ռազմական կառքն ու բերել, հասցրել են դաստակերտ։ Տիրիթը շատ անգամ էր փորձել կաշառել կառավարիչին, նույնիսկ խոստացել էր տալ նրան մայրաքաղաքի մոտակայքում ընկած իր լավագույն հողատարածությունները, որ անգամ թագավորի և կաթողիկոսի աչքն էր վրան։ Կառավարիչին նվերներով գայթակղեցրել, հրավիրել է իր դաստակերտը, միասին գինի են խմել ու թախծոտ երգել լուսնի լույսի տակ։ Ամեն անգամ, երգը ավարտելուց հետո, կառավարիչը հիշեցրել է, որ. «Թագավորահոր հարճին տիրելը՝ գահը նվաճելու կամ, ասենք, խռովության պես մի բան է, որը վերջում արյունոտ, անցանկալի պատմություն է դառնում»: Նա կառավարիչի հետ Վարսենիկին թանկագին նվերներ էր ուղարկում, որոնք նա պահում էր իր մոտ ու չէր տալիս հարճին:

Տիրան թագավորահայրը միայնակ էր մնացել, նրա հետ հազվադեպ էին խոսում, հրամանները չէին կատարում, դաստակերտի երբեմնի հավատարիմ ծառաները խուսափում էին նրա հետ հանդիպելուց, նա ուղեկցող չուներ և հաճախ արքունի տան պարտեզի շատրվանների մոտ, նստարանին նստած լաց էր լինում: Այդպիսի մի օր նրա գլխին էր իջել սուրբ աղավնին։ Նա էլ բռնել էր ու թելով կապել ոտքից ու շատ հաճախ, ինքը թելից բռնած, աղավնին օդից թռչելով, տանում, հասցնում էր նրան նախնյաց սուրբ դամբարաններին, որտեղ թագավորահայրը իր տխուր խորհրդածություններն էր անում և մոմ ու խունկ էր ծխում՝ որպես նրանց հարգանքի նշան։ Էլի շատ անգամ, այդպես թելից բռնած՝ ինքը երկրի վրայով, աղավնին երկնքից իր որդու՝ Արշակ թագավորի տերության գավառներն է շրջել ու երկրի նախարարներին ասել՝ «Ճանաչեք ինքներդ ձեզ ու ձեր թագավորին, ահա ես իմ կուրությամբ՝ ձեզ օրինակ»։ Նույնիսկ աղավնու հետ, Նավասարդի տոնին, թոռան՝ Գնելի սպանության օրը լսել էր նրա օգնություն կանչող ձայնն ու գնացել-հասել էր Շահապիվան։ Արշակ թագավորին ու Փառանձեմին բերել, կանգնեցրել էր դեմ-դիմաց, ասել. «Ձեր հերն անիծած, եթե հպարտություն ունեք, ամուսնացեք իրար հետ, իրավունք չկա, որ երկրի թագաժառանգի կինը աշխարհին ոտնակոխ մնա»։ Հայրապետ Ներսեսին իմաց են տվել, կաթողիկոսապետը խաչը ձեռքին դուրս է թռել, հասել է, թե. «Տիրան թագավոր, դու էս ի՞նչ ես անում, հեթանոս ժամանակներն անցել են, արյունապղծության ես տանում թագավորին»: Աղավնին գլխին թառած՝ Տիրանը նրան չի լսել, թագավոր Արշակին է ասել. «Արքա, տղամարդ եղիր, քո եղբոր որդի Գնելը թագաժառանգ էր, մի թող՝ նրանով վերջանա թագաժառանգը աշխարհի երեսից»։ Ու ինքը եկել է, հետ է դարձել, որ գա իր բերդը: Հայրապետ Ներսեսը հասել է նրան, հետևից գոռացել է. «Թագավոր Տիրան, էդքան թագավորության հարգն իմացող էիր, թող չկուրանայիր, տեսնեիր օտարների սահմանացույց առյուծ քարե կոթողները, գիրքն էլ՝ առյուծի թաթի տակ, թե մենք ոչ միայն առյուծի պես հզոր ենք, այլ նաև գրագետ իմաստուններ: Տգետը չսիրվելու բան է, Տիրան թագավոր։ Դեռ նույնիսկ կասկածելի է, լավ էլ կասկածելի է, էդ քո հետ թրև եկող աղավնին սո՞ւրբ է, թե՝ չէ»։ Տիրան թագավորահայրը եկել, հասել է իր բերդը։ Մի օր գավառի՝ ծիծաղ գործի պարզություն սիրողներն ասել են. «Դժվար աղավնին սուրբ լինի, թագավորական տներում միշտ էլ սովորեցրած փոստատար աղավնիներ են եղել,– ասել են,– թագավորահայրը սուրբ է ձևանում»։ Գավառի ամենալավ աղավնի խաղացնողին են հետները վերցրել, իրենք կանգնել են ձորի մյուս ափին, սպասել են Տիրանին։ Տիրանը՝ գետնի վրայով, աղավնին՝ օդով, գնացել են գերեզմանոց։ Աղավնի հմայողը ձորի մյուս ափից ծոցից աղավնի է հանել ու շպրտել երկինք։ Օդ բարձրացած աղավնին խաղացել, խաղացել է ու հրապուրել, իր հետևից տարել է սուրբ աղավնուն։ Տիրան թագավորահայրն էլ, թելից բռնած, գնացել է ձորի վրայով, քայլել անդունդի միջով: Հավաքվածներն այնքան են նայել արևոտ երկնքին ու թելից կախված, քանի գնացող ու փոքրացող թագավորահորը, որ աչքերը արցունքոտվել են։ Իսկ երկինքն Աստծունն էր:
Դեպքի պատահարից հետո խոսողներ եղան, թե. «Թագավորները կենդանության ժամանակ երկնքի հետ կապված հարցեր են հոգում, քանի որ հակումներ ունեն մահվանից հետո սուրբ հայտարարվելու»։ Նաև ասողներ եղան. «Ի՞նչ է, չե՞ք հիշում, Գնելի սպանության օրը Վիշապ քամին անցավ երկրով՝ կամ հրել, ձորն է գցել, կամ էլ հետն է տարել Տիրանին»: Ավելի պարզություն սիրողներն ասին. «Թոռան մահվան կսկծին չդիմանալու ինքնասպանություն էր դա»։ Երբ կաթողիկոսին պատմել են աղավնու հետ կապված դեպքը, ասել է. «Բա որ ասում էի, թե նրա հետ թրև եկող աղավնին սուրբ չէ, սուրբ աղավնին կսիրահարվի՞»:

Մի օր շեփոր են հնչեցրել, արքունական թիկնազորը ճանապարհ են հանել։ Թագավորն ու շքախումբը գնացել, հասել են Անգեղատան գավառ։ Արշակ արքան Տիրանի առաջ ծունկ է իջել՝ որպես երբեմնի թագավորի, ապա ձեռն է համբուրել՝ որպես որդի, ասել է. «Հայր, երկիրը դժվար դրության մեջ է, Պարսից աշխարհը պատերազմի է պատրաստվում»։ Տիրանն ասել է. «Գիտեմ, արքա, բայց ես կույր եմ, ավելի լավ կլինի՝ դու ինքդ գտնես ճանապարհը»։ «Ճանապարհը զենքն է ու ոսկին, ելքը՝ միաբանությունը»: «Իմ թագավորության ժամանակ փորձվեցին այդ միջոցները, դու նոր ուղի գտիր»: «Երկրի միաբանությունը խախտված է, իշխանները բաժանվել են երկու թևերի՝ հունասեր են ու պարսկամետ։ Եկեղեցին խառնվում է պետական գործերին, մեր երկրի ամբողջ տարածքում թափով բացվում են հունական, պարսկական ու ասորական դպրոցներ։ Կռվելու համար հզոր ու կուռ թագավորություն է պետք»։ «Արշակ արքա, երբեք որևէ պետություն, առանց իր թագավորների փորձը հաշվի առնելու, ո՛չ հզորանում է, ո՛չ էլ միաբանվում։ Հաշվի առ իմ սխալներն ու քաղաքականություն վարիր, պտտեցրու քաղաքականությունդ, քաղաքականության մեջ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ դադար կա։ Պտտվիր, պտտվիր երկու հարևաններիդ մեջ, կարողացիր, թող բզկտեն իրար: Կարողացիր, թող նրանց օգուտներն ու վնասները ծանրանան մեկը մյուսի վրա, և քո իշխաններն ու նախարարները դավանելու բան չեն ունենա: Արշակ թագավոր, անընդհատ դիմացն ունենալով երկու մրցակից պետություններ՝ մի ամբողջ կյանք խուճապի պես ապրել է նշանակում, հասկացիր այդ ու ժամանակի մեջ գտիր, ճանաչիր նրանց ու տեսնելով՝ մշտապես մոռացիր նրանց սարսափազդու, հզոր գոյությունը, որպեսզի թագավորությունդ ամրապնդվի, կռիվը վերջ չպիտի ունենա քեզ համար, քանի որ նվազ ես, քիչ ու թշնամու համար հրապուրիչ խայծ ես։ Իսկ քիչը, նվազը իր հրապույրը պահելու, չկորցնելու և պայքարից նորից ու կրկին վերածնվելու այլ տարբերակ չունի, քան ճակատամարտերն են»։ Արշակ արքան ասել է. «Պետությունը հզորացնելու համար լավ զենք ու զորք է պետք, անընդհատ չդադարող պատերազմներ մղելու համար՝ սահմանամերձ տարածքներում՝ բերդեր ու մարտունակ կռվողներ, իսկ մեր ոսկու հանքերը տարիներ շարունակ թալանվել են ու աղքատացել: Պիտի գտնենք եկեղեցու թաքցրած գանձարանը»: Տիրանն ասաց. «Գիտես, չէ՞, Ներսեսն ասում է՝ եկեղեցին և պետությունը քույրեր են»։ Տիրանի շուրթերը ձգվեցին, Արշակը նրա ժպիտի միջով տեսավ հարվածներից ջարդոտված, ատամնաթափ բերանը, ու մեջքը կուզացավ։ Ասաց. «Արշակ թագավոր, սակայն ես մտածում եմ՝ երկիրը կրոնից բարձր է, քանի որ երկիրը կարող է առողջ հավատք պահել, իսկ մեր ազգի նոր կրոնը՝ Գալիլիացի տղայի աշխարհին առաքած սիրով մեր նման փոքր տերությանը չի կարող պահել: Տրդատ թագավորի խեղկատակությունը թող քեզ, նաև այդ կրոնի սեր ասածի հակառակ ապացույցը լինի, որ իմանաս, թե որ դեպքում է կրոնին չլսող թագավորներին խոզի ականջներ աճում»։ Նրանք լռում էին, հետո Արշակն ասաց. «Պարսիկները սպառազինվում են։ Հյուսիսային ցեղերին՝ սարակինոսներին ու խիտիոններին, վարձել են գիշերային հանկարծահաս հարձակումների համար։ Հոները խոստացել են մեզ զենք վաճառել, գանձարանն աղքատ է, մեր գանձարանը ոչ թե աղքատ է, քամին է սուլում: Ներսեսն ասում է՝ սպասենք, տեսնենք Հռոմը ինչ կասի, Հռոմը մեզ դավանակից է, չի կարող պատահի՝ Հռոմը իր խոսքը չասի, ժողովուրդը հավատում է նրան։ Նա ասում է՝ գանձեր չկան, ժողովուրդն էլ ասում է՝ չկա։ Ասում է՝ եղածն էլ պիտի պահենք նեղ օրվա համար, ժողովուրդն ասում է՝ պահենք։ Ես ուզում եմ, որ նրանք գան իմ հետևից, ժողովուրդը պիտի ինձ տեսնի ու գա իմ հետևից։ Գանձարանը պիտի գտնենք ու ստեղծենք ժամանակակից պատերազմների համար մեր հզոր այրուձին, այլապես մենք շատ ենք հետ մնում մեր հարևաններից: Իսկ պիտի գիտենալ, թե հիմա Հռոմում ինչ է կատարվում։ Օր օրի հզորանում է ու հաղթում, հարստանում է՝ աշխարհներ կողոպտելով, շատ երկրներ ստրկության քշելով և իրեն ծառայեցնելով»։ «Արշա՜կ թագավոր, իմ ժամանակին տասը տարի զբաղվեցի ոսկու որոնման հարցերով: Գաղտնարանը չգտանք, ու ավելի վատթարացան եկեղեցու և պետության հարաբերությունները: Հիմա արդեն ինձ թվում է՝ հիշատակաց դպրությունում նշվող եկեղեցու պահած գանձերի մասին վկայությունը հնարանք է, հետ կանգնիր այդ մտադրությունից»։ «Արտաքին ուժերին դիմակայելու համար ժամանակին նախարարների սրի քաշեցիր, իշխաններ փախստական դարձրիր, չվախեցար՝ Դանիել եպիսկոպոսին չվանելով խեղդեցիր։ Հայր, պատերազմն արծվի արագությամբ է մոտենում, նրա հարվածի թափը թուլացնելու համար մազքութների առաջ Ճորա պահակը բացել է պետք, իսկ այդ դուռը միայն ոսկով է բացվում։ Հարյուր տարի էլ չի անցել, իսկ քրմերի մեջ դեռևս մարդիկ կան, որ պնդում են հեթանոս տաճարներից եկեղեցու կողմից բռնագրավված գանձերի մասին, որ իրենց աչքով են տեսել: Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, որ միայն Անահիտ աստվածուհու ոսկե միաձույլ արձանը չորս կանգուն բարձրություն ուներ»: Երկար լռություն է եղել, միայն ջարդվող նշի կեղևի ճտճտոցն էր լսվել։ Հետո Արշակը նշով սկուտեղը հրել է մի կողմ։ Տիրան թագավորահայրն ասել է. «Ճորա դուռը բացելը ու մազքութները լավ միտք է ու հանդուգն,– ասել է,– տես, թագավո՛ր, այդ գործում սխալվելն էլ այնքան դժվար չէ»: Էլի են լռել, այդ պահին մայրապետը ներս է մտել, ասել է. «Մե՛ծ արքա, հայոց մեծաց Արշակ, ներող եղիր, բայց ես չեմ կարող չասել՝ օր ծերության այս կույր մարդը ինչո՞վ է ապրելու,– ասել է,– Տիրան թագավոր, նրա հետ եկած արքունի մարդիկ քո Անգեղ տան հարստությունը հափշտակեցին, արդեն ջորիներն են բարձել»։ Արշակը Տիրանին ասել է. «Մենք տեղեկություն ունենք, որ Աղիհովիտ ոստանում՝ Գնելի հարսանիքին չնայած դու չես մասնակցել, բայց փեսան՝ երկու սպիտակ ջորիներ լծած, արքունական զինանշանով, քո կառքով է գնացել եկեղեցի։ Գավառից գավառ լսվող շեփորահարությունը և դաստակերտի պարտեզում կեցցեներ աղաղակողների ամբողջ վարձը և հարսանքավորների գլխին ոսկեդրամներ շաղ տալը քո միջոցներից է կատարվել: Ջորիները բարձելու գործին այդքան էլ հուսահատական չպիտի վերաբերվել, ի՞նչ կա որ, երկիրը վերահաս պատերազմի առաջ է կանգնած, իսկ իմ եղբորորդի թագաժառանգները տերությունը կուսակցությունների են բաժանում։ Ես ի՞նչ պիտի անեմ, ես ստիպված անում եմ այն, ինչ դիպվածն է թելադրում»: Տիրանը լռում էր, Արշակ արքան ասաց. «Ինձ համար այդքան էլ դյուրին չէ, թագավորահայր, ես ստիպված անում եմ այն, ինչ դիպվածն է թելադրում»: Տիրանը սրբեց ճակատին շարված քրտնքի կաթիլները, ասաց. «Արշակ թագավոր, քո մտածածը գուշակելը դժվար չէ, ես գուշակում եմ քո մտածածը, դու խաղաղվիր, արքա, ու թող անվտանգ լինի Գնելը, իմացիր նաև՝ խաղաղ կլինեն ինձ կողմնակից նախարարները,– ասել է,– չգիտեմ, չեմ հասկանում, թե բան դուրս կգա, բայց թող փորձվի: Աշտիշատի եկեղեցում Աբդիշո անունով մի քահանա կա, թող նրա մոտ իմ անունից մարդ գնա, գուցե նա մի բան հուշի։ Այսքան տարիներ են անցել, հնարավոր է՝ գանձարանի հետքը գտած լինի։ Նա իմ թագավորության ժամանակ արքունի հիշատակաց դպիրն էր: Ինքն էր մատյաններից իմացել գանձարանի մասին: Ինքն էլ դեռ այն ժամանակ իր թեկնածությունն առաջարկեց՝ գնալու Աշտիշատ՝ իբրև հոգևոր ծառայության»: Հետո աղ են բերել։ Տիրան թագավորը առյուծագիր մատանիով աղն է կնքել։ Նրա մատների ծալվող խաղերի վրա Արշակը հարվածներից նոր լավացող վերքերի կապտուկներն է տեսել ու ատամնաթափ բերանի ժպիտը, կծկվել է Արշակ թագավորը՝ մեջքը կլորացել, սապատվել է: Տիրանը աղի վրա պինդ սեղմել է մատանին, ասել է. «Սա էլ Աբդիշո քահանային հավատարմության նշան,– ասել է,– չգիտեմ՝ տեղյա՞կ ես, Արշակ թագավոր, բայց պիտի իմանաս, որ Հայր Մարդպետը գիտե խորհուրդ տալ, իմ բռնած դիրքը միշտ եղել է նրա քաղաքականությունը։ Անհրաժեշտության դեպքում չի ներել ո՛չ հունասերներին, ո՛չ էլ՝ պարսկամետներին: Հիմա միայնակ կմնա ու կգիտակցի իր պաշտոնի ձևական լինելը: Դա վտանգավոր է, նրան չի կարելի միայնակ թողնել: Քեզ Հայր Մարդպետը պետք չէ, խաղաղեցրու նախարարներին, նրանց հուզմունքը չի հանդարտվում: Իմ երդումը Հայր Մարդպետին, որ մինչև օր ծերության կապրի, քեզ չի պարտավորեցնում: Նախարարներն ու ազնվականությունը սպասում են, արա քո իմացածի պես: Եվ քո երդման համաձայն՝ թող անվտանգ լինի Գնելը»:
Թագավորահորը տեսության գնացած արքունական շքախումբը վերադարձել էր Անգեղա գավառից, ու այդ օրը երեկոյան արքունի սյունազարդ դահլիճում խորհրդակցություն է կայացել: Այդ նույն օրը, թագավորի դատից փախած, Տարոնի տաճարի ողջակեզի սեղանի եղջյուրներից բռնելու գնացած Հայր Մարդպետը մայրաքաղաք է վերադարձվել ոտաբոբիկ, Ողյումպ քրմից ստացած Արշակ արքայի սպիտակ թաշկինակը գոտին խրած՝ որպես ապրելու նշան, մտել է արքունիք՝ թագավորին երկրպագելու: Գահի նկատմամբ ևս մի անգամ իր հավատարմությունը ապացուցելու համար՝ ասել է. «Թագավո՛ր, շնորհ արա, մի հանձնարարություն տուր»: Նա գետնատարած համբուրել է Արշակ թագավորի բրոնզափայլ սանդալները, ասել է. «Տե՛ր, ինձ ուղարկեք, ես կգնամ Աշտիշատի եկեղեցի: Տիրան թագավորահոր Աբդիշո դպիրին ձեր մեջ եղողներից ոչ մեկը չի ճանաչում ինձանից բացի»: Արշակ թագավորն ասել է. «Գնա՛»: Թագավորական խորհրդի ավագանին էլ Հայր Մարդպետի գնալուն հավանություն է տվել: Թագավորական խորհուրդն ասել է. «Գնա՛, իբրև թե քո տիրույթներն ես շրջում, քո տիրույթները սահմանակից են Աշտիշատի եկեղեցուն, տես Աբդիշո դպիրին և իմացիր գաղտնիքը»:
Հայր Մարդպետը գնաց Աշտիշատի եկեղեցի, սակայն վերադարձի ժամանակ սպանվեց եղերական մահով, ու հայոց արքունիքն ու աշխարհը երեք օր սգաց թագավորության առաջին մարդու կորուստը: Արշակ արքայի հրամանով հազարապետ Վրիվ Գնունին մի քանի գունդ է կազմել, զորապետ Գորութին առաջնորդ է կարգել, ուղարկել է Տարոնի գավառ՝ զորավարժություններ անցկացնելու և ստուգելու հոգևորականների տեղափոխած բեռները: Զորապետն իրեն ենթակա գնդերը թողել է գավառի մանր ու մեծ ճանապարհները հսկելու, կասկածելի տեղաշարժերը տեսնելու, ինքը բարձրացել է Աշտիշատի եկեղեցի՝ քահանա Աբդիշոյին որոնելու: Եկեղեցու հրապարակում ծանոթացել ու զրուցել է ստվերում նստած վանականների հետ: Նրանք փոքրիկ հրեշտակներ, գդալ ու շերեփներ էին տաշում՝ Սուրբ վկայարանները ուխտի և ամեն ամսվա վերջ բուժարանի վարձքը բերած հիվանդատերերին վաճառելու համար: Նրանք տաշում էին, իսկ ինքը, նրանց կողքին նստած, խոսում էր իրեն ծանոթ Աբդիշո քահանայի մասին: Ասացին. «Զորապե՛տ, կարգալույծ է արված Աբդիշո քահանան ընկնավորության պատճառով, եկեղեցական խորհուրդը այդպես է որոշել, ու արդեն չորս-հինգ օր է՝ բուժարանի խնամքի տակ է, նրան տեսնելն այդքան էլ դյուրին չէ»: Քանի որ Ներսես կաթողիկոսն էլ Աշտիշատում էր, զորապետ Գորութը գնացել է նրա կացարանը՝ Աբդիշո քահանային որոնելու և գտնելու համար, արքունական տնից ստացած իր արտոնագիրն է ցույց տվել ու կաթողիկոսից նրան բուժարան այցելելու թույլտվություն է վերցրել: Բուժարանում, երբ տեսել է մահակներով կանգնած հոգևորականներին ու գլխի գագաթի մազերը թափված հիվանդներին, զարմացել է: Նրան բուժարանի տարածքում ուղեկցող կարգված երեցն ասել է. «Մահակը հանգստացնելու համար է, եթե Աստծու մարդկանց ծնրադիր աղոթքը չի օգնում ցավագար, պատերը ճանկռտող հիվանդներին, ապա նրանց խնամող հոգևորականը մոտենում է թիկունքից ու հարվածում գլխին, որը շատ կարճ ակնթարթի մեջ է կատարվում, աղոթքի պես զորավոր ազդեցությամբ ու անզգա՝ հատակին փռված հիվանդը մի քանի ժամով ազատված է լինում դևերի հալածանքից»:
Վանդակից վանդակ Գորութ զորապետը Աբդիշո քահանային որոնելիս բուժարանի հեռավոր խորշերից մեկում տեսավ մահակի հաճախակի հարվածից գագաթների մազը թափված, սև կակաչի դառնահամ հյութը օգտագործելուց խելահեղության և հյուծախտի հասած հիվանդների, որոնք եթերային անուրջներ ունեին և բուժարանի վերակացուին ասում էին, որ բոլոր կանայք գիշերները կարապներ են դառնում: Ավելի խորքի կացարաններում, իրենց թագավորներ, զորավարներ ու կաթողիկոսներ հռչակածների մեջ, Աբդիշո քահանային տեսավ: Իրեն ուղեկցող նշանակված երեցի հսկողությունից դուրս մնալու համար՝ պատճառ գտած նրան ուղարկեց ախոռ՝ ձիու թամբի վրա մոռացած քսակը բերելու, հիվանդներին ողորմություն բաժանելու համար: Զորապետ Գորութը ճաղերի արանքից Աբդիշո քահանայի ձեռքերն է սեղմել ու ափի մեջ պահած, Տիրան թագավորից բերած առյուծակնիք աղն է ցույց տվել: Քահանայի տանջահար աչքերին է նայել, ասել է. «Մինչև կեսօր դիմացիր, այստեղից դուրս կգաս, ես գնում եմ կաթողիկոսի հետ այդ հարցերը կարգավորելու»: Եկել, զորապետին զեկուցել էին, որ ճաշը պատրաստ է, կաթողիկոս Ներսեսը նրա պատվին ճաշի սեղան է բացել: Բայց նրանք դեռ սեղանի շուրջը նստած՝ աղմուկ է բարձրացել: Եկել, Ներսես հայրապետին զեկուցել են, որ Աբդիշո քահանան է մահացել, մահակը սպանել է նրան: Բոլորը փութով բուժարան են գնացել: Հիվանդանոցի վերակացու Վաչեն զորապետ Գորութին տեղեկացրել է, թե. «Դժբախտ քահանայի մահվան համար այդքան էլ խռովահույզ լինել պետք չէ, հիվանդությունն էր այդպիսին: Մահակը պետք եկածից մի քիչ ամուր է կպել, ու Աստծու մարդը ուղեղի կաթված է ստացել»: Աբդիշո քահանայի ականջներից ու քթից շիթ տված արյունը մաքրեցին: Հոգեհանգստի համար եկեղեցու կոչնակները թաթերով խփեցին ու ժամերգություն անցկացրին: Երբ խաղաղվել են ու բոլորը հանգստացել, զորապետ Գորութը Աշտիշատի եկեղեցին խուզարկության է ենթարկել ու քահանաներին հարցաքննել: Իսկ Աբդիշո քահանայի գլուխը ճաքեցնող խնամակալ երեցին, կատարած հանցագործության դիտավորությունը խոստովանել տալու համար, երեք օր ժամանակ է տվել: Նրան խոստացել, ասել է. «Ղևո՛նդ քահանա, խոստանում եմ երեք օր հետո քեզ եկեղեցու հրապարակում կախել»: Սուրհանդակ է ուղարկել՝ գավառի ճամփեքին զորավարժություններ անցկացնող իր զորագնդին անհապաղ կանչելու: Ինքը վրան է խփել եկեղեցու պարիսպներից դուրս, սպասել գնդերի գալստյան ու երեք օրվա ժամկետի լրանալուն: Ներսես եպիսկոպոսը բողոքել է, նրան մեղադրել է հոգևորականության դեմ կազմակերպած բռնությունների համար: Լրատարի միջոցով բողոք նամակ է ուղարկել արքունիք՝ թագավորին: Երրորդ օրը Գորութ զորապետին սպասարկող անձնակազմը լացուկոծ է բարձրացրել: Սուրհանդակներ են ուղարկել արքունիք, թե՝ «Քնած տեղը զորապետը մահացել է: Գիշերը կարիճը խայթել է նրան»:
Դրաստամատը Արշակ թագավորին ասել է. «Արքա՛, ինձ զարմացնում է կարիճը: Վստահորեն կարող եմ ասել, որ եթե այս դեպքը չպատահեր զորապետի հետ, նա կգտներ գաղտնարանը»: Արշակ արքան լռում էր: Դրաստամատն ասել էր. «Մեր աշխարհում շատ քչերը կգտնվեն, որ կարողանան օգտագործել այդ զենքը: Հեթանոս աշխարհում կարիճը քներակի վրա օգտագործելը մեծագույն արվեստ էր համարվում: Ինձ վախեցնում են իրար հաջորդող դեպքերը: Կարիճը կարող է մի օր մայրաքաղաքում հայտնվել»: Մատռվակ տղան գինի էր բերել, թագավորի լռությունը թախծոտ էր. գինի էին խմում: «Զորագնդերը չպիտի հանել Տարոնի գավառից: Դրաստամա՛տ, լրտեսներին նույնպես հրահանգավորեք՝ Աշտիշատի եկեղեցու բոլոր հոգևորականներին, անկախ նրանց աստիճանից, ամենքին հետամուտ լինեն»: «Կկատարվի, արքա»,– ասել է նա:
Իսկ Աշտիշատի եկեղեցուց դեպքի վայր փութով եկած հոգևորականներն ու բուժարանի վերակացու տեր Վաչեն լացուկոծ անող, արյունակոխ աչքերով զորապետ Գորութի ծառաներին և լանջպանները ծեծող գնդերի հրամանատարներին բացատրել են, թե. «Զորապետի ակնթարթային մահվան վրա այդքան էլ զարմանալ ու մոլորության մեջ ընկնել պետք չէ, քանի որ կարիճը խայթոցը քներակի վրա է դրել»,– տեր Վաչեն ասել է. «Տեղանքն է այդպիսին: Նույնատիպ մահացու դեպքեր էլի են պատահել: Մենք որ զորապետին այդքան թախանձագին խնդրում, աղաչում էինք, թե վրանում մի գիշերի, ձեր կարծիքով, ինչի՞ համար էր»: Գնդերի հրամանատարները նրան չեն ցանկացել լսել. գավառի ճանապարհներին զինավարժություններ անցկացնող զորագնդերը բերել են, Աշտիշատի եկեղեցին ու հոգևորականներին շուրջկալի մեջ են վերցրել: Եկեղեցու տիրույթներում ելք ու մուտքը արգելել են անխտիր բոլորի համար: Որոշողը արքունի խոսքը պիտի լիներ: Զորագունդը, պատրաստ բոլոր կարգի հրամաններին, սպասում էր թագավորի խոսքին:
Թագավորի հրամանը չուշացավ, գրել էր. «…Խաղաղություն թող լինի, Ներսես կաթողիկոս, խաղաղություն…»: Աշտիշատը շուրջկալի մեջ վերցրած զորագնդին գրել էր. «Զսպեք ձեր ցասումը, երկրին ու գահին հավատարիմ զորապետին բերեք իր գավառը ու արքունի պատիվներով թաղեք: Ձեզ հետ միասին մենք ու ամբողջ մեր երկիրն է երեք օր սգալու: Խոսքս ձեզ էլ հասանելի՝ խաղաղություն թող լինի…»: Ներսեսին գրել էր. «Մենք ավելի կարևոր գործեր ունենք: Երկրի ճանաչված և աստիճանով արժանի մարդը դու ես, որ գնաս Բյուզանդիա՝ Հունաց աշխարհի հետ արդեն ժամկետը լրացած խաղաղության, միաբանության և առևտրական ու ապրանքափոխանակության դաշնագիրը վերանորոգելու: Կաթողիկո՛ս, խաղաղությամբ վերադարձիր մայրաքաղաք, որ այստեղ քեզ սպասող մեծապատիվ տասը դեսպան սատրապների հետ գնաս քո առաքելությամբ…»:
Այս դեպքից հետո էր, որ Ներսես կաթողիկոսը գնաց Հռոմ: Նաև մասնակցեց Անկյուրայի հունաց Պոնեմոս, հայոց Քաղոց ամսի տասնութին կայացած դավանաբանական տիեզերաժողովին: Բյուզանդական կայսերը մեղադրեց արիանոսության աղանդին հարելու մեջ, այդ պատճառով որդու վայրի տանձով հեղձամահ լինելու համար, Աստծու աններողամտությունը ապացուցեց: Եվ տիեզերաժողովում էլ ներողամիտ չէր, ասաց ու իր ասածին մնաց, համաժողովի կողմից դավանաբանական հարցերում որպես աղանդավոր ճանաչվեց: Կոստանդիոս կայսրն էլ չուշացրեց, նրան մեղավոր ճանաչեց ու նույն տեսակետը ունեցող եկեղեցու ինը այլ հայրերի հետ աքսորեց այն կղզին, որտեղ ուտելու նույնիսկ արմտիք չկար, սակայն ինը կաթողիկոսների՝ Աստծու առաջ ծնրադիր աղոթքներից ու ալելուիաներ երգելուց հետո ծովն ամեն անգամ, նրանց համար հանապազօր կերակուր՝ ձուկ էր նետում ափ, և այդպես շարունակ տարիներ՝ մինչև Կոստանդիոս կայսեր մահը և մինչև հայրապետ Ներսեսի հայոց աշխարհ վերադառնալու օրը: Դարձյալ այդ օրերին էր, որ նրա տեղապահ Խադ եպիսկոպոսը գավառների բնակչության առաջ ճառ էր արտասանել, թե. «Ներսես հայրապետի կալանքի պատճառը Արշակ թագավորն է»: Գավառները ոտքի էր հանել ու Հռոմի դեմ պատերազմ էր պահանջում: Կամավորներին բորոտանոցների ու անկելանոցների մահճակալներից հանել և ուղարկել էր մայրաքաղաք՝ արքունի հրապարակ, ասել էր. «Ձեր բարերարին աքսորել են, թագավորը չէ, գոնե դուք տեր կանգնեք, թագավորը գիտե՝ ինչի համար են աքսորել, դուք նրանցից պահանջեք ձեր առաջնորդի աքսորի գինը»,– ասել էր. «Մի փորձեք հիշել Աշտիշատի համաժողովի երրորդ կետը, որ ձեզ համար մեծ դժվարություններով հաստատեց մեր Հայրապետը: Միայն նա էր մեր ամբողջ աշխարհին պատվիրում՝ սկսած թագավորից ու մեծամեծերից, որոնք իշխանություն ունեին ձեզ վրա, լինել մեղմ ու անհիշաչար, գութ ունենալ ձեզ նման ծառաների նկատմամբ, ներել ձեզ պես փոքրերին ու ձեր պարտքերը և անիմաստ ու տարապայման հարկերով չափից դուրս չնեղել ձեզ, ուստի ժամանակն է, որ հիմա էլ դուք հիշեք ու ոտքի կանգնեք ձեր բարերարի համար,– ասել էր,– ձեր պահանջները մեր Հայրապետի համար ճշմարիտ են, ձեր զայրույթի աղաղակը լսելի է ամենուր, բայց անտերունչ: Իմ մեղադրանքներն ու հանդիմանություններն էլ արքունի տունը ձեր աչքին անարժեք դարձնելու համար՝ ինձ փոխարինաբար մեղադրում է պճնասիրության մեջ: Ահա այս պահից, ձեր աչքի առաջ Ներսես հայրապետի համար ես խոր սուգ եմ մտնում, ակնազարդ զգեստների փոխարեն մազեղեն եմ հագնում, իսկ սպիտակ նժույգի տեղակ ճերմակ ավանակով կշրջեմ մինչև ի մահ»: Միանգամից հայր Շաղիտան, Եպիփանը, Եփրեմը և Գինդը՝ Սլկունյաց ցեղից, նրան մազեղեն հագցրին ու դրին սպիտակ էշին: Արծաթե կոնքերից բռերով մոխիր վերցրին ու շաղ տվեցին գլխին ու մորուքին: Նա դարձյալ խոսեց, ասաց. «Ձեր պահանջների մեջ դուք ճշմարիտ եք, չհրաժարվեք ձեր ցանկացածից ու ոտքի կանգնեք»:
Այդ օրերին էր, որ արքունի հանձնարարությամբ Աշտիշատի եկեղեցի, Աբդիշո քահանային որոնելու գնացած Հայր Մարդպետը վերադարձի ճանապարհին թիկնահար նետից սպանվել էր Խոռխոռունիք գավառում, հետո էլ Շավասպի դին էին գտել բյուզանդական սահմանի վրա՝ Հայաստանից փախչելու պահին նետահարված: Լսողները հավատում էին, ազնվականությունը պատմելիս անթաքույց ցնծությամբ ասում էր. «Իսկ ինչո՞ւ ոչ, մարդը բա ի՞նչ պիտի աներ: Հայր Մարդպետը չէ՞ր, որ Տիրանի թագավորութան ժամանակ նրա ամբողջ տոհմը կոտորել տվեց: Շավասպը իր արյան մեծ վրեժն է լուծել: Միայն թե, ափսոս, որ չի հասցրել Բյուզանդիա անցնել»:
Խոսողների հետ համաձայն չէր Մերուժան Արծրունին: Նրա այրուձին եռում էր: Սուրը պատյանից չէր հանել, բայց արձակ էր թողել սանձերը ու ձիերի սմբակների տակ վարում էր նախարարների ցորենի դաշտերն ու բանջարանոցները, նույնիսկ մի քանի տեղ մտել էին արքունական ոստանը:
Լուր էին բերել թագավորին, որ Մերուժան Արծրունու նման վճռական ու գործնական մարդու և Խադ եպիսկոպոսի միջև տեղի է ունեցել միաբան գործելու վերաբերյալ պայմանավորված հանդիպում:
Այդ ժամանակ էր, որ Արշակ թագավորը հրաման տվեց Վասակ զորավարին՝ զորքը կենտրոնացնել մայրաքաղաքում և սպասել հրամանի: Իսկ Մերուժան Արծրունուն երեք նամակ էր ուղարկել. «Վերջ տուր արտերը տրորելուն…»: Նա վերջ էր տվել: Թագավորը երկրորդ անգամ էր նամակ գրել. «Վերջ տուր այրուձին թիկունքդ գցած՝ թրև գալուն…»: Վերջ էր տվել: Երրորդ անգամ գրել էր.
«Խաղաղվիր և արձակիր այրուձին իրենց տները…»: Արձակել էր:
Այդ ժամանակ էր, որ երկնքում արևի պայծառությունը չքացավ, գնդի լույսը արծաթի նման դարձավ և չուներ ճառագայթներ, գետնատարած գանգուր մառախուղ իջավ:
Այդ ժամանակ էր, որ մայրաքաղաքում եկող-կուտակվող, պատերազմ պահանջող, քաղաքը թալանի տվող, ծայրամասային թաղամասերում արդեն արյունալի կռիվներ տվող, զենքը գործածող քաղաք ներխուժած ամբոխից սարսափած՝ ազնվական տները, ունեցվածքը սայլին կապած, քարավաններով ծածուկ հեռանում էին թագավորից ու մայրաքաղաքից:
Այդ ժամանակ էր, որ թագավորի հրամանով բացվեցին արքունական ցորենի շտեմարանները: Գյուղերից եկածներին ասացին. «Ով ինչքան ցանկանում է, թող վերցնի ու գնա իր գյուղը»: Այդ օրերին իրար պատմում ու խոսում էին, թե մայրաքաղաքում երեք վհուկներ են թափառում:
Դարձյալ այդ ժամանակ էր, որ թագավորի հրամանով հրկիզվեցին ցորենի դատարկ շտեմարանները, ու լուրեր տարածվեցին, թե այնտեղ մայրաքաղաք ժամանած շատ խռովարարներ են վառվել: Ու արքունի մարդիկ հրդեհի կարմիր լույսի տակ վառվող պարկեր էին տանում ու բերում՝ պատրանք ստեղծելով, թե հրդեհի զոհերին են այնտեղից հանում: Ահաբեկված խռովարարները թողեցին մայրաքաղաքն ու գնացին: Մնացողների համար ասվեց՝ մի քանի ախտավոր հիվանդներ որսացին փողոցներից, նրանց ուռուցքավոր մաշկի վրա ճերմակած մազերը ցույց տվեցին, ասացին. «Ահա նրանք՝ բորոտները, Ծաղկոց դարպասով լցվել են մայրաքաղաք ու արդեն ամբողջ թաղամասեր են վարակված»: Եվ քաղաքի մուտքի ու ելքի չորս դարպասներն էլ փակեցին թագավորի հրամանով: Խռովարարների առաջնորդները հանկարծ զգացին, որ մայրաքաղաքի չորս դարպասներն էլ փակվեցին իրենց վրա, և իրենք շրջափակման մեջ են ու միանգամից հասկացան իրենց սպառնացող ահավոր վտանգը: Հետո խճապակե դռները բացվեցին, թագավորը արքունական պատշգամբից հրապարակում հավաքվածներին ասաց. «Հա, թող Ներսես կաթողիկոսի համար պատերազմ լինի,– ասաց,– բյուզանդական Գամիրքին՝ իր շրջաններով զարկենք ու ավերենք ձեր ասածի պես, ձեր ասածի նման»:
Այդ ժամանակ էր, որ թագավորի սուրհանդակը հասավ Ատրպատական՝ Վասակ զորավարի մոտ: Նա էլ սահմանապահ զորքը հապշտապ հանեց Պարսից երկրի սահմանամերձ գոտիներից, սպառազինեց Լազիկայից ու Հոնաց աշխարհից բերված պահեստավորված զենքերով և վայրկյան վայրկյանի հետ զորքը հասցրեց մայրաքաղաք, արքունական տան հրապարակը ու քրտնաթոր այրուձին կանգնեցրեց թագավորի ելույթին ու ճառին չհավատացող, արդեն առաջացող խռովարարների դիմաց ու աքաղաղներ էր պահանջել, որ աքլորականչի հետ սկսի պատերազմը Բյուզանդիայի դեմ:
Այդ ժամանակ էր, որ Դրաստամատը հաշվարկեց ու առաջին անգամ տեսավ Արեգակի, Լուսնի և Արշակ թագավորի եռյակ աններդաշնակությունը տիեզերքի կառուցվածքի մեջ: Քանի որ Հրատը հակադիր տեսքով գտնվում էր Արեգակին ընդդեմ, Կարիճ կենդանակերպի մեջ էր և լուսնի քսանութերորդ աստիճանում հասել էր իր բարձրագահությանը՝ երկնքի երրորդ տանն էր, ու Լուսինը չարատու Երևակ և Հրատ աստղերի հետ լուսնային չորս ժամ պիտի տանջանքների ենթարկեր Արշակ արքային: Դրաստամատը տեսավ թագավորի կապույտ, սևացած մարմինը, զգաց նրա քներակի թույլ, քանի գնացող թելանման դարձող զարկերը, տեսավ ճակատին մահառաջի դալկությունը ու շատ ազդու առավ նրա հանգչող մարմնի տագնապ արձակող բուրմունքը: Գավառներից մայրաքաղաք լցված խռովարարների դեմ մաքառման, տասնհինգ անքուն գիշերների ընթացքում աչքերին չոքած մշուշը ցրելու համար՝ Արշակ թագավորը տեսավ իր երակից փղոսկրե փողորակով թողնված, քլթքլթացող, սև, ծանր ու թունավոր արյունը, հետո տեսավ իր քթարմատն ու ճակատը տրորող Դրաստամատի տագնապալի աչքերը, տեսավ իր գահավորակի կողքին կանգնած, իրեն դիտող հարալեզ շանը, նրան գաղտնիք բացվեց, մեծ խորհուրդ էր, որը խոսքի սահմանից դուրս է ու միանգամից չի ասվում, չնայած հասցրեց, հրե փայլատակումից որսաց չորս խոսք. հողագունդը կարող է լինել երկինք: Այդ բառերով նա հանկարծ զգաց իր պառկած մարմնի ներկան, հետո տեսավ արևն ու աշխարհը:
Իսկ Վասակ զորավարը հասել էր բյուզանդական Գամիրք սահմանագլխին, կազմ ու պատրաստ ճամբար էր դրել, ու հետախույզների միջոցով հետևել էր Խադ եպիսկոպոսի և Մերուժան Արծրունու տեղաշարժերին ու թագավորի հրամանին էր սպասել: Այդ ընթացքում Արշակ արքան հակառակորդների հետ բանակցություններ էր վարել, մեկին իշխանություն ու աստիճանաբարձ էր շնորհել, մյուսին՝ արքունի տան սեղանի ճաշկերույթին էր հրավիրել, էն մյուսի ոստանն էր բռնագրավել: Հազարապետ Գնունի Վրիվն էլ՝ պատժիչ գնդերը վերցրած, անհնազանդներից շատերին սև նոխազներ էր ուղարկել, սեռահատել ու բնաջինջ էր արել: Մինչև որ վեց ամիսը լրացել, խաղաղությունը երկրի ներսում կատարյալ էր դարձել, ու Վասակ զորավարը՝ ուղտերի ոտնաթաթերը բուժած, ջրի տիկերը կպցրած, զրահաօղերի փախած հատերը կապած՝ ցորենի հունձքի երրորդ֊չորրորդ, Մանի֊Ասակ օրերին մայրաքաղաք էր վերադարձել:

Երբ դեռ Տիրանն էր Հայոց աշխարհի թագավոր, երբ դեռ հաջող ու հաղթական մարտեր էր մղում ասպատակության ելած վայրենի հյուսիսական հոների, փոխերի, թավասպատների, իժամախների, գաթերի դեմ ու բանակցություններ էր վարում հարևան երկու խոշոր երկրների՝ Պարսից և Հռոմի հետ և երբեմն ճակատամարտերում դարձյալ բախվում էր նրանց հզոր ու մեծաքանակ զորքերի հետ:
Երբ դեռ հայոց իշխաններն ու մեծամեծերը նրանից խռովել ու նրան միայնակ չէին թողել ու դեռ պարսից Վարազ իշխանն ընդամենը երեք հազար զինվորով Հայոց աշխարհի կենտրոնը չէր մտել՝ գերեվարել Տիրան թագավորին ու աչքերի լույսը ածուխով չէր դաղել, երկիրը, այդ ծանր ու կործանարար պատերազմների համար, արտաքին պարտքերի դիմաց արդեն կորցրել էր իր բոլոր ոսկեբեր հողերն ու տնտեսապես սկսել էր քայքայվել, ու վարձկան հեճմատականներն ու գուգարները արդեն շատ ամիսներ վարձը չստանալու պատճառով, հայոց բանակից իրենց գնդերը հանած, հեռանում էին, ու վտանգված էր Հայոց աշխարհը, և ոսկին ճակատագրական նշանակություն ուներ. մի օր արքունի արագագիր դպիր Աբդիշոն թագավորից ընդունելություն էր խնդրել ու արքունի դիվանի փաստաթղթերի միջից հայտնաբերած հիշատակաց մատյանը՝ անհայտ տեղում գոյություն ունեցող բազում հարստությունների մասին, հաշվարկային աղյուսակներով ցույց էր տվել Տիրան թագավորին ու գիրը կարդացել: «Երբ քրիստոնյա առաջնորդը լսեց, թե Վահեվանյան մեհյանը մնացել է Տարոնի երկրում՝ մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով, որը պաշտամունքի ութերորդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Ցուլ լեռան լանջին, հացենիների պուրակում, որը և պաշտամունքի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ, քանզի այնժամ դեռևս շեն էին նրանում երեք բագինները, քրիստոնյա առաջնորդը այնտեղ ուղարկեց ասորի ազգի Դանիել քորեպիսկոպոսին՝ որպես դատավարության գործակալ, ու այն ևս քանդեցին, կործանեցին բագինները, մկնդումներով ու մուրճերով տապալեցին շինվածքը ու տարան բազմահարուստ գանձերը: Երեք օր ծառացած ծուխը մինչև ամպերն էր հասնում»: Հիշատակաց Աբդիշո դպիրն ասել էր. «Գանձարանը հիմա էլ կա, թագավո՛ր, Դանիել քորեպիսկոպոսին գտնել է պետք: Այդ մեծահարուստ գանձերը մեր երկրին փրկություն կբերեն»,– ասել էր. «Դուք Դանիել քորեպիսկոպոսին գտեք, իսկ ինձ, արքա՛, իրավունք և հրաման տվեք՝ որպես քահանա, ծառայության գնամ Աշտիշատի եկեղեցի»:
Արքունի հետախույզները սփռվել են աշխարհով մեկ ու մեկ տարի անց Քարքե լեռան ստորոտում՝ աղբյուրի մոտ, գետնափոր խցիկից գտել են Դանիել քորեպիսկոպոսին ու բերել Տիրան թագավորի մոտ, իջեցրել են արքունի նկուղների զնդանը: Իսկ այդ ընթացքում Պարսից Մեծ դուռը իր մարտական ուժերն էր կենտրոնացնում Հայոց սահմանի վրա: Երկիրը չէր խաղաղվում, Տիրան թագավորը չէր կարողանում իր տերության բնակիչների տագնապը ցրել: Հյուսիսում ու հարավում, արևելքում ու արևմուտքում նորանոր խռովություններ էին ծագում: Ոչ միայն թշնամիները թշնամիներին, այլև բարեկամները բարեկամներին, ընկերները ընկերներին ու Հայոց աշխարհն էին մատնում, ու օտար տերություններից՝ որպես պարգև կալվածքներ, հարստություն ու պատիվ ստանում: Տիրան թագավորն ու Հայր Մարդպետը պարսկամետության համար, էգերով հանդերձ, ոչնչացնել տվեցին երկու ավագ՝ Ռշտունյաց ու Արծրունյաց անհնազանդ տոհմերին: Մամիկոնյանները կարողացան կոտորածից փրկել միայն Մեհենդակ Ռշտունու և Վաչե Արծրունու Տաճատ ու Շավասպ որդիներին և վերցրին իրենց խնամակալության տակ: Մանուկ տարիքում նրանց տեղից տեղ էին փախցնում, որպեսզի Տիրան թագավորի հրամանով գավառը գավառի հետևից խուզարկության ենթարկող Հայր Մարդպետն ու լրտեսները չգտնեն նրանց ու արքունի կողմից ուրացող ճանաչված տոհմերի մնացորդ վերջին արուներին չմեռցնեն: Հետամտողներից խույս տալու՝ հետքերը կորցնելու համար, հոգևոր հայրերի խորհրդով, Տաճատին ու Շավասպին տեղավորեցին Աշտիշատի եկեղեցու բուժարանում, և երկար տարիներ Տիրան թագավորն ու Հայր Մարդպետը նրանց չէին կարողանում գտնել:
Հետո, երբ պարսից Վարազ զորապետն ընդամենը երեք հազար զինվորով մտավ հայոց երկրի խորքը՝ Տիրան թագավորի աչքերը դաղեց ու ձիու թամբից պարանով կապած՝ գերի տարավ, արքայից արքա Շապուհն էլ, Հայոց աշխարհից թիկունքը ապահոված, տասը երկար տարիներ պատերազմ մղեց Բյուզանդական կայսրության դեմ՝ զենքի ուժով պապենական վեճեր լուծեցին և սահմաններ ճշտեցին ու նորից վերաբաժանեցին: Ու երբ Պարսից ու Հունաց աշխարհների միջև էլ վիճելի հարցեր չմնաց, ու խաղաղություն հաստատվեց, ու նրանք երկուստեք, գրավոր համաձայնությամբ, Արշակին թագավորեցրին ու Հայոց արքունական գերդաստանին, նրանց կանանց ու բոլոր գերիներին արձակեցին ու վերադարձրին նաև նրանց գանձերն ու ստացվածքը և ճանապարհեցին իրենց երկիրը, Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ, մեծամեծերը իրենց գահերին նստեցին, գործակալներն իրենց աստիճաններին կարգվեցին: Արքունի հրամանով հավաքեցին նաև երկրում ցրվածներին, երկրից փախածներին, երկրից խռովածներին, երկրի հավատարիմներին, երկրի վստահելիներին, Հայոց աշխարհի այն մարդկանց, որոնք կորել էին, հեռացել ու թաքնվել էին՝ մեկտեղ ժողովեցին և ապահով ու խաղաղ կյանք ստեղծեցին:
Արշակ թագավորն իր դպիրներից պահանջեց արքունի դիվանից հանել մեծ թագավորության կարգը հաստատող, նախարարների աստիճանաբարձը նշող ցուցակները, նայեց ու ասաց. «Գտեք Ռշտունիների ու Արծրունիների տոհմերից մեկական ժառանգորդներ»: Մամիկոնյանները բերեցին, Տաճատին ու Շավասպին կանգնեցրին գահի առաջ, ասացին. «Ահա մնացածներից վերջին մարդիկ, որոնց մորուքն արդեն գոտիներին է հասնում: Մամիկոնյանները իրենց աղջիկներին կնության են տվել, ու նրանց կանայք երկրին, թագավորին ու նրանց տոհմերին արու զավակ են պարգևել»: Որպեսզի նախարարության աստիճանակարգը վերականգնվի, թագավորը Տաճատին ու Շավասպին ասել է.
«Գնացեք ձեր տոհմական արտերին ու դաստակերտներին տեր կանգնեք, ծառայեք տերությանը, թագավորությանը Հայաստան երկրի՝ նախնյաց կարգով»: Արքունի հրամանով թագավորական ոստանին Տիրան թագավորի ժամանակից բռնակցված հողերը անջատվել էին ու տիրոջ իրավունքով վերադարձվել Տաճատին ու Շավասպին: Նրանք երկրպագել էին թագավորին ու Ավետարանի վրա ուխտ էին տվել, որ մինչև իրենց կյանքի վերջը հավատարմորեն կծառայեն գահին: Թագավորն ասել էր. «Իշխանության նշանները վերադարձնելու համար դեռևս շտապելու կարիք չկա»,– ասել էր. «Նախարարներ, թող Աստված տա՝ իրար լավ ճանաչենք, նշաններն էլ կլինեն, շտապելու ի՞նչ կա, ճիշտ չէ՞»: Տաճատն ու Շավասպն ասել էին. «Ինչպես միշտ, թագավորը ճիշտ է»:
Եվ երբ ոսկին դարձյալ երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցավ, երբ նրանով Արշակ թագավորը ցանկանում էր արևմուտքից արևելք գնացող առևտրական մեծ քարավանները կանգնեցնելու համար քաղաք կառուցել, նրանով, երբ ցանկանում էր վայրի ցեղերի դեմ Ճորա պահակը բացել, նրանով, երբ ուզում էր Լազիկեից ու Պաղեստինից զինամթերք գնել, ոսկով, երբ ցանկանում էր հյուսիսականներից վարձկան կռվողներ բերել, երբ երկրի չորս ծագերի վրա սահմանապահ ամրություններ էին կառուցում ու նրան ծախսերը անհրաժեշտ էր ոսկով վճարել, նրա խուզարկուները, երկիրը ոտնատակ տված, եկեղեցու թաքցրած գանձարանն էին որոնում:
Այդ ժամանակ էր, որ Անգեղ դաստակերտում Տիրան արքայահոր և Արշակ թագավորի միջև բանակցություններ եղան: Գնելի կյանքը փրկելու համար Տիրան թագավորահայրը Արշակ արքային տասնչորս ջորեբեռ ոսկի տվեց, հոգևորականների թաքցրած գանձարանի գաղտնիքը իմացող, ծպտված քահանա՝ իր Աբդիշո դպիրին առյուծագիր կնիքով նշանաբան ուղարկեց Աշտիշատի եկեղեցի, որ գտած գանձարանի գաղտնիքը Արշակին հաղորդի, իսկ Հայր Մարդպետին, որ երկրի խռովահույզ՝ իր կողմնակից նախարարների առաջ իր ներկայացուցիչն էր, ու նրանց աջակցությամբ Գնելին թագավոր պիտի հայտարարեին, տվեց Արշակ արքայի ձեռքը:
Դարձյալ այդ ժամանակ էր, որ Հայր Մարդպետը շրջում էր ազնվական տներում ու իբրև թե գինովցած՝ Արշակ թագավորի, Առյուծ լեռան տակ, Ներսես կաթողիկոսի կառքի առաջ ձիով պարելու զուսպ քմծիծաղով պատմությունն էր անում և ծաղրուծանակի ենթարկելով Արշակ արքային՝ փորձում էր ազնվականների դիմադրությունը և այդ հնարքի միջոցով իմանում, թե էլի ով ու ովքեր կդառնան Գնելին կողմնակից: Դարձյալ այդ ժամանակ էր, որ Կոշ ավանում Գնելի ուսերին ծիրանի գցելու և նրա դաստակերտում առաջին աստիճանաբարձին բազմելու համար Հայր Մարդպետը դատապարտվեց մահապատժի՝ որպես գահին դավադիր, իսկ Տարոնի տաճարի Արամազդ աստված, քրմերն ու հայեցողները ասացին. «Չէ՛,– ասացին,– թագավո՛ր, նա պիտի ապրի»: Թագավորը համաձայնեց, ասաց. «Թող ապրի»: Գոտուց հանեց սպիտակ թաշկինակը, ասաց.– «Ահա նրա ապրելու նշանը, թող ապրի»:
Տարոնի տաճարից ոտաբոբիկ արքունիք եկավ Հայր Մարդպետն ու ասաց. «Թագավո՛ր, թույլ տուր գնամ Աշտիշատի եկեղեցի, գահի առաջ իմ մեղքը քավեմ: Ձեր մեջ եղողներից միայն ես եմ Տիրան արքայահոր Աբդիշո քահանային ճանաչում, ես կգտնեմ նրան»:
Սակայն ճանապարհին նրան կանգնեցրին. դեպքերին լավ տեղյակ Ներսեհ Կամսարական նախարարն իր աշխարհով անցնող Հայր Մարդպետին ճաշի հրավիրեց: Դրանիկ ծառաները լվացին նրա ոտքերը, աղախինները անուշահոտ յուղերով օծեցին վարսերն ու սանրեցին մորուքը և բազմեցրին գահավորակին: Ներսեհ Կամսարականը հրամայեց՝ գինի մատուցեցին ու հարճերը պարեցին, ասաց. «Հայր Մարդպետ, երկրի առաջին աստիճանավոր, դու այս ո՞ւր ես շտապում, երբ դեռ եղջյուրներից էիր բռնել ու քեզ էիր փրկում, քո տոհմը չորացավ կացինն արմատին առած ծառի պես, երբ քո զույգ արու զավակների ամորձիքը որդեսերման սերմից ցամաքեցին, փչկեցին ծակ տիկերի նման»:
Հայր Մարդպետը ճանապարհից շեղվել, եկել իր դաստակերտն է հասել, երեք օր ու գիշեր գլուխը ափերի մեջ առած, բերանը մի փշուր հաց, մի կում գինի չի առել: Չորրորդ օրը փողհարը նրա հրամանով շեփորն է փչել, Հայր Մարդպետը իր բերդաքաղաքի բնակիչներին է հավաքել, երկու որդիները կենդանի, իսկ ինքը, հեթանոս իրավասովորության համաձայն, երկու սպիտակ աքլորների ոտքերից բռնած է պարի մեջ մտել ու իր սեռահատված որդիների կենաց պտուղի մահվան արարողություն կատարել: Հավաքված ժողովուրդն էլ փողերով, վիներով ու փանդիռներով ողբացել էր մեռելներին, Հայր Մարդպետի շուրջը կոծի պարեր են բռնել ու մորուքներն են կտրել: Հետո նա շրջանագծի մեջ է թողել աքլորներին, տղամարդիկ ու կանայք դեմ առ դեմ աքաղաղների շուրջը գալարապտույտ պարեր են խաղացել ու ծափ զարկելով, երեսները պատառոտելով՝ տարել, կենդանի-կենդանի թաղել են զույգ սպիտակ աքլորներին: Հայր Մարդպետը բնակիչների ներկայությամբ կնոջ վարսերն է կտրել ու մեխել իր դաստակերտի դարպասին, ասել է. «Թող իմ կինը, ձեր նախարարության այս հարգված տիկինը բոզ կոչվի, և այս վարսերը ցած չառնվեն, մինչև ես իմ վրեժը չլուծեմ»: Իր մորուքն էլ է կտրել ի տես ամենքի, ասել է. «Թող սրանք ձեզ ու աշխարհին ժամանակը ցույց տան, մինչև նորից աճելը ես իմ գործը կատարած կլինեմ»։
Ձին քշել՝ գնացել, հասել է Աշտիշատ, Ներսես հայրապետին ասել է. «Ե՛լ, կաթողիկոս, մի հապաղիր, քո թաքցրած գանձերի տեղը Աբդիշո քահանան գիտե: Նրան թագավորն է ուղարկել, մնացածը դու գիտես»: Կաթողիկոսը հոգևորականներին հավաքել է, Հայր Մարդպետը անցել է միագիծ կանգնած քահանաների առջևով, ցուցամատը դրել է Աբդիշո քահանայի ճակատին, ասել է. «Ահա նա, լրտեսը»:
Իսկ Արշակ թագավորը սուրհանդակ էր ուղարկել, Շավասպին կանչել էր արքունիք, ասել էր. «Շավասպ, մենք տեսանք, որ հավատարմորեն ես ծառայում գահին: Քո տոհմական դաստակերտներն ու հողերը վերադարձրել ենք քեզ: Այսօր էլ, արքունի սեղանի մոտ, քո նախարարական բարձն ու աստիճանակարգն ենք վերադարձնում, այսուհետ էլ եղիր հավատարիմ գահին»: Հրամայել էր՝ նվիրակ պաշտոնյան բերել էր իշխանության նշան կնիք մատանին, վարսակալ պատիվը՝ հյուսածո երեք տակ մարգարիտներից: Վարսակալը թագավորն իր ձեռքով էր դրել նրա գլխին ու ասել էր. «Հայր Մարդպետը գնացել է Տարոնի գավառ, Աշտիշատի եկեղեցի, մեր տեղեկություններով հիմա վերադարձի ճանապարհին է, եթե Խոռխոռունիքով գնաս, դեմ կդիպնես նրան, վարվիր քո իմացածի պես»:
Շավասպը ձին հեծել, թամբին մի բեռ լավ լվացած սպիտակ բուրդ է դրել, գնացել, հասել է Խոռխոռունիք գավառ: Անտառում՝ մամխի թփերի մեջ, բուրդը լցրել է կոճղին, պառկած արջի տեսք է տվել: Ինքը անտառից դուրս է եկել ճանապարհի վրա, սպասել կառքին: Հայր Մարդպետը եկել, սպառազինված Շավասպին հարցրել է. «Իշխան, մի՞թե այս կողմերում որս կա դարանակալության արժանի»: Շավասպն ասել է. «Տեր, որսը զարմանահրաշ է, արդեն մի շաբաթ է՝ հետապնդում եմ նրան ու չեմ կարողանում որսալ: Սպիտակ մի արջ է թափառում այս կողմերում: Տեղի բնակիչները պատմում են, թե տարվա որոշ ժամանակ սպիտակ արջը լեռներից գալիս, անցնում է անտառով, հանդիպում է վայրի տանձ ու մամուխ հավաքող գյուղացի կանանց ու խառնակվում է նրանց հետ: Կանայք հղիանալով, ծնում են երկվորյակներ, որոնցից մեկը լույս աշխարհ է գալիս որպես սպիտակ քոթոթ, մյուսը՝ աղջիկ, քոթոթները անցնում, գնում են այ էն լեռը, իրենց հայրերի մոտ, իսկ աղջիկները մնում են մայրերի հետ»,– Շավասպն ասել է. «Բայց ես տեղացիների այս զրույցը, կարծում եմ, այլաբանություն է»: «Ես էլ եմ այդպես կարծում, մի՞թե այդպիսի դեպքեր են լինում»: Շավասպը ձեռքի ափով աչքերին հովհար է արել, նայել է անտառի հեռուն, ասել է. «Տեր, տես, դարձյալ հայտնվեց, հանգստանում է մամուխի թփերի մեջ ու փայլատակում է սպիտակ ձյան նման»: Հայր Մարդպետն ասել է. «Կասկածելի է, ես կասկածում եմ, տեսիլքը մի բեռ լավ լվացած սպիտակ բուրդ է՝ կոճղի վրա դիզած,– ասել է,– Շավասպ, ես կարծում եմ՝ դու այսօր ստացել ես քո աստիճանաբարձը և իշխանության նշան կնիք մատանին,– ասել է,– իշխան Շավասպ, ես համոզված եմ, որ մամխի թփերի մեջ ճերմակ փայլատակողը արջ չէ, այլ դու փտած կոճղը բրդով փաթաթել, արջի տեսք ես տվել»: Կառքից չի էլ իջել, մտրակել է ձիերին ու անցել առաջ, կառքը գնացել է, բայց նրա մեջքը բաց է եղել Շավասպի աչքի առաջ, մեջքը չի էլ թաքցրել՝ Շավասպը տեսել է նրա մեջքի բացը, բացը պահել է աչքի մեջ ու նրա վրա անվրեպ արձակել է նետը:
Այդ դեպքից հետո, երբ Շավասպի դին էլ գտան Բյուզանդական սահմանի վրա, Մերուժանն ասաց. «Դավ է»,– ասաց. «Հայրս երկրից փախչելու պատճառ չուներ, խարդավանք է»,– ասաց. «Արքունիքի նյութած դավն է…»: Այրուձին ոտքի հանեց ու սկսեց սմբակի տակ տալ իրեն չաջակցող նախարարների դաշտերը, որպես թագավորին մարտահրավեր՝ մի քանի տեղ մտավ արքունի ոստանը: Գաղտնի հանդիպման ժամանակ Խադ եպիսկոպոսը նրան ասել էր. «Մի հապաղիր, շարժվիր մայրաքաղաք, գավառներից ժողովուրդն էլ կգա: Արդեն գալիս է: Ես կկանգնեմ մայրաքաղաքից դուրս՝ դաշտի ճանապարհի վրա, իմ սպիտակ ավանակը թող քեզ հեռվից նշան լինի, որ արքունիքը շրջապատված է, ու լավ իմանաս, որ քո հերթն է մայրաքաղաք մտնելու»:
Բայց Մերուժանը, երբ նոր էր հասել ճանապարհի կեսին, Մարդպետական գավառում նրա հետախույզները կանգնեցրին, ասին. «Արդեն ուշ է: Մեկ օրով ուշացել ես, տեր: Վասակ զորավարը ավելի արագաշարժ գտնվեց, հասցրեց պարսից սահմաններից վերադառնալ, արդեն մայրաքաղաքում է: Այնպիսի մի զորաբանակի գլուխ է կանգնած, որ մեր երկիրը այդպիսի սպառազեն բանակ երբեք չի ունեցել: Մի ակնթարթի գործ կլինի նրանց համար մեր դեմ կռվելը»,– ասին. «Պահը թողել ես, տեր»:
Մերուժանը, գլուխը սեղմած ձեռքերի մեջ, նստել էր ճանապարհամերձ թմբին: Հետախույզներն ասին. «Մենք նրանց նման հաշվենկատ չեղանք: Նրանք ոչ միայն արքունական ցորենը բաժանեցին ժողովրդին և ուղարկեցին տները, այլ թագավորի հրամանով, լավագույն հացթուխ հրեա կանայք պետական ալյուրով հաց էին թխում ու անվճար բաժանում աղքատներին: Նրանք օգտագործեցին նաև Ներսես հայրապետի համար հայտարարած սգո հինգ օրվա ժամանակն էլ: Պետական դիվանի կողմից, փողոցներում ու հրապարակներում հսկողություն իրականացնող կարգապահ տեսուչներն այդ հինգ օրը թույլ չէին տալիս զենք կրել, ձի հեծնել ու զանգվածային տեղաշարժեր կատարել: Իսկ այդ ընթացքում Վասակ զորավարն արդեն հասցրեց, Ատրպատականից արքունի հրապարակ էր ժամանել, չնայած նրա գալու օրը հրապարակում համարյա մեզ կողմնակից ժողովուրդ էլ չէր մնացել: Ցերեկը արքունի մունետիկներն ամենուր հայտարարեցին, թե ցորենի շտեմարանները հյուրանոցներ են դարձրել հեռվից եկած անօթևանների համար, ու գիշերը այդ հյուրանոցներում ահավոր մի հրդեհ բռնկվեց. սարսափահար մարդիկ սկսեցին խոսել իրենց աչքով տեսած հազարների հասնող մոխրացած դիակների մասին, ու խուճապի մատնված Խադ տեղապահի ուղարկած մարդիկ՝ չանսալով ոչ մի սպառնալիքի ու հրամանի, ծածուկ փախան մայրաքաղաքից: Արծրունյաց իշխան, մեզ համար նաև անհասկանալի մնաց Խադ տեղապահի՝ մայրաքաղաքի փողոցներում իր իսկ մարդկանց առաջնորդ չլինելը: Իսկ հյուրանոցներում իրականում ոչ մի զոհ էլ չկար. նրանք հայտարարել էին շտեմարանների գիշերատներ դարձնելու մասին, բայց չէին բնակեցրել, դա խելամիտ հնարամտություն էր՝ մեր կողմնակիցներին ահաբեկելու և մայրաքաղաքից դուրս քշելու համար: Իսկ հոգևորականների հանձնարարությամբ գավառներից նորանոր եկող կամավորականները դարպասներից ներս չէին էլ կարողանում մտնել, քանի որ մի օր առաջ կառավարական դիվանի կողմից հայտարարվել էր, թե ժողովրդի մեջ բնակվելու իրավունք չունեցող բորոտները վեր են կացել պարիսպների շուրջը եղած իրենց գետնափորներից, լցվել են մայրաքաղաք, ու նրանք ժանտախտի արագությամբ վարակ են տարածում: Իսկ գավառներից եկած համարձակների մեծ մասը, որ ուզում էին զոռով մտնել, հեղձամաղձուկ եղավ: Հանկարծ արևելյան Ծաղկոց դարպասի դիմացի հասարակական բաղնիքի թիկունքից հեծելազոր մի գունդ դուրս եկավ ու առանց խնայելու՝ սկսեց նիզակահարել ու մտրակել ներս խուժողներին: Նրանք աղաղակ բարձրացրին ու սկսեցին փախչել, այդ պահին էլ պահակազորը սկսեց դարպասները փակել, ու խուճապից շատերը ձիերի, իրար ոտքերի տակ ու դարպասների արանքում հեղձամաղձուկ եղան: Տեր, իրականում բորոտները լցվել էին մայրաքաղաք, բայց մենք տեղեկություն ունենք, որ դա էլ, ըստ ամենայնի, կազմակերպված գործ էր:
Արծրունյաց տեր, իսկ նրանք, ովքեր անմնացորդ նվիրված էին ու դեռևս զենքը ցած չէին դրել, այդ համարձակների համար էլ հունաց դեմ պատերազմելու միտքը հնարվեց: Նրանց Վասակ զորավարի զորքը իր մեջ վերցրեց ու իր հետ տարավ Գամիրք: Սահմանի վրա նրանց զինաթափել էին ու ճամբարի մեջ առած՝ ոչ մեկին դուրս չէին թողել ու բանակի պետքերի համար աշխատացրել էին անխնա: Լուր ունենք, որ օղազրահներն են կարկատում, անասուններին են խնամում ու բուժում, ջրի տիկերն են կպցնում: Տեր, դուրս է գալիս, որ քեզ նվիրված վերջին մարդիկ էլ գերյալներ են արդեն: Այդ օրվա արևի խավարումն էլ մյուս կողմից էր սարսափեցրել ժողովրդին,– ասել էին,– անհնարինության հետ պիտի կարողանանք հաշտվել, տեր: Այլ ելք չունենք, և դա իր պահանջների մեջ գիտակցում է արքունիքը»:
Մերուժանը հետ դարձավ: Այդ ժամանակ էր, որ թագավորից երեք նամակ էր ստացել, երրորդով խիստ ու վերջնական նախազգուշացումով ասվում էր. «Այրուձիու սմբակը պարապ տեղը չմաշել՝ ազնիվ մարդկանց ագարակները տրորելով»: Կտրուկ և արքունի վավերագիր հրամանով պահանջվում էր. «Արձակել այրուձին՝ սուրհանդակի նամակը տեղ հասցնելուն պես»: Նա հենց այդտեղ, Մարդպետական գավառում արձակել էր հեծելազորը ու ինքը թիկնապահ գնդով վերադարձել էր տուն:
Առավոտյան արթնացել է անզգա քնից. արևի պայծառությունը վերականգնված է եղել ու ճառագայթները՝ տաք: Տագնապով ներս ընկած լրաբերն ասել է. «Տեր, ամբողջ երամակը կաղում է,– ասել է,– ընդամենը երեք ձի են թողել, երկուսը՝ կառքի, մեկը հեծնելու համար, մնացած երեք հարյուրը ջլատված են, կտրել են սրունքների մկանները,– ասել է,– առավոտյան աղ տարանք ձիերին, տեսանք՝ ձիապահներից մեկը սպանված է, երեքը չկան»: Մերուժանը ոչինչ չի ասել, ձին նստած՝ բարձրացել է լեռները՝ մահացած հոր վշտի հետ միայնակ մնալու:
Տեսավ՝ ձին խրվում էր հողի մեջ: Ոտքով հողը թփթփացրեց, տեսավ՝ պինդ ապառաժ տարածք է, ու էլի խրվում է քարերի մեջ. «Էհեյ»,– գոռաց, արձագանք չկար: Արծրունյաց մեծ նախարարությանը օգնության կանչեց. «Հասեք, օգնեք, փրկեք»: Հորը՝ Շավասպին կանչեց, լռություն էր: Հասկացավ, որ իր տոհմը, նախարարությունը չկա, ու ինքը աշխարհի ու Արշակ թագավորի երեք գրությունների դեմ միայնակ է: Եկավ տուն, պառկեց թախտին, ու գինի մատուցող տղան սարսափով նկատեց, որ թախտի ոտքերը խրվում, իջնում են սալածածկ հատակի մեջ: Գոռաց, Մերուժանին սթափեցրեց. «Տեր,– ասաց,– հողը ձեզ չի պահում, մեղքն է ծանրանում ձեր մեջ, մոմ է պետք վառել Սուրբ Աստվածածնի առաջ»: Մերուժանը նրա սարսափը չնկատեց, ասաց. «Դու ձին թամբիր»: Կարմիր ձին փոխեց, սահմանն անցնելու ժամանակ ճերմակ, սպիտակաթույր նժույգով էր Պարսից երկիր մտնում: Ապստամբեց հայոց թագավորի դեմ: Սպիտակ ձին նստած՝ գնաց ներկայացավ Շապուհ արքային և երդումով ուխտ դրեց, որ այդ պահից նրա հպատակն ու ծառան կլինի: Ասաց. «Ես քրիստոնյա չեմ,– ասաց,– չի կարող պատահի, որ ձեր Աստվածը մարդուն մխիթարող մի կենդանի շունչ, հարազատ չթողնի»: Ասաց. «Ես ընդունում եմ Մազդեզաց կրոնը, Արեգակը, կրակն ու ջուրը տաք են, արքա, կերկրպագեմ նրանց,– ասաց,– չի կարող պատահի զարգացած ժողովրդի այս հավատը՝ ընտանիքի, բազմամարդության, առատության, հողի կրոնը դավի: Փառաբանելի է Ահուրա-Մազդան, որ ասում է. «Սուրբ է այն մարդը, որ հողի վրա բնակարան է շինել և այդ բնակարանում պահում է կրակը, անասուններ, իր կնոջը, իր երեխաներին և լավ հոտեր: Ով հողին աճեցնել է տալիս ցորեն, ով մշակում է դաշտերի պտուղները, նա մշակում է մաքրությունը»: «Չի կարող պատահի՝ կյանքի այս տաք աղբյուրին երկրպագող թագավորը սեռահատի իմ տոհմը: Արեգակը Աստված է, ես տեսնում եմ նրան, երբ նրա նախաստեղծ լույսը լցվում է աշխարհի վրա, խավարի մեջ, մեզ ցույց տալիս առարկաները, և մենք նրանց ճանաչում ու անուններ ենք տալիս, կրակը մաքրածին ազատություն է, արքա,– ասաց,– աստվածները նրանք են, ում պաշտում է արքայից արքան»: Շապուհը հավատաց նրան, քանի որ պալատական խորհրդատու մոգերն ասացին. «Նրա ասածները ոչինչ են, մենք հավատացած ենք, ոչինչ են խոսքերը, Արեգակի ու Աստղերի ընկեր Շապուհ, բայց պիտի պատկերացնել, թե ինչ է նշանակում շրջել հայրենի հողի վրա ու խեղդվելու նման խրվել նրա մեջ»: Այնուհետև Մերուժանն ասաց. «Եղբայր Արևի և Լուսնի, արքայից արքա Շապուհ, ես գիտեմ հայերի դեմ կռվելու գաղտնիքը, միայն թե, ափսոս, ես չեմ կարող այնտեղ գնալ, հողից վախենում եմ»: Շապուհն ասաց. «Հողն էլ նահանջել գիտե, հողի դեմ մոգերը կմտածեն, դու գաղտնիքն ասա»: Ասել է. «Հայ իշխանները կենտրոնախույս են, հայ նախարարները չեն ուզում թագավոր ունենալ, հայ հոգևորականները իշխանության առաջնայնություն են ուզում: Արշակը, նրանցից կախման մեջ չլինելու համար, հզորացնում ու ավելացնում է քաղաքների թիվը՝ բյուզանդական աշխարհի նմանությամբ: Ուզում է Հայաստան աշխարհին առաջավոր տնտեսական դիրքի հանել: Մենք նրան այդ դիրքից պիտի գցենք, պիտի խափանենք այդ ընթացքը, պիտի ավիրենք նրա Վաղարշապատը, Դվինը, Արտաշատը, Կարինը, Տիգրանակերտը, Երվանդաշատը: Քաղաքների անմիջական ենթակայությունը գահին՝ նրա իշխանության զորացումն է: Նրա ծաղկող տնտեսությունը կխորտակվի, եթե մենք Տիգրան Մեծի ժամանակներից Հայաստանի քաղաքներում գերությամբ բնակեցրած հրեաներին հանենք: Ծաղկող տնտեսության մենաշնորհը նրանց ձեռքն է, հրեաներին պիտի հանել, որպեսզի, եթե Արշակին հաջողվի անգամ իր ավերված քաղաքները վերակառուցելու առանց հրեաների՝ տնտեսության նորոգման համար դարեր պետք լինի: Գործը հենց քաղաքներից ու հրեաներից էլ պիտի սկսել, արքայից արքա, Աստղերի ու Լուսնի ընկեր Շապուհ»: Քանի որ Շապուհի արագագիր դպիրներն այդտեղ էին, ոտքի վրա գրի էին առնում խոսվածն ու լսածը, ոտքի վրա էլ դեպի այդ քաղաքները՝ պարսից զորքի հարձակման անցնելու մի գծագիր գծեցին՝ ճանապարհները, դարանակալ վտանգներն ու կամուրջները մանրակրկիտ ստուգած ու ճշտած Մերուժանի խորհուրդների հետ: Մոգերն էլ այդ ընթացքում Լուսնի, Արեգակի և հողագնդի ձգողականության աղյուսակներն էին հետազոտել ու գտել էին հողին խաբելու գաղտնիքը:
Մերուժանին նստեցրին պատգարակը, պատգարակը ստրուկների ուսերին դրեցին, որ հողը չգողանա նրան: Մոգերը Մերուժանի մորուքն օծեցին աստվածներին հաճո նարդին անուշահոտ յուղով, իսկ արքունի վարսավիրները Շապուհի հսկողությամբ նրա մորուքի ու մազերի ծայրերը գանգրացրին՝ պարսից ազնվականության նմանությամբ և ուղարկեցին ասպատակելու Հայոց աշխարհը:
Մի օր, թագավորանիստ սահմանափակ խորհրդի ժամանակ, արքունական գործերի կառավարիչ հազարապետ Վրիվ Գնունին զեկուցեց, ասաց. «Թագավոր, երկիրը վատ է կառավարվում, շատ հարցեր պարզաբանման կարիք ունեն: Գիշերը հոները երկու քարավան զենք են բերել, բայց արքունական գանձարանը չի դիմանա այդ վճարումներին: Մոտակա օրերին նրանցից սպասվում է երկու երամակ, հինգ հարյուրական գլուխ ձիեր, նոր հեծելազոր գնդի համար:
Թագավոր, արքունական գանձարանի՝ ոչ այնքան էլ բարվոք վիճակը թեթևացնելու համար, անհրաժեշտություն զգացվեց նախարարներից գանձվող տուրքերի չափը բարձրացնել, բայց արդեն իսկ դժգոհություններ կան, տրտնջում են նախարարները: Առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակը չսրելու համար՝ ստիպված փոխեցինք մեր որոշումը, գանձումներն իջեցվեցին նախկին չափերին: Արտաքին շուկաներում էլ առևտուրն ընկել է, հույս դնել չի լինի այնտեղից ստացվող հարկերի վրա, հունաց և Պարսից ծոցերում տեղ չկա մեր աշխարհի վաճառական նավերի համար: Նրանք մեզ արհամարհում են, երբ Տիրան թագավորի ժամանակներից ի վեր կորցրինք մեր ոսկեբեր հողերը»: Արշակը հետ ու առաջ էր քայլում դահլիճի երկու պատերին զուգահեռ մարմարյա նստարաններին, բարձերին նստած իշխանների առջևով, նրանց հայացքը թագավորին համընթաց տեղից տեղ էր գնում ու գալիս: Վրիվ Գնունին ծանրությունը ոտքից ոտք փոխեց, ափի մեջ թույլ հազաց. «Արքա, մենք տեղեկություններ ունենք, որ Պարսից Մեծ դուռը, ամեն ջանք գործադրելով, Բյուզանդական կայսրությանը ստիպում է առևտուր չանել մեզ հետ: Մեր վաճառականների մեջ դժգոհություններ կան մեր իսկ դեմ: Տե՛ր, դեպքերի ընթացքին հետևելիս թվում է, որ Պարսից երկիրը պատերազմը սկսելու է գարնանը, երբ մենք, այս ընթացքով գնալու դեպքում, խարխլված կլինենք»: Ստրուկները նախարարներին օշարակ էին մատուցում: Արշակ թագավորը, սև փայտե սեղանին կռթնած, նայում էր Վրիվ Գնունուն, հետո հայացքը փոխեց քամուց տատանվող կապույտ վարագույրին, ասաց. «Առանց հաշվի առնելու նախարարների դժգոհությունը՝ բարձրացրեք գանձվող հարկերը»: Նախարարները՝ Աղձնիքի բդեշխը և Նոշիրականի իշխանը, նայեցին իրար, հետո սկսվեց հայացքների գնալ-գալը պատերի տակ բարձերին նստած նախարարների մեջ, Մահկերտունի իշխանը հազաց: Թագավորը նորից քայլում էր. «Մեր բանագնացները նոր են վերադարձել Լազիկայից: Լազիկան պղինձ, աղ, գինի չունի, իսկ մենք ունենք: Ճիշտ է, դժվար կլինի Պարխար լեռներով անցնել, բայց մի քարավան բեռնեք, թող անցնի: Ես նրանց թագավորից տեղեկություններ ունեմ, նրանք ուրախ կլինեն մեր ապրանքը զենքի հետ փոխանակելու համար»: Վասակ
զորավարը խոսք է վերցրել: «Զեկուցիր, սպարապետ»,– ասել է թագավորը: «Նոր դժվարություններ են ծագել, արքա, վերջին ստացված տեղեկություններից իմացանք, որ սպիտակ հոների Գուբարես և Աղվանքի Ուռնայր թագավորները սկսել են դաշնակցել Պարսից աշխարհի հետ: Իսկ խորհրդակցության հավաքվածներդ գիտեք, թե գիշերային հարձակումներ կատարելու ռազմական ինչ գիտելիքներ ունեն սպիտակ հոները: Այդ նույն ժամանակ մեր երկրում, փոխանակ ռազմական ուսումնարաններ բացվեն, օր օրի հռոմեական ու ասորական դպրոցներն են շատանում, հոգևորականների թիվն է բազմապատկվում, մանկամարդ աղջիկները կուսանոցներ են մտնում: Վերահաս պատերազմի վտանգը առած՝ ազատանին լքում է երկիրը, առևտուրը պատճառ գտած՝ վաճառականների քարավանների հետ մեկնում է օտար աշխարհներ ու այլևս չի վերադառնում: Չգիտեմ՝ երբվանից է բարոյալքությունը խրախուսելի դարձել, բայց մեր երկրում փառաբանվում է, գովելի է տգիտությունը՝ այստեղ ու այնտեղ, ազնվական տներում ասվում է, թե Արշակ թագավորն ու Վասակ զորավարը իրենց փառքի ու շահի համար անհավասար ուժերով պատերազմ կմղեն Պարսից դեմ ու կոտորել կտան մեր զավակներին: Հասկանալ է պետք, իսկ ես չեմ հասկանում, թե ով է պատերազմելու այս տերության համար»: Ձայնը համաչափ էր, հայացքը չէր կանգնում մի կետի, նախարարներից անցնում էր թագավորին, փոխնեփոխ նախարարներին էր նայում. «Դուք գիտեք, եկեղեցին արդեն օրենսդիր մենաշնորհներ է վերցրել ձեռքը: Նախարարները, Գնելի ու Տիրիթի՝ բյուզանդական պատանդությունից վերադառնալուց հետո, վարանոտ են դարձել: Նրանց շուրջը կուսակցություններ են ստեղծվում ու գնալով հզորանում են: Նրանց դաստակերտներում գաղտնի հանդիպումներ են կազմակերպվում: Իշխանները բանակի համար հարկվող տուրքերից հազար ու մի կեղծիքներով խուսափում են…»: Դարձյալ հայացքները պտտվեցին, մեկը հազալով բարձի վրա շարժվեց, նստածները մեջ ու մեջ իրար նայեցին, վերև բարձրացող արևի շողը ուժգնորեն անդրադարձնում էր յոթնաջահ պղնձե աշտանակը. «Այդ պատճառով էլ զինվորական ռոճիկների անկանոն վճարումներից բանակում ընկել է կարգապահությունը: Պարենի մատակարարումները ժամանակին չեն կատարվում՝ զինվորները քաղցած են մնում, բանակատեղերի շրջակայքում կողոպուտներ են կազմակերպում կամ փախչում են տները, հետո մտնում հոգևոր ծառայությունների մեջ ու էլ բանակ չեն վերադառնում: Իրավիճակը արքունիքից որոշակի գործողություններ է պահանջում»: Արշակ թագավորը քայլում էր մինչև բոլորակ սյունը և հետ, խորհրդի հավաքված նախարարներին էլ խոսք տվեց, խոսեցին միակարծիք ու տարակարծիք:
Արշակ թագավորն ասել է. «Սպարապետ, բանակի կարգապահության համար դու ես պատասխանատու, կերակրման ու ռոճիկների համար՝ Վրիվ հազարապետը,– ասել է,– իսկ վերահաս պատերազմի համար բոլորս պիտի մտածենք, պիտի կարողանանք նրա սկիզբը ձգելով հասցնել ամռանը: Սպիտակ հոները հետարևադարձային երկու ամիսներին իրենց Աստծուն՝ լեռները ուխտի են գնում և չեն միաբանի նրանց հետ: Այսպիսով, բացառած կլինենք հոների վտանգը: Չնայած, նաև տեղեկություններ ունենք, որ պարսից դեսպաններն արդեն երկու անգամ եղել են սպիտակ հոների թագավորի մոտ, նշանակում է՝ պատերազմելու վարձը նրանք արդեն ստացել են: Եթե մեզ չհաջողվի էլ ձգձգել պատերազմը, մենք Պարսից աշխարհին հարկադրելու ուժ ունենք,– ասել է,– Դրաստամատը վերադարձել է Ճորա դռնից, մեր ցանկացած ժամանակ լեռնանցքը կբացվի Մազքութների առաջ, ու նրանք կթափանցեն Պարսից երկիրը,– ասել է,– մեզ հիմա պետք է, որ Հռոմ գնանք,– ասել է,– Հունաց աշխարհ պիտի գնանք, պիտի բանակցենք ու նրանց կայսեր միջոցով ձգենք մոտեցող դիպվածը: Հայոց կաթողիկոս Ներսեսին ու իր կուսակից նախարարներին պիտի խնդրենք, որ մեղմեն իրենց ցասումը: Բոլորին պիտի հորդորենք, որ ժողովուրդ-պետություն դառնալու համար հույսներս չպիտի դնենք դավանակից կամ որևէ ուժի վրա, մենք պիտի կարողանանք մեր պատերազմը ինքներս մղել: Երկրի սահմանանց դռների վրա, արքունի հրամանով թող ստուգվեն վաճառականների քարավանները, ու երկրից փախչելու փորձ անող զինակոչիկը թող պատժվի պատերազմական օրենքով: Աշխարհի խաչմերուկին, երբ ունենք մեր երկիր պետությունը, որի հետ հաշվի կնստեն՝ հավասարը հավասարի հետ, և կընդլայնվեն մեր շուկաները՝
արծաթն ու ոսկին գետի պես կհոսեն, այդ ժամանակ արվեստներ կզարգանան, կստեղծենք մեր սեփական նշանագրերը, ճարտարապետության տարբեր դպրոցներ կառաջանան, կլինի աշխարհ, որը կունենա իր պատմության մեջ մեռնող ու հառնող ժողովուրդ,– ասաց,– Գնելին կանչեք, իմ եղբոր որդի թագաժառանգ Գնելը հիմա է պետք: Նա բյուզանդական երկրում է դաստիարակվել, հասկանում է նրանց քաղաքականությունը և ընդունելի է նրանց ազնվականության կողմից, թող գնա բանակցելու»: Խորհուրդը չէր արձագանքում, թագավորն առաջարկել էր, լռությունը երկարում էր, հավաքվածները համամիտ չէին, ցածրաձայն մեջ ու մեջ էին խոսում, ափերի մեջ սուտ հազում էին: Անձիտի տեր Սաղամուտն ասաց. «Արքա՛, առաջարկությունը բոլոր կողմերից քննելու կարիք ունի, մենք հենց նոր լսեցինք Վասակ զորավարի խոսքը նրանց դաստակերտներում կազմակերպվող գաղտնի հավաքների մասին, նրան վստահել կարելի՞ է»: «Թագավո՛ր, Գնելի հետ կապված այս բոլոր իրադարձություններից հետո ես չեմ կարող նրան վստահել»,– ասաց Վասակ սպարապետը: Թագավորը կտրուկ ասաց՝ գահից բարձրանալու պահին. «Հենց նրան պիտի վստահենք, նա գիտի Բյուզանդական երկրի քաղաքականությունը: Խորհուրդն ավարտված է»: Հավաքվածները քիչ էլ մնացին, իրենց բարձերից ելան, խումբ-խումբ խոսում էին, հետո նորից խորհրդակցեցին ու հավանություն տվեցին Գնելի Հռոմ գնալուն:
Քանի որ նախնյաց կարգի և Արշակ թագավորի հրամանի համաձայն թագաժառանգը մինչև թագավոր օծվելն իրավունք չուներ մայրաքաղաքում կամ պետության կենտրոնական մասերում ապրելու, որպեսզի գահի դեմ դուրս չգա, այդ պատճառով էլ Գնել թագաժառանգը, արքունական ռոճիկով ու հրամանով, գործակալների հսկողության տակ բնակվում էր Աղիհովիտ գավառի Առավյուտ գյուղում:
Թագավորը և իր ավագանու խորհուրդը այդ օրը գիշերը երկար նստեց, արդեն լուսաստղն էր ծագել, ու աքաղաղներն էին կանչում, երբ նրանք որոշեցին, որ Գնելի մոտ բանակցությունների ուղարկեն Հայոց աշխարհի պատվարժան Նահապետ Վարդանին, որ նա թագաժառանգ Գնելի հարգին վայել նվերներ տանի՝ իր արժանապատիվ խոսքի հավաստիությամբ նրան ու ընտանիքին հրավիրի Նավասարդի տոնին թագավորի հետ հանդիպման:

Գալիս էին՝ Հայոց աշխարհի բոլոր չորս ծագերից: Գալիս էին սայլերով, ուղտերով, ջորիներով, ավանակներով. ապրանք էին բերում վաճառելու և փոխանակելու: Կածաններով ծանրաբեռ ջորիներով գալիս էին լեռնաբնակները:
Հեթանոս տաճարի քրմերը արևի խորհրդանիշը՝ հսկա, հուրհրացող սկավառակը, ամրացրել էին պատգարակին ու դրել երկու սպիտակ եզների ուսերին: Արևին ծառայող ուղեկից սպասուհիները՝ մարմինները զարդարած վայրի ծաղիկներով ու խաղողի ողկույզներով, թմբուկների համաչափ հարվածների տակ ծիսական պարեր էին կատարում Շահապիվանի փողոցներով անցնող սրբազան արևի շուրջը:
Ազատանին ու իշխանորդիք, հագած հեռու երկրներից բերված կրկնակի կարմիր ու կապույտ տոնական կապաները, ուսերին լոդիկ ձգած, ատլասե պարեգոտները պիրկ մեջքներին կապած՝ հեծնում էին դեռևս թամբի տակ չմտած, կողերին ասպանդակ չառած, ազնվացեղ, ծտի թևաբախումից խրտնող, պատեպատ տվող ձիերը, ոտնատակ տալիս, ոտնատակ էին ընկնում, մեջք ու ոտք էին ջարդում ու արքունի և նախարարաց ազնվազարմ տիկնանց ու կույսերին ապացուցում իրենց ասպետությունը: Ու նրանց ժպիտից ծնված խանդից սուր էին քաշում և իրար փոր էին կտրտում: Այծի տիկերից գինի էին խմում, նիզակները ձեռքերին կանգնում արյան հոտն առած կատաղած ցլերի առաջ: Թագավորը՝ պալատականներով շրջապատված, ձիարշավարանի իր օթյակից դիտում էր խաղերը: Հեծյալները մրցման մեջ էին մտնում ու թագավորի ձեռքից պարգևներ ստանում: Քոչվոր ցեղերը արջեր էին պարացնում բոժոժների ծլնգոցների տակ: Զինագործները զենք էին վաճառում: Գյուղերից ու լեռներից եկած հովիվները տունտեղի, կայքի վրա գրազ էին գալիս ու գալարապտույտ պոզերով խոյեր էին կռվեցնում:
Շրջիկ անառականոցներ էին կառքերով գալիս ու սեռական կյանքի նորությունները ապրանքափոխանակության տալիս:
Անապատում խոտաճարակ դարձած, առյուծների և ինձերի հոտերի մեջ բնակվող շատ ճգնակյացներ՝ քրձեր ու մազե շապիկներ հագած, անապատներից իջան ցած ու վանքերից եկած սևազգեստ, վեղարավոր հոգևորականներ նրանց միացած՝ ժողովրդի մեջ հսկայական խաչեր էին ման տալիս ու թաթերով խփելով՝ փայտե կոչնակներ հնչեցնում, պղնձե կոնքերից մոխիր էին վերցնում ու շաղ տալիս գլխներին: Տիրոջ անունից ահասարսուռ մեղքեր էին թվարկում՝ ժողովրդին հետ պահելու հեթանոս, անբարո սովորույթներից: Նույնիսկ ճգնակյացներից մեկը, որ 15 տարի անապատից չէր իջել ու ամառները շրջել էր ոտներին խսիրից հեսկ հագած, ձմեռներն անցկացրել էր խոտից ոլորած չվանկեմ փաթաթած, ժողովրդին գործած մեղքերի մեջ վախեցնելու համար մերկացած պառկեց խաչի վրա, երկու հոգևորականներ նրան ոտքերից ու ձեռքերից մեխեցին ու խաչը կանգնեցրին: Մեխերի տակից արյուն էր հոսում, իսկ խաչյալը, առանց զգալու մահվան սարսափը, հավաքվածներին մեղադրում էր շնության ու Աստծուն հաճո ազգ չլինելու համար: Անառականոցների աղջիկները, մեռելահարցուկներն ու հավահմաները հավաքվեցին ու նրան քարկոծելով՝ մեռցրին խաչի վրա:
Օձահմաները մարդկային ճակատագրի վերաբերյալ գուշակություններ էին կատարում, մեկնաբանում, թե ինչպես է ծնվածը կապված լուսնի օրերի հետ, նրա հիվանդությունների պահին երակ թողնելու գաղտնիքների մասին ստույգ տեղեկություններ էին տալիս՝ օձերի ավազի վրա դաջած շրջանագիծը նմանեցնելով մոլորակների տեղաշարժերին ու ամբողջական փուլերին:
Անտառաբնակները կաղնուց դնովի ոտքեր ու պարանոցներից թոկերով սայլերի ճաղերից կապված՝ աղջկա դեմքով, թռչնի մարմնով կենդանիներ էին վաճառում, որոնք, չնայած իրենց հսկայական թևերին, չէին կարողանում թռչել։ Իսկ տերերը չհավատացողներին մի քանի հեղինակավոր, աշխարհի չորս անկյուններում գործ ունեցած վաճառականներին ապացուցում էին, որ իրենք ոչ թե վայրի ցեղերից աղջիկներ են գողացել ու սագի փետուրներով հրեշտակներ սարքել, այլ իրենք հաստատապես տեսել են, թե ինչպես են այդ կենդանիները երամներով թավուտ անտառներում վայրէջք կատարում, ու միանշանակ գիտեին, որ դրանք երջանկություն պարգևող ծեր ու հոգնած հրեշտակներ են։
Այդ օրը՝ Նավասարդի տոնին, տաճարներից եկած քրմերը, Անահիտ աստծու պղնձաձույլ արձանի առաջ նստած, կարմիր ներկով տղամարդկանց առնանդամներին Անահիտ դիցուհու անունն էին գրում, կամ նրանցից՝ պղնձյա դաջվածքներով դիցուհու պատկերն էին ձիու մազով կախում, որ այրերի՝ կանանց հետ մերձեցումը անմիջապես Աստծու մասնակցությամբ լինի: Կույսերն էլ իրենց կուսությունը նվիրում էին Անահիտ աստծուն, մեհյաններից բերված սուրբ, ամրակազմ ստրուկների հետ՝ քրմերի հնչեցրած թմբուկների ազդու հիմների տակ ծիսական, խորհրդավոր պարեր էին պարում ու տրվում նրանց, որ ժամանակից ու ծնունդից Աստված չբացակայի, տարին արգասավոր, բեղուն ու առատ լինի:
Երկրի չորս ծագերից եկած չբեր կանայք, խումբ կազմած, գիշերով բարձրանում էին Կապուտկող լեռան լանջերը՝ պտուղ պարգևող կենաց սրբերին պաշտելու: Նրանք լիալուսնի ամբողջական փուլի ժամանակ մերկանում էին ու կարմրածուփ աքլորներ մորթում, դանակի շեղբից կաթացող արյունը ամոթանքներին ու փորերին էին քսում, պառկում էին օրվա արևի ջերմությունը դեռևս պահած երկար քարերի վրա՝ իրենց ամուլ արգանդները հղիացնելու համար։
Ցլեր ու խոյեր էին ողջակիզում, գառներ ու տատրակներ մատաղում և բաժանում անկելանոցներից ու բորոտանոցներից փախածներին: Աչքից փուշ քաշող բուժակներ, դանակ ու սուր խաղացնողներ, որսկան բազեներ վարժեցնող վարպետներ էին գալիս ու իրենց բանիմացությամբ զարմացնում հավաքվածներին: Աչքի առաջ հասակ առնող կենաց ու չարի ծառեր էին վաճառվում:

Գնելը շաբաթ գիշերը ճանապարհ էր ընկել, որ կիրակի առավոտյան լիներ Շահապիվանում՝ Նավասարդը Արշակ թագավորի հետ անցկացնելու համար: Նրանք ուշանում էին, ու թագավորն անհանգիստ էր: Նա չգիտեր՝ տագնապի պատճառը Գնելի ուշանա՞լն էր, թե՞՝ որ Ներսես եպիսկոպոսապետը գիշերը մնացել էր արքունական բանակի կացարաններում՝ կրքերին չդիմացող զինվորներին զսպելու հեթանոսական տոնի մեղքերից: Կաթողիկոսը հեթանոսական տոնի բուռն արբունքի գիշերը զինվորների հետ աղոթելով ու ալելուիաներ երգելով էր լուսացրել, նրանց խռովահույզ կրքերը պարփակել էր քրիստոնեության զուսպ կանոնների մեջ ու զինվորների համար հաղորդություն էր կատարել: Իսկ թագավորը գիտեր, որ նա ավելին կարող էր անել:
Հետո աղմուկ է բարձրացել, ստրուկների ուսած պատգարակից Փառանձեմը իրեն գետին է նետել, թավալգլոր, ճանկռոտած հողը վարսերին ու եղունգներով պատառոտած մերկ ստինքներին լցնելով՝ գոռացել. «Հասեք, հե՜յ, ամուսնուս սպանեցին»: Անտանելի լռություն է իջել: Օդի մեջ Փառանձեմի աղեկտուր ճիչն էր, Գնելի տաք արյան հոտն ու երկնքի կապույտի մեջ՝ մինչ այդ չտեսնված երկու սև արագիլի թևատարած սահքը, հետո մի պահ ամպը արևի երեսը ծածկեց, ու հարավից հանկարծ ոռնոցով մի վիշապ հայտնվեց, գալարապտույտ պոչը դեռ Առյուծ լեռան գագաթին էր, ահռելի գլուխը կախվեց միջնաշխարհի վրա, հարձակվեց կովերի նախիրների, այգիների ու կալերի վրա: Շեղջ-շեղջ, կալսած ցորենն ու գարին մինչև վերջին հատիկը բարձեց գրաստների մեջքներին, առաջն արած՝ քշեց, գնաց: Մտավ արոտատեղերում արածող նախիրների մեջ, չոքեց, կովերի կաթը ծծեց, ցամաքեցրեց կրծքերը, ու կաթի համը փոխեց, եկավ խաղողի այգիները՝ ընկավ ու հրե լեզվով թափահարեց ու լիզեց վազերը, մտավ կանանց ու նորահարս աղջիկների փեշերի տակ, շոշափեց ու անցավ նրանց որովայնի ու ստինքների միջով, պատերի տակ արևկողի նստած ծերունիների ծնկների վրայով անցավ, հետո ահռելի երկարության պոչն էլ քաշեց Առյուծ լեռան գագաթից, պտտահողմի կերպարանք առած՝ Տիրան թագավորահորն էլ անդունդի վրայից, հանդիսատեսի աչքի առաջից իր սուրբ աղավնու հետ առավ, դրեց թևի տակ ու մի ակնթարթում հեռացավ, գնաց երկրից: Այդ պահին երկրում ինչքան կարագ հարող խնոցիներ կային, հարեցին՝ մերունը կարագ, կաթը թան չդարձավ: Ծերունիները բարձրացան արևկող քարերից, տեսան՝ ծնկների ուժը կորցրել են, ոտքերը հողին չի բռնում՝ ցուպերին կռթնած, այգեպանների հետևից վիշապի անցած ճանապարհով այգիները մտան, տեսան՝ խաղողը ցամաքել, չորացել ու սմքել է ողկույզի վրա, երկնքին հայհոյեցին ու բեղները կրծեցին:
Տատմերերը որդեբերման ժամանակը կորցրած կանանց ու նորահարս աղջիկների չցամաքող ամսեկանը տեսան, խփեցին ծնկներին, ափով ճակատներին հովար արած՝ նորից հայտնված ու երկնքում շրջապտույտ սահող երկու սև արագիլներին նայեցին, ծնկներին խփեցին, ասացին. «Թող ողորմա Աստված, մի տարով աշխարհին առել է չարաղետ սևը ու կանանց արգանդը գերեզմանոց է դարձրել»:
Այդ պահին Ներսես կաթողիկոսը, Փառանձեմի աղեկտուր ճիչը առած, առավոտյան ժամերգության արարողությունը խափանած, ներս է մտել արքայի կացարանը, ասել է. «Արշակ թագավոր, դու քո եղբորը, արյունակցին, ծառային, ընկերակցին ու հարազատին սպանեցիր»: Գլխին քաշած սամույրների տակ, վիշապի հետ հանդիպումից, քթի արյունահոսությունից ուժասպառ ընդոծին տեսիլքների մեջ էր Արշակ թագավորը: Վիշապը նրան էլ էր հանդիպել, նրա հետ տեսնվել էր կապույտ սյունազարդ դահլիճի պատշգամբում և ահռելի թաթը նրա քիթուբերանին դրած՝ գլուխը սեղմել էր մարմարյա պատին:
Ներսես կաթողիկոսն ասել է. «Մորթիների տակ քո հեղձամաղձուկ վիճակը հուշում է, որ Գնելին անմեղ տեղը ոչնչացրիր»: Թագավորն ընդոծին տեսիլքներից պրծել է, ուժասպառ մահառաջի դալկությամբ ձեռքով մորթիները քաշել է դեմքից ու նստել Ներսեսի դիմաց: Արշակ արքան նրան ասել է. «Ես գիտեմ՝ ինչ ես ուզում, Ներսես եպիսկոպոսապետ»: Նրան էլ չի լսել, ներս մտած Երազմակ դահճապետին ասել է. «Խոսի՛ր»: «Տեր, իրոք սպանություն է
կատարվել որսատեղի պարսպի տակ, թիկունքից արձակված նետն անցել է ուղիղ սրտի միջով: Նետաձիգը չկա, որոնում են, այսքան մարդու մեջ փախստական հանցավոր կգտնվի՞»: Ներսես հայրապետը գոռացել, աղաղակել է. «Տեսա՞ր, թագավոր, Երազմակի խոսքերից հաստատվում է, որ սպանություն է եղել: Իսկ գիտե՞ս՝ զորանոցում ինչ է կատարվում, զորքը եռում է, զորքին միայն սանդալները հագնելն է մնացել»։ Արշակ արքան ասել է. «Ներսես կաթողիկոս, եթե քո կարծիքով ես այնքան միամիտ եմ, որ այդ խոսքերի համար քեզ ձերբակալել տամ, սխալվում ես, ու առավել ևս, եթե կարծում ես, թե ես չգիտեմ՝ ինչու գիշերը զորքի հետ անցկացրիր»: Ներսես կաթողիկոսի հետ այլևս չի խոսել, ասել է. «Մենք կպարզենք, դու գնա: Դու գնա, կաթողիկոս, մեռելի տեր ենք, արիանալ է պետք»։ Երազմակին ասել է. «Թագավորական ամենալավ հեծելագունդը և ազատանուն դուրս հանեք ու շրջափակեք գավառը»:
Հետո զորանոցներից զենքի աղմուկ, ձիերի խրխինջ ու մետաղյա պայտի սայթաքում սալարկած հրապարակում, հրամաններ, քայլքի ամբողջական դմփդմփոց, ճիչ, իրար որոնել, երգվող ալելուիաների հնչյուններ, սուգ, դագաղ, եպիսկոպոսապետ, քահանաներ, ծնծղայի կորած հնչյուն, կանթեղների վրա մոմեր, ծնծղաների ղողանջ, չընդհատվող ծնծղաների ղողանջ, սափրված գլուխներով քրմեր, լալկան կանանց ողբ, կանթեղների վրա քամուց փախչող բոցեր, Փառանձեմը՝ ողբի մայր դարձած, քամին՝ արևի ու շոգի միջով անցնող։ Տաք արյան հոտ, արգելանոցում՝ ռունգերը օդի մեջ խրած խելագարվող ցլեր, արքունի լաց, սուգ, ցանկապատի տակ խոյերի իրար պոզահարել, զանգ, քամու քաշքշուկ փարաջաների փեշերից, զգեստների պատռտուք, վախ, Փառանձեմը՝ կուրծքը բաց, ստինքը եղունգով պատռված՝ արյան կաթիլ ճերմակի վրա, խռիվ մազեր՝ քամու բերանն ընկած, դագաղ-գերեզմանոց, լաց, Փառանձեմը անեծքը շուրթերին՝ թագավորի ականջի տակ, թագավորի հրաման՝ կոծը սաստկացնող: Թագավորի լաց: Մեռելի ողբ՝ փողերով, փանդիռներով ու վիներով: Մորուքները կտրած՝ կոծի պար բռնել: Տղամարդ ու կին դեմ առ դեմ, փոր փորի խփելով, գալարապար խաղալով ու ծափ զարնելով։ Արցունքոտված աչքեր: Ծափը ծափին խփելով՝ թագավորի լաց, քամի՝ շոգի, փարաջաների, արցունքների, փոշու, կանթեղների, զանգերի միջով հոսող։ Կարկտի պես հողի ու քարի հարված փոսը իջեցրած դագաղին:
Գավառը ոտնատակ տված հեծելազորը վերադարձավ՝ թևերը թիկունքին, նիզակի վրա կապված աղեղնավորին առաջները գցած։ Զինվորները, շուրջանակի շղթա կազմած, նիզակներով ու վահաններով հազիվ էին պաշտպանում նետաձիգին ժողովրդի հարձակումից։ Մի քանիսը կեռերով ուզում էին նրան դուրս քաշել զինվորների վահանների տակից։ Նրանց նետած քարերն ու վաղրերը արդեն զինվորներին էլ էին վնաս հասցնում, երբ ռազմական արագընթաց, երկանիվ կառքը մտավ ժողովրդի մեջ։ Նրան թիկնազոր դասակը
գոռաց. «Ճանապարհ զորավար Վասակին»: Վասակ զորավարը ինքնադատաստան կատարել ցանկացող ժողովրդին ասաց. «Դատի իրավունքը թագավորինն է»: Թևերը կապած տղային գցեցին կառքի հատակը, Վասակը ոտքը նրա վրա դրեց: Թիկնազորը գոռաց. «Թագավորի զորավար Վասակին ճանապարհ տվեք»: Փայծաղները ղռղռացնելով՝ ձիերը վարգեցին, կառքի հետևից փոշի բարձրացավ։ Նետաձիգին մտցրին թագավորի կացարանը:
Թագավորը նրա ձեռքերն է արձակել տվել, անունն էր հարցրել, տղան սարսափից սփրթնել էր: Իմացել էր, որ զինվորի հայրը հովիվ է եղել, մի գիշեր սարակինոսները ոչխարի հոտի հետ սարերից տարել են, ու ահա յոթ տարի է՝ լուր չկա: Թագավորն ասել է. «Զինվորության համար երիտասարդ չե՞ս, տղա»։ Նա ասել է, արցունքը կուլ է տվել ու ասել է. «Մի մատ երեխա եմ, տեր արքա: Զինվորները կոտակ են ասում»,– մտածել է ու դարձյալ ասել. «Մայրս չի կարողանում քայլել, երկու տարի առաջ ոչխարի բուրդն է լվացել գետում, լպրծուն քարին է կանգնել, ընկել, անրակն է ջարդել, տասը մանր երեխաներ կան տանը: Արքունական գնդի աշխատավարձն ու սնունդը լավ է։ Ամեն շաբաթվա վերջում համարյա երկու նկանակ հաց էի տնտեսում երեխաների համար»: Թագավորն ասել է. «Աբել տղա, դու չգիտեի՞ր, որ թագաժառանգին մեռցնել չի կարելի: Բա Աստված կների՞, երբ իր ընտրյալի վրա նետ ես արձակել: Դու պատերազմ ես հայտարարել թագավորական տան դեմ»: Աբելը լացել է, նրան տարել են բանակի հոգևորականի մոտ:
Խոստովանեցնող երեցը Սուրբ գիրքը նրա գլխին է դրել, ասել է. «Լաց, լացը թեթևություն կբերի: Աստծու երկինքը հողագնդից վաղ է ստեղծվել: Քո հոգին այնտեղից է ծնվել: Խնդրիր Աստծուն, որ օգնի քո հոգուն հետ գնալու իր տեղը: Մխիթարվիր՝ լավը պիտի գնա աշխարհից, որ չարը չծառայեցնի նրան: Մենք էլ այս աշխարհում կաղոթենք քեզ համար»։
Արշակ թագավորը Վրիվ Գնունուն հանձնարարել է՝ զինվորական գործերի վերակացուի հետ գտնել Աբելի հարազատներին ու այդ դժբախտ ընտանիքին մարտում զոհված զինվորի թոշակ նշանակել բավարար չափով, որ առանց նեղություն քաշելու ապրեն։ Մինչ այդ չլսված, չտեսնված արտոնություն էլ է տվել նրանց ընտանիքին՝ տան աղջիկները մարդու գնալուց օժիտ պիտի ստանային արքունիքից, տղաները չափահաս տարիքում ազատներ պիտի անվանվեին ու եկեղեցու և արքունի տուրքերը չպիտի վճարեին:
Երբ ոտքերը տակին ծալվող Աբելին արիության համար սև կակաչի հյութի հետ խառնած ցքի խմեցրին ու Շահապիվանի հրապարակի ծառից կախեցին, նրա հարազատները գյուղից եկան դիակը տանելու: Աբելի մայրը աղաչեց, նրան թույլ տվեցին թագավորի առաջ ընդունելություն գտնել, ու իր ընտանիքի տասը անդամների հետ, ինքը պատգարակին պառկած, տասը մանր երեխաները թագավորին շրջապատած, երգեցին «Չարաշխանքե հալածեն», որ Աստված թագավորին երկար կյանք տա ու պահպանե: Երբ նետաձիգի դիակը ծառից իջեցրին ու գյուղ ուղարկեցին, Գնելի եղերական մահվան համար լաց ու կոծը մեղմացավ, հետո դադարեց:
Դիտորդները, հետո արքունի կարապետները եկան ու ասացին. «Թագավոր, Փառանձեմի հայրը՝ Սյունիքի նահապետ Անդովկն է եկել: Գնելի՝ իր փեսայի արյան հետևից է եկել: Նրա փրփրակալած այրուձին ճամբար է խփել Շահապիվանից չորս փարսաղ հեռու, ինքը թիկնապահներով է, արքունիք մուտք է պահանջում: Խոսքերը պաղ են, աչքերի մեջ արյան նիշ է իջել, պնդում է, որ պիտի մտնի»: Լուրն անհանգստացրեց ու իրարանցման մեջ գցեց նաև Նավասարդի տոնակատարությանը ներկա ազնվականությանը: Նրանք գիտեին՝ ինչ է նշանակում հարևանությամբ սպասող հեծելազոր և փառատենչ Անդովկ: Հայոց աշխարհում բոլորն էլ տեղյակ էին Շապուհ թագավորի սեղանի շուրջը՝ իր սրտով նստելու տեղ չստանալու համար Տիզբոն քաղաքում նրա սարքած ավերավարին: Տեղյակ էին ու դրա համար էլ նահապետին վայել կեցվածք չունենալու համար չէին սիրում նրան և կերպասի ու թանկագին կտորեղենի ժամանակաշրջանում նրա հովազի մորթով շրջելը համարում էին վայրենաբարո լեռնցու կեցվածք։ Ասում էին. «Սեղանի շուրջը նստելու տեղի համար էլ մարդը այդպիսին լինի՞»:
Մի անգամ Անդովկին հրավիրել էին Պարսից երկիր: Նրա հետ խոսել ու մեծ վարձով համաձայնության էին եկել, որ Շապուհ արքայի զորաբանակի հետ նա էլ մասնակցի քուշանների դեմ պատերազմին։ Արքայից արքա Շապուհը, պատերազմական արշավի դուրս գալուց առաջ, մեծ ճաշկերույթ է կազմակերպել իր ավագանու և բազում ճակատամարտերում խիզախությունների համար շքանշաններով ու պատվո նշաններով պարգևատրված հերոս զորավարների համար ու սեղանի շուրջը Անդովկին նրանցից առանձնացած նստելու մի ստորադաս տեղ է նշանակել։ Խորապես վիրավորվել է Սյունյաց իշխանը, վիրավորանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ մի կում գինի, մի փշուր հաց էլ չի դրել բերանը: Սպասավորները, մատռվակները, նկատող ավագանին իմաց են տվել արքայից արքային, թե՝ «Տե՛ս, որքան խոժոռ ու դժգոհ է Անդովկը»։ Շապուհն իբրև չի նկատել, շարունակել է կերուխումը նույն թափով։ Հաջորդ օրը պարսից զորքը Շապուհի առաջնորդությամբ դուրս է եկել մայրաքաղաքից պատերազմական արշավի։ Ճանապարհի կեսից, պարսից բանակի վերջնապահ Անդովկը, իր հազար յոթ հարյուր զինվորներով, աստիճանաբար հետ է մնացել, հետո շրջվել է ու վերադարձել, հանկարծակի հարձակվել է պարսից Տիզբոն մայրաքաղաքի վրա ու մեծ ավարառություն է կազմակերպել։ Այնուհետև մտել է Շապուհի պալատը, մինչ նրա հարստությունը կհանեին ու կբարձեին ջորիներին, ինքը արքունական պարտեզում ողջակեզի համար արածող արջառներն է մորթել ու իր զինվորների հետ նախադեպը չունեցող մի խրախճանք է սարքել:
Այդ պահին Քուշանների երկրում մոգերը մի կարմիր շուն էին տեսել տաճար մտնելիս։ Նրանք Շապուհին ասել էին. «Կարմիր շունը մոգության ամենավատ նշանն է, արքայից արքա, քո պալատն ու արքունիքը հրի է մատնվելու, վերադարձիր երկիր»։ Շապուհը մտածել է, թե պատերազմական դժվարին ու վտանգավոր երթերից հոգնած մոգերը հայրենիք վերադառնալու պատրվակներ են հորինում։
Բայց մինչև Շապուհը կվերադառնար արշավանքից, Անդովկը, պարսից գանձերն առած, արդեն ամրացել էր Սյունյաց լեռնաստանի Բաղաբերդ ամրոցում։ Շապուհը գնացել ու եկել է։ Բաղաբերդ ամրոցի նորից ու նորից պաշարումը անարդյունք՝ ամիսներ ու տարի է ձգվել, զորքը հավաքել, թողել հեռացել է։
Ահա այս պատմությունն էր, որ ցնցել էր բյուզանդական պատանդությունից վերադարձած Գնելին։ Գնելը գնացել էր Անգեղ դաստակերտ՝ Տիրան պապի մոտ, բոլորին հակառակ, Տիրան թագավորահոր պատճառաբանություններին չանսալով, թե. «Ազնվականության հարգը չիմացող, վայրենաբարո է Անդովկը»: Ասել էր. «Տիրան թագավորահայր, Սյունյաց Անդովկի աղջկան եմ ուզում, ցանկանում եմ, որ իմ կինը վագրի ձագ լինի ու չհաշտվի աշխարհի հետ»:
Երբ արյունակոխ, կարմրատակած աչքերով Անդովկ իշխանին առաջնորդեցին Արշակ թագավորի կացարանը, այդ պահին արքունի ծառաները, պալատականները, հյուրերը, ազնվականները հավաքված աղաչում, խնդրում էին, որ Արշակ թագավորը դադարեցնի աչքի լույս տանող լաց ու կոծը, վերջացնի պաղ սալերի վրա ինքնասպան գալարվելը, իրենից հեռացնի ցնորվածության հասցնող սև կակաչի հյութով խառը ցքու գավը, խնայի սալջարդ ծնկները այդքան երկար, գիշերուզօր ծնրադիր աղոթքներից, ողորմա իր հետ հանդերձները պատառոտող ողբասացներին, Աստված արդեն վաղուց լսած կլինի նրա ողբը։ Նա իրեն բռնադատող ստիպողներին ասաց. «Չէ՛ ու չէ՛, թող Աստծու պատիժը թափվի իմ գլխին, թող իմ տոհմի վրա մաշվի սրի շեղբը, Արշակունի կանանցից անպակաս լինի ընկեցիկ արգանդը, եթե ես մինչև երրորդ արևածագը սուգը դադարեցնեմ։ Այսօր Աստծու ընտրյալ՝ թագավորների տնից թագաժառանգ ընկավ»։ Բայց դարձյալ ժողովրդի մեջ մի իրողության պես բան էր տարածվել, համարյա իրողության նմանվող մի բան էր հռչակվել, բերնեբերան պտտվում էր, թե՝ «Արշակ թագավորը Գնելին միայն ու միայն սպանել տվեց, որ նրա կնոջը տիրանա»։ Ասում էին. «Փառանձեմը շատ է սիրուն, իսկ թագավորն ուզում է գեղեցիկ կին ունենալ, իսկ մնացած ասուխոսը դատարկ պատճառաբանություններ են»։ Այդ կարծիքին հակառակվողները պնդում էին, թե՝ «Ինչ գեղեցկության մասին է խոսքը, Գնելի հետ իր քաղաքական հարցերը վերջացնելուց հետո թագավորը Փառանձեմին կնության չէր կարող չառնել: Նա թույլ չէր տա, որ Փառանձեմի խնամարկուն օտարը դառնար։ Նա Գնելին հասանելիք ժառանգությունը, արքայազուններին պատկանող Աղիհովիտ ոստանը կթողնե՞ր, որ արքայական տնից կտրվեր, Փառանձեմի հետ՝ որպես բաժինք, գնար օտար տուն: Իհարկե ոչ։ Դրա համար էլ գործը այսպիսի ընթացք ունեցավ»։
Արշակ արքան երեքօրյա ապաշխարանքն է անցկացրել, երեքօրյա սգից հետո Անդովկի հետ առանձնացել է ու նրան կարգել հարավային զորքերի հրամանատար։ Ասել է. «Քեզ ի՞նչն է պակասում, ոսկին, հարստությունը ունես, դի՞րքը, դիրքն էլ, իմ դիրքը՝ քո դիրքը կլինի,– ասել է,– գիտեմ, որ կարող է նեղություն լինի քեզ, բայց, Անդովկ իշխան, հարմար է, որ նաև Տիգրանակերտի կառավարիչը դու լինես,– ասել է,– հիմա շտապիր, հովազի մորթու տեղակ կարմիր կերպասե կապա հագիր, դու գնա։ Կարևոր է, որ ես այնտեղ երկրին հավատարիմ, ինձ հարազատ, բարեկամ մարդ ունենամ»։ Նրան ճանապարհել է, ու ինքը դուրս է եկել ժողովրդի մեջ։
Այդ ժամանակ էր, որ Սուրբ աղավնու ոտքը թելով կապած ու թելից բռնած՝ ինքը երկրի վրայով, աղավնին՝ երկնքի միջով, Տիրան թագավորը եկել, հասել էր Շահապիվան, Արշակ թագավորին ասել է. «Գիշերը, երբ եկան, եկան տապալեցին ու ատամներս թափեցին բուռս ու սալքարերի վրա ջարդոտված մատներիս մրմուռն էի խեղդում, հետո դուրս եկա ու խոտերի մեջ արյուն էի թքում, բուն էր կանչում մթան մեջ, ու պատի տակով վազող քամին անցավ մեջքիս վրայով, ես լսեցի ձայնը, ձայնը մտել էր գլուխս ու միաժամանակ ուղեղիս երկու կողմերից ինձ օգնության էր կանչում, լրաբերը մինչև գույժը կհաղորդեր, ձայնը լրաբերից առաջ գլխիս մեջ աղաղակեց. «Գնելը չկա»: Հասկացա, որ գիշերվա մի ակնթարթի մեջ մի ծանրություն կա, անկշիռ մի բեռ, որ իմ ուսերը չեն դիմանալու։ Թագավո՛ր, դու էլ ես հանդիպել այդ ծանրությանը, երբ մեր միջև Գնելի անվտանգության համար կապած ուխտը խախտեցիր, հանդիպել ես նրա հետ, աչքերդ մատնում են, որ հանդիպել ես անկշիռ ծանրությանը ու տեսել նրան, բայց չգիտեմ, նրա խայթոցը սրտիդ՝ կարո՞ղ ես կանգնած մնալ»։
Հետո Արշակին ու Փառանձեմին է կանգնեցրել դեմ ու դեմ, ասել է. «Ձեր հերն եմ անիծել, եթե աշխարհի առաջ արժանապատվություն ունեք, ամուսնացեք իրար հետ։ Թույլ չտաք, որ թագաժառանգը կտրվի աշխարհի երեսից»։ Փառանձեմն ասել էր. «Չէ՛»: Հավաքված ամբոխը՝ Գնելի կուսակիցներն էլ են գոռացել. «Չէ՛»։ Շուրջբոլորակի զորաբանակին Ներսես կաթողիկոսը բացատրել էր, որ. «Սուրբ գրքի ասածով՝ դա արյունապղծություն կլինի: Դա հեթանոս իրավասովորության վերականգնումն է»: Զորաբանակը սրերով ծեծել էր վահանները, որը բացատրվել էր իբրև՝ «Չէ՛»: Լրաբերը Վասակ գորավարի ականջին է փսփսացել, Վասակ զորավարը Արշակ արքային ասել է. «Չէ՛, գավառները եռում են, Գնելի կողմնակից նախարարները իրենց գնդերը պատերազմի կհանեն, նրանք սպասում են Սյունյաց իշխանին։ Թագավո՛ր, շրջահայաց եղիր, նրանք Անդովկի խոսքին են սպասում»։ Արշակ արքան ոչ մեկի աչքերի մեջ չի նայել։ Զինվորի ձեռքից վերցրել, նիզակը գետնին է խրել, գլխից հանած մարգարտաշար բեհեզյա խույրը նիզակին է հագցրել, ծիրանագույն պատմուճանի ճարմանդն է արձակել, գցել ոտների տակ: Ոսկեկար, սպիտակ վերնաշապիկն է հանել, մերկացել մինչև գոտկատեղը, էլ չի սպասել, որ ծառաները բազկաթոռը բերեն, նստել գետնին, ոտքից քաշել հանել է արքայական կարմիր, երկարաճիտք կոշիկները. հարալեզ շունը եկել, նստած տեղը նրա ոտքերն ու ձեռքերն է լիզել, ոտքով խփել, շպրտել է նրան։ Ծառաները գիշերվա ու ցերեկվա խորհրդանիշ՝ սև ու սպիտակ խոյեր են մորթել նրա ոտների տակ, արյունը լցրել եռոտանու մեջ։ Արքան բռով վերցրել արյունը, ումպերով խմել է, քսել թևերին ու կրծքին, սրտի վրա կարմրով նշան է դրել։ Պարանոցի՝ ակներից հյուսածո քառամանյակներն ու ականջի գինդերը փայլատակել են արևի դիմաց: Ծառաները եռոտանու՝ նույն արյունով կատաղեցրել, տրորել են ցլի դունչը։ Արշակ արքան գնացել է, ընթացիկ ասել է. «Հեռացրեք շանը, թող մեկը պահի շանը»: Ցանկապատի վրայով թռել է մարտահրապարակ, ասել է. «Բա՛ց թողեք չենթարկվող, պոզերով պատերը ծակող ցլին»: Հավաքվածները լռել են, զորաբանակը գլուխն է կախել, ծառաները հապաղել են։ Արշակ արքան ոչ մեկին չի նայել, գոռացել է. «Բա՛ց թողեք»։ Ծառաները դանդաղել են: Դրաստամատը մոտեցել, Վասակ զորավարն ու մեծամեծ նախարարները մոտեցել, ասել են. «Արքա՛, ցուլը միանգամից ձեր կուրծքը կտեսնի, ձեր սրտի կարմիր նշանը մաքրենք, կարմիրը աչքի առաջ ունենալը նրա առավելությունը կլինի»: Թագավորը լռել է, ասել են. «Արքա՛, գոնե նիզակ վերցրու»։ Թագավորը նայել է նրանց, տեսել են, որ աչքերն արյուն է լցված։ Ասել են. «Թողեք ցուլը»։
Սուրբ աղավնին գլխին՝ Տիրան թագավորը տեսածով շնչասպառ լինող Փառանձեմին ասել է. «Հաստատապես պրծում չկա, նա կհաղթի»։ «Ո՞վ»,– հարցրել է Փառանձեմը: «Թագավորը»,– ասել է
Տիրանը։ «Ախր ինչո՞ւ, դու կույր ես, դու չես տեսնում»։ «Որովհետև նա գիտե, որ ինքը երկրի թագավոր է»: Ցուլը եկել ու վազքի ընթացքից միանգամից տեսել է Արշակ արքային։ Կտրուկ կանգնել է,
առել է նրա կրծքին քսած արյան հոտը ու ճանաչել իր հակառակորդին, ուռել է նրա բաշը ու ցցվել մազերը: Ցլի քթանցքներից խոտի ու ծաղիկների պայթող փնչոցը դեմքին, Արշակ արքան պոզերից բռնած, փոշին երկինք֊գետին պատած, Գնելի տաք արյան հոտը դեռևս ռունգերին՝ կատաղած ցուլը դոփել, պատառոտել է հրապարակը, կարմիր նշանը աչքերի մեջ պահած՝ Արշակ թագավորին քաշան֊քաշան, հող ու փոշուն խառնած տարել, դեմ է տվել ցանկապատին, Արշակի երակները թևերի մեջ փքվել, շարժվել են անձրևաորդերի պես, սարսափած Դրաստամատը մոտեցել, ասել է. «Հապաղում ես, ժամանակն է, արքա, վիզը ոլորիր, քաշիր մի քիչ դեպի քեզ ու ոտքով մի թեթև խփիր կոճին»։ Արշակ արքան այդպես չի արել, Դրաստամատին ու ժողովրդին գոռացել է. «Դու, որ ինձ ես հուշում, իսկ ցլին ո՞վ պիտի ասի»։ Հավաքվածները ծիծաղել են, զինվորներն աղաղակել են։ Արշակ արքան կռիվը նորից է սկսել: Տիրան թագավորը սարսափած Փառանձեմին ասել է. «Որ ամուսնանաք, տղա կծնվի»։
«Ինչո՞ւ»,– ասել է Փառանձեմը։ «Որովհետև նա գիտի, որ երկրին թագաժառանգ է պետք, կարհամարհի անձնական երջանկությունը»։ Արշակ թագավորը ցլին հաղթել է։ Ժողովուրդը գոռացել է.
«Թող ամուսնանա»։ Շուրջբոլորակի տված զինվորներն աղաղակել են. «Երջանկություն արքային»: Թրերով ծեծել են վահանները, ծեծին համաչափ գոռացել են. «Կեցցե թագավորը»։ Դրաստամատը
մոտեցել, ասել է. «Թագավոր, արյուն է գալիս, ցուլը ձեր ոտքն է տրորել»,– ասել է. «Նստեք գահավորակին, թող կապեն»։ Թագավորն արհամարհել է, ասել է. «Թող ոսկե դրամներ շաղ տան զինվորների գլխին»։
Հորիզոնի վրա, դեղին, նարնջագույն լույսով, անձայն կեծմխտում էր կայծակը, արքունի ծառաներն ու ստրուկները Շահապիվանի տների պատերին հաղթանակած նոխազի պղնձաձույլ պատկերն էին փակցնում, հեռվում բառաչում էր կովը, օրը պաղում էր, իսկ իջևանատան հրապարակում՝ խարույկների շուրջը հանգստացող ժողովրդի առաջ մարգարեացավ Եպիփանը, ասաց. «Այսօր նոխազը հաղթեց ցլին, եթե նշանը մեկնելու լինենք, կնշանակի, թե թագավորը աստվածամարդ է, հնարավո՞ր է այդ»։ Ժողովուրդն աղաղակեց. «Հնարավոր չէ, Աստված մեկն է ու երկնքում է ապրում»։ Շաղիտան, Եպիփանը և Գինդը, որ Սլկունյաց ցեղից էին, ասացին. «Ճիշտ է»։
Հեռվում բառաչում էր կովը, օրը պաղում էր։
Առաջին գիշերը, երբ Արշակ արքան գնացել է Փառանձեմի մոտ, նա բազմոցին է պառկած եղել ու շուտ է մերկացել՝ աչքերը թաց, քիթ-բերանը թաց, մազերը թաց, ստինքները թաց, ամբողջովին թաց, մարմինն էլ է լացած եղել: Արշակ արքան պառկել, պառկել է նրա կողքը ու թողել-գնացել է։ Առավոտյան Փառանձեմի մայրապետը եկել է՝ նրա շորերը հագցնելու, տեսել է՝ բազմոցը ջուր, Փառանձեմը ջրի մեջ։ Ձեռքերը ծնկներին է խփել, ասել է. «Վույ, կուրանամ, էս ինչքան է լացել,– ասել է,– նա չի կարողանում թագավորին սիրել, որովհետև նրա մարմինը թուխ է, ինքը՝ թավամազ»։ Հաջորդ օրը՝ բաց դաշտում զինավարժությունների ժամանակ, գնդից գունդ անցնելու պահին, զինվորների հետ խորոված ուտելու, գինի խմելու, հարճերին պարեցնելու, նրանց հետ գինարբուքի պահին հանկարծ թևերը թուլացել են, Փառանձեմի մասին է մտածել թագավորը։
Գիշերը գնացել է նրա մոտ, նա բազմոցին է պառկած եղել ու շուտ է մերկացել, աչքերը շոշափել է՝ պաղ, քիթ-բերանը շուրթերի մեջ է առել՝ պաղ, մազերը դեմքին է հոսեցրել՝ պաղ, ստինքները լեզվին է հպել՝ պաղ, մատների տակ ողնաշարի փոսիկներն ու հետույքը՝ պաղ, ամբողջ մարմնով օտարացած է եղել։ Արշակ արքան պառկել, պառկել է նրա կողքը ու թողել, գնացել է։
Առավոտյան Փառանձեմի մայրապետը եկել է՝ նրա շորերը հագցնելու ու մարմնի խնամքը հոգալու։ Տեսել է՝ բազմոցը ջուր, Փառանձեմը ջրի մեջ, զնգռտոցից կուրծքն է պատռվում։ Իսկ դրանիկ ծառաները, աղախիններն ու պալատական ազնվականները զարմացած են այդպիսի գիշերից, այդպես թագավորին տրվելուց, այդքան անկարող կին ու թագուհի լինելուց։ Մայրապետը ծնկներին է խփել, բազմոցին լճացած արցունքներն է սրբիչով արծաթյա կոնքի մեջ հավաքել, ասել է. «Նա չի կարողանում թագավորին սիրել, որովհետև նրա մարմինը թուխ է, ինքը՝ թավամազ»։
Հաջորդ օրը առավոտյան Արշակ արքան ախոռապետին ասել է. «Կառքը լծեք, գնում ենք ուրց քաղելու»։ Սպիտակ կառքն ու սպիտակ ձիերը երեք օրվա ճանապարհ են կտրել, եկել-հասել են Արագածոտն, բարձրացել Ամբերդ։ Փառանձեմ թագուհուն բերդի շինություններն ու կամարներն է ցույց տվել, աշտարակների մարտունակ զինվորներին է տեսցրել, պարիսպների պղնձակուռ, անխորտակ դարպասներին է նայել տվել, մտել են եկեղեցի ու սրբապատկերների աչքերի առաջ թագուհու շուրթերն է համբուրել։ Բերդի տիրոջը, կայազորի պետ Զարմայր նախարարին չի լսել, նրա մոտ չի հյուրընկալվել, ոտքերի տակ մորթված սպիտակ ցուլի տաք արյան եռոտանու մեջ լցվելուն չի սպասել, թիկնապահներ ու ծառաներ չի վերցրել, ասել է. «Գնում ենք ուրց քաղելու, թագուհին ուրց է ուզում»։ Գնացել, հասել են դաղձախառը աղբյուրներին, արևից շիկացած քարերից հալվող, կաթկթացող քարաքոսներին ու թավալվել են ուրցերի մեջ։ Հետո սև, մութ ամպեր են հորդառատ հոսելով եկել, ցածրացել, քամին ու փոթորիկը ցնցել, գետնից պոկել ու գետին են գցել կառքը, թափահարել ու արթնությունը քնի են նմանեցրել, քիչ է մնացել վերցնեն կառքը գցեն ձորը, ու հորդառատ անձրևը շփշփացրել է կառքի տանիքը. լեռներից, սարերից, անդունդներից ու երկնքից եկել, ուժ է կուտակվել Արշակ արքայի մեջ, ու նա, ճկվել-բացվելով, սրթսրթալով, գալարվելով ու դողալով, պառկել է կառքի հատակին Փառանձեմի հետ այնքան ժամանակ, մինչև որ թագուհու մեջքը փորից փափուկ է դարձրել: Ու երբ բացել են կառքի դուռը, պայծառ, թանձր դեղինով արև է եղել, հենց կառքի դռան առաջ, տաք արևի մեջ, ճաղատ, կարմիր մորուքով հովիվն է կանգնած եղել, իսկ հովվի առաջ՝ չորեքթաթ տալով, կառքից դուրս եկող երկու մերկ մարմին: Հովիվն ասել է. «Կառքի վարագույրներն էլ փակ էին, կառքի միջից ահավոր վնգստոց էր գալիս, հալածված շան վնգստոց, ես ասի՝ մեր շներից են գողանում»: Հետո կառքի զինանշանն է նկատել ու փռվել ծիրանին ուսերին գցող Արշակ թագավորի ոտքերի տակ, ասել է. «Տե՛ր, ներող եղիր խոսքերիս համար, իրոք անցյալ շաբաթ քոչվորները մեզանից շուն էին գողացել»: Կարմիր մորուքով հովիվը նրանց գավով կաթ է հյուրասիրել: Արշակ թագավորը, երբ վերցրել է Փառանձեմ թագուհուց կաթով գավը, զգացել է, որ նրա ձեռքերից տղամարդու սերմի, կավի ու ուրցի բուրմունք է գալիս: Հետո նրանք Արագածից ցած են իջել, ու նրանց հետևից անձրև է բռնել, նրանց հետևից անձրևը եկել, իջել է բերքատու դաշտերին, հանդերին ու պտղատու այգիներին: Ամբողջ մի շաբաթ անձրև էր գալիս, իսկ տարին երաշտով էր սկսվել, եթե Արշակ արքան ու Փառանձեմ թագուհին տարվա այդ եղանակին լեռները չբարձրանային, Հայոց աշխարհում սով կլիներ, ու չէր ծնվի Պապ թագավորը: Գետնի տակ սգում էր դժոխքը, իսկ վերևում ցնծում էր երկինքը:
Թագավորական տան գործերի կառավարիչ Վրիվ Գնունին և Դրաստամատ ներքինին արքունական զինանշանով կառքը կանգնեցրել են Ներսես եպիսկոպոսապետի կացարանի առաջ: Կաթողիկոսի օրհնությունն են ստացել, հետո ասել են. «Վեհափառ, տղան ծնվել է, թագաժառանգը մի տարուց մեծ է, երկիրը ինչքա՞ն պիտի մնա առանց թագուհի»: Կաթողիկոսն ասել է. «Լինելու բան չէ, հնարավոր չէ, որ այդ գործը գլուխ գա, ես այն ժամանակ էլ եմ չէ ասել»։ Դրաստամատն ասել է. «Թագավորական խորհուրդը, նախարարներն ու մեծամեծերն էլ են ասում՝ եկեղեցական կարգը անենք, վերջացնենք, ինչի՞ նման է, երբ թագաժառանգի մայրը օրինական մայր չի ճանաչված եկեղեցու և Աստծու առաջ»։ Ասել է.
«Ես չգիտեմ՝ մենք կարո՞ղ ենք Աշտիշատի համաժողովում ընդունված օրենքը խախտել, իհարկե ոչ, այնտեղ պարզ ասված է, թե ինչպիսի ամուսնություններն են արյունապղծություն նկատվում։ Դուք էլ լավ գիտակցում եք, որ ձեր պահանջածը հեթանոս տաճարների իրավասովորության վերականգնումն է, որ այրին պետք է գտնվի ամուսնու մերձավորագույն ազգականի խնամքի տակ։ Տիրան թագավորի ցանկացածն էլ այդ էր, բայց մեր շուրջը ժողովուրդ, աշխարհ կա: Բյուզանդական արքաները, եկեղեցին ինչպե՞ս կնայեն նման բարբարոսությանը։ Իմ պատասխանը միանշանակ բացասական է»:

Երբ թագավորի ավագանու սահմանափակ խորհուրդը որոշեց Գնելին՝ որպես դեսպան, բանակցությունների առաքել Հռոմ, Վարդան Նահապետը՝ որպես վստահելի մարդ և արքունի լրաբեր, եկավ Աղիհովիտ գավառ՝ Գնելի հետ բանակցելու։ Իր ժամանելու պատճառի վերաբերյալ խոսակցությունը բացել էր ուշ գիշերը, երբ սյունազարդ դահլիճում արդեն ոչ ոք չկար: Ծառաներն էլ վերջին սպասքն էին հավաքում հյուրասիրության ճաշկերույթի սեղանից։ Հարճերը տաք ջրով արդեն լվացել էին նրա ոտքերը ու գոմեշի կաշվից կարած սանդալները տարել էին չորացնելու։ Գնելը երկմտել՝ տատանվել էր, գլուխը ափերի մեջ՝ խորհել էր։ Դահլիճում քայլել ու լռել էր: Վարդան Նահապետն ասել էր. «Դու խորաթափանց, քաղաքական դեպքերի դիպվածը հասկացող մարդ ես։ Նահանջելու տեղ չկա, չես կարող խուսափել։ Արշակը, երբ քո Տիրան պապի տասնչորս ջորեբեռ գանձարանը վերցրեց, էլ ո՛չ զենք գնելու հնարավորություն կա, ո՛չ երկիրը վարձկաններ մտցնելու, ո՛չ էլ՝ նախարարներին կաշառելու: Էլ ի՞նչ ելք ունեք։ Խելացի կլիներ, ընդունեիր արքունի առաջարկը՝ դու միաբանեիր նրա հետ։ Արշակն էլ է նույն կերպ մտածում։ Ասում է՝ ինչ եղել, եղել է։ Արշակ արքան ասում է. «Ափսոս… եթե Գնելը հիմա գնար Բյուզանդիա՝ կայսրության հետ բանակցություններ վարելու, ինչքան օգուտ կբերեր երկրին»։ Եկ հաշտության ձեռք մեկնիր քո թագավորին, դու գնա,– ասել է,– Նավասարդի տոնակատարությանը հասցրու լինել Շահապիվանում, թագավորական տունը մեծ պատիվներով կընդունի քեզ։ Կասկածամիտ լինել պետք չէ, բոլոր դեպքերում նա քո հորեղբայրն է: Ժամանմանդ օրն էլ մեծ հանդիսավորությամբ քեզ կհանձնեն Հռոմ մեկնելուդ հրովարտակը: Դու գիտես՝ երկիրը քաղաքական և ռազմական ինչ վիճակի մեջ է, և քո աճապարելը ինչքան է անհրաժեշտ։ Երկրի մեծամեծերն ու բոլոր ազնվական տներն էլ են հրավիրված տոնին, ինձ թվում է՝ ճաշկերույթի սեղանի շուրջը բոլոր կողմերից կատարյալ միաբանություն կկայանա։ Վախը հանիր սրտիցդ, ի՞նչ դարանակալություն պիտի լինի, այդպիսի դիպվածները բացառված են։ Անգեղ դաստակերտում քո ապահովության համար կայացած բանակցությունները վաղուց արդեն ավարտվել են, և ուխտ է կնքվել, դու լավ գիտես, որ քեզ համար էլ վտանգ չկա: Արշակը փակել էր նահանջի բոլոր ճանապարհները՝ ընտրության հնարավորություն էլ չէր թողել քո Տիրան պապին։ Տիրանը երկուսիցդ մեկին պիտի պահեր՝ խնայեց քեզ։ Նա քո փոխարեն Արշակ թագավորին՝ Խոռխոռունիք գավառի ճանապարհին զոհաբերեց իր համար քեզ նման թանկ, իրեն հավատարիմ Հայր Մարդպետին։ Գործարքը պիտի որ քեզ համար բավարար երաշխիք լինի, սակայն Արշակը այդքանով չբավարարվեց, նա ցանկանում էր, որ քո կյանքի դիմաց թագավորահայրը մինչև վերջ վճարի։ Տեղյակ էր, որ Տիրանն արդեն տասը տարիների որոնումներից հետո գտել է եկեղեցու թաքցրած գանձարանը ու գաղտնի է պահում, որպեսզի հարստությունը հոգևորականներից վերցնի քո գահակալության ժամանակ։ Բայց նա ստիպեց Տիրանին գաղտնիքը իրեն փոխանցելու նշան ուղարկել Աշտիշատի եկեղեցում՝ ծպտված քահանայի պաշտոնով ծառայող Աբդիշո դպիրին։ Տիրանը առյուծագիր նշանաբանը դրեց աղի վրա, նա ստիպված էր այդ նշանը ուղարկել իր Աբդիշո դպիրին։ Դու գիտես՝ քաղաքականությունը և թագավորների պատմությունը քեզ համար նոր բաներ չեն, և հասկանալի են նրանց բոլոր կանոնները, Արշակին էլ, քեզ էլ հասկանալի է, որ վտանգը անցել է, երկուստեք էլ վտանգ չկա»։
Տիրիթը՝ Գնելի հորեղբորորդին, ճիճու ուներ և գիշերները շատ անհանգիստ էր քնում, այս խոսակցությունը լսել էր և մանրամասն հասցրել կաթողիկոս Ներսեսին։ Նրանք Հայրապետի հետ դատական վեճի մեջ էին մայրաքաղաքի մոտակայքում ընկած մի հողակտորի պատճառով։ Արքունական տան աքսորի և նրա պատանդության տարիներին Տիրիթի անտերունչ մնացած հողերը բռնակցվել էին եկեղեցական կալվածքներին։ Կաթողիկոսը նրան խոստացել էր զիջել այդ հողակտորը՝ անհրաժեշտ լուրեր ստանալու դեպքում: Ասել էր. «Տիրիթ, մենք էլ գիտենք, որ Տիրան թագավորը երկար չի կարողանա զսպել այդ հարճին։ Մեր կարծիքով՝ նրա ջանքերը մշտական չեն կարող տևել»։ Ներսես կաթողիկոսը Տիրիթից լուրեր լսելուն պես սուրհանդակ էր ուղարկել Գնելի մոտ: Լրատարն ասել էր. «Հայրապետն ասում է՝ թող չգա Նավասարդի տոնին։ Բյուզանդիա գնալը Գնելի գործը չէ, եթե Արշակ թագավորը ցանկանա, Հռոմ գնացող կգտնի»։ Գնելը լրաբերին
ասել էր. «Կասկածել պետք չէ, ես չեմ կասկածում, Վարդան Նահապետն իր խոսքի ճշմարտությամբ նույնիսկ արտաքին աշխարհում է հայտնի»: Շքախումբ էր կազմել, վերցրել էր դրանիկ ծառաներին, տիկնոջը՝ Փառանձեմին, նստեցրել էր պատգարակը, պատգարակը ստրուկների ուսերին էր դրել ու Նավասարդի տոնին գնացել էր Շահապիվան։
Տիրիթն էլ, քանի որ ճիճու ուներ և նրան թվում էր, թե դեռ թագավոր չդարձած, Վարսենիկ հարճին չվայելած՝ մի քանի տարի հետո իրենից բան չի մնա, ճիճուները ներսիդին կուտեն, որոշեց համագործակցել Ներսես կաթողիկոսի հետ։
Նավասարդի տոների՝ սգի վերածված օրերից հետո, թագավորական ավագանին խորհրդի նստեց, որոշեց ու միակարծիք հաստատեց և խաղողաքաղի հինգ֊վեցերորդ՝ Ցրոն, Նպատ օրերին, եղերական մահով սպանված Գնելի փոխարեն, Բյուզանդական կայսրություն՝ բանակցությունների ուղարկեց արտաքին աշխարհում ճանաչված և բանակցությունների վարման կարգի նրբություններից հասկացող Վարդան Նահապետին՝ Հայոց երկրում հարգանք ու վստահություն վայելող յոթ իշխանների հետ:
Այնտեղ տասը օր մնալուց հետո վերադարձան Հայաստան, ու փոքրաթիվ թագավորանիստ խորհրդին Վարդան Նահապետը զեկուցեց, որ. «Հունաց աշխարհի կայսրը ու սենատի ավագների խորհուրդը և՛ խորամանկ է, և՛ կասկածամիտ,– ասաց,– նրանք մեզ չեն ուզում կորցնել և չեն ցանկանում մեր պատճառով Պարսից աշխարհին թշնամի դարձնել…»: Վարդան Նահապետն անհրաժեշտ հաջորդ բառը գտնելու համար մտածեց։
Գնունյաց իշխան Աբան ոչ մեկին՝ միտքը բարձրաձայն ասաց, բոլորը լսեցին. «Նրանց հզորությունն է այդպիսի քաղաքականություն թելադրում։ Նրանք դարձյալ այնպիսին են, ինչպես եղել են միշտ»: Ոչ ոք չպատասխանեց, նրա ասածը լռության մեջ էր։
Վարդան Նահապետն ասաց. «Պարսից հետ մեր պատերազմին նրանք նայում են որպես փոքր երկրի պատերազմի։ Մեր հաղթանակին կասկածում են: Հանկարծ, որ պատահի հաղթանակ էլ լինի, դա ճիշտ կլինի, բայց թող առանց իրենց մասնակցության լինի, սակայն հաղթանակի դեպքում՝ մեր փոքր երկիրը, իր ձևավորված ռազմական ուժով այս աշխարհագրական տարածքում ապագայում խոշոր նշանակություն կունենա, և նրանք գիտակցում են, այդ դեպքում մեր՝ որևէ երկրի աջակից լինելը հենց նրան էլ հաղթանակ կբերի,– ասաց,– Բյուզանդական կայսրության քաղաքական դիրքորոշումը այսպես նկատվեց, արքա՛…»: Նախարարները նստած տեղներում շարժվեցին, հատուկենտ խոսեցին, հետո բոլորը խոսում էին, Մեծ Ծոփքի իշխան Զարեհը պնդում էր, թե. «Մեր բռնած քաղաքական դիրքը այնպիսին պիտի լինի, որ ո՛չ բյուզանդացիներին գրգռի, ո՛չ էլ Պարսից աշխարհին»։ Թագավորը չէր խոսում, ձեռքը դատարկ գավին, այդպես մնացել էր, ձեռքն էլ էր մտածում։ Մյուս՝ Ծոփքի իշխան Նոյը, ասաց. «Թագավոր, մենք պիտի կարողանանք բյուզանդացիներին էլ պատերազմի մեջ ներքաշել»: Սյունազարդ դահլիճի յոթնաջահ աշտանակները վառեցին, թրթռացող կարմիրը տարածվեց բոլոր ուղղություններով։ Վարդան Նահապետը շարունակեց խոսքը. «Նրանք, այս ամենից բացի, իրենց հավատարիմ լինելու երաշխիքներ պահանջեցին, իսկ դավանակից լինելը՝ լավ է, բայց համարում են, որ քիչ է, բայց կա նաև ոչ պաշտոնական Հռոմի քաղաքականությունը, որը խիստ տարբերվող մի ուրիշ բան է։ Նրանց երկրի վաճառականները դժգոհ են կայսեր՝ մեր նկատմամբ բռնած դիրքից։ Մեր երկրի տնտեսական փլուզումներից վնասվում են նաև նրանց առևտրական գործերը։ Նրանց համար մավրերի երկրից նավերով ցորեն ու մորթիներ բերելը շատ թանկ գործ է։ Ասացին, որ Հռոմեական պետությունը Հնդկաստանին, Արաբիային և Չինաստանին արևելքից բերած ապրանքների համար, կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչքա՞ն է մուծում,– նա նայեց նախարարներին, պատասխան չկար, ասաց,– հարյուր միլիոն սեստերտիուս։ Իսկ նրանց կապալառուները, որ նվաճող հռոմեական բանակի հետևից շարժվում էին օտար, ոտնատակ տված երկրներն ու կայսրությունից ստացած հատուկ հանձնարարությամբ հարկեր էին հավաքում, գերիների առևտուր էին անում, տեղերի հողային հարստություններն ու հանքերի բարեբերությունն էին հաշվառում ու լցնում էին Հռոմի գանձարանը և ծանրաբեռնված քարավաններ էին առաքում իրենց երկիրը, մնացել են ձեռնունայն: Նրանք, մեր երկրից արքունի որոշումով քշվելուց հետո, դժգոհում են կայսրից։ Վաճառականների հետ մի առանձին հանդիպման ժամանակ հասկացրինք, որ մեր պահեստները լցված են իրենց համար շահութաբեր պարենով և ապրանքներով։ Ասացինք՝ ապահովություն չունենք: Ասացինք՝ հարկավոր է, որ մեր առևտրական քարավանները Մծբին, Ուռհա ճանապարհով անցնեն ու հռոմեական սահմանամերձ ամրությունների կայազորները մեր քարավանները պաշտպանեն պարսից հարձակումներից։ Նրանց վաճառականները խոստացան մի քանի սենատորների կաշառելու միջոցով ներազդել կայսեր վրա։ Արշա՛կ թագավոր, պղինձն ու երկաթն էլ որպես բանակցության միջոց օգտագործեցինք, Կոստանդիոս կայսեր հասկացրինք, որ մեր հանքերը կարող են այլևս պղինձ ու երկաթ չարտահանել Բյուզանդական աշխարհ։ Մեր հայտարարությունը նրա վրա այնքան էլ ազդեցություն չունեցավ։ Հետո արքունի ծառայողներից ճշտեցինք, որ նրանց ամբարներում ավելցուկներ կան։ Ժամանակին հաշվենկատ չենք եղել, նրանց կապալառուների վրա հսկողություն չենք սահմանել, տարել են ինչքան պատահի»։ «Երաշխիքներ կլինեն,– ասաց Արշակ արքան,– ես պիտի մտածեմ»։ Նա դուրս եկավ սյունազարդ դահլիճից։
Մի քանի օր հետո նորից հավաքվեցին խորհրդի։ Արշակ արքան հավաքվածներին հայտարարեց. «Բյուզանդական աշխարհի պահանջած երաշխիքը իմ Պապ որդին է։ Իմ Պապ որդուն պատանդ եմ ուղարկում կայսեր դուռը։ Ու կին եմ ուզում հռոմեական արքունի տոհմից՝ Օլիմպիային,– ասաց,– իշխաննե՛ր, թոթափեք խռովահուզությունը, նրանց երաշխիք ասածը՝ կոնկրետ ձև ու դեպքերից առաջ անցնել է պահանջում, դանդաղելը՝ ժամանակը մեզ չի ների, իսկ մեր բանակը դեռ մի կարգին այրուձի էլ չունի։ Խաղաղվեք, այսպիսի գործողություն է պահանջում դեպքն ու ժամանակը»:
Այս անգամ երաշխիքներով՝ թանկագին նվերներով, դրանիկ ծառաների, Փառանձեմ թագուհու և ճանապարհողների լաց ու կոծով Պապ թագաժառանգին՝ արքունական զինանշանով ռազմական կառքը դրած, երկու կողմերից թիկնապահ հեծելազորով պահած, Բյուզանդական աշխարհ ճանապարհվեց Դրաստամատ ներքինին։
Իսկ Արշակ թագավորը, քանի որ օր օրի սուրհանդակների միջոցով հրավերներ էր ստանում Շապուհ արքայից, ճանապարհվեց Պարսից երկիր՝ ժամանակ շահելու նպատակով բանակցություններ վարելու։
Արքայից արքա, Աստղերի և Լուսնի ընկեր Շապուհը, իր շքախմբով դուրս է եկել և հոր նման՝ կուրծքընդկրծքի է դիմավորել Արշակ թագավորին ու մեծարանքների է արժանացրել: Աշխարհի ու իրենց երկրների քաղաքականությունից են խոսել. դեմ, կողմ ու վեճ է եղել։ Բայց թույլ է տվել սեղանի շուրջը Արշակ թագավորի աստիճանաբարձը իր բարձի հավասարության դնեն: Դարձյալ նրանց միջև անհամաձայնություն, տարաձայնություններ են եղել, բայց Պարսից արքայի հրամանով՝ պալատական ոսկերիչները այդ օրերի համար Արշակին թագ են պատրաստել՝ Շապուհի թագի նմանությամբ, որ երկու թագավորները միատեսակ թագեր դնեին։ Շապուհը նրան պարգևեց նաև երկրորդական մեծ տունը Ատրպատական աշխարհում, ու նրանց ուրախությունը, նրանց կերուխումը չէր դադարում։
Մի օր, պարսից արքայից արքայի ախոռները շրջելու, ձիերով հիանալու ժամանակ, ախոռապետը, որ Արշակին լավ էր ճանաչում Պարսից աշխարհում երիտասարդական տարիներին աքսոր եղած ժամանակներից ու տեսել էր շիկացած արևի տակ, ստրուկների հետ արքունի կալվածքներում աշխատելիս, նրան ծաղրել, քթի տակ ծիծաղել է, թե. «Այծ հայերի թագավոր, եկ խոտի խրձի վրա միասին նստենք»: Վասակ զորավարը սուրը քաշել՝ նրան տեղն ու տեղը սպանել է։ Շապուհ թագավորը նրա արարքով, նրա տիրասիրությամբ, նրա ազգասիրությամբ հիացել, շշմել է: Զորավարին ընտիր պողպատից ձուլված սուր և մեծաքանակ նվերներ է տվել: Նույնիսկ Վասակ զորավարը ինքն է հուզվել ու շփոթվել, երբ առանձնացել են, ասել է. «Պատիվն ու հարգանքը շատ է, Արշակ թագավոր, իսկ լուրերը այլ բան են հուշում։ Նրանք գիշերով զորքերի տեղաշարժեր են կատարում դեպի մեր սահմանները, կարծում եմ՝ մեր հեռանալու ժամանակն է»։ Պարսից Շապուհ արքան չի համաձայնել, ասել է. «Չէ՛, հայր ու որդի իրարից այդքան շուտ կբաժանվե՞ն։ Մնացեք, մինչև հագենանք իրարից: Մինչև արժանին մատուցենք իրար»։ Հաջորդ օրը Պարսից երկրի մայրաքաղաք Տիզբոնի առաքելական եկեղեցու Մարի երեցին, Ավետարանով ու յոթանասուն
հոգևորականներով, կանգնեցրել է Արշակ թագավորի առաջ, թե. «Քո հավատով երդվիր Ավետարանի վրա, որ ինձ հավատարիմ կլինես և չես միաբանի հունաց կայսեր հետ»։ Միջանցիկ քամի չի եղել, շոգը կանգնած է եղել բոլորի ուսերին։ Արշակ թագավորն ասել է. «Իսկ ինչո՞ւ պիտի որևէ մեկի հետ լինեմ, ամեն ազգ իր պետությունը ունի»: Արքայից արքայի կոպը դողացել է, ասել է. «Վերցրեք թագը նրա գլխից»։ Սենեկապետն իջեցրել է ակնակուռ թագը: Շոգը կաթիլներով գլորվել է բոլորի և հոգևորականների մեջքներն ի վար։ Շապուհ արքան նայել է նրանց քրտնածոր դեմքերին, ասել է. «Հը, ի՞նչ է, շա՞տ է շոգ, ախր տարվա այս ժամանակ հարավային տաք քամիներ են փչում, ափսոս, պատուհանների բացելն էլ օգուտ չի լինի,– ասել է,– թող սառցով օշարակ բերեն։– Ասել է,– օշարակ բերեք»: Վասակը նայել է Արշակ թագավորին, թագավորը՝ նրա աչքերի մեջ: Շապուհն ասել է. «Տե՛ս, թե ավագ մոգը ինձ ինչ է հուշում, ասում է՝ նրան այստեղ պահիր, մարդ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից՝ Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող և մի ամանով ջուր: Հետո հրամայիր, որ քո խորանի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, ապա դու ինքդ, հայոց Արշակ թագավորի ձեռքից բռնած, սկզբից տար խորանի այն տեղը, որտեղ բնական գետին է, և նրան հարցմունքներ արա։ Հետո տար հայկական հող շաղ տված տեղը և լսիր, թե ինչ կխոսի ու կիմանաս, թե եթե նրան արձակես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՝ ոչ,– ասել է,– էություն բացահայտելու ավանդական այս ձևը զզվեցրել է ինձ, կարծես մանկանց օրորոցի մոտ պատմվող հեքիաթ լինի»։ Արքայից արքան նրան հարցրել է. «Ո՞վ եմ ես, և ո՞վ ես դու, Արշակ թագավոր»: Արշակ թագավորն ասել է. «Հարցը միանգամայն հասկանալի է, պատասխանն էլ այնքան պարզ է, որ ամեն ոք գիտե»։ «Այո,– ասել է Շապուհը,– գիտեն նրանք, ովքեր ականջալուր են իմ խորհուրդներին և հնազանդ՝ իմ հրամաններին։ Բայց ես պահանջում եմ, որ դու ասես, թե ո՞վ եմ ես»։ «Ես,– ասել է Արշակ թագավորը,– ճանաչում եմ ձեզ, ինչպես բոլորին՝ բայց առավել ևս, որպես մեր տիրոջ, իշխանություն ունես Աստծու նման թե՛ մեզ վրա և թե՛ ամեն մեկի վրա, որ ապրում է քո թագավորության մեջ, կարող ես սպանել ու ապրեցնել»: Շոգը գլորվում էր, ու ոչ մեկի ուսերի
վրա չէր թեթևանում նրա ծանրությունը: «Բայց այդ նույնը չէիր ասում քո պատասխանի մեջ,– ասել է արքայից արքան,– քեզ թվում է, թե կան բաներ, որոնց վերաբերմամբ դու անպայման հնազանդ ես ինձ, բայց և կան այնպիսի բաներ, որ ո՛չ ես պիտի հրամայեմ քեզ և ո՛չ էլ դու պիտի ընդունես,– Շապուհն ասել է,– մինչև հիմա արածներիդ համար գոհ եմ։ Բայց հիմա պահանջում եմ, որ հետ դառնաս կորստյան ճանապարհից և ընդունես իմ ցանկությունը։ Այս է իմ կամքը, Արշա՛կ թագավոր։ Եթե հակառակվես, առ ոչինչ կհամարեմ մինչև հիմա քո մատուցած ծառայությունները և տված օգուտները ու պիտի անխնա կորստի մատնեմ ձեզ՝ ձեր կանանց, երեխաների և թագավորության հետ միասին»: Առանձնացել է Շապուհ արյաց արքան, ընթացիկ ասել է. «Գիշերը քեզ ժամանակ, մտածիր, Արշակ թագավոր։ Ահա քո հավատակից հոգևոր դասն ու մեծամեծերից՝ ավագանին քեզ օգնական, գիշերը նստեք ու խորհրդակցեք»:
Հետո Արշակ թագավորին ու Վասակ զորավարին չէ, հայ ավագանուն իր առանձնատունն է հրավիրել։ Վարդան Նահապետին պերճաշուք գանձեր ու Ասորիքից բերված իր ազնվացեղ ձիերի երամակից սպիտակ մի նժույգ է նվիրել: Նրա նախարարությանը՝ կալվածքներ նվիրելու հավաստումով, վավերագիր մատանիով կնքված թղթեր է տվել։ Մարի երեցին ու յոթանասունի հասնող հոգևոր դասին ասել է. «Թագավորին համոզեք ձեր բարօրության համար։ Գիտակցեք, դուք պիտի գիտակցեք, որ ընտանիքներով այս երկրում եք ապրում ու բոլորդ այս աշխարհին եք պատկանում»։ Առանձնության մեջ Վասակ զորավարը Արշակ թագավորին ասել է. «Տե՛ր, եթե երդման արարողությունը առավոտյան գրավոր պարտականություն դառնա, վտանգի կենթարկենք պատանդության մեջ եղող Պապ թագաժառանգին, ու մեր բանակցությունները Բյուզանդական աշխարհի հետ կփլվեն։ Հաստատապես համոզված եմ, որ երդման վավերագրերը կուղարկեն Կոստանդիոս կայսեր»։ Մարի երեցը ներս է մտել, գլխահակ նստել, Ավետարանն է ծնկների վրա բացել, փակել, ասել է. «Թագավոր, ձեր մեջ ուրացող կա, աչալուրջ եղիր, չվրիպես»։
Արշակ արքան ու Վասակ զորավարը հոգևորականի շորեր են հագել, հասել են արքունի տնից քիչ հեռու գտնվող թիկնազոր գնդի
օթևանը։ Ձիերին դուրս են քաշել, քաղաքի սալարկած փողոցներով անաղմուկ անցնելու համար նրանց ոտքերին թաղիք են փաթաթել: Վասակ զորավարը քառասուն թիկնապահներին հարդարել է սեպաձև, Արշակ արքան թագավորական ծիրանին է գցել ուսերին, նրա զինակիրը ոսկեկար դրոշն է բացել, ու նրանք մթան մեջ նետվել են առաջ։ Երբ հասել են քաղաքի արևելյան դարպասներին, դռնապանը դռները չի բացել, ասել է. «Ճիշտ է, խոնարհվում եմ քո արծվակար կապույտ դրոշի առաջ, բայց, թագավո՛ր, դարպասները չեմ կարող բացել»: Այդ ընթացքում ծածուկ սուրհանդակ է ուղարկել քաղաքապետի մոտ։ Մինչև քաղաքապետի գալը, թիկնազոր գունդը դռնապանին ու դարպասները հսկող նրա զինվորներին կապոտել է ու շարել պարիսպների տակ, ու իրենք անարգել դուրս են եկել։ Քաղաքագլուխը ահագին հեռու՝ արքունական ջրաղացների մոտ, հասել է նրանց: Արշակ թագավորին ծնրադիր խնդրել՝ ասել է. «Մնա, դու գիտես՝ Արևի և Լուսնի ընկեր արյաց արքա Շապուհի զայրույթը, որ մնաս՝ կկանխվի հաստատապես վերահաս վտանգը և իմ, և քո գլխին»: Արշակ թագավորը նրան ասել է. «Պարգևում եմ քո կյանքը, ողջ վերադարձիր քաղաք»։ Քաղաքագլուխը հասել է արքունիք ու գիշերվա կեսին եղելությունը զեկուցել արյաց արքային։ Շապուհը զարմացել է, հետո ոտքը խփել է գետնին ու փախստականների հետևից հազար թեթևազեն նետաձիգներ է ուղարկել: Նրա ուղարկած գունդը ճանապարհները ավելի լավ է իմացել ու արագընթաց է եղել, երբ նետընկեց հեռավորություն է մնացել, որ հասնի Արշակ թագավորին, նա իր թիկնազոր գնդով հանկարծ հետ է դարձել ու շեշտակի հարձակվել հետապնդողների վրա։ Հանկարծակիությունն ու թափվող նետերի տարափը սարսափեցրել է հետապնդողներին: Արշակ արքան ու իր թիկնազորը երրորդ օրվա գիշերը մինչև լուսաստղի ծագելը այնքան ճանապարհ էին անցել, որ Շապուհի նորովի ուղարկած թեթև սպառազեն երկու հազարանոց գունդը ձեռնունայն վերադարձավ ու զեկուցեց. «Եղբա՛յր Արեգակի և Լուսնի, արքայի՛ց արքա, նրանք արդեն Հայոց աշխարհն էին հասել, իսկ սահմանագլխին, մեզ գերազանցող, կազմ ու պատրաստ նրանց սպասող գնդեր կային»։
Շապուհ արքան Մարի երեցին այլևս չթողեց հոգևորականի զգեստները հագնել: Վերցրեց նրա ձեռքից Ավետարանը, հրամայեց՝ երկաթե լարեր բերեցին ու շղթայեցին Ավետարանը, կնքեց իր մատանիով ու բանտարկել տվեց։ Հոգևոր դասին ասաց. «Ափսոս, որ դուք գնալու եք այս աշխարհից, թե չէ նա՝ ձեր փախցրած մարդը ի՞նչ, նա կգա։ Այս նույն Ավետարանը ձեր թագավորին իմ մոտ կբերի ու կչոքեցնի իմ ոտքերի տակ»։
Մարի երեցը փախուստի ճանապարհներ չէր որոնել, արդարացման խոսքեր չէր ասել, չէր ընկել Շապուհ թագավորի ոտքերը՝ ներում չէր խնդրել։ Իրեն գործակից քահանա Ղուկասի հետ գնացել, նստել էր արքունական տան առաջի եռոտանու մոտ, որը նշանակել էր, թե ինքը գիտակցում է իր մեղքը և սպասում Շապուհի վճռին։ Յոթանասունին հասնող հոգևոր դասը մեկիկ֊մեկիկ եկել ու շուրջբոլորակի նստել էր Մարի երեցի ու Ղուկաս քահանայի հետ: Որովհետև Մարի երեցը, Արշակ թագավորի համար փախուստի հնարավորություն ստեղծելուց առաջ, նրանց հետ էր խորհրդակցել, նրանք միաբերան ասել էին. «Հայոց աշխարհին թագավոր է պետք»։ Շապուհ թագավորը օրերով նրանց նստած թողեց եռոտանու առաջ: Եվ նրանց հարցին չէր անդրադառնում ու թույլ էլ չէր տալիս, որ երկու մերկ քահանաներին զգեստներ հագցնեն: Իսկ նրանք, եռոտանու առաջ այդպես նստած, սաղմոսներ երգելով, քսան օր սպասեցին։
Երկու քահանաների մերկությունը բաց էր արքունիք մտնող դուրս եկողների աչքերի առաջ։ Շապուհի ավագանին, արքունի մանր ու մեծ ծառայողները ասում էին. «Ձեր մերկությա՞նը նայենք, թե զարմանանք կնոջ շորերով փախած ձեր թագավորով»։ Պարսից իշխաններն ասում էին. «Ի՞նչ տարբերություն կնոջ ու հոգևորականի շորերի մեջ։ Իրեն հարգող ո՞ր թագավորը նման չտեսնված, չլսված բան թույլ կտար»: Որպես պատասխան՝ Մարի երեցը իր ամբողջ մերկությամբ բարձրանում, կանգնում էր նրանց աչքի առաջ ու ասում. «Իսկ մենք թագավոր ունենք»: Քսանմեկերորդ օրը Շապուհ թագավորը հրաման տվեց: Նրա հրամանի համաձայն՝ քառասուն հոգևորականների ականջները կտրեցին ու ձեռքերին շղթա դրած՝ ուղարկեցին Ասորեստան՝ Շապուհ թագավորի արքունի կալվածքներում աշխատելու, իսկ մնացած երեսուն հոգուն տարան մարտիրոսության։ Սայլերին բարձած երեսուն դիակներից երկու Աստծու մարդիկ մերկ էին նոր ծնված մանկան նման։
Եվ քանի որ պարսից կրոնը պահանջում էր դիակի պես պիղծ բանով, մանավանդ եթե դիակը քրիստոնյայի էր, չարատավորել սուրբ հողն ու ջուրը, դրա համար էլ դիակները տարան անմարդաբնակ անապատում կառուցած «լռության աշտարակը» ու դրեցին բարձունքում, գուբի մեջ, ոտքերից ու մազերից կապեցին պատերից, որ երկնքի թռչունները նրանց մարմնի մասերը շաղ չտան գետերի ու հանդերի վրա: Սակայն արյաց Շապուհ թագավորն արդեն լսել էր, որ Հայոց եկեղեցին նահատակներին սուրբ է հայտարարել ու նրանց ոսկորներն է պահանջում, իր հազարապետին ասել էր. «Է՛հ, տվեք թող տանեն, ի՞նչ է, նրանք մեռածներին հարությո՞ւն են տալու,– ասել էր,– ոսկորները տվեք, եթե թռչուններն արդեն կերել են մարմինները»:

Ամիսներ անց Պարսից աշխարհից՝ ոտաբոբիկ, սպիտակ մորուքը սափրած Վարդան Նահապետն է եկել: Ասել է. «Արքա՛, ոտքով եմ եկել: Ինձ վայել չէր զինվորի նման սուր կապեի ու ձի նստեի»: Արշակ արքան չի խոսել, խոսակցությանը ներկա նրա եղբայր Վասակ զորավարը չի խոսել: Վարդան Նահապետն ասել է. «Դուք գիտեք, որ կինս երեխա է ունենալու, ես չէի կարող Պարսից աշխարհում մնալ, դրա համար էլ եկա: Երեխան՝ տղա է ծնվելու, տղան իմ սուրն է կապելու: Արքա՛, իմ սուրն եմ բերել,– ասել է,– այնտեղ ես ձեզ մատնեցի, տղայիս համար եմ եկել, դուք համբերող եղեք, դուք մի քիչ սպասեք»: Աչքերը անքնությունից բորբոքված ու կարմրած են եղել, շուրթերը չորացած ու ճաքճքված՝ անսնունդ հալածականի պես կաշի ու ոսկոր է եղել: Արշակ թագավորն ասել է. «Չպիտի պատահեր, պատահեց, Նահապետ, մեծագույն աղետ պատահեց բոլորիս համար։ Դու գայթակղվեցիր։ Գնա քո գավառը, տղա կծնվի, երջանիկ կլինես, այդ ժամանակ էլ պատրաստ եղիր, մարդ կուղարկենք»: Վասակ զորավարն ասել է. «Դու մեզանից լավ գիտես նախնյաց օրենքով սահմանված կարգը. բացառության տեղ չեն թողել, նրանք իմացել են, դու էլ գիտես, թե ինչ կարժենա բացառությունը մեր աշխարհի համար»։ Վարդան Նահապետն ասել է. «Հա,– ասել է,– գիտեմ, այդ ընթացքում ես պատրաստ կլինեմ»: Գնացել է Տայք՝ իր գավառը, որպես թագավորին ու երկրին մատնած՝ իրեն անարժան է համարել տուն մտնել։ Դաստակերտի տակ, ձորում՝ հացենիների անտառում, վրան է խփել ու սպասել որդու ծննդին։
Տայք գավառի դուռը պահող գնդի հրամանատարը եկել, Վարդան Նահապետին զեկուցել է. «Զորագունդ է մոտենում գավառին,– ասել է,– Նահապետ, ձեր տոհմական արծվակար զինանշանով դրոշներ են փողփողում նրանց առաջապահների ուսերին, իսկ զորագնդի գլուխը ձեր եղբայրն է բռնել»: Վարդան Նահապետը մերկացել է, բոլոր զինվորների ու ներկա գտնվողների աչքի առաջ ռազմի դաշտերում ստացած իր վերքերն է ցույց տվել, մարմնի վրա անգամ մի թաշկինակի մեծության անսպի տեղ չի եղել, հենց միայն առնանդամի վրա երկուսից ավելի սպի է եղել։ Նա լացել է, որ այդքան ճակատամարտերի է մասնակցել ու իրեն բախտ չի վիճակվելու ձիու վրա, սուրը ձեռքին՝ զինվորի նման մեռնել, այլ օր ծերության գողի պես պիտի հեռանա այս աշխարհից: Ափերով հող է վերցրել, շփել սպիները ու լվացվել աղբյուրի ջրով։ Նա գիտեր այդ հողի համը, մարտի դաշտում, երբ խոցված ընկել էր, բռով հող էր վերցրել, բերանի մեջ շաղախ էր սարքել ու դրել սրի կտրածին՝ արյունահոսությունն էր դադարեցրել, հայրենի հողի համը գիտեր, ինչպես հացի կամ աղի համն են իմանում։ Զինվորի հետ սուրն է ուղարկել կնոջը, ասել է. «Կտաք տղայիս, թող երկիրը պաշտպանի»։ Կինը, երբ սուրն է տեսել, սարսափել, ճչացել է. «Ամուսինս չկա»: Բազմոցից վար է վազել, վազելիս ծնել է երեխային: Երեխային հոր անունով Վարդան են կոչել։
Կանչել է իր շուրջը եղած ծառաներին, բոլորին մնաք բարով է ասել Վարդան Նահապետը: Իր զորագնդի հրամանատարին ասել է. «Մինչև հիմա պատվով ես ծառայել, այս պահից արձակում եմ քեզ,– ասել է,– բայց դուք էլ պիտի տեսնեք պատվավոր զինվորի մահը»: Զորահրամանատարը ծունկ է իջել, ասել է. «Տեր, մի անի, փրկիր մեզ դրանից»: Հետո նրանք վախեցել են Վարդան Նահապետի աչքերից, բոլորը միասին տեսել են աչքերը ու սարսափել՝ անտառ ու դղյակ են փախել։ Վարդան Նահապետը վրանի պարանն արձակել, ծառից է կապել, օղը գցել է պարանոցն ու ընկել:
Երբ արևը մայր է մտել, թռչուններն էլ չեն երգել, օրը պաղել է, Վասակ զորավարը եկել, հասել է նրա վրանին։ Վարդան Նահապետն ասել է. «Եղբայր, մարմինս թմրել է, բայց շունչս չի արձակվում, երկու մատ փորիր թաթերիս տակ»։ Վասակ զորավարը սրի ծայրով փորել է, Վարդան Նահապետի մարմինը երկարել, հեղձամահ է եղել։
Այս դեպքից հետո էր, որ ազնվական տներում ու ժողովրդի մեջ խոսում էին, թե. «Վասակ զորավարը եղբորը հեղձամահ արեց Խևա հարճի պատճառով»։ Ասողներ էլ եղան, թե. «Այդ սպանության մեջ աշխարհիկ կրքեր ու չարություն որոնել պետք չէ»։ Հակառակը՝ Վարդան Նահապետը սիրով խնայել է եղբորը, Վարդան Նահապետը նրան եղբայրասպանությունից փրկելու համար ասել է. «Միայն մի մատ հողը փորիր»: Ասացին, թե. «Բա ինչի՞ այդ դեպքից հետո նրանց միջնեկ եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը, իր ընտանիքն առած, գնաց Պարսից երկիր, ինքը վերցրեց տոհմի նահապետությունը, մոխրապաշտ դարձավ՝ ամուսնացավ արքայից արքա Շապուհի քրոջ հետ ու Մերուժան Արծրունուն միաբանելով՝ ասպատակեց Հայոց աշխարհը: Իր սպարապետ եղբոր ու թագավորի ամենաոխերիմ թշնամին դարձավ։ Հարցրել էին՝ եթե սպանություն չէր կատարվել, բա ինչո՞ւ նա իր երկրի ու հարազատ եղբոր թշնամին դարձավ։ Ինչո՞ւ, որովհետև սպանությունը կատարվել էր միայն ու միայն Խևա հարճի ու մանր կրքերի պատճառով»։
Իրոք, տարիներ առաջ Վարդան Նահապետը Քուշանների երկրից գերի բերված Խևային վերցրել էր Վասակ զորավարից ու տարել նրան իր դաստակերտը՝ նետել էր ոսկեկար բարձերի վրա: Խևան նրա ձեռքերը հանել է ծոցից, ստինքների միջից, նայել է նրա քրտնաթոր ափին, ասել է. «Քաղդե աշխարհի բախտագուշակ-ձեռնահման ասում է, նայիր, Նահապետ, դու ինքդ էլ կտեսնես բթամատի արմատի ցցվածքը, որ Լուսնի բլուր է կոչվում, ահա տեսնո՞ւմ ես նրա վրայով անցնող այս վարդագույն աղեղնաձև պսակը, սա, Նահապետ, նշանակում է անբնական մահ, դու կմեռնես վաղաժամ»,– ու հռհռացել է։ Վարդան Նահապետն ասել է. «Չէ, դե ոչ, դու պարզապես ինձ ատում ես ու չես ներում Վասակ զորավարից հեռանալու համար»։ Նրան իր հարճերի մեջ առաջիններից առաջինը լինելու շնորհ է տվել: Բայց ոսկեկար բարձերի վրա թավալվելով՝ Խևա հարճը, ժպիտը խոնավ շուրթերին, դարձյալ ասել է.
«Ես տեսա, դու կմեռնես պարանով, տարաժամ»։ Նա կարող էր նաև մի հայացքով գուշակել մայրացող կնոջ արգանդում պտղի տղա կամ աղջիկ լինելը, կամ, նայելով կովի հետևից վազող կարմիր աչք ցլին, մի ակնթարթի մեջ սպառել նրան՝ ձգելով սերմնագեղձը։ Մի սովորություն էլ ուներ. մարդկային մարմնից լեզվի վրա վերցված արյան կաթիլի համից կարող էր գուշակել ցանկացած մարդու ազգային պատկանելությունը: Իսկ երկու եղբայրների միջև ծանր, տագնապալի և անկանխատեսելի հետևանքներով վեճը չէր դադարում, մինչև որ գործին խառնվեց արքունիքը ու հրամանի պես որոշում կայացրեց, որ օտար երկրից բերված հարճը ոչ մեկին չի պատկանելու, այլ կավատության համար եկեղեցու դատին է հանձնվելու և ուրկանոցներում երկանք է աղալու: Քանի որ Խևան Աստծու հանգստյան յոթերորդ օրը սովորություն ուներ արձակ բաները հանգուստելու, նույնիսկ այդ օրերին ծառաներին ստիպում էր վարսերը կապել ու մահճակալների շուրջը կարմիր ու սև պարաններ ձգել և այնտեղից դուրս չգալ։ Իր քթին ու ոտքերին ոսկե օղեր էր հագցնում, որ ո՛չ տղամարդու բուրմունքը առնի, ո՛չ էլ նրա մերձեցմանը դիմակայի: Եկեղեցական հայրերն էլ հավաքվեցին խորհրդի, ասացին. «Ճիշտ է, հարճը կավատ է»:
Երբ հարսնաբեր շքախումբը Հայոց աշխարհի սահմանն է հասել, Դրաստամատը սուրհանդակ է ուղարկել, ասել է. «Գալիս ենք, թող թագավորը թագուհուն դիմավորի»: Լուրը գավառից գավառ, նախարարությունից նախարարություն է անցել, զուսպ տոնակատարության շեփորներ են փչել։
Ազնվական տներում մեծամեծերն ասել են. «Մեր մեկնությունը, որ լսող լինի, գործն այսպիսի ընթացք է ունենալու: Թագուհին Բյուզանդական աշխարհից է գալիս, նրա միջոցով մեզ կսկսեն այնտեղից կառավարել»: Դարձյալ ազնվական տներում հուզված խոսել են. «Չի կարող պատահի, որ թագուհին, իր երկրի նվաճողական, մեծապետական շահերից դրդված, ի վնաս մեզ՝ թագավորի վրա ազդեցություն չունենա»։ Այս երկու կարծիքներից նորից մեկն է
ծնվել, թե՝ «Որ մի քիչ դարերի խորքը գնանք, շոշափելի կհանդիպենք նաև թագավորի ծագման հարցին»: Հարսնաբեր շքախմբին ուղեկցող մետաքսե վիշապակիր հռոմեական զինվորները սպիտակ նժույգները լծած կառքն են կանգնեցրել, ընդառաջ եկող թագավորին ողջունելու փողեր են հնչեցրել, ստրուկները կառքի դուռն են բացել, ու Օլիմպիան է իջել, նրա ծնկի տակ բարձ են դրել, բարձին ծունկ է չոքել, Արշակ արքայի աջն է համբուրել, ճանապարհին դայակից սովորած հայերեն երկու բառն է ասել. «Իմ թագավոր»։ Արշակ արքայի անքնությունից կարմրակոխ աչքերին է նայել ու դողէրոցք է ունեցել։ Դայակին ասել է. «Նրա դեմքին կնճիռները շատ են, շնչառությունն անհամաչափ է ու ընդհատումներով»: Դայակն ասել է. «Դու սխալվում ես, նա առողջ է ցլի պես: Շնչառությունը պարզապես քեզ տեսնելու հուզմունքից էր, դու պարտավոր ես սիրել նրան: Իսկ աչքերի մեջ լցված կարմիրը գիշատչի արյան ծարավի կրքից չէ, ոչ էլ հարբեցողությունից, դու նրան ատելի մի դարձրու քեզ, իզուր ես այդպես մտածում, կարող է՝ փոշեհատիկ է ընկել աչքի մեջ, նրանց երկիրը մերի նման չէ, որ չորս կողմը օվկիանոսներ լինեն, այստեղ քարեր են ու սարեր: Հիշո՞ւմ ես, երբ փոքր աղջնակ էիր, քո հետ էլ էր այսպես պատահել, ու աչքերդ լցված արյունը հանելու համար բիբերդ հարճի կրծքի կաթով լվացինք: Նրա մեջքը կուզ չէ, ուշադիր եղիր ու կտեսնես, որ միայնակության պահին է, երբ միայնակ է մնում, այդ ժամանակ է ինքն իր մեջ խորասուզվում, ինքն իրեն կուլ գնում, ու մեջքը կլորանում է մյուս մարդուն էլ տեղ տալու համար: Իզուր էլ վախենում ես նրանից, սարսափելու ոչինչ չկա: Դու մի նրա ճակատից ճառագող վեհությանը նայիր, իսկական թագավորի կեցվածք է՝ հիացմունքի արժանի»:
Արշակ արքան նրան մայրաքաղաք է բերել արքունիք մտնելուց առաջ, շեմին դրված կավե պնակի առաջ է կանգնեցրել, ասել է. «Խփիր, թագուհի, թող ջարդվի։ Մեր աշխարհի սովորույթը երջանկություն է խոստանում»։ Օլիմպիա թագուհին խփել է, ափսեն չի ջարդվել: Ձախ ոտքով էլ է փորձել, հետո դարձյալ՝ աջ ու ձախով, եղջերվի մորթուց մույկերի մեջ ոտներն է ցավեցրել։ Արշակ արքան զայրույթը չի ցույց տվել: Չի ասել, որ դեպքը սարքած խարդավանք է, ասել է. «Թագուհի, մեր երկրի սովորույթի համաձայն՝ կրունկիցդ արյուն պիտի գա»: Ինքն է խփել, մետաղյա պնակը երկու կես է արել, թագուհու ձեռքից բռնած արքունիք են մտել, իսկ նախարարներն ու պալատականները հետևում էին նրանց՝ թագավորի երկարաճիտք կոշիկի կարերից կաթկթացող արյան վրայով:
Արշակ թագավորի հրամանով կապույտ, սյունազարդ դահլիճում խնջույքի ճոխ ու առատ սեղան բացվեց՝ փառաբանելու Օլիմպիա թագուհուն: Եվ ինը հարյուր նախարարներ, որոնք ունեին իրենց բարձ֊բազմոցները թագավորի սեղանի շուրջը, նստեցին ըստ աստիճանակարգի, և նրանք, որ սեղանի շուրջը կանգնած էին լինում ինը հարյուր պղնձե կոնքերով, անուշահոտ ջրեր բերեցին, լվացվեցին նախարարները, վերցրին արծաթե բաժակները ու գոռացին. «Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին»: Այդպես մինչև ուշ երեկո գոռում ու գինի էին խմում, բացի նրանցից, որ սեղանի շուրջը ոտքի վրա կանգնած էին լինում: Թագավորի կողքին, թագավորի գահին մոտիկ նստած Ներսես հայրապետն էլ խոսք ասաց, թագավորից պահանջեց ամուսնական կարգ կատարել Օլիմպիա թագուհու հետ եկեղեցու և Աստծու առաջ ու գահին ժառանգորդ տալ: Ասաց. «Թագավոր, ժամանակները բարենպաստ են, Օլիմպիային թագուհի ճանաչիր Աստծու և աշխարհի առաջ: Եվ մենք Բյուզանդական քաղաքակիրթ աշխարհի շնորհը հարգած կլինենք»: Մինչ նախարարները գոռում էին. «Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ կաթողիկոսի ճշմարիտ խոսքը», Արշակ թագավորը թեքվեց Հայրապետի ականջին, Արշակ թագավորը մերժեց նրան, ասաց, «Դու գիտակցո՞ւմ ես, կաթողիկոս, այդ արարողությունից ու այդպիսի ծագումով թագաժառանգ ունենալն ի՞նչ կնշանակի»:
Այդ օրերին, երբ նախարարները գինի էին խմում՝ փառաբանում Օլիմպիա թագուհուն, երբ ազնվականներն ու երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները, շլացած նրա բարեմասնություններով ու գեղեցկությամբ, ասեկոսները թագավորի սիրո մասին նոր թագուհու վերաբերյալ կրկնում ու կրկնում էին, Փառանձեմն էլ իր թագուհու դիրքին ու մեծությանը չի նայել՝ դեսպաններ չի ուղարկել, անձամբ ինքը արքունի Մրջյունիկ քահանայի հետ գնացել է Ներսես կաթողիկոսի կացարանը, ընկել նրա ոտքերը, աղաչել, խնդրել է, որ թագավորի հետ իրենց ամուսնական կարգը կատարի։ Կաթողիկոսը նրան մերժել է, կաթողիկոսը նրան ասել է. «Ես ժողովրդին չեմ կարող խաբել: Դուք թագավորի հետ միասին խախտել եք Աստծու կարգը, իսկ Աստված կարգազանցներին չի սիրում՝ խափանում է նրանց աշխարհիկ գործերը»: Փառանձեմը արցունքահոս դեմքը ափերի մեջ է առել, չի կարողացել ասել, որ չի կարող այլևս հարճի նման թագուհի լինել: Օլիմպիայի անունը չի տվել, բայց ասել է. «Ատելությունը մեծ է, Վեհափառ, փրկիր ինձ նրանից»: Այս դեպքից հետո էլ Ներսես կաթողիկոսին ուզեց շրջանցել, Փառանձեմը շատ անգամներ փորձեց առատաձեռն նվերներով գայթակղել, խաբել նրա տեղապահ պճնասեր Խադ եպիսկոպոսին: Արքունական ճաշկերույթների էր հրավիրում նրան, ակնակար շորեր, ազնվացեղ նժույգներ էր ուղարկում: Սակայն արթուն էր Խադ եպիսկոպոսը, նա զգում էր իր շուրջը՝ հեռու և մոտիկ պտտվող սատանայի ներկայությունը ու երբեք սթափությունը չէր կորցնում, տված նվերները վերցնում, շատ էր հիանում նրանցով ու կարիքավոր ժողովրդին էր բաժանում: Իսկ թագավորի ու թագուհու ամուսնական ծիսակատարության հարցի վերաբերյալ լռում էր, ու այնպես էր ստացվում, որ ո՛չ չէ էր ասում, ո՛չ էլ՝ հա:
Երբ արքունական տան հավուր պատշաճի խնջույքներն ու տոնակատարությունները վերջացան, երբ թագավորին ու նոր թագուհուն փառաբանելու եկած նախարարներն ու մեծամեծերը ձիերը հեծան ու գնացին իրենց երկրները, հաջորդ օրը թագավորն իր կուսակիցներով հավաքվեց խորհրդի՝ Բյուզանդիայից վերադարձած Դրաստամատի զեկուցումը լսելու: Ասաց. «Արքա, Կոստանդիոս կայսրը, Օլիմպիա թագուհուն որպես շնորհ, զիջում է հռոմեական աշխարհին սահմանամերձ Հայաստան աշխարհի երկրամասերի հարկատվությունը, բայց պայման է դնում, որ բյուզանդացի վաճառականները սեփական թաղամաս ունենան Դվին մայրաքաղաքում և օգտվեն ազատ առևտրի իրավունքից, ու նրանց քարավանները Պարսից երկիր էլ մտնեն: Ասաց, իսկ ինքը կհետևի, որ մեր վաճառականները, առանց հարձակումների ենթարկվելու, իջնեն Միջագետք, Մծբին և Ուռհա ու վերսկսեն իրենց երբեմնի առևտուրը,– ասաց,– ինքը դեմ չէ, հասկացրեց, որ աչք կփակի իր երկրով անցնող ասորի զինավաճառների քարավանների վրա: Հրեա ակնավաճառներին թույլ կտա Բյուզանդիայով դարձյալ գալ մեր աշխարհ՝ Հնդկաստանից ու Չինաստանից բերած քարերի առևտուր անել»: «Շունչ քաշելու ժամանակ է ստեղծվում, տեր,– ասել է Դրաստամատը,– Լազիկայից էլ մեր քարավանը վերադարձել է: Լեռներում անցման ժամանակ ընդամենը երկու բեռնակիր ու չորս ջորի են կորցրել: Վասակ զորավարի ու Վրիվ հազարապետի հետ խորհրդակցել ենք, եթե աճապարենք, կհասցնենք մի անցում էլ կատարել»: Մինչ ստրուկների՝ գահին զուգահեռ երկու պատերի տակ մարմարե նստարաններին նստած նախարարներին գինի մատուցելն ու գնալը, բոլորը լռում էին: Արշակ արքան ասաց. «Շունչ քաշելու ժամանակ չկա, հարգարժա՛ն նախարարներ, շունչ քաշելու չէ, ժամանակ շահելու հնարավորություն կարծես թե ստեղծվում է,– ասել է,– ինձ ոսկի է պետք, մեզ ոսկի է պետք, նախարարնե՛ր: Կոստանդիոս կայսեր զիջած հարկերը զենք գնելու համար կօգտագործենք, իսկ մեր հանքահորերի ոսկով քաղաք կկառուցենք, նմանը չունեցող մի քաղաք»: Նախարարները զարմանքից կարկամել են, չեն հասկացել թագավորին: Ձորա աշխարհի նախարարը ձայն է վերցրել, չի կարողացել խոսել: Զորավար Վասակն ասել է. «Արգամ նախարար, ինչ ես կուչուձիգ անում, բան ունես ասելու, ասա հասկանանք»: Մարմարյա սեղանին թափված գինու կաթիլն է ափով մաքրել, թե. «Ես ինչ գիտեմ, թագավո՛ր, երկրի տերը դու ես, բայց այսպիսի պահի քաղաք կշինվի՞»: Վասակ զորավարն ասել է. «Ժողովուրդը կհասկանա՞, պերճանք չի՞ դիտվի, արքա»: Դրաստամատն ասել է. «Ես հաստատապես գիտեմ՝ եկեղեցին քաղաքաշինությունը կօգտագործի մեր դեմ»:
Արշակ թագավորը լռել է, հետո բարձրացել գահից, քայլել է դահլիճում, ասել է. «Միայն ժխտել գիտեք, հակառակվել: Ժամանակին Խոսրով ու Տիրան թագավորներին էլ, երբ մեր աշխարհի հարավում, Տիգրիսի և Եփրատի միջև Անգեղ բերդն էին կառուցում, նախարարներն ասում էին. «Ճիշտ չէ», բայց հիմա ինքներդ եք տեսնում, թե ինչ կարևոր նշանակություն է ունենում մեզ համար այդ ամրությունը Պարսից և Բյուզանդական աշխարհների պատերազմների ժամանակ: Հիմա ինձ հարցրեք, թե ինչո՞ւ ենք այդ քաղաքը կառուցում»: «Ինչո՞ւ»,– միաբերան հարցրել են նախարարները: «Մեր երկրով անցնող քարավանները կանգնեցնելու համար,– ասել է,– քաղաքը որ շինենք Կոգահովիտ գավառում, հենց Պարսկաստան գնացող առևտրական մեծ ճանապարհի վրա, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է լինելու: Ձեր կարծիքով՝ տնտեսական հարված կլինի՞ Պարսից աշխարհին, թե չի լինի: Ինձ թվում է՝ կլինի, այն էլ ինչպիսի: Մեր երկրի նոր մայրաքաղաքը հյուսիսից հարավ, Միջագետք իջնող և Հայաստանից Սև ծովի ափերը տանող գլխավոր ճանապարհների կենտրոնում է կառուցվելու: Բոլոր առևտրական քարավանները, որ գալիս էին այլ երկրներից ու անցնում Պարսից աշխարհ, կմնան մեզ մոտ կամ Պարսից Մեծ դուռը մեզ խոշոր հարկ կվճարի նրանց ճանապարհը բացելու համար: Խորաթափանց եղեք, նախարարներ, սա քարավանների միակ ճանապարհն է Արևելքի և Արևմուտքի միջև»: Երկար լռություն է եղել, հետո թե. «Լավ մտածված, հեռուն գնացող միտք է, բայց մեր այդքան խուսափած ու մեզանից վանած պատերազմը չէ՞, արքա»,– հարցրել է Գողթնի իշխան Ատոմը: «Թագավոր, միշտ էլ այդքան շատ ենք մոտենում կրակին, ինչքա՞ն կարելի է այրվել նույն կրակով»,– ձայնը պաղ էր Հաշտենյաց Գնիթ իշխանի: «Այդպես է, Ատոմ իշխան, հաղթանակ չի լինում, Գնիթ նախարար, երբ խաղաղության ժամանակ չես կռվում»: 0տարները մեր դեմ միշտ էլ իմ առաջարկած կռվելու եղանակն են օգտագործել: Բյուզանդական դեսպանությունից վերադարձած Վարդան Նահապետի զեկուցումն էլ այդ է հաստատում: Ավագների խորհրդակցության ժամանակ լսեցինք նրա հաշվետվությունը, որ Հռոմի զինվորը խաղաղության օրերին հռոմեական նվաճած տնտեսության ու գանձարանի պահապանն է: Նրանց երկրի կապալառուները, մատակարարները, վաճառականները և ազնվականները՝ ահա թե ովքեր են զինվոր պահում և հռոմեական լեգեոններին քայլեցնում աշխարհից աշխարհ, երկրից երկիր ու ազգեր ստրկության քաշում: Փոխվում են պատերազմելու կանոնները, ու ես հաստատապես համոզված եմ, որ մենք, ինչպես մեր երկրի հարավում, այնպես էլ Արևելքն ու Արևմուտքը իրար կապող տարածքում, պատերազմական օրերի համար պիտի ունենանք մեր հզոր հենակետը, իսկ խաղաղության ժամանակ այդ հենարանը նաև պիտի կարողանա պատերազմ վարելու չափ նշանակալից լինել երկրի տնտեսությունը ստեղծելու գործում»: Եկել, նորից բազմել է գահին, տեսել է իրեն հետևող հայացքները, խոսել է նրանց հետ. «Այսօր սուրհանդակները հաշվետվություններ են բերել երկրի հանքատներից, համարյա թե բոլոր կառավարիչները տրտնջում են, որ աշխատուժ չկա, եղածներն էլ մեռնում են թոքերի հիվանդությունից»: Հազարապետ Վրիվ Գնունուն ու Վասակ զորավարին ասել է. «Զորավա՛ր, այսօր ճանապարհ կընկնեք, կայցելեք Սպեր և Տայք՝ մեր ոսկու հանքերը: Անձամբ լվացման խորշերը կիջնեք, կստուգեք ոսկեբերությունը՝ կհրամայեք, կշտապեցնեք, կաղաչեք, որ գիշերուզօր աշխատեն: Հանքերի կառավարիչներին զգուշացրեք, որ նրանց պատճառաբանությունները արքունի կողմից դիտվում են որպես անհիմն պատրվակներ՝ իրենց անհավատարմությունը թաքցնելու համար,– ասել է,– նրանց աշխատուժ կհասցվի, մենք կարող ենք նրանց աշխատուժ տալ: Թող հազարապետ Վրիվ Գնունին այցելի երկրի բանտերը, ժամանակն է, որ մահապարտներին ու ցմահ բանտարկյալներին հանենք կալանքից:– Ասել է.– Հազարապե՛տ, ծակեք նրանց ականջները և ուղարկեք հանքատների կառավարիչներին՝ խորշերում աշխատելու»:
Թագավորը ծափ է զարկել, արքունի կարապետները ներս են հրավիրել ճարտարապետին: Ճարտարապետ Ղևոնդը կառուցվելիք քաղաքի գծագրերը փռել է սեղանին: Արքան ու ավագների խորհուրդը հակված նայել են լայն փողոցներին, առևտրական հրապարակներին, շտեմարաններին ու քարվանատներին, գոհ են մնացել: Արշակ թագավորը խորհրդակցությանը մասնակից նախարարներին ասել է. «Դուք էլ, մենք բոլորս էլ պիտի մասնակցենք քաղաքաշինությանը»: Հետո նոր քաղաքի շինարարության կառավարիչ կարգված Զվիթին ասել է. «Շինարարության վրա աշխատող բանվորների ու վարպետների օրավարձը համընդհանուր շինարարության մեջ ընդունված չափից բարձր կվճարեք: Արքունական ցորենի շտեմարաններից հացի աղունը վերցրեք: Թող մունետիկները աշխատանքի հրավերներ կարդան բոլոր գավառներում»: Արքունանիստ խորհրդակցությունից հետո, երբ նախարարները գնացել էին, ու նրանք երեքով էին մնացել, «Նախարարների դժգոհությունը կառաջացնենք, տե՛ր,– ասել է Վրիվ Գնունին,– մեզ կողմնակից նախարարներն էլ գոհ չեն լինի, խորհրդի վերջում նրանց մեջ արդեն խոժոռվածներ կային: Բոլորն էլ գիտակցում են, որ գավառները մարդաթափ կլինեն, գյուղը քաղաք կհոսի: Գյուղատերերի կողմից հուզումներ կլինեն»: «Հուզումներ կլինեն, բայց, հազարապե՛տ, թագավորություն ունենալու պայմանն է այդպիսին:– Ասել է.– Քաղաքները թագավորության հենարաններն են: Նրանց հզորացնելն ու քանակի շատացնելը միակն միջոցն է՝ նախարարներին գահին հնազանդեցնելու: Մի ավել զինվոր զորակոչելու համար՝ թագավորը նրանց առաջ խնդրարկու է, էլ չեմ ասում՝ հարկերի, տնտեսական ու ռազմական հարցերի շուրջ ծագող անհնազանդությունների մասին: Նախարարի հողի վրա աշխատող ռամիկը չգիտի, թե ինչ է թագավորությունը: Նրա համար միևնույն է՝ իր նախարարը հունամետ է, թե պարսկասեր, նրան չի տրված ընտրության իրավունք, որովհետև բացարձակ կախված է իր նախարարի կամքից, ահա թե ինչու մենք պիտի բացենք քաղաք բերող ճանապարհները»: Դրաստամատն ասել է. «Նախարարները կգնան Ներսեսի մոտ, իսկ Ներսեսը չի լռի, հիմա եկեղեցին քաղաքականապես ու տնտեսապես անչափ զորացել է, մանավանդ Աշտիշատի համաժողովից հետո»: Վրիվ Գնունին ասել է. «Լավ էլ հեղինակության է հասել, իզուր եք անտեսում, արքա՛, այդ ուժի հետ պետք է հաշվի նստել»: Վասակ զորավարը, Դրաստամատ ներքինին ասել են. «Մենք էլ ենք այդպես մտածում»: Թագավորն ասել է. «Իսկ ես՝ չէ: Մենք հոգևորականությանը տնտեսապես կթուլացնենք: Քանի հռոմեական կայսրությունը բարեհաճ է մեզ ու չի աջակցի Ներսեսին, եկեղեցու համար էլ պիտի գործի թագավորական օրենքը»։
Հաջորդ օրը Արշակ արքայի նոր քաղաքի շինարարության կառավարիչ իշխան Զվիթը աշխատող բանվորների ու վարպետների օրավարձը կրկնակի է վճարել, սնունդը պետական ամբարների պարունակությունից է տվել: Բանտերից ու զնդաններից մահապարտներին ու ցմահ կալանվածներին է հանել, հերոնով ականջներն է ծակել՝ որպես թագավորից ստացած ներման նշան: Նրանց միջից լավագույն վարպետներին ջոկել, գմբեթների վրա է հանել, աշխատել չիմացող դանդաղողներին հիմքեր է փորել տվել, ասել է. «Ձեր հայր թագավորը ձեզ ներել է, դուք էլ ձեր ազնիվ աշխատանքով ձեր մեղքը քավեք»:
Իսկ այդ նույն օրը մունետիկները Հայոց աշխարհի բոլոր կողմերում հրապարակել են թագավորական հրովարտակը: Գյուղերում և ավաններում հրովարտակը գործել է, թագավորի հրամանը կատարվել է, Տրդատ Մեծի ժամանակներից գործող օրենքը խափանվել է, ու հոգևոր դասից կրճատել են նրանց հասանելիք յոթ ծխի հողամասերը, ամեն մի գյուղում հողին համեմատ թողել են երկու հոգևոր անձ՝ մի երեց և մի սարկավագ: Թագավորի լիազոր ներկայացուցիչ Վրիվ Գնունին՝ իբրև անմիջական տեսուչ հարկերի և որպես դիվանի կառավարիչ, հրովարտակի հաջորդ կետն է կարդացել, ասել է. «Թագավորի և նրա ավագանու խորհրդի որոշմամբ՝ սահմանափակվում է նաև եկեղեցական դասի ազատությունը զինվորական ծառայությունից, և նոր օրենքով պահանջվում է, որ երեցների ու սարկավագների եղբայրներն ու որդիք մտնեն տերության բանակը ծառայության մեջ և ապրեն ու մեռնեն՝ ինչպես մենք»:
Հաջորդ գավառներում էլ է ճառ արտասանել: Կուսանոցների բարեպաշտ օրիորդների համար բացատրական աշխատանքներ է տարել, ասել է. «Երկրին ու թագավորին զինվորներ են պետք, իսկ դուք ձեր արգանդները անապատ եք դարձրել: Հանեք ձեր կուսակրոն շորերը և իջեք աշխարհ, երկրագործ մշակը ռազմիկ է դարձել, նրա շինած բնակարանում պահեք կրակը, ոտքի ուժը կորցրած ծերերին, երեխաներին, մանր ու խոշոր անասունների հոտերը: Հողին աճեցնել տվեք հաց ու մշակեք դաշտի պտուղները,– նրանց մայրապետին ասել է,– թող նրանք մտնեն աշխարհ, երկանքներ աղան, պաշարներ պատրաստեն ու կռվի գնացողների ուղտերը բարձեն: Վերքերով վերադարձածներին սպեղանի դնեն»:
Բորոտանոցների, անկելանոցների բնակիչներին ու նրանց տեսուչներին ասել է. «Մենք լավ գիտենք և տեղյակ ենք այստեղ կատարվող դեպքերին: Ձեր մեջ բանակից փախած, մահճակալին գամված անդամալույծ ձևացողներ էլ կան: Թագավորն ասում է՝ բավ է, այդ հիմնարկները պահելու ծախսը շատ թանկ է նստում պետության և երկրի բնակիչների վրա: Մեր տեր թագավորն ասում է՝ ժողովուրդը տրտնջում է այդ հարկերից, ասում է՝ ազատում ենք բնակչությանը բարեգործական հիմնարկներին տալիք տասնորդ տուրքերից: Այդ հիմնարկները եկեղեցին է բացել, թող եկեղեցին էլ իր կալվածքներից ստացված հարստության հաշվին պահի նրանց, մեր ժողովուրդը շատ գործ ունի անելու, ժողովուրդը պատերազմ է դիմակայելու:– Ասել է.– Մեր տեր թագավորն ասում է, եկեք սրանից մատի փաթաթան չսարքենք ու խռովահույզ չլինենք, երկիրը միաբանությունը կփրկի»:
Գնացել, հասել է Առյուծ լեռան անմարդաբնակ վայրերի եղբայրանոցները, այնտեղից Մեծ Սար՝ աստվածների նախկին մեհյանների Անահիտի աթոռ կոչվող տեղում՝ մենակյացների խրճիթներին, այնտեղից էլ Մեծ Ծոփք՝ Մանուշեղ գետի ափերը, Մամբրե կոչվող անապատը: Ասել է. «Դուք այս ի՞նչ եք անում, հրապուրված սքանչելիքներով ու տեսիլքներով՝ բնակվում եք առյուծների հոտերի մեջ, երբ ձեր թագավորին առյուծասիրտ զինվորներ են պետք: Արջերին ու ինձերին օրվա ձեր սովորական ընկերն եք դարձրել, երբ բանակին արջի ուժով և ինձի ճկունությամբ կռվողներ են հարկավոր: Թռչունների երամների նման բնակություն եք հաստատել քարանձավներում, այրերում և ժայռերի ծերպերում, երբ թագավորին թռչնի արագությամբ սուրացող սուրհանդակներ են պետք: Դուք այս ի՞նչ եք արել, ձեր մարմիններն ուժասպառ, խոտաճարակ եք դարձրել, երբ երկրին խնձորով զորացած այրեր ու կույսերին պտղավորողներ են հարկավոր: Հրաժարվել ու ապրում եք առանց գույքի, ստացվածքի, առանց խնամքի և դարմանի՝ չհոգալով անգամ մարմնի մասին, Աստծու սիրո համար հրաժարվել եք աշխարհից ու ձեզ զրկանքների տվել, բայց մխիթարության և սիրո ամենակարոտյալը ձեր թագավորն է, ձեր արքան ամենամեծ դարմանի ու խնամքի կարիքավորն է ու զրկվածը, որ դուք նրա հետ չեք և օտար աշխարհներից, չունեցած ոսկին ու արծաթը տալով, վարձկան զինվորներ է հավաքում, որ մի սուր ավելի բռնող ունենա»: Ասել է. «Մեր աշխարհի բարետես ու արգավանդ, ամենալավ տարածքում քաղաք է կառուցվում, համարյա ավարտում են, եթե ուզում եք, գնացեք ապրեք: Ասողին լսող է պետք, եթե ինձ լսեք՝ կգնաք»: Լսողները հասկացել են, համարյա հասկացել են: Թագավորի հազարապետության՝ ճառ ասողի հետևից, նույն ճանապարհներով ու գյուղերով, գավառները շրջող ևս ճառ ասողներ, բացատրող ու մեկնաբանողներ՝ հայր-վերահսկիչներ Շաղիտան, Եփրեմը, Գինդը, որ Սլկունյաց ցեղից էր, և Եպիփանն են անցել: Եպիփանը, որ անապատներում ճգնակյացների հետ շատ անգամ խոտաճարակ էր եղել, ժողովրդին ասել էր. «Ահա, մենք՝ սրբերս, ձեր առաջ ենք, եթե մեր խոսքն արժեք ունի, ուրեմն մեզ հավատացեք և իմացեք, որ ձեր հայր, առաջնորդ կաթողիկոսն ասում է. «Սատանան կարող է հրեշտակի տեսքով գալ»: Շաղիտան, որ հասել էր այնպիսի սուրբ կատարելության, որ ամեն ոք սպասում էր նրա մահվան, որ որպես նշխարք կարողանա նրա ոսկորները ձեռք բերել, քմծիծաղը դեմքին՝ նրանց բոլորի շուրթերին էլ քմծիծաղ կար, հեգնանքով ասել էր. «Նա ո՞վ է՝ Տիգրան Մե՞ծ է, Ներո՞ն է, փարավո՞ն է, որ նրանց նմանակելով քաղաք է կառուցում: Արշակը մինչև հիմա մի հաջող ճակատամարտ էլ չի տվել: Քաղաք կառուցում են նվաճած օտար երկրների ստրուկներով, գերեվարած զինվորներով ու ժողովրդով, բերած ոսկով, ավար առած բարիքներով ու նրանց հաշվին ծաղկեցրած սեփական երկրով, իսկ Արշակն ի՞նչ է արել, դեռևս ոչինչ, բացարձակ ոչինչ»: Գինդը, որ Սլկունյաց ցեղից էր, աբեղաների գլխավորը, միայնակաբնակների վարդապետը, վանքերի վերակացուն, անապատականների ուսուցիչը, ասել է. «Ի՞նչ է, ճիշտ չի՞ ասում հայր Շաղիտան, մի ինքներդ դատեք, թե այդ կառուցվող քաղաքն ինչ ծանր բեռ կլինի մեր երկրի համար: Ժողովուրդը տարիներ շարունակ աղքատությունից պրծում չի ունենա: Իսկ դուք մի նայեք՝ քաղաք կառուցողին, որ միշտ կերուխումների, խնջույքների մեջ է՝ աշխարհներ կործանած մեծ զորավարների նմանությամբ ու վարձկան երգիչների բերանով իր գովքն է երգել տալիս, իբրև թե՝ Աքիլլեսից էլ ավելի քաջ ու արի է, բայց իրականում նման է կաղ ու սրագլուխ Թերսիտեսին: Ի՞նչ է, վարձկանը որ երգեց, ու իր անվանակոչությամբ քաղաքը կառուցվեց, քաջությունը կգա ու կլցվի Արշակի մե՞ջ»:
Եպիփանն առաջ է եկել, թաշկինակը հետ է տարել գլխից, մազեղեն հագուստի տակ վառվող կուրծքն է քորել, ժողովուրդը իրար վրա գոռացել է, ասել են. «Թողեք խոսի սուրբը, մեր մարգարեն»: Միանգամից իջած լռություն էր կտրուկ մարած աղմուկից հետո: «Արշակի մեծամտությունը և մեր դժբախտությունը սկսվեց Շահապիվանից, երբ այնտեղ նա հաղթեց ցլին, բայց այդ մենամարտը իրականում մեր աշխարհի համար ցուցադրված պայմանական նշան էր: Ցուլը բնության վայրի ուժի բացարձակ գեղեցիկն է, բանականին հաղթողը, հողագնդի շնչառության հրե խորհուրդը, ծննդի սկիզբը, ոսկրածուծի լրումն ու նվազումը: Նոխազը նրա հակոտնյան է: Արշակը բնությանը, աստծուն հակադրեց նոխազին՝ խոհեմ գեղեցիկին, քաջին, խաղաղասերին, հոտի առաջնորդին, ինքն իր մեջ ծնած աստվածամարդուն: Իսկ դուք գիտեք, թե ինչ խաղաղություն է երկրում սփռում աստվածամարդ առաջնորդը, այդ անօրեն քաղաքի կառուցման պատճառով մեր աշխարհում արյունածուփ կրքերն են եռում»: Եպիփանը տնքաց, ժողովրդի մեջ էլ տնքոց կար. «Իմացեք, նոխազը հին աշխարհի նշանների մեջ արիական ծագման խորհրդանիշն է, աստվածամարդու հաստատումը երկրի վրա: Եղա՞վ, իհարկե չեղավ: Աստված միակն է, որ կա և կլինի երկնքում»: Նա ձեռքը պարզեց հեռուն, հայացքն էլ գնաց մեկնած ձեռքի հեռուները ցույց տվող անորոշության հետևից: «Իսկ դու, Արշա՞կ, մինչև երբ ես այդքան գոռոզ լինելու»: Հայացքն եկավ հեռու անորոշությունից, կանգնեց ժողովրդի վրա: «Ձեր թագավորը իրենից կուռք է ստեղծում, նա մեծամտանում է իր ծագման արիականությամբ և օտարության պատն է դնում իր և ժողովրդի միջև, որովհետև կարծում է, թե ինքն աստվածամարդն է՝ նմանակած Մեծն Տիգրանին, Ներոնին, Աքիլլեսին, փարավոններին, որոնք Աստծու ժամանակի մեջ փոշեհատիկ են, կան և չկան: Մենք ասում ենք՝ թող քաղաքը
չկառուցվի ինքնակոչ աստվածամարդու կողմից»: Եպիփանը ծիծաղեց, ժողովուրդն էլ էր ծիծաղում:
Հաջորդ օրը կառքին լծված քրտնաթոր ջորիները Ներսես կաթողիկոսին բերել, հասցրել են Դվին մայրաքաղաքը: Հայրապետը ճանապարհի հոգնածությանը չի նայել, ընթացիկ թափ է տվել փեշերից փոշին, խաչ ու գավազան զնգզնգացնելով մտել է արքունիք: Ասել է. «Թագավո՛ր, դու էս ի՞նչ ես անում»: Արշակ արքան մինչև վերջ երաժշտություն է լսել, հետո սրնգահարին հեռացրել է սյունազարդ դահլիճից, ասել է. «Կաթողիկո՛ս, ամեն մեկս մի բան անում ենք, պետությունը նորոգվելու կարիք ունի»: «Այդպես անմտորե՞ն: Դու դեմ ես գնում եկեղեցուն»: Հետո նկատել է Դրաստամատին ու արքունի խորհրդական մեծ իշխան Բագրատին, Ծոփքի իշխան Նոյին ու մյուս նախարարներին, ասել է. «Թող դուրս գնան»:
«Չէ,– թագավորն ասել է,– չէ, նրանք արքունի խորհրդականներն են»: «Նրանք այստեղ գործ չունեն, թագավո՛ր, նրանք թող գնան»:
Նախարարները չեն գնացել, նրանք խոնարհվել են ու մնացել: Ներսես հայրապետը նրանց աչքերի մեջ տեսել է իրեն ծանոթ, պաղ, շեղբանման հայացքները՝ վտանգներով առկա: Դրանիկ ծառաները բազկաթոռ են մատուցել Հայրապետին, նրանք թագավորի հետ նստել են դեմ ու դեմ և երկար ժամանակ չեն խոսել: Թագավորը հրամայել է, ծառաները ջուր են բերել, կաթողիկոսը ջուրը խմել, ասել է. «Թագավո՛ր, հեռու չես գնա: Դու դարերով մշակված քաղաքակրթություն ես արհամարհում: Ժամանակ կանցնի, և ճանապարհին քո ավերածներին դեմ կդիպնես: Մի՞թե Բյուզանդական երկրի կարծիքը ոչինչ է քեզ համար, շրջահայաց եղիր, թագավո՛ր»: Արշակը նրա կզակին, մորուքի վրա կանգնած փայլփլուն ջրի կաթիլին է նայել, հետո ասել է. «Ախր, դու մեզ պիտի հասկանաս, Հայրապե՛տ, իմ արածը կարևորություն ունի: Լավ էլ կարևոր ու հրատապ է
քայքայված, իր դեմքը կորցրած ու կողոպտված թագավորությունը վերականգնելու համար: Կաթողիկոս, մի՞թե կուսանոցները, անկելանոցներն ու բորոտանոցները փակելով՝ եկեղեցին կտուժի»։ «Թագավոր, հարցը փակելը չէ, ոչ էլ հոգևորականներին բանակ զորակոչելը, բարեգործական այդ շինույթները բարոյականության խորհրդանիշներ են, որ ժողովրդին զգոն են պահում, եթե նրան զրկես իր հավատալիքներից, ում է պետք հզոր, անբարոյական պետությունը»: «Կաթողիկոս, հզորն ինքն է ստեղծում պատմություն և ժողովրդին հնարավորություն տալիս մեռնել իր պատմության մեջ»: «Սոդոմ֊Գոմորի պատմությունը գիտես, թագավոր, ինձանից լավ գիտես, թե ինչ պատահեց մեղավորներով բնակեցված այդ անիծյալ քաղաքների հետ: Քաղաք ես կառուցում առանց Աստծու օրհնության»: «Կաթողիկո՛ս, բա եկեղեցին, Սուրբ Աստվածածնի եկեղեցին, քաղաքի ամենաբարետես մասում է կառուցված»: «Եկեղեցին օծված չէ, ես չեմ կարծում, որ հաճո է Աստծուն: Նախարարները բողոքում են, դժգոհություն կա նրանց մեջ: Գավառները մարդաթափ են եղել, հունձք անող չկա, պտուղը ծառի վրա է մնացել, մեծավորների հրաման կատարողը կամակոր է դարձել, ազնվական տներից այդ քաղաքն են փախչում բոլոր ստրուկները: Նրանց տերերի համբերությունն էլ սահման ունի…»: Ձեռքերի ափերը ծնկներին իրար վրա էին դրված, նախադասությունները շեշտված էին: Ասել է. «Թագավո՛ր, ես միայն հոգևորականների անունից չեմ խոսում: Նախարարները միանշանակ ասում են՝ չէ: Նախարարներին լուր պիտի տանեմ, իմ խոսքին են սպասում…»: Արշակ արքան միջանցիկ հովի մեջ Ներսեսից եկող անուշահոտ յուղերի ու խնկի բուրմունք առավ, ասել է. «Նախարարներին դու ասա, կաթողիկոս, հասկացրու, որ աշխարհի առաջ մեր խոսքն ու կեցվածքը պիտի ունենանք: Պարսից և Բյուզանդական աշխարհները առևտրի մեջ մտցրել են մենաշնորհ, ծախում են իրենց ավելցուկը, գնում են ամենալավը և մեր ապրանքին իրենք են նշանակում գները, մեր երկրից դուրս են տանում ոսկին: Կառուցվող քաղաքը կստիպի մեր հարևաններին սթափվել»: «Թագավո՛ր, շրջահայաց եղիր, դադարեցրու քաղաքաշինությունը, մի արթնացրու հեթանոս թշնամուն, երկիրն արդեն իսկ հուզմունքի մեջ է: Ռազմական հարկատվությունն էլ մյուս կողմից սասանեց ժողովրդի նստակեցությունը, կահ-կարասին կապած՝ զանգվածաբար տեղից տեղ են քոչում: Գավառներից հավաքում են նորակոչիկներին»: Թագավորը բարձրացավ գահից, խոսելով քայլում էր դահլիճում, կորացած էր, կուզը նկատվում էր, կաթողիկոսը չսպասեց, որ նա խոսքը վերջացնի. «Ի՞նչ պատճառաբանություններ կարող են լինել, թագավոր, երբ ծանր կերպով հարկվում են բոլոր դասերի և զբաղմունքների մարդիկ՝ պիտի զենք հայթայթեն, հանդերձանք, ոսկի, արծաթ, փոխադրական միջոցներ: Այդպիսի գնով նրանցից հարկված ցորենի պաշարները կուտակվում են պետության շտեմարաններում, իսկ ժողովրդի մեծ մասը մուրալով և օրը քաղցած է մթնեցնում: Թագավոր, ինչքան էլ ժողովրդից գաղտնի պահվեց, լուրը հասավ ամենքին, գավառներում և ազնվական տներում միայն այդ մասին են խոսում, մենք իմացանք ճշմարտությունը՝ ձեր հանքատներում հազարավոր մարդիկ են ոչնչացել: Երկրի խոշոր բանտերից հանել եք մահապարտներին ու ցմահ դատապարտյալներին ու ոչնչացրել: Նրանց բոլորին ոսկու հանքախորշերում բերանները կապած եք աշխատեցրել, որ ոսկեհատիկներ կուլ տալով՝ գողություն չանեն: Մենք մարդիկ ունենք, մեր մարդիկ հաղորդեցին, որ նրանք մի գիշերվա մեջ լվացման հորերի ջուրը թողել են հանքախորշերը և հեղձամահ են արել իրենք իրենց: Ահա, թագավոր, քո քաղաքի շինարարության առաջին զոհերը, ահա աշխարհի առաջ կեցվածք ունենալու գինը»: Արշակ արքան ասել է. «Կաթողիկո՛ս, նրանք զոհեր չեն, ոչ էլ ոչնչացել են, նրանք հպարտ են եղել: Բանտարկյալները իրենք իրենց բարձր են դասել արքունիքից ստացած ներման շնորհից»: «Չեմ հասկանում, ինձ համար անհասկանալի է, թագավոր, ձեր այս անգութ վերաբերմունքը, խստակեցությունը մեր մերձավորների նկատմամբ: Դադարեցրու քաղաքաշինությունը, մի դարձրու փորձաքար»: «Կաթողիկո՛ս, թագավորի կամքն է լինելու այսուհետ»:
Ներսես կաթողիկոսն ասել է. «Թագավոր, ժանտ հիվանդություն է գալու քո քաղաքի վրա»։

«Երանելի Ներսեսի բերանից ելած այս խոսքերից հետո հազիվ էր անցել երեք օր, որ աստված Արշակավան քաղաքին հարվածեց: Մարդկանց և անասունների վրա դուրս եկան վատորակ պալարներ, որ ժանտախտ էր կոչվում: Այս հարվածը երեք օրից ավելի չտևեց, ու քաղաքն անմարդացավ. մոտ քսան հազար ընտանիք կոտորվեց, և մարդկանցից մեկը կենդանի չմնաց, որովհետև կործանումն ընդհանուր էր, հրդեհը՝ ահասարսուռ»:
Հոգևոր հիշատակաց դպիր Փ. Բուզանդ
Ներսես կաթողիկոսն իր խոսքը վերջացրել էր, արդեն ոտքի վրա էր, նրանց էր նայում: Թագավորի շուրջը բարձերին նստած խորհրդականներ՝ մեծ իշխան Բագրատը, Ծոփքի իշխան Նոյը և մյուս նախարարները նրան էին նայում լուռ և անթարթ հայացքով: Սյունազարդ դահլիճի փակ դռնից հեռու մի տեղ աղմուկով դուռ բացվեց, նրա աղմուկը ներսում լսելի եղավ, օգնեց նախարարներին՝ Վանանդի իշխան Որութը և Կողբաց իշխան Մանավազն էլ իրար մեջ խոսեցին, հետո բոլորը խոսում էին ու բոլորը Ներսես կաթողիկոսին էին դիտում:
Ներսես կաթողիկոսը ծանոթ էր այդ պաղ աչքերի շեղբանման փայլատակումներին: Դա տեսել էր տարիներ առաջ, երբ Արշակը վերադարձավ պարսից աքսորից ու երկրում ցրվածներին, երկրից փախածներին, երկրից խռովածներին, երկրի հավատարիմներին, երկրի վստահելիներին հավաքեց ու նրանց վրա թագավորեց, նրան հոգևոր առաջնորդ էր պետք, այնպիսի մի առաջնորդ, որ նրա ու թագավորի քաղաքականությունը նույնը լիներ: Արշակ արքան Չունակին էր ցանկանում: Հունամետ ու պարսկասեր ազնվականությունը, բաժանված երկու թևերի, Ներսեսի ու Չունակի թեկնածությունն էր առաջադրում: Երկրի ժողովուրդը պապանձվել, երկու թևերի բաժանված՝ շունչը պահել, սպասում էր վճռական խոսքի: Ներսեսը մի գիշերում հասավ Սպեր գավառ՝ Մամիկոնյան նախարարություն, աներոջ՝ Վարդան Նահապետի հետ խորհրդակցեց, նա համաձայնեց, ասաց՝ հա: Վարդան Նահապետը իր եղբոր՝ համայն հայոց զորքերի սպարապետ Վասակի հետ խորհրդակցեց, նա էլ ցանկացավ, ասաց՝ հա: Նրա հրամանատարության տակ գտնվող հայոց զորքը ցանկացավ, գոռաց. «Հա՛, Ներսեսը լինի մեզ հովիվ, մեզ առաջնորդ, մեզ կաթողիկոս, մեզ ուղեցույց, նրա գործած բոլոր մեղքերը, անձրևի նման, թող մեր գլխին թափվեն…»:
Մութն իջնելուն պես մայրաքաղաքում, դեմքերը թաշկինակով ծածկված, զգուշավոր մարդիկ էին շրջում: Նախարարությունից նախարարություն սուրհանդակներ էին ուղարկվում: Ազնվական տներում գաղտնի խորհրդակցությունների էին նստում: Անհայտ ձիավորներ էին սուրում փողոցներով: Թաղամասից թաղամաս ծածուկ զենք էր տեղափոխվում:
Թագավորն ու Դրաստամատը խորհրդակցեցին, մտածեցին, Դրաստամատն ասաց. «Զորքը ցանկանում է, թագավոր, զորքին պիտի զիջել, համ էլ նրա Բամբիշ մայրը քո հոր՝ Տիրան թագավորի քույրն էր»: Ասել էր. «Հա»: Ասել էր. «Թագավոր, այս պայմաններում է՛լ ելք չկա, երբ երկիրը երկու մասի է բաժանված, ու զորքն էլ ոտքի է կանգնած: Գրիգորի տոհմը դարձյալ գործածության մեջ դրեց իրեն լավ ծանոթ ու խնամքով պահպանած, շատ անգամ փորձարկած իր հին զենքը: Այս իրադարձությունները հուշում են, որ Մամիկոնյանների սպարապետական տունը մնացել է իր նախկին կողմնորոշման մեջ, իր բարեկամական վերաբերմունքով ու շահերով կապված է Լուսավորչի տոհմի հետ: Ժամանակին հենց այսպիսի օրերի համար էր Գրիգորը այդ տոհմին նվիրում քրմական մեհյաններից բռնագրավված կալվածքներն ու հզորացնում էր նրան:
Երկու տոհմերը տարեցտարի ամենասերտ կապերով միաձուլվեցին իրար: Թագավոր, ես կարծում եմ՝ այս ամենը պատահական չէր արվում, որովհետև պարզից էլ պարզ է, թե ինչ խոշոր հաջողություն է լուսավորիչների համար սպարապետական տան հետ իրեն բարեկամ լինելը, քանի որ Մամիկոնյանները ժառանգաբար իրենց ձեռքում են պահում հայոց բանակի գլխավոր հրամանատարությունը, և եկեղեցին իր համար ամենավճռական պահին գործի է դնում այդ հզորագույն զենքը: Թագավոր, սթափ եղիր, համառել պետք չէ, հնարավոր է, որ զորքին սխալ ցուցում տան, ժողովրդի հետ բախում լինի: Համ էլ քեզ գահ բարձրացրեց Բյուզանդական երկիրը, ճի՞շտ է, դե թող նրանց Կոստանդիոս կայսրը մտածի, որ քո կողմնորոշումը Հունաց աշխարհն է, աչքը քաղցր կլինի մեզ վրա»: Արշակ թագավորն ասել էր. «Հա, մեր ժամանակն այսպես է պահանջում, զորքն էլ անհանգիստ է, հիմա Ներսեսը լավ է, բայց Աղբիանոսներին պիտի օգնենք, որ հզորանան»:
Արշակ արքան բարձրացել է գահից ու մոտեցել է ոտքից ոտք ձգվող Ներսեսին, ասել է. «Դու էլ սենեկապետ չես իմ արքունիքում, դու հոգևորական ես»: Այնտեղ եղող նախարարները ձեռքերի ափ ու երես իրար էին խփել ու ասել էին. «Տեր Աստված, ընտրությունը էս ինչ ճիշտ է, ուրիշ էլ ոչ մեկին չենք ուզում»: Արքունիքում ինը հարյուր բարձերի տեր նախարարների դեմ-դիմաց կանգնած՝ Ներսեսը տեսավ նրանց ուրախությունից բոցկլտացող ու նաև նրանց մեջ եղողներից շատերի պաղ, շեղբի նման կտրող աչքերը: Նրանց մեղմելու, նրանց մեջ առկա վտանգը թուլացնելու համար՝ աղաղակեց. «Չէ՛,– ասաց,– ես հայրապետության համար անարժան մարդ եմ»: Նա այդքան պաղ, այդքան շատ ընդդիմադիր, համառ հայացքներին չէր կարող անիծել, թագավորի աչքերի մեջ նայեց ու իրեն և արքային անիծեց, ասաց. «Դուք անօրեն եք ու պիղծ, ես՝ անարժան, չեմ կարող ձեզ հովիվ լինել»: Նա դարձյալ անիծում ու անարգանքներ էր ասում, մինչև որ թագավորն էլ ինը հարյուր բարձերի մեջ տեսավ պաղ, շեղբանման կտրատող, համառ աչքերը, հասկացավ դեպքերի ընթացքը ու բռնացավ, պոկեց նրա գոտուց ակնակուռ սուրը: Ներսեսը թույլ տվեց իր աշխարհիկ հագուստը պատառոտել, ձեռքերն ու ոտքերը կապոտել, որ վարսերը կտրեն: Այդպես, վտանգով առկա հայացքների տակ, հատակին պառկած թավալվելով՝ այնքան մեղքեր թվարկեց ու վերագրեց իր անձին, մինչև որ վարսերը կտրեցին, մինչև շեղբանման, պաղ հայացքները հատակի վրա պառկած, թավալվող տեսարանով մեղմվեցին, բայց չէին ծիծաղում ուրախությունից բոցկլտացող, հունամետ նախարարների աչքերի նման: Զորքը, նախարարների ու ժողովրդի մեծ մասը ցանկանում էին, որ նա նստի հայրապետության աթոռին, թագավորը դարձյալ տեսնում էր պաղ անհնազանդ պարսկասերների չծիծաղող աչքերը, դրա համար էր, որ հրաման տվեց պարտեզի վանդակից արձակել պատեպատ խփվող վագրին, սպանել ծիծաղող-լացողների աչքերի առաջ, բերանից ու թևերից խաչել պալատի արտաքին պատի ճակատին, ասաց. «Սա ձեզ ապացույց, որ թագավորի կամքը խռովահույզների ցանկությունն է լինելու»: Պաղ շեղբանման հայացքներն էլ սկսեցին ծիծաղել, բոլորը ծիծաղում էին ու չհավատալով, ձեռքերի ափ ու երես իրար խփելով՝ ասում. «Ընտրությունն էս ինչ ճիշտ է կատարված, մենք էլ ուրիշ ոչ մեկին չենք ուզում: Թող քո գործած մեղքերը մեր ու մեր զավակների գլխին թափվեն…»:
Հետո նրան կրոնավորի զգեստներ են հագցրել ու, շքախմբով և քսանութ հոգևորականների դասով, ճանապարհել են Բյուզանդիա՝ ձեռնադրության: Բայց Կեսարիայի եկեղեցում, երբ նրա կաթողիկոս օծելու արարողությունն էր կատարվել, հանկարծ Սուրբ հոգին աղավնու տեսքով եկել ու իջել էր նրա գլխին: Նրան ձեռնադրող երկու սրբերը՝ Բարսեղ ու Եվսեբիոս մեծ արքեպիսկոպոսները, զարմացած էին մնացել, իսկ Ներսեսն ինքը՝ կասկածել էր. թռչունը Սուրբ հոգի՞ն է, թե՞ մատաղացու՝ ճանապարհը կորցրած պատահական աղավնի:
Ներսես կաթողիկոսն իր խոսքը վերջացրել էր, արդեն ոտքի վրա էր, նրանց էր նայում: Թագավորի շուրջը բարձերին նստած խորհրդականներ՝ մեծ իշխան Բագրատը, Ծոփքի իշխան Նոյը, Դրաստամատն ու մյուս նախարարները նրան էին նայում լուռ ու անթարթ հայացքով, Ներսես հայրապետը նրանց չէ՝ Արշակ թագավորին մարգարեանալու նման ասաց. «Արքա, դուք՝ Արշակունիներդ, թագավորություն առ թագավորություն կործանեցիք երկիրը: Ի՞նչ հպարտության, ի՞նչ կամքի, պատվի ու անկախության խորհրդանիշ կարող է լինել քո կառուցած քաղաքը, երբ մեր աշխարհը կանգնեցրել եք կործանման եզրին: Դու թափվելու ես երկրի վրա՝ իբրև անարգված ջուր, կենդանությանդ օրոք կզրկվես թագավորությունիցդ, չարչարանքներ կկրես քո Տիրան հորից ավելի և դառն մահվամբ մեծ նեղության մեջ կյանքդ կվերջացնես»:

Երբ Դրաստամատը, գինի ու շերբեթ խմեցնելով, ուժերը վերականգնել, ուշքի է բերել Ֆարուխին. «Մի անգամ էլ կգնամ Անհուշ բերդ, տե՛ր,– ասել է Ֆարուխը,– բերդի կառավարիչը աշխարհի գոյությունը երկվության շինվածքով է ընդունում: Նրա համար Հունաց աշխարհի Էրոսը փառաբանելի է: Նրա սիրեկան պահնորդ զինվորը մահացել է ու մեզ, երբ ծեծում էին, ես նկատեցի, որ նա իմ վարսերից մի մազափունջ՝ նշան կտրեց»:
Մի ծառա է վերցրել և ուղտի կողքերից տիկերով ջուր է կախել, անապատով էլի տասն օր ճանապարհ է կտրել: Գնացել, հասել է Անհուշ բերդ, բերդի կառավարիչին ասել է. «Բաղնեպան եմ, այս կողմերով էի անցնում, որոշեցի մտնեմ՝ ձեր մարմինները թմբիրից հանեմ»: Կառավարիչը կասկածանքով է նայել, իբր չի ճանաչել, թե. «Դու մի տարի առաջվա թափառական մոգը չե՞ս»: Ֆարուխն ասել է՝
չէ: Բերդի կառավարիչը կասկածել է, վերևից նայել է անապատի չորս կողմերը, տեսել է՝ եկվորները երկուսով են, այնքան էլ չի վախեցել: Բերդի դարպասները բացելուց առաջ, զգուշության համար, աշտարակի պահնորդ զինվորին ուղարկել է ջրի տիկերը և ուղտի փորը ճղելու: Ֆարուխն ասել է. «Կառավարիչ, անապատով անցնողի տիկը կփչացնե՞ն, ուղտը կսպանե՞ն, այդպիսի դեպք լսված չկա»: Կառավարիչն ասել է. «Եթե թափառական բաղնեպանը կարծում է, թե ինքը Հոմերոսի «Իլիականը» չի կարդացել, շատ իզուր, սխալվում է: Այդ հրաշալի պատմության ոսկե քաղաքը կորցվեց միայն ու միայն Տրոյա քաղաքի բերդի կառավարչի անփութության պատճառով»,– ասել է. «Չեմ կարող տանել, հակակրանք ունեմ չորքոտանու նկատմամբ»: Երբ ուղտի դին, պարսպից հեռու, շնագայլերին կերակուր են գցել, կառավարիչն ասել է, թե թանկ ու էժանի հետևից չի ընկնի, նրանց մեկնելուց ինքը նոր ուղտ կտա: Ճանապարհի հոգնածությունը թոթափելու համար գինի են խմել:
Հետո բաղնիքն է վառվել, ջուր է տաքացվել, Ֆարուխը կառավարիչին է լողացրել, իր հետ գունավոր եղջյուրներով բերած քաղցրաբույր՝ խատարով եփված հռոմեական ձեթի մեջ, նռան, մշկեղի, ջաբիկի, հասմիկի, մաղադի ու քեդիի յուղերով իրեն ու կառավարիչին է օծել, անուշահոտությունը բաղնիքն է լցվել, գինի են խմել: Տրամադրությունները շատ է բարձր եղել, կառավարիչը արցունքահոս լացել է: Նրանք թիկունք թիկունքի տված, ծոծրակ ծոծրակի նստած՝ կառավարիչը սրթսրթալով լացել է, որ սրտի քար ծանրությունն ընկնի: Ասել է. «Մշկանի մարմինը զարդարող սպիները աչքերս փակ կգտնեի: Օտար երկրների բերդերի պարիսպների տակ վաստակած վերքերը իրար լիզելով էինք բուժում ու բերանով ճանաչում մարմնի համը, որը հոգու ճանապարհն է: Բա, այդ հեռավոր ռազմական արշավները՝ խուլ ավազների միջով, շնագայլերի ոռնոցի, սողունների ու թիկունքից արյուն խմող նետերի տարափի տակ: Արևի լույսը ծածկող մոծակների, ջրակալած վերքերը լափող ճանճերի ու մժղուկների պարսերի գիշեր ու ցերեկվա հալածանքից անքնությունն ու գլխացավերը: Անապատի երկար, չվերջացող, ուշ մթնող օրը, վերև չես նայում, բայց նրա տեղը գիտես՝ անընդհատ երկնքի կենտրոնում կանգնած արևը՝ ուղիղ քո գլխի վրա է, այրում է անքնությունից վերքի պես կսկծացող գանգդ, ստվեր չկա, ամեն ինչի ստվերը մի մատնաչափ է, քանի որ արևը ուղիղ երկնքի կենտրոնում է և Մշկանի երգը՝ հարատև ավազի մասին: Անընդհատ, չվերջացող պատերազմները, երկրից երկիր թափառելը և մեջդ նստած ունայնությունը. շեփորահարը փող է փչել, բանակը, ամեն ինչ թողած, հապշտապ նահանջում է, բանակը տասը օրվա ճանապարհ է կտրել ու իր շարքերից ընկածներին դեռ չի հասցրել մոռանալ՝ մեկ էլ նրա տասը օրվա կտրած ճանապարհը, մի ժամում անցած՝ երկնքով, թիկունքից գալիս ու բանակի վրայով է անցնում անգղերի երամը, բանակը գիտե՝ նրանք որտեղից եկան, հողի երեսին մնացածների մոտից, լեշակեր երամից քեզ ծանոթ զինվորի մարմնի հոտն է գալիս, ունայնության մեջ թպրտում է սիրտդ… Երթերը… ճանապարհին, կողքիդ, անընդհատ կողքիդ, վրանի ու վայրենության մեջ հասունանում է պատանին: Որդու սեր ունես նրա համար մեջդ, սիրում ես նրան, թշնամու սրի հարվածը երկուսիդ աչքի առաջ է, դու ես ընդունում խոցվելու առաջնահերթը՝ նա ձեռքերի վրա կտանի քեզ: Սիրում ես նրա ոգին, ահա վայրենի երանության փորձությունը: Նա, մահն ու ունայնությունը, անընդհատ կողքիդ են եղել… Պատերազմը չի սիրվի, մահը չի սիրվի, իսկ անապատի միջով անցած մերկ մարմինը՝ թուխ, արևի շողը իր գույնը դարձրած, փոթորկոտ, պիրկ մկանների գալարումներով տեսիլքների նման ձգում է՝ նրա համաչափությունը, նրա առողջությունը և վայրենի երանության փորձությունը՝ սիրում ես ոգին, նրա ճկուն ու բաց ոգին, որը իր շուրջը եղած վայրենության պես է ու ամեն ինչի պատասխանը գիտե, և ինքն էլ վայրենության ու կյանքի միջով անցնում է, ինչպես հզոր առաջնորդ ուղտը անապատի անսահմանության միջով… Եվ հանկարծ ախորժալի է դառնում, դու չգիտես, բայց շաբաթներ ու օրեր առաջ արդեն քո մեջ ցանկալի է դարձել մարմինը, երկվության գաղտնիքներն ընդգրկող այդ հրաշքը, որ տիեզերքի ու անմահության նմանությամբ է արարված, ինչպես լուսատու մեծ աստվածները՝ մի դեպքում որձ է, մյուս դեպքում՝ էգ: Մի շուրջդ նայիր, բաղնեպան, մի՞թե փառաբանելի չէ Արեգակի՝ արևելքից ծագման արականությունը, որ արևմուտքից ծագող իգական լուսնի համար որձ է ու հղիացնում է նրան, իսկ հողագնդի համար որձ է լուսինը, որ հղիացնում է սուրբ կրակն ընտրյալ ծառի մեջ, իսկ նույն ծառի երկու փայտերի շփումից ծնվում է նրանց որդի կրակը, ամենակարող կրակը, որ հողագնդի համար աստված է դառնում, որին պաշտում են մոգերն ու բոլոր մարդիկ, որովհետև լույսի միջոցով տեսնում են առարկան ու նրան անուն են տալիս, և աշխարհն ընկնում է շրջապտույտի մեջ՝ հարաբերական սեռերի երկվության կանոնով: Կամ ո՞վ կարող է ասել՝ ծառի նույն ճյուղերի շփումից, որ կրակ ստացվեց, այդ փայտիկներից որն է որձը, որը՝ էգը: Երբ մարդ արվեստի ճարտար գործ է ստեղծում, նա կարո՞ղ է միայն մեկ սեռ լինել: Եթե որձ է, նա արարելու ընթացքում պիտի էգ դառնա, որ տրվի իր գործին՝ հղիանա նրանից ու ծնի պտուղը: Մի՞թե բալենին էգ է, երբ պտուղ է տալիս, կամ ջրաշուշանը, երբ սպիտակ ծաղիկներն է բացում. և էգ է, և որձ…
Ֆարուխ, կինը խաբկանք է, քո կինը քեզ խաբեց, որովհետև նրա սեռը անփոփոխ էր, ինքն իր մեջ փոփոխվելու հնարավորություն չուներ ու ընտրեց նորից նույն տեսակին: Նրա մարմինը թույլ է, էությունն էլ թույլ կլինի, անկատար: Դարձյալ մարմինը՝ անորոշ է, անհասկանալի, առաջը շոշափում ես, ափիդ մեջ ոչինչ չկա ուրցի թփուկի նմանվող փափուկ մազափնջից բացի, այդ փափկությունն էլ անձև՝ ոչինչ է… Ներսը՝ անգույն, պղտոր ու թաց… Ուզածը չի իմացվում, սերմը չի տեսնվում… Բա չորս շաբաթը մեկ, նրա արյան աղբյուրի բացման օրերին, կարմիր չարքի նրան այցելելը ու չոքե՞լը նրա վրա: Հնգօրյա խրախճանքից արբած՝ անլվա կարմրամռութ չարքի հոտը՝ աղբյուրի ակից ծարավը հագեցրած՝ բարձրանալուց հետո: Այր մարդունը ջրից հանած՝ արծաթ ձկան նման թպրտում է ափերիդ մեջ, ձև ունի, շոշափածդ ճանաչում ես, պինդ է ու տեսանելի, խաբկանք չկա, մաքուր, պիրկ ու մկանուտ է, և ինքն իր մեջ փոփոխվող և վերափոխվող է, լուսատու աստվածների նման և էգ է, և որձ: Էգի թուլություն չկա, երկուսով էլ հզոր եք, սուր բռնել եք իմանում, երբ վտանգ լինի, կպաշտպանեք ինքներդ ձեզ, հետո նվիրումն է գալիս… ու Մշկանը մեռավ: Երկուսով փող կուտակեցինք, բերդի կառավարչի իմ պաշտոնը գնեցինք: Անթիվ-անհամար սիրամարգեր հնդկացի վաճառականներից առանք, որ նրանք իրենց գույնզգույն պոչերը բանան, ու անապատը ծաղիկներով լցվի, մենք այստեղ պիտի անցկացնեինք մեր մնացած ողջ կյանքը: Պիտի նստեինք աշտարակի ատամնաշար պարսպին ու նայեինք սիրամարգերի բացվող պոչերին: Այստեղ գալուց մի շաբաթ հետո Մշկանը մեռավ որովայնի սուր ցավերից, անապատը մնաց»: Կառավարիչը լացել էր, Ֆարուխը հանգստացրել է նրան: Կառավարիչն ասել է. «Բաղնեպան, ունայն է աշխարհը, մնա այստեղ՝ ծառայության»: Ֆարուխը համաձայնությունն է տվել:
Բանտախցում Արշակ արքայի հետ կապ է ստեղծել, նրան փախուստի իր պլանն է հասցրել: Բերդի կառավարիչին վեց ամիս լողացրել ու անուշահոտ յուղերով զգոնությունն է թուլացրել: Վեցերորդ ամսի վերջին շաբաթվա ուրբաթ օրը Արշակ թագավորի հովանավոր Արուսյակ մոլորակի գիշերային լիափուլ պահին նրան արտաքնոց մաքրողի զգեստներ է հագցրել, գիշերանոթը ձեռքը տված՝ տակառը մեջքին կապած՝ խցից խուց է ուղարկել, ինչպես կարգը՝ բերդի արտաքնոց մաքրողի լիազորությունն է եղել: Ինքն այդ գիշեր բաղնիքում կառավարչի հետ գարեջուր ու գինի է խմել, զվարճացրել ու նրա ուշադրությունն է շեղել: Արշակ թագավորը, տակառը մեջքին կապած, բերդից դուրս է եկել, մոտեցել է պարիսպներին, ու բերդի բակում վխտացող անթիվ-անհամար սիրամարգերը կռնչացել, ծղրտացել, աղմուկ-աղաղակով՝ պահնորդ զինվորներին են արթնացրել: Բաղնիքում կառավարիչը Ֆարուխին ասել է. «Կալանավոր է մոտեցել պարսպին, ուզում է փախչել»: Թռել, Ֆարուխի կոկորդից է բռնել, թափահարել, պատին է դեմ տվել, ասել է. «Դու այս ի՞նչ արիր, ես քեզ սիրելի էի, բարձր էր իմ սերը՝ կանանց սերերից»:
Իսկ պահնորդ զինվորներով շրջապատված՝ պարսպի պատի տակ կանգնած Արշակ արքային ասել է. «Դու թագավոր մարդ ես, թագավոր մարդը արտաքնոց մաքրողի շորեր կհագնի՞: Պետություն, ժողովուրդ ղեկավարած, Հուլիանոս կայսեր առաջ սուրը չարձակած և այդ արարքով աշխարհի զորավարներին զարմացրած մարդը, էս փսլնքոտների խելքին ընկած, փախուստի փորձ կանի՞»:
Թագավորին, որպես հարգանքի նշան, արծաթյա շղթաներով պարանոցից ու ոտքերից խցի պատին է գամել: Ֆարուխի աջ ոտքը բացել, գարշապարի ու կոճի մոտ սրունքի ջիլն է կտրել, նետել դարպասից դուրս, հետևից գոռացել. «Մեկ էլ այս կողմերը երևացիր, գեղեցիկ մարմինդ ամբողջովին այլանդակել կտամ»: Նորից դուրս է եկել դարպասից, մոտեցել է, ավազների մեջ ընկած Ֆարուխի գլխավերևն է կանգնել, ասել է. «Ոտքիդ համար ներող եղիր, դա իմ անկեղծության նշանը կլինի»:
Նա տասն օր, անապատը սողալով, շնագայլերից խույս տալով ու արևահար, ուշաթափվելով և ուշքի գալով՝ պատահական անցորդ քարավանի հետ տուն է հասել: Դրաստամատն իր իմացած բժշկական բոլոր միջոցները փորձել է, Ֆարուխը չի բուժվել, Ֆարուխը կաղ է մնացել: Նա հուսահատ նստում էր տան բակի քարին, նայում հեռու անապատին ու տխրում էր, որ իրեն կարողացել են խաբել: Դրաստամատին ասում էր. «Ախր այդ օրը նրա հովանավոր Արուսյակն էլ իր ամբողջական փուլի մեջ էր, գործը համարյա գլուխ էր եկել…»: Դրաստամատը նրան հորդորում էր, որ ուժ հավաքի, ու իրենք հաջորդ անգամ կհաղթեն կառավարիչին: Ֆարուխը ավելի շատ զարմացած էր, որ սիրամարգերին բերդի կառավարիչը պահել էր որպես հսկիչներ, իսկ իրեն ամեն անգամ զգոնությունը թուլացրել, խաբել էր, թե. «Անապատի անշարժության դեմ գույնզգույն, ծաղկանման բացվող պոչերը ներշնչանք ու ապրելու միջոց են»: Զարմացած Ֆարուխը Դրաստամատին հարցնում էր. «Գուցե Մշկանի համար նրա լացն է՞լ կեղծ էր»:

Երբ երկրում ուրախանում էին, գինի էին խմում, երբ աղավնիներ էին թռցնում և դափ ու լարաձայն գործիքներ նվագում, երբ իրար այծի բրդից գործած կանաչ գուլպաներ էին նվերներ տալիս ու նվերներ ստանում, երբ մայրաքաղաքի փողոցներով ջրի աստված վիշապներ էին ման տալիս ու նրանց հիմներ երգում, երբ փողոցները, դարպասներն ու կամարները վարդերով էին զարդարված, ու երբ Վարդավառի տոնակատարությունն էր սկսվել Հայոց աշխարհում՝ Պապ թագաժառանգը կարճ ժամանակով վերադարձել է Բյուզանդիայի Նեոկեսարիա քաղաքից: Նրան ուղեկցող բյուզանդական մետաքսե վիշապակիր հեծելազորը արքունական հրապարակի սալարկած գետինն է տվել պայտի տակ և մետաղի ու քարի թնդյունը արքունիքն է ոտքի հանել: Փողհարը թագաժառանգի ողջույնի շեփորն է փչել, դրոշակակիրները կապույտ արծվապատկեր դրոշներն են բացել արքունի թագավորանիստ պալատի աշտարակներին: Ախոռապետը ձիապանների հետ վազելով եկել՝ քրտնաթոր ձիերին գոմերն են տարել: Պապ թագաժառանգը քշել, ձիով արքունի պարտեզն է մտել: Օլիմպիան, ջրավազանի մարմարե պատի քարերին նստած, Տարոնի Աստղիկ դիցուհու տաճարին նվիրված, ծաղիկների մեջ թափառող սպիտակ ուլերին էր կերակրում բուռը հավաքած մաղադանոսով: Ձեռքի ափով ճակատին հովհար արած՝ նայել է արևի մեջ ու ջրավազանի շուրջը պտտվող թագաժառանգին: Պարտիզպան Սահակը վազել ընդառաջ, ձիու սանձն է վերցրել: Օլիմպիան, մաղադանոսի բուրմունքը շորերին ու ձեռքերին, մոտեցել, քրտնած ձիու կողերին է հպվել քիթ ու բերանով, դեռևս թամբին Պապի ծնկանն է կպել: Ձին տանող Սահակին ասել է. «Թագաժառանգը լողանալ է ուզում, բաղնեպանները թող բաղնիքը վառեն»: Պապն ասել է. «Այսօր տոն է, եկեղեցում նախ մոմ պիտի վառել»: Օլիմպիան, նրա ձեռքը բռնած, գնացել է պարտեզից երեք նետընկեց հեռավորության վրա գտնվող արքունի եկեղեցին: Պապը տեսել է իրեն ժպտացող նրա այտի փոսիկը: Օլիմպիան առաջ է թեքվել, ուսով կպել նրա կրծքին, ասել է. «Համբուրիր»: Նա ասել է՝ չէ: Հետո տեսել է՝ այտի փոսիկը կորչում է, մաղադանոսի բուրմունքը հեռանում է, փոսիկը պիտի ջնջվի, համբուրել է: Ժամանակը արագ է անցել, եկեղեցու քիվերին, ապա քարերին լուսատտիկներ են վառվել, տաք լիալուսնի ծորացող արծաթ հեղեղի մեջ ծղրիդներ են երգել, իսկ նրանք, վառվող մոմի ու սրբապատկերների առաջ, լռել են: Կաղնու ծառի տակ դրված քարե նստարանին են ցանկացել նստել, ու այդ պահին քարի շուրջը եղած մութը հոսել, շարժվել է: Պապը սուրը հանել է ու հենց օդի մեջ կտրել սուլոցով հորդացող օձին: Օլիմպիան, դողը մարմնի մեջ, ասել է. «Համբուրիր»: Պապը նրա մեջքին, մատների տակ մետաքսե շորն է շոշափել ու զգացել, որ իր մատները հասնում են նրա մերկությանը: Նրա շուրթերը քամել, վերջացնելու պես համբուրել է: Օլիմպիան շնչատ՝ նրա կրծքի թավամազն է ափով շոշափել, ասել է. «Ձիու քրտինքի մեջ խաշվել ես, քրտինքի քաղցր հոտն արբեցնում է»: Պապն ասել է. «Նրան հայտնելու եմ»: Օլիմպիան ասել է. «Դու երջանիկ ես, անտակ երջանիկ ես, դրա համար էլ որոշել ես հայտնել թագավորին»: Հետո նրա թևերի միջից դուրս է եկել, ձեռքը ճակատին դրած, տաք լիալուսնին է նայել, կապտագույն լույսի ու գոլ ջերմության մեջ, պարտեզի տանձը թփփոցով գետնին է կաթել: Ասել է. «Թագաժառանգ, կարծում ես՝ նա քեզ չի՞ համոզի: Ասա, որ ես ու դու համարյա հասակակիցներ ենք, չորս տարով ես ինձանից փոքր»:
Ճրագալույցից հետո, երբ թագավորի առանձնասենյակը մտավ. «Արքա…»,– ասաց: Հարալեզ շունը նայեց իրեն: Թագավորը շրջվեց, նրա մեջ ու նրա շուրջը այդ պարզ ու հասկանալի էության հետ ինչ-որ բան կար կարմրով ներծծված ծանրություն, աշխարհի սահմաններից դուրս քաոսի ու վթարի հետ հանդիպում, անգուշակելի նշանը, որ երբեմն շատ է տեսանելի, երբեմն չի տեսնվում, աչքի առաջ է ու աչքից հեռու: Տղային նույնիսկ թվում էր, թե նա սովորական, շատ սովորական մարդ է, ինչ-որ բանով, ինչ-որ քողով պատված, դեռ անճանաչելի նշանով, բայց ի՞նչ, կարող է հենց սովորականը դա էր,
որ կար, հարբեցողի թմրությունը, խորհրդավորի պատրանք ստեղծողը: Բայց այդ ուղղակի չէր հարաբերվում կամ նկատելի չէր կապվում ոչ տղայի, ոչ թագի, ոչ կյանքի, ոչ էլ երկրի հետ: Մտքերի մեջ խորասուզվել էլ չէր, ոչ էլ թախիծ էր: Տղան չէր կարողանում իր մեջ ճշտել այն տպավորությունը, որ ստանում էր թագավորի ու հարալեզի դեմքերի արտահայտությունից, հանկարծ նրանք թողնում էին ներկան, տղան տեսավ, թե ինչպես նա հիմա էլ մոռացավ ներկան, քիչ շրջվեց թուխ մազերով, ալեխառն գլուխը հենեց ափին և անշարժ կար, մնաց: Տղային թվում էր, թե նա, երկրի վրա թագավորություն անելով, ոչ թե ինչ-որ բան էր հաստատում, այլ ինչ-որ հաստատ բանից փախչում էր: Զգացվում էր, թե ինչպիսի ճիգերով նա նորից վերադառնում է ներկա, սակայն դարձյալ այդ նշանը, անտեսանելին նրա հետ էր՝ դուրս չեկողը, չվերջացողը: Այդ մշուշը, զարմանալին անուն չուներ, բայց տղան գիտեր, որ դրանից էր, որ թագավորի մեջ ծնվում էր առանձնահատուկը, եզակին, դժբախտությունը, կարմրով ներծծվածը և դաժանը, որը հնարավոր չէ որսալ, այն ապրում է ոսկրածուծի մեջ, հակոտնյա է տրամաբանությանը, որի մեջ չեն տեղավորվում ոչ թագը, ոչ երկիրը, ոչ հարբեցողությունը, ոչ ժողովուրդը, ոչ էլ տղան: Նա հասկացավ, որ թագավորը հեռու մի տեղ է, չի լսում: Նրա անտարբերությունը նման էր դրանիկ ծառաների փսփսոցին: Իբրև թե, երբ նրա գիշերային կացարանն են բերել Օլիմպիային կամ հարճերից որևէ մեկին՝ իրենց պարտականությունները կատարելու, նրա մոտից դուրս ելնող կանանցից որևէ մեկի հարդարված վարսերի խոպոպիկն անգամ շարժված, իր նախկին դիրքը կորցրած չի եղել: Բացված դռան մեջ նրանք ծունկ էին խոնարհել, թագավորին շնորհակալություն հայտնել և աչքերի անորոշ նայվածքով հեռացել: Նրանց հետևից դուրս է եկել ինքը՝ մեջքի վրա գոտին ձգելով, դեմքի վրա՝ անորոշությունը, կարմրով ներծծվածը, ներկայի մոռացությունը և առանձնահատուկը: Ծառաները զարմացած ասում էին, որ իրենք չեն հասկանում. «Այդպես կնոջ մերկություն բացել կլինի, մի՞թե կնոջ մերկությունը այդպես են բացում, այն էլ թագուհի կնոջ»:
Առավոտյան զինավարժություններից հետո կրկին մտավ նրա առանձնասենյակը, դարձյալ չորս աչքերը նայեցին իրեն, ասաց. «Արքա…»: Ու չորս աչքերի դեմ հանդիման, չորս աչքերին փոխնեփոխ նայելով՝ պատմեց ամեն ինչ՝ ինչ պատահել էր:
Նրա՝ տեղից բարձրանալ, մոտենալ, ձեռքը ուսին դնելուց հասկացավ, որ թագավորը երբեք Օլիմպիայից իրեն մրցակից թագաժառանգ չի ծնի, ու մոր՝ Փառանձեմի լաց ու կոծը խոտորնակի նպատակներ ունեն: Պապը իրեն նայող չորս աչքերից էլ հասկացավ, որ թագավորը ոչ միայն չլսեց իրեն, այլև իր պատմածը նրա համար ոչ մի նշանակություն չուներ: Նրա խոսքերը հատ-հատ էին, պաղ, հասնում ու կպչում էին ոսկորներին: «Թագաժառանգ,– ասաց, հետո բառը փոխեց,– տղաս…»,– ասաց՝ ավելի փափուկ ու տաք լինելու համար: Դարձյալ պաղ էր արտաբերվում ու հատ-հատ, հարալեզի ու նրա աչքերը իրեն էին նայում, խոսքերը հասնում էին ոսկորներին: «Ժամանակը այնպես էր տրված, որ մեջը ջերմություն չկար, պահը և դեպքերը պահանջում էին անհապաղ գնալ նպատակի հետևից, իմ միջից էլ հանեցի ջերմությունը ու կտրուկ գործողություններով մտա ժամանակի մեջ: Քո տարիքին հատուկ անմեղությունը քեզ էր պետք թողնել, խնայեցի: Մեծացար, փոխանորդ՝ թագաժառանգ ես, պիտի կարողանաս դիմակայել, պինդ կանգնել քո և ուրիշի հողի վրա, ինքդ քեզ համար, թագի համար: Դեպքերի պահանջով՝ ուրիշի հունձքն էլ եմ հնձել և իմ երկրի օգտի համար նրանց ամեն տեղ ամբարել: Ես հոգնել եմ մահերից՝ լցվել են մարմինս ու փշրում են ոսկորներս: Քո անելիքը օտարի հողում՝ պատանդությանդ տարիներին կերած դառնահամ հացի համը չմոռանալն է լինելու և իմ ձեռք բերածը պահպանելն ու ժողովրդին բաժանելը… Այդպես սկսող թագավորին ժողովուրդը շատ է սիրում»: Ասաց. «Թագաժառանգ, քո տարիքին էի, իմ հորը՝ հայոց թագավորին, քո Տիրան պապին իմ դեմ ածուխը դրեցին աչքերին ու կուրացրին: Ու մեզ բոլորիս՝ թագավորական գերդաստանով, անապատները քայլեցնելով, տարան Պարսից Մեծ դուռը՝ աքսոր: Պարսից արքունիքի դրանիկ ծառաները կույր Տիրանին հանում էին պարտեզ՝ զբոսանքի, հետո հանկարծ, իբրև թե որևէ բան էին հիշում, որևէ պատրվակ էին գտնում, նրան թողնում էին տաղավարում նստած ու իրենք ժամերով անհետանում էին: Նրանց բացակա ժամանակ ծառերից իջնում ու պալատից դուրս էին գալիս Շապուհի՝ Որմիզդի տաճարին նվիրված սրբազան, ձեռնասուն կապիկներն ու ճաղատ Տիրան թագավորի գլխի վրա ընկույզ էին ջարդում: Հետո մինչև մորեմերկ՝ նրա շորերն էին հանում, իսկ Մեծ դռան պատուհաններից ծածուկ նայող աչքերը զվարճանում էին պարտեզի կենտրոնում լուռ ու մունջ կանգնած երբեմնի թագավորով: Էլ ընտրություն չկար, ես բաց թողեցի Շապուհի պարտեզում վանդակված հովազներին նրանց բոլորի վրա: Հովազները պատառոտեցին ու փախստական դարձրին կապիկներին, իսկ Տիրան թագավորին հոտոտեցին ու թողեցին հեռացան: Ես ու մերկ Տիրան թագավորը, պարտեզի կենտրոնում իրար փաթաթված՝ լացում էինք:
Պալատականներն ու մոգերը արքայաց արքայից մահապատժի վճիռ էին պահանջում՝ սրբազան կապիկների մեղքի տակ մտնելու համար: Շապուհի դատավճիռը որոշեց՝ մեղքը չճանաչել, «… քանի որ Տիրանի որդի Արշակը հովազներին արձակել էր հավասարապես և՛ կապիկներին, և՛ Տիրան թագավորին հոշոտելու համար»:
Նա խոսում էր քայլելով: Թագաժառանգը տեսնում էր նրա թեթևակի կորացած, արդեն կուզի նմանվող մեջքը, հասկանում ձայնի մետաղե պաղությունը, որը հասնում էր ոսկորներին՝ ինչպես տարիներ առաջ, երբ ինքը տասներեք տարեկան էր, ու թագավորության ծայրամասերի ապստամբ բդեշխների հնազանդեցման ժամանակաշրջանն էր:
Թագավորը հրամանը կատարողներին ասել էր. «Կանգնած միզողներից ոչ մեկին չթողնեք ապրի»: Ու զինվորները սահմանամերձ, անհնազանդ նախարարների ընտանիքներին, արուներով հանդերձ, կոտորում էին: Նրանց ռազմի ձիերի երամակներին արոտատեղերում շրջափակում էին ու սրունքների մկանները կտրում՝ ամեն տան համար թողնելով երեքից չորս առողջ ձի: Ոմանց դաստակերտների պարիսպներից ներս նոխազներ էին գցում: Գիշերը Վրիվ հազարապետը վերադարձել էր Շիրակի գավառից: Նրա՝ այնտեղ լինելուց հետո երկիրը պապանձվել էր սարսափից: Կամսարականներին հասած պատժի լուրը լսել էին բոլորը: Այդ գիշեր սուրհանդակ եկավ նաև Ասորիքի քրմերից: Հայտնում էին, որ իրենց մոտ կարիճ գործածել սովորել է նաև Խադ եպիսկոպոսի ուղարկած Գադիշո անունով մարդը: Ասում էին. «Անունը նշանակություն չունի, մեզ թվում է՝ հնարովի անուն էր»:
Այդ ժամանակ էր, որ գահերեցությունից հեռացված Ներսես կաթողիկոսի փոխարեն աղբիանոսական կուսակցությունից Չունակին կաթողիկոս ձեռնադրելու եկած Հափիկ և Թաթուլ եպիսկոպոսները մայրաքաղաքում, քներակներից թունավորված, մահացել էին: Երբ Ասորիքից լրաբերը եկավ, Վրիվ հազարապետն առաջին բաժակ գինին էր խմել, դեռ սուրը չէր արձակել, այրուձին՝ դեռևս զորանոցի դռանը, ու զինվորները թամբից չէին հասցրել իջնել: Ծառան ներկա, բայց թագավորը, պատրվակ գտած, տղային էր հանձնարարություն տալիս, չէր ցանկանում տղան ներկա լինի, նա գնաց ու դռան հետևից ականջ դրեց, չհասկացավ՝ ինչո՞ւ էր թագավորը մարդկանց ախոռատուն ուղարկում: Արքան գնացողներին պաղ, հատ-հատ ասաց. «Թող սև նոխազ լինի»: Տղան թաքստոցից դուրս եկավ, ծնկաչոք ասաց. «Չէ՛»: Թագավորը նրա աչքերի մեջ նայեց, տղան աղաղակեց. «Չէ՛»: Թագավորն ասաց. «Ոտքի կանգնիր, թագաժառա՛նգ»: Նա թիկունքից լսեց Փառանձեմի և Օլիմպիայի ձայնը. «Արքա՛, ողորմա, Տե՛ր, հոգևորական է, մի անի, պետք չէ: Խադ եպիսկոպոսը հայտնի մարդ է»: Վրիվ հազարապետը դուրս էր գալիս հրամանը կատարելու, արքան առանձնանում էր, ընթացիկ նայեց տղայի աչքերի մեջ, ասաց. «Տղային պահեք»: Նվիրակ Փառենն ասաց. «Սենյակը դնենք, դուռը փակենք»: Թագավորն ասաց. «Թագաժառանգ է»: Խոսքի պաղությունը հասավ Փառենի ոսկորներին, Փառանձեմին ու Օլիմպիային էլ հասավ: Թագավորը առանձնացել էր: Օլիմպիան տղային էր պահել, տղան չէր կարողանում դուրս պրծնել, շորերի կարերը քանդվում, ակնակար քարերը քանդվում, կտկտոցով թափվում էին մարմարե հատակին, տղան բռնված էր: Հետո նա թուլացած լացում էր: Օլիմպիան նրա գլուխը դրել էր ծնկներին, շոյել վարսերը: Տղան բուրմունք է առել, սրթսրթացող մարմինը լռել է, հանդարտված շնչել է ազդրերի վրա, ու նրան պահող կնոջ ձեռքերը թուլացել են: Միայն տարիներ հետո, լուսատտիկներով վառվող եկեղեցու պատի տակ, երբ քարից բացվեց սուլող խավարը ու թռիչք գործեց դեպի Օլիմպիան, ինքը օդի մեջ քարբ օձին կտրելու պահին՝ հաստատապես չգիտեր՝ որտեղի՞ց, աջ թե ձախ կողմից դարձյալ առավ այդ ծանոթ բուրմունքը ու այդ պահին էլ զգաց, որ ինքը չի սխալվում՝ մաղադանոսի բուրմունք է, հենց մաղադանոսի բուրմունք:
Տղան դուրս պրծավ, ախոռից հանեց իր ծննդյան տոնին թագավորի անցյալ տարի նվիրած նժույգը: Սլանում էր և չէր գիտակցում՝ այդ բուրմունքը մարմնի մեջ է թափանցել ու իր հետ է ընդմիշտ, թե՞ դաշտերից է առնում: Հասավ Արտաշատ, Խադի դաստակերտի դարպասը ծեծեց ոտքով ու քարով, ծառաներին հրեց, մտավ դղյակ: Կանթեղի վրա վառվող լույսը մոտենում էր, աստիճաններով իջնելով՝ գալիս էր դեպի իրեն: «Եպիսկոպո՛ս, նոխազը»: Նա հարցրեց. «Նոխա՞զը»: Ասաց. «Սև նոխազը գալիս է»: Ու ինքը դարձավ՝ հեռանում էր, դռան մեջ բռնեցին: Սուրը մնաց նրանց ձեռքերի մեջ, թռավ բակ, փախչում էր: Ձին չկար: Փախչում էր, չհասցրեց, դաստակերտի դարպասը փակեցին: Քիչ առաջվա դեմ-հանդիման ձայնը, որ մոմի լույսի հետևն էր, գոռաց. «Փակե՛ք»: Փակեցին: Նա բակում պտտվում էր, նրան կրնկակոխ հետապնդում էին: Նա ուզում էր դուրս պրծնել, բարձրացավ պարիսպ, երեներ որսալու ցանցը շուրջբոլորակի պահեցին ու բռնեցին: Գետնի վրա պառկեցրած՝ կապում էին, ասաց. «Արշակ թագավորը չի ների,– ասաց,– եպիսկոպո՛ս, այս՝ թագաժառանգն էլ չի ների»:
Արդեն լուսանում էր, Վրիվ հազարապետի պատժիչ գնդերը հասան: Անաղմուկ շրջապատում էին դաստակերտը: Չնայած տղան այդպես արդեն երկար ժամանակ էր կանգնած աշտարակին՝ նրանք ուշ տեսան տղային, երբ խոտի խրձեր ու կոճղեր էին դիզում փայտյա շինությունների տակ ու սև նոխազն էին ուզում գցել դարպասից ներս: Վրիվ հազարապետը վերև նայեց, տեսավ տղային ու նրա թիկունքին կանգնած, դաշույնը տղայի կոկորդին սեղմած Խադ եպիսկոպոսին: Նա չէր կողմնորոշվում, երկար նայում էր տղային ու նրա կոկորդին սեղմած պողպատին: Հետո գնդից երկու ձիավոր առանձնացան ու սլացան դեպի մայրաքաղաք: Մինչև մայրաքաղաքից թագավորի գալը, տղան շնչում էր ծնոտի տակ դաշույնը պահած ձեռքից եկող խնկի ու պողպատի բուրմունքը: Թագավորն իրեն էր նայում, տղան վերևից տեսավ նրա աչքերը: Ձին թագավորի տակ խաղում, խելագարվում էր, տղան տեսնում էր թագավորի ու հարալեզ շան աչքերը: Հետո դղյակը շղթայած զինվորները թողեցին, նոխազը դարձյալ դրեցին պարկը ու դուրս եկան ճանապարհ, գնդեր կազմեցին: Թագավորը ձիուց իջավ, բարձրացավ երկանիվ ռազմական կառքը, շրջեց զորքը, նրա հետևից շարժվեց մայրաքաղաք: Պահող խնկաբույր ձեռքը բաց թողեց տղային: Նա դուրս եկավ դարպասից, զորքի հետևից ինքն էլ էր գնում մայրաքաղաք: Հետո դաստակերտի տիրոջ ծանոթ ձայնը հրաման տվեց, ինքը լսեց նրա խոսքերը. «Ձին հասցրեք, տղան թագաժառանգ է, նա ժողովրդի աչքի առաջ ոտքով մայրաքաղաք չպիտի մտնի»:
Տաք արևը նոր էր ծագել, ու նա չէր ցանկանում հետ՝ հրաման տվողին՝ կատարողներին ու դաստակերտին նայել: Մինչ ծառերին նստած կաչաղակներին էր հալածում քարերով, իր ձին բերեցին: Զորքին հասավ, հետո՝ թագավորին: Թագավորը չշրջվեց, բայց տղան զգում էր, որ թագավորը գիտե, որ ինքը եկել, հասել է ու այստեղ է: Գնում էր, հետո ընթացքից իջավ թագավորի երկանիվ ռազմական կառքի մեջ: Արքան չշրջվեց, տղան թագավորի կեցվածքի մեջ տագնապ չէր զգում, նկատեց, որ մեջքը կուզանման կլորացել է, կոկորդին խեղդող բան կանգնեց ու շնչահեղձ էր անում: Հետո ձայնը հնչեց չոր ու պաղ: Բառերը հատ-հատ հասնում էին մինչև ոսկորները. «Արիացի՛ր, արցունքն աններելի է թագաժառանգին, կուլ տուր: Արիացի՛ր, դու սխալ ես կատարել, այսօր մինչև վերջ խաբվեցիր, կպատահի, պիտի պատրաստ լինես, շուտով տղամարդ կդառնաս: Հարկավոր է հասկանալ թագին կառչելու իմաստը: Թագը ժողովուրդ է, ժողովուրդը՝ հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արժանապատվություն: Այդքան կարճ չեն մտածի, թագաժառա՛նգ: Նայիր ժամանակի մեջ. մեր հարևան տերությունները, երբ ցանկացել են, ճզմել, ցածրացրել ու արհամարհել են քո թագավորներին: Միայն Տիգրան Մեծի խորաթափանց միտքն ու հզոր բազուկն էր, որ աշխարհի դրամի մեջ զրնգուն շառաչով մտցրեց հայկական թագի պատկերը: Նրանից հետո, այս էլ քանի դար, մի լումա չկարողացան կտրել մեր թագավորները: Որովհետև դրամ կտրելը հողագնդի վրա արժանապատվություն և անկախություն էր նշանակում: Երբ ցանկացել են, քո թագավորներին նաև շպրտել են գահից, մորթել ու գերեվարել են: Պատկերացրու, թշնամին երեք հազար զինվորով, ընդամենը՝ երեք հազար զինվորով, մտնի քո երկրի կենտրոնը ու կուրացնելով թագավորին՝ տանի: Այդպիսի երկիր, այդպիսի թագավորություն կլինի՞: Ես քո տարիքին էի,
երբ պարսից Վարազ զորապետը երեք հազար հոգով եկավ: Ամառանոցում օդափոխության էինք, բոլորին զինաթափեցին: Տիրանին, թևերը կապած, տարան կրակի մոտ, որ աչքերը դաղեն: Վազեցի ներս, ես չգիտեի՝ ինչ պիտի անեմ: Բազմոցի տակ Տիրանի՝ հեզ ու խաղաղ, աժդահա քերծե շունն էր քնած: Ոտքով հարվածում էի, ոտքով այնքան հարվածեցի քիթ ու բերանին, մինչև շունը դուրս եկավ ու հոշոտեց ոտներս, ազդրերս պատառոտեց: Հետո ձիերի հետևները գցած՝ երկար, շատ երկար, անվերջանալի անապատով, կիզիչ արևի տակ քայլեցնելով՝ հասցրին Պարսից երկիր: Երբ տեղ հասանք, Վարազ զորապետը կզակիս տակ խտուտ տվեց, ասաց. «Արքայազնը այդքան լացկան կլինի՞, շան կծածը ի՞նչ է, որ շան կծածի համար, տեգով խոցվածի պես, վաղրով կտրվածի նման օրերով ու շաբաթներով ամբողջ անապատը լացելով քայլեցիր»: Ես քեզ արդեն պատմել եմ, դու գիտես, բայց կարո՞ղ ես գուշակել, թե ինչու, երբ պարսից աքսորում քո Տիրան պապին Շապուհի սրբազան կապիկները պարտեզի կենտրոնում մերկացնում էին, օգնություն չէր աղաղակում, դրանիկ ծառաներին չէր կանչում: Չգիտես, բայց պարտավոր ես իմանալ, իբրև թե նրա ազնվական ծագումը, թագավորական տոհմի հպարտությունը, հայոց թագավոր լինելը թույլ չէր տալիս օգնություն կանչել: Իսկ պարսից արքունի վարագույրների հետևից ու լուսամուտներից նայող մեծամեծերը, ազնվականներն արդեն գուշակել էին այդ ու հենց դրանով էլ զվարճանում էին, փորձության ենթարկելով Տիրանի թագավորական արժանապատվությունը՝ ստիպում էին նրան օգնություն աղաղակել: Իսկ դու պիտի տարբերես խեղճ գոռոզամտությունը՝ հովազներին միաժամանակ բոլորի վրա արձակելու դեպքից ու այդ երկուսի փորձից միշտ երրորդը՝ քոնը պիտի ունենաս: Արիացիր, կուլ տուր արցունքդ, դու այսօր սխալվեցիր, մոլորվել ես, կպատահի»:
Իսկ այդ նույն օրվա գիշերը սքանչելիքներ ու նշաններ երևացին Խադ եպիսկոպոսի դաստակերտում: Չորս գողեր եկան ու գիշերը նրա զույգ եզները գողացան: Սակայն ճանապարհի կեսին չորսին էլ կուրությունը խփեց, ու նրանք խարխափելով եզները հետ բերին: Սուրբ Խադ եպիսկոպոսը գոհացավ Աստծուց, կանգնեց աղոթքի, և հրաշք կատարվեց: Ավաններից ու գյուղերից դեպքին ականատեսության եկած հազարավոր մարդկանց ներկայությամբ կույրերը բժշկվեցին:
Չնայած այս սքանչելիքներին ու նշաններին, սատանան, որ Խադ եպիսկոպոսին հանգիստ չէր տալիս ու նրա շուրջն էր պտտվում և ոչ մի կերպ չէր կարողանում նրան դիպչել, բացի մի բանից, որ նա զգեստի կողմից պճնասեր էր ու ձիասեր, այս անգամ մեկ ուրիշ բանից կպավ ու բաց չթողեց: Սովորական մարդկային մտքի կերպարանք առավ ու նրան՝ ինքն իր հետ խոսեցրեց: Ինչքան է պատահում, որ մարդ բարձրաձայն խոսում է ինքն իր հետ: Ասաց. «Խադ եպիսկոպոս, դու ի՞նչ ես կարծում, Արշակ թագավորը քեզ կների՞, երբ Կոշ ավանում, Գնելի հարսանիքի ժամանակ, գաղտնի արարողություն կազմակերպեցիր, ավելը թաթախեցիր նռան ու խատարի յուղի մեջ ու թափ տալով նրա գլխին՝ նոր թագավոր օծեցիր: Այսօր էլ դաշույնը դրեցիր թագաժառանգի կոկորդին մի հասարակ մահկանացուի կամ ընդոծնի նման ու որդուն կորցնելու վտանգից սարսափած՝ նահանջեց զորքով եկած Արշակը, բայց նա հասկացավ իր անելիքը: Եթե ոչ այսօր, ապա վաղը նրա չվանով խեղդողները այստեղ կլինեն»: Խադ եպիսկոպոսն աղաղակեց. «Ապրել եմ ուզում»: Իսկ նա ասաց. «Քո միակ փրկությունը լիովին ինձ հնազանդվելն է: Բոլոր սրբերը, մեծ վարքի տեր երևելիները ու հոգևոր դպիր Փավստոս Բուզանդը մտածում, ժողովրդին համոզում և գրում են, թե սուրբ Խադը ճշմարտությամբ և ուղղությամբ է գործել, գնացել է տեր աստծու ճանապարհով՝ ոչ աջ է շեղվել և ոչ՝ ձախ, հանդիմանել է թագավորին ու դիմադրություն արել: Անիծել է նրա Արշակավանի շինությունը: Բայց չի մասնակցել երկրի քաղաքականությանը վնասող դավադրության: Սկզբից՝ Գնելին, հետո Տիրիթին ու Մերուժան Արծրունուն չի հրահրել գահի դեմ: Բյուզանդական կողմնորոշում ունենալով՝ չի խանգարել թագավորին՝ Պարսից աշխարհի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու: Հռոմի հոգևորականության կամքը հաշվի չառնելով, երբ Արշակ թագավորը ազգային կողմնորոշում ունեցող Չունակին էր
համայն Հայոց աշխարհի կաթողիկոս առաջադրում, նրան ձեռնադրության եկած Թաթուլ և Հափիկ եպիսկոպոսներին կարիճով չի մեռցրել: Նրանց ասելով՝ քո թույլ տեղը եղել է միայն պճնազարդ շորերն ու երիվար ձին, ինչով մեր երկար տարիների պայքարի ընթացքում ես կարողացել եմ քեզ հաղթել: Խադ եպիսկոպո՛ս, եթե ինձ հնազանդվես և դու ինքդ էլ բարձրաձայն ծիծաղես նրանց այս հորինվածքների վրա, քեզ կփրկեմ վերահաս մահից ու հետո դեռ ժամանակ ու հնարավորություն էլ կտամ՝ մազեղեն հագնելով և էշ հեծնելով նրանց առաջ սրբերի դասը մտած բարեպաշտ երևալու»: Տանեցիները, Ասրուկի փեսան Հաբուժենից, որ թագավորի ու աներոջ միջև պատահած միջադեպի մասին լսել էր ու մի գնդով եկել էր աներոջը պաշտպանելու, հյուրասենյակից ու իրենց կացարաններից հանկարծ լսեցին Խադ եպիսկոպոսի մենակության մեջ թնդացող հռհռոցը: Իսկ սատանան դարձյալ խոսեց ու ասաց. «Խադ եպիսկոպո՛ս, այսպես ու այսպես արա: Քո տունը, քո բակն ու այգին ուխտատեղի դարձրու։ Շուրջդ ժողովուրդ հավաքիր, որ թագավորի ուղարկած չվանով հեղձամահ անողները չկարողանան քեզ մոտենալ»:
Խադ եպիսկոպոսը գնաց հարևան գյուղը, չորս հավատարիմ մարդկանց վարձեց, ասաց. «Եկեք իմ եզները գողացեք»: Նրանք էլ գիշերը Կարմիր կավի հեղեղատից եզներն առած գնացին, մինչև լուսաբաց ահագին ճանապարհ անցան ու մի անտառի մեջ եզներն արձակեցին՝ թավիշ խոտի մեջ արածելու, իրենք նստեցին հացի ու հանկարծ չորսով էլ աղաղակ բարձրացրին, թե՝ «Կուրացել ենք»։ Խարխափելով անցնում էին գյուղերի ու ավանների միջով և ասում էին, թե. «Մենք Խադ եպիսկոպոսի եզները գողացանք, դրա համար էլ Աստված մեզ կուրացրեց, Աստված սիրեք, հասցրեք մեզ սուրբ մարդու դաստակերտը»: Նրանց ասացին. «Իզուր եք ձեր հանդերձները պատառոտում, իզուր եք առանց այդ էլ աչքի լույսը կորցրած ձեր աչքերը լացելով կրկնակի վնասում, այս ավանում լավ ակնաբույժ կա, թող նայի ձեր աչքերին»։ Ակնաբույժը ստուգեց, ասաց. «Փառակալված են։ Ի՞նչ եք ասում, սրանք բուժվող աչքեր չեն, ուզում եք Աստված կանչեք, ուզում եք ամենամեծ սրբի մոտ տարեք, ցանկանում եք՝ յոթ տարի աղոթք արեք, չեն բուժվի և վերջ»:
Գողերը, եզներն առաջներն արած, լացելով գալիս էին, ժողովուրդն էլ՝ սրանց հետևից։ Եկան Խադ եպիսկոպոսի դաստակերտը: Նա տնից դուրս եկավ, գոհություն տվեց Աստծուն և հենց այգում՝ ժողովրդի աչքի առաջ կանգնեց աղոթքի, ու հրաշք կատարվեց, չորս գողերի և էլի հավաքված ամբոխի մեջ եղած յոթ կույրերի ակներն էլ միանգամից բժշկվեցին։ Սուրբ Խադ եպիսկոպոսի մորուքի վրայով գոհության արտասուքներ էին թափվում։ Հետո Խադ եպիսկոպոսը տաշտեր դնել տվեց բակում, տաք ջուր բերեցին, թևերը քշտեց ու սաղմոսներ երգելով՝ չորս գողին էլ լողացրեց։ Իր ձեռքով ճաշ պատրաստեց վայրի խոտերի ախորժալի համեմունքով ու երկու ամսական գառան անոսկր մսով, որ գողերի քիմքը հանկարծ չվնասի, և կուշտ կերակրեց նրանց։ Վերջում էլ ասաց. «Եզները ձեզ եմ նվիրում, եզները առաջներդ արեք ու գնացեք ձեր տները, փառաբանեցեք Աստծուն»: Հետո երկրի չորս ծագերից, սքանչելիքի լուրն առած, անհույս հիվանդատերեր ու երկրպագուներ էին գալիս, և Խադ եպիսկոպոսի այգին ու բակը լեփ-լեցուն էր ուխտավորներով։ Նրանք այդտեղ՝ բաց երկնքի տակ, սայլերի վրա ու վրանների մեջ էին քնում։ Խադ եպիսկոպոսն էլ գիշերուզօր նրանց հետ էր անցկացնում, անբաժան նրանցից, աղոթելով, ալելուիաներ երգելով ու փառաբանելով Աստծուն՝ շատ հիվանդների էր բժշկում:
Նա այդպես սքանչելիքների, նշանների ու ժողովրդի մեջ անցկացրեց այնքան ժամանակ, մինչև որ թագավորի խորհրդականները խորհրդի նստեցին և Արշակ արքային իրենց դիտումների արդյունքով ապացուցեցին, թե հակադրությունը այդ հոգևորականի հետ առերես՝ ժողովրդի աչքի առաջ կայանալիք սպանության հասցնելը պետք չէ: Իսկ ինքը՝ Խադ եպիսկոպոսը, դեռ համոզված էր, որ ինքը եզների ու կույրերի հետ կապված դեպքով ոչ Աստծուն է խաբել, ոչ էլ ժողովրդին: Եթե փղի կերպարանք առած սատանան կարող է ասեղի անցքով անցնել, իսկ ինչո՞ւ չի կարող իր գլխի մեջ թափառող միտք դառնալ և պարզապես իրեն մոլորեցնել:

Երրորդ անգամ, երբ փորձությունը պատահեց, Պապ թագաժառանգն արդեն պատանի էր, բայց այդ ժամանակ ինքն էր գերի՝ որպես Հայոց աշխարհից ու Արշակ թագավորի կողմից Բյուզանդիա ուղարկված պատանդ, Կոստանդիոս կայսեր՝ հայոց գահի հավատարմությունը ապացուցելու երաշխիք, և Պարսից աշխարհի պատերազմի տանող դիրքորոշումը քաղաքական միջոցով ձգձգելու կերպ: Նա կայսերական ծախքերով ապրում էր Պոնտոսի Նեոկեսարիա քաղաքում։ Սուրհանդակը, օրերի ու շաբաթների ճանապարհորդությամբ, հասել էր Բյուզանդիա ու նրա առաջ ծունկ խոնարհել, թե. «Թագուհին ասում է՝ հասնես քո հայր Արշակ թագավորին։ Խռովահույզ նախարարները Վիրքի անտառում նրան վարազի նման շուրջկալի մեջ են վերցրել»:
Պապ թագաժառանգը, երբ հասել է Դվին մայրաքաղաք, երեկո էր։ Օլիմպիան արքունի պարտեզում դիմավորել է նրան ու զարմացել՝ Հռոմի կայսրը նրան զորք չէր տվել, մայրաքաղաքի հետևակ պահակազորից մետաքսե վիշապներ կրող մի քանի հոգի ուղեկցողներ էր դրել։ Օլիմպիան հարցրել է. «Ի՞նչ է, այդ հիսուն հոգով էլ կգնաս նրան ազատելո՞ւ»։ Ասել է. «Դու գործ չունես։ Դա քո գործը չէ»։ Հարցրել է. «Գոնե չե՞ս սպասի լույսը բացվի, թշնամուն յուրայինից տարբերես»: Ձիու սանձն է բռնել. «Թող գոնե լուսանա, թագաժառա՛նգ»։ Ձիերը քշել են ու գնացել, մայրաքաղաքի դարպասներից դուրս են եկել, արձակ դաշտում շրջվել են, տեսել՝ հետամուտ՝ կնոջ հանդերձանքով ձիավոր է գալիս։ Նետաձիգին ուղարկել է, նետաձիգը չի գնացել, ասել է. «Նա թագուհի է»։ Ինքը, ջոկատը թողած, եկել է, մեկ նետընկեց հեռավորությունից նետահարել է նրա ձիուն: Օլիմպիան գոռացել է. «Ձիերի սմբակների հետքերով կգամ»։ Հաջորդ օրը՝ ձիադադարից հետո, տեսել են մեկը գալիս է, գունդը առաջ է ուղարկել, ինքը դարձել է, Օլիմպիային ծառին է կապել։ Օլիմպիան ասել է. «Գնա, մեռնես՝ չեմ լացելու։ Մտածե՞լ ես՝ մեկը տեսնի թագուհին ծառին կապած»: Գնացել հարևան գյուղը, գյուղի երեցին ասել է. «Հանդում թագուհին ծառին է կապված, գլխից մի մազ պակասի, երե՛ց, քեզ քո գյուղի հետ կվառեմ։ Կնստես կողքին՝ մինչև վերադառնամ»։ Գնացել֊հասել է իր գնդին, միասին մոտեցել են վրաններ խփած ապստամբների բանակին։ Իր հետ կռվի եկածներին կանգնեցրել է հեռվում. «Դուք սպասեք»,– ասել է։ Արքունի պարտիզպան, առաջին անգամ զենք բռնած ծեր Սահակն ասել է. «Դու միայնա՞կ կգնաս»: «Հա»: Սահակն ասել է. «Ես երբեք պատերազմների չեմ մասնակցել, բայց Արշակունի թագավորների պատմությունները լավ գիտեմ, նրանցից ոչ մեկը երբեք միայնակ թշնամու բանակը չի մտել, մի անի այդպես»: «Ես պիտի մտնեմ»,– ասել է Պապ թագաժառանգը: Ծերունի Սահակն ասել է. «Դու Արշակունի ես,
դու կիմանաս»: Նա գնացել է դեպի կապույտ վրանները, հետո մոտեցել է կապարճներից նետեր հանող, «պատրաստ» հրամանի սպասող նրանց զինվորներին։
Տիրիթի կողքին նստած Խադ եպիսկոպոսն ասել է. «Համարյա Արշակունիների թագավորությունը քոնն է, թագավոր դարձած Տիրիթ, հրաման տուր աղեղնավորներին, թող նետերը թռչեն»: Տիրիթն ասել է. «Նա մենակ է, միայնակ ի՞նչ կարող է անել»։ Խադ տեղապահն ասել է. «Դու նրա քայլվածքին նայիր, տեսնո՞ւմ ես՝ ինչպես է մոտենում: Նրա այդ ընթացքը բավական է, որ քո զինվորները հուսահատվեն: Չեմ հասկանում՝ քեզ ինչն է խանգարում քո թշնամուն տեսնել: Ափսոս, չես տեսնում: Եթե հակառակը լիներ, ու նրա հետ բավարար քանակությամբ զորք լիներ, նա քեզ կտեսներ, նա մեզ կջնջեր երկրի երեսից»:
Պապ թագաժառանգը սկզբից սուլոց է լսել, հետո քամու շրշյունով անցնող երկար սև գիծն է տեսել: Նետը իր մեջ չէր, ներսում չի զգացել նետը: Կրկին քամի և սուլոց է լսել, ու սև գիծն անցել է, նետը չի շոշափել իրեն: Հասկացել է, որ աղեղնավորները իրեն նշանի տակ չեն վերցրել: Իրեն թագավոր հռչակած Տիրիթի կապույտ վրանն է մտել, ու երկար նայել են իրար։ Նա նստած, ինքը կանգնած՝ Տիրիթի աչքերի մեջ է նայել: Տիրիթը նրա քթարմատին՝ հոնքերի արանքում ուռչող քրտինքի կաթիլներն է տեսել, հետո աչքերի մեջ պայթող մազանոթներն ու կուտակվող արյունը, ասել է. «Առավոտյան տեսանք՝ Արշակը լեռներից աստվածների ուղարկած ճշմարիտ աչքեր ունեցող հարալեզ շանը կախել էր ծառից։ Դա կենաց և մահու պատերազմի նշան էր, եթե թողնենք գնանք էլ, չի ների»: Ինքն ասել է.
«Մեկ է, չի ներելու, լավ կլինի՝ վերջացնեք, գնաք»: Նրանք դեմ ու հանդիման իրար աչքերի մեջ են նայել: Հետո վրանից դուրս է եկել, իր ջոկատն արձակել, մայրաքաղաք է ուղարկել, ինքը հանդի ճանապարհով վերադարձել, տեսել է՝ երկուսն էլ հարբած՝ Օլիմպիան ու հոգևորականը, ծառի տակ նստած, ալելուիաներ ու
սաղմոսներ էին երգում, փառաբանում էին Աստծուն, որ պիտի օգներ Պապ թագաժառանգին:
Դրանից հետո էր, որ Արշակ քագավորը շուրջկալներից պրծավ, Վիրքի օգնական զորքը առած՝ դուրս եկավ անտառներից ու պղնձաձույլ նոխազներ էր փակցնում ապստամբ նախարարների դարպասներին, սեռահատում և բնաջինջ էր անում ուրացողներին, Ներսես կաթողիկոսի ներկայությամբ կանչել էր Գնունի Վրիվ հազարապետին ու շինարարության հարցերով կառավարիչ Զվիթին, ասել էր. «Եթե մենք արժանապատվություն ունենք, մի նոր քաղաք պիտի կառուցենք հրկիզվածի տեղում, անունն էլ Արշակավան պիտի լինի»։ Եվ արքունի հրամանով գավառներում դարբինները նորից սկսել են գամեր ու մեխեր կռել։ Ներման շնորհ ստացած՝ ծակ ականջներով ցմահ բանտարկյալները նորից սայլերով պետական քարհանքերից օրնիբուն քար էին տանում և կիտում հրկիզված քաղաքի հրապարակում:
Այդ դեպքերը դեռ չէին կատարվել, Պապ թագաժառանգը դեռ իր այս երրորդ փորձությանը չէր ենթարկվել: Փախեփախ՝ Արշակ թագավորը դեռ չէր շրջափակվել Վիրքի անտառներում: Այդ դեպքերը պատահելուց դեռ շատ առաջ Արշակ թագավորն ու Տիրիթը հանդիպել ու բանակցել էին իրար հետ: Մի օր Արշակ թագավորի արձակած լրտեսները Պարսից աշխարհից լուրեր էին բերել: Հավաքվող լուրերի և փաստերի հիման վրա արքունական խորհուրդներ էին հրավիրվել: Պարսից աշխարհից ժամանած հետախույզն ասել էր. «Արքա՛, Հայաստանից շատ են սուրհանդակները Պարսից Մեծ դուռը ելումուտ անում։ Ուղարկողը Տիրիթն է, մանրամասն ճշտված է, նրա մոտից են դեսպանները գալիս ու գնում»: Արշակ թագավորը սուրհանդակ է առաքել, որ կանչեն Տիրիթին, ասել է. «Տիրի՛թ, բոլորով միասին թագավոր կլինե՞ն,– ասել է,– Արշակունիներից մեկը թագավոր կլինի, մյուսը՝ կառավարիչ, էն մյուսը՝ նախարար,– ասել է,– դու իշխանաց իշխան կլինես,– ասել է,– այսօրվանից այդ կոչումը քեզ է շնորհվում: Գնա խաղաղությամբ ու հսկողություն սահմանիր և ամեն շաբաթվա երկուշաբթի օրը կանգնիր թագավորի առաջ ու պատասխանատու եղիր նրա գործակալների կատարած գործերի համար, նաև այսուհետ քեզ ենթակա մեծ ու փոքր պաշտոնյաների, հարկահավաքների և կարևոր ամրությունների ու բերդերի վերակացուների համար»: Արագագիր դպիրներին ներս է կանչել ու հրամանը մագաղաթ թղթով հաստատել տվել: Ասել է. «Թույլ եմ տալիս, ուզում ես մի ոտքիդ կարմիր կոշիկ հագիր կամ մի ականջիդ գինդ կրիր»: Տիրիթը հարցրել է. «Գինդ կրելու համար ականջս որ ծակեն, ցավերը սաստիկ չե՞ն լինի»։ Թագավորն ասել է. «Իշխանաց իշխանը ցավերին պիտի դիմանա»: Հետո Տիրիթն ասել է. «Վարսենիկ հարճից բացի ոչ մի բան չեմ ուզում»: Թագավորն ասել է. «Դա նույնն է, թե թագին տիրանաս, դու օրենքը գիտես, որ մեզ նման մարդկանց չի ներվում»։ Տիրիթն ասել է. «Բա ես ի՞նչ պիտի անեմ, ես չեմ կարող ինչ-որ բան չանել»։ Թագավորը երկար լռել է, թագավորը հետո նրան հարցրել է. «Դու հիվանդ չե՞ս։ Պարզ տեսանելի է, որ հիվանդ ես։ Գնա Անգեղ՝ Տիրան թագավորահոր դաստակերտ, այնտեղ հոգատար կլինեն, հիվանդությունդ կանցնի՝ կգաս։ Համ էլ երկուսիս էլ մտածելու ժամանակ կլինի»: Տիրիթը գնացել, հասել է մինչև դահլիճի դուռը, արքունի կարապետները նրա առաջ արդեն դուռն էլ են բացել, ու հետ է դարձել թագավորին՝ թե. «Դռան մոտ որ հասա, ճիշտն ասա, արքա՛, այդ պահին ի՞նչ էիր մտածում, մեջքիս զգում էի՝ մի բան էր ման գալիս, շունչս բռնվեց, այդքան պաղ քո հայացքը կլիներ,– ասել է,– իմ իշխանության նշանները տվեք, ես ուզում եմ գինդը ականջիցս կախ ման գալ»: Դռների մոտ կանգնած նվիրակին թագավորն ասել է. «Բերեք»:
Սուրբ գիրքն են բերել, գրքի վրա Տիրիթն իր հավատարմության ուխտն է տվել թագավորին: Այնուհետև թագավորը իշխանության նշաններն է տվել՝ մատանի կնիքը ու վարսակալ պատիվը՝ երեք տակ հյուսածո մարգարիտներով։ Տիրիթն ասել է. «Թագավո՛ր, կարմիր կոշիկն էլ կվերցնեի, բայց վախենամ՝ շուտ մաշվի: Ավելի ապահով կլինի՝ գինդը կրեմ ականջիս»: Տիրիթն արքունիքից դուրս է եկել, գնացել Անգեղ դաստակերտ ու որպես ծանր հիվանդ՝ անկողնում պառկել: Բերդի կառավարիչ Եղիան նրա մահճի մոտ Վարսենիկ հարճին է ուղարկել, որ նրա ջերմող մարմնին թրջոցներ դնի:
Հաջորդ օրը նրան սուրհանդակներ են որոնել: Շաղիտան, Եպիփանը, Եփրեմն ու Գինդը՝ Սլկունյաց ցեղից, գտել են նրան, առանձնացած զրուցել են։ Տիրիթը երկմտել է, բայց, ի վերջո, գնացել է հանդիպման Խադ եպիսկոպոսի հետ: Խադ տեղապահն ասել է.
«Պարսից զորքերը Բյուզանդիայից նահանջելով գալիս են, Հայաստանի սահմաններով կանցնեն,– ասել է,– Արշակունի թագավորներից հասակով ումի՞ց ես կարճ։ Խելքով էլ որևէ մեկից պակաս չես,
պարսից Շապուհ թագավորն էլ Արշակունիների մեջ քեզ շատ է սիրել: Թագավորացու այր մարդը գինդով կխաբվի՞, տեսար՝ Արշակը հարճով քեզ ինչպես խաբեց։ Լավ էլ խաբվեցիր, գինդը ականջիցդ կախեցիր ու խաբվեցիր»։ Ասել է. «Ի՞նչ պիտի անեմ, ես չեմ կարող ինչ-որ բան չանել»: Խադ տեղապահն ասել է. «Դու քեզ թափ տուր, ժողովուրդ, նախարարներ կան քեզ սպասող»: Ասել է. «Ո՞ւր են»: Խադն ասել է. «Այս գիշեր իմ դաստակերտում կտեսնես նրանց: Կապուտան գյուղի մոտ Շաղիտան ու Եփրեմը կսպասեն քեզ՝ ուղեկցելու համար»:
Գիշերը Խադ տեղապահի դաստակերտում գաղտնի խորհրդի հավաքված նախարարները նրան ասել են. «Դու մեզ առաջնորդիր, մենք հավատարիմ կլինենք քեզ»: Տիրիթն ասել է. «Բոլորով ուրացա՞նք թագավորին»։ Ասացին. «Միշտ էլ թագավորը ուրանում է մեզ»,– ասին. «Տե՛ս, ինչ է կատարվում, թեկուզ քո պապ Տիրանի ժամանակներից վերցրած կամ նրանից էլ առաջ։ Պատերազմներ սկսելուց առաջ թագավորները կա՛մ կոտորել են մեզ, կա՛մ սեռահատել»: Մուրացան Արտիթ նախարարն ասել է. «Մենք մեղավո՞ր ենք, որ մեր տիրույթները սահմանամերձ են Պարսից աշխարհին։ Մեր ասածը միայն Արշակին չի վերաբերում, սահմանամերձ նախարարներին կասկածել են: Ուրեմն՝ թագավորությունը հզոր չի եղել՝ ամբողջ մեր երկրի չափով վերցված: Տեսնո՞ւմ ես, թագավո՛ր Տիրիթ, ուրանալ չէ, բայց նմանվում է ուրանալուն»: Ասել են. «Գուցե մենք էլ չգիտենք պատճառը»: Ասել են. «Կամ մի կասկածի պատճառով սահմանամերձ նախարարություններում արդեն ձի չի մնացել, բոլորի ոտքերի մկանները կտրտված են: Լավ, նրանք ուզում են, որ պատերազմենք, բայց առանց այրուձիու կռվել կլինի՞: Մենք ասում ենք՝ դու թագավոր ես, որովհետև քո հոր ավագության իրավունքով՝ թագաժառանգը դու էիր լինելու»: Կամսարական Ներսեհ իշխանն ասել է. «Դու գործ չունես կռիվների հետ, միայն դու քեզ թագավոր հայտարարիր։ Կռվելու գործը մերն է, ու հաղթանակը մենք քեզ կապահովենք,– ասել է,– քո ժամանակն է. ձեռներեց եղիր, դու ճակատագրի կողմից ընտրված ես: Աստղագուշակներն ասում են՝ ճակատագիրը քեզ է ընտրել»:
Մի օր Հայաստանի հարավային գավառներից լրտեսները միաժամանակ են հասել մայրաքաղաք։ Փրփրակալած ձիերն ու ջորիները չեն տարել ախոռ, այդպես թողել են փողոցում, այդպես հախուռն ու խմբով միաժամանակ էլ մտել են արքունիք, ասել են. «Արքա՛, Հռոմից նահանջող պարսից զորաբանակը մեր սահմանի վրա ճամբար է դրել ու թալանի է տալիս շրջակա գյուղերը: Իսկ Տիրիթը, իր բանակը երկու մասի բաժանած, Ռշտունյաց, Կամսարական, Դիմաքսյան նախարարների հետ արշավում է դեպի մայրաքաղաք»: Հետախույզներն ասել են. «Մերուժան Արծրունու արշավն էլ է վտանգավոր, արքա՛, պարսից զորքի գլուխն անցած՝ ուղղություն է վերցրել դեպի Հայոց միջնաշխարհը»: Խորհուրդը, թագավորի շուրջը եղած նախարարները, Գուգարաց Ջոջիկ բդեշխը, Անդովկ և Վարդան մարզպաններն ասել են. «Կռվի դուրս գանք»: Խորհուրդն էլ է միակարծիք պատերազմ որոշել: Թագավորն ու Դրաստամատը դեմ են եղել: Արշակ արքան ասել է. «Ժամանակը չէ»: Նահանջ է առաջարկել: Ասել է. «Ճիշտ չէ, պարսից զորաբանակը սահմանագլխին նստած սպասում է։ Նրանք մեր դիմադրությանն են սպասում, առանց պատերազմելու պիտի նահանջենք,– ասել է.– Դրաստամատը, Վարդան Նահապետն ու Վարսենիկ հարճը պիտի մնան, իսկ մենք, առանց զենքի աղմուկի, պիտի նահանջենք։– Ասել է.– Վարսենիկ հարճին Անգեղատնից բերեք ու տեղավորեք մայրաքաղաքին մոտիկ, հեշտ գտնվող մի տեղ, թող փնտրեն ու գտնեն։ Իսկ երկիրը հիմա պարսից զորքով լցնելը ճիշտ չէ: Մեր բոլոր հաշվարկներով՝ Վասակ զորավարը չի հասցնի Ատրպատականից վերադառնալ։ Այրուձին կհասցնի, հետևակը՝ չէ: Կիսատ գործի վտանգը շատ մեծ կլինի»:
Ախոռապետը ձիերն է թամբել, քսան թիկնապահ նետերով կապարճներն են լցրել, արքունիքում դաստիարակվող քսան իշխանազունները սրերն են կապել: Հարյուր վաթսուն ընտիր զինվորներ, որոնց բազուկն էր պինդ, հայացքներից արյուն էր կաթում ու պատերազմների ժամանակ, թշնամու փղերի փորերի տակ մտած, նրանց փաղանգները ճղել֊տապալելով էին կռվում, լանջապանները կապեցին: Երեք հարյուր հոգի շուրջանակի թագավորի առաջը կանգնած, Արշակ թագավորը սպիտակ ձին նստած՝ նրանց հետ խոսեց, ասաց. «Զավակնե՛րս, պատերազմը գալիս է՝ երկու հզոր բանակներ բախվում են իրար, ու սով է ծնվում։ Ձեր մեջ կա՞ այն վաղրավորը, որ սերմացուն նետել է հողին, ու ձեռքը արորի մաճին չի առել, թող չգա, վերադառնա իր օջախը ու հատիկը հողով ծածկի, որ երկնքի թռչուններն ու դաշտի մկները չտանեն, թող աթոռին ընկած, ոտքի ուժը թուլացած ծնողների խնամքը հոգա, միգուցե այս անհավասար մարտում ընկնի, և նրա ծնողները ալևոր մուրացկաններ դառնան»:
Վաղրավորները վաղրերով լանջպանները ծեծեցին, գոռացին. «Չկա մեր մեջ այդ վաղրավորը, մենք ծնողներ, մենք մաճեր չունենք, կեցցե՜ թագավորը»։
Հարցրեց. «Դուք գիտեք, դուք տեսել եք՝ երկու բանակներ գալիս են իրար վրա, ու սրերը տանում են իրենց հասանելիքը՝ իրենց կտրածի համեմատ: Ձեր մեջ կա՞ այն սակրավորը, որ հարսնացուի ղարիբության գոտին բացել է իր տան թախտի վրա ու տեսել նրա կուտ ընկած ստինքների քորը՝ արգանդում պտղի զարթոնքի հևքից։ Թող շարքից մի քայլ առաջ գա, թող չգա՝ վերադառնա իր օջախը, միգուցե այս դժվարին պատերազմում զոհվի ու իր առաջնեկ մանկան ճիչը չլսի»:
Սակրավորները սրերով վահանները ծեծեցին, գոռացին. «Մեր մեջ չկա այդ սակրավորը, մեր ամորձիքը ամլությունն է տարել, կեցցե՜ թագավորը»:
Հարցրեց. «Որդինե՛րս, զորագնդերը գալիս են ու, որտեղ պատահեն իրար, ոչնչացնում են մեկմեկու, ձեր մեջ կա՞ ընկնելուն պատրաստ այն նիզակակիրը, որ պիտի խոցվի թշնամու թիկնահար նետից ու մնա բաց դաշտում, մարմինը կհոշոտեն երկնքի քամիները, իսկ նրա գանգը կգտնեն թափառական շնագայլերն ու կլիզեն լուսնյակ գիշերներին։ Ով պատրաստ չէ կորցնելու իր մարմինը, թող հետ գնա, վերադառնա իր օջախը, միգուցե այս ծանր ու ամոթալի՝ զենքի շեղբի տակ փախուստի ժամանակ, իրեն խնայելով, ընկերոջ մարմինը կորցնելու պատճառ դառնա»:
Նիզակակիրները սրերով ծեծեցին վահանները, գոռացին. «Չկա այդ նիզակակիրը, բոլորս քո առաջ ենք, կեցցե՜ թագավորը»:
Ձին խաղացրեց նրանց առջև, սպիտակ նժույգը ծառս եղավ, կանգնեց շարքերի դեմ-հանդիման, ասաց. «Նիզակակիրնե՛ր, սվինավորնե՛ր, վաղրակիրնե՛ր, սակրակիրնե՛ր, ասպարակիրնե՛ր ու փղերի կույտերի դեմ կռվողնե՛ր, ո՞վ է ձեր մեջ վախկոտն ու զարհուրողը, մարտի ժամանակ կաղին տվողը, թշնամուն ուշ նկատող՝ ուշ զենք վերցնողը, իր կնոջն ու զավակներին աչքի առաջ տեսնողը, թշնամու ահեղաձայն գոչյուններից գույն փախցնող, լուծողը՝ թող չգա, վերադառնա իր օջախը, որ ճակատագրական պահին իր հետ ուս ուսի կանգնածների սիրտն էլ չթուլացնի իր սրտի պես, զավակներս, քանզի այս նահանջը հարկադրական է ու մեզանից ավելի շատ զոհեր կտանի, քան հետամուտ թշնամուց»։
Նրա առաջ կանգնած զինվորներն իրենց զենքերով ու սրերով վահաններն ու լանջպանները ծեծեցին, գոռացին. «Չկա մեր մեջ այդ զինվորը, կեցցե՜ թագավորը»:
Եվ ոչ ոք չերկմտեց, ոչ ոք շարքից առաջ չեկավ։ Արքունիքից բերեցին վիշապաքաղ, ռազմի աստված Վահագնի արձանն ու կանգնեցրին հրապարակում՝ նոր ծագող արևի դիմաց: Սպիտակահանդերձ Ողյումպ քուրմը գլուխը հետ գցեց, երեսը դարձրեց երկնքին, ձեռքերը տարածեց արևելք ու արևմուտք, սկսեցին թմբուկները խփել, թմբուկների վրա նորից ու նորից նույն հարվածն էր իջնում ու միշտ իրարից տարբեր՝ ութ աստիճան ընդգրկող դադարով, ելևէջներով ու վայրէջքներով: Այդ միակ հարվածի մեջ անընդհատ լսելի էր ներքին ուժը՝ անհասանելի լսողությանը, բայց հասանելի զգայարաններին, դա թմբուկներով արտահայտված լեզու էր, որին հնազանդվում էին օդը, այգին, հրապարակը, հողը, թագավորն ու զինվորների շարքերը, որոնք ոգեկոչվել էին ռազմի աստված Վահագնի հիմնով: Քուրմը աչքերը փակ սկսեց երգել խորհրդավոր հմայությունը։ Նա երգում էր հարալեզի խոսքը, որը կարող էր զինվորի համար հմայել հարալեզին, իսկական հարալեզին:
Ու երեք հարյուր հոգի սարսափելի երդում տվեցին: Երեք հարյուր հոգի ռազմի աստված Վահագնի օրհներգի տակ ու նորածագ արևի առաջ բութ մատները դաշույններով ծակեցին, իրենցից հոսող արյունով լցրին Վահագնի ոտքերի տակ դրված գինով գավը, հետո արյունաշաղախ ձեռքերը պարզեցին երկինք՝ Ողյումպ քրմի հմայիլ-աղոթքով կանչված հարալեզին իրենց արյունը տեսցնելու։ Ողյումպ քրմի հետ տաճարից եկած սպիտակահանդերձ մարգարեն ու հայեցողը վերցրին զինվորների արյունով և սրբազան գինով լցված արծաթե գավը Վահագնի ոտքերի տակից ու արևի դեմ պահած՝ փոխնեփոխ խմեցին, որ տիեզերածավալ ինչ հեռավորության վրա էլ լինեն զինվորները, իրենց մեջ ընդունած նրանց արյան բաղադրության միջոցով, իրենց ոգեկոչ սրբազան ներշնչումներով ղեկավարեն նրանց և հաղորդակցվելու հնարավորություն ունենան, այդ միջոցով շրջանցեն Լուսնի իննսունվեց, Երկրագնդի քառասունութ, բոլոր մոլորակների քսանչորս, Արեգակի տասներկու ուժերի քանակն ու օրենքների կարգը, որոնք գործում և ղեկավարում են տիեզերածավալ անսահմանությունը, և նրանց իշխանության տակ են կենդանի և անկենդան աշխարհները:
Եվ թմբուկների հիմն արարող հարվածների տակ Վահագն ռազմի աստծու առաջ ուխտ դրեցին՝ չլքել, չուրանալ, միայնակ չթողնել ու չհեռանալ թագավորից, մինչև որ Վահագնը ինքը չկարոտի նրանց երակներում մնացած արյանը և իր մոտ չկանչի։ Ու արարողությունը սպասարկող քրմերը կաշվե պարկերով բերեցին առատ եթերական յուղեր պարունակող սոխ ու սխտոր և բաժանեցին զինվորներին՝ երթի ժամանակ սնվելու համար, որպեսզի այդ յուղերն առաձգական հատկությունների շնորհիվ ներազդեն նյարդային համակարգին ու նրանց մեջ բթացնեն, մարեն թշնամու նկատմամբ կարեկցանք, գութ և խիղճ ասած զգացմունքները։
Երեք հարյուր մարդ, ընտիր պատերազմողներ, որոնք միաբան, միասիրտ, հոժարակամ գնում էին թագավորի հետ, Արշակ արքային առաջները գցած, իրենք նրա թիկունքը պահած, թիկունքը պահել-պահելով, իրենք նվազել-քչանալով, հալածական ու արնաշաղախ, ամրոցից ամրոց, դաստակերտից դաստակերտ գնացել֊հասել են Վիրքի սահմաններն ու անտառ մտել:
Ցերեկը հետապնդողներին մոլորեցրել, նրանցից հեռացել է Արշակ թագավորը: Առավոտյան արթնացել, տեսել՝ բոլոր արահետներն ու կածանները փակ են, դարձյալ շրջափակված են, ու սրընթաց հարձակումով ճեղքումը՝ հալածանքն ու կրնկակոխ հետապնդումը նորից է սկսվել։ Նրան քուն ու դադար չտվող, հետամուտ Տիրիթը հայկական գնդերով ու ապստամբ նախարարներով շուրջկալը շուրջկալի հետևից էր սարքել ու հանկարծահաս հարձակումներ գործել։ Այդ ժամանակ էր, որ Տիրիթին ու խռովարար նախարարներին
սարսափեցնելու, հետապնդումը դադարեցնելու համար Արշակ թագավորն իր հարալեզ շանը գիշերը ծառից կախեց:
Առավոտյան ապստամբները դարձյալ հարձակման փող հնչեցրին, կրկին նրանց զորագնդերը, շղթա տված, մտան անտառ ու կարկամած կանգնեցին, երկմտեցին: Տիրիթը, երբ տեսավ Արշակի կողմից իրեն ուղարկած կենաց և մահու պատերազմի նշանը՝ թագավորի ոսկեհուռ գոտիով ծառից կախված հարալեզ շանը՝ մեռած մարդու աչքերով իրեն դիտող, սփրթնեց: Տեսածից սարսափած՝ վրաններ խփել տվեց իր զորաբանակի համար ու, չանսալով Խադ եպիսկոպոսի՝ ևս մի անգամ հարձակում գործելու հորդորներին, զորքին մահվան հրամանով արգելեց նույնիսկ ճամբարի սահմաններից դուրս գալ։

Արշակը, երբ պարսից աքսորից վերադարձավ ու Հայոց աշխարհի գահի վրա թագավոր օծվեց, երբ փախածները, ցրվածներն ու կորածները վերադարձան ու նվերներով եկան արքունիք՝ թագավորին ողջունելու, և երկրի չորս ծագերից միայն ցնծության ու կեցցեների աղաղակներ էին լսվում, արքունիք մի շինական էր եկել։ Նվիրակ պաշտոնյան թագավորին հայտնել, ասել էր. «Արքա՛, լեռներից եկած շինականը անդրդվելի է, ձեզ է ուզում տեսնել և ուրիշ ոչ մեկին։ Պարկի մեջ շուն է, ասում է՝ եկել է ձեզ երկրպագելու»: Շինականը թագավորի ոտքերի տակ պարկից թողել է քոթոթին, ասել է. «Լեռներն են տվել,– ասել է,– մեր լեռներում հեթանոս աստվածներ են բնակվում»: Զարմացած՝ պալատականներն ու ազնվականներն ասել են. «Գայլի խառնուրդ է։ Տարօրինակ է, կարող է հովազի ու առյուծի խառնուրդ էլ լինել»: Շինականն ասել է. «Չէ, այնտեղ աստվածներ են բնակվում, սա հարալեզ է, լեռներում նրանց ձայնը էնքան լսողներ են եղել, իսկական հարալեզ է։ Թագավորի հետ մնա՝ թագավորին բան չի պատահի,– ասել է,– ես հովիվ եմ, ութ ամիս լեռներից չեմ իջել: Մեր էգ շների որձերը հովազների դեմ կռվեցին ու ոչնչացան։ Էգերը որձի կարոտից իրենց սարեսար էին խփում։ Մի անգամ սրա մայրը նստել էր անհաս, բարձր քերծին, որտեղ միշտ կապույտ մութ էր ու անընդհատ ձայներ էին լսվում։ Շան նստած տեղը հենց նոր, ժամանակավորապես հարալեզ դարձած ինչ֊որ մի հեթանոս Աստված թողել էր իր սերմը, և այդ պատահականությունից հղիացել էր մեր էգը ու ծնել մի քոթոթ՝ միայն սրան»:
Հետո շունը թագավորից անբաժան էր։ Արշակ արքայի բացակայության պահին շունը օդի միջոցով զգում էր, թե որտեղ է նա։ Երբեք չէր հաչել, նստում էր թագավորի կողքին, գահի առաջ ընդունելություն գտածների աչքերի մեջ էր նայում մարդու խելացի հայացքով: Մի անգամ, արքունիք այցելած ժամանակ, Չունակ եպիսկոպոսն ասել էր. «Ճշմարիտ աչքեր ունի»։ Քանի որ Չունակի նման եպիսկոպոսն էր ասել, ոչ մեկը չէր հարցրել. «Ճշմարիտը ի՞նչ է»:

Երբ Արշակ թագավորն իրեն հետամուտ Տիրիթին, որպես կենաց և մահու պատերազմի նշան, մեջքի հուրհրացող գոտիով հարալեզ շանը ծառից կախեց, Տիրիթը, տեսածից սարսափած, դադարեցրեց հարձակումները և իր բանակին մահվան սպառնալիքով հրամայեց ճամբար դնել ու սպասել նոր հրամանի: Նա իր զորագնդերը նոր հարձակման չէր ուղարկում, բայց անտառի շրջակայքից էլ չէր հեռանում: Նրա խորհրդականները՝ խռովարար նախարարներն ու Խադ եպիսկոպոսը միակարծիք, անզիջում՝ Արշակ թագավորի վերջնական ջախջախումն էին պահանջում նրանից։ Իսկ ինքը երկմտում էր: Նրանք վիճում էին ու դարձյալ նրան համոզում, որ միայն Արշակի լիակատար կործանումից հետո նա կարող է իրեն երկրի թագավոր համարել: Տիրիթը նոր հրամանը չէր տալիս, ուշացնում էր, ու վեճը չէր դադարում, մինչև որ Ներսեհ Կամսարական նախարարը նրանից դժգոհեց, ասաց. «Նա ո՞վ է»: Արհամարհեց նրա անճարակությունը, ասաց. «Ես գնում եմ, ես կգնամ Արշակավանի վրա, հող ու մոխիր կդարձնեմ այդ պիղծ քաղաքը: Ես կարող եմ նրա վրա ձեռք բարձրացնել: Դուք՝ ինչպես կուզեք, դուք մնացեք ու վրաններում շարունակեք ձեր վեճերը. Արշակին խնայեք, թե՝ ոչ։ Իսկ ես ձեռք կբարձրացնեմ այդ քաղաքի վրա»: Ու իր գնդերն առած՝ հեռացավ։ Իսկ Տիրիթը նոր հրամանը չէր տալիս, ուշացնում և ձգձգում ու ձգձգում էր։
Այդ ժամանակ էր, որ Պապ թագաժառանգը Պոնտոսի Նեոկեսարիա քաղաքում թագուհուց տագնապալի լուր ստացավ և բյուզանդական պատանդությունից եկավ, հասավ Դվին մայրաքաղաք։ Արքունի տանը մնացած պարտիզպանին, գինեգործին, պայտառին, հացարարին, շնապահներին ու դրանիկ ծառաներին հավաքեց, գունդ կազմեց ու ճանապարհվեց Վիրքի անտառները։ Օլիմպիա թագուհուն հանդի ճանապարհի վրա ծառին կապեց։ Եկավ, տեսավ Տիրիթի բազմամարդ՝ ճամբար դրած, ծովի նման ալեկոծվող գնդերը։ Հասկացավ, որ սրի աջ ու ձախը չիմացող իր փոքրաթիվ մարդկանցով անիմաստ է նրա դեմ ճակատամարտելը, ու իր ջոկատը հեռվում թողած՝ մենակ Տիրիթի վրանը մտավ ու պահանջեց, որ նա անհապաղ թողնի, հեռանա։
Իսկ Տիրիթն իր զորագնդերը հետևն էր գցել, վերադարձել էր սահմանագլխին նստած պարսից բանակի ճամբարն ու զեկուցել էր. «Եղբայր Արևի և Լուսնի, Աստղերի ընկեր Շապուհ արքա, նրան բռնել կլինի՞, չկարողացանք բռնել, Արշակը զարմանալի կերպով տիրապետում է քրմական գիտության դպիր Տիր աստծու հմայություններին։ Այդ կավատության իմացության միջոցով մարմինները փոխում է և հետապնդողներին ուժից գցում, մշուշով պատում է ճանապարհները և իրեն ու իր մարդկանց կերպարանափոխած՝ ազատ շրջում է՝ մի քանի տեղերում լինելով միաժամանակ»։ Եվ քանի որ մոգերն ու արքունի խորհրդատու հանդերձապետերը այդ գիշեր դեմքերը լուսնին շրջած էին քնել՝ իմանալու տիեզերքի ու Շապուհի եղբայր՝ մեծ լուսատուի խորհուրդը, ասին. «Հնարավոր է, արքա՛, լուսնի ձգողության նվազման փուլն է սկսվել»:
Տիրիթը վերադարձել էր Վաղարշապատ, երկարաճիտք կարմիր կոշիկներ էր հագել, Վաղարշապատը երկրի մայրաքաղաք էր հայտարարել, իրեն՝ թագավոր ու Վարսենիկ հարճին էր պահանջել:
Այդ ժամանակ էր, որ Արշակավան քաղաքը հնոցի նման ծուխ արձակեց։ Այս բանը թեպետ իմացավ Մեծն Ներսեսը, բայց չկարողացավ կոտորածից առաջ հասնել, այլ հասավ վերջում: Նա դողէրոցքով էր հիվանդ, ճանապարհին էլ վարարած գետը Զույգ աչք կամուրջն էր տարել ու ամենակարճ ճանապարհով գնալը խափանել: Հետո էլ ճանապարհին ձիու պայտն էր ընկել։ Մինչև պայտառին գտան, մինչև ձին նորից պայտեց, ու ինքը կամուրջը շրջանցող երկար ճանապարհով դեպքի վայր հասավ, կոտորածն ավարտված էր, միայն կրակի ամեն մի բոցի տակից մանկան աղեկտուր լացի ձայն էր լսվում: Հայրապետը մտածեց, մտածեց ու հնարը գտավ, ասաց. «Քթոցներ բերեք»։ Ու որբերին քթոցներով, պարկերով, սայլերով, ով ինչպես կարող էր, կրում, դուրս էին հանում: Բայց դարձյալ ոտքերի ու բոցերի տակից մանկան աղեկտուր ճիչեր էին լսվում։ Եվ քանի որ Մեծն Ներսեսն էր հնարը գտել ու առաջարկություն արել քթոցներով երեխաներին դուրս հանել՝ հետագայում այդ գյուղը, որբերով բնակեցրած նոր վայրը, այդպես էլ կոչվեց Որթք (քթոցներ)։
Երբ մի շաբաթ անց ծուխը վերջապես կտրվեց, ու մի քանի օրից էլ ճենճահոտը դադարեց, սահմանագլխից Շապուհ արքայի ուղարկած մարդը եկավ, տեսավ, գնաց, ասաց. «Եղբայր Արևի և Լուսնի, Շապուհ արքա, կասկածելի ոչինչ չգտա»: Շուպուհը հարցրել է. «Զորապե՛տ, հիմա քարավանները կանցնե՞ն»: «Հա՛»,– ասել է զորապետը. «Մեզ հավատարիմ նախարարները նույնիսկ թխսկանների տակից հանել, կրակն են գցել բոլոր ճտացու ձվերը և քաղաքից փախչելու փորձ անող բոլոր մկներին»: Շապուհը գոհ է մնացել. այդ առավոտ նրա սպիտակ ձին աջ ոտքը գետնին էր խփել, մոգերը Աստծու հովանավորությունն էին գուշակել: Շապուհը մտածել, մտածել է, թե. «Հրևշողում զորապետ, ի՞նչ ես կարծում, նրանք թույլ կտա՞ն, որ իրենց մեծամեծերի դամբարաններից թագավորների ոսկորները հանենք»: Հրևշողում զորավարը միանգամից ասել է.
«Հա, թույլ կտան, արքայից արքա»: Մոգպետն ու մոգերը՝ Որմիզդի տաճարին նվիրված արևի և լուսնի պատկերները գավակներին խարանած սպիտակ ավանակին գետնին են խփել ու մորթել: Գուշակության համար բացել փորը ու տեսել են՝ փորոտիքի աջ կողմում աղիները ոլորված են, ասել են. «Հա՛, թույլ կտան, Շապուհ արքա»:
Այդ ժամանակ էր, որ Շապուհի ավագանու խորհուրդը գուշակության արդյունքը համարեց լուսատուների հովանավորության նշան, իսկ աճապարելը՝ երկնային խնամակալների հրաման։ Ու պարսից բանակում զորավարներին ծառայող վարսավիրները Մերուժանի մորուքի ու մազերի ծայրերն են գանգրացրել՝ պարսից ազնվականության արիական ծագման նմանության նշանով: Նրա համար պատգարակ են շինել, պատգարակը քսան ամրակազմ ստրուկների ուսերին են դրել, որ հողը նրան չհափշտակի: Քսան հազարանոց բանակ են տվել ու ճանապարհել դեպի Հայոց միջնաշխարհը, ու Շապուհ արքան վերադարձել է իր երկիրը՝ փոքր իսկ չկասկածելով իր տված հրամանների ճշգրտությանը:
Իսկ Տիրիթը մի գինդ էլ մյուս ականջին է խփել, Վաղարշապատը նստավայր է հայտարարել, ասել է. «Հիմա հայտարարում եմ, որ այս երկրի մայրաքաղաքը Վաղարշապատն է, իմ մեծությունն էլ այս երկրի ժողովրդի թագավորն է»: Խադ եպիսկոպոսն ասել է. «Իզուր ես շտապում, շտապել պետք չէ: Շարունակիր հետապնդել Արշակ թագավորին: Այդքան շուտ չեն վերջացնում, դեռ կռիվներ է պետք մղել»:
Ներսեհ Կամսարականը շղթայակապ՝ Դրաստամատ ներքինուն ու Վարդան Նահապետին է բերել: Դրաստամատին քաշել, փռել է Տիրիթի ու Խադ եպիսկոպոսի ոտքերի տակ, հարվածել է նրա փորին, ասել է. «Այս կռտածն ու մեկ էլ թագավորին հավատարիմ այս շունը մեր բանակն էին լրտեսում: Նրանց կառքի մեջ ոսկի կար՝ զորավարներին կաշառելու համար»: Խադը պահանջել, ասել է. «Նրանք կասկածելի են, նրանց մահապատիժ նշանակիր»: Տիրիթը շղթայվածներին ասել է. «Դուք լրտեսել եք իմ մեծության բանակը: Ձեր կառքի մեջ ի՞նչ գործ ուներ ոսկին»: Դրաստամատն ասել է. «Արշակը փախչում էր երկրից, մենք նրա հետ համաձայնության չեկանք: Վարդան Նահապետի հետ գնում էինք բյուզանդական աշխարհ, այդ ժամանակ կառքը կանգնեցրին: Մեզ նման մարդիկ, երբ թագավորին են ծառայած լինում, նոր թագավորի համար անպիտանի են դառնում կամ սրով մեռնում, այդ պատճառով էլ մենք հեռանում էինք երկրից: Չնայած Ձերդ մեծությանը հայտնի է, որ ինձ նման ներքինի մարդկանց, ճակատագրի բերումով, ընտրության հնարավորություն չի տրված. նա պիտի արքունիքին ծառայի, ով էլ թագավոր լինի, գահը Արշակունիներինն է եղել, ես գահին եմ ծառայել, տեր իմ, դու էլ ես Արշակունի»: Տիրիթին ասել է. «Ձեր մեծությանը կարող եմ կարևոր գաղտնիք էլ հայտնել»,– ու նրա ականջին ասել է գաղտնիքը: Խադ եպիսկոպոսը քմծիծաղ է տվել, ասել է. «Տիրիթ, ի՞նչ է, դու չգիտես, որ նրա նման մարդիկ շինվում են թագավորի հոգին իրենց մեջ թաքցնելու համար: Քրմական դևերը թագավորին անմահ, անպարտելի դարձնելու համար տարիներով նրան ստեղծեցին ու նրա սրտի մեջ թաքցրին թագավորի հոգին, եթե դու ուզում ես հաղթել քո հակառակորդին, մեռցրու դրա սիրտը, և տիեզերածավալ որ հեռավորության վրա էլ լինի, թագավորը կմեռնի: Կամ այն մյուսը. նա չէ՞ր, որ այնքան շրջահայաց, քաղաքական վիճակները սթափ գնահատող Գնելին կարողացավ համոզել ու դուրս քաշել Աղիհովիտ ոստանից ու սպանել տալ: Արա իմ ասածով, և մենք կհաղթենք»: Դրաստամատն ասել է. «Խադ եպիսկոպոսը շատ կարևոր իմաստ է տալիս իր ասածներին, եթե այդպես լիներ, ու նրա ասածով՝ թագավորի հոգին իմ մեջ պահված լիներ, նրանք իմ սիրտը կպահպանեին, չէին տա սրի բերան ու իրենք չէին փախչի»: Տիրիթը մտածել, մտածել է, հետո թե. «Ես նրան կփորձեմ, ես նրա պատասխանից կիմանամ ճշմարտությունը,– ասել է,– Դրաստամա՛տ ներքինի, Խադ տեղապահը առաջարկում է հետապնդել Արշակին, դու ի՞նչ կասես»։ Ասել է. «Խադ եպիսկոպոսը, ինչպես միշտ, խորաթափանց է, միայն թե ռազմական գործի շահերից պիտի նայել դեպքերին: Հիմա տատանվող, նաև անհնազանդ՝ Արշակին կողմնակից, լեռներում, իրենց անխորտակ բերդերում նստած նախարարներ ու ազատանի կա, որ սպասում են քո բռնած գործի հաջողությանը կամ վրիպումին: Ես դեռ չեմ ասում հունամետ նախարարների մասին, որոնք, ճիշտ է, հեռացել են երկրից, բայց նրանց քարավանները դեռ կես ճանապարհին են, մենք չենք իմացել նրանց կարծիքը այս իրադարձությունների մասին, բայց պարզից էլ պարզ է, որ նրանք ձեզանից ոչ մեկին էլ կողմնակից չեն: Սակայն մի խոսքը, մի վավերագիր թղթով իշխանության բարձր նվիրումը նրանց համար կողմնորոշիչ կլինի, մտածե՞լ ես, եթե բոլորը միասին քեզ չէ ասեն ու վերադառնան, ի՞նչ կպատահի: Տիրի՛թ, դրա համար համբերատար եղիր, տատանվողներին իջեցրու լեռների իրենց ամրոցներից ու աստիճանաբար նվաճիր նրանց սիրտը և մի թույլ տուր Արշակը նրանց գայթակղի, իսկ Արշակը ոչ միայն նվերներով, այլև գործով էլ կարող է նրանց հրապուրել: Դուք Արշակին կամ նրա հետ գնացած մարդկանց գիտեք, թե նրանք ինչպիսի ճակատամարտերի են մասնակցել և ինչպե՞ս էին կռվում՝ փղերի փաղանգների փորերի տակ ման գալով, նրանք բոլորը փղերի պատռած սրտերի արյունով լողացածներ են: Ի՞նչ է, Տիրի՛թ, դու քո հորեղբոր հանդգնությունը չգիտե՞ս, կարող է և լսած չլինես Պարսից երկրի աքսորում պատահած դեպքի մասին: Այնտեղ Արշակը, երբ հովազներին արձակեց Շապուհի սրբազան կապիկների վրա, Մեծ դռան բոլոր պաշտոնյաներն ու մոգերը միաբերան մահապատիժ էին պահանջում: Շապուհն ասաց՝ չէ, քանի որ Արշակը հովազներին արձակել է միաժամանակ կապիկների և Տիրան թագավորի վրա, ճիշտ կլինի Արշակին դատապարտել արքունի կալվածքային աշխատանքների: Նրան արքունի բնակատեղից տեղափոխեցին ընդհանուր կացարան, որտեղ ապրում էին տարբեր երկրներից գերված, գիշատիչ ցեղերին պատկանող ստրուկներ: Որոշումը բավարարում էր քրմերին և պարսից ազնվականությանը, որովհետև արնախում ցեղերի ստրուկների մեջ ապրելու համար մահապատժի պես բան էր: Որպեսզի ստրուկների ընդհանուր կացարանում թագավորի արժանապատվությունը և կյանքը պահպանվի, նրա հետ տեղափոխվածներս հավաքվեցինք ու որոշեցինք, որ թագավորը թիկնապահ խումբ ունենա: Մեզ հետ աքսորում եղած հավատարիմ մարդիկ նրան թիկնապահներ դարձան, որոնք շապիկների տակ դաշույններ էին գաղտնի կրում:
Կալվածքային աշխատանքների ժամանակ բաց դաշտում երկնքից թափվող կրակ-շոգի մեջ էլ դեպքը պատահեց: Օրը ժամանակի մեջ կատարյալ էր, Արշակին հովանավորող Արուսյակ մոլորակը լիարժեք փուլ չէր մտել և գտնվում էր կենդանակերպի Առյուծ տան մեջ: Լուսնի հետ ուներ վեցանկյուն և եռանկյուն դիրք, իր զինակիր Հրատ և Լուսաբեր աստղերի հետ արական համաստեղության նշանի տակ էր, իսկ Լուսինը ծագումով համընկել էր բարություն սփռող աստղերի հետ, Փայլածուն չեզոք դիրք էր բռնել:
Արշակն իր թիկնապահների հետ ձիթենիների համար ջրատար էր փորում: Աստված իմ, օրը և երկնային մոլորակներն ինչ կատարյալ էին, ինչ ներդաշնակություն կար նրա ու երկնային աստվածների մեջ, դեմքը լուսապայծառ էր, ու դալուկ ճակատը վեհություն էր ճառագում:
Շապուհ արքայի կալվածքային աշխատանքների հսկիչ Վահրիճ պաշտոնյան պատժիչ գնդով շրջում էր ստրուկների գործատեղերը ու աշխատանքները հսկում: Շոգ էր, տոթ, նրա գունդը ձիերի երկաթե պայտերի տակ տաք հողը ծեծելով եկավ, բաց դաշտի վրա փոշին կանգնեց, ատամի տակ ղրճտոցով փոշեհատիկ էր ջարդվում: Վահրիճ հսկիչն ասաց. «Արշա՛կ, ստրուկներն ինչո՞ւ գետնատարած չեն խոնարհվում»: Արշակ թագավորը քարին էր նստել, գունատ, լուսապայծառ էր ճակատը, ասաց. «Դո՛ւ խոսիր»: Ասի. «Վահրիճ հսկիչ, նրանք ստրուկներ չեն, նրանք հայոց Արշակ թագավորի թիկնապահներն են»: Նա հարցրեց. «Ո՞ր տերության, ո՞ր Արշակ թագավորի,– ասաց,– թող նրանք գետնատարած իմ ձիու սմբակները համբուրեն»: Նա իր սպիտակ նժույգով եկավ առաջ, փոշին բաց դաշտի վրա կանգնած էր, ու ատամի տակ փոշեհատիկ էր ղրճտվում: Վահրիճ հսկիչն ու Արշակ թագավորը անընդհատ իրար աչքերի մեջ էին նայում, բայց Արշակ թագավորի հրամանով ես էի խոսում: Վահրիճ հսկիչն իր գնդին ասաց. «Նրանց օձիքներից բռնեք, թող իմ ձիու սմբակները համբուրեն»: Նրանք միմյանց բաց չէին թողնում՝ իրար աչքերի մեջ էին նայում: Արշակ թագավորն ասաց. «Դու խոսիր»: Ասացի. «Արքայից արքայի Վահրիճ հսկիչ, նրանք ստրուկներ չեն, նրանք չեն կարող գետնատարած ձեր ձիու սմբակները համբուրել»: Նա այս անգամ իր գնդի վրա ահասարսուռ գոռաց, որ հրամանը չուշացնեն, նրանք ձիերից ցատկեցին: Նա էլ քարին էր նստած, մի ձեռքը ծնկին՝ գահի բազկակալին դնելու պես, կատարյալ ներդաշնակություն էր երկնածին աստվածների հետ, ու ճառագող ի՜նչ վեհություն, նրանք իրար աչքերի մեջ էին նայում: Արշակ թագավորն ասաց. «Մեռե՛ք»: Նրա թիկնապահ տասը տղաները մի ակնթարթում հանեցին հագուստների տակ թաքցրած դաշույնները և հինգ ու հինգ իրար դեմ կանգնած՝ միմյանց սպանեցին: Վահրիճ հսկիչը քրտնքի մեջ խեղդվում էր, տեսածից սարսափած՝ թողեց Արշակ թագավորի աչքերը, ձին դարձրեց ու իր գնդով ահաբեկված փախչում էր բաց դաշտի միջով: Արշակն իր հանդգնությամբ սարսափեցրել էր ամբողջ Պարսից աշխարհը:
Իսկ այն մյուսին՝ Վարազ զորապետին, նա սպանեց: Որմիզդ աստծուն պաշտող աստվածացյալ, արյաց և անարյաց, երկնային աստվածների սերմից սերված, արքայից արքա Շապուհի վաթսունմեկ ամյակի տոնակատարության օրը, մի անվրեպ, շեշտակի հարվածով սպանեց այն մեկին, որ նրան ծաղրել էր: Ամբողջ անապատն իր ձիու թամբից կապած՝ քարշ տալով անցկացնելուց հետո, դաղելուց՝ նոր լավացող աչքերի վերքերը դեռ ջրակալած ու փոշոտ, գերեվարած Տիրան թագավորին թամբից արձակել էր, պարանով տարել-կապել էր ախոռի դռնից ու Արշակի թևերի ու կզակի տակ խուտուտ էր տվել ու իբրև Տիրանին չի տեսնում՝ ծաղրանքով, քմծիծաղը շուրթերին ասել էր. «Շան կծածն ինչ է, որ շան կծածի պատճառով, տեգով խոցվածի նման, վաղրով կտրվածի պես, օրերով ու շաբաթներով ամբողջ անապատը լացելով քայլեցիր, արքայազնը այդքան լացկան կլինի՞»:
Տարիներ էին անցնում, Արշակն իր աչքից բաց չէր թողնում ու հետևում էր նրան: Մի օր, արքայից արքա Շապուհի վաթսունմեկ ամյակի օրը, Վարազ զորապետին մի տարեկան սպիտակ ցլի մորթի հագցրին: Նա երկրի վրա պիտի ներկայացներ Ահուրա-Մազդա աստծուն, որին հավասար ոչ ոք չկա, որ ստեղծեց աշխարհը իր խոսքով և վերջացրեց այդ գործը վեց ժամանակաշրջանում, և նրա բոլոր ստեղծածները բարի էին, և հավիտենական լույսը նրանն էր: Արշակին մի տարեկան սև ցլի մորթի հագցրին, նա երկրի վրա պիտի ներկայացներ Ահրիման աստծուն, որը ստեղծել էր ամեն ինչ, որ հողագնդի վրա չար է, ու հավիտենական խավարը նրանն էր:
Արշակն այդ տոնակատարության խաղերին մասնակցելու վաղուց էր պատրաստվել: Այդ հանդիպումից շաբաթներ առաջ նա արդեն գիտեր, ես նրան սովորեցրել էի մարդու ուղեղի կառուցվածքը և սրտից գլխին հասնող ամեն մի արյունատար անոթի նշանակությունը: Երբ կրակի առջև պաշտոն մատուցվեց Հոմա անունով բույսին, որից ստացվում էր սրբազան նշանակություն ունեցող արբեցնող հեղուկ, և երբ առողջություն, իմաստություն, քաջություն պարգևող հեղուկը, ձոնելով կրակին, Շապուհը խմեց, երկու սև և սպիտակ ցուլերը բախվեցին իրար: Նրանք կրակի շուրջը պիտի կռվեին, ու խաղը պետք է ավարտվեր սպիտակ ցուլի՝ սևին հրապարակից քշելով ու հավիտենական լույսի հաղթանակով: Բայց իրականում մենամարտ չեղավ. նրանք դուրս եկան իրար դեմ, և սպիտակ ցուլը տապալվեց՝ չորս ոտքերը երկինք պարզած: Հենց մոտեցան ճակատ ճակատի, կարգի համաձայն իրար ողջունելու՝ Արշակը պոզի թույլ, բայց շեշտակի ու մի անվրեպ հարվածով աչքի և ականջի մեջտեղը՝ քունքային զարկերակին, սպանեց նրան: Ոչ ոք գլխի չընկավ, որ Վարազ զորապետի սպանությունը դիտավորություն էր, քանի որ մարտը դեռ չէր սկսվել, երկու ցլերը նոր էին կանգնել գլուխ ընդ գլխի ու պոզերով մարտական ողջույն էին հղում իրար ու աշտարակի օթյակներում բազմած արքայից արքա Շապուհին և պարսից ազնվականությանը:
Արշակին երբ հանեցին ցլի մորթու միջից, ճակատին ճառագող վեհություն կար, իսկ դեմքին թուլությունից թրթռացող ոչ մի մկան չէր նշմարվում, որ մատներ դավադրությունը, որովհետև նա, մինչև շեշտակի մի հարվածով կմեռցներ Վարազ զորապետին, արդեն շատ վաղուց իր ներսում սպանել էր նրան: Մյուս կողմից էլ կասկած չէր կարող լինել, քանի որ Վարազ զորապետի ու Արշակի հարաբերությունները ջերմ լինելուց առավել էին, նրանք մտերիմ ու բարեկամներ էին: Պարսից Մեծ դռանը հայտնի էր նրանց բարեկամական կապերի մասին, ու ինքը՝ Վարազ զորապետն էր խնդրել Շապուհին՝ տոնակատարության օրը, խաղերի համար, թույլ տալ որպես զուգընկեր ընտրել Արշակին:
Տիրի՛թ, հիմա եթե դու հոգնած զորքով գնաս նրա հետ ճակատամարտելու և թեկուզ չպարտվես, այլ զորքդ միայն երկմտի, ասենք, ռազմական անհրաժեշտությունից՝ մի երկու փարսաղ նահանջես, քեզ էլ ո՞վ կմիանա: Այդ լուրը ժողովուրդը առասպել կդարձնի: Արշակի սխրանքաշատ գործերի պատմությունը Արշակի հաղթանակի կեսն է: Իմ կարծիքով, խելացի թագավորները նման իրավիճակում զորքին հանգիստ կտային, թող քո բանակը հանգստանա: Այդ ընթացքում Ձերդ մեծությունը կհզորանա, կստիպի անհնազանդ նախարարներին ծառայել իրեն: Ես գիտեմ՝ նրանք ցանկանան, թե ոչ, կանցնեն ձերդ մեծության նման խորաթափանց թագավորի կողմը: Իսկ Արշակը երեք հարյուր հոգով վտանգ չէ: Արշակն ի՞նչ վտանգ կարող է լինել, երբ Մերուժանը, քսան հազարանոց
բանակի գլուխ անցած՝ Հայաստանի միջնաշխարհը ճղելով՝ Տիգրանակերտը տապալած՝ Աղձնիքի միջով, Մեծ Ծոփքով, Անձիտ գավառով, Անգեղատնով, Շահունի Ծոփքով, Մզոր գավառով, Դարանաղին հող ու մոխիր դարձրած՝ առաջ է գնում»: «Ճիշտ է,– ասել է
Տիրիթը,– մեզ հզորանալ է պետք»: Մինչև նրա զորաբանակը կհամալրվեր ու կհզորանար Արշակից ապստամբած նոր նախարարներով, ոտքերին քաշեց կարմիր, երկարաճիտք, Արշակ արքայի պալատից բռնագրաված թագավորական կոշիկները: Դրաստամատն ասաց. «Ճիշտ է, ճշմարիտ է քո արածը, աշխարհում օրենք գոյություն ունի, եթե գահին ուժով ես տիրացել, ցանկացիր նաև թագավորահոր հարճին, ու ժողովուրդը կընդունի քո տիրակալությունը»: Տիրիթն ասել է. «Գահին ես եմ նստած, երկրի տերը ես եմ, իմ մեծությունը Վարսենիկին է ցանկանում»:
Խադ եպիսկոպոսը աղաչեց նրան, ասաց. «Տիրի՛թ, սխալ մի թույլ տուր, գործն առաջ տար, դու նրանց մեռցրու: Նրանք կմոլորեցնեն, նրանք դրա համար էլ մնացել են: Նա աքսորի դեպքերը և Արշակի ոխակալ բնավորության մասին պատմում էր միայն ու միայն քո սիրտը թուլացնելու համար: Նա մեծ հնարքներով, աստիճանաբար հասավ դրան: Տեսար, քո մեջ ինչ վարպետությամբ բնակեցրեց սարսափը: Տիրի՛թ, դեն գցիր վախը, արիացիր, հարճին տալիս են քո զգոնությունը թուլացնելու՝ հարճի հետ քո զվարճանալու ժամանակը իրենց համար հաղթանակ կդարձնեն, Արշակին օդի և ջրի նման հենց այդ ժամանակը չի բավարարում: Տիրի՛թ, ձերդ մեծություն, հավատա ինձ, նրանք երկուսով մահվան են արժանի»: «Եպիսկոպո՛ս, դու իզուր էլ վախենում ես, դու նրանցից մի վախեցիր, նրանք կծառայեն իմ մեծությանը, զորքին միառժամանակ հանգիստ է պետք»: Խադն ասել է. «Եթե դու զգայիր, որ Արշակը դեռևս մոր արգանդում գիտակցում էր, որ ինքը Արշակունի թագավոր է, մի պահ անգամ չէիր երկմտի: Եթե նա Վարսենիկին՝ հոր հարճին զիջեց, դա բարությունից չէր, ժամանակ շահելու համար էր, դու պիտի իմանաս, որ, եթե անգամ կպել ես նրա քղանցքին, քեզ արքունի տնից էլ ներում չկա, դու նահանջելու տեղ չունես: Մի հապաղիր, շարունակիր հետամուտ լինել հաջողություններիդ, վերաշարունակիր հալածել ու հետապնդել Արշակին: Դու նրան ձեռքդ գցիր: Անտառներում քանի՞ մարդ բռնեցինք փղի պատռած սրտից թափված արյամբ լողացածներից՝ նրա փառապանծ թիկնազորից փախած: Նշանակում է՝ շնչահեղձ է լինում, նշանակում է՝ անտանելի է հալածանքը, նշանակում է՝ հորինվածք է փղերի դեմ կռվող գնդի մասին տարածված ահ ու սարսափը: Խաբվեցիր, քեզ ականջի գինդով խաբեցին, վարսակալով խաբեցին, հարճով խաբեցին, քոսոտ շանը, որ հաչել անգամ չգիտեր, ծառից կախեցին, ասացին. «Հարալեզ է», ու քեզ դարձյալ խաբեցին: Հարալեզ չկա, Տիրի՜թ, դա բարբաջանք է, հեթանոս քրմերի կողմից հնարված, որ այդպիսի պահերին քեզ մոլորեցնեն: Հիմա էլ այս երկուսին են թողել, նրանք գիտեն՝ ում թողնեն… Աստված իմ, թագավորն այսքան շուտ կխաբվի՞: Տիրի՛թ, ինձ թվում է՝ չէ, իրավունք չունի խաբվելու»: Տիրիթն ասել է. «Թող զորքը միառժամանակ հանգստանա,– ասել է,– հա, կաթողիկո՛ս, բա ո՞ր դուք էլ ինձ խաբեք: Արշակից գրություն եմ ստացել: Հայտնում է, որ ես ժամանակավորապես՝ որպես գահի բնիկ տեր եմ առաջ քաշվել, իրականում դրածո եմ, ժողովրդի հուզումը մեղմելու համար, ձեր գործը իրականացնելուց հետո, ինձ գահընկեց կանեք, ու թագավորն արդեն Պարսից կողմից ճանաչված Մերուժան Արծրունին կլինի: Մերուժանի՝ ապստամբ նախարարներին ուղարկված նամակներում հենց այդպես էլ գրված է»: Ասել է. «Եպիսկոպոս, կարծում ես Արշակը հնարո՞ւմ է»: Ասել է. «Այն էլ ինչպես, ավելի ստույգ՝ չի հնարում, այլ իր օգտի համար հարվածի ուղղությունն է շեղում: Եթե Մերուժանը կրակն է ընտրել, կրակը ցանկացող ուրացողին հոգևորականությունը կուզի՞»: Դառնացած՝ Խադ եպիսկոպոսը դուրս է եկել Տիրիթի մոտից ու Շաղիտայի, Եպիփանի, Եփրեմի և Սլկունյաց ցեղից Գինդի միջոցով Դրաստամատի ու Վարդան Նահապետի վրա հսկողություն է սահմանել: Երեկոյան նրանք վերադարձել, ասել են. «Երկնքում, երբ լուսաստղը սկսեց պայծառանալ, նրանք գնացին շուկայի հրապարակում բնակվող որսի բազեներ վաճառողի մոտ, նա էլ քաղաքի դարպասներից դուրս, ջրաղացի մոտ հանդիպեց Արշակ թագավորի արքունի երեց Մրջյունիկի հետ»: Խադ եպիսկոպոսը հրամայեց որսկան բազեներ վաճառողին բերել իր մոտ:
Բազեներ վարժեցնողն ասել էր. «Չեմ կարող ասել, եպիսկոպո՛ս, Սուրբ գրքի վրա ձեռք եմ դրել, որ ոչինչ չեմ ասի»: Խադն ասել էր.
«Ինչ արած, որ չես կարող ասել, չես կարող»: Նվիրակ պաշտոնյան նրան տարել էր խոհանոց, կուշտ ու կուռ կերակրել մսեղենով: Երբ վեր է կացել բազեներ վաճառողը, որ տուն գնա, նվիրակ պաշտոնյան ասել է. «Չէ,– ասել է,– տուն պիտի չգնաս, մենք քո խոնջանը կապանքելու ենք: Կարծում եմ՝ տակդ կկեղտոտես, խոմ չես կարող մեջդ պահել, ինչ որ պահելու չէ: Հոտին երկու օրից ավել չես կարող դիմանալ՝ ուզես, թե չուզես՝ կխոստովանես»: Բազեվաճառի անդրավարտիքը կապանքել են, նա ասել է. «Չէ»: Նրան զնդան են գցել, աղիների ցավից չորս-հինգ օր ոռնացել է ու ասել՝ «Չէ»: Նա չի խոստովանել, տակը չի կեղտոտել, յոթերորդ օրը որովայնի ներսի կտրտվածքներից մահացել է:
Տիրիթի պահանջով Վարսենիկ հարճին են որոնել Անգեղ գավառում, որոնել ու չեն գտել: Դրաստամատը նրան ասել է. «Ձերդ մեծությունը մոտիկը թողած, հեռուն է որոնում: Իմ ծառայությունը եթե օգտակար կլինի, ասեմ, որ աղջկան մայրաքաղաքի պարիսպներից
դուրս բնակվող հրեա ջրաղացպան Աբրահամի տանն են թաքցրել»:
Վարսենիկին բերել են նվագով, շքախմբով, կառքերով, թիկնազոր գնդով, աղավնիներ թռցնելով ու փողեր փչելով: Տիրիթն այդպես էր կամեցել, հարճին այդպիսի տոնախմբությամբ ու ցնծությամբ էլ բերել էին: Նա էլի ցանկացել էր, ու իր շուրջը եղած իշխանները խոնարհվել էին հարճին: Խադը նրան ասել էր. «Չի կարելի, այդպես մի անի, ազնվականը կփախչի քեզանից»: Տիրիթը դարձյալ կամեցել էր, ազնվականները հարճի երկարակեցության համար բաժակ էին բարձրացրել: Խադ եպիսկոպոսն ասել է. «Հանդուրժելի չէ, հիշիր քո կրթությունը բյուզանդական արքունիքում, տեսածն ու չտեսածը իրար մի խառնիր: Սթափվիր, երկրի դրվածքը քո վարքն է լինելու: Հարճն ու ազնվականությունը տարբեր բաներ են»:

Վարսենիկը Անգեղա գավառից օտարների դեմ պատերազմների ժամանակ գերի ընկած զինվորի հինգ աղջիկներից մեկն էր: Թափառելով՝ քույրերի ու մոր համար օր ու գիշեր գավառում ողորմություն էր հավաքում: Մի անգամ, ամռանը ոչխարի խուզի ու բուրդլվայի ժամանակ, երբ Անգեղա արքունի դաստակերտի ներքնակներն են քանդել ու նրանց համար ոչխարների մակաղատեղերից բերված նոր բուրդն են լվացել, մայրը նրան ուղարկել է կանանց հետևը կանգնելու՝ նրանց ձեռքից փախած բրդի ծեղերը հավաքելու համար: Օվակ ներքինին նրա ծնկներն ու ծնկներից էլ վեր է տեսել ու շատ է հավանել: Նա շրջազգեստի փեշը բարձրացրած ու գոտին է խրած եղել և մեջքի գալարապտույտ շարժումներով գետի մանր ալիքների վրայից բրդի ծեղեր է որսացել: Օվակ ներքինին բուրդ լվացող կանանց պատվիրել է՝ մեկ ու մեկ էլ բրդի մեծ կտորներ թողնեն գետով ներքև: Երեկոյան մայրը նրա հաց մուրալու մախաղն է շոշափել, տեսել է՝ լիքն է, ու բերած բուրդը շուկայում մեծ արժեք կներկայացնի: Վարսենիկը պատմել է վերակացուի բարության մասին: Մայրը խաչակնքել, ասել է. «Կա՛մ արքունական տան կառավարիչ Եղիան է եղել, կա՛մ ներքինի Օվակը,– ասել է,– երկուսից էլ վնաս չկա»: Թոնիրն է վառել, ջուր է տաքացրել, Վարսենիկին տաշտի մեջ դրած լողացրել է, անուշահոտ յուղերով վարսերն է օծել: Ասել է. «Վաղը դու նորից կգնաս այնտեղ, գետի ափին մարգագետին կա, տար մեր սագերը արածեցնելու»:
Հաջորդ օրը Վարսենիկը չորս սագերն էր քշում, քշում էր ու քթի տակ երգ էր ասում: Եկել, տեսել է գետի ափին սայլերը շեղջ առ շեղջ բուրդը բարձած կանգնած են, կանայք իրենց գործին՝ բուրդ են
լվանում, Օվակ ներքինին շոգից ու աղմուկից հեռացած՝ ծիրանու տակ քնած է: Վարսենիկը, չորս սագերին արածեցնելով, գնացել, հասել է ծառին, նայել այնտեղից, տեսել գետի ափին գտնվողները հազիվ նշմարելի են ու լվացքն են անում: Վարսենիկը կանգնել է նրա գլխավերևը ու երգ է ասել, տեսել է՝ չի արթնանում, կժով բերած ջուրն ու տապակած սագը կողքին է դրել ու քնածի կարմիր կապայի փեշն է բացել: Օվակ ներքինին արթնացել, ասել է. «Այդ ո՞ւր ես մտնում, աղջիկս»: Վարսենիկն ասել է. «Տե՛ր, մողեսներն ու քարաթոթոշները արդեն մտնում ու դուրս էին գալիս ինձանից առաջ, ես նրանց էի որոնում»: Օվակ ներքինին ասել է. «Ես նա չեմ, ում ցանկանում ես»: Մինչև նա տապակած սագն է կերել ու գինին խմել, Վարսենիկը նրա ոտքերն է լվացել ու երգ ասել:
Հաջորդ օրը արքունական զինանշանով ծառայողական կառքը նրանց դռանն է կանգնել: Օվակ ներքինին Վարսենիկի մորը հիսուն ոսկի է տվել: Մայրն ասել է. «Հարյուր, տեր, հարյուր տվեք, դեռ մերկությունը չբացած՝ մի մատ աղջիկ է»: Օվակ ներքինին ասել է. «Թագավորին մերկությունը չէ, ջերմությունն է պետք»։ Մայրն ասել է. «Օվա՛կ, թագավորի առաջին պաշտոնյա, կանանցից դու էլ լավ ես հասկանում, հոգուդ մեղք մի անի, դու էլ լավ գիտես, որ էս տարիքի աղջիկների վրայից կրակ է թափվում»: Օվակ ներքինին հարյուր ոսկի է տվել ու Վարսենիկին բերել է Անգեղ դաստակերտ: Բայց դռնից դուրս գալիս՝ Հոլոյին ասել է. «Դու էլ գիտես, որ քիչ արժե, գեղեցկուհի է աղջիկը, ճիշտ է, բան չունեմ ասելու, բայց մանկամիտ է, երբ իմ քղանցքի տակ քարաթոթոշ ու մողես էր որոնում, ես այն ժամանակ իմացա»: Հոլոն ասել է. «Ի՞նչ է, երկի՞ր պիտի կառավարի, մանկամիտս ո՞րն է, տեր»:

Մերուժանը, երեք բյուր զորքը հետևը գցած, ինքը՝ պատգարակին նստած, պատգարակի տակ քսան ստրուկները վազելով՝ տասը օրվա ճանապարհը հինգ օրում անցել, եկել Հայոց աշխարհն են ասպատակել: Նա արքայից արքա Շապուհին կարմիր մելանով մի թուղթ է գրել, թե. «Ահա, իմ խոստացածի համաձայն, մարդաթափ արեցի Արտաշատը՝ ինը հազար երդ հրեա և այդքան էլ հայ, Վաղարշապատից՝ տասնինը հազար երդ հրեա և այդքան հայ, Երվանդաշատից՝ երեսուն հազար տուն հրեա և քսան հազար հայ, Զարիշատից՝ տասը հազար երդ հրեա և այդքան էլ հայ, շղթաները ձեռքներին դրած՝ ուղարկում եմ Աստվածների սերմից սերված Ձերդ մեծության երկիրը շենացնելու, իսկ ինքս աճապարում եմ Դարանաղի գավառ»։ Եկել, հասել են Անի բերդին, շրջապատել են ու կատաղի կռիվներով գրավել: Գերեվարել են գեղեցիկ աղջիկներին ու գավառի լավագույն արհեստավորներին: Եկեղեցիներում շուրջկալներ են սարքել ու օրհնության ձայնաքաղ շարականներ երգող երգչախմբից ջոկել, առանձնացրել են նեղկոնք պատանիներին՝ պարսից արքունի մեծամեծերին նվիրելու համար: Սևունք լեռան լանջին Մազդեզաց Որմիզդ՝ լույսի աստծու արձանն են կանգնեցրել, ամբողջ գավառի բնակչությանն են քշել, բերել: Ոտնակոխ են սարքել Սուրբ գիրքը և հունարեն դպրությունները գետնին են գցել, ասել են. «Այլևս ոչ ոք չհամարձակվի հունարեն խոսել կամ թարգմանել, որովհետև դուք ոչ մի նախնական կապ չեք ունեցել այդ լեզվի հետ: Սուրբ գրքի վրայով անցնողը չանցնողի գույքն ու հարստությունը կստանա,– ասել են,– չանցնողներին էլ պատիժ կա, կհավաքենք, վերջում սայլերի ցցերին կնստեցնենք, իսկ խոնարհվող անցնողները գավառում իշխանություններ կունենան,– ասել են,– իզուր էլ տրտնջում եք, մենք լավ էլ գիտակ ենք, դուք իշխանություն սիրող ժողովուրդ եք»: Գավառի գյուղերից, հարթավայրերից ու լեռներից սպիտակ գոմեշներ, ջորիներ և ուլեր են բերել, որ Մերուժանը Որմիզդին զոհ մատուցի: Մերուժանը պատգարակի վրայից ժողովրդին ուղղված խոսք է ասել: Ասել է. «Ձեր եկեղեցին ինձ ուրացող է հայտարարել,– ասել է,– դեռ պարզ չէ՝ մեզանից ով է ուրացող՝ ե՞ս, թե՞ եկեղեցին, ի՞նչ է, որ Բյուզանդիային, նրա կրոնը դավանեի՝ ուրացող չէի՞ լինի,– ասել է,– ի՞նչ է, ճիշտ չե՞մ ասում: Եթե ուրացող եմ, այսքան հայ իշխաններ որտեղի՞ց ինձ»: Հայկական դրոշներով իր զորքն է ցույց տվել, ծոցից խրձով նամակներ է հանել, ասել է. «Ահա, այսքան գիր ուղարկողներ էլ ցանկանում են ինձ միանալ: Ուրացողը, ի՞նչ է, միայնակ չի՞ լինում,– ասել է,– իմ թիկունքին բանակ կա, լավ մտածեք»,– ու ծիծաղել է: Ասել է. «Մամիկոնյանների պես նախարարական տոհմից էլ մարդ կա ինձ հետ: Լավ, եթե ուրացող եմ, Վահան Մամիկոնյանը ինչո՞ւ է ինձ հետ: Խոսքը Վահանի պես նախարարի մասին է… Էդ էլ հո ես չե՞մ հնարել: Դուք բոլորդ էլ լսել եք, գիտեք, թե Պարսից աշխարհում Շապուհը նրան ինչպես ընդունեց: Ձեր կարծիքով, հենց այնպես, անարժան տեղը վերցրեց ու Նահապետի պատիվ շնորհե՞ց, կամ անիմաստ տեղը իր քրոջը՝ Որմիզդուխտին նրան կնության տվեց ու դարձրեց իր ընտանիքի պատվելի անդամներից մեկը: Մենք էլ ուրացող ենք, հա՞: Իհարկե՝ ոչ, պարզապես արդեն ժամանակն է, որ տեսնենք իրականությունը, իշխանները ամբողջ նախարարություններով, տոհմերով ու համայնքներով անցնում են իմ կողմը»: Մամիկոնյանների կապույտ դրոշներով գնդերը «կեցցե՜» են աղաղակել ու արծվի զինանշաններով փողփողացող դրոշները վեր ու վար գցել:
Մերուժանը հավաքվածներին ասել է. «Էդ, որ իրար ծոծրակի դժգոհության ֆշշոցներ ու փսփսոցներ եք արձակում ու իմ ասածներին չեք հավատում, ձեր կարծրացած ուղեղների համար էլ
անհերքելի փաստեր ունեմ: Իմ բանակի արշավով անցած ճանապարհին՝ Տիգրանակերտից սկսած, մեր աշխարհի արևմտյան մասի երկայնությամբ, մինչև Բարձր Հայք ատրուշաններ են վառվում: Ի՞նչ է, ձեր կարծիքով այդ տարածքների ամբողջ բնակչությանը զենքի
ուժո՞վ ենք ահաբեկել, որ պաշտի կրակը: Ճիշտ է, զենք բանեցվել է, ահաբեկչություն էլ է եղել, բայց ոչ համատարած: Ես միանշանակ ասում եմ՝ ոչ: Նույն բանը կասեն ինձ հետ այդ ճանապարհներով անցած իմ զորահրամանատարներն ու զինվորները: Պատճառը գիտե՞ք ինչն է: Այն, որ ժողովրդի մեջ դեռ ապրում են, թեկուզ բանադատված, հալածական, բայց արժանապատվությունը չկորցրած, հելլենականին հակառակորդ եկեղեցական հայրեր և ուսյալ այրեր, որոնք կողմ են միայն մեր լեզվի ավանդույթներով դպրությանը: Էլի պատճառ կա. ժողովուրդը չի հասկանում օտարներից վերցված լեզուն և չի ըմբռնում խորթ և օտար կրոնը: Ժողովրդի աննշան քանակը, թեկուզ ձեր միջից վերցնենք, շատ չնչին մի մասը, միայն նրանք, ովքեր հաճախել են հունական և ասորական դպրոցներ կամ պատահականորեն այդ երկրներում են կրթություն ստացել, հասկացություն կարող է ունենան, թե ինչ կրոն են դավանում: Ես համոզված եմ, մեր ժողովրդի անգետ բազմությունը, ասածս վերաբերում է երկրի բոլոր խավերին ու դասակարգերին, միայն անունով են քրիստոնյա: Նրանք չգիտեն և չեն էլ ուզում իմանալ Գալիլիացի տղայի ուսմունքը: Դրա համար էլ մեր նվաճած գավառներում հեշտությամբ ու ինքնակամ վերադառնում են մեր երկրի հին պաշտամունքին: Մի ինքներդ գնացեք, նայեք. վիպասաններն ու բանասացները ազատ շրջում են փողոցներում ու հրապարակներում, նրանց շուրջը ասեղ գցելու տեղ չկա, ժողովուրդը նրանց է ցանկանում լսել: Նրանց հրավիրում են հարսանիքների ու խնջույքների, նստեցնում են սեղանների ամենապատվավոր տեղերում: Դարձյալ ամեն տեղ որոտում են հայ աստվածների և հերոսների երգերը: Ժողովուրդն էլ է բարձրաձայն երգում, ժողովուրդը եկեղեցուց վախենալու այլևս պատճառ չունի: Եթե լավ մտածելու լինենք, ես ազատություն եմ բերել: Եկել եմ ձեր կապանքներն արձակելու: Իհարկե, այսքանից հետո եկեղեցին մեզ ուրացող կհամարի,– ասել է,– դուք մտածեք, լավ էլ մտածելու բան է: Թող մոգերը հիմա իրենց գործը սկսեն»: Մոգերը սպիտակ մետաքսե քողով իրենց դեմքերն են ծածկել, որ արտաշնչվածքով չպղծեն սուրբ կրակը: Գույնզգույն ժապավեններով ու ծոպերով զարդարված կարասներով իրենց հետ բերած կովի մեզով աշխարհիկ պղծությունն են լվացել ձեռքերից: Ջորիները լծված ծածկասայլից իջեցրել են մարդու հասակից բարձր հարթաքանդակներով զարդարված ատրուշանը, կանգնեցրել են երկհարկանի քառանկյուն պատվանդանի վրա, ատրուշանին ծառայող մոգերը բերել ատրուշանի կլոր բունն են ամրացրել, որի վերին ծայրին քանդակած էր մի ծփուն ժապավեն, երկու ծայրերը շարունակվում էին բնի հետ, ապա դուրս էին գալիս սյունի բոլորակից: Մարմարե սյունը երեք քառանկյուն փորվածքներով էր. վերինը՝ ամենից մեծը, ներսից բոլորակաձևը ատրուշանի կրակարանն էր: Մշտավառ ատրուշանի բոցերի մեջ երևում էր Պարսից աշխարհի Որմիզդ աստծու կիսանդրին՝
գլուխը աջ դարձրած: Նրա երկու կողմերը՝ դեմքերը դեպի ատրուշանը, կանգնած էին արքայից արքան և մեծ մոգպետը: Նրանց ձեռներին սուր էր քանդակած՝ դեպի վեր պարզած: Արարողությունն անցկացնող մոգը հավաքված ամբոխին սյունի բնի երկայնքին քանդակված «ՌԱՍՏ» բառն է ցույց տվել, ասել է. «Այս գրվածքը ձեր լեզվով նշանակում է «Ճշմարիտ»,– ասել է,– իսկ այս ներքևի փորագրվածը՝ «Նիվրա զի Շահբիվհրի», կթարգմանվի՝ «Շապուհի կրակը»։ Սափրված գլխով մոգպետն ասել է. «Մենք այդ կրակով գործ ունենք կատարելու, քանզի ինչպես արքայից արքա աստվածացյալ Շապուհը, այնպես էլ այս կրակը սերված են աստվածների սերմից»: Նա մինչև ատրուշանի բոլորակաձև կրակարանից սրբազան կրակն է հանել արծաթ եռոտանու մեջ ու դրել Որմիզդ աստծու ոտքերի առաջ կանգնեցրած զոհասեղանին, մյուս՝ սպիտակ մետաքսով քիթ-բերանը ծածկած մոգը կաշվե պարկերից ոտքերի տակ Հայոց աշխարհի թագավորների ոսկորներն է թափել, շեղջ֊շեղջ, բարձրացել, կանգնել է փշրվող, ջարդոտվող ոսկորների վրա, ձեռքերը երկինք է պարզել՝ առ արևը, ու հավերժությանը փառաբանող աղոթք է արտասանել: Մյուս մոգը դամբարաններից գերի հանված թագավորների ոսկորները պահել է արծաթ եռոտանու կրակի վրա. սկզբից՝ թել-թել, հետո գունդուկծիկ գալարվող կարմիր ու սև ծուխ է բարձրացել ոսկորներից: Ժողովուրդը նայել, զարմացել է:
Մերուժանը պատգարակի վրայից իր կիսատ թողած ճառն է արտասանել, ժողովրդին բացատրել է, թե. «Այս՝ աչքի առաջ կատարվող գործին կույր մեկնաբանություն չպիտի տալ, թե Մերուժանը եկել է միայն Պարսից Մեծ դռան հրամանը կատարելու, թե ես նրանց քաղաքական խնդիրների գործիքն եմ: Նրանք՝ Սասանյանները, իմ միջոցով ոսկորները ոչնչացնելով, վերջնականապես կորստյան կմատնեն իրենց դարավոր թշնամի Պարթևներին, որոնք իրենց համարում են պարսից գահի միակ օրինավոր տերն ու ժառանգորդը, և նրանց երկրային վերջին հիշատակը դամբարաններից վերացնելով՝ երկրի վրա լուծած կլինեն իրենց տոհմական հին վեճը: Ոչ, միայն այդ չէ, ես եկել եմ ճշմարտությունն ասելու: Ես պիտի ասեմ, թե ինչքանով և որտեղ են ձեզ խաբել…»։ Հայացքն անքնությամբ տառապողի էր. կտրտված, խմբից մի ուրիշ խմբի վրա թռչող, մի տեղ կանգ չէր առնում, ծակող, մոռացկոտ, նորից նույն ուժով հետ էր վերադառնում, ծիծաղը բարձր էր, երբ ոչ միայն մարդու, անգամ այլ շնչավորի ներկայությամբ էլ այդպես չեն ծիծաղում, երբ ծիծաղի մեջ արձագանք է լինում:
«Ես ցանկանում եմ, որ հեռուն տեսնեք, նայեք հեռուն. Սասանյանները, երբ Պարսից աշխարհում զավթեցին Պարթևներին պատկանող օրինական գահը և տերերի վրա տեր դարձան, այդ Սասանյանների համար մահու և կենաց զարկ եղավ: Նրանք վերջնական ու անմնացորդ պիտի ոչնչացնեին Պարթևներին: Բռնի գահը զավթողի քաղաքականությունը այդպես է պահանջում: Տարբեր երկրների Պարթև փոխարքաները միանգամից հասկացան, որ ծառաները տերերի բարձն են հափշտակել, ու իրենց վերջնական բնաջնջման վտանգից պայքարն է փրկելու: Եվ հայ ազգի մեջ թափանցած Արշակունի թագավորները պատրաստվեցին գոյատևության փորձությանը դիմակայելու: Նրանք տարիների փորձով գիտեին, որ Հռոմը շահեր ունի մեր երկրում, մեր տարածքի աշխարհագրական դիրքը Հռոմի սնուցման զարկերակն է լինելու, և նրանք ընդունեցին Հռոմի նոր կրոնը և այդպիսով, Բյուզանդիայի զենքը դարձրին Սասանյանների բնաջնջման սպառնալիքից փրկության միջոց, և ի՞նչ դուրս եկավ դրանից, այն, որ մեր աշխարհը դարձավ Սասանյանների ու Պարթևների հարատև պատերազմների տարածք: Իսկ պատերազմների ժամանակ դուք ընկնում էիք աղաղակելով՝ կեցցե՜ թագավորը: Իսկ ես հարցնում եմ, ո՞ր թագավորը՝ Պարթև Տրդա՞տը, որ զենքն ու զորքը տվել էր Գրիգորին՝ ձեր նման միամիտների համար հորինած պատմության այն մեկնությամբ, որ հակառակվելու դեպքում, իր գլխին խոզի ականջներ կաճեն, իսկ իրականում իր քաղաքականության արդյունքը ինքը լավ գիտեր: Այդ պատճառով էր, որ ձեր այդ թագավորը մի կողմ էր քաշվել՝ նոր կրոնի մուտքով իր տոհմական գահը փրկելու համար, և քրիստոնյա առաջնորդը նրա թողտվությամբ մեհյաններ էր ավերում, ոսկի բռնագրավում և կրակով ու սրով քրմեր փախստական դարձնում հռոմեական լեզվի և կրոնի համար, իսկ ես հավատացած եմ, որ այդ վերջին երկուսից՝ ձեզանից ոչ մեկը ո՛չ մի խոսք, ո՛չ կես խոսք, ո՛չ մի բան, ո՛չ մի նշույլ չեք կարող ձեր լսածներից մտքներդ պահել կամ հասկանալ: Նախարարնե՛ր, ազատնե՛ր և շինականնե՛ր, եկե՛ք խելացի լինենք, ու պարսից երկու հին տոհմերի քաղաքական քաշքշուկների մեջ մենք էլ մեր ազգի խնդիրները լուծենք, իմ ասածը Հայոց աշխարհում այդ Պարթև թագավորներին բաժին ընկած փառքի մասին է, որ ի պահ ենք տվել հողին ու հավատում ենք, թե մեր հողը նրանց ոսկորներով է զորավոր, թե մենք մեր ուժը, որ ստանում ենք հողից, նրանք են ուղարկում: Մեր անելիքը պիտի լինի՝ մեր երկրի ոչ բնիկ թագավորների քաջություն ասած ու բազում անգամ որդոց որդի կրկնած հեքիաթը, թե մեր երկրի բախտը, անկախությունն ու քաջությունը ամփոփված է մեռած Արշակունի թագավորների դամբարանների մեջ՝ պիտի այս ամենին չհավատալ, ժխտել ու գտնել երբեմնի կորցրած մեր արժանապատվությունը: Այդ ամենը, այդ փքուն հորինվածքները, որոնք ապրում են նրանց շիրիմների մեջ ու զարդարում նրանց, մոգերը Արշակունիների ոսկորների հետ կայրեն ճշմարիտ կրակի վրա ու ծխի հետ ցիրուցան կանեն,– ասել է,– ինչո՞ւ չէ, ծագման հարցն էլ մեծ նշանակություն ունի: Հա, ես նկատի ունեմ այդ թագավորների ծագումը, որը պիտի մեր հողից հեռացնենք»։
Ժողովուրդը վրդովվել է, թե՝ «Նայած արժանապատվությանը ոնց ես նայում: Այ սա արժանապատվության հարց է, ուրեմն՝ մեռած թագավորներն էլ դեռ թագավոր են, ու հողի տակ իրենց քաջությամբ լեցուն ոսկորները վախեցնում են օտարին»: Ասել են. «Դրան մի հարցնող լինի, բա ինչո՞ւ է մազերի ու մորուքի ծայրերը գանգրացրել»:
Խմբից խումբ, ժողովրդի մեջ պտտվող բազում անգամ թագավորների հետ պատերազմների գնացած Հափիկը, հերոսության համար արքունիքից նվեր ստացած հացենու դնովի ոտքը հանել, գցել է ժողովրդի շարքերի մեջ, ասել է. «Ահա, ձեր թագավորի ներկայությունը ձեր մեջ է, պատասխան տվեք: Իսկ ես, դուք էլ տեսնում եք, որ մի ոտքով չեմ կարող փախչել»: Սուրն է քաշել, սրին հենված՝ սուրը հողի մեջ խրել-խրելով ժողովրդի մեջ է պտտվել, ասել է. «Զինվեք, ահավոր ամոթ է, մեր թագավորի աչքերին ինչպես ենք նայելու: Տեսնում եք՝ ես մի ոտքով չեմ էլ կարող փախչել,– ասել է,– ուրացող, էդ ինչի՞ ես մորուքդ ու մազերդ գանգրացրել պարսից ազնվականների նման ու մեր թագավորներին ու նրանց ոսկորներն էլ չես հավանում»: Մերուժանն ասել է. «Նա հերոս է, բայց արժանապատվություն չունի, այդ կաղին բերեք՝ սայլի ցցին հանեք: Նա չի տեսնում իր ստրկությունը,– ժողովրդին ասել է,– դուք էլ չեք տեսնում ձեր ստրկությունը»: Աշխարհաժողով բազմությունը սոսկումով է տեսել Հափիկի տանջալի մահը:
Սկզբից ժողովրդին շրջապատման մեջ վերցրած՝ պարսից պահնորդ զինվորներն են իրար խառնվել, հետո բանակի բեռնատար ջորեպանները և ուղտապանները հապշտապ բեռներն են կապել: Որմիզդ աստծոււն աղոթող առաջին մոգը ծիսակատարությունն է ընդհատել սպասարկող անձնակազմի օգնությամբ, բրոնզաձույլ արձանը ջորիները լծած, ծածկած սայլին է փութով բարձել ու պարաններով կապոտել: Փաղանգ առ փաղանգ զվարճացող բանակը զենքն է վերցրել: Շրջապատված ժողովուրդը լուրը վերջում է լսել, որ Արշակ թագավորը, Վիրքի օգնական զորքը վերցրած, գալիս է: Դարանաղիի նախարար Ներսեսը ելել, սուրն է քաշել, զայրացած ազատանին ձիերն է թամբել, լլկանքից վիրավորված շինականները եղան ու բահ են վերցրել և հետապնդել նահանջող Մերուժանին: Ժողովուրդը՝ թիկունքից, Արշակ թագավորը Վիրքի օգնական զորքերով՝ հյուսիսից, նրա Վասակ զորավարը՝ հայկական բանակը հանած Ատրպատականից, միաժամանակ եկան ու նահանջող Մերուժանի բանակին Դերզանի դաշտում օղակի մեջ առան: Նրան պարտության մատնեցին, պարկերով թագավորների գերեվարած ոսկորները նրանցից հետ վերցրին: Մերուժանը, մոգերով ու լավ կազմակերպված սպառազեն փոքրիկ գնդով, մազապուրծ, հազիվ հասցրեց Արաքսն անցավ: Պարսից հողին վրան խփեցին, շուրջբոլորակի ճաշի շարվեցին ու տեսան՝ Մերուժանը իրենց կողքին, իրենց հետ նստած էր ու, հանկարծ, չկա: Զորապետը հրաման տվեց, փոքրաթիվ գունդը շղթա կազմած՝ մտավ եղեգների մեջ, որոնեց, ձայն տվեց, պատասխանող չեղավ: Եկան, ասացին. «Հետքն անգամ չկա: Վագրը, ինչքան էլ թեթև անցներ, գոնե պիտի մի եղեգ ջարդած լիներ: Կամ էս ճահճոտ, թաց հողի վրա ոտնահետք չէ՞ր թողնի»: Տարակուսած մոգը սայլի մեջ կապոտած Որմիզդ աստծոււն արձակել տվեց, կանգնեցրեց սայլի վրա: Կրակը վառեցին, ջրի իմաստություն, ջրի խորհրդանիշ, կենդանի կարմրախայտ ձուկ հանեց հեղուկով լցված անոթից, բերանը ատլասյա շղարշով կապեց, ձեռքերը ցլի մեզով մաքրագործեց ու նվիրական ձուկը ողջակիզեց Աստծու առաջ վառվող կրակի վրա: Դեպի երկինք լուսատուներին փառաբանող աղոթք արտասանեց ու փռվեց գետնին, ականջը հողին՝ էլի աղոթեց: Կանգնեց, վրան-գլուխը թափ տվեց փոշուց, ասաց. «Իզուր գործ է, վերջ տվեք որոնումներին: Պատճառը ոսկորն է, ոսկորը ծոցը դրած պիտի չլիներ: Երկնային ուժերից հաստատ իմացա, որ գերեվարված թագավորներից մեկի ոսկորն էր ծոցը թաքցրած եղել: Վստահորեն կարող եմ ասել, որ հենց այդ ոսկորի պատճառով նա հափշտակվեց»: Աչքերը չռած իրեն նայողներին ասաց. «Չե՞ք հավատում, նրա քիչ առաջվա նստած տեղում հողը մի քիչ հետ տվեք, տեսեք՝ թարմ հողի պատռվածք պիտի լինի»: Բարձը, որ քիչ առաջ Մերուժանն էր նստել, հետ տարան, տեսան հողն այնքան փափուկ էր, որ նույնիսկ մատներով էր փորվում: Համոզվեցին, որ նրան այս անգամ հողը վերջնականապես հափշտակեց:
Իսկ Վասակ զորավարը ժողովրդից թալանված ավարը բերեց, գյուղ-գյուղ բաժանեց: Նորից հպատակեցրեց խռովահույզ իշխաններին՝ թագավորությանը: Նրանց զորքերը կարգ ու կանոնի տակ դրեց, դասավորեց երկրի տարբեր կողմերում և սահմանների վրա՝ հաստատելով ապահովություն: Թագավորը հրաման տվեց, որ գավառը խաղաղվի, այրածն ու ավերածը նորոգվի: Իսկ ժողովուրդը փութով արձակ դաշտում թափված պարսիկ զինվորների դիակները հավաքեց մի տեղ ու գավառի գյուղերից բերված բազմակերպ շներով շրջափակեց նրանց, քանի որ Մազդեզաց կրոնը ասում էր, որ սպանված զինվորը չի մեռնում, այլ երեք օրվա ընթացքում հարություն է առնում ու վերադառնում իր երկիրը: Բայց քանի որ նրանց ուսմունքը դարձյալ ասում էր, թե շան ներկայություն չլինելու դեպքում, դիակի մեջ կարող էր նաև սև ճանճի տեսքով Նասու չար ոգին մտնել ու մեծ դժբախտություններ պատճառել այս աշխարհի վրա ապրողներին, ուստի շինականները լրացուցիչ նախազգուշական միջոցներ էլ նախաձեռնեցին: Նրանք զինվորների աջ ձեռքերի մատները կտրեցին, իսկ նրանց զորապետերի ողնաշարներին ցից խրեցին ու նոր թաղեցին, որ նույնիսկ հարության դեպքում զինվորը էլ սուր չկարողանա բարձրացնել, զորապետերը, խեղանդամ դարձած, չկարողանան ձի նստել: Չնայած բոլոր այս նախազգուշական միջոցներին՝ հաջորդ օրը ցախի գնացած գյուղացիներն անտառում թաքնված, աջ ձեռքերը կտրված երեք պարսից զինվոր էին տեսել, ու նորից սպանվածների դիերը բերեցին գյուղ: Հոգևորականները ինչքան էլ համոզեցին, որ հնարավոր չէ դրանք հարություն առածներ լինեն, որ Սուրբ գիրքը մերժում է հարության այդ ձևը, գյուղացիները չհավատացին, քանի որ դիակների շրջափակման ժամանակ, անտառակողմյան թևը պահող շները գզվռտվել էին իրար հետ ու ահագին ժամանակ օղակվող շղթան մի երկար տարածություն բաց էր մնացել:

Դերզանի դաշտ՝ թագավորին հասած լրաբերն ասել է. «Նրանք հեռանում են մեր աշխարհից, թագավոր»: Թագավորը Վասակ զորավարին հրաման տվեց, որ անհապաղ ճանապարհվի: Տիրիթին ու Վարսենիկին հետամուտ՝ նրա գնդերը Պարսկաստան փախչելու ճանապարհին հասան նրանց Բասենի գավառում ու անտառի մեջ շրջափակեցին: Երբ Տիրիթին երեներ որսալու ցանցից հանեցին ու ձեռքերը ոլորած բերում էին, Վարսենիկին էլ ջորուց իջեցրին ու բացեցին երեսի քողը, Տիրիթը Վասակ զորավարի առաջ ծնկաչոք աղաղակեց. «Զորավար, իմ մեծությունը մեղավոր է, ինձ մեռցրու: Նրան թողեք, նա մանկամիտ է, մինչև հիմա զարմանում է, թե ինչպես է, որ տղամարդու պոչը առջևից է»: Բոլորը ծիծաղում էին,
թփերի մեջ խլահավը ճչում էր, Վասակ զորավարն ասաց. «Հակառակն է լինելու, Տիրիթ, դու տիրացել ես թագավորահոր հարճին»: Տիրիթը աղաղակեց. «Չէ»: Նա աղաղակում էր այնքան ժամանակ, մինչև զինվորները պարանը ծառից կապեցին, ճյուղերից աղմուկով թռչուններ թռան, օղակը գցեցին Վարսենիկի պարանոցն ու ավանակը ճիպոտի հարվածով, թափով քաշեցին տակից: Մարմինը պարանի հետ ոլորապտույտ թպրտաց, հանդարտվեց, ձգվեց, ճթճթոցով հագուստի կարերը քանդվեցին: Մեկի ձին դունչը օդի մեջ խոթեց ու փռռացրեց: Իսկ Տիրիթի կոպերն այդտեղ՝ անտառում արած կրակի վրա շիկացրած երկաթով խարանեցին: Պարանից կախ մարմինը դարձդարձիկ մի անգամ էլ թպրտաց, հանդարտվեց, ձին էլ փռռացրեց, պայտը քարին առավ, մետաղի պաղ զնգոց կար օդի մեջ: Տիրիթը մարմնական արատով այլևս գահը չէր կարող ժառանգել: Վասակ զորավարը նրան ասել է. «Աստված քեզ հետ, գնա՝ որ կողմ կցանկանաս»: Բայց ազնվական տներում և պետական ատյաններում բոլորը զարմացած էին, քանի որ արքունական տան գործող իրավասովորության համաձայն՝ թագավորահոր հարճին տիրողը պիտի մահապատժի ենթարկվեր: Այս անգամ հակառակն էր եղել, ու ասում էին թե. «Արշակ թագավորի սերը մեծ էր Տիրիթի նկատմամբ»:

Իսկ Արշակ թագավորը, ոսկորներն առած, շքախումբ ու սգո թափոր կազմած, գնաց արքունական դամբարաններ: Գերեզմանատան մուտքի մոտ դեմ դիպան հոգևոր դասին: Բոլոր գավառների եպիսկոպոսները, սարկավագներն ու քահանաները՝ ծնծղաներով, բուրվառներով, խունկ ծխելով, ալելուիաներ երգելով՝ թափոր կազմած, Ներսես կաթողիկոսին առաջապահ դրած՝ եկել էին արարողությանը մասնակցելու՝ թագավորներին նորից հուղարկավորելու:
Արշակ թագավորը վրանում բազմոցին պառկած էր, Դրաստամատն ու մի քանի ծառաներ փորձում էին նրա երակից արյուն թողնել: Ծառան եկել, լուր է բերել, թե. «Տեր, այնտեղ՝ դամբարանում, վեճ կա»: Ծառայի խոսքը բերանին՝ Ներսես կաթողիկոսն է ներս մտել: Ծառաները բազկաթոռ են մատուցել, կաթողիկոսը սպասել է, մինչև փղոսկրյա փողորակը թագավորի երակն են մտցրել, ասել է, «Թագավոր, ես ինչ գիտեմ, ոնց որ թե հոգևոր դասը համաձայն չէ»: Հետո Դրաստամատի ու ծառաների ներկայությանը համաձայն չի եղել, ասել է. «Թող նրանք դուրս գան»: Ասել է. «Չէ»,– անքնությունից ու գլխացավից բորբոքված աչքերը մի կերպ բացել է, կտրականապես ասել է. «Չէ, այստեղ գտնվողները իմ խորհրդատուներն են: Հոգևոր դասը ինչի՞ն համաձայն չէ»: Ներսեսը, թե. «Լավ որ մտածում ենք՝ ես էլ համաձայն չեմ: Ո՞նց կլինի, այս դամբարանները սրբերի վկայարաններ են, պարսիկները գերեզմանները որ քանդել են, համ քրիստոնյա, համ էլ հեթանոս թագավորների ու սրբերի շիրիմներն են բացել, նրանց համար տարբերություն չի եղել, տանելուց բոլորի ոսկորներն էլ խառնել են իրար: Բա հիմա ինչպես անենք, քրիստոնյային օրենք չէ, որ հեթանոսներին էլ միևնույն սրբավայր գերեզմանոցներում թաղի: Ես ինչ գիտեմ՝ դժվար է, ըստ տերերի, ոսկորները ջոկել: Չգիտեմ, ես դեմ եմ: Ինձ թվում է՝ բոլորին էլ տանել է պետք այս սրբավայրից: Մեր կարծիքով՝ ուրիշ տեղ վերաթաղելը ավելի ճիշտ կլինի»: Արշակ թագավորն ասել է, ձայնը պաղ էր, բառերի մեջ էլ հոգնություն կար. «Զարմանում եմ, կաթողիկոս, զարմանալ կարելի է՝ ոսկորն ի՞նչ է, որ ոսկորն անգամ չենք կարողանում թաղել: Հեթանոս թե քրիստոնյա, թագավորը՝ թագավոր է…»: Արշակ արքան անընդհատ շարժվում էր, փողորակը դուրս էր գալիս երակից, թանձր արյունը չէր թողնվում: Կապույտ ծանրությունը բարձրանում էր քունքերը, սրտխառնուքը տանջում էր նրան: Ստրուկները տրորում էին թիկունքն ու որովայնը՝ մարմնի ու երակների մեջ կուտակվող թունավոր օդը հանելու համար: Դրաստամատը ջրով գավից հանած տզրուկները շարեց թագավորի կապտած շուրթերին ու դողացող ձեռքերն էր հանգստացնում, որ նորից փորձի թագավորի երակը ծակել: Ներսես կաթողիկոսն ասաց. «Համ էլ լուր ստացանք, որ գավառներում քո ուղարկած պատժիչ գնդերը սեռահատում ու անխնա բնաջինջ են անում հայտնի նախարարների տները… Հոգևոր դասն ասում է՝ շրջահայաց լինես, թագավոր, մեղմես զայրույթդ: Արյունն արյուն կբերի: Մենք պահանջում ենք, որ դադարեցնես կոտորածը… Մենք պատրաստ ենք՝ ձեր ու նրանց միջև հաշտարար լինել…»: Կաթողիկոսը սկզբից անվստահ էր խոսում, հետո նայեց թագավորի աչքերի մեջ: Արշակ արքան ասել է.
«Կաթողիկոս, դու ի՞նչ է, հավատո՞ւմ ես Պարսից երկրի հայտարարությանը, թե այդ ոսկորների մեջ է ամփոփված մեր քաջությունը, փառքն ու բախտը: Չէ, կաթողիկոս, սա մոգերի կողմից լավ մշակված, խորհրդավոր խաբկանք է, որովհետև մեր երկրում ընտանիքների ու տոհմերի երկրպագվող խորհրդանիշների և միաստվածության կարգում ունենք ամենագլխավորը՝ ազգային ընդհանուր պաշտամունք դարձած թագավորի գերեզմանը: Երբ հողից երկրի մեռելներին էլ են հանում, առավել ևս թագավոր մեռելին, ու որպես ավար տանում, էլ ո՞ր հպատակը կցանկանա այդ խեղճ, անպատիվ երկրում ապրել, առավել ևս, այդ թշվառ երկրի համար մահու և կենաց պատերազմ մղել: Բա, կաթողիկոս, նրանք պատերազմելու այս տարբերակն էլ ունեն՝ ավիշը քամել արյան միջից, երազների հուրը ցամաքեցնել: Տարեք ու մեծ շուքով ոսկորները թաղեք իրենց տեղերում, դրանք գահի ու երկրի խորհրդանիշներն են…»:
Խոսքը կիսատ է թողել, չի ասել, որ ինքը գիտե հանրահայտ՝ բերնից բերան անցնող պատմությունը, որ Արշակավան քաղաքի՝ քսան հազար երդ ընտանիքի կոտորածի ժամանակ Ներսես կաթողիկոսը դողէրոցք էր ունեցել, որ նրա աճապարանքին հակառակ՝ ձին ճանապարհին պայտն էր գցել, որ վարարած գետը Զույգ աչք կամուրջն էր տարել, որ, իրենից անկախ պատճառներով, կաթողիկոսը ուշացել, չի կարողացել խափանել ապստամբ նախարարների՝ Արշակավանը բնակիչների հետ հրի մատնելու վճիռը: Արշակ թագավորը նաև չի ասել, որ ինքը լավ գիտե իսկական ճշմարտությունը: Կաթողիկոսը պատմության մեջ չլսված ու չտեսնված հրաման չէր տա, որ քրիստոնյա երկրի աչքի առաջ, օրերով՝ լինգերով ու քլունգներով Արշակավանի եկեղեցին՝ թեկուզ չօծված, թեկուզ Աստծուն անհաճո հայտարարված՝ քանդեին: Կաթողիկոսը նաև չէր կարող հրաման տալ՝ քաղաքի տարածքում եղած մի քանի հեթանոս սրբավայրերն ավերեին, որոնք դեռևս իրենց հավատացյալներն ունեին, իսկ չհավատացող՝ եկեղեցու կողմից հալածական ու բանադատված՝ հելլենականին հակառակորդ, արժանապատվությունը դեռևս
չկորցրած եկեղեցական հայրեր ու ուսյալ այրեր կային, որոնք կողմ էին հայոց մշակույթի ավանդույթներին ու նրանց համար հնի արժեքավոր հուշարձաններ էին, դրա համար էլ մինչև կաթողիկոսը կշրջանցեր Զույգ աչք կամուրջը, մինչև կհասներ դեպքի վայրը, հրդեհն արդեն ծագել էր արհեստավորների թաղամասի փայտաշեն կացարաններից ու տարել էր ամեն ինչ, հողը մարդաթափ արել: Չի ասել, թե քաղաքական այդ վճռորոշ պահին Արշակավան քաղաքի հիմնահատակ քանդելը ինչպես հեղինակազրկեց ու թևաթափ արեց իրեն ու իր ճանապարհով գնացողներին: Ու հիմա ինքը ստիպված խաղ պիտի խաղա, հարկադրված՝ իբրև թե քաղաքը նորից կառուցելու հրաման պիտի տա, թեև ներքուստ ինքն ու բոլորն էլ գիտեն, որ պատերազմական այդ պայմաններում քաղաքաշինության համար արդեն ո՛չ միջոցներ կան, ո՛չ էլ՝ աշխատուժ: Բայց վերաշինվող հայտարարված արքունի քաղաքի պատերին օրական գոնե մի քանի քար պիտի դրվի, ու ժողովրդի ականջը մուրճի հարվածի ձայն պիտի լսի, որ երկիրը տեսնի ու հավատա թագավորի անպարտելիությանը:
Արշակ թագավորը դարձյալ չի ասել, որ քաղաքը հրկիզող այդ նույն նախարարների կողմից ինքը հինգ ամիս շարունակ շուրջկալի վերցված, Վիրքի անտառներում է մնացել, որ ջրի ծարավի նման անխտիր բոլորը աղի պակաս էին զգում: Կերածը դուրս չի եկել, թունավորել է մարմինները, աճուկներին առաջացած թարախապալարներից շատերն են մահացել ու անտառներում թաղվել առանց հաղորդության: Չի ասել, որ եղել է կրկնակի շրջափակման մեջ. անտառաբնակ մի վայրի ցեղ, նրանց վերցրած ավելի նեղ օղակի մեջ, խեղդրտելով ու անբաժան, նրանց հետամուտ գնացել է, որ ճանապարհներին թողնված, հիվանդ ու ոտքերը հարած ձիերին տանի, հետ մնացող զինվորներին դարանակալ հեղձամահ անի ու զենքը վերցնի: Նրանց առաջնորդին, իր պարանոցը զարդարող մարգարիտներից և թանկագին ակներից հյուսածո քառամանյակ, թագավորական ՊԱՏԻՎՆ է տվել, մինչև որ նրանց բերած հեքիմ֊պառավը հնարը գտել՝ նրանցից զմրուխտ քար է վերցրել, ծեծել, փոշին ուղտի կաթի հետ խմեցրել է նրանց: Հետո ջրի ու խոտաբույսերի թուրմով լի տիկերի փողորակները անխտիր բոլորի հետևներն է մտցրել, այդ հնարներով մարմինները թունաթափ արել: Նրա թիկնազորը ու փղերի փաղանգների դեմ կռվող զինվորներն ու ազատները հուսալքվել էին անվերջ ու անդադար շրջափակումներից: Սովից, անքնությունից, անտառի խոնավ ցրտից, ամեն ակնթարթ դարանակալ նետի բերած մահերից կարող է թողնեին, ու բոլորը միասին հեռանային: Որոշում ընդունեց և հարալեզի հետ վրանից դուրս եկան: Հարալեզը մարդու հայացքով իր աչքերի մեջ նայեց, վազեց հեռուն, միզեց գուղձերին: Կանչեց նրան, անընդհատ կանչում էր, մոտեցավ, ձեռքերը լիզեց: Որոշում ընդունել էր՝ ինքը Տիրիթին պիտի կենաց և մահու պատերազմի նշան ուղարկեր, նրա ծտի սիրտը լավ գիտեր, նրա օր օրի ծանրացող, անտանելի շրջափակումը պիտի բացեր: Որոշում ընդունեց ու ոսկեհուր գոտին արձակեց մեջքից: Հետո ծառը ցնցվում էր պտուղ թափ տալու պես, թպրտում էր ծառը ահագին ժամանակ ու մեջընդմեջ: Կոները թափվում էին խոնավ հողին: Հետո թիկնազորը եկավ, տեսավ հեղեղատի մեջ, ծառի առաջ կանգնած, մեջքը կլորացած, կուզացած Արշակ արքային, տեսավ կախված աստվածատուր հարալեզին ու սարսափեց:
Թիկնապահ ազատներից մեկն ըմբռնեց եղելությունը, վեհացավ, արցունքն աչքերին ընկավ թագավորի ոտքերը: Ավետարան չկար, սուրը խրեցին գետնին, խաչի պատկեր բռնակոթի և ծառից կախ՝ հարալեզի բաց աչքերի առաջ՝ Դվին մայրաքաղաքի արքունական հրապարակում արևին ու Վահագն ռազմի աստծուն իրենց արյունը խմեցրածները, երեք հարյուր հոգուց մնացածները, այն ժամանակ արյունով ուխտ դրած բոլորը ծնկաչոք, նորից երդում տվեցին, որ թագավորին գիշերները լքող չի լինի, մեկումեջ գաղտնի խոսակցություններ ու ծածուկ հեռացողներ չեն լինի, չեն գնա ջրի կամ հետախուզության ու այնտեղից էլ չեն փախչի: Թագավորից հետ չեն մնա, որ հետամուտ վայրի ցեղերին զենքերը տան, որ նրանք իրենց ծանոթ կածաններով տանեն, շրջափակումից հանեն, տան ճանապարհը ցույց տան: Էլ մեկիկ֊մեկիկ չեն փախչի, էլ մտքերի մեջ ուրանալու գաղափար չի լինի: Իրենք ընդունում են թագավորի՝ Տիրիթին ուղարկած կենաց և մահու պատերազմի կոչը, որ իրենք նահատակության պատրաստ զինվորներ են:
Իսկ Վիրքի Սուրմակ թագավորը լավ էլ հասկացել է Արշակի անելանելի դրությունը, նախկինում պայմանավորված երկուստեք իրար օգնության հասնելու՝ Ավետարանի վրա երդումով հաստատած ուխտը չի դրժել, բայց բանակցությունները հազար ու մի
պատճառով ձգել ու ձգել է, մինչև որ Հայաստանի հյուսիսային սահմաններից երկու գավառ չի ստացել, օգնական զորք չի տվել: Արշակ թագավորը Ներսես եպիսկոպոսին չի ասել, որ Արծրունյաց, Ռշտունյաց, Կամսարականների այդ երկդիմի նախարարական տոհմերի բնաջնջումը, որ այդպես հուզել և զայրույթ է առաջացրել՝ նրանց տարածքները՝ գտնվելով պարսից Ատրպատականի, Ադիաբենի սահմաններին մոտ, ունեն ռազմական մեծ կարևորություն, սակայն օտարները նրանց տարածքները ջրի ճանապարհ են դարձրել, գիշեր լինի թե ցերեկ՝ գնում ու գալիս են մինչև Հայոց մայրաքաղաք, ու այդ նախարարների համար արժանապատվություն չկա:
Նաև ցանկացել է ասել ու չի ասել Ներսես հայրապետին, թե ինչ նախատինք էր իրեն հասցված, երբ Մերուժան Արծրունին, թագավորների գերեզմաններից ոսկորները հանած, գերի էր տանում և ինչ ատելություն էր գահի նկատմամբ, որ ուրացման մեջ իր նախադեպը չուներ: Ու չի ասել, թե իր՝ երկրի իսկական թագավորի համար անտանելի էր փախստական լինելը: Ոչինչ չի ասել, հոգնած, կուչ եկած՝ նայել-նայել է երակից փղոսկրե փողորակով կոնքի մեջ թափվող սև կարմիրին: Դրաստամատը բութ մատով նրա հոնքերի արանքը՝ քթարմատն է տրորել, մինչև որ կապտավուն, ծանր արյունը թափվել, հեղձամաղձը անցել, աչքերի արյունակոխ մշուշը ցրվել, անքնությունից գլուխը պայթեցնող ցավերը մեղմվել են:
Նայել է Ներսեսի աչքերի մեջ ու հանգիստ, հատ-հատ ասել է. «Ներսե՛ս, դու այլևս Հայոց աշխարհի կաթողիկոսը չես»: Այդ ժամանակ էր, որ Բյուզանդական աշխարհից սուրհանդակներ եկան ու գնացին: Կեսարիայի եպիսկոպոսների համաժողովը հարցը քննել էր. Ներսեսին պաշտոնաթող անելու, աղբիանոսական կուսակցությունից Չունակին կաթողիկոս ձեռնադրելու համար Արշակ թագավորին ցասումնալի նամակ էր գրել՝ ապագայի գուշակությամբ ու հաստատ համոզմամբ, թե նրա Արշակունյաց տոհմը երկրի երեսից կկորչի, ու օտարներն իրենց ձիերի սմբակները կմաշեն նրա երկրի հողի վրա:

Ներսեսի հայրը, Աթանագինես սարկավագը՝ Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու, իր Պապ եղբոր հետ կյանք էր
վարում աստվածատյացությամբ: Նրանք սաստիկ հանդուգն էին,
Աստծուց երկյուղ չունեին: Մի անգամ Տարոն երկրի՝ Աշտիշատ ավանի եկեղեցին եկան, որը հենց շինված էր իրենց պապի՝ Գրիգորի ձեռքով: Կառքերով, ձիերով, ջորիներով ու բոզերի, վարձկանների, գուսանների և ծաղրածուների հետ էին՝ անճանաչելի հարբած: Ներս մտան ու իրենց կերուխումը սկսեցին շարունակել հենց եպիսկոպոսանոցում՝ հեթանոս երգերով ծաղրելով եկեղեցին: Դեպքը հենց այդ ժամանակ էլ պատահեց, հոգևորականներն ասում էին. «Երբ նրանք ներսում խրախճանում էին, վարձկաններին ծնկներին նստեցրած, հանկարծ երևաց տիրոջ հրեշտակը՝ փայլատանքի նմանությամբ, և երկու եղբայրներին միասին զարկեց, Պապին նստած տեղը սպանեց, Աթանագինեսի մեջքը ջարդեց, իսկ մնացածները թողին փախան»: Իսկ ինքը՝ Աթանագինես սարկավագն ասում էր. «Սովորական աշխատանքային օր էր: Ժամկոչը գործի չէր եկել, ելա որ կանթեղը մարեմ, սանդուղքը փախավ ոտքիս տակից, հատակը թաց էր, ինչ էր, թե հալված մոմ էր թափված, չհասկացա, այդպես ողնաշարս ջարդեցի»:
Թագավորին հակառակորդ մեծատոհմիկներն ու ազնվականներն էլ պատահարի վերաբերյալ իրենց հատուկ կարծիքն ունեին, որ բացեիբաց չէին հայտարարում, բայց իրար մեջ խոսում էին և վերլուծում:
Դեպքը պատահել էր Տիրանի թագավորության տասներորդ տարում, և ահա մի քանի տարի էր, որ Աթանագինես սարկավագը գամված էր մահճին: Ներսեսը չէր հիշում՝ ո՞ր տեղից, ո՞ր երկրից, հեռու քաղաքի՞ց, թե՞ անապատներից, ուղտը նստած՝ հոր ընկերն էր տեսության եկել: Փոքր էր, չէր հիշում՝ տեսության եկածը հեթանոս աստղահմա՞ էր, բժի՞շկ, վանակա՞ն, թե՝ վաճառական: Հոր նման՝ աջ ձեռքին նա էլ վեց մատ ուներ: Եկվորը մերկացրեց հորը, դրեց պատգարակ ու տարան պարտեզ, դրեցին կաղնու ծառի տակ: Նա ասաց. «Այդ բուժման եղանակը հնդկացիների երկրում նորահայտ իմացություն է ծառերի կենարար ուժի մասին,– ասաց,– կաղնին տալու սովորություն ունեցող ծառ է, հողից վերցրած դրականը կուտակում է իր մեջ,– ասաց,– Աթանագինե՛ս, քո ներսի միայնակության մեջ կենտրոնացիր և աշխատիր կաղնիների հետ հոգով կապվել, եթե հաջողես, նրանք քո մարմնի ցավերը կվերցնեն, իրենց հողից կուտակած կենարար լավը՝ դրական ուժերը, կտան քեզ: Քո կարծիքով՝ անմահական ջուր, ջուր, որ ասում են, որտեղի՞ց է, ինձ թվում է՝ ջրի անմահականությունը այս եղանակներով են ստանում»: Նա խոսում էր հոր գլխավերևը նստած, փորձում էր խոսքի ուժով կատարյալ խաղաղության հասցնել նրան ու այդ կատարելության մեջ՝ ամբողջ հոգով սիրեցնել կաղնու ծառը: Արդեն մթնում էր, զվարթացած հորը պատգարակով բերեցին ներս:
Վերջին ամիսներին հոր մահճում էր քնում, հայրն էր այդպես պահանջել: Գիշերվա կեսին սենյակի մյուս ծայրից օդը տատանվելով եկավ, ու ինքը զարթնեց: Իսկ այնտեղի շարժումը ճոճքի համաչափություն ուներ, համ սպիտակ էր, համ անծանոթ, բուրմունքը անհասկանալի էր: Այնտեղ, թախտի վրա թավալվող ձայնը՝ ոնց որ աղավնին օդում թևերը իրար խփեր: Հայրը բարձով Ներսեսի աչքերը փակեց, մյուս՝ վեց մատների ձեռքի ափով՝ բերանը, նրա մատների ջերմությունը շուրթերը դաղեցին, միանգամից լրիվ արթնացավ: Սենյակի հեռավոր անկյունից աղավնու դարձդարձիկ թռիչքի՝ օդի մեջ թևերը իրար խփելու օտար ձայնը կար, համաչափ էր: Մեջքին կիպ՝ հոր կուրծքը բաբախեց, մարմինը ցնցվեց, թոքերը թրթռում էին, ողնաշարի ցավն էր զսպում: Ներքնակը, հոր տաք մարմինը իրեն այրում էին, դիմանում էր ու չէր շարժվում՝ բարձին ու ափին հնազանդ՝ անփոփոխ դիրքով պառկած էր: Նրա կատարյալ անշարժությունից ու ափի մեջ տաք շնչից հայրը գիտեր, որ Ներսեսը քնած չէ: Նա լացում էր, հոր տաք ափից հանկարծ շուրթերին աղի համ առավ ու լացում էր: Մեջքին կիպ՝ հոր կուրծքը ու ամբողջ մարմինը՝ մանր դողէրոցքով բաբախում, բաբախում էր, թոքերը թրթռում էին. հայրը ոչ թե հազը, ոչ թե ողնաշարի ցավն էր զսպում, այլ նա էլ՝ Ներսեսի նման ներսում էր լացում: Մայրն իրենց հետ անկողնում չէր:
Առավոտյան մայրը հուշիկ գնում֊գալիս էր, հյուրի համար նախաճաշ էր պատրաստում, հետո Ներսեսը նրա ուղտը գոմից հանեց, ու ամբողջ ընտանիքով նրան, որ հոր նման մորուք ու աջ ձեռքին վեց մատ ուներ, բարի ճանապարհ մաղթեցին:
Մեկ շաբաթ անց ջարդված ողնաշարով հայրը ինքն իրեն գցել էր թախտից ու մարմարյա սալերի վրա մահացել: Ամառ էր, օդի միջով խատուտիկներ էին թռչում, հորը տանում էին թաղելու:
Երկու շաբաթ էլ անցավ, արքունի ներքին գործերի կառավարիչ Վարդան Նահապետի երկանիվ ռազմական կառքը կանգնեց նրանց դռանը: Մայրը սառը օշարակ հյուրասիրեց, Վարդան Նահապետն ասաց. «Թագավորը՝ քո Տիրան եղբայրը, հրավիրում է արքունիք, տղայի որբությանը ուզում է տեր կանգնել»: Վարդան Նահապետը գնաց, փոշու միջով նրա կառքի հետևից փողոցում խաղացող տղեկները վազեցին: Բակ՝ թագավորի լրաբերին ճանապարհելու ելած մայրը գլուխը բարձր էր պահել, վերադարձավ, ասաց. «Այս երկիրը նաև քոնն է»: Հաջորդ օրը մոր հրավերով Վաղարշապատ քաղաքից մի քանի վարձկան հյուսներ եկան: Իրենց կառքը հոր երկարատև հիվանդության ընթացքում չէր բանեցվել: Կառքը նորոգեցին ու ներսի թավշե բարձերը փոխեցին: Մի շաբաթվա ընթացքում վերականգնեցին փայլն ու անվաճաղերը վառ կարմիր ներկեցին: Հետո իրենք ոտքով էին գնում. մայրը, ձեռքը բռնած, տանում էր արքունիք, իսկ իրենց հետևից դատարկ, արևի տակ փայլփլող կառքն էր գլորվում: Փողոցում բոլորն իրենց էին նայում ու բարևում, մայրը քայլում էր՝ ոչ մեկին չտեսնելով: Մայրը, գլուխը բարձր պահած, ոտքով էր գնում, որ բոլորը իրենց տեսնեն ու բարևեն, իսկ ինքը նրանց միջով գնա ու ոչ մեկին չտեսնի: Ինքն անընդհատ ձեռքը փախցնում էր, մայրը սկզբից թևն էր որոնում, հետո շոշափելով իջնում էր ներքև, նորից ձեռքը վերցնում էր ափի մեջ:
Արքունիքում բոլորը խոնարհվում էին թագավորին, մայրն էլ էր խոնարհվում, ինքը թագավորին երկրորդ անգամ էր տեսնում, չխոնարհվեց: Թագավորն ասաց. «Գանձարանից կվճարվի, թող տանեն Կեսարիա՝ ուսումնառության»: Մայրը խոնարհվեց թագավորին, ինքը՝ չէ: Տուն վերադառնալու ճանապարհին մայրն ուրախ էր, գոռոզ, գլուխը բարձր պահած՝ խոնարհվող ազնվականներին չէր բարևում, հպարտ էր, որ տղան արքունիքի խնամքի տակ է վերցված: Մայրն ասում էր. «Ուրախացիր…»: Շուրթերին աղի համ զգաց, վեց մատներից մնացած աղի համ էր, ու ինքը չէր կարողանում ուրախանալ:
Կեսարիայում ամենալավ՝ մայր եկեղեցուն կից, դպրոցում էր սովորում ու բարձրաստիճան ազնվականության տները մուտք ուներ: Մայրը երթևեկ վաճառականների ու դեսպանների միջոցով խնդրում էր՝ արձակուրդներին գա Հայաստան: Նրանցից էլ լսել էր, որ թագավորական տունը որոշում է կայացրել՝ մորն ուղարկել
ուրկանոց՝ երկանք աղալու: Տարիներն անցնում էին, Ներսեսը Հայաստան չէր գալիս:
Մի օր մայրը դրանիկ ծառաներով և ուղեկցող պահնորդ զինվորներով հայտնվեց Կեսարիայում: Նա մայր տաճարից դուրս եկավ ու դարպասի պատի տակ տեսավ մորը՝ իրեն սպասելիս, քիչ հեռվում կառքը՝ արքունական զինանշանով: Տարիների մեջ փոքրացել, խեղճացել էր, կանգնած դիրքը՝ գոռոզ, գլուխը պահելու մեջ հպարտություն կար: Հիշեց՝ Տիրան թագավորի, Արշակունյաց վեհությունն էր: Մայրն իր ձեռքը ափի մեջ վերցրեց: Շուրթերին, լեզվի վրա աղի համ զգաց, վեց մատներից մնացած աղի համ էր, ինքը հասկացավ, որ Արշակունիներին ատում է, մորն էլ: Ձեռքը փախցրեց, աղի համը չէր դադարում, բերանն էր լցվել, նորից ու նորից ճշտեց՝ ատելություն էր: Բաժանումը սառն էր: Մայրը չէր լացում, Ներսեսի գրպանը ոսկի խոթեց ու գլուխը բարձր պահած՝ արագ հեռանում էր: Դրանիկ ծառաները նրա հետևից հովհարն էին վազեցնում, իսկ նրանց թիկունքից գլորվում էր արքունի զինանշանով կառքը:
Մեկ տարի էլ անցավ, Հայաստանից եկած, գահին հակառակորդ երկու մեծատոհմիկ իշխաններ, բայց հենց արքունական ծառայության մեջ գտնվող պաշտոնյաներ, նրա հետ գաղտնի հանդիպում ունեցան ու ասացին. «Մարդ կանթեղներ մարելու ժամանակ կընկնի ու ողնաշար կջարդի՞, կամ էդ սանդուղքն ու կանթեղը ի՞նչ բարձրություն պիտի ունենան, որ ողնաշար կոտրեն,– ասել են,– նման պատմության հետ քո հոր համաձայնելը, արդեն անդամալույծ՝ Աթանագինեսի համար, մահվան վտանգից խույս տալու միակ միջոցն էր: Նա իր անզուսպ կենսասիրությամբ և՛ եկեղեցին էր ծաղրել, և՛ արքունի տունը: Այդ պատճառով էլ նա իր հետ պատահածը այնպիսի երկիմաստությամբ էր մեկնում, որ ոչ արքունի տարածած տարբերակին դեմ լիներ, ոչ էլ եկեղեցու հնարած պատժի ձևին, թե իբրև հրեշտակը փայլատանքի նմանությամբ եկավ ու նրան խփեց՝ ողնաշարը ջարդեց: Մենք քեզ մատնանշեցինք ճանապարհը: Ավելի լավ է՝ դու մտածիր, թե ինչպե՞ս պատահեց՝ եկեղեցուց հինգ ասպարեզ հեռու խրախճացող Աթանագինեսը հանկարծ
ջարդված մեջքով հայտնվեց եկեղեցում՝ իբրև սանդուղքից ընկած: Մենք կարծում ենք՝ մտածելը քեզ դժվար չի լինի: Լավ որ որոնես քո մտածողության մեջ՝ բրերով ջարդոտված, տանջամահ կաթողիկոս քո Հուսիկ պապին էլ կգտնես,– ասել էին,– մենք չենք ասում, թե հորդ ծեծելու, ողնաշարը ջարդելու մեջ Տիրան թագավորը բացարձակ մեղավոր էր: Բայց բոզերի, վարձկանների, ծաղրածուների ու գուսանների հետ հարբելու, զեխության համար մարդու ողնաշար կջարդե՞ն: Ինչ է, թե արքունական տունն արդեն հոգնել է երկրով մեկ շրջագայություններ ու ցոփ կերուխումեր կազմակերպող փեսայից: Մենք գիտենք՝ Բամբիշը դրդեց Տիրան եղբորը այդպես վարվել, որ Արշակունիների տան վրա ստվեր չընկնի, դրա համար էլ քույր ու եղբայր որոշեցին առողջ մարդուն անդամալույծ դարձնել: Որ ճշմարտությունն ասենք, խեղճ մարդն այդ օրը եկեղեցում էլ չի եղել: Ո՞վ է սառն աղբյուրը, կանաչ մարգագետինը, ստվերախիտ հացենիների պուրակը՝ տարվա այդ խնդուն եղանակին թողած, բորբոսահոտ եկեղեցում քեֆ անում: Հարց է առաջանում՝ Աթանագինես սարկավագը ջարդված ողնաշարով ինչպե՞ս հայտնվեց եկեղեցում: Հիմա, որ նա չկա, ի՞նչ է, քո Բամբիշ մայրը ստվեր չի՞ գցում…»: Ներսեսը սարսռաց: Ասել էին. «Մենք գնանք, չմտածես, թե քեզ համագործակցելու ենք հրավիրում: Փաստերը ստուգելը դժվար չէ, դու փաստերը ստուգիր ու անելիքդ կիմանաս: Կիմանաս, թե դու ինչ պիտի անես»: Մարդ վարձեց, տեղեկությունները մի քանի անգամ ստուգեց՝ ճիշտ էին: Ամեն ինչ համընկնում էր հայոց արքունիքից եկած պաշտոնատարների պատմածին: Ու դրանից հետո ավելի հաճախ, հանկարծ, շուրթերի վրա աղի վերահաս համն էր զգում, և նրա մեջ ավելի էր սաստկանում մահացած հոր կարոտը:
Մի հայ մարդու վարձեց, որն արտոնագիր ուներ բյուզանդական շուկաներում ու հրապարակներում բանասացության: Մոր նվիրած ոսկու լի քսակը տվեց նրան, ասաց. «Մեջը շատ է, անչափ շատ, պիտի տունը հրկիզես»: Արտոնագիր ունեցող բանասացը հարցրեց. «Բոլոր դեպքերում պիտի վառե՞մ, տիկինը ուզում է տանը լինի, ուզում է՝ չէ՞»: Ասաց. «Հա, բոլոր դեպքերում»: Բանասացը գնաց Հայաստան:
Հետո ամեն ինչ խառնվեց իրար: Լուրեր ստացավ, որ մայրը մի քանի անգամ ինքն է փորձել տունը հրկիզել: Ամեն անգամ էլ տան հետ նրան փրկել էին: Չորրորդ անգամ հաջողվել էր, դարձյալ հրկիզել էր տունը ու ինքը հանգիստ անկողնում պառկել: Ներսեսը թաղման չգնաց: Բանասացին այլևս չտեսավ: Մոր կրկին ու կրկին ինքնակիզման փորձը՝ Արշակունյաց տեղի չտվող համառ հպարտությունն էր: Նա չէր կարողանում տարորոշել՝ բանասացը ոսկին վերցնելուց հետո գնացել է Հայաստան և մորը հայտնել է գաղտնիքը, ու մայրը՝ արշակունյան պատվախնդիր գոռոզությամբ, կատարել էր Ներսեսի ցանկությունը, թե դաշտանադադարից հետո կորցրել էր ինքնահսկողությունը, ու ներսում մոլեգնող անզուսպ կրքերն էին մղել ինքնակիզման:
Ներսեսը տեղեկություն ուներ, որ նա հարբում էր ազատների և մայրաքաղաք՝ երթևեկ քարավանների վաճառականների հետ: Թագավորական տունը նրան դիտողություն էր արել: Աչքից հեռու լինելու համար՝ արդեն գնում էր հեռավոր վանքերը կամ անապատները՝ ճգնավորների մոտ, իբրև նրանց՝ վայրի խոտաբույսերից պատրաստած թուրմերով մարմինը ցավեցնող քամիները մեղմելու: Գործված մեղքերից հետո մի քանի ճգնակյացներ դաշույնով իրենց սրտերն էին պատառոտել՝ այնտեղ թափանցած սատանային գտնելու համար: Հոգևոր առաջնորդները արքունիք էին եկել ու թագավորին ասել. «Արքա, այս առաքելությունը մեզ համար դժվար է, բայց մեր աշխարհի հոգևոր կանոնակարգն ասում է, որ պիտի խարան դնենք ճակատին կամ մուր քսենք, վարսերը կտրենք, բայց ամենամեղմ և հարմար ելքը, մենք կարծում ենք նաև արքունական տան համար, թույլ տաք տանենք ուրկանոց, թող երկանք աղա: Արդեն երեսունյոթերորդ ճգնավորն է ինքնասպան լինում»: Տիրան թագավորն ասել էր. «Հոգևոր հայրեր, այդքան դժվա՞ր էր մտածելը՝ արքունիք գալուց առաջ թող մտածեիք ձեր պահանջածի մասին»: Նրանց արհամարհաբար թողել է սյունազարդ դահլիճում ու ինքը դուրս եկել: Բայց թագավորական տան դիտողությունը Բամբիշին նորից էր հասել, այս անգամ ավելի սառը, կտրուկ ու վերջնական:
Այդ ժամանակ էր, որ Ներսեսը հանդիպեց բյուզանդական շուկաներում և հրապարակներում բանասացության արտոնագիր ունեցող հային ու ասաց. «Բոլոր դեպքերում տունը պիտի այրես, տիկինը ուզում է տանը լինի, ուզում է՝ չէ: Բայց ցանկալի է, որ նա տանը լինի»:
Տիրանն այլևս թագավոր չէր, պարսից աքսորից վերադարձած Արշակն էր գահակալը: Ներսեսի ուսումնառությունը Բյուզանդիայում լրացել էր: Կեսարիայի եկեղեցու հոգաբարձուները, երբ տեսան, որ նա արդեն տիրապետում է Բյուզանդական աշխարհի քաղաքակրթության բոլոր նրբություններին, և նրա ստացած ուսումը լիակատար կբավարարի արքունական տան մեջ ծառայության անցնելու, նրան ճանապարհեցին Հայաստան: Ներսեսը վերադարձավ ու նշանակվեց արքունական տան սենեկապետ, սակայն երկիր վերադառնալուց հետո էլ շուրթերին մեջընդմեջ աղի համի զգացողությունը նրա համար անհասկանալի, հեռավոր մի տեղից տխրություն էր բերում: Ներսեսը չէր կարողանում հավատալ, ու չէր հավատում դիպվածին, թե տարվա անձրևոտ եղանակին կայծակն ընկավ հայրական տան վրա ու հրկիզեց, պատահարին էլ չէր կարողանում հավատալ, թե մոր հարբեցողությունը շահագործող ծառաներն անփութորեն օջախում գիշերը վառված են թողել կրակը ու տունը հրդեհի ճարակ էր դարձել: Կասկածում էր նաև իր տված հրամանին, թե այն ճշգրտորեն է կատարվել: Բանասացը ստացել էր վարձը՝ քսակով ոսկին, վերցրել ու գնացել էր, ինքը նրան այլևս չէր տեսել, սակայն նրա գնալուց հետո էր, որ ինքը լուր էր ստացել՝ մայրը չկա, մայրը հրկիզվել է հայրական տան հետ միասին:
Բայց, այնուամենայնիվ, ինքն իր հետ հաշտ չէր ու այդ պատճառով էր, որ Արշակի թագավորության առաջին տարին, երբ արքան, նախարարներն ու մեծամեծերը աղաղակում էին՝ «Ներսեսը լինի մեզ հովիվ, մեզ առաջնորդ, մեզ կաթողիկոս, մեզ ուղեցույց», նա, գլուխը ափերի մեջ առած, աղաղակեց, նա գոռաց իր մեղքերի և անօրինությունների մասին: Թագավորը չհավատաց, նախարարները չհավատացին, մեծամեծերը ժխտեցին, հոգևորականները
խաչակնքեցին, տիկնայք ու օրիորդները արտասվեցին: Ինքը համաձայն չէր, դրա համար էլ ոտքերն ու ձեռքերը կապոտած՝ նրա դիմադրությունը կոտրեցին ու կտրեցին վարսերը և կրոնավորի ոսկեկար զգեստներ հագցրին: Նա այդ պահին էլ գոռում էր. «Մեղավոր եմ, հետ կանգնեք ձեր մտադրությունից»: Նույնիսկ Կեսարիայում, երբ նրան տարան այնտեղ ու եկեղեցում կաթողիկոս էին ձեռնադրում, ու Սուրբ հոգին աղավնու տեսքով եկավ ու իջավ նրա գլխին, նրան ձեռնադրող երկու սրբերը՝ Բարսեղն ու Եվսեբիոս Մեծ արքեպիսկոպոսները, զարմացած էին մնացել, իսկ Ներսեսը դարձյալ կասկածում էր՝ թռչունը Սուրբ հոգի՞ն է, թե մատաղացու, ճանապարհը կորցրած պատահական աղավնի:

Երբ Ֆարուխի վերքերը լավացել, ուժերը վերականգնվել էին, Դրաստամատին ասել էր. «Տե՛ր, թույլ տուր մի անգամ էլ գնամ»: Ֆարուխը երրորդ անգամ ծառայի հետ Խորեստանի անապատով տասը օր ճանապարհ է գնացել, հասել Անհուշ բերդ: Պահնորդ զինվորները բերդի կառավարիչին ասել են. «Տե՛ր, մի կաղ մարդ ու նրա ծառան կանգնած են դարպասի առաջ, ի՞նչ անենք»: Ասել է. «Թող սպասեն, գիշերը թող դրսում անցկացնեն»: Հաջորդ օրը աշտարակի հրակնատնից նայող պահնորդ զինվորներին ու կառավարիչին գռռացել է, թե՝ «Հրաշագործ եմ, այս կողմերով էի անցնում, ասի մտնեմ, տեսնեմ՝ ոսկի չե՞ք ուզում»: Կառավարիչը իբրև չի ճանաչել, հարցրել է. «Դու հինգ տարի առաջվա աստղահմա մոգը, երկու տարի առաջվա բաղնեպանը չե՞ս, որ ոտքդ էլ կաղ է»: Ֆարուխն ասել է. «Չէ, ի՞նչ եք ասում: Ճիշտ է, ոտքս կաղ է, բայց դա տատմերի անհաջող ծնունդ ընդունելուց է: Միշտ էլ այս աշխարհում նմանություններ լինում են»: Նա ասել է. «Լավ, հրաշագո՛րծ, բայց հրաշագործն ի՞նչ է»: Ասել է. «Ցանկացած անազնիվ մետաղի վրա հրեղեն հեղուկ եմ լցնում և վերափոխում ոսկու: Ես հրեղեն հեղուկի գաղտնիքին եմ տիրապետում»: Կառավարիչը զարմացած գլուխն է տարուբերել, աշտարակի հրակնատնից նայել է շիկացած անապատի չորս դին: Տեսել է եկողները երկուսով են՝ մի կաղ հրաշագործ ու մի ծառա, այնքան էլ չի վախեցել: Բայց բերդի դարպասները բացելուց առաջ, զգուշության համար, աշտարակի պահնորդ զինվորին ուղարկել է ուղտի փորը ճղելու: Ասել է. «Նման միջոցառումներ չձեռնարկելու պատճառով է, որ աշխարհի երեսից կորել է մի դրախտ քաղաք»: Ֆարուխն ասել է. «Տրոյա է եղել քաղաքի անունը, Հոմերոսն է գրել «Իլիականը»: Կառավարիչը գոհ է մնացել աշխարհի անցուդարձի
նրա իմացությունից: Բաղնիքն է վառել տվել ու հրաշագործին ինքն իր ձեռքով լողացրել է ու անուշահոտ յուղերով օծել, կուշտ կերակրել է: Հետո հրամայել է. բերդում ինչքան մետաղյա իրեր են եղել, բերել, լցրել են մի սենյակ: Կառավարիչն ասել է. «Հրաշագո՛րծ, իմացածդ արա, տեսնենք»: Ֆարուխն ասել է՝ պիտի իրեն մի ժամի չափ մենակ թողնեն, որ ինքը նրանց տված կացինը, դանակն ու վաղրերը հեղուկի հետ խառնի ու փափկեցնի, նոր ոսկին ստանա: Նրան մենակ են թողել: Մի ժամ անց կառավարիչը եկել, տեսել է՝ սեղանին շեղջ-շեղջ ոսկեկտորներ են դիզված, ատամների տակ է դրել, ծամել, տեսել է՝ անարատ ոսկի է: Շուռումուռ է տվել, տեսել է՝ ոսկեկտորների վրա Արշակ թագավորի պատկերը: Ասել է. «Ի՞նչ ես ուզում, մարդ, քեզանից պրծում չկա՞: Դու չհասկացա՞ր, որ այստեղից աշխարհի խավարումով, սիրով, ոսկով փրկություն չկա և չի լինի»: Ֆարուխն ասել է. «Համարյա ոչինչ չեմ ուզում,– ասել է,– թագավորի կեղտն եմ ուզում»: Կառավարիչը զարմացել, երկար ժամանակ չի խոսել: Նստել, հետո կանգնել, թե՝ «Ի՞նչ ես անելու»: «Հայոց աշխարհի դաշտերն ենք պարարտացնելու, որ առատ բերք տա»: Կառավարիչը չի հավատացել, զարմացել, կասկածել է. «Պիտի մտածեմ»,– ասել է: Առավոտյան Ֆարուխին մի նոր ուղտ է տվել ու ճանապարհ դրել: Ու այդպես տարիներ շարունակ, ամիսը մեկ ոսկի էր ստանում, ամիսը մեկ Արշակ թագավորի գիշերանոթը ուղարկում էր Դրաստամատին: Դրաստամատը հոտ էր քաշում, հետո իր բժշկագիտական իմացությամբ որոշում Արշակ թագավորի առողջական վիճակը: Քանի որ նա հաստատ և միանշանակ գիտեր, որ մարմնի անդամները համընկնում են տիեզերքի կենդանակերպի հետ, ու ամեն ինչ ղեկավարվում է Արեգակով և Լուսնով, ու հողագնդի վրա գտնվողներից ոչ մի բան՝ տեսանելի և թե անտեսանելի՝ լինի բուրմունք, լեռ և թե դարանակալ մահ ու հիվանդություն, նրանց ենթակա բարի ու չար փուլերից դուրս չէ ու գտնվում է նրանց ամենատես հսկողության տակ: Նա գիտեր այս լուսատուների մանրամասնված առանձնահատկությունները և բժշկագիտական իր իմացությամբ հետազոտած Արշակ թագավորի բանտարկության տարիների կայուն և անփոփոխ առողջությունը, համադրում էր նրանց հետ ու գուշակում էր, որ նրանց չարության փուլերը չեն ներազդում նրա վրա, ու այդ ներդաշնակ փոխհարաբերությունը նշանակում է, թեկուզ բանտի մեջ, արքան երկնային լուսատուների հետ ապրում է հաշտ ու խաղաղ՝ իբրև մի երրորդ Աստվածություն, ու հնարներ էր որոնում՝ նրան բերդից փախցնելու:
Մինչև որ պարսից Շապուհ արքան Քուշանների դեմ պատերազմ գնաց: Դրաստամատը շատ ոսկի ու արծաթ ծախսեց, մինչև որ ընդունվեց նրա թիկնապահ գնդի մեջ՝ Շապուհ արքայի հետ ինքն էլ գնաց կռվելու:

Երբ Արշակ թագավորը դուրս եկավ Վիրքի անտառներից, Մերուժանին Դերզանի դաշտում շրջափակման մեջ վերցրեց՝ զարկեց, ավերեց ու փախստական դարձրեց, նրանց ձեռքից վերցրեց թագավորների ավար առած ոսկորները, բերեց գերեվարությունից ու նորից մեծ շուքով փակեց դամբարաններում: Իսկ Անգեղ տան գավառի ձիարշավի հրապարակում փղերի ոտնակոխ արած չափահաս տղամարդկանց դիակները, և Պարսից աշխարհին անհնազանդ, փախած նախարարների ու ազատների՝ երեխաների և կանանց սայլերի ցցերի վրա հանված ու խոշտանգված մարմինները հավաքեց ու մեծ սուգ ու լացով ճանապարհեց հուղարկավորելու: Այնուհետև խաղաղություն և հաշտություն առաջարկեց իր դեմ ապստամբած իշխաններին: Պարսից զորքի ավերածն ու այրածը նորոգեց, Հայոց աշխարհի չորս ծագերին սահմանապահներ կարգեց, բայց դարձյալ երկրում, երկրի տարբեր մասերում խռովություններ էին ծագում:
Նա հրաման տվեց պատժիչ գնդերին, նրա հրամանով կոտորեցին և սեռահատեցին անհնազանդ, ապստամբ նախարարներին, ու երկիրն ընկավ հուզմունքի մեջ: Գիշերները այս ու այն գավառում մարդիկ էին շրջում՝ ժողովրդին, ազնվականությանը գրգռում, ավելի բորբոքում թագավորի դեմ: Թագավորը մի նոր՝ վերջնական ու նախադեպը չունեցող հրաման տվեց՝ բնաջնջված տոհմերի դարպասներից պոկել նրանց ավանդական զինանշաններն ու գլխիվայր ամրացրել, որ նշանակում էր՝ նույնիսկ այդ տոհմի մանուկը փրկության իրավունք չունի: Մունետիկները հրապարակներում, շուկաներում հայտարարում էին, թե պատժի ենթարկվածները մեղավոր են երկրի, թագավորի և ժողովրդի առջև՝ որպես ազգուրացներ: Նախարարների փլատակված ու այրված տների ավերակներից գիշերային բվի աղեկտուր վայոցն էր տարածվում չորս դին:
Այդ ժամանակ էր, որ Քաղոց ամսվա առաջին Արեգ օրը, Այգ ժամին՝ Տարոնի Արամազդի տաճարի առաջին քուրմ Ողյումպը, խորհրդագետ քրմերի հետ լուր ուղարկեց Արշակ թագավորին, թե. «Արքա, արդեն երրորդ օրն է, արեգակը մայր մտնելիս, Արադոտ ժամին իր բնական ծավալի կրկնակի տեսքն ունի՝ երեք կապուտակ ճառագայթներով, այս տարի աղը և ձյունը շատ կլինի, ջրերը կպակասեն, մի թագավոր կմեռնի, հեծյալների շարժում կլինի: Այսօր մի ժամ կա, երբ դառը ջրերը քաղցրանում են, և ծովեր ալեկոծվում: Քեզ խորհուրդ ենք տալիս՝ այս ամսվա չորս օրերը՝ յոթը, տասնչորսը, քսանմեկը և քսանութը քեզ հանգստյան օրեր լինեն: Թող թագավորը կառք չնստի, դատաստան չանի, պատերազմ չգնա, զոհեր չմատուցի, արյուն չթողնի»:
Իսկ այդ ընթացքում Հռոմի ու Պարսից երկրների միջև արդեն ութերորդ տարին էր, որ նույն թափով ու հզորությամբ պատերազմը դեռ շարունակվում էր, ու հանկարծ ամբողջ աշխարհում լուրը միանգամից տարածվեց, որ Կոստանդիոս կայսրը մահացել էր ու հռոմեական տերության գահ էր բարձրացել Հուլիանոս Ուրացողը:
Դարձյալ երկու շաբաթ անցավ, ու նոր սարսափազդու լուրեր եկան, որ ամբողջ Բյուզանդական աշխարհում հալածանքներ են սկսվել քրիստոնյաների նկատմամբ, հրկիզվում են եկեղեցիները, փակվում կուսանոցները, անապատներից .հավաքվում և զնդաններն են նետվում ճգնավորները: Վերակառուցվում և բացվում են Օլիմպիական աստվածների տաճարները, հզոր թափով հելլենական ոգին է ուսուցանվում ամենուր: Արշակ թագավորը, Բյուզանդիայից եկած ամեն մի նորությանը ականջալուր, մտածում ու վերլուծում էր այնտեղ կատարվող ամեն մի իրադարձություն, նրա ավագների խորհուրդն էլ էր մտածում: Նրանք եզրակացրին, թագավորն ասաց. «Ժամանակը բարենպաստ է մեր աշխարհի համար, Հուլիանոսը այլևս չի հրաժարվի Օլիմպիական աստվածներից, քրիստոնեությունը գնալով ամենուր պիտի թուլանա,– ասաց,– աղբիանոսական հոգևորականների հավատը մեր թագավորության նույնական քաղաքականությունն է, Չունակին պիտի կարգենք կաթողիկոս ու նրա առաջնորդարանի մշակած հոգևոր կանոնակարգերը ժողովրդի համար դարձնենք կեցության հիմք ու սկսենք նոր, մեր ազգային եկեղեցու շինությունը»: Սյունյաց Անդովկ իշխանն ասաց. «Արքա, ես կարծում եմ՝ Ներսես կաթողիկոսի վարչական միաբանությունները կընդվզեն, դեռ մեզ համար պարզ չէ, թե հունամետ նախարարները այդ դեպքում ինչ դիրք կգրավեն, ուստի մեզ հարկավոր է չափազանց զգույշ լինել, որպեսզի նախարարությունները կարողանանք պահել թագավորության շուրջը: Մեր հոգևորականությունը գրգռված է Բյուզանդիայում՝ Հուլիանոսի եկեղեցու դեմ ծավալած հալածանքների համար: Ներսեսի գահընկեցությունը կդիտվի մեր երկրի ներսում քրիստոնեության կործանում: Եկեք շրջահայաց լինենք»: Արշակ արքան բարձրացավ գահից, քայլում էր, ասաց. «Այսպիսի ժամանակ էլ չի տրվի, պահը եկել է, գործողություն է պահանջում»:
Այդ ժամանակ էր, որ Արշակ թագավորը դուրս էր եկել Վիրքի անտառներից, Դերզանի դաշտում շրջապատել ու փախստական էր դարձրել Մերուժան Արծրունու բանակը, և ինքը Անգեղ տան գավառում՝ իր կապույտ վրանում հիվանդ պառկած էր ու թագավորների գերությունից հետ վերցված ոսկորների վերաթաղման պատճառով վեճ ունեցավ Ներսես հայրապետի հետ ու նրան ասաց. «Դու այլևս Հայոց աշխարհի կաթողիկոսը չես»: Ինքը եկավ մայրաքաղաք, հավաքեց ավագների խորհուրդը, վերլուծեցին Բյուզանդական աշխարհում քրիստոնյաների հալածանքների իրադարձություններն ու արագագիր դպիրներին թելադրեց արքունի հրամանը: Ներսես կաթողիկոսին արձակեց հայրապետության պարտականությունից և նրա փոխարեն Հայոց աշխարհի առաջնորդ կարգեց Չունակ եպիսկոպոսին: Սակայն Արշակ թագավորը անելանելի վիճակում էր, պատեպատ էր խփվում: Հայոց աշխարհի Վաղարշապատ քաղաքում Չունակին կաթողիկոս ձեռնադրելու համար գոնե երկու եպիսկոպոսի ներկայություն էր անհրաժեշտ, իսկ Ներսես հայրապետի կողմից ուղարկված Շաղիտան, Եպիփանը, Եփրեմը և Գինդը՝ Սլկունյաց ցեղից, շրջել էին բոլոր գավառներում, ցուցումներ էին տվել և հոգևոր դասին սպառնալիքով բացատրել էին, թե ինչ կնշանակի Հուլիանոս Ուրացողի ճանապարհին հետևելը, և ինչ հետևանքներ կունենա առանց Կեսարիայի հոգևոր կենտրոնի գիտության նոր կաթողիկոս ձեռնադրելը:
Արշակ թագավորը Վրիվ հազարապետին ասել էր. «Արքունի հրովարտակով կանչեք բոլոր գավառների եպիսկոպոսներին»: Բայց հրովարտակին ականջալուր եկածները մի քանի հոգի էին եղել: Նրանց հետ խոսել էր թագավորը, խոսքերը պաղ ու հատ-հատ էր արտասանել. «Հռոմը ոգեփոխվել է: Հելլենականությունը նրան նոր բովանդակություն է տվել այնքանով, որքանով որ հարմար է իր մեծապատկան կայսրության նվաճողական քաղաքականությանը: Մենք պիտի վերադասավորենք մեր ուժերը նրանց քաղաքականության ու մեր շահի համեմատ: Մենք չպիտի հրաժարվենք քրիստոնեությունից, բայց նրա քարոզած համամարդկային սերը մեզ նման փոքր երկրի համար կործանարար է, մենք դեռ պիտի կարողանանք ինքներս մեզ սիրել՝ հենց քրիստոնեության քարոզած հուժկու սիրով: Մեր եկեղեցին ազգային պիտի լինի: Ձեր թագավորը ես եմ, ի՞նչ է, ես դռնեդուռ պիտի ընկնեմ, ես իմ խոսքը պիտի չունենա՞մ, ինչո՞ւ մեր երկրի կաթողիկոսի ձեռնադրությանը Բյուզանդիան ինքը հա կամ չէ պիտի ասի: Երբ պատմագիր դպիրների վկայությամբ էլ առաքյալ Թադեոսը Բյուզանդիայում միայն եկեղեցի է շինել ու իր աշակերտներից եպիսկոպոսներ ձեռնադրել, բայց որքան առավել է մեզ մոտ նույն ինքը առաքյալը, երբ նրա շիրիմը, աթոռը, եկեղեցին ու ձեռնադրածները՝ բոլորն էլ այստեղ են, ասացեք՝ ի՞նչն է մեզ ստիպում գնալ նրանց երկիրը՝ մեզանից ավելի կրտսերներից օրհնություն ստանալու: Մի՞թե ես սխալվում եմ, հոգևո՛ր հայրեր, դուք ասացեք»: Աղձնիք գավառի Հափիկ և Կորդիքի Թաթուլ եպիսկոպոսներն ասել են. «Մենք կձեռնադրենք, թագավոր»:
Այդ ժամանակ էր, որ Օլիմպիական աստվածների պետական հովանավորությունից հալածական, բայց զգոնությունը չկորցրած, Կեսարիայի հոգևոր կենտրոնից սպառնալի գրություն հասավ հայոց արքունիք՝ Արշակունիների տոհմն ու թագավորությունը հիմնահատակ բնաջինջ անելու սպառնալիքով, իսկ Արշակ թագավորի ցուցումով նոր կաթողիկոս ձեռնադրելու համարձակություն ունեցող եպիսկոպոսները հայտարարվում էին բանադատվածներ և ուրացողներ: Սակայն, երբ պալատական կարապետը առավոտյան Ցայգ ժամին գնացել էր արքունի հյուրանոց՝ երկու գահամետ եպիսկոպոսներին հրավիրելու թագավորի ճաշի սեղանին, տեսել էր՝ երկուսն էլ մահացած են: Դռնապահ ծառաներն ասել էին. «Նրանց քնի գիշերային Խավարակ ժամից հետո գնացող-եկող չի եղել»: Հակառակ բոլորին՝ Դրաստամատը պնդում էր, որ նրանց քներակի վրա կարիճի խայթոց կա: Թագավորը հրաման էր տվել պատժիչ գնդի պետին՝ Վրիվ Գնունուն, ասել էր. «Չխնայեք: Սև նոխազը տարեք Խադ եպիսկոպոսին»: Նրանք մայրաքաղաքից մինչև հասել են նրա դաստակերտը, տեսել են՝ հոգևոր հայրը կամավոր, ինքն իրեն կախել է բակի ձիթենու ծառից: Սակայն նրա Ասրուկի փեսան Հաբուժենից, որ աներոջ մահից հետո նրա աթոռին նստեց, դարձյալ լսել էր Խադ եպիսկոպոսի բարձրաձայն ինքն իր հետ խոսելը և Վրիվ Գնունուն ասել էր. «Նկատելի զգում էինք, որ խեղճ մարդը վերջերս հափշտակվել էր սատանայից, որովհետև կախվելուց առաջ ահասարսուռ ծիծաղում էր ու հայտարարում, թե ինքը սուրբ է»:
Դրաստամատը ելել, գնացել էր Տարոն՝ Արամազդի տաճար, խորհրդակցել քրմերի հետ: Քրմապետ Ողյումպն ասել էր. «Այդ արվեստին մեզ մոտ էլ հաշված մարդիկ են տիրապետում, նրանք կասկածից վեր են, նրանք թագավորին նվիրված մարդիկ են: Աշխարհականներից վերջին մարդը դուք եք եղել, որ ձեր ուսումնառության ժամանակ մեզանից սովորել եք այդ գաղտնիքը: Մեր քրմական խորհուրդը կարծում է, որ վատ նշան է կարիճի մայրաքաղաք հասնելը: Մեր հայեցողների և խորհրդագետների կարծիքով՝ Ասորիքից է եկել, ինձ թվում է՝ Ասորիքից եկած կլինի: Մեր վստահելի մարդկանց կառաքենք այնտեղի քրմերի մոտ, թող ասեն՝ մեր երկրից ո՞ւմ են սովորեցրել այդ զենքը գործածել»:

Երբ Օլիմպիայի խնամակալ Կոստանդիոսը մահացավ, և Հուլիանոս Ուրացողը զենքով զավթեց նրա գահը, ու երբ քրիստոնյաների դեմ նրա զանգվածային հալածանքների, աքսորների, մահապատիժների ու բանտարկությունների լուրը Հայաստան հասավ, Փառանձեմն արքունի դռան երեց Մրջյունիկի հետ հանդիպում ունեցավ: Նրան հրավիրեց իր առանձնասենյակն ու ասաց. «Ես լրտեսներ արձակեցի քեզ վրա՝ քեզ դիտելու, և գիտեմ, որ այլ ելք չունենալու պատճառով է, որ վեղար ես հագել, ու մինչև աչքերդ իջնող սև ասվե-կտորը քո խաչին նվիրյալ կուսակրոնի աշխարհային մեռելության նշանակն է, բայց իմ մարդիկ քեզ հետևել են ու տեսել՝ հեթանոս տաճարի գաղտնի ծիսակատարություններին ես մասնակցել և Աստվածներին զոհ ես մատուցել: Հիմա ո՛չ Ներսեսն է կաթողիկոս, ո՛չ էլ՝ Կոստանդիոսը գահի վրա: Հուլիանոս կայսեր վերափոխումները այսպես որ գնան, Աստվածների պաշտամունքը մեր աշխարհն էլ կհասնի,– ասել է:– Ինչքան գիտեմ՝ ինձ հայտնի է հաստատապես, երե՛ց, որ Տարոնի գավառի Գոմկունք գյուղից ես: Այդ գյուղը այսուհետ քոնն է՝ իր շրջակա կալվածքներով գյուղը նվիրում եմ քեզ, քո հայրերի նման հագիր քրմական զգեստներ ու ծառայիր այնտեղի սրբավայրերում բնակվող Աստվածներին»:
Հաջորդ օրը՝ Ավագ հինգշաբթի, Հարության խորհրդական տոնի համար Արշակ թագավորը, արքունական տունը, հրավիրված նախարարներն ու պալատական շքախումբը գնացին արքունական եկեղեցի՝ հաղորդության խորհրդի հաստատության հիշատակի արարողությանը մասնակցելու: Կարգը անցկացնող Մրջյունիկ երեցը մաղզմա ոսկեզօծ պնակից հանեց իր ձեռքով՝ մաքուր ալյուրից եփած թույնախառը նշխարքն ու սրբապատկերների բաց աչքերի առաջ հաղորդության պահին դրեց Օլիմպիայի շուրթերին: Թույնը արագ գործեց, Օլիմպիան սկզբից փարվեց Մրջյունիկ քահանայի վզով, հետո ծնկները ծալվեցին ու ընկավ նրա ոտքերի տակ: Մարմինը ուշաթափ էր, մահառաջի դեղին դալկությունը իջել էր ճակատին, սրտի զարկերը քանի գնում, թելանման էին դառնում: Թագավորի բժիշկները նրան արագ տեղափոխեցին արքունիք, եղեգի արմտիքից պատրաստած միզամուղ դեղերի լուծույթներ խմեցրին: Թունաթափ անելու համար արքունի նկուղներում վանդակների մեջ պահվող, Հնդկաստանից բերված հակաթույն բեշմոշկ մուկ բերեցին, այրեցին կրակի վրա, մոխրով լուծույթ սարքեցին ու խմեցրին, թունաթափ անելու բոլոր միջոցները փորձեցին՝ կանաչ, լուսավոր զմրուխտ քարն էլ աղացին, փոշին ուղտի գոլ կաթի հետ խառնած խմեցրին, նրան փրկում չեղավ: Մարմինն արդեն մահացել էր, բայց աչքերից արտասուք էր հոսում: Երեք օր արտասուքը հոսում էր, ու այդ ընթացքում վարսերն էլ սպիտակեցին: Արցունքահոսը չէր դադարել նաև, երբ մարմինը իջեցնում էին գերեզմանափոսը:
Թագավորը հրաման տվեց, սպիտակ շապիկ հագցրած Մրջյունիկ երեցին տարան ու իջեցրին հասարակական շենքերի հրապարակի փոսը, նա այնտեղից երեք օր աղեկտուր ճչում էր՝ վրան թափված քարերի ծանրությունից ու հանգավ չորրորդ օրվա վրահաս գիշերվա հետ:
Երբ կյանքի դեղից մահվան թույնով մահացավ Օլիմպիա թագուհին ու փլվեց հատակին, ճիչը, աղաղակը, ազնվականները, մարդիկ, մոմերի լույսը, բժիշկները, դրանիկ ծառաները, թագավորի թիկնազորը խառնվեցին իրար: Հենց այդ պահի համար էլ Մրջյունիկ երեցի՝ Պարսից երկիր փախուստի համար նախատեսած ջորին՝ ոսկու տոպրակը վրան, Կարմիր շուկայի արևելյան մուտքի մոտ սպասում էր նրան: Մրջյունիկն ամբողջ ճանապարհը վազում էր, նույնիսկ արքունական տան հրապարակը անցնելիս նրան ոչ ոք չկանգնեցրեց, մտավ Կարմիր շուկա, հասավ ջորուն, թռավ թամբին: Հետո իջավ ու եկավ, կանգնեց գահի առաջ ու խոնարհվեց թագավորին, ասաց. «Ահա ես»: Երբ թագավորի պահանջով՝ եպիսկոպոսական աթոռանիստ կաթողիկոսարանից հայրապետ Չունակին հրավիրեցին ու Մրջյունիկ քահանային էլ զնդանից հանեցին, և նրանք երեքով առանձնացան, թագավորն ասաց. «Խոսի՛ր»: Նա ասաց. «Թագավո՛ր, իմ հայրենի գյուղի նվեր ստանալը կապ չունի պատահած դեպքի հետ: Այդ հողի վրա՝ Ցուլ լեռան դիմաց, հացենիների պուրակում, Վահագն Վիշապաքաղի մեհյանն էր կառուցված: Ռազմի աստծու առաջին քրմապետը Մրջյունն էր: Քրիստոնյաները աստիճանաբար վերցնում էին աստվածների տաճարներն ու մեհյանները, տանում այնտեղ եղած բազմագանձ հարստություններն ու հին սրբավայրերի տեղը եկեղեցիներ կառուցում: Այդ ժամանակ Աշտիշատի տաճարի աստվածների բնակատեղի վրա դատավարության գործակալ էր նշանակվել Գրիգորի աշակերտ քորեպիսկոպոս Դանիելը, որը, ինչպես եկեղեցու հիշատակաց դպիրներն են գրում, մեռելներ էր հարություն տալիս, առանց սանդալները հանելու՝ ոտքով քայլելով անցնում էր գետերի ջրերի վրայով, և ոտքերը չէին թրջվում: Ձմեռվա օրերին ձյունը հանկարծակի ցամաքում էր նրա առաջ ու սև հող բացվում, իսկ եթե կամենում էր մի հեռու տեղ գնալ, առանց նեղության սլանում՝ անցնում էր փայլակի նման՝ թռչելով իսկույն այնտեղ էր լինում, ուր կամենում էր լինել, որին հետո ձեր հայր Տիրան թագավորը չվանով խեղդել տվեց: Նա, որ ամբողջ Հայաստանի մայր եկեղեցիների աթոռի գլխավոր աստիճանն ուներ, որպես դատավարության գործակալ, եկավ Աշտիշատ ու մտավ Վահագնի մեհյանը: Ես փոքր էի, այդ օրը իմ ծննդյան տարելիցն էր, Մրջյուն քուրմը ինձ վաղ էր արթնացրել ու իր հետ տարել էր մեհյան, որ արևածագի հետ Վահագն Վիշապաքաղին սպիտակ սագ զոհաբերեի: Քրմերը իմ թևի տակ պահած սագը վերցրին ու ինձ թաքցրին զոհասեղանի տակ: Դանիել քորեպիսկոպոսը քրմապետին ասաց. «Տաճարի առաջին քուրմ Մրջյուն, ձեր դաստակերտներն ու սպասավորները՝ քրմերով հանդերձ, նրանց հողերով, ունեցվածքով և կահ-կարասիով, նվիրվում են եկեղեցուն,– ասաց,– իսկ ձեզանից նրանք, ովքեր եկեղեցու կալվածքային հողերի վրա աշխատելու ժամանակ բարեխիղճ կլինեն և կընդունեն խաչի նշանը, նրանք կդառնան քրիստոնյա հոգևորականներ»: Նա պատասխանեց. «Դանիել դատավարության գործակալ, ռազմի աստված Վահագնին ծառայող քուրմը չի կարող հողի վրա գետնատարած աշխատել և կնոջից ծնված Գալիլիացի խաչյալի առաջ ծունկ խոնարհել»: Արդեն, առանց ոտքերը թրջելու ջրի վրա քայլողի անուն ձեռք բերած Դանիել քորեպիսկոպոսն ասաց. «Դե, մենք այս շինվածքները, բագինները պիտի քանդենք, որովհետև այստեղ կերպարանափոխված դևեր են ապրում, բայց հարցրու ձեր սպասավորներին ու քրմերին, գուցե նրանք համաձայն են ինձ հետ»: Միագիծ կանգնած տաճարի պաշտոնյաները, քրմերն ու սպասավորները գնացին ու միաբան կանգնեցին մեռելներ հարություն տվող, դատավարության Դանիել գործակալի կողքը, ու նրանք գնացին եկեղեցական կալվածքների վրա աշխատելու, որովհետև նրանք արդեն լսել էին, թե ինչ է կատարվում հարևան գավառների տաճարներում կամ դիմադրողներն ինչպես են անհետ ոչնչանում: Այդ օրերին եկեղեցու հիշատակաց դպիրները շրջում էին գյուղեգյուղ ու տեղեկություններ կարդում, որ տաճարների կերպարանափոխված դևերը սկզբում դիմադրություն են ցույց տվել այրուձիու բազմության և հետևակազոր գնդի նմանությամբ, հետո փախչելով՝ լցվել են Անահիտ դիցուհու մեհյանը ու այնտեղ փակվել: Սակայն խաչի նշանն են պահել մեհյանի դեմ ու դևերի հետ միասին հիմնահատակ այրել են այն, ու ծառացած ծուխը մինչև ամպերն էր հասել:
Դատավարության Դանիել գործակալի հողի վրա աշխատելու և քրիստոնեություն ստանալու առաջարկն ընդունած քրմերն ու տաճարի սպասավորները հասկացել էին, որ դա աղքատների, զրկվածների ու խոնարհների համար եկած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, ոչ էլ նրա առաքյալների նման՝ աշխարհի վրա սիրո սերմնացան, այլ սուրն ու հուրը եկեղեցականացրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որը հնազանդեցնելու, համոզելու և խոնարհեցնելու մի միջոց ունի՝ զենքը: Ու երկրի քրիստոնեացումը կատարվում էր առանց դիմադրության, քամու թռիչքի արագությամբ:
Իսկ Վահագն ռազմի աստծու մեհյանին պատկանող հողերի ստրուկները և շրջակա գյուղերի բնակիչներն ու տաճարի հավատացյալներն արդեն լսել էին իրենց տաճարին և քրմերին սպառնացող վտանգի մասին և տանու գործածական իրերով զինված՝ եկել էին քրմերին պաշտպանելու և մեհյանի դարպասներն էին ծեծում: Նրանք վախեցած ու տագնապած շտապում էին, նրանց հետ եկած պատժիչ գնդի զինվորներից երկուսը բռնեցին տաճարի առաջին քրմի թևերը և ուժով՝ տրորելով սեղմեցին արյան ավազանի քիվի վրա ու մեկը, որ զինվորների մեջ ամենակարճահասակն ու նիհարն էր, սրով կտրեց շլինքը: Ես ոչ մի ձայն չէի լսել, հատակի սալաքարերի վրա դես ու դեն անող սպիտակ սագը թևերը բացել ու ծղրտում էր: Ես սեղանի տակից պատերին խփվող սագին էի տեսնում: Հետո ինձ ասացին՝ նա խոսել է, երբ կարճահասակ-նիհարը առաջին անգամ հարվածել է, սրի բերանը բութ է եղել, կիսակտրած շլինքով արյունաշաղախ քուրմն ասել է. «Ինչ ես անում, անաստված, ողջակեզի տապարը ոտքերիդ տակ է, տապարով խփիր, որ կտրի»:
Տագնապած ժողովուրդը ջարդել էր դարպասը, նրանց էր որոնում: Նրանք արագ պիտի հեռանային, իսկ գլուխը քրմի սափրած գլուխ էր, թևատակ չէր դրվում, չէր բռնվում, գլուխը պիտի տանեին, որ ժողովուրդը չճանաչեր տաճարի մորթված առաջին քրմին: Գլուխը ողորկ էր, պլստում, ընկնում էր ու գլորվում, թևաբաց սագը նրա առջևից այս ու այն կողմ էր փախչում: Հետո ինձ ասացին. «Դու լսում էի՛ր, որ գլուխը ընկնում-թռչկոտում էր, դմփդմփոց էր գալիս՝ ցլի արգելոց խոյահարելու պես»: Ես չէի լսել: Սեղանի տակից տեսա, թե ինչպես ձեռքը, որ բութ և ցուցամատ չուներ, մնացած երեք մատները մտցրեց գլխի բերանը ու առած՝ շտապ գնացին: Իսկ դու, թագավոր, գիտե՞ս, եթե դատավարության գործակալ Դանիել քորեպիսկոպոսը, որ ցանկանում էր մի հեռու տեղ գնալ, առանց նեղության սլանում, անցնում էր՝ փայլակի նման թռչելով, և իսկույն այնտեղ էր լինում, ուր կամենում էր լինել, դրա համար էլ տագնապով օգնության եկած ժողովուրդը չգտավ նրանց: Այդ օրերին եկեղեցին թափով եղբայրանոցներ ու հոգևոր ուսումնարաններ էր բացում: Վերահաս վտանգից փրկելու համար՝ Մրջյուն քրմի ընկերներն ու կուսակիցները ինձ տարան այնտեղ ուսումնառության:
Ես գիտեի՝ ինչ պիտի անեմ, անդադար որոնում էի ու տարիներ անց գտա Դանիել քորեպիսկոպոսին, երբ ծանր պատերազմներից ուժասպառ մեր երկրին ու Տիրան թագավորին ոսկի էր պետք, քրմական մագաղաթները հիշատակություններով տաճարներից ու մեհյաններից բռնագրավված գանձերի կշեռք ու չափի աղյուսակ՝ հաշվարկներով գցեցի արքունի թղթերի մեջ: Այդ ժամանակ ես արդեն արքունի երեցն էի ու այնտեղ անարգել ելումուտի իրավունք ունեի ու իմ՝ գանձերի մասին տարիներով քրմական մատյաններից հետևողական հավաքած տեղեկությունները կցեցի արքունի դիվանի թղթերին, որ հետո Աբդիշո դպիրը կարդաց ու ցույց տվեց Տիրան թագավորին, իրենց իսկ հոգևոր հիշատակաց դպիրների թողած վկայությունները, որ քրիստոնյաները չէին ոչնչացնում կործանված մեհյանների ոսկին ու արծաթը, այլ վերցնում էին՝ զանազան նպատակներով գործածելու համար: Արքունիքը լրտեսներ արձակեց, նրանք, մեր աշխարհը ոտնատակ տված, անմարդաբնակ լեռներից, ճգնակեցության տեղից բռնեցին ու բերեցին նրան:
Ես դարձյալ տեսա երկու կտրված մատներով դաստակը: Նա ինքն էր տապարով կտրել իր մատները: Եկեղեցական հիշատակաց դպիրներ Կանչողիկն ու Ոսկեբերանը արդեն գրել են այդ զարմանահրաշ, մաքրակենցաղ, բարեպաշտ մարդու հետ պատահած դեպքի մասին: Ճգնության վայրում, թե ինչպես սատանան նրան հանգիստ չէր տալիս, նրա շուրջն էր պտտվում՝ հեռու և մոտիկ, ու ոչ մի կերպ չէր կարողանում նրան դիպչել, բացի մի դեպքից, մի անգամ դուրս է եկել միզելու՝ առնանդամը բութ և ցուցամատի մեջ, նրանց հպումից թվացել էր իրենից անկախ, առանձին մի մարմին, որը կարող էր և՛ շան, և՛ կատվի վրա գտնվել:
Նա կտրականապես հրաժարվեց Տիրան թագավորին ոսկու տեղը ասելուց, և ես տեսա, թե ինչպես արքունիքի նկուղի զնդաններից մեկում չվանը գցեցին նրա վիզն ու երկու կողմից ձգելով՝ հեղձամահ արին: Թագավո՛ր, այնտեղ՝ իմ հայրենի Գոմկունք գյուղում, Ցուլ լեռան դիմաց, հացենիների պուրակում, անգլուխ թաղված է Վահագն ռազմի աստծու առաջին քուրմ Մրջյունի դիակը: Այդ պուրակում, նրա շիրիմի հարևանությամբ, քարընկեց հեռու, նրանից քիչ ներքև քրիստոնյաները կառուցել են Հովհաննեսի մարգարեանոցը և գիշերուզօր ալելուիաներ են երգում: Թագուհին, երբ ինձ նվիրեց այդ բոլոր հողերը, ես ցանկացա, որովհետև ուզում էի սպիտակ սագ զոհաբերել Մրջյուն քրմի շիրիմին, ու ինձ համար ընդունելի էին թագուհու առաջարկած բոլոր պայմանները, քանի որ նրա գերեզմանին այդքան մոտ քրիստոնյաների հնչեցրած ալելուիաները և նրան մարգարեանոց հասցնող ոտքի ճանապարհը, որն անցնում էր ռազմի Վահագն աստծու առաջին քուրմ Մրջյունի շիրիմի վրայով, նրա հոգուն հանգիստ չէին տալու, հավիտյանս տանջելու էին նրան»:
Հետո նրանք չէին խոսում, երեքով լռում էին, ահագին ժամանակ թագավորը նայում ու նայում էր սեղանին, հետո դրանիկ ծառաները եռաստեղ աշտանակը բերեցին, թագավորը մոմի բոցերն էր դիտում: Չունակ եպիսկոպոսը բարձրացավ տեղից, ասաց. «Թագավո՛ր, մեր կամքով չէ, մեր ցանկանալ, չցանկանալուց անկախ պիտի վճիռ կայացնենք, պիտի բանադրենք նրան»: Թագավորը չէր խոսում: Չունակ եպիսկոպոսը Մրջյունիկ երեցի ձախ դաստակը վերցրեց քրտնած ափերի մեջ ու արձակեց բազկակուրարը: Թագավորն ասաց. «Արքունի տան Մրջյունիկ երեց, ժողովուրդը, հոգևորականներն ու նախարարները թագավորից վճիռ են պահանջում… Նրանց ցանկացածը քարկոծությունն է»: Թիկնապահ զինվորին ասել է. «Տարեք զնդան»:
Հետո մինչև լուսաբաց, մինչև նրան քարկոծության գուբը իջեցնելը՝ Մրջյունիկ երեցի զնդանի դուռը բաց էր, ո՛չ փական էր դրված, ո՛չ էլ պահակ էր կանգնած: Պահապան զինվորն էլ ինչ֊որ տեղ էր գնացել ու չկար: Լուսադեմին, Փայլածու ժամին վերադարձավ, տագնապած ասաց. «Արքունի Մրջյունիկ երեց, զարմանում եմ՝ այս տոթին, այս շոգին այստեղ նստել ես ու չես գնացել Կարմիր շուկայի աղբյուրի սառը ջրից խմելու, գնա այնտեղ, ջուր խմիր ու դարձիր քո խուցը»: Նա չգնաց, ասաց. «Հարցը այդպես կլուծե՞ն, դա լուծում չէ»: Զինվորը գնաց, քիչ անց նորից եկավ, ասաց. «Արքունի Մրջյունիկ երեց, դու գնա Կարմիր շուկա, ջուր խմիր, արդեն Լուսաստղն է ծագում, դու պիտի գնաս ջուր խմելու»: Նա ասաց. «Այդպես չեն լուծում այս հարցը: Թագավորը պիտի իմանա, որ հարցը այդպես լուծելը իմաստ չունի»: Նա չգնաց, սպասեց, մինչև որ սպիտակ շապիկ հագցրին ու տարան դատավճիռների հրապարակ:
Երբ երրորդ օրը քարկոծության գուբի մեջ նետված գլաքարերի տակ տնքոցներով հանգավ Մրջյունիկ երեցը, նրա մարմինը տարան հուղարկավորելու Ցուլ լեռան դիմաց, հացենիների պուրակում, հոր շիրիմի կողքին:
Այդ նույն օրը Արշակ թագավորի մոտ Փառանձեմ թագուհուն են բերել: Նրա խոսքերը պաղ, հատ-հատ են հնչել. «Դու թագուհի, գոնե մտածե՞լ ես՝ ինչի համար ես մարդ սպանել,– ասել է,– դու մարդ ես մեռցրել»: Թագավորի որոշումը միանշանակ ու վերջնական է եղել:
Նույն օրը, երեկոյան Փառանձեմ թագուհուն, արքունի զարդարված կառքերով, աղախիններով, դրանիկ ծառաներով, գուսանների դասով և ուղեկցող զորագնդերի շեփորահարումով, իբրև թե թագավորն ուղարկել է Արտագերս ամրոցը՝ օդափոխության: Ու աքսորված թագուհին հատուկ հսկողության տակ էր ու այնտեղից դուրս չեկավ այնքան ժամանակ, մինչև որ գերեվարվեց Պարսից աշխարհ:
Պարսից Շապուհ արքայից, հռոմեական Հուլիանոս կայսրից պատգամավորներ ու դեսպաններ էին եկել ու գնացել հայոց արքունիք՝ Արշակ թագավորի մոտ: Նրանցից ամեն մեկի հետ առանձին ու գաղտնի է հանդիպել, ամեն մի դեսպան իր երկրի թագավորի անունից պատիվ ու եղբայրություն է խոստացել: Արշակ թագավորը՝ հաստատ իր դիրքորոշմանը, իր քաղաքականությանն է մնացել: Նորից են եկել ու գնացել՝ գայթակղեցնող և սպառնալի մագաղաթ գրություններ են բերել: Արշակ թագավորն իր գավառների նախարարներին ու ավագներին խորհրդի է հավաքել ու առաջարկել է հռոմեական կայսեր ուղարկած նամակը քննարկել ու պատասխան տալ: Գահին զուգահեռ՝ երկու պատերի տակ, քարե նստարաններին նստել է ավագանին, դպիրը կարդացել է թուղթը.
«Ինքնակա՛լ Հուլիանոս Օգոստոս, մեր զորապետ Վաղեսի հետ, հայոց սատրապ Արշակին՝ ողջո՛ւյն:
Պատրաստվիր, Արշա՛կ, անմիջապես կռվիր թշնամիների դեմ, զենք առ ձեռքդ պարսից մոլեգնության դեմ… Արդ՝ թոթափիր անփութությունը, թող քո խաբեությունները: Մոռացիր այն երանելի հանգուցյալին (Կոստանդիոսին), ինչպես և բարեազնիվ մարդկանց լիառատ հարստությունները՝ այն, որ առատորեն տալիս էր քեզ և քեզ նման բարբարոսներին մեղկ ու շռայլ Կոստանդիոսը: Մեր թղթաբեր զորավարի ձեռքով ուղարկիր ձեր աշխարհի հարկերը՝ նրանց գոհացողական թղթերով հաստատած: Նկատի ունեցիր, որ այժմ գործ ունես Հուլիանոսի հետ՝ բարձրագույն քրմապետի, Կեսարի, Օգոստոսի, Աստվածների ու Մարսի սպասավորի, ֆրանկների ու բարբարոսների կործանողի և գաղիացիների ու իտալացիների ազատարարի:
Թերևս դու որևէ ա՞յլ մտադրություն ունես: Ես գիտեմ, որ դու նենգամիտ ես, ձևացնում ես քեզ անկախ, բայց անարի զինվոր ես և պարծենկոտ, ինչպես ինձ այդ ցույց են տալիս ներկա անցքերը, որովհետև դու փորձում ես չեզոք դիրք բռնել ու դրանով քո երկրում թաքցնում ես հասարակական օգտի մի թշնամու և ուզում ես սպասել մինչև այն ժամանակ, երբ կպարզվի այս պատերազմի ելքը:
Աստվածների օգնությունը մեզ բավական է, որպեսզի ջախջախենք մեր թշնամիներին: Իսկ եթե ճակատագիրը, որի վճիռը աստվածների ցանկությունն է, այլ կերպ որոշե, ես կընդունեմ այն անվեհեր ու արիաբար: Իսկ դու իմացիր, որ պարսիկների ձեռքի զոհը կլինես, և քեզ հետ միասին իսպառ կկործանվի նաև քո տունը և Հայաստանի թագավորությունը:
Վաղուց ի վեր երկնքի աստվածները մեզ այդ հայտնի են արել: Դու պիտի հիշեիր այն չարիքները, որ ձեզ հասան անաստված պարսիկներից, և այն երախտիքները, որ մեզանից գտել եք հնուց ի վեր մինչև քո ժամանակ, և պետք է իսպառ հեռանաս նրանցից և մեզ մոտենաս: Որպեսզի մեր զորքի հետ խառնվելով՝ միասին կռվենք նրանց դեմ:
Ողջ եղիր՝ լիովին հնազանդությամբ մեր հռոմեական տերության»:
Նամակը կարդալ վերջացնելուց հետո էլի երկար լռություն է եղել: Արշակ արքան շփոթ կացությունը խախտել, ասել է. «Հզոր պետություն չունեցող թագավորին ինչպես ասես, որ չեն դիմի, չեն սպառնա: Այդպիսի դիմելաձևը ձեզ էլ է վրդովեցնում, բայց ամեն ինչ ժամանակի մեջ է տեսանելի: Դուք զգում եք, որ նամակի մեջ նաև խնդրելու խոսք կա: Մենք հենց նրա օգնություն խնդրելը պիտի ջանանք օգտագործել ի շահ մեզ: Պիտի կարողանանք երկու երկրների միջև կայանալիք պատերազմը Հայաստանի տարածքներից հեռացնել: Հիմա մեր առավելագույն խնդիրն այս է լինելու: Պարսից Շապուհ արքան էլ է մեզ խնդրարկու, նշանակում է՝ մենք հզորանում ենք, ու նրանց աչքը տեսնում է ու գիտի, որ իրենց դեմ արդեն ուժ կա, և մեր երկրի կողմնորոշումից է կախված նրանց որևէ մեկի հաղթանակը մյուսի նկատմամբ»:
Արշակ թագավորը նրանց առաքած դեսպաններին առանձին-առանձին ընդունել է ու ասել. «Հռոմեական կայսրությունից՝ իմ օգնելու և նրա հաղթանակի դեպքում, նրա՝ Հայաստանից խլված նահանգներն եմ ուզում»: Նրանց դեսպանին ճանապարհել, պարսից պատգամաբերին է ընդունել, ասել է. «Շապուհին հաղորդեք, իմ օգնելու և նրա հաղթանակի դեպքում՝ Միդիայի սահմանակից, մեզանից զավթված իմ երկրամասն եմ պահանջում»:
Ասել է. «Անձիտի տեր Սաղամուտ, դու կգնաս Պարսից աշխարհ բանակցությունների, պատերազմելու համար մեզանից ինչ֊որ ուզեն, ցանկանան, արքունի անունից համաձայնության կգաս»: Ինքը, մեծամեծ նախարարներին ու սատրապներին վերցրել, գնացել է Հռոմ՝ կիսատ բանակցություններն ավարտելու:
Այդ ժամանակ էր, որ զարմանալի մի լուր էր տարածվել, թե հռոմեական արքունիքում, Հուլիանոս կայսեր դրանիկ կարապետները, վախենալով մոտեցել, Արշակ թագավորին ասել են. «Տե՛ր, մեր երկրում օրենք կա՝ կայսեր մոտ մտնելուց առաջ ձեր սուրը պիտի արձակեք»: Արշակ թագավորն ասել է. «Իմ սատրապները, նախարարներն ու մեծամեծերը անպայման կարձակեն»: Կայսերական պալատում ծառայության մեջ գտնվող ազնվականությունը՝ հյուրերին դիմավորող մեծամեծերը, մոտեցել, աղաչել, խնդրել են, Արշակն ասել է. «Չէ՛»: Հայաստանից նրա հետ գնացած նախարարներն ասել են. «Իրենց տանն ենք, տե՛ր, իրենց օրենքով գնանք»: Արշակ թագավորն ասել է. «Նամակի համար վրդովվել, հուզվել ու շվար էիք մնացել»: Կայսերական զորքերի սպարապետ Մարկիննոսը զինավառ մոտեցել, ասել է. «Թագավո՛ր, մենք՝ բյուզանդացիներս, հերոսությունը կռվի դաշտում ենք գնահատում, արձակեք ձեր սուրը»: Արշակն ասել է. «Չէ՛,– ասել է,– լավագույն դեպքում, զորավա՛ր, սուրս պատյանից չեմ հանի»: Հուլիանոսը նրան ընդունել է ու՝ իբրև սուրը չի նկատել, Արշակ թագավորը բանակցել է ու՝ իբրև նամակը չի հիշել:
Արշակ թագավորը նրան՝ ռազմական գործի իր իմացությամբ ապացուցել, հաստատել է, որ Հայոց լեռնոտ երկիրը հարմար չէ բյուզանդական մեծաթիվ զորքերի համար՝ ծավալուն հարձակումներ կազմակերպելու պարսից բանակի վրա: Հարմար չէ նաև այն պատճառով, որ նրանց մետաղակիր զորքը կզրկվի կտրուկ տեղաշարժերի հնարավորությունից, նաև այն պատճառով, որ տարվա այդ եղանակին հայոց գետերը վարարած կլինեն, ու փոքրաքանակ հարթավայրերը ողողած կլինեն ջրով, ցեխը, առանց այդ էլ ծանր սպառազեն նրանց զինվորին, ընդհանրապես հնարավորություն չի տա շարժվելու, իսկ ռազմական կառքերը անմարտունակ, անշարժ կմնան, նաև այն պատճառով, որ նրանց զորքն ավելի մարտունակ է հարթավայրերում, քան պարսից բանակը: Պետք չէ լեռնոտ տեղերում պարսից բանակի կռվելու բնական ընդունակությունը բյուզանդական բանակի դեմ կուրորեն առավելություն դարձնել:
Արշակ թագավորը երկու երկրների թագավորներին էլ առանձին֊առանձին խոստացել էր, որ դաշնակից կլինի: Բայց իրականում, Հայաստանի սահմաններից դուրս, չեզոք գոտի՝ պատերազմի կայանալիք օրը լրտեսներ է արձակել: Միջագետքից լրտեսները եկել, հաղորդել էին՝ պարսից զորքը չկա: Ասել են. «Զարմանալու բան է, տե՛ր, հռոմեական լեգեոնները կազմ ու պատրաստ սպասում են, նրա դեմ պատերազմողներ չկան»: Արշակ թագավորը նրանց ու թագավորական խորհրդին ասել է. «Զարմանալու բան չկա, Շապուհի հերթական դավն էր, մեզ միայնակ էր թողնելու հռոմեական բանակի դեմ: Հաստատապես համոզված եղեք՝ պարսից զորքը վաղը առավոտյան կլինի մարտի դաշտում»:
Սուրհանդակների ու լրտեսների՝ Հռոմից բերած լուրերն իրար չէին հակասում, Հուլիանոսը զոհվել էր, առանց զրահի դուրս էր եկել թշնամու դեմ, Պարսից աշխարհի Սումերեի հարավ-արևելյան կողմում, փորից ծանր վիրավորվել էր ու ճանապարհին էլ մահացել:
Հռոմում, գահին տիրելու համար հուզումներն ու խռովությունները չէին դադարում: Երկրի ծայրամասերում և մեծ քաղաքներում օրական մի ինքնակոչ կայսր էր հայտնվում ու իրեն հայտարարում էր Բյուզանդիայի գահակալ:
Ամիսներ ձգվող անորոշ այս վիճակից վարչական պաշտոնյաները իրարամերժ հրամաններ էին տալիս: Արգելվեց քարավաններով Հայաստան առաքվող հացահատիկը Կոստանդնուպոլսի դարպասներից դուրս թողնել, մի ուրիշ քարավան էլ կանգնեցվել էր ճանապարհին, սահմանի վրա: Հայ վաճառականների բեռները ստուգվում էին ու թանկագին ապրանքները հանիրավի բռնագրավվում:
Այնտեղ Արշակ թագավորի քաղաքականությունը համարում էին ի նպաստ պարսից երկրի ու կոչեր էին հնչում հաշվեհարդար տեսնել բյուզանդաբնակ հայերի ու Հայոց աշխարհի հետ:
Խռովությունները ճնշելով, կռիվներով ու սպանություններով գահը զավթել էր Հովիանոսը ու չէր կարողանում Հռոմի հարավային երկրամասում բռնկված քանի գնացող՝ հզորացող խռովությունը ճնշել: Պարսից երկրի հետ պատերազմը վերջացնելու ուղիներ էր որոնում, որպեսզի կարողանար երկրի ներքին կարգ ու կանոնով զբաղվել, ամրացնել իր գահը:
Պատերազմող երկու երկրների զորքերը, մարտական դրության համար կարգ ու պատրաստ, դեմ ու դեմ սպասում էին, իսկ թագավորները բանակցությունները չէին կարողանում ավարտել: Շապուհը, իրեն հասնող մանրակրկիտ ու հետևողական լուրերից, շատ լավ գիտակցում էր, թե ինչ է կատարվում հռոմեական կայսրությունում և արքունիքում, ու ինչքան է վտանգված Հովիանոսի գահը: Նա գիտեր ու ձգձգում էր, որ ավելի խորացներ կայսեր ու նրա խորհրդատուների խուճապը: Երբ Պրոկոպիոս զորավարի ապստամբությունը երկրի հարավում լուրջ սպառնալիք դարձավ կայսերական գահի համար, Շապուհն իր պահանջի վրա ավելի հաստատակամ դարձավ ու չէր հրաժարվում: Եթե չտային իր ցանկացած հինգ գավառներն ու տասնհինգ ամրոցները, ինքը պատրաստ էր, թեկուզ լուսաբացին՝ աքլորականչի հետ, նոր թափով սկսել պատերազմը:
Երկու տերությունների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ լրտեսները գիշեր ու զօր լուրեր էին հասցնում Հայաստան: Ստացված հաղորդումները քննարկվում էին արքունական խորհրդում: Լուրերի վերլուծությունից Արշակ թագավորը հասկացավ, որ իր սկսած գործի ամենածանր ու վտանգավոր ժամանակն է:
Երկու տերությունները բանակցությունները վարում էին առանց Հայաստանի մասնակցության ու մեջ ու մեջ կնքված պայմանագրով՝ Պարսկաստանին տրվող հինգ գավառներից՝ Աղձնիքը, Կորդիքը, Մոկքը հայկական էին: Հաջորդ լուսաբացին հասած լուրը հավաստում էր, որ նրանց միջև դաշնագիրը կնքվել է երեսուն տարով, ու Հայաստանին վերաբերող հավելում կետ է մտցվել, որ եթե Արշակ թագավորը Հռոմեական կայսրությունից օգնություն խնդրի՝ մշտապես մրցության արյունոտ վեճի առարկա Հայաստանի համար՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, նրան ոչինչ չպիտի տրվի:
Լուրն անմիջապես ու միանգամից տարածվեց Հայաստան աշխարհում, հուզումներ առաջացան նախարարական տներում:
Ոմանք մեղադրում էին Արշակ թագավորին անհեռատեսության համար և պատրաստի մեկնաբանություն տալիս, որ նա ոչ թե պիտի խաբեր ու չներկայանար Միջագետքի պատերազմին, այլ պիտի կռվեր՝ Պարսից աշխարհի կողմն անցած: Ոմանք էլ հակառակն էին պնդում: Եղան և այնպիսիք, որ հայտարարեցին, թե ժամանակին թագավորն իրենց ազգապահպան խորհուրդները հաշվի չի առել, ու հիմա հատուցման ժամն է եկել: Ոմանք ասին՝ եթե երանելի Ներսեսը աթոռից չհեռացվեր, երկիրը կփրկեր: Զարմանալ կարելի է այսպիսի կարճատես քաղաքականությամբ առաջնորդվող երկրի տերերից:
Երկրի սահմանամուտների վրա օտար կայազորների կողմից քարավանները առգրավված ու թալանված վաճառականներ եկան ու ասացին. «Մեզ թագավոր պետք չէ, քթի տակը չտեսնող թագավորն ինչներիս է պետք»: Հակառակվողներին ասացին. «Դե, գնացեք ապրեք, տեսնենք առանց մեկի կամ մյուսի ինչպես եք հիմա ապրելու»: Թվարկեցին մի քանի երկրների թագավորների անուններ, որտեղ իրենք եղել էին, ասացին. «Այ, նրանք թագավոր են, սա՝ չէ»: Շատերն ասացին. «Թագավորը երբ է ինքնակամ հեռացել գահից, միշտ գահի վրա է կործանվել՝ իր հետ կործանելով երկիրը, նրա դեմ խռովություն են բարձրացնում կամ զենքով քշում են նրան: Չէ, նա ինքնակամ չի հեռանա»:
Չունակ եպիսկոպոսն ու եկեղեցու նրա հոգևոր հայրերը ժամերգությունների ժամանակ ժողովրդին այլ բացատրություն ու մեկնաբանություններ էին տալիս. «Որ թագավորը բա էլ ի՞նչ պիտի աներ. պետությունը անկախ պահելու, ժողովրդին ստրկությունից փրկելու տեսակետից ճիշտ է վարվել։ Այսքան պարտվել, դարեր շարունակ պարտվել… այսօրվա մարդու դժգոհել չդժգոհելը լուրջ չէ: Այսօրվա դժգոհողների մեջ ապրում է դարեր առաջվա պայքարում պարտվածի իղձը՝ հաղթանակն ու ազատությունը: Այսօրվա մարդը՝ միայն մի կյանքի ժամանակում ապրող մարդը, իրավունք ունի՞ ասելու, թե ինքը ազատություն չի ուզում, ինքը վախենում է պատերազմից, երբ ինքն իր մեջ կրում է իրենից առաջ ապրած ու երբեք չհաղթանակած մի ամբողջ ժողովրդի ազատության իղձը: Ո՞ւր է ձեր երազի սերը: Դուք թագավորի հետ միակամ և միասիրտ եղեք ու պատրաստվեք պատերազմի, և դուք էլ չեք զգա, թե ինչպես հզորների նկատմամբ ունեցած հնազանդությունը, վիզ ծռելու սովորույթը կգնա ձեր միջից, որովհետև դուք ձեր մեջ ժողովրդի՝ դարերով մեկմեկու փոխանցած ազատության բնազդն եք կրում: Ձեր մեկը՝ հազարներ է, իսկ մեծը, հզորը այդպես բազմապատկվելու հատկությունը չունի։ Զավակներս, դուք մի անգամ կծեք՝ ձեր ժանիքները խրեք նրա մարմնի մեջ, տապալեք, կռվեք մեր հարևանի հետ, որ ձեր երակների մեջ շրջապտույտ տվող հուրը տեսնի ու ծնկաչոք իր աստծու առաջ թաքուն հարգանքով ձեր կործանումը ցանկանա: Իր այսօրը կորցնող ժողովուրդն իր ապագան պահանջելու իրավունք չունի, մի լքեք ժամանակը, մի լքեք ակնթարթը, որ պատմություն պիտի դառնա»: Չունակ եպիսկոպոսը գավառից գավառ, նախարարությունից նախարարություն էր շրջում ու քարոզները անձամբ ինքն էր անցկացնում: Նրա հետևից ասողներ էլ կային, թե. «Թագավորի սեղանավոր մարդը էլ ինչպե՞ս պիտի քարոզ տանի: Միայն ժողովրդին երես գցած ու արքունիքի բարիքներից օգտվող եպիսկոպոսը այդպես կքարոզի: Թե չէ, Ներսեսի նման եպիսկոպոսին թագավորը էլ ինչո՞ւ պիտի պաշտոնաթող աներ»:
Շապուհը պատերազմի ավարտը, տարբեր հարցերի շուրջ բանակցությունները Հռոմի հետ թղթերով վավերացնելուց հետո, պարսից զորքերը շարժեց Հայաստանի սահմանամերձ գոտիները: Նրա զորքերի՝ նպատակային ուղղությունով առաջին շեշտակի հարձակումից Արշակ թագավորը գուշակեց, որ Շապուհը նպատակ է դրել՝ առաջին հերթին վերցնել թագավորության հիմնական հենակետը՝ Հայաստանի խոշոր քաղաքները, որով կխափաներ ոչ միայն երկրի տնտեսական զարգացումը, այլև թագավորությունը կկորցներ նաև իր իշխանության անմիջական հենարանները:
Յոթ տարի հարձակումը հարձակման հետևից չէր դադարեցնում Շապուհը: Յոթ տարի հարձակումը հարձակման հետևից հետ էր մղում Արշակ թագավորը: Յոթ տարի նրա այրուձին չիջավ թամբից: Հետևակը սահմանամերձ դիրքերից չվերադարձավ ու կանանց չպտղավորեց, մանուկներ լույս աշխարհ չեկան: Աղջնակների ստինքները կլորացան, պատանիներին մորուք աճեց: Ծերունիները մեռնում էին, ու ջահելները՝ խրամատներում ծերանում: Այդ տարիներին գիսաստղը, հսկա պոչը թափ տալով, անցավ երկրի վրայով, նշանը՝ հոգևորականների բերանով, վկայակոչվեց որպես Աստծու պատիժ կռվողների համար: Երկնքում երեք օրական լուսինը ուղղահայաց՝ վեր ձգված եղջյուրներով կանգնեց, ու հարևան թագավորություններում ջրհեղեղ եղավ ու չոր երաշտ: Լուսինը եղջյուրները թեքեց դեպի հարավ, սարսափելի հարավային տաք հողմեր փչեցին, ու խորշակը խփեց՝ մարդաթափ, սով եղավ և էշի մեկ գլխի գինը հռոմեական քսան սեստերցիուսի հասավ, դաշտային մկները իրենց տեղերից վեր կացան քաղաքներն ու գյուղերը լցվեցին, ու մի մոդ ցորենի արժեքը հարյուր ոսկի դարձավ:
Այդ ժամանակ, խիտիոնների վայրի ցեղը, վարձու զորք կազմած, լեռներից իջավ՝ պարսից Շապուհ արքային օգնելու: Երկար երթից հանգստանալու համար Ատրպատականի Սագերի դաշտում ճամբար խփեց: Գիշերը սովահար մկները ամայի, խանձված դաշտերից վեր կացան ու լցվեցին նրա բանակը: Հինգ հարյուր նետաձիգների աղեղների կաշվե լարերը կրծեցին ու երկու հարյուր այրուձիու թամբերի փորքաշները: Բաց դաշտում մարտունակությունը կորցրած՝ սարսափահար խիտիոնների թագավորը կես ճանապարհից իր երկիրը դարձավ:
Այդ տարի աշնանը վաթսուն օր գիշերը անդադար կարմիր ձյուն էր գալիս ու ցերեկը՝ հալվում: Այդ ձմեռ երկրում ճքճքան ցրտեր բռնկվեցին, սառնամանիքն այնքան սաստկացավ, որ փետրվար ամսին բոլոր կատուները արյուն միզեցին։ Արշակ թագավորը դեռ էլի կռվում էր: Յոթ տարվա ընթացքում երեսունութ անգամ Շապուհը հարձակվեց, Արշակ թագավորը նրա բազմաքանակ զորքերի, հարձակումը հարձակման հետևից տեղացող, երեսունութ հարվածն էլ հետ մղեց: Նա երիտասարդ տարիքում Պարսից աշխարհում աքսոր եղած ժամանակ շատ լավ էր ուսումնասիրել նրանց պատերազմելու արվեստը ու երբեք նրանց զորքի դեմ բաց դաշտ դուրս չեկավ: Հրապուրում էր հարձակվողներին մոտալուտ հաղթանակի ակնկալիքով ու հետևը գցած՝ մտցնում էր լեռների ու կիրճերի մեջ ու հանկարծակի վրահաս լինում: Գիշերային հարձակումներով քուն ու դադար չէր տալիս նրանց զորքին ու փախստական դարձնում: Նրա մարդիկ գետերի հուներն էին փոխում ու բաց տարածքները ողողում ջրերով, կավահողը, պարսից հետևակի ռազմակառքերի ու փղերի փաղանգների ոտքերի տակ կպչուն, ծանր ցեխ էր դառնում, ու նրանք մի օրվա ճանապարհը երկու օրում էին անցնում ու միշտ պատերազմելու անհրաժեշտ ժամանակից ուշացած էին լինում: Մինչև որ արքայից արքա Շապուհը պատերազմելու կարգը փոխեց: Նրա մարդիկ ծածուկ թափանցում էին պարսկամետ նախարարների
տերություններն ու շահավետ, գայթակղիչ բանակցություններ վարում: Փոխնեփոխ օգտագործելով զենքն ու խորամանկությունը՝ ոմանց հավատարմությունը խախտեցին, իսկ չզիջող, չհամակերպվող նախարարներին էլ, որոնք Պարսից երկրին սահմանակից էին, պատերազմական կանոններին հակառակ, գիշերները հանկարծակի հարձակվելով այրում էին բերքատու այգիները, դաշտերը, հրկիզում էին անասնագոմերը, հափշտակելով՝ պատանդ տանում նրանց ընտանիքի որևէ անդամին ու տնտեսապես քայքայում, ամայացնում էին նրանց:
Եվ Հայոց աշխարհի կռվող իշխանները հավաքվեցին, խորհրդակցեցին, ձիերը հեծան, գնացին Վաղարշապատ, պաշտոնաթող Ներսեսի մոտ: Նա այգում ծառերն էր խնամում, սեղան գցեցին ու շարվեցին նրա շուրջը: Ասին. «Տե՛ր, հոգնել ենք: Դու ինքդ գիտես, որ երկար տարիներ է արդեն, կռվում ենք ու մեր դեմքի քրտինքը սրերով, սլաքներով, նիզակների տեգերով ենք սրբել: Մենք այլևս չենք կարողանում դիմանալ, հոգնել ենք: Եթե Արշակ թագավորը ուզում է շարունակել պատերազմը, թող կռվի, բայց իր Վասակ զորավարի ու աներոջ՝ Անդովկի հետ: Կամ ուզում է պատերազմի, ուզում է՝ չէ, իր գործն է, մենք հոգնել ենք»: Միջանցիկ քամին անցավ քրտնած ձիերի փորերի տակով, ձիերը փռռացրին: Ներսեսը բարձրացավ, ծառից կախված պատմուճանը գցեց ուսերին, բոլորին ընթացիկ հարցրեց. «Ինչի՞ց եք հոգնել,– նստեց տեղը, ասաց.– Մարդն իր գլխի, երկրի տերը լինելուց հոգնո՞ւմ է»։ Մատռվակներն ու հացարարը այգում սեղան էին գցում, Ներսեսը նրանց հեռացրեց, իշխաններին ասաց. «Ի՞նչ է, դուք կարծում եք՝ ես չգիտե՞մ, գուցե ձեզանից, բոլորիցդ լավ ես գիտեմ պիղծ Արշակունիների արատները: Բայց, այնուամենայնիվ, Արշակունիները՝ թեկուզ Արշակ թագավորը, ավելի լավ է, քան օտար, հեթանոս թագավորը,– ասաց,– մոռանում եք, իզուր էլ մոռացել եք, իշխաննե՛ր, որ ձեզանից ոմանք Արշակունիներից են ստացել դիրք՝ նշանակվել գավառների, աշխարհների, խոշոր ավանների, գյուղերի, գանձերի ու դաստակերտների տերեր: Կարող եմ անուններ էլ թվարկել, թե Արշակը անձամբ ում է աղբից հանել ու ապրեցրել, մեկիդ իշխանություն տվեց, մյուսիդ՝ գործակալություն, էն մեկիդ՝ պատիվ: Արշակը չար է, ճիշտ է, առաջին ասողը ես եմ եղել, երբ բոլորդ լռում էիք, խոսողը ես էի, սակայն ինչքան էլ չար լինի, աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, Աստծու առաջ օծված ձեր թագավորն է»: Ներսեսը խոսում էր, նրանք լսում էին, նրանք համաձայն չէին: Աղձնիքի Սաղամուտ իշխանն ասաց. «Նայած՝ թե հարցը ոնց ես մեկնաբանում, Հայրապետ, այս դեպքում դու շահագրգիռ կողմ ես: Պարսից տիրապետության ժամանակ գուցե կրոնը փոխվի, ու կորցնես քո տոհմի շահերը: Որ մարդկայնորեն նայենք հարցին, մենք էլ մեր տոհմի շահերը ունենք, որ չենք ուզում ձեռաց կորցնել: Եթե հիմա Արշակի կամ նրա մարդկանց այն ժամանակվա ասված խոսքերը հիշենք՝ քո տոհմի մասին, կպարզվի, որ ճիշտ էր: Նա ասում էր չէ՝ եթե Ներսեսը էդքան բարեպաշտ է, ինչու կուսակրոն չէ, հռոմեացոց կաթողիկոսներից ձեռնադրվում է, նրանք կուսակրոն են, ու ինքը՝ չէ, որովհետև սերնդեսերունդ կուտակված տոհմական ժառանգությունը, կալվածքներն ու հարստությունը որդիներին փոխանցելու հարցը կա: Ի՞նչ է, Հայրապե՛տ, մեզ համար չկա՞: Մեզ համար էլ կա, բայց արի ու տես, արքայից արքա Շապուհի արձակած մարդիկ մեր կալվածքներն են թափանցում՝ հրկիզում դաստակերտներն ու մեր ժառանգությունից, հարստությունից մեզ ոչինչ չի մնում: Հայրապետ, դեմը ձմեռնամուտ է, բայց արդեն հրկիզել են Ձորա երկրի Գադիշո նախարարի անասնագոմերը, քառասուն հազար մոդ ցորեն ամբարած շտեմարանները»։ Ներսեսի աչքերից ու դեմքից միաժամանակ ջերմությունը ընկավ, ասաց. «Եթե որոշել եք, էլ ինչո՞ւ եք եկել ինձ մոտ,– ասաց,– Աստված չանի, որ դուք օտարի կրակե կրոնը սիրեք, պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի: Դուք կվտանգեք երկրի քաղաքական դրությունը»: Հետո աղմկեցին, վիճեցին, դեմ ու կողմ եղան: Նորից վիճեցին ու համաձայնության չեկան: Ներսեսը նրանց էր նայում, բայց չէր տեսնում, ասաց. «Դուք ինքներդ քիչ առաջ ասացիք, որ այսքան տարիների կռիվը ձեր անձերի և հոգիների համար էր, այս աշխարհի ու ձեր ընտանիքների համար էր, ամենագլխավորը՝ եկեղեցիների ու Հիսուս Քրիստոսի անունով էր այս պատերազմը: Հիմա ձեր ասածներից դժվար չէ գուշակել, որ ցանկանում եք ծառայել անօրենների՝ անաստված մոգական կրոնին՝ թողնելով մեր Արարչին ու նրա պատվիրանը, որ պետք է հավատարիմ մնալ թագավորին՝ մարմնավոր մեր տիրոջը: Ձեր ասածներն ու բռնած գործը հակադիր են իրար, ինչո՞ւ»: Ձորա երկրի Գադիշո նախարարն ասաց. «Ինչո՞ւ: Հայրապե՛տ, մենք էինք ուզում ձեզ հարցնել՝ ինչո՞ւ մինչև այն պահը, քանի դեռ Պարսից աշխարհի նպատակը չէր կռապաշտությունը մեր երկրում պետական կրոն դարձնելը, ձեր Խադ տեղապահը Մերուժանի հետ էր, Արշակին գահընկեց անելը խրախուսվում էր, բայց երբ Մերուժանը սկսեց ատրուշաններ կառուցել մեր երկրռւմ, նրանից երես թեքեցիք, հայտարարեցիք ուրացող: Եթե բյուզանդական կրոնը դավաներ ու դարձյալ ցանկանար Արշակունիների գահը տապալել, ուրացող չէ՞ր լինի: Ու այդ խռովության համար երբեմնի խրախուսվող այդքան նախարարներ զոհաբերեցիք Արշակին: Ինչո՞ւ, որովհետև վտանգն արդեն հասավ ձեր անմիջական շահերին: Վտանգը, Հայրապե՛տ, մեզ էլ չի շրջանցել, արքայից արքա Շապուհի արձակած մարդիկ գիշերը թափանցել են Ձորա երկրի սահմաններից ներս, հրկիզել Սաղամուտ նախարարի բերքատու այգիներն ու պատանդ են տարել նրա միակ անչափահաս որդուն, Աստված գիտի, նույնիսկ մեծ փրկագնով նրա հետքը գտնել հնարավոր է, թե՝ ոչ»: Ներսես կաթողիկոսի դեմքի մկանները անշարժ էին, աչքերը՝ տխուր ու պաղ, խոսելու պահին էլ նույնն էր, ասաց. «Իբրև թե մենք խրախուսել ենք որևէ խռովություն, Արշակի խոսքերն են, նրա խոսքերն եք կրկնում՝ ճշմարտանման ստեր, իհարկե, հավատացողներ էլ կլինեն… Դուք որոշել եք ուրանալ, դրա համար ձեզ մեղադրանքներ են պետք, բայց ձեզ շատ է անհրաժեշտ հեղինակություն ունեցող մեղավոր, դրա համար եկել եք այստեղ»: Գադիշո նախարարն ասաց. «Հայրապե՛տ, խռովահույզ նախարարները Ներսես կաթողիկոսի լռելյայն համաձայնությամբ և նրա գիտությամբ չէ՞ր, որ նետվեցին Արշակավան քաղաքի վրա՝ ինչո՞ւ: Որովհետև Կամսարական Ներսեհն ու Ներսես կաթողիկոսը չէին կարող հանդուրժել օրըստօրե կառուցվող ու ծավալվող քաղաքի գոյությունը՝ իրենց հողերին այնքան մոտիկ: Ճիշտ է, թագավորը Արշակավանը կառուցում էր արքունի ոստանի տարածքում, բայց ձեր կալվածքները գալիս, հատվում էին նրա հետ, ու դուք լավ գիտեիք, որ այդ թափով կառուցվող քաղաքը հետագայում կարող էր ընդարձակվել նաև ձեր հողերի հաշվին: Ուրիշ պատճառ էլ կար, թերևս ամենագլխավոր պատճառն էր, կաթողիկո՛ս, Կամսարականների Երվանդաշատ և եկեղեցուն պատկանող Բագավանը, որոնք խոշոր առևտրական հանգույցներն են Հայաստան աշխարհի, Արշակավանի հիմնադրումով կկորցնեին իրենց նշանակությունը: Դուք էլ չեք ժխտի իմ ասածը, որ Երվանդաշատը դուրս կմնար առևտրական հիմնական ճանապարհից, իսկ եկեղեցուն պատկանող Բագավանը կդառնար սովորական միջանկյալ կայան: Այնպես որ, Արշակ թագավորի խոշորագույն տնտեսական ծրագրերը հարվածում էին ոչ միայն Պարսից աշխարհին, այլ նաև մեր երկրի ներսում հատուկ նպատակներ ունեին: Հայրապե՛տ, դու էլ գիտես, որ նրա ծրագրերի մեջ պետությանը հավասար հզորության ձգտող եկեղեցուն թուլացնելու միջոցառումներ կային: Դուք որոշեցիք այդ ծրագրերի դեմ խեղկատակ Տիրիթին օգտագործել, բայց նա ձեր մտածածի չափ մանկամիտ չէր, հասկացավ, որ երկրի քաղաքական դրությունն ու տոհմական գահն է վտանգված, ու իր գահակալությունը դարձրեց խեղկատակություն և սկսեց գործել ձեր հրամաններին լրիվ հակառակ ու Արշակին Վիրքի անտառներում վերջնականորեն ոչնչացնելու որոշումը ձգում ու ձգում էր: Ներսեհ Կամսարականը չէր կարող երկար համբերել, նկատեց, որ իրենց բռնած գործը ուրիշ ընթացք է առնում, շուտ գլխի ընկավ, որ Տիրիթն իր սեփական խաղն է սկսել, դրա համար էլ Վիրքի անտառներում պատճառ գտած՝ վիճեց նրա հետ, մյուս՝ խռովությանը մասնակից նախարարներին էլ տրամադրեց Տիրիթի դեմ, մեղադրեց նրան վախկոտության մեջ և Արշակ թագավորի հետ գաղտնի կապ պահպանելու համար ու որոշեց գոնե իր անձնական շահերը վնասող Արշակավանը վերացնել, գոնե փրկել իր Երվանդաշատ առևտրական կայանը, Տիրիթի բանակից հանեց իր գնդերը, սուրը քաշեց ու եղավ ահեղաձայն գոչյուններով քաղաքը կործանելու գնացողների առաջնորդը: Հայրապե՛տ, և նա սխալվեց: Ներսեհ Կամսարականը մանկան պես խաբվեց, այստեղ էր, որ Տիրիթի՝ Արշակունիներին հատուկ արագ կողմնորոշվելու բնազդը գործեց: Նա հենց դիտավորյալ էլ ձգձգում էր շրջափակման մեջ վերցված Արշակին վերջնականապես ջախջախելու որոշում ընդունելը: Ու դրանով խռովարար նախարարների մեջ վեճ ու երկպառակտում գցեց, որ քակվեն, քայքայվեն, իրենց գնդերը վերցնեն՝ հեռանան, այդպես էլ եղավ: Նրանից խռովածները գնացին Արշակավանը կործանելու, իսկ նա փրկեց Արշակին, որովհետև, Հայրապե՛տ, այդ ընթացքում մեզանից ամեն մեկն իր անձնական շահերն էր հետապնդում: Սա էր մեր ասելիքը: Մեր ասելիքը մենք վերջացրինք, մենք հոգնել ենք, չենք ցանկանում այսուհետև մեր բերքատու դաշտերը հրկիզվեն, կորցնենք մանր ու խոշոր եղջրավոր անասունների հոտերը, առգրավվեն մեր ձիերի երամակները, պատանդ տանեն մեր հարազատներին, օտար աշխարհների խորքերում կորցնենք մեր արու զավակներին, մենք չենք ցանկանում այլևս կռվել»: Ներսես հայրապետի թախծոտ ու տխուր աչքերից արտասուքներ գլորվեցին, ասաց. «Զավակնե՛րս, դուք որոշել եք չլսված և չտեսնված չարիք գործել, ուրանալ ձեր երկնավոր տիրոջը, ձեր թագավորին ու նրան պաշտպանելով՝ մատնում եք նրան: Մեղադրում եք ինձ շահամոլության համար, որ ձեր նյութած դավը կշիռ չունենա ու տանելի լինի: Բայց երկրի վրա կատարվող անցքերը քննելի են միայն Աստծուն և ձեր ուսերին մեղքի ծանրություն եք բարդում: Դուք չեք նկատում անտեսանելին, որ մեզ մատնացույց է անում երկնային տերը: Մեր հոգևոր հայրերը տարիների ու դարերի պատմության քննությամբ տեսան, որ պետության քաղաքական ղեկավարման եղած ձևը, մեր հարևան երկու հզոր պետությունների միջև, ապագա չունի: Օտարների դեմ եկեղեցու պայքարի ուղին ավելի ճիշտ էր, որովհետև նրանք կարող էին խափանել պետությունը, թագավորությունը, բայց նրանք չէին կարող քանդել երկրի հոգևոր եկեղեցու միաբանության ամբողջականությունը, որը մեզ համար նշմարելի էր՝ որպես երկրի փրկություն»: Գուգարաց Մեհենդակ իշխանն ասել է. «Հայրապե՛տ, փրկությունը պիտի որոնած լինեինք ուրիշ տեղ և մեկ ուրիշ ժամանակի մեջ: Երբ ստեղծվեց Արշակի թագավորությունը, խորացավ նաև ազնվականների ունեցվածքային անհավասարությունը, առաջացավ տոհմիկ ազնվականների՝ Մամիկոնյանների, Գնունիների, Հայր Մարդպետների տեսակ, որն ավելի արտոնյալ էր, ավելի գնահատելի: Այդ մի քանի նախարարների իշխանությունները և հարստությունը արքունիքի հովանավորությամբ, դեռ մի բան էլ մյուս ազնվականներից բռնագրավված, ժառանգաբար փոխանցվում էր միայն այդ տոհմերի մեջ: Ստեղծվեց ուժեղ մի ազնվական դասակարգ, որն արքունիքի հենարանն էր: Իսկ այդ ընթացքում երկրի ծայրամասերում և այլուր արքունի հովանավորությամբ շատ նախարարություններ փլուզվում էին, որովհետև նրանց ծագումը տոհմիկ չէր: Նրանք իրենց իշխանության նշաններն ու կալվածքները ստացել էին թագավորներից՝ աչքի ընկնող ծառայությունների համար: Միևնույն ժամանակ արքունիքում իր վճռական ձայնն ունեցող, զորեղ ազնվականների հետ բարեկամական ու խնամիական կապերով կապված՝ աճում էր հոգևորականների հզոր միաբանությունը, Արշակն իր ձեռքով էլ իր հայրերի կողմից հզորացրած նախարարների ճնշմանը չէր կարողանում դիմանալ ու հոգևորականներին կամա թե ակամա ավելի ու ավելի շատ հողեր էր տալիս: Այնպես որ, կաթողիկո՛ս, դու էլ գիտես, որ մեր աշխարհի մեջ չկա մի անկյուն, որտեղ եկեղեցիները ընդարձակ կալվածքներ չունենան»: Երկինքը կապույտ էր, փափուկ կապույտի միջով, երկար վիզներն առաջ ձգած՝ իրարից քիչ առաջ ու հետ, երկու ծանր բադեր անցան, մի տեղ, այգու ծառերի մեջ թռչունը կանչեց… «…Մեզ բոլորիս էլ հայտնի է, որ բացի իրենց կալվածքների ստանալիքից, հոգևորականները իրավունք ունեին եկեղեցու ազդեցության շրջանում գտնվող շինական բոլոր տնտեսություններից տասանորդ գանձելու, նրանց արտերի բերքից, ծառի պտղից, կարասի գինուց, կճղակավոր մեծ ու փոքր անասունների կթից ու բրդից բաժին ունենալու և միաժամանակ նրանք պարտավորաբար պիտի հոգան հիվանդանոցների, ուրկանոցների, իջևանատների ու բարեգործական հիմնարկների և հոգևորականների պետքերը: Իսկ կաթողիկոսը պետության մեջ թագավորի հետ առաջին տեղն էր, եթե ոչ շատ դեպքերում առաջինից էլ առաջին տեղը: Նրա կոնդակները, նրա ազդեցությունը տարածվում էր երկրի մինչև ամենահեռավոր անկյունները, որովհետև կաթողիկոսին ենթակա վանականների միաբանությունները, բազմաթիվ հոգևորականները սփռված էին ամբողջ երկրով մեկ…»: Ներսես հայրապետի ձեռքը վերից վար պատմուճանի ճարմանդն էր ագուցում՝ ամեն ճարմանդի վրա մտածկոտ երկար մնալով, այգում մի տեղ առվակ էր անցնում, ձայնը կար. իրար վրա ելած, այդպես էլ միաձույլ բզեզներ էին թռչում: «Հայրապե՛տ, կարելի է և խոսել ու մեկնաբանել նաև կաթողիկոսարանին կից տեսչությունների զանազան աստիճաններ ունեցող հոգևորականների քանակի մասին: Հոգևորականները Աշտիշատի համաժողովի ժամանակ հունամետ ազնվականության աջակցությամբ արքունիքի նկատմամբ առաջնայնություն ձեռք բերեցին: Իրականում հենց այս ժողովից հետո էր, որ երերաց թագավորության հիմքը, Արշակը դրանից հետո ինչ միջոցներ էլ ձեռնարկեց՝ իզուր ջանքեր դուրս եկան: Երկիրը քանի գնաց՝ փլուզվեց ու քայքայվեց, թագավորը կախյալ վիճակից դուրս գալու համար հզորացնում ու բազմապատկում էր քաղաքների թիվը, բայց այս միջոցառումներից էլ մեր աշխարհը քանի գնաց՝ բաժանվեց հարուստների և աղքատների՝ մի կողմում ստեղծվեց մեծածավալ նախարարությունն ու հոգևորականությունը, իսկ մյուսում՝ շինականներն ու արհեստավորները: Ազնվականությունն ապրում էր հարստության և ճոխության մեջ, հասարակ ժողովուրդը ահավոր ծանր աշխատանք էր կատարում՝ հանապազօր մի կտոր հացի համար: Իսկ Արշակը հենց սկզբից մեծամտացավ՝ իրեն աստվածներին, մեծամեծ զորավարներին ու փարավոններին հավասար դասելով, իր անվանակոչությամբ սկսեց քաղաք կառուցել:
Կաթողիկո՛ս, առանց ափսոսանքի՝ խնայողությամբ կուտակված ի՞նչ հարստություն, մարդկային կյանքի վատնված տարիների ի՞նչ տքնաջան աշխատանք, ջանասեր արվեստի ի՞նչ գործեր էին զարդարում քաղաքը և մի ակնթարթում ի՞նչ դաժանությամբ կրակի համաճարակ դարձան, և ո՞վ չտեսավ իր աչքով մինչև ամպերը ծառացող ծուխը:
Սակայն մյուս կողմում էլ էր գործում դաժանությունը, Արշակը գոռոզաբար և արհամարհանքով էր վերաբերվում հպատակներին, մեծ վաստակ ունեցող պետական առաջին այրերին՝ Հայր Մարդպետին, Վարդան Նահապետին, թագաժառանգ Գնելին, Արծրունի Շավասպին: Կամսարական տոհմին և էլի շատ ուրիշների սեռահատեց, սպանեց ու մեծ ծառայություն ունեցող հին զինվորներին, որոնց Տիրան թագավորը արժանիորեն պալատական զանազան պաշտոններ էր պարգևել, հեռացրեց պալատից միայն այն բանի համար, որ նրանք ծագումով ազնվական չէին, և արքունիքում նախնյաց ավանդական աստիճանաբարձի կարգը խախտված էր: Միաժամանակ ամսեամիս բարձրացնում էր հարկերն ու ռազմական տուրքերը, ինչ է թե՝ Պարսից աշխարհի հետ պատերազմել էր ցանկանում, բայց ժամանակով նրանից առաջ ո՞ր թագավորը չէր ճակատամարտել պարսից հետ: Իսկ բնակչության, ծայրամասային նախարարների դժգոհությունը չէր դադարում, և այստեղ ու այնտեղ խռովություններ էին ծագում, որովհետև հարկերից գոյացած եկամուտները ոչ միայն ծախսվում էին ռազմական պարտքերի, այլ նաև արքունի ճոխությունների համար: Մենք մեր աչքերով շատ ենք տեսել նրա շուրջը բարձերին նստող ինը հարյուր մեծամեծերին, աստիճանավորներին, պալատականներին և դեռ նրանց էլ, որ միշտ ոտքի վրա էին լինում: Դուք այս ամենը լավ գիտեք, կաթողիկո՛ս, ինքներդ շատ անգամ եք մասնակցել այդ ընդունելություններին, բայց երբ Արշակը ձեզանից պահանջեց տաճարներից բռնագրաված ոսկին՝ մերժեցիք՝ մատնանշելով պալատական ճոխությունները: Մենք էլ գիտենք: Արշակը սիրում է գինարբուքները, հարճերը, պճնազարդությունն ու ցոփությունը: Սիրում է նստել ոսկեկար, ժանյակներով կարված բարձերին և դիտել ու զվարճանալ ծաղրածուներով, լարախաղացներով, ձեռնածուներով ու իր հետ անկողին մտնող հարճերով, բայց նա ոսկին երկիրը պահելու, երկրի չորս ծագերի վրա սահմանապահ ամրություններ կառուցելու համար էր ուզում: Կաթողիկո՛ս, այսքանից հետո ժամանակն է, որ բոլորս էլ հասկանանք երկրի հասարակ ժողովրդին և մեր այն
նախարարներին, որոնք ասում են՝ «Հոգնել ենք, էլ չենք ցանկանում կռվել», առաջին հայացքից մեզ անհասկանալի թվացող նրանց ժուժկալ անտարբերությունը մեր երկիրը թափանցած պարսից նվաճողների նկատմամբ: Նույնիսկ Տիրան թագավորի գերեվարությունը կամ մեր աշխարհի որ թագավորի վրա վերցնենք օրինակը՝ Խոսրովի, Արտավազդի, որ չհամընկնի: Այո, կաթողիկո՛ս, Տիրանի գերեվարությունն անգամ չառաջացրեց նախարարների հուզումը, վրդովմունքը: Պատկերացնել է պետք, օրը ցերեկով պարսից Վարազ զորապետը ընդամենը երեք հազար զինվորով հասավ մեր երկրի կենտրոնը, Տիրանի աչքերը դաղեց ու արքունի գերդաստանը, ամբողջ երկրի աչքի առաջ, գերի տարավ: Օրվա այդ ժամին նախարարները իրենց դաստակերտներում կեսօրվա ճաշին էին նստել, նրանցից ոչ մեկը գդալը բերանից հետ չքաշեց, որպեսզի պաշտպան ելնի իր առաջնորդին, փրկի Աստծու առաջ օծյալ իր թագավորին:
Կաթողիկո՛ս, այս դիպվածներն ու իրողությունները կարելի է մեկնաբանել միայն ժողովրդի, նախարարների, հոգևորականների և թագավորի միջև բացված հարստության համար վեճի ու իրար չլսելու պատճառով որպես մեր գլխին թափվող աղետ: Եվ դուք կարծում եք, այս օտարությունը չէ՞ պատճառը, երբ մեր երկրի ժողովուրդը, նախարարը՝ խաբեությամբ ու մատնությամբ կամ դավաճանությամբ մարտի դաշտում հենց կորցնում է իր զորահրամանատարին, իր թագավորին, անմիջապես կազմալուծվում է, թողած ռազմի դաշտը՝ պատերազմը համարելով ոչ թե իր սեփական, այլ զորահրամանատարների ու թագավորների գործը, թողնում է իր երկիրը, իր նախարարությունը՝ հավաքած գերդաստանը, կահ-կարասին, գնում է օտար երկիր ու դառնում նրա ստրուկը: Ես վերջացրի իմ խոսքը, Հայրապետ»,– ասել է Գուգարաց Մեհենդակ իշխանը:
Բոլորը լռել են, Ներսես կաթողիկոսը, տհաճ լռությունը խախտել, ասել է. «Մեհենդակ իշխան, ամեն մի թվացյալ մտածմունք ճշմարտություն չէ, և ամեն մի ճշմարտություն, որ իր ժամանակին չի ասվել, չի նշանակում, թե դեռևս իր ուժն ունի։ Այդ ամենը, ինչը որ հիմա ասվեց, դրա կեսն անգամ դու քո ամբողջ կյանքի ընթացքում չես համարձակվել Արշակի առաջ ասել։ Դու միշտ ճարտար ես խոսել, Մեհենդակ իշխան, միշտ ճշմարիտ, դու միշտ պարծեցել ես, որ չես կարող ճշմարտությունը չասել, բայց քո ասած ճշմարտությունը միշտ եղել է այն բանի նման, թե արևը արևելքից է ծագում, այն էլ ասելիքդ ասել ես հարյուր փարսաղ հեռու այն տեղից, որտեղ որ պետք էր ասել, ինչպես հիմա մյուս նախարարները Արշակի հետ կռվում են պարսիկների դեմ»: Նորից վիճեցին, մեղադրեցին, աղմկեցին ու համաձայնության չեկան: Իշխանները հեծան իրենց ձիերն ու գնացին: Գնացին ու սփռվեցին նաև իրենց երկրի սահմաններից դուրս:

Մի օր, երբ թագավորը բաղնիքում լոգանք է ընդունել, հետախույզները նվիրակ պաշտոնյայի արգելքին չեն հնազանդվել, մտել են լողասենյակ: Զարմացած բաղնեպանը ասել է. «Արքա, տեսած չկամ, որ իր մեծությամբ աստվածներին հավասար թագավորին, լողանալու ժամանակ, ցանկանան խոսեցնել ու հարցեր տան»:
Ասել է. «Թող խոսեն»: Եկվորները, թե. «Պատ են շարում,– ասել են,– հայոց անծայրածիր, հարթ դաշտում դրած պարիսպ են շարում: Աղձնիքի բոլոր նախարարներն ու ազատանին, իրենց զորքն ու գնդերը վերցրած, այսօր գիշեր հեռացել են թագավորական բանակից: Մեր դիտորդները առավոտյան տեսել են. նրանք գնացել Աղձնիք, իրենց երկրին սահման են նշել ու որոշված սահմաններով պարիսպ են շարում Հայաստանի դիմաց: Մեզ դեմ-հանդիման պատի վրա ոչ մի դուռ չկա, բոլոր դռներն ու պատուհանները բացվում են դեպի Պարսից աշխարհը»: Արշակ արքան ասել է. «Քանդե՛լ»: Ու նրա բանակը ցերեկը կռվում էր պարսից զորքի դեմ, գիշերը քանդում շարվող պարսպի ժայռաբեկորները: Իսկ նրանք առավոտյան նորից էին սկսում շարել վերաբաժանման պատը: Մինչև որ պարսից զորքը դարպասներից ներս մտավ, կայազոր դրեց ու Աղձնիք երկիրը, կառուցվող սահմաններով հանդերձ, վերցրեց իր հսկողության տակ:
Աղձնիքի նախարարներին Մեծ դռան՝ կարմիր մելանով գրված հրովարտակով սատրապություն շնորհեցին, ազատանուն՝ նժույգ ձիեր ու հողեր, հոգևոր դասին՝ աստիճանի բարձրացում և ոսկեկար շուրջառներ: Պարսից բանակի՝ իրենց դեմ պատերազմած զոհվածների ընտանիքներին թոշակ նշանակեցին: Փողոցներում հուզված, խումբ-խումբ կանգնած ժողովրդի համար ճառ արտասանեցին ու նրանց գլխներին բռերով ոսկի թափեցին, սովամահ լինող գավառի իրենց իսկ կազմակերպած շրջափակումը բացեցին և սեփական երկրից ուղտերի քարավաններով հացահատիկ ու պարեն բերեցին մտցրին, ժողովուրդը կուշտ կերավ, գավառի խաղաղությունը եկավ, հուզմունքը ցամաքեց:
Նորից են եկել ու լուր են բերել, ասել են. «Թագավո՛ր, ապստամբել ու գնում են՝ Նոշիրականի, Գուգարաց, Կորդվաց նախարարներն ու տերերը: Կանգնեցնել հնարավոր չէ, զորքն ու գնդերը
թագավորական բանակից հանած՝ գնում են,– ասել են,– թագավո՛ր, ել, ձին նստիր, նրանց առաջը գնա…»: Արշակը չի գնացել, նրանց ասել է. «Չէ՛, մենք կկռվենք»: Ասել են. «Թագավո՛ր, արևմտյան գավառներից էլ են գնում, Անձիտի տեր Սաղամուտը և Մեծ Ծոփքի իշխաններն էլ իրենց գնդերն առած գնում են հունաց թագավորի կողմը,– ասել են,– տերության ծայրամասերը փլուզվում է, արքա՛»: Արշակ թագավորն ասել է. «Կկռվենք՝ Աստծու ողորմածությամբ ու մեր լեռների անմատչելիությամբ»: Մանավանդ, այդ օրերին երկնքում երևացել էր հյուսիսից հարավ անցնող մի գիսավոր աստղ: Հոգնածները ասում էին, թե. «Աստծու ավելի նշանն է, երկիրը պիտի մաքրի պատերազմողներից»: Ոմանք էլ՝ թե. «Ճիպոտ է, դատաստան պիտի լինի, երկնային դատաստանի նշանն է»: Արշակ թագավորը, սպիտակ ձին նստած, զորքի առջևից, ձեռքը դրած ճակատին նայել է ու աներկբա ասել է. «Նիզակ է, պատերազմի նշան, պիտի կռվենք»: Ու իր փոքրացած երկրի, միջնաշխարհի հավատարիմ փոքրաթիվ նախարարներով շարունակում էր կռվել ու պաշտպանվել:
Մի օր արքայից արքա Շապուհի պատգամաբերը կարմիր մելանով գրված նամակ էր բերել, թե. «Ես՝ արքայից արքա Շապուհ, աստղերի ընկեր, Արեգակի և Լուսնի եղբայր, հղում եմ Արշակ թագավորիդ՝ իմ որդուս, ողջույն:
Հայոց Արշակ թագավո՛ր, մենք զարմացած ենք, որ այսպիսի գործեր գործեցիր, այսպիսի քաջություն ցույց տվեցիր, այսպիսի հակառակորդի հետ սուր խաչեցիր, այդպիսի պատերազմներ մղեցիր, այսպիսի ճակատամարտերում հաղթեցիր, որ մեր դեմ ուրիշ ոչ ոք չէր կարող գործել: Եկ իմ աշխարհը՝ տեսնվենք ու այսուհետ լինենք իրար հայր ու որդի, իսկ եթե չես գա, կնշանակի պատերազմ ցանկացողը դու ես»:
Շապուհը ուղարկած գիրն էլ կնքել էր պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով՝ աղ ու վարազագիր մատանիով: Նամակաբեր դեսպանն ասել էր. «Տեսեք, որ Շապուհը գործադրել է երդման մի ձև, որ զրադաշտականի համար ամենաբարձրն ու ամենանվիրականն է»: Երբ հայոց մնացած՝ միջնաշխարհի իշխաններն ու նախարարները հավաքվեցին խորհրդի, տեսան ու լսեցին: Ասացին. «Էլ ի՞նչ է ուզում, թագավոր մարդ է, էն էլ արքայից արքա, հո չի խաբի, երդման վավերացումն էլ է ուղարկել: Նրանց մոտ Վարազը աստվածություն է՝ մարդու կերպարանքով, գիրն էլ թագավորների հարգանքին վայել կարմիր մելանով է գրել, թող գնա»: Ասացին. «Չենք հասկանում, էլ ինչի՞ է ուշանում»: Հետո մեկտեղ դարձած՝ ստիպեցին, բռնադատեցին, քննադատեցին, շտապեցրին, որ իր գահից, իր երկրից վեր կենա ու գնա: Արշակ թագավորն ասել է. «Ոճը ձեզ ոչինչ չի՞ հուշում, բանակցության նամակը այդպե՞ս կլինի»: Ասել են՝ «Չէ»: Ասել են. «Նամակ է էլի, արքա՛, այն էլ կարմիր մելանով գրված, ոճս որն է»: Հետո ակնակապիճներում բիբերը պտտվեցին, պատերի երկայնքով նստած նախարարները հայացքներով իրար մեջ էին պտտվում, մետաքսյա թաշկինակների մեջ հազացին տարբեր տեղերից, հետո նորից սկսվեց հայացքների տեղից տեղ, անձից անձ շրջելը, բարձերի վրա անհանգիստ էին՝ լռության մեջ անընդհատ շարժում կար: Թագավորը նրանց լավ գիտեր, նախարարներն էլ՝ թագավորին: Թագավորն ասել էր. «Գնա՞մ»: Ասել էին՝ գնա: Ասել էր. «Իմ Վասակ զորավարին ու Դրաստամատին վերցնեմ ու գնա՞մ»:
Ասել էին՝ հա։ Ասել էր. «Օրը մթնում է, թող այսօրն անցնի, առավոտ արեգակի հետ գնանք»: Ասել էին. «Թիկնապահ գունդը հետդ գալիս է, էլ իմաստ ունի՞ օր կորցնելը»: Ասել էին. «Նա էլ թագավոր մարդ է, այն էլ արքայից արքա, նրան ինչքանո՞վ հաճելի կլինի սպասելը»: Արշակ թագավորն ասել է. «Այսօր առավոտյան Ասորիքի Եդեսիա քաղաքից սուրհանդակ էր եկել, նշանագրերի հետևից գնացած Աբել քահանան էր առաքել: Վաղը, մյուս օրը քահանան կժամանի, սպասենք, տեսնենք ի՞նչ է լինում: Չսպասե՞նք՝ նշանագրերը գտել է, թե՝ չէ…»։ Ասացին. «Թագավո՛ր, մենք լավ էլ տեղյակ ենք, ոչ թե սուրհանդակ, այլ հենց ինքը Աբել քահանան է այսօր առավոտյան վերադարձել, ոչ մի նշանագիր էլ չի եղել Ասորիքում»: Արշակ թագավորն ասել է. «Երեկոյան քամին ծիրանի բուրմունքը այգիներից բերում, լցնում է պալատ, զարմանալի բան է, եկեք գիշերը պարտեզում անցկացնենք, համ էլ օրը կանցնի, ժամանակ կունենանք միասին մտածելու»: Ասել են. «Ախր, ձգձգելով ի՞նչ կշահենք, աճապարելն է ճիշտ»: Ասել է. «Գորութ զորապետի գնդերը դեռ Տարոն գավառի ճանապարհի վրա են, լրտեսներն ասում են՝ հետքի վրա են ընկել, այսօր, վաղը գանձարանը կգտնեն: Իսկ դուք գիտեք՝ ոսկին հիմա ի՞նչ կարող է անել: Ճորա պահակը կբացի, իսկ մազքուտներն ու մյուս լեռնաբնակ գիշատիչները եթե իջնեն Պարսից երկիր, ինձ թվում է, Շապուհի գործերը այդքան էլ լավ չեն լինի: Դրաստամատը թող ասի, նոր է վերադարձել լեռնանցքի կայազորի մոտից… Եկեք սպասենք մի օր, երկու օր»: Դրաստամատն ասել է. «Ճիշտ է, ես…»։ Նրան ասել են. «Կավատ,– ասել են,– դու լռիր, դու չխոսես,– ասել են,– կռտած»: Ասել են. «Չէ: Թագավոր, այդ գործից մենք էլ լուր ունենք: Հակառակ՝ լրտեսներն ասում են ինչ դաժանությամբ որ Արշակ թագավորը սեռահատեց Հայր Մարդպետի զույգ տղաներին, նույն դաժանությամբ էլ Հայր Մարդպետը, Աբդիշո քահանային Ներսեսի ձեռքը տալով, կործանեց Արշակունիների գահը: Ոսկին այլևս հնարավոր չէ գտնել: Իսկ Վարդան Նահապետը եթե չգայթակղվեր, թագավո՛ր, եթե չշլանար գանձերով ու չմատներ գաղտնիքը, Ճորա պահակի բացումը ռազմական ճիշտ որոշում էր, պատերազմական գործի մեջ իր բնույթով խիզախ: Բայց, թագավո՛ր, մենք էլ գիտենք, ինչքան էլ մեզանից թաքցրիք, մեզ էլ հայտնի է, որ հենց այդ գաղտնիքն էր Վարդան Նահապետը պարսից արքունիքում Շապուհին հայտնել: Դու գիտե՞ս, թագավո՛ր, քեզ թվում է մենք երկու եղբայրների՝ հարճի պատճառով վեճին ու Վարդան Նահապետի՝ այդպիսի սոսկալի սպանության պատրվակին հավատացե՞լ ենք»: Ասին. «Սպանություններ շատ եղան»,– ասացին. «Ինչքան էլ Արշակավանի կառուցման նպատակները ճիշտ էին, բայց հո սպանություններ շատ եղան»,– ասացին. «Թագավո՛ր, ինչքան էլ դու ասես չէ, ինչքան էլ մենք այն ժամանակ հիացանք քաղաքի ռազմավարական տեսակետից դիրքի ճիշտ ընտրությունով, որ մեր նոր մայրաքաղաքը նույն հեռավորությունն ուներ թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի հարավ: Եվ այդպես էր արևելյան և արևմտյան սահմանների նկատմամբ: Արշակավանը երկրի կենտրոնում էր ու պատերազմների ժամանակ կհասցներ օգնել երկրի չորս ծագերին, բայց այնուամենայնիվ այդ քաղաքը միայն Պարսկաստանին տնտեսապես հարվածելու և պատերազմների համար չէր կառուցվում: Հիմա, որ այդ գործը լավ ենք վերլուծում, պարզվում է, որ վերջին հաշվով, Կամսարականների ու հոգևորականների, Երվանդաշատ և Բագավան առևտրական քաղաքներն էլ էին թագավորի կողմից տնտեսական հարվածի տակ վերցվել: Դրա համար էլ քաղաքը՝ իր ժողովրդով, սպանվեց»: Արշակ թագավորն ասել է. «Այս գիշեր, հոներից բերած այն սպիտակ ձին, որով միշտ հիանում էիք, մտրուկ է ունենալու, Դրաստամատին ասել եմ՝ ճակատին սպիտակ աստղ կլինի, նա էլ չի հավատում, թողեք օրն անցնի, տեսնենք ի՞նչ կլինի»: Ասել են. «Չէ»։ Ասել են. «Ուզում ես՝ մենք կուղեկցենք քեզ»։ Ասել են. «Վանանդի և Վերին Բասենի բդեշխները համաձայն են քեզ հետ գալ պարսից արքունիք»:
Արշակ թագավորը գնացել էր Պարսից Մեծ դուռը, նրա թափորին բանակցությունների գնացող արքայական շքախմբի տեսք տալու համար մի քանի բդեշխներ ընկերակցել են նրան:
Արքայից արքա պարսից Շապուհն էլ շղթայել էր Արշակ թագավորին: Ներկա եղողներին՝ Վասակ զորավարին, Դրաստամատին, թիկնազոր գնդին ու բդեշխներին ասել էր. «Լավ նայեք, որ հետո չասեք, թե ձեր թագավորը չի հարգվել, շղթաները մաքուր արծաթ են»: Նրա արքունի գանձապետը առաջ է եկել, Շապուհին ու շղթայակապ Արշակ թագավորին զեկուցել է, որ շղթաները ձուլված են ամենաբարձրորակ արծաթից: Ասել է. «Հավաստիանալու համար, Արշա՛կ թագավոր, կարելի է ատամի տակ էլ փորձել»: Զրնգացող արծաթե շղթաները մոտեցրել է նրա դեմքին: Արյան նիշը աչքերին իջած Վասակ զորավարը սուրը հանել է ու, հենց Արշակ թագավորի ոտքերի տակ, սրախողխող արել գանձապետին: Արքայից արքա Շապուհն ասել է. «Ինչո՞ւ գորգերը կեղտոտեցիր: Ինչո՞ւ արյունոտեցիր,– ասել է,– տեսա՞ր, արյան սարսափից կապիկները խճապակիները ջարդեցին, լցվեցին դուրս, ինչո՞ւ սարսափեցրիր իմ հնդկական կապիկներին, գոնե մի անգամ նրանց կերակրելու համար խաղող բերե՞լ ես քո երկրից, որ քեզ իրավունք տաս՝ նրանց ահաբեկելու»: Գնացել, եկել է, թե. «Դու ինչո՞ւ խառնվեցիր, չտեսա՞ր՝ ես խոսում էի, բոլորը լռում էին, թող մեկնումեկը ասի՝ որևէ մեկից ես զենք վերցրե՞լ եմ, ամենի զենքն էլ գոտիներին է, ձեր երկրի բդեշխները, քառասուն հոգի թիկնապահ գունդը՝ զենքը վրան լռում էր, դու ինչո՞ւ խառնվեցիր»: Նորից է գնացել, եկել է, թե. «Ամենալավ պատիժը՝ արքունի գորգերը կեղտոտելու, սրբազան կապիկներին խրտնեցնելու, Մեծ դռան հարգը չիմանալու համար մորթազերծ անելն է,– ասել է,– աշխարհին լսել կտանք, թե քաջը ինչպես է աղաղակում»: Վասակին տարել են, Արշակ թագավորը նրա հետևից ասել է. «Գոտիդ կողքիցդ կախ է, գոտին ո՞վ է ձգելու, զորավա՛ր»: «Լսում եմ, արքա՛»,– ասել է Վասակ զորավարն ու, հանապազօրյա հրաման կատարելու պես, կանգնել, ձգել է գոտին: Թագավորն ասել է՝ գնա՛, ու Արշակին խոնարհվելուց հետո գնացել է զորավարի քայլվածքով: Շապուհն ասել է. «Սպանեք էլ, ես այդ խաղին չեմ հավատա: Ճիշտ է, հերոսություն կա, բայց ես էս պահին հավատացողը չեմ»: Ներկա եղողներին ասել է. «Դուք ոնց կուզեք, բայց ես չեմ կարող հավատալ»:
Այնուհետև, թագավորին որպես ուղեկցողներ Պարսից Շապուհ արքայի մոտ գնացած իշխաններն ու թիկնազոր գունդը, Արշակ արքային Պարսից աշխարհում թողած, իրենք վերադարձան Հայաստան: Ժողովուրդն ու նրանց առաջնորդ Չունակ եպիսկոպոսը մայրաքաղաքի Ծաղկոց դարպասի մոտ նրանց գոռացին. «Ո՞ւր է թագավորը»: Գավառներից եկած ազատանին ձիերով մխրճվեց նրանց խմբի մեջ, ձիերի ոտնատակ ընկածներին հարցրին. «Ո՞ւր է թագավորը»: Թիկնապահ գնդի զինվորների մայրերը դիմավորողների մեջ էին, փեշերը բարձրացրին մինչև պորտերը՝ եկվորների դեմ, իրենց որդիներին գոռացին. «Եկեք, այստեղ մտեք: Այստեղից դուրս եք եկել, այստեղ էլ մտեք»: Թիկնազորը վահաններով դեմքերը ծածկեց, դեսպանները չէին պատասխանում, լռելյայն մտան մայրաքաղաք, հավաքվածներն ու գյուղերից եկած շինականները ցանկապատերից փայտեր պոկեցին ու նրանց թիկունքը շղթայաձև սեղմած՝ մահակներով առաջ քշեցին: Գյուղերից ու ավաններից էլ նոր շինականներ ու արհեստավորներ եկան, տաճարներից քրմեր ու իրենց հավատացյալները եկան ու գոռացին. «Ո՞ւր է թագավորը»: Եվ բոլորը՝ մեծամեծ իշխաններն ու դեսպան գնացածները, հավաքվեցին երկար ու որոշումների գործում ձգձգվող՝ խորհրդի, թե ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվենք, մեր թագավորի համար վրեժխնդիր լինենք, թե՝ ոչ: Եվ վերջում խորհուրդը որոշում ընդունեց, որ մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և հունաց թագավորին թշնամի անել, նաև չենք կարող երկուսին թշնամի դարձնել, ոչ էլ կարող ենք ապրել առանց որևէ մեկի օգնության: Ինչ որ եղավ, եղավ. ավելի լավ է, որ մենք երկուսին էլ ծառայենք ու հնազանդություն ցույց տանք՝ ինչպես որ այդ երկու թագավորների կամքն է: Արդեն ժամը ուշ էր, և հետախույզները լուրեր էին բերում առաջացող պարսից զորաբանակի վերաբերյալ: Գուժակն էլ փրփրակալած ձիով եկել ու գույժը՝ ընկած Կարին, Զարիշատ, Արտաշատ քաղաքների մասին արդեն մի քանի անգամ գոռացել էր որոշման սպասող ժողովրդի մեջ: Տագնապած ժողովուրդն էլ հեռացել էր հրապարակից, և նրանք՝ խորհրդի հավաքված երկրի մեծամեծերն ու դեսպանները, այլևս չմտածեցին Արշակ թագավորի համար վրեժխնդիր լինել, որևէ բան անել, այլ լռելյայն, առանց ավելորդ աղմուկի, գնացին իրենց դաստակերտները:
Այնուհետև Շապուհ թագավորի գորավարներ Զիկն ու Կարենը քաղաք քաղաքի հետևից են գրավել: Կործանվող քաղաքների լուրը լսած՝ Փառանձեմ թագուհին դուրս է եկել Արտագերս ամրոցից. Արշարունյաց գավառից, շրջակա գյուղերից ու վանքերից փախած՝ Արշակ թագավորի գերության հետ չհաշտված՝ հրապարակներում մեծահարուստներին անարգած՝ կռվել ցանկացողներին հավաքել է, ներս է առել, փակել ամրոցի դռները ու տասնմեկ հազարանոց ընտիր, սպառազինված գնդերով՝ սպասել է պարսից զորավարների հարձակումներին: Նրանք եկել, հասել են Արտագերս ու գրոհել են, իսկ նրանք՝ հետ մղել: Պաշարումը երկար է տևել:
Հռոմից եկած, գաղտնի դռնով մտած՝ սուրհանդակներն ասել են. «Արիացիր, թագուհի՛, Պապ որդիդ գալիս է, մի քիչ համբերող եղիր, մինչև կայսերական բանակը օգնության կբերի»: Պաշարվածներն ավելի էին ոգևորվել, սահմանափակ սննդի համար տրտնջացողներ չէին եղել: Նույնիսկ աշտարակների վրա կռվող զինվորները, իրենց զգոնությունը չթուլացնելու համար, հող էին բարձրացրել աշտարակների վրա ու լցրել տաշտերի մեջ՝ կանաչի էին աճեցնում: Փոքրիկ վառարաններ էին սարքել ու իրենց հացն էլ այնտեղ էին թխում: Կամրջաձորի վանքից փախած վանականները, ժողովրդի մեջ հայրենասիրությունը բորբոքելու համար, զենք վերցրին, ասին. «Զարմանալու բան չկա, խաչի՝ ներքև մեկնած դիրքը հենց սուր է նշանակում»: Ու սաղմոսներ երգելով՝ գնացին ամրոցի հյուսիսային դարպասի աշտարակը պաշտպանելու: Երբ զորավար Զիկը ձին նստած մոտեցել է դաստակերտի պարսպին ու աշտարակին, շուրջանակի զինվորների մեջ կանգնած թագուհուն գռռացել է. «Ահա, Արեգակի և Լուսնի ընկեր Շապուհի նամակը: Եթե հանձնվեք, բոլորիդ կյանքը կխնայենք»: Փառանձեմ թագուհին ասել է. «Չէ՛»։ Նրա զինվորները աղաղակել են՝ չէ: Զորավար Զիկը Շապուհի առաքած նամակը բարձր, բարձրաձայն գոռալով կարդացել է, որ աշտարակի ու պարիսպների վրա բոլորին լսելի լինի.
«Մազդեզաց քաջ Շապուհ արքայից արքա, արտագերսցիներին, որ այլևս չեք հիշվելու արյաց ու անարյաց մեջ: Ես կամենում էի ձեզանից սկսելով, ձեր երկրի բոլոր առաջիկա քաղաքները մուտք գործել խաղաղությամբ և քաջին վայել ազնվականությամբ: Եվ եթե դուք, արտագերսցիներդ, որ առաջինն եք ոչ քաջությամբ, այլ իմ ուղևորության ճանապարհի վրա, ինձ հակառակ եք կանգնել, մյուսներն էլ ձեզանից օրինակ կառնեն նույնպես վարվելու: Բայց իմ բարկությունովս ձեզ այնպես կվնասեմ, որ նորից օրինակ դառնաք խելացնոր ստահակներին»:
Երկար լռություն է եղել, հետո Փառանձեմ թագուհին ասել է. «Բա որ շրջակա այգիները ամայացրիք՝ ճռաքաղ անելով ու ոտնատակ տալով, դրա վարձը ո՞վ է տալու: Այս երկրի Պապ թագավորը ձեզանից ու Շապուհից բերքի արժեքն է պահանջելու»: Պարսպին, նրա շուրջը շղթա տված զինվորները ծիծաղել են հռհռալով, սրերով համաչափ վահաններն են ծեծել ու գոռացել են. «Կեցցե՜ Պապ թագավորը»:
Բանակցությունները արդյունք չեն տվել, պայմանների ձևով խոսակցություն չի ստացվել: Զիկ զորավարը ձին շրջել, հարձակման փողեր է փչել տվել: Նորից զոհերով անարդյունք հարձակում է եղել: Զիկ ու Կարեն զորավարները զայրացած՝ շրջակա գյուղերն ու ավաններն են գերեվարել: Նորից ու նորից, շաբաթ շաբաթի վրա Հռոմից առաքված լրաբերներն ասել են. «Մի քիչ էլ համբերիր, օգնությունը ուր որ է կհասնի, Պապ որդիդ ու Մուշեղ սպարապետը, դռնեդուռ ընկած, թագավորեթագավոր ոսկի են խնդրում, վարձկան զորքին աշխատավարձ կվճարեն ու կբերեն Հայաստան: Հաստատակամ եղիր, թագուհի՛, կգա թագաժառանգ որդիդ»:
Պաշարման տասներեքերորդ ամսին գաղտնի մուտքով նրա մոտ էր հասել արքունի հանդերձապետ Դղակը, ասել էր. «Թագուհի, բերդը հանձնիր, թող գնան: Այսպես չի լինի, մենք բոլորս էլ նույն կարծիքին ենք, որ այսպես չի լինի: Դու ինչքան դիմադրում ես, նրանք էլ շրջակա քաղաքներն ու գյուղերն են ավերում, այնտեղից ժողովրդի ունեցվածքն ու ձմռան պաշարներն հավաքում, բերում֊լցնում են իրենց ղակիշը: Երկիրը վերջնական կործանման հասցրիք, մենք բոլորս այդպես ենք մտածում: Բերդը որ հանձնես, ինչ առնելու է,
կառնեն ու կթողնեն կհեռանան»: «Բա՞ Պապը, Պապը հիմա թագավոր է: Ասել է՝ չտամ, ասել է՝ ուր որ է՝ գալիս է: Հանդերձապետ Դղակ, մենք թագավոր ունենք»: Հետո հարցրել է. «Դուք ովքեր եք, որ հավաքվել եք ու այդպիսի որոշում եք կայացրել»: Դղակը, թե. «Մենք էլ տեղեկություն ունենք, ճիշտ է՝ կայսրը նրան օգնում է, Տերենտիոս դուքսին հանձնարարել է Պապին բերի Հայաստան ու մեր աշխարհի գլուխ դնի, բայց առանց թագավորական տիտղոսի,
որպեսզի պարսից Շապուհը նրան չմեղադրի երեսուն տարով կնքված դաշինքը խախտելու մեջ: Թագուհի, այս ամենը դարձյալ երկու մեծ տերությունների խաղեր են, հռոմեացիների օգնությունը մեզ չնչին կլինի, պարսից դեսպաններն ու հետախույզները հետևում են, որ երեսուն տարով կնքված պայմանագիրը չխախտվի՝ մեր երկրին ոչինչ չտրվի: Եթե նա հանկարծ այնտեղ ոսկի էլ ճարի՝ վարձկան բանակին վճարելու համար, բայց ո՞ր վարձկանը անտիտղոս թագավորին կհավատա ու նրա հետևից երկրեերկիր կգնա: Ենթադրենք, թե այդպես էլ եղավ, ու մի քանի մոլորյալներ հավաքագրեց, մինչև գա, ժամանակ կանցնի, այլևս մեր երկրից բան չի մնա: Մենք էլ մեր թագավորությանը, մեր երկրի տերը լինելուն ենք կողմնակից, ցանկանում ենք վարձկան բանակ գա, բայց այդպես օրեցօր աշխարհը քանդելով ու ամայության մատնելով՝ ինչպե՞ս կլինի»:
Փառանձեմն ասել է, «Բա թագավորի հրամանը, թագավորն ասել է՝
սպասենք»: Հարցրել է, թե. «Դղակ, քեզ ո՞վ, Ներսե՞սն է ուղարկել»: Ասել է. «Ինչ կարևոր է՝ Ներսեսը, թե՞ ով: Ոչ, նա չէ: Նա կրակին դեմ է, բայց Ներսեսին ե՞րբ լսեցիք, Ներսեսը երբևէ եղե՞լ է արքունի տան համար հարգանքի արժանի, որ հիմա նրա խոսքը նշանակություն ունենա: Մենք հավաքվել ենք, որոշել ենք, փառք Աստծու, դեռևս երկրից չփախած նախարարները ասում են՝ բերդը հանձնիր, թագուհի, գուցե աշխարհը փրկվի»: Ասել է. «Չէ,– ասել է,– ձեր խորհրդին, դեռևս երկրից չհեռացած նախարարներին, թող իմ հրամանը հասանելի լինի՝ բերդը պահել է պետք, ես ասում եմ՝ չէ: Նրանք թող իմ հրամանին ականջալուր լինեն ու պատրաստվեն թագաժառանգին դիմավորելու»: Դղակը, թե. «Մինչև վերջ էլ եկեղեցին ձեր ամուսնությունը չճանաչեց: Տիկնաց տիկնոջ պատիվ շնորհվեր, չէի ասի՝ բոզ: Դեռ լավ պիտի մտածենք՝ քո խոսքը արքունի ուժ ունի՞: Ի՞նչ է,
թագավորի հետ ապրած ամեն մի հարճ երկրի տե՞ր պիտի լինի, մենք էլ բոզերին ենթակա՞»: Ասել է. «Եվ քո Պապ անունով թագավորացու տղան էլ, արուների հետ՝ կանանց հետ պառկելու պես պիտի պառկի ու մեզ նման քրիստոնյա ժողովրդի առաջնորդը պիտի լինի՝ չունենալով անգամ թագավորի տիտղոս: Դուք այդ եք, թագուհի, դուք այդ չե՞ք»: Էլ ուշաթափված թագուհուն չի նայել, տապալված թողել, գնացել է:
Հաջորդ օրը Արտագերս ամրոցում լուրեր տարածվեցին՝ փողոցներում, պարիսպների ու հրակնանետերի աշտարակների վրա խոսում էին, թե. «Պապ թագաժառանգի գալը՝ ի՞նչ, երբ բյուզանդացիները թագավոր անգամ չեն ճանաչել նրան: Հարցը այստեղ միայն բյուզանդացիների պարսից հետ ունեցած դաշինքի խախտման վախը չէ, բարոյական հարց էլ կա: Բյուզանդացոց կայսրը բարեպաշտ մարդ է, նա երբեք իր անունը չի արատավորի՝ թագավորական տիտղոս շնորհելով մի մարդու, որ պիղծ արվագիտությունից բացի ինքն էլ իգանում է ուրիշներին»: Ասել են, լսողներից մեկն ասել է.
«Դե, գնացեք սպասեք Պապի գալստյան, տեսնենք դրանից ինչ դուրս կգա»: Ժողովրդի մեջ մի պառավ հայտնվեց, ասաց. «Ես եմ եղել Պապ թագաժառանգի տատմերը,– ասաց,– ես ներկա եմ եղել, թե ինչպես Պապին ծնելուց հետո Փառանձեմ թագուհին նրան դևերին նվիրեց և բազմաթիվ դևեր մանուկի մեջ մտան բնակվելու: Եվ նրա մեղքերն ու պղծությունները դևերից են: Ես իմ աչքով եմ տեսել դևերին: Մի անգամ նրանք, սպիտակ օձերի կերպարանք առած, բազմոցի ոտքերով վեր էին սողում ու փաթաթվում էին պատանի Պապին»:
Լսողներն ասացին. «Այդպիսի բան կլինի՞»: Ամբոխի միջից մի քանիսը վրդովվեցին, ասացին. «Մենք էլ սրանց համար այստեղ կոտորվում ենք, դե արի ու սրանց՝ այս անբարոյականների համար զոհվիր»: Բերդի արևելյան պարսպի աշտարակները գիշերային հերթապահության գնացող երկու զինվոր ասացին. «Դե, թող ապացուցի, եթե ոչ այդ կավատին քարկոծ կանենք»: Պառավը, թե. «Օլիմպիան ի՞նչ էր, եթե դևերը Պապ թագաժառանգին չէին վարում ըստ իրենց կամքի, Օլիմպիան ինչպես հայտնվեց նրա անկողնում: Մտածեք, որդին ինչպե՞ս կկենակցեր հոր օրինական կնոջ հետ: Այդպիսի սրբապղծության նրան կարող էին մղել միայն սպիտակ օձերը: Այո, զավակներս, մեր աշխարհը ողբալու ցավ ունի»:
Մի խումբ մարդիկ գնացին պառավի մատնանշած հասցեով եկեղեցու բակը ու շատ չանցած վերադարձան՝ ցնցոտիավոր ծեր Սահակին առաջները գցած վազեցնելով, քաշեքաշ տալով եկան, վիզը անցրած թոկի մյուս ծայրը գցեցին ծառին: Իսկ ժողովուրդը տարբեր կողմերից վազելով՝ գալիս, հավաքվում էր հրապարակում: Սահակին ասացին. «Խոսիր, ճշմարտությունն ասա, եթե ստես, այս ծառի վրա քեզ հեղձամահ կանենք»: Սահակը թևքով, հետո ճղված կապայի փեշով մաքրեց պատառոտված շուրթերի արյունը, ասաց. «Ես արքունի պարտիզպանն եմ, թագաժառանգը բոլորիս՝ ինչքան տանու ծառաներ կային, հավաքեց ու տարավ պատերազմելու: Այդ օրը նրան ասացի՝ ես պատերազմների չեմ մասնակցել, բայց լավ գիտեմ Արշակունի թագավորների պատմությունները, նրանցից ոչ մեկը միայնակ, գոնե առանց թիկնապահի չի մտել թշնամու բանակը, դու միայնա՞կ կգնաս կռվելու»: Ասաց. «Հա, միայնակ կգնամ…»: Սահակի գլխին հարվածեցին սրի լայն մասով, ասացին. «Ապուշ, այդ չէ, էն մյուսը պատմիր, որ արքունի պարտեզում ես տեսել»: Ասաց. «Հա, այն մյուսը պատմեմ, ինչու չէ, էն մյուսն էլ է կարելի: Ես արքունի պարտիզպանն եմ, այդ օրը նա կարճ ժամանակով վերադարձավ Բյուզանդիայից: Վարդավառի տոնն էր սկսվել, երբ նա եկավ այնտեղի պատանդությունից: Լայն, թավամազ կուրծքը բաց էր, ձին տակը խաղում, խելագարվում էր, մաղադանոսի բուրմունքն էլ տարածվել՝ արբեցնում էր: Նա էլ, աստվածուհու նման սպիտակ զգեստներ հագած, նստած էր ջրավազանի քարերին ու գիրկը առած ճերմակ գառնուկին մաղադանոսով էր կերակրում: Ահա թե ինչու էր մաղադանոսի բուրմունքն արբեցնում ամենքին: Նրա ձին
ծառս ու ծառս էր անում, նա պտտվում էր ջրավազանի շուրջը ու արևի մեջ գլուխ էր պտտվում, հետո ես ձիու սանձը պահեցի, ինձանից բացի ո՞վ կարող էր նրա ձիու սանձը պահել, որովհետև հրեղեն նժույգ էր: Օլիմպիան վեր կացավ ջրավազանի քարից, եկավ նրա մոտ ու քիթ ու բերանով հպվեց նրա ծնկին: Մաղադանոսի բուրմունքը տարածվել արբեցնում էր, շունչ քաշել հնարավոր չէր, այդ պատճառով էլ թագաժառանգն ասաց. «Ահա դու գեղեցիկ ես, ով իմ սիրուհիս, դու գեղեցիկ ես, քո աչքերը աղավնիների աչքերի նման են : Ասա ինձ, ով հոգուս սիրածը, քո հոտը որտեղ ես արածեցնում : Քո պորտդ ըմպելիքով լեցուն բոլորակ գավի է նման: Քո փորը շուշանով պատած ցորենի շեղջի պես է: Քո երկու ստինքները նման են երկու ուլերի» : Հետո նրա ճերմակ շորերը բացվեցին մաղադանոսի՝ ջրի կաթիլները վրան թփերի մեջ, կանաչակարմրագույն տերևները, ջրի կաթիլները ու ճերմակ թափանցիկը ինչպե՞ս կնայվեն իրար հետ, դրան էլ ավելացրած թագաժառանգի կարմրածուփ պատմուճանը, որ փռված էր տակները, ահա թե ինչու էր մաղադանոսի բուրմունքը տարածվել, ու ձին խելագարվեց, ծառս եղավ, ձեռքիցս պոկեց սանձերը ու թռավ, հետո արքունի ձիապանները օրերով նրա հետևը ընկած՝ հազիվ կանգնեցրին Վիրքի սահմանների վրա ու բերեցին»։ Աղմուկ չկար, ուժեղ լռություն էր, հավաքվածները չէին խոսում, ծեր Սահակը շլինքը գցած թոկը հանեց, ցնցոտիները դզմզեց, ասաց. «Դե, ես գնամ, հավի ձու ածելու ժամանակն է, գնամ տեսնեմ ածե՞լ է»:
Ոչ ոք չէր խոսում, թողեցին գնացին, ոչ մի մարդ չմնաց:
Իսկ լայն պատմուճաններ հագած պարսից բանակի զինվորները էլ չէին դիմանում ձմեռնամուտի ցրտին: Պաղ, ձյունախառն անձրևը, ագռավների միապաղաղ կանչերին խառնված, գալիս էր ու գալիս: Նրանց աղեղներն էլ օդի խոնավության պատճառով պրկությունը կորցրել էին, ու արձակած նետերը կես ճանապարհին ընկնում, նպատակին չէին հասնում: Կարեն և Զիկ զորավարները հրաման էին տվել բանակի բեռնակիրներին՝ վրանները հավաքել ու առավոտյան պաշարումը հանել: Սակայն բերդի շրջակայքում պտտվող նրանց հետախույզները լուր էին բերել, թե. «Հարավային դարպասի աջ կողմի աշտարակը հսկող աշխարհազորայինները հարբած են»: Զորավարները տարակուսել են, իրենք էլ են գնացել այնտեղ ու իրենց ականջով լսել թլվատ լեզվով ռազմական հիմներ երգող աշխարհազորայիններին: Հաջորդ օրը պաշարումը չեն հանել, էլի են սպասել: Գիշերը նորից են գնացել հարավային աշտարակ, տեսել են, որ նորից նույն ուրախությունն է: Պարսից բանակի մոգերը նրանց առաջ գլուխ են խոնարհել, ասել են. «Լուսինը ամսի մեկին ու ամսի քսանութին միևնույն տեսքն ունի, դա չարաղետ նշան է այս երկրի համար,– ասել են,– այսօր ամսի քսանութն է, համբերող եղեք մինչև լուսաբաց»: Զորավարները նորից իրար հետ խորհրդակցել են, ասել են. «Այս գինարբուքները մեզ ուղարկած նշան է, ինչ-որ մեկը թուլացնում է նրանց զգոնությունը»: Երրորդ գիշերը աշխարհազորայինները աշտարակի վրա դարձյալ խմում ու երգում էին: Պարսից բանակի հետախույզները սպասեցին, երբ նրանք հարբած գլուխները կախեցին պորտերին: Պարիսպներով մագլցեցին աշտարակի վրա ու բոլորին սպանեցին: Լուսադեմին Արտագերս բերդի դարպասներն արդեն բաց էին:
Այս դեպքից հետո, տարիներ անց, Պապ թագավորը հրամայել էր՝ ձմռան կեսին Դղակ հանդերձապետին մտցրել էին գետը ու, ոտքերն ու ձեռքերը կապոտած, ամբողջ գիշերը մերկ նստած թողել սառույցին: Առավոտյան եկել, տեսել էին՝ ուղեղը քթանցքներից ու ականջներից դուրս էր թափվել:
Պարսից բանակը անարգել՝ գիշերով մտել էր ու բերդի պահապաններին կոտորել էր: Ինն օր ու գիշեր կրել՝ սայլերն ու ուղտերի քարավաններն էր բարձել բերդի հարստությունները, գերեվարել էր ամրոցի արձանները, արևի ժամացույցը ու, Փառանձեմ թագուհուն առած, գնացել էր Պարսից աշխարհ:

Նրանց երկրի մունետիկները թաղից թաղ, գավառից գավառ շեփոր են հնչեցրել ու թմբուկ խփել, Պարսից Մեծ դռան հրովարտակն են կարդացել, ժողովրդին հրավիրել են արքայական պալատի ու հասարակական շենքերի ազատ հրապարակը: Իսկ իրենց երկրում գտնվող այլ երկրի դեսպաններին Շապուհ թագավորի արյաց հազարապետն անձամբ ինքն է ներկայացել, հատուկ հրավեր է կարդացել: Իրենց աշխարհում բնակվող հայերին էլ են հրավիրել: Մտել շուկաներն ու քարավանատները, օտար վաճառականներին էլ են իմաց տվել: Ասել են. «Առավոտյան հրապարակում եղեք»: Կատարվող իրադարձությունով արիություն ներարկելու համար պարսից զորքին էլ էին բերել: Անկոտրումներին կոտրելու համար իր տիրած երկրների բոլոր գերյալներին էլ էին բերել: Արքայից արքայի քաջությունը փառաբանելու համար ներկայացել էին նաև երկրի մեծամեծերն ու ստորին պաշտոնյաները: Հավաքված բազմամարդ աշխարհաժողովը իրար ոտք է տրորել՝ լավ տեսնելու համար, պատանիներն ու ծերունիները կտուրներն են բարձրացել:
Հայաստանի տիկնոջը՝ մերկ Փառանձեմին, կայազորի մեջ առած՝ հրապարակը անցկացրել, բերել, գցել են պտտվող անիվ մեքենայի վրա՝ պիղծ խառնակության համար: Օթյակում իր բազմոցին թիկնած՝ արքայից արքա Շապուհն ասել է. «Թող էգին սկզբից այլանդակները մոտենան, նրանք Աստծու կողմից են մերժված, բայց ոչ թագավորի»:
Այդ ժամանակ էր, որ Ֆարուխը, այլանդակի կերպարանք ստացած, դեմի չորս ատամն էլ պոկած, մոտեցել է կայազորի պետին, տաբատի փողքը բարձրացրել, ցույց է տվել գարշապարի կտրած մկանները, թլվատ ասել. «Ոտքս էլ կաղ է, ձեր աչքով տեսաք, Հայաստան աշխարհի տիկինն իմն է, հերթի առաջնայնությունն ինձ պիտի տաք»: Կայազորի պետն ասել է. «Քոնն է, մուրացկա՛ն, այսօր թագավորի բախտի ես արժանանում»: Ծիծաղող֊հռհռացողները, անիվ֊մեքենան պաշտպանող վաշտը մինչև գլխի են ընկել, Ֆարուխը հասցրել է ծոցից հանած դաշույնի շեշտակի մի հարվածով կտրել թագուհու քներակը, շիթով դեմքին խփած արյունը չի մաքրել, իրեն ծեծող, ջարդողների հարվածներին ուշադրություն չի դարձրել, աղաղակել է. «Շապո՛ւհ, թող մոգերը ասեն, ձեր մեջի մոգերը թող ասեն, Զրադաշտը մեռել պղծելը արգելում է»: Ու նրան դատապարտել են կախաղանի: Այդ դեպքից հետո էր, որ Դրաստամատը Մեծ դռան արքունական գանձարանին մուծել էր ահռելի չափերի հասնող փրկագին ու ազատել նրան:

Դեղին ուղտերի քարավանը կտրուկ ուղղությունը փոխեց ու շարժվեց դեպի հայկական վանքը: Պահնորդները հեռվից, սրերի ու նիզակների թափահարումներով, վախեցնում էին կրնկակոխ հետապնդող առյուծին: Այդ ընթացքում ավազների երկրի վարձու ուղտատերերը, նիզակներով առյուծի անցնելիք ճանապարհի վրա, նրան վախեցնելու համար, մեծ եռանկյունիներ գծեցին ու նրանց մեջ անիմանալի նշաններով գրություններ գրեցին: Հետո վերջապահ ուղտին բարձած՝ իրենց անձնական իրերի միջից օձի կաշվից պատրաստած թմբուկներ հանեցին ու սկսեցին խփել: Մի քանիսը, դեմքերին սպիտակ ներկ քսած՝ կանգնեցին անիմանալի նշաններով եռանկյունիների մեջ: Ձեռքերը տարածած՝ դեմքերը շրջած դեպի երկինք՝ սկսեցին երգել՝ թմբուկների զարկին համահունչ։ Թմբուկները, քանի գնում, ուժգին ու արագ էին խփում: Զարկը պարզ ու վայրենի էր, հնչյունների ժամանակային հաջորդականությունը՝ միշտ համանման ու նույնական էր, առաջինն ու առաջինը, առաջին հարվածն ու առաջին հարվածը, բայց ոչ միատարր։ Անապատը լցվել էր թմբուկների ձայնով, նրանք առյուծին հմայելու, նրա ոգին քնեցնելու արարողություն էին կատարում: Արդեն արևը մայր էր մտնում, երբ նրանք հեռվից լսեցին կոչնակների ձայնը: Առյուծը ահագին հետ էր մնացել: Պահնորդներն ու ուղտատերերը ավելի ոգևորված էին քշում չորքոտանիներին: Արդեն անապատից դուրս էին եկել, մոտենում էին վանքին, հանկարծ առյուծը շուրջանակի պտտվեց, պոչը հարվածեց ավազներին ու թռիչքներով գնաց նրանց հետևից: Առյուծը չէր հեռանում, ինքն էլ անապատից դուրս եկավ ու հեռվից հետամուտ՝ նայում էր վանքի պարիսպների տակ հանգրվանող քարավանին: Մինչև քարավանի մոտենալը, վանականները խմբվել էին վանքի դարպասի առաջ ու նայում էին եկվորներին: Առյուծը դարձյալ մռնչաց, ուղտերի մաշկի տակ մկանները պրկվեցին, նրանց բոժոժները զնգզնգացին, ջորիները փնչացրին: Վանքի վերակացուն ասաց. «Անցյալ տարի դրանցից մեկն էլի դուրս էր եկել անապատից ու վանքի վանականներից երկուսին սպանել»: Հետո վանականներն էլ միացան նրանց՝ բահերով, եղաններով, մանգաղներով, պահնորդ զինվորները՝ սրերով ու նիզակներով զինված, շուրջկալ սարքեցին, շրջափակեցին առյուծին ամեն կողմից ու սպանեցին: Ջորու հետևից կապած քարշ տալով՝ բերեցին վանքի բակը:
Ֆարուխը գնաց վանահորից գիշերելու թույլտվություն խնդրելու, եկավ, զարմացած էր ու կարկամած, ասաց. «Տե՛ր, ես բան չեմ հասկանում, վանականների միջև մեծ վեճ է ծագել: Մեկին կապել են ծառից, ուզում են հեռացնել վանքից կամ էլ քարկոծել: Հանդերձները ծվեն֊ծվեն են արել, ցանկանում են փորին նայել»: Դրաստամատը մոտեցավ ծառից կապվածի շուրջը խմբված վանականներին, վեճի պատճառը հարցրեց: Ծառին կապված երիտասարդ վանականն ասաց. «Տե՛ր, թույլ տուր պատմեմ, ինձ ներս չեն թողնում, չեն ընդունում: Այսօր առավոտյան հենց այս նույն տեղում երիտասարդ եղբայրների հետ հավաքված զրուցում էինք, որ աշխարհի վրա այլևս հրաշքներ չեն պատահում: Մեր մեջ համաձայնող ու չհամաձայնող՝ վիճողներ էլ կային: Այդ պահին մի գույնզգույն ծիտ սկսեց երգել ծառի վրա: Նա երգում էր ու ծառից ծառ թռչկոտում, ես գնացի նրա հետևից, օրն արդեն մթնում էր՝ վերադարձա: Դարպասը ծեծեցի, դուռը բացեցին, հարցնում են՝ ո՞վ ես: Մտածեցի՝ կատակում են, առավոտվա կատակի նյութն է դեռ շարունակվում: Տեսա լուրջ ու կասկածելի է հարցը, արդեն մութն իջել էր, ու նրանք ինձ պարզորոշ չէին կարող տեսնել, ասացի՝ այս սրբարանին ծառայող Մառանն եմ…»: Վանականների թիկունքից մեկը գոռաց. «Ստում է»:
Վանքի մատենավարն էր: Նստեց գետնին, ծնկների վրա բացեց մատյանը. «Ահա գիրը, ճիշտ է, այդպիսի անունով քուրմ եղել է,
գնացել երգող ծտի հետևից, բայց հինգ հարյուր տարի առաջ»: Դրաստամատը, նրա հետ եղողները կարկամել, մնացել էին: Մատենավարն այդպես գետնին նստած էր ու չէր խոսում: Սրբարանին ծառայող Մառանին ծեծել էին, ու շուրթերի վրայի արյունը կապկպված ձեռքերով էր մաքրում: Մատենավարը նստած տեղից բարձրացել է, մի թևի տակ մատյանը սեղմած, ազատ ձեռքով շուրջառի ու նստատեղի փոշին է թափ տվել, ասել է. «Դե թող փորը ցույց տա, տեսնենք նա պորտ ունի՞, ապացույցով հաստատի հողագնդի վրա իր աշխարհիկ ծնունդ լինելը»: Ծիծաղել է: «Կարծում եք նա ունի՞ այդ վկայականը»: Բոլորն աղաղակում էին, հոգևորականները գոռում էին. «Թող ցույց տա…»:
Դրաստամատն ասաց. «Սրբարանին ծառայող Մառան, վաղն առավոտյան, լուսաբացի հետ, մեր քարավանը գնալու է հայոց Արշակունի թագավորին երկրպագելու, քեզ կտանենք, եթե գաս մեզ հետ: Կպատմես ծտի մասին՝ կզարմանա, կթեթևանա հոգին»:
Հրապարակում վանքի դպրանոցի կաշեգործ կազմարարները ճարպիկ հմտությամբ մաշկում էին առյուծը, որ երկրպագության գնացողները նրա մորթին թագավորին ընծա տանեն: Իսկ ժանիքներն ու ատամները փակցրել էին վանքի դարպասին՝ մյուս առյուծներին վախեցնելու համար:
Առավոտյան տիկերով ջրի ու գինու պաշար վերցրին, գիշերը կանայք պետքերը հոգացել ու լողացել էին, ուղտատերերը գինի էին խմել ու թարմացել էին, ցրվել էր նրանց տագնապը: Ծարավը հագեցրած՝ ցցված ու կլորացած սապատներով ուղտերին ոտքի հանեցին ու ճանապարհ ընկան: Վանահայրը Դրաստամատին ասաց. «Ուղղություն վերցրեք դեպի արևելք, թեթև զինված մարդը այստեղից երկու օրում կհասնի: Դուք թող ամենաշատը երեք օրում հասնեք: Երեք օր հետո մենք այստեղ ժամերգություններ կանցկացնենք, այսօրվանից ծոմ կպահենք»: Դեղին ուղտերի քարավանը մտավ անապատ ու երեք օրվա ճանապարհ կտրեց, հասավ Անհուշ բերդ։
Բերդի կառավարիչը վերևից՝ հրակնանետերի աշտարակից, նայեց եկվորների բազմամարդ խմբին, բերդի պահապան պահնորդներին զգոնության հրաման տվեց, ինքն էլ զենք ու զրահ կապեց, ձեռքի ափով ճակատին հովար արած՝ անապատի չորս կողմը նայեց, գոռաց. «Ովքե՞ր եք»: Ֆարուխն առաջ եկավ, ասաց. «Բերդի կառավարիչ, մենք ենք, Շապուհ թագավորից հրաման ունենք՝ վարազագիր կնիքով: Իշխանաց իշխան, իմ տեր Դրաստամատը Աստղերի ու Լուսնի ընկեր Շապուհի դիմանկարով շքանշան ունի ստացած՝ որպես պատերազմների հերոս»:
Դրաստամատը պարսից Շապուհ արքայի հետ քուշանների դեմ պատերազմ էր գնացել: Շատ ոսկի ու արծաթ էր ծախսել, մինչև որ ընդունվել էր նրա թիկնապահ գնդի մեջ: Նրանք շատ երկրներով էին անցել՝ կռվել, հաղթել ու գերեվարել էին: Դրաստամատը աչքը հեռվից հեռու Շապուհ թագավորի վրա էր պահել, ու մի ճակատամարտի ժամանակ, իր մարմինը սրի հարվածի տակ դնելով, փրկել Շապուհ արքայի կյանքը: Մահվան վտանգից փրկված, ապրելու երջանկությունն աչքերի մեջ՝ արքայից արքան նրան ասել էր. «Ցանկացիր ինձանից ինչ-որ կամենաս՝ կալվածքներ, հարստություն, Մեծ դռան տան ճաշկերույթի մշտական հյուրը լինել, ուզածդ կստանաս»: Դրաստամատն ասել էր. «Ոչինչ չեմ ուզում, արքայի՛ց արքա, Աստղերի և Լուսնի ընկեր Շապուհ, ինձ թույլ տուր քառասուն ուղտերից քարավան կազմեմ՝ կանանց, հարճերի, դրանիկ ծառաների ու գուսանների դասը վերցնեմ, գնամ Անհուշ բերդ՝ մի օրով երկրպագելու հայոց Արշակ թագավորին: Վարազագիր կնիքով հաստատված հրաման տուր, բերդի կառավարիչը բացի դարպասները, ու մեկ օրով մենք նրա բերդում ազատ լինենք հսկողությունից»: Շապուհը իր դիմանկարով շքանշանն է ամրացրել Դրաստամատի կրծքին, ասել է. «Հրաժարվում ես հարստություններից ու գանձերից. հեքիաթների նման է հնչում: Գիտես, այդպիսի հեքիաթներ կան: Ինչ արած՝ գնա, տես քո թագավորին, բայց հավատացած եմ, Դրաստամա՛տ, կյանքում մի տարիք կա, կգա այդ տարիքն ու կփոշմանես քո արածից: Գնա, թող բացվեն բերդի դռները քո առաջ»:
Բերդի կառավարիչը դեռ աշտարակի վրա էր, այնտեղից հարցրեց, Ֆարուխին գոռաց. «Դու տասը տարի առաջ այստեղ եկած աստղահմա մոգը, վեց տարի առաջվա թափառական բաղնեպանը, հինգ տարի առաջվա ոսկի ձուլողը չե՞ս»: Ֆարուխն ասաց. «Հա, ես եմ, եկել ենք և արքայից արքա Շապուհից թույլտվություն ունենք բերդ մտնելու»: Բերդի կառավարիչը զգոնացավ, ներքևում դարպասը հսկող զինվորին գոռաց. «Ստուգե՛լ»: Զինվորը դարպասի պատուհանը բացեց ու պահանջեց հրամանը: Կառավարիչը եկավ, գիրը ուշադիր կարդաց, երկու-երեք անգամ զննեց կնիքը, առանց ջրի տիկերը և ուղտերի փորերը ճղելու՝ բոլորին ներս թողեց:
Ինչպես գրված էր հրամանի մեջ, որ մեկ լույսի տևողության օրով թույլատրվում է Դրաստամատին՝ տեսնել հայոց Արշակ թագավորին, որ պատուհանի մեջ լույսի տևողության մեկ օրով կապանքներից արձակեն, որ իրավունք ունենան նրան լողացնել, գլուխը օծել, թագավորական զգեստներ հագցնել, նրա համար սեղան պատրաստել, խորտիկներ դնել, հարճերով ու գուսաններով զվարճացնել: Հրամանը նույնությամբ կատարեցին: Արձակեցին կապանքներից Արշակ թագավորի ձեռքերն ու ոտքերը, բացեցին կապված արծաթ շղթաները: Հարճերը լողացրին կռացած՝ իրենց վարսերով ծածկեցին Արշակ թագավորին ու հոսեցրին վարսերը ալիք-ալիք նրա մարմնի վրա: Շփեցին կետ առ կետ, տրորեցին նրա մարմինը՝ հանեցին թմրությունից: Ոսկեկար պատմուճան հագցրին, ստրկուհիները, ծնկներին նստած, սանրեցին մորուքը, գլուխը օծեցին անուշահոտ մշկեղի, ջաբիկի, հունաղ-հունարի, նարդինի, հասմիկի յուղերով, առյուծի մորթին փռեցին ոտքերի տակ, թագավորական ծիրանին գցեցին ուսերին ու բազմեցրին բազմոցին: Թագավորավայել ընթրիք դրեցին ու կժերով, ազնվագույն գինու մեջ պահած, սև կակաչի մրուր մատուցեցին: Պարեցին պագշոտ հարճերը, ու երգեցին գուսանները, զվարճացնում էին թագավորին բանասացներն ու միմոսները:
Դրաստամատը, բարձի վրա ծնկաչոք, եռոտանու մեջ նրա ոտքերն էր լվանում: Դրսում ստվերները կարճանում էին, շոգը սաստկանում էր, ներսում պատերը քրտնել, կտրտվող շիթերով ու կաթիլներով ջուր էին թողնում: Դրաստամատը կանչեց աստվածների սրբարանին ծառայող Մառանին, ասաց. «Թագավորի հետ խոսիր, պատմիր արքային գույնզգույն ծտի մասին, որ առավոտից իրիկուն թփից թուփ էր թռչում, ու դու գնում էիր նրա հետևից»: Նրանք միմյանց աչքերի մեջ էին նայում, հետո թագավորը հասկացավ հնչյունների ժամանակային հաջորդականությունը, որ բառեր էին դառնում ու նա լսեց խոսքը. «Թագավոր, գոյությունը հողագնդի վրա հնարավոր է դառնում միայն նրա համար, որ կա հակադրություն, նվազում և աճում, մարդկանց և կենդանիների ոսկրածուծի լրում և պակասություն, արյան և շնչառության լինելիություն և դադար, վախճան և սկիզբ: Երկնքի ծանրությունն ընկած է ծովի վրա ու չի ընկղմվում նրա մեջ, ջրերը չեն ցայտում այս ու այն կողմ, ու երկինքը չի խորասուզվում ծովի մեջ: Արեգակը ծովի միակշռությունն է պահում, իր ջերմությամբ պակասեցնում է ջրի ավելցուկը: Արեգակը սահման դրեց ծովին, որ նրա ջրերը հետ չդառնան, չծածկեն ցամաքը: Մեր նախնիները նայեցին ու տեսան, որ նրանց միջև հաղորդակցվելու անդրադարձ պայմանավորվածություն կա, և նրանք այդ անխախտ պայմանի համաձայն միմյանց են փոխանցում իրենց հատկությունները: Նրանց անցումների ներդաշնակությունը դիտելով՝ տեսան, որ ջրի նման փափուկ, պատռվող նյութը երկնքի նման ծանրությունն է պահում իր վրա, դեպի կրակը թռչող գիշերային թիթեռին դիտեցին և հասկացան նրա մեջ ապրող խավարի հակակշիռը և ճանաչեցին իրենց կաշկանդող մոլորակային ազդեցությունները, հասկացան, որ գոյություն ունեցող դրությունը հնարավոր չէ փոխել, ու հանկարծ ըմբռնեցին ազդեցությունների օրենքներն ու նրա սահմաններից դուրս բնակվող քաոսի կործանարար վտանգը, ու տիեզերային հավասարակշռության մեջ, նրանից փրկվելու համար, փոխեցին սեփական վիճակը՝ համընդհանուր օրենքի համեմատ, և խուսափելու համար քաոսի սպառնալիքից՝ նրա հետ հաստատեցին իրենց ուխտը, և շատ հաճախ տիեզերային հավասարակշռության նախաստեղծ ժամանակը նոր օրենքներ առաջադրելիս՝ մեր նախնիներին ուխտի փոխադարձ նորոգումների դիմաց պատժապարտ էր դարձնում»: Թագավորը սկզբից Մառանի շուրթերի շարժումն էր տեսնում, հետո նոր ձայնն էր լսում, տեսնում էր պատերից քրտինքի կաթիլների նման իջնող ջրի շիթերը…
«Այդպես էր, թագավոր, այդպես էր… Երբ մեր նախնիները այլևս չէին ցանկանում հնազանդվել ու Բաբելոնից շարժվեցին հյուսիս, դեպի ցուրտ սառնամանիքները, հասան այստեղ՝ դրախտի տեղը, տեսան՝ առաջին մարդն արդեն արտաքսված էր այնտեղից, պտուղն ու հողը խաբել էին առաջին մարդուն: Իսկ մեր նախնիները երկար, շատ երկար էին որոնել այդ հողի՝ դրախտի ճանապարհը: Արդեն եռաթև նետը ստեղծված էր, նրանք այրեցյալ գոտիներով էին անցնում ու փնտրում, առաջանում էին, սայթաքում, փորձում էին գոյատևել հակառակորդ եղանակի հետ՝ հանդիպող հակոտնյա ցեղերին հնազանդեցնելով իրենց, սողունների թունավոր խայթոցը սրունքներին, նվազելով, կորուստներով գնում էին քարկիտուկ դաշտերով, աշխատում էին ապրել՝ դեռ չգտած հողը մտքերի մեջ տեսնելով: Անցան եռաթև նետերի այրեցյալ գոտիներից ու նրանք այստեղ՝ լեռան ստորոտում, դաշտավայր տեղում գտան կամարապատ դուռը, որը որոնում էին, դա արդեն լքված դրախտի մուտքն էր,
Հայաստան աշխարհի հողը…»: Բանտախցի քառանկյուն սյան ստվերը երկարել էր, թագավորը նրա ստվերով կիսածածկ էր, բանտախցում ստվերի ու լույսի առկայությունը դեմքերի արտահայտությունն էլ էր փոխում, թագավորի դեմքի նշանները ոչ մտքերի մեջ խորասուզվել էր, ոչ էլ տխրություն… Մառանը հազաց, սպասեց շնչառության համաչափության… Ասաց. «Արքա, նրանք երեք հարյուր հոգով և ուրիշ ընդոծիններով, իրենց հոտերով, գրաստների և չորքոտանիների քարավանով երբ դուրս եկան մեծ ճանապարհորդության, գիտեին, որ հեռու մի տեղ գալարվում, շաչում է հողը: Իրենց հողն այնտեղ է, ու պիտի ընդառաջ գնան նրան, ու հավերժ կմնան նրա վրա: Բայց այդ հողը, որի մասին նրանք հազար ու բյուր անգամ մտածել ու տեսել էին իրենց ուղեղներում և վերջապես գտել էին ու հաստատուն նրա վրա էին կանգնել, իրենցը չէր: Երբ իրենք գալիս էին՝ կռվելով ու ընկնելով քայլ քայլի փոխելով, քիչ, բայց առաջանում էին, նրանց թողած արյան հետքով ու հոտով մեկ ուրիշն էլ էր գալիս: Նրանք էլ եկան ու մտան լքված կամարապատ դռնով՝ տերերը: Հաղթաբազուկ, ահեղաձայն, բազմաքանակ տերերը ցրվեցին տարբեր ուղղություններով ու հիմնովին հասցրեցին բնակվել ու ոչ մեկին այլևս չէին ցանկանում տեսնել: Դրախտի հողն արդեն պատկանում էր բաբելոնցիներին: Եվ չէր մնացել անգամ մի նկանակի չափ հողակտոր, որ թանձրամարմին տիրոջ ծանրությունից, հաղթանդամ նժույգների սմբակներից, ծանրաքայլ փղերի փաղանգների անցուդարձից չլիներ ճմռթված, ճզմված ու հարթեցված: Նաև չկար մի ծառ, որ նրանց ահեղաձայն հսկաների մռնչոցից իր պտուղը գցած չլիներ: Այդ հողը՝ դրախտի հողը, արդեն պատկանում էր բաբելոնցիների բանակին: Նրանք տեր էին, որովհետև արդեն տարածվել էին, նրանցն էին աղբյուրները, լեռները, ժայռերն ու գետի ափերը, լճերն ու անտառները, դրախտի ամբողջ շրջակայքը բաժանված էր նրանց միջև, ու նրանցից ամեն մեկը իր տիրույթի ավարի տերն էր և կառուցել էր իր կացարանները: Նրանք ամբողջ դարձած՝ ամեն տեղ էին ու ամեն տեղից գաղտնի դարանակալ էին: Եվ դրախտի հողի պարգևած ամեն մի որսն ու բարիքը պատկանում էր միայն նրանց: Նրանց տեսքը, նրանց քայլվածքը այդ հողի վրա թելադրում էր տիրոջ իրավունքը…»:
Այդ պահին թագավորի մեջ, այդ հասկանալի և պարզ՝
Մառանի պատմությանը համընթաց փոփոխվող, մարդու շուրջը կար ինչ-որ բան՝ անգուշակելին, գաղտնիքը, մշուշը, խոսքով չասվողը, որը Մառանի պատմության ընթացքում մի դեպքում շատ էր նկատվում, մի ուրիշ դեպքում՝ քիչ: Երբեմն իր խեղճության մեջ թվում էր, թե նա սովորական, շատ սովորական մարդ էր, բայց երբեմն էլ՝ ուրիշ, վրահաս վեհության պահին, ինչ-որ բանով՝ անորսալի անգուշակելիով, մշուշով, դեռ անճանաչելի, չբացահայտված շղարշով էր պատվում: Դրաստամատն իրեն հարցնում էր. ի՞նչ է դա, ի՞նչ կլինի այդ, գուցե ամենասովորական մարդն է՝ գինարբուքների թմրությունը չհաղթահարած, հարճերի ու կանանց մարմնի մեջ իր ներսի այրեցյալ կրակը սպառած, երբ նրան աստղերն ու մոլորակներն արդեն վաղուց լքել են: Լքվածը այդպիսին է, որ կա…
«…Արքա՛, բայց երբ մեր նախնիները լեռան ստորոտում, դաշտավայր տեղում մտան կամարապատ դռնից ներս ու համտեսեցին լքված դրախտի ծառի պտուղը, իսկ գետի ջուրը և հողը իրար խառնեցին ու շաղախի համը բերանով փորձեցին, ատամի տակ, լեզվի վրա զգացին իրենց սերը, այդ հողի սերը, շատ անգամ բերանում շաղախ դարձրած հողը դրեցին սրից արյունահոս վերքերին ու բուժեցին՝ կանանց մեջքերը դրեցին հողին ու հղիացրին նրանց, հիացան դրախտի հողով, կար հողը, որը շնչում էր՝ բեղմնավորում ու գալարվում: Ծառի պտղի, ջրի ու հողի, մեջքը հողին արած կնոջ համը իրար միախառնված՝ գլորվեց արյան միջով ու հասավ ուղեղներին, նրանք հասկացան, որ սա այն հողն է, որի մասին հազար ու բյուր անգամ երազել էին ու ճանաչեցին դրախտը, որը մինչ այդ ոչ մի անգամ չէին տեսել: Նրանք ականջները դրեցին լեռների կողերին ու լսեցին նրանց շնչառությունը, ծծեցին նրանց թարմ օդը, որը թրթռում ու շաչում էր, և հասկացան, որ հասել են իրենց թափառումների վերջին կետին: Նաև գիտեին, որ չնայած փորձել են դրախտի պարտեզի՝ չարը ճանաչելու ծառի պտուղը, իրենց արտաքսում չի լինի, ու պիտի մնան այստեղ ու պատրաստվեցին անխուսափելի պատերազմին մի հակառակորդի դեմ, որը իրենցից ուշ էր եկել, բայց տերն էր այդտեղի:
Նրանք շինեցին իրենց առաջին խրճիթներն ու ամրությունները լեռների լանջերին, և կանայք նրանց մեջ պահեցին կրակը, հողին աճեցնել տվին հատիկը:
Լեռների գագաթներից, ժայռերի վրայից, անտառներից ու անապատներից դրախտի տարածքները հսկող զինվորները տեսնում էին կերտվածքներն ու գիշերային խարույկները և աղաղակում սարսափազդու…»:
Դրաստամատը դեռ չէր վերջացրել, եռոտանու մեջ լվանում էր թագավորի ոտքերը, ձեռքերի մեջ զգում էր տրոփող երակների լիարյուն զարկերը և նրանցից ափերին փոխանցվող ջերմությունը, և բերդի ներքնահարկ զնդաններից էլ բորբոսահոտ էր գալիս… Դրաստամատը փոխնեփոխ քրտնած Մառանի ու թագավորի փոփոխվող դեմքերին էր նայում, ճշտեց՝ ինչ էր թագավորին պատած անճանաչելին, որ մի դեպքում շղարշի պես էր, մեկ ուրիշ պահի՝ մշուշի էր նման, այդ անանունը մոլորակների ու աստղերի կողմից լքվածը չէր։ Այդ անբացատրելին ուղղակիորեն չէր հարաբերվում կամ կապված չէր ո՛չ թագավոր լինելու, ո՛չ կյանքի, ո՛չ բանտարկության, ո՛չ էլ՝ երկրի հետ: Դա ո՛չ մտքերի մեջ խեղդվել էր, ո՛չ էլ՝ պատժապարտի տխրություն: Չէր ճշտվում այն տպավորությունը, որ կար թագավորի դեմքի արտահայտության մեջ, հանկարծ նա մոռանում էր ներկան, հիմա էլ նկատվեց, թե ինչպես նա մոռացավ ներկան, շրջվեց դեպի գուսանները, առանց թուխ մազերի, ամբողջովին սպիտակահեր գլուխը թեքեց ձախ ու անշարժ մնաց, այդպես կար: Թվում էր, թե նա աշխարհի հնարած բանտարկություն ասած գործի մեջ ոչ թե արգելափակված էր, այլ ինչ-որ բանից, որ անճանաչելին էր, շուրջը եղած անորսալին, նրանից էր փախել այնտեղ:
Մառանն ասաց. «Թագավո՛ր, շատ չանցած՝ եղան առաջին բախումներն ու մենամարտերը: Նրանք ու զինվորները նորից ու նորից բախվում էին կենաց և մահու հավասար զարկով, նույն ոգևորությամբ, անզիջում, անխնա և հավասար դաժանությամբ՝ սեփական հողի համար, սեփական որսատարածքի համար: Եկվորներն արդեն գիտեին, թե ինչ արդյունքով էին վերջանալու այդ կռիվները, ճշտեցին իրենց զգացմունքը՝ դա անսահման ատելություն էր: Մեր նախնիները պիտի սովորեին այդ չսպառվող ատելության եզրին ապրել, ամեն օր հանդիպել հազար և բյուր անգամ տեսած երազի ու մահացու վտանգի հետ, օրն ի բուն լինել հաստաբազուկ, երկնադեզ հսկաների հարևանությամբ: Կանայք պիտի կարողանային լսել նրանց միաժամանակ ամեն տեղից հասնող ահեղաձայն աղաղակները, նրանց ռազմական կառքերին լծված նժույգների վարգն ու խրխինջը և արգանդի պտուղը չգցել: Զինվորներն էլ սովորելու բան ունեին, պիտի զգույշ լինեին այդ հաղթանդամ, դիմացկուն, մարտեր վարելիս այդքան ճկուն, բանիմաց, կապուտաչ ու կարմիր մորուս խորամանկների հետ հանդիպելուց…»:
Դրսում հով կար, երբեմն բաց լուսամուտից միջանցիկ մտնում էր, հասնում թագավորի սպիտակ վարսերին, խառնում էր արևի թանձր դեղին սյան մեջ շրջապտույտ տվող ճանճերի պարսը ու գնում: Այդպիսի պահերին թագավորը վերադառնում էր ներկա, բայց վերադառնալով ներկա՝ այդ ինչ֊որ բանը դարձյալ նրա հետ էր՝ շուրջը, նրա դեմքին, չսպառվողը, խորհրդավորը, որը չէր հարաբերվում ոչ կյանքի, ոչ էլ կապ ուներ Մառանի պատմածի հետ: Գուսանների լարաձայն գործիքները նվագում էին, դրսում պատի տակ վխտացող սիրամարգերի միջով կատուն, շունը կամ օտար կենդանի անցավ, նրանք միանգամից տագնապալի կռնչացին, բոլոր ձայները միաժամանակ հասանելի էին թագավորին, ասաց. «Խոսի՛ր, Մառան»:
«Եկվորների առաջնորդը մտածեց ու իր որդիներից մեկին իր հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց մեր նախահոր մոտ, թե. «Դու եկար հյուսիսի կողմերը, սառնամանիքների մեջ բնակվեցիր, սակայն տաքացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով՝ խաղաղ ապրիր՝ որտեղ որ կհաճես իմ երկրի մեջ»: Մեր նախահայրը խստությամբ հետ ուղարկեց պատգամավորներին: Եվ ահա մի անգամ, արքա, վայելչակազմ, անսահման ուժի տեր, խիստ գանգուր մազերով և վառվռուն աչքերով մեր նախնիների առաջնորդը, մի ծովակի ափին, որի ջրերն էին աղի և մանր ձկներ էին պարունակում, զարկվեց հաստաբազուկ երկարադեզ հասակով նրանց առաջնորդի հետ և դիմացավ նրա թանձրամարմին մահացու թռիչքին և կենդանի մնաց նրա հետ ահեղ գոտեմարտի ժամանակ: Երկու առաջնորդները դրախտի կենտրոնում կռվում էին անդադար, առավոտից մինչև գիշեր, գիշերից մինչև լուսաբաց և, երբ երրորդ գիշերն եկավ, նրանք բաժանվեցին իրարից սրի բերանից պատառոտված ու հանկարծ երկուսն էլ հասկացան, որ չի եղել պարտություն, նրանցից ոչ մեկը չի հաղթել ու չի էլ հաղթի: Այդ անզիջում, անխնա մենամարտում, երբ իրար ճղում, կտրատում էին, և հողը նրանց արյունն էր խմում, մեր նախահայրը կուրծք ընդ կրծքի զգաց, թե ինչպես իր մարմնին փաթաթված նրանց առաջնորդի երակների միջով շառաչով հոսում է նրա տաք ու ծանր արյունը:
Նախահոր՝ ճիրաններից ու սրի բերանով ամբողջովին պատառոտված մարմինը ցեղակիցները խնամում էին գիշեր ու զօր, և նա իր հիվանդության ժամանակ, մահճի շուրջը հավաքվածներին պատմեց, թե ինչպես ինքը իր սրտի վրա առաջին անգամ զգաց հակառակորդ առաջնորդի արյան շառաչը և ճանաչեց մարտնչող զինվորին:
Այդ պահին նրան խնամողները և հավաքվածները տեսան, թե ինչպես է նրա մահը փոխակերպվում, ինչպես կարմիր եղեգների այն խուրձը, որի վրա պառկած էր նա, սկսեց ծխալ ու կրակ արձակել, ինչպես է նա, քանի գնում, նմանվում հրդեհի, ու ինչպես վեր կացավ իր կարմիր բոցեղեն մահճից ու, գլխին հրեղեն պսակ, հուր շրթունքով և մորուքով՝ Վահագնը կրակների միջով քայլելով հեռացավ…»:
Մառանը շունչ քաշեց, թաշկինակով սրբեց քրտինքը: «Թագավո՛ր, դու պարտավոր ես իմանալ, այդ օրն էլ պատահեց անդառնալին։ Մեր նախնիները այդ օրն իրենց աչքով տեսան իրենցից հեռացող, կրակից ծնված՝ առաջին ռազմի Աստծուն, զինվորի առաջին պահապանին, որը հարալեզ տեսքով միշտ ընկնողի կողքին էր լինելու, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մեկը տեղից չբարձրացավ: Կանայք ու կույսերը տեսան հեռացող կրակը ու չխմեցին նրա հուրը, որից մարտիկն էր ծնվելու և ռազմի մետաղն էր ձուլվելու: Տղամարդիկ էլ վրիպեցին, չլսեցին իրենցից հեռացող կրակի արձակած մետաղի շառաչը: Թողեցին, որ Վահագնը հեռանա, և իրենք, հոգնած պատերազմներից, մեծ ճանապարհին նստած, իրենցից հեռացող Վահագնի հետևից էին նայում: Միայն հողը, հողն էր անտագնապ, աշխարհում ամեն ինչ եռում էր, ծնվում և վերածնվում:
Ահա, Արշակ թագավոր, այն ժամանակը, որի մասին հարցրիր, քո հարցի համեմատ՝ պատասխանեցի ժամանակով տարբեր երկու աշխարհների փոխկապակցվածության մասին. նրանց իրար հետ կապը դժվարին էր ու խորհուրդներով: Աստվածակերպ հարալեզի ծնունդն ասում է, որ հողի համար մարտնչող զինվորի և նրա թշնամու միջև կա նախաստեղծ հարազատության կապ, և, անընդհատ պատերազմների ու ճակատամարտերի եզրին գտնվող առաջնորդը եթե ընկնի էլ, թագավո՛ր, դա սեփական վիճակի փոխելն է ընդհանուր օրենքի համեմատ տիեզերային հավասարակշռության մեջ: Ինչպես երկինքը, որ չի ընկղմվում ծովի մեջ, ինչպես արեգակը, որ ծովը միակշիռ է պահում, այրեցյալ գոտիով պակասեցնում է ջրի ավելցուկը ու ցամաքի սահմանն է հսկում, որ ջրերը հետ չգան, չծածկեն հողագունդը: Այսպես է երկու աշխարհների հարակցությունը, մեկից մյուսին անցնելու համար պիտի իմանալ նրանց ծիսակատարությունը»:
Նա պատմում էր, թագավորը հանկարծ ընդհատեց նրան, ասաց. «Դու նրա աչքերին նայիր»: Ոտքերը հանեց ջրից, սալերի վրա դաջելով հետքերը՝ գնաց. «Ախր, սրանք այն աչքերն են, Դրաստամատ, տեսնո՞ւմ ես լույսի կաթիլը՝ նստած աչքերի մեջ՝ տակը, սա այն հայացքն է»: Դրաստամատն ասաց. «Ես դեռ վանքում ճանաչեցի, բայց սարսափեցի այդպես մտածել, թագավո՛ր»: Արշակը մոտեցավ, ավելի մոտեցավ, ստվերն ընկավ Մառանի դեմքին՝ ասաց. «Ես տեսնում եմ, ճշմարիտ հայացքը նրանն է: Դու եկել ես»: Մառանը բարձրացավ, կիսաշրջված նայեց, ասաց. «Այդպես կմտածեն, թագավո՛ր: Գույնզգույն ծիտը երգում էր, ես գնում էի նրա հետևից, երեկոյան վերադարձա»: Հետո նա մեջքով դեպի Դրաստամատը կանգնեց, բարձրացրեց կարմիր կապայի քղանցքը, թագավորը տեսավ նրա փորը:
Հանկարծ թագավորը կորցնում էր ներկան, հիմա էլ զգացվեց, թե ինչպես նա մոռացավ ներկան, ու լռություն իջավ։ Դրաստամատն ասաց. «Դու գնա, սրբարանին ծառայող Մառան, գնա գուսանների դասի մեջ և մասնակցիր նրանց ուրախությանը: Իսկ այդ ընթացքում թագավորը կվարժվի պատահածին»: Դրաստամատը, թագավորի արմունկից բռնած տարավ, նստեցրեց գահավորակին, ոտքերը դարձյալ դրեց կոնքի մեջ, ասաց. «Բա որդիդ, որդիդ թագավորության համար կորած չէ, արքա, նա իսկական Արշակունի է: Ներսեսին համայն մեր աշխարհի կաթողիկոս կարգեց, Հռոմից ու վայրի ցեղերից վարձու զորք հավաքեց, եկավ ու մեր միջնաշխարհը բուռը ժողովեց, երկրի ծայրամասերը նորից հնազանդեցրեց թագավորությանը: Վասակի որդի Մուշեղին սպարապետ է կարգել ու կռվում է»:
Արշակն ասաց. «Մենք այդպես սկսեցինք, Դրաստամատ, հիսուն տարին կարծես չի եղել, ինչը եղել է երբևէ՝ կրկնվում է հիմա»:
Դրսում զինվորները հրամաններ էին կատարում, բաց լուսամուտից լսվում էին նրանց ձայները:
«Արքա, նա Արշակունի է, նա չի կարող հանդուրժել իր երկրի թագավորի գերությունը»: Դրսում շոգը սաստկացել էր, բոլոր պատերից միաժամանակ քրտինք էր ծորում, Դրաստամատը, թագավորի առաջ նստած, լվանում էր նրա ոտքերը: Ասաց. «Իսկական Արշակունի է, արքա, հպարտ, արհամարհում է խեղճությունը: Մուշեղ սպարապետի հետ բազում մարտեր վարեց և ի՜նչ ճակատամարտեր էին՝ բանիմաց, ոչ մի պարտություն չկրեց: Անփորձ էր, բայց պատերազմ վարելու ձևը Արշակունիներինն է, զարմանալ կարելի է նմանության այդօրինակ կրկնությունից: Իսկ հպարտությունը, նրա հպարտությունը կարող է վտանգավոր լինել: Զորքը նստեցրել է սահմանի վրա, նա մի օր կփորձի մխրճվել Պարսից աշխարհի խորքը, նա չի կարող քո մոտ չգալ, նա այդպես է դաստիարակվել, արքա՛»: Թագավորի կուզը մեծացավ, շարժում չկար, բերանը կիսաբաց էր, ադամախնձորը, շնչափողի կեսին կանգնած, չէր գլորվում, թրթիռ չկար, նայում էր Դրաստամատին: «Լուրեր կան, որ մշտական ճակատամարտերից ուժերը թուլացել են, կանգնել է սահմանի վրա: Նա թագավորի գերությունը հանդուրժող չէ, նրան հավատացող ժողովուրդն ու բանակը չեն ցանկանում թագավորի գերությունը: Նա մի օր անպայման կփորձի մխրճվել Պարսից աշխարհի խորքը: Հարձակում, նահանջ ու կռիվ է, արքա՛: Ձիուց տապալած ամեն մի պարսից զինվորի հետևից աղաղակում են՝ սա Արշակ թագավորի համար էր»: Դրաստամատը բուրմունքն առավ, իրեն լավ ծանոթ թագավորի մարմինը լարված էր: Մի ակնթարթում շուրջը ամեն ինչ տեսավ, արտաքին աշխարհի մեջ դարանակալ
վտանգ չկար: Հասկացավ՝ թագավորը կասկածում է, իր պատմածների մեջ նա բանտարկյալ վիճակին համապատասխան սփոփանք է տեսնում: Այդ պահին թագավորի մեջ, այդ հասկանալի և պարզ էության շուրջը դարձյալ կար ինչ-որ նշան՝ անգուշակելին, մշուշը, որը երբեմն նկատելի էր, երբեմն էլ՝ աննկատ: Ասաց. «Դրաստամա՛տ, դու մեկ օրով ինձ վերադարձրիր արքայական բոլոր պատիվները և արթնացրիր հպարտությունը, որ ես որոշում ընդունեմ: Դրանից էլ ես գուշակում եմ, որ դու նրան տեսել ես, այստեղ գալուց առաջ հանդիպել ես Պապ թագավորի հետ, դուք խորհրդածել եք: Ու ես որոշում պիտի ընդունեմ»: Նայեցին իրար, թագավորը իր խեղճության մեջ մի դեպքում թվում էր, թե սովորական, շատ սովորական մի մարդ է, բայց մեկ ուրիշ վեհության պահին, ինչ֊որ բանով՝ անորսալիով, մշուշով, դեռ չբացահայտվածով էր պատվում: Բայց ի՞նչ նշան էր, Դրաստամատն իրեն հարցնում էր, ի՞նչ է այդ, գուցե հենց ամենասովորական մարդն է, որին ժողովուրդը, զորքը, աստղերն ու մոլորակները արդեն շատ վաղուց լքել են, ասաց. «Արքա, նրա համար գերի թագավոր կամ երկիր նույնն է։ Համոզել չի լինում, որ ուժերը չվատնի, այստեղ հասնել հնարավոր չէ: Ես էլ եմ այդպես մտածում, թագավոր, նա չի կարող գալ այստեղ: Համառ է, Արշակունի, իր որոշման մեջ հաստատ»: Թագավորն ասաց. «Դուք Պապի հետ խորհրդածել եք, և ես որոշում պիտի ընդունեմ»: Այդ պահին նա լվացվող ոտքը դուրս պրծեցրեց ծնկաչոք, եռոտանու վրա կքած Դրաստամատի ափերից ու կրունկով հարվածեց նրա դեմքին: Դրաստամատը մեջքին փռվեց, ծոծրակով խփվեց սալերին, մի քիչ մնաց, ծունկի չոքեց, քիթ ու բերանից արյուն էր հոսում, ատամները պատռեցին շուրթերը, արյունը չէր դադարում: Նայեցին իրար աչքերի մեջ, կրկին տեսավ թագավորին պատած անորսալին, մշուշը, նշանը կամ այդ անանունը, որը մոլորակների ու աստղերի կողմից մարդու լքվածությունը չէր: Այդ անբացատրելին ուղղակիորեն չէր հարաբերվում կամ կապված չէր ոչ նրա թագավոր լինելու, ոչ բանտարկության, ոչ ընդունած որոշման, ոչ էլ իր դեմքին հասցված հարվածի հետ: Դա ո՛չ հաղթանակ էր, ո՛չ պարտություն, ո՛չ էլ պատժապարտի անտակ թախիծ: Թագավորին ապացույց էր պետք, նրա ընդունած որոշման՝ մահվան հակակշիռը, որ իրեն ոչ թե բռնի են հեռացնում, այլ ինքն է կամովին գնում: Ընկած տեղից ծնկաչոք առաջ եկավ, ձեռները եռոտանու մեջ մտցրեց Դրաստամատը, հանեց ու թագավորի ոտքերը լվացած ջուրը, ափերով քիթ ու բերնից թափվող, արյան հետ ումպերով խմեց: Նայեցին, նրանք իրար չէին խղճում: Դրաստամատի աչքերը հզոր էին, փորձությանը դիմացկուն: Թագավորը նրանց մեջ տեսավ ու ճանաչեց մահվան հակակշիռը՝ սերը: Թույլ տվեց, Դրաստամատին լվացին: Նայեց պատուհանի մեջ լույսի ճերմակին, Դրաստամատը չկարողացավ կողմնորոշվել՝ ի՞նչ էր նրա դեմքի արտահայտությունը, ասաց. «Դրաստամատ, հիշո՞ւմ ես՝ ի՜նչ դանակ բանեցնել գիտեիր, անվրեպ կպնում էիր օդ նետած ծիրանի կորիզին»: Նկատեց, թագավորի հայացքը տեսավ՝ սեղանին մրգով սկուտեղի մեջ դրված դանակն ու դեղձերի կարմրածուփ գույնը: Նրա աչքերի արտահայտությունը երբեմնի հաստատակամությունն ու հպարտությունն էր: Թուլությունը զսպեց, ասաց. «Երիտասարդ էինք, այդպես էլ էր պատահում, արքա»: Ասաց. «Հիշո՞ւմ ես, մի անգամ Նավասարդի տոնին մի հարվածով տապալեցիր ցլին: Բացեցին, տեսանք ուղիղ սրտի միջով էր անցել դանակը»:
Դրաստամատը չէր կարողանում իր ներսում ճշտել այն տպավորությունը, որ իր վրա թողնում էր թագավորի դեմքի արտահայտությունը, հանկարծ նա կորցնում էր ներկան, հիմա էլ զգացվեց, թե ինչպես նա մոռացավ ներկան, շրջվեց դեպի գուսանները, մազերն ամբողջովին ճերմակ էին, գլուխը թեքեց ձախ ու անշարժ մնաց, այդպես կար: Թվում էր, թե նա աշխարհի հնարած բանտարկություն ասած գործի մեջ ոչ թե արգելափակված էր, այլ ինչ֊որ բանից խույս տված՝ հանգստանում էր այնտեղ: Նա վերադարձավ ներկան, այդ ինչ֊որ բանը դարձյալ նրա հետ էր՝ անբաժանը, դուրս չեկողը, անվերջը: Խորհրդավորը անուն չուներ, բայց Դրաստամատը գիտեր, որ հենց դրանից է, որ թագավորի մոտ ստեղծվում էր այդ առանձնահատուկը և ապերջանիկը, լրումն ու նվազումը, որ ընդհանրապես հնարավոր չէր որսալ ոսկրածուծի մեջ ապրող այդ նշանը, որի մեջ չէին մտնում ո՛չ թագը, ո՛չ երկիրը, ո՛չ պատուհանի մեջ սպառվող լույսը, ո՛չ մահը, ո՛չ էլ Դրաստամատը:
Սեղանին՝ մրգով սկուտեղի մեջ դրած դանակը անցավ ուղիղ սրտի միջով: Նույն դիրքով, հայացքը Դրաստամատի աչքերի մեջ՝ մնաց: Ոչինչ չփոխվեց, դեմքին կար անորսալին, առանձնահատուկը:
Լարաձայն երաժշտությունը հնչում էր: Լուսամուտի բացվածքի մեջ և մութ էր, և լույս, չղջիկի թռիչքի արճճագույն լուսումութ: Դանակը Դրաստամատի ձեռքին էր, գուսանները երգում էին, նրանք ոչինչ չէին նկատել, հարճերը պարում էին, Դրաստամատին թվաց, թե ինքը ձեռքի դանակով մոտեցել էր թագավորի մեջ ապրող ու նրա շուրջ եղած գաղտնիքին, մշուշին, նշանին, որից ծնվում էր թագավորի առանձնահատկությունը, եզակին: Հանկարծ միտք եկավ, որ հենց դա, այդ խորհրդավորը հուշեց, իր մեջ ճչաց, թագավորի սրտի աշխատանքը կանգնեցնելու գործը: Ի՞նչ էր այդ անճանաչելի նշանը, մշուշը, անբացատրելին, չասվողը, որ մի դեպքում շատ էր նկատելի, մեկ ուրիշ դեպքում՝ քիչ։ Հենց դրանից էլ երբեմն թվում էր, թե նա սովորական, շատ սովորական մարդ էր, ու չի եղել այդ անճանաչելին, թագավորի եզակին, առանձնահատուկը, մշուշն ու խորհրդավորը, այդ ամենը թվացյալ էր, նրան իբրև այդպիսին իր ուղեղն էր հորինել: Բայց նա գիտեր, որ երբեմն նկատվող այդ անճանաչելի բանը կար և ուղղակիորեն չէր հարաբերվում ու կապ չուներ ո՛չ կյանքի, ո՛չ աշխարհի, ո՛չ թագավորի, ո՛չ էլ իր հետ: Ձեռքի դանակն անցավ նաև իր սրտի միջով:

Եղնիկը, եւ նոխազը, եւ թագաւորը, որի զօրքը իր հետն է:

Առակաց գլ. լ. խ. 29

 

 

 

 

Մեկ նետընկեց հեռավորության վրա քարավանին հետապնդում էր առյուծը: Տապից թալկացած ուղտերն ու պահնորդները նրա նկատմամբ կորցրել էին զգոնությունը: Ուղտերի մաշկը հարվել էր, սապատները սմքել, ճլորել, տոպրակների նման կախվել էին մեջքներից: Քսաներորդ օրը առաջապահ զինվորները մի ուրիշ բան էլ տեսան, ձեռքերն առաջ պարզած՝ հորիզոնի վրա մանր, սև կետեր ցույց տվեցին: Ամբողջ օրը նրանց ընդառաջ քայլելուց հետո նրանք հասկացան, որ մի քայլ անգամ չեն մոտեցել սև ուրվագծերին: Նրանք ևս շարժվում էին նույն արագությամբ, ինչ որ քարավանը: Հենց ուղտերը կանգնում էին, մանր կետերը նույնպես կանգնում էին ու նորից քարավանի շարժման հետ վերսկսում էին ճանապարհը: Նրանց և քարավանի միջև տարածությունը չէր կրճատվում: Պահնորդ զինվորները քսաներորդ օրը տեսան նրանց. արդեն քանիերորդ օրն էր նրանք հետապնդում էին քարավանին՝ չգիտեին: Իսկ այդ օրվանից հետո, արևածագից մայրամուտ ամբողջ այդ ընթացքում, թագավորին երկրպագության գնացող քարավանի տեսադաշտից չբացակայելով, նրա առջևից, հորիզոնի վրա վազում էին սև ուրվագծերը, որոնք քանի գնում՝ նվազում կամ ծավալաշատ էին դառնում: Երբեմն նրանց միջանցիկ փոշու ամպն էր ծածկում ու հետո նորից, նույն անփոփոխ հեռավորության վրա, նրանք հայտնվում էին կրկին: Քարավանը նրանց ընդառաջ էր գնում, բայց նրանք էին քարավանին տանում իրենց հետևից: Վարձկան ուղտատերերն այդ եզրակացության եկան, երբ ամբողջ օրը քայլելուց հետո նորից հանդիպեցին նախորդ գիշերվա խարույկատեղերին: Հետո, ավազե բլրի վրա շարք կանգնած, քարացավ նրանց բազմությունը, հանկարծ նրանք վերակենդանացան ու ցրվեցին՝ շրջանցելով ավազե բլուրը տարբեր ուղղություններով, միանգամից հայտնվեցին քարավանի առաջ, և բոլորը պարզ տեսան շնագայլերի դեղին աչքերը:

Քարավանի առաջնորդ Ֆարուխն ասաց. «Ճանապարհից պիտի շեղվենք, թեթև զինված մարդու համար մեկ օրվա հեռավորության վրա հայկական վանք կա, այնտեղից ջուր կվերցնենք»: «Այս պայմանների համար փորձ ունեցող ուղտեր պիտի վերցրած լինեիք, քարավանապե՛տ»,– ասաց Դրաստամատը: «Տե՛ր, պատճառը միայն ջուրը չէ: Չորքոտանիների ծարավը թուլացնելու համար նրանց կերակուրներին՝ ջերմիկին ու գարուն, լրացուցիչ աղ ենք խառնել: Նկատե՞լ եք, քարավանի երկու կողմերով քայլող զինվորների մեծ մասը կաղում է, նրանց մատների արանքում ճաքեր են առաջացել: Իսկ աչքերը կարմրած են, բորբոքված: Խեղդող տապից նրանք գիշերները չեն կարողանում քնել, մեկի մոտ արդեն ուղեղի բորբոքում է նկատվում: Ինչքան հասկացա, ձեր խոստացած ոսկին նրանց սկսել է քիչ ոգևորել: Ուղտապաններն էլ նրանց միացած՝ շերբեթ ու կին են պահանջում: Երկու հոգի ծածուկ փախել են, ու տեսնողներ չեն եղել: Առյուծն այս գիշեր դարձյալ ուղտ է տարել ու աննկատ մնացել»: «Ֆարո՛ւխ, դու հաստատապես գիտե՞ս, որ ճանապարհից պիտի շեղվենք»: «Այո՛, տե՛ր, գուսանների, կանանց ու սպասարկող ծառաների երևակայությունն էլ է բորբոքված՝ ընդոծին պատկերներ են տեսնում: Անցյալ տարիներին անապատում այսքան շոգ չի եղել: Քրտնաթոր ուղտերը չեն ուզում գնալ՝ փրփրակալած բերաններով պառկում են տաք ավազների մեջ ու տնքում են»:

Կաղ քարավանապետն ու պահնորդ զինվորները, քարավանին ու առյուծին հետամուտ, շնագայլերից մեկին ավազե բլուրների հետևում ու անապատի նարնջագույն լույսի մեջ հանկարծակիի բերեցին, շրջափակեցին ու մորթեցին: Թմրած, բորբոքված ոտքերով ուղտերին արագաքայլ դարձնելու համար նրանց ռունգերը տրորեցին շնագայլի տաք արյունով:

Ֆարուխը՝ Պարսից Մեծ դռան հազարապետ, վարչական պաշտոնյայից շուկաներում և հրապարակներում ելույթներ ունենալու արտոնագիր ունեցող, հաղթանդամ կառուցվածքով կռփամարտիկ էր: Բայց հանկարծ սկսեց ո՛չ իր երկրի թագավորին հավատալ, ո՛չ էլ՝ կրոնին: Նա մի օր Որմիզդի տաճարում արքայից արքայի՝ Եղբայր Արևի և Լուսնի անվանակոչության քսանամյակի տոնի արարողության ժամանակ իր կնոջը սրբազան խառնակության պահին տեսել էր մեհյանի ավագ մոգի հետ ու երկուսի կոկորդն էլ կտրել էր անուշահոտ, սուրբ ջրավազանում լողանալու պահին ու դատապարտվել կալվածքային աշխատանքների համար ստրկության վաճառքի: Վերջին պահին Պարսից աշխարհում բնակվող Դրաստամատը նրա համար փրկագին էր վճարել ու իջեցրել օտար աշխարհներ նավարկող նավից: Նա էլ քրիստոնեություն էր ընդունել ու, ահա քսան տարի է, հավատարմորեն ծառայում էր նրան:

Տարիներ անց երկրորդ անգամ դատապարտվեց, այս անգամ՝ մահապատժի: Այլանդակի տեսքով այլակերպված ամբոխին ու պահակախմբին հրմշտելով՝ մտել էր Պարսից Մեծ դռան հրապարակ, կանգնել պտտվող անիվ֊մեքենայի վրա գցված, ծաղրուծանակի ենթարկվող Հայաստանի թագուհու՝ մերկ Փառանձեմի կողքին ու պահակազորի հրամանատարին ասել. «Այստեղ հավաքվածների մեջ ամենաայլանդակը ես եմ, Հայաստան աշխարհի Մեծ Տիկինը իմն է, ես եմ նրան տիրելու»: Պահակապետն ասել է. «Քոնն է, մուրացկան, եթե կարող ես…»: Ֆարուխը շուրջը հավաքվածների ծիծաղը չի լսել՝ իբրև մերկացել է: Ծոցից հանած դաշույնի շեշտակի մի հարվածով կտրել է թագուհու կոկորդի քներակը: Ասել է. «Դուք էլ գիտեք, որ Զրադաշտը արգելում է մեռելին պղծելը»: Ուշքի եկած հրապարակը գոռացել է՝ «Մա՛հ»: Խաբված ամբոխը՝ «Կախաղա՛ն»: Հանկարծակիի եկած՝ պահակազորի հրամանատարը Ֆարուխի ձեռքերը մեջքին կապած ծեծելով զնդան է իջեցրել: Դրաստամատը ոսկով մեծ փրկագին է վճարել ու ազատել կախաղանից:

Ուղտը ճչաց, թանձր շոգ էր, նրա ձայնը չգնաց անապատի հեռուները, մարեց մոտակայքում՝ կարմրափոշի լույսի մեջ: Ուղտապանները հայհոյում էին ու աղմկում: «Առյուծն է, տե՛ր,– ասաց Ֆարուխը:– Առյուծը խփեց ուղտին, ահավոր շոգ է: Առյուծն այս ժամին չպիտի հանդիպի, եթե նա ստվեր չի որոնում, նշանակում է՝ հավասարակշռությունը կորցրել է: Առյուծը կատաղած է, նրա հիվանդ ուղեղի տագնապը մեզ հանգիստ չի տալու: Մինչև մութն իջնելը մենք պիտի գնանք հայկական վանքը: Գիշերային խարույկների վրա հույս դնել չի լինի՝ հանգչում են տոթից ու գինուն կարոտած հերթապահների անփութությունից: Շնագայլերը, արդեն քարավանի առաջն ընկած, փորձում են առաջնորդել թմրած ուղտերին: Նրանք զգում են քարավանի օրեցօր մարող ուժն ու այնքան են մոտենում վրաններին, որ նրանց հանկարծահաս լացը սարսռեցնում է բոլորին: Մեր վարձած ուղտատերերի՝ ավազների բնակիչների հեթանոս աստծու խորհրդի համաձայն շնագայլերն անծայրածիր անապատի մեջ գիտեն մի տեղ, ուր ավազը քանի գնում, կարմիր է դառնում, որտեղ ամեն ինչ մեռյալ է, ու ամեն մի շունչ մեռնում է»: Ֆարուխը զինվորներին ասաց. «Բերեք»: Զինվորները ձեռքերը կապոտած չորս ուղտատերերին բերեցին: Ծառաները ծնկեցրին ուղտին, ամպհովանիով ծածկված պատգարակից իջավ Դրաստամատը: Ֆարուխն ասաց. «Նրանք փախչում էին, նրանց էլ այս գիշեր են բռնել,– ասաց.– խոսեք տիրոջ հետ»: Ձեռներն արձակված նրանցից ավագը հանեց գլխի թաշկինակը, խոնարհվեց մինչև գետին, ասաց. «Իմ անունը Ոսկեգույն Ուղտերի Արքա է, թող մեր տիրոջը հայտնի լինի՝ մենք մեր Աստծու խորհրդով ճանապարհն այլևս չենք կարող շարունակել: Մեր ուղտերը քարավանից չենք հանում, նրանց դիմաց մեզ հեռանալու իրավունք տվեք: Մեզ՝ ավազի բնակիչներիս, Աստված հայտնի է դարձրել. հետևել շնագայլերի ընթացքին և իմանալ, որ նրանք մեզ առաջնորդում են կարմիրը: Օր օրի խորանում ենք անապատի ավազուտների կրկնակի կարմրի մեջ, դա մահվան աշխարհի դարպասն է: Կարմիրը՝ գույներից ամենապայծառը, հերթականության մեջ ամենավերջինն է: Բովանդակությամբ՝ ամենաթույլը, հանգչողը, որն իր ավարտի մեջ սև է դառնում: Նրանով վերջանում է աշխարհը, կյանքը նրա մեջ է ավանդում շունչը: Ցուլը՝ Աստծու փոխանորդը երկրի վրա և երևելին իր իմացությամբ՝ նրան հանդիպելիս նետվում է մարտի: Կենդանական աշխարհը այդ գույնով տեսնում է արյան սպանվելն ու սարսափում է նրանից: Կարմիրը կենաց և մահու աշխարհների վերջին սահմանագիծն է, մահամատույցը, ուր հեղձամահ սևն է
բնակվում: Շնագայլերը Կարմիր Չար Ուժի կողմից այդ երկու աշխարհների միջև կարգված միջնորդներ են, հենց այդ նպատակով էլ նրանք աշխատում են գիշերուզօր, նրանք մեզ կտանեն մահվան երկիրը: Տե՛ր, շնագայլերը սպասում են գոյի անկմանը և առաջնորդում կարմրից կրկնակի կարմիր՝ գույնի հեղձամահ թուլության մեջ շրջապտույտ տալով, ուժասպառ անելով ուղտերին, դրության տերը կլինեն և քարավանը հետևները գցած՝ կտանեն անգոյության դաշտը: Ձեր ծառաները, երբ ձեզ ասում են, թե շոգից են դեղին ուղտերը փրփրակալած բերաններով պառկում տաք ավազների մեջ ու չեն ուզում գնալ, դուք չպետք է հավատաք, դա շոգից չէ: Լսեք ոսկեգույն ուղտի տնքոցը ու կհասկանաք, որ կարմիրն արդեն հետապնդում է ուղտին, ու նրա գլխի մեջ թանձր սևն է իջնում: Ամենակարող իշխան, մեզ իրավունք տվեք հեռանալ անապատից»: Զինվորները մտրակելով տարան նրանց:

«Տե՛ր, ավազաբնակների սարսափն է՛լ ավելի սաստկացրեց չկարգավորվող մի հանգամանք ևս: Կանանցից շատերի մոտ սկսվել է ամսեկանի ժամանակը, ու նրանք չեն կարողանում թաքցնել իրենց հիվանդությունը: Կանայք անընդհատ ճամբարի ներսում մեզ հետ միասին են և անհրաժեշտություն ունեն առանձնության, շրջակայքում ոչ մի թուփ չկա, իսկ հեռու՝ ավազաբլուրների հետևը, առյուծն ու շնագայլերն են: Կանայք իրենք իրենց իրավիճակից տագնապած են, ավազի բնակիչները՝ նույնպես. նրանց սովորույթն է՝ ճանապարհին կնոջ արյունը վատ նշան է. անասունների անկում կլինի, մարդկային միզակապություն, որդեսերման սերմի անպտղություն, կործանարար փոթորիկ, կրակե հողմ, սերմնակաթություն, խավարի թանձրության աննախադեպ հարձակում: Քարավանի տղամարդիկ մռայլ են, հատկապես ավազի վարձու բնակիչները. նրանք պահանջում են, որ կանայք հեռու մնան ջորիներից ու ուղտերից, դա անհնար է: Նրանք չեն կարող ավազի հատիկը ճաքեցնող այս տաք արևի տակ քայլելով տեղ հասնել: Զինվորներն էլ նրանց միացած՝ պահանջում են, որ նրանք ջրի տիկերին ու իրենց կերակուրներին չմոտենան: Կանայք ամոթից ինքնամփոփ ու ճնշված են, ընդհանուր սեղանին ճաշի չեն նստում, հրամայել եմ նրանց կերակրեն վրաններում: Արդեն երկրորդ օրն է՝ վարձկան ուղտատերերի պահանջով կանանոցի ներքինին արևածագի հետ վատառողջ կանանց վրաններից դուրս է հանում և, ի տես ամենքի, քարընկեց հեռավորության վրա՝ ավազներին գծած շրջանակների մեջ, նրանց ձեռքերն է
լվանում՝ արյան անմաքրության նշանը սրբելու համար և մեղմելու քարավանի տագնապը: Բայց գիշերը քարավանը լքած փախստականները հեռանալուց առաջ իրենց ընկերներին զգուշացրել են մոտալուտ ահասարսուռ վտանգի մասին: Տե՛ր, մենք պիտի գնանք հայկական վանքը, քարավանի ոգին բորբոք պահելու համար այնտեղից տիկերով ջուր ու գինի կվերցնենք, կանայք իրենց մաքրության գործերը կհոգան»:

Երբ հայոց նախարարները, մեծամեծերը, կուսակալները, գավառատերերը, գյուղերի դասպետները Արշակ թագավորին բռնադատեցին, շտապեցրին, ստիպեցին, որ անհապաղ իր գահից, իր երկրից ելնի ու գնա Պարսից աշխարհի Մեծ դուռը, Շապուհն էլ, նա՝ Լուսնի և Աստղերի ընկեր, արքայից արքան, վերցրեց ու Արշակ թագավորին բանտարկեց Խուժաստան աշխարհի Անհուշ բերդում: Դրաստամատն այլևս Հայաստան չվերադարձավ, մնաց Պարսից աշխարհում: Մեծ փրկագնով կախաղանից ազատեց Ֆարուխին, և նրանք երկուսով բազում միջոցների դիմեցին, շատ հնարքներ օգտագործեցին Արշակ արքային բերդից փախցնելու համար:

Ֆարուխը, տարիներ առաջ, պարսից Խուժաստան աշխարհի անապատի այս նույն ճանապարհով, որ հիմա բանտարկված Արշակ թագավորին երկրպագության գնացող բազմանդամ քարավանն է անցնում, ծառայի հետ երեսուն օր ճանապարհ գնաց, հասավ Անհուշ բերդ, բերդի կառավարչին ասաց. «Թափառական աստղահմա եմ, այս կողմերով էի անցնում, ասի՝ մտնեմ ձեզ ուրախացնեմ»: Կառավարիչը կասկածանքով է նայել եկվորին, հետո՝ թե. «Մո՛գ, արածդ ի՞նչ է, ի՞նչ կարող ես անել»: Ֆարուխը, թե. «Կարող եմ ամենազորեղ ուժերին կանչել ու երկինք, գետին խավարեցնել»: Բերդի կառավարիչը երկմտեց, վերևից նայեց անապատի բոլոր կողմերը, տեսավ եկվորները երկուսով են, այնքան էլ չվախեցավ, սակայն կասկածեց: Ֆարուխը բացեց ափն ու ցույց տվեց քրտնած, գինեգույն Սարդիոնը, ասաց. «Կառավարի՛չ, ով կհասկանա այս հմայիլ-հուռութքի վրա գրված բառը, կստանա բարձրագույն ազատություն, կդառնա անմահ, կիմանա, թե ինչպես է ծնվածը՝ կապված լուսնային օրերի հետ, և երբ երակ թողնի, ճաշակելով մեղքի բոլոր քաղցրությունները, կմնա անմեղ: Գրվածքը տառերով թվային յոթ երկնային բարձրությունների արտահայտությունն է: Այդ յոթ ոլորտներից վերև՝ աստվածների իշխանություններից, հրեշտակապետերից ու հրեշտակներից վերև ապրում է անանուն խավարը, որը գեղեցիկ է ամեն մի լույսից և հիասքանչ՝ գիշերային մթից, անսկիզբ է ու անծնունդ, ես կիջեցնեմ նրան՝ ի սարսափ աշխարհի, դու միայն ցանկացիր, կառավարի՛չ»:

Կառավարիչը, բերդի դարպասները նրանց դեմ բացելուց առաջ, զգուշության համար աշտարակի պահնորդ զինվորներին ուղարկեց ուղտի փորը ճղելու: Ֆարուխն ասաց. «Լսված բան չի, որ հյուրընկալողը անապատով անցնողի չորքոտանուն սպանի»: Կառավարիչն ասաց. «Եթե թափառական մոգը կարծում է, որ ինքը Հոմերոսի «Իլիականը» չի կարդացել, շատ իզուր»: Ասաց. «Քո կարծիքով, Տրոյան ինչպե՞ս գրավեցին, հենց այդպես, քաղաքի կառավարչի անփութության պատճառով, ձիու փորը զինվորներ նստեցրին ու քաղաքը գրավեցին»: Երբ ուղտի դին, պարսպից հեռու, ցիներին ու շնագայլերին կերակուր գցեցին, կառավարիչն ասաց. «Չնայած այսպես պետության և ինձ վրա թանկ է նստում, բայց ձեր մեկնելուց նոր ուղտ կտամ»,– ասաց. «Մո՛գ, դու գործդ արա, տեսնենք»: Ֆարուխը, թե. «Պիտի սենյակ լինի, որ աղոթք անեմ: Պիտի արևի ժամացույցի ստվերը գա ցերեկային օրվա վերջն ազդարարող Արփող ժամի վրա, ու ես նոր իրավունք կունենամ երկնային յոթ ոլորտներից այն կողմ ապրող ուժերին կանչելու»: Հետո նա, մի սենյակում առանձնացած, Սարդիոն քարի հետ մնաց: Սպիտակ, ատլասե շղարշը գցեց ուսերից մինչև գետին, ժամացույցի ցուցիչի ստվերը եկավ, կանգնեց ցերեկային վերջին Արփող ժամի վրա, ինքը բարձունքում, աշտարակին կանգնած, ձեռքերն արևելք ու արևմուտք պարզած, գինեգույն Սարդիոնը կրծքից կախած, գլուխը հետ գցած, երկնային ուժերին խնդրեց, պահանջեց, գոռաց. «Սալլի՛, իջի՛ր, տո՛ւր խավարում, տո՛ւր երկինք-գետնի ահաբեկիչ մթնեցում: Սալլի՛, լույսից գեղեցիկ խավար, իջի՛ր, իջի՛ր»: Ոչինչ էլ չպատահեց, կառավարիչն էլ տրամադրություն չուներ, նյարդայնացած էր՝ պահնորդ զինվորների մեջ սիրեկան ուներ, որը մահացել էր տիֆից: Երկուսին էլ մի լավ ճիպոտով ծեծել տվեց, հմայիլ-հուռութքը վերցրեց ու առանց ուղտի թողեց անապատ: Աշտարակից նրանց հետևից ճչաց, Ֆարուխին գոռաց. «Մո՜գ, մեկ էլ այս կողմերում երևաս, արվամոլների խուցը կգցեմ, որ ճաշակես մեղքերի բոլոր քաղցրություններն ու անմեղ մնաս»:

Նրանք քսան օր անապատը ոտքով կտրեցին, հասան Դրաստամատին: Դրաստամատը նրանց շերբեթ խմեցրեց ու գինու մրուր՝ յոթ տարի արևի տակ պահած: Արևահար, լպոկտված մարմիններին սագի յուղ քսեց: Մեկ շաբաթ անց Ֆարուխի լեզուն բացվեց, ասաց. «Տե՛ր, արևի խավարում չեղավ: Ծիսակատարությունը ցուցման նմանողականությամբ կատարեցի, խավարման հմայությունը ասացի, գոռացի, ճչացի, չեղավ: Հայաստանի մոգերի ուղարկած գիտությունը չկատարվեց»: Նրանք կարդացին Տարոնի տաճարից ուղարկած «Նշանագիր իմաստնոց» գիրքը, տեսան, որ գրքի նշածով արևի խավարում պիտի լիներ: Դրաստամատը գրքի աղյուսակների վրա գիշերուզօր գլուխ ջարդեց ու պարզեց, որ նահանջ տարիները իրենք չեն նկատել, եթե նահանջ տարիներն էլ հաշվարկած լինեին, այդքան ցանկալի խավարումը շարժական տասը օրերի միջև պիտի լիներ: Եվ տասն օր հետո Պարսից աշխարհի վրա երեքօրյա արևի խավարում եղավ, հողմահարված խավարը ծածկեց երկիրը, և ամեն մի կենդանի շունչ իր գտնված դիրքում քարացավ, մարդկանցից շատերը գետինը ճեղքեցին, գլուխները թաքցրին պատռվածքի մեջ, իսկ հողագնդի վրա մարդկային երևակայության չար և բարի կրքերով ստեղծված շատ արժեքներ՝ հարստություն, տաճարներ, գերեզմանոցներ, եկեղեցիներ և արգելափակոցներում բանտարկվածներ մնացին անտերունչ, գրքի նշածով խավարում եղավ և այնպիսի մի խավարում, որ գողերը նույնիսկ Շապուհ արքայի թագի ամենամեծ ադամանդը գողացան:

Հայոց Ահեկան ամսի քսանին մեկ մոդ սերմնացուն հարյուրապատիկ բերք էր տվել, ցորենի մեկ հասկը վաթսուն հատիկ էր կծղավորել, խաղողի մի հնձանից երկու հարյուր տիկ գինի էր հանվել, խոշոր ու մանր կճղակավորների երկու ծին ու երկու խուզ էր եղել: Այդ օրը Մարդպետական նախարարությունից Դրաստամատին Արամազդի տաճարն էին տանում գիշերով։ Քրիստոնեական կուսակցությունը ներքինիացնելը համարում էր մահացու մեղք։ Նրան տանում էին գորգի մեջ փաթաթած։ Դրաստամատը գլանվածքի անցքից լսում էր հեռվից եկող շների հաչոցն ու աքլորների կանչը։ Տեսնում էր սայլի ճաղերից պարանով կապված ողջակիզացու սպիտակ արջառին, լուսնի կաթնագույն լույսի մեջ՝ կապույտ ու հաղթանդամ, պարանոցն ու ճակատը զարդարված գույնզգույն ծոպերով ու լսում էր նրա կճղակների մեջ ընդ մեջ բախյունը ճանապարհի հանդիպակաց քարերին ու տարածության մեջ պարպվող նրա փնչոցը: Նա գորգի փոքրիկ անցքից նայում էր աստղերին, միտքը պահում նրանց շարվածքը, որ փախուստի ժամանակ տունդարձի ճանապարհը չկորցնի, այդ օրերին Մարդպետական նախարարության տարածքներում թափառող երեք վհուկների ձեռքը չընկնի, գա հասնի տուն։

Նրա հայր Գարջույլը՝ պղնձաձույլ Արամազդ աստծու առաջ ծնկաչոք, նրա մանուկ որդին կողքին՝ ծնկաչոք ու դողահար, բարակ բատիստե սպիտակ շապիկի մեջ։ Գարջույլի երկուհարյուրանոց ասպազեն գունդը, զգոն ու վճռական՝ արարողության անցաբանը չիմացողների համար, փակել էր տաճարի ելք ու մուտքը: Գարջույլը ձեռքը դրեց տղայի գլխին՝ իր առաջնեկին, երկրի նախնյաց կարգին համաձայն՝ ասաց. «Զոհաբերում եմ թագավորին»։ Պատմուճանը հետ տարավ, այծի բրդից գործած կարմիր տոպրակով արծաթն ու ոսկին դրեց Աստծու ոտքերի առաջ, ասաց. «Դվին մայրաքաղաքում ընդունված համընդհանուր կշեռքով՝ երեսուն դրամ արծաթ, երեսուն դրամ ոսկի եմ նվիրաբերում Արամազդին։ Երեսուն տիկ գինի, երեսուն քուզա կաթ, ոչխարի խուզից երեսուն հակ բուրդ եմ նվիրաբերում տաճարին»։

Թմբուկները հնչեցին, կապուտակ վարագույրը բացվեց, կարմիր և սպիտակ հանդերձներով դուրս եկան տաճարի բարձրագույն աստիճաններին ձեռնադրված խորհրդագետները, հայեցողները, մարգարեներն ու քրմերը: Նրանց մեջ Արամազդի սրբազան նշանակություն ունեցող ոգին զարթեցնելու համար սպասավորները արծաթե անոթներով կարմիր գինու մրուրի հետ խառնած սև կակաչի հյութ մատուցեցին։ Նրանց ոտքերի առջև դրեցին ծխացող խունկը, ու կարմիր ծանր վարագույրը հետ գնաց, ոսկեզօծած պոզերով ու կճղակներով, Գարջույլի՝ Արամազդին նվիրած հրե ցուլը բերեցին։ Կարդացող դպիրը նստեց նրա կճղակների մոտ ու կարդաց Արամազդին փառաբանող աղոթքը, ու բոլորը նրա հետ աղաղակեցին. «Դու մա՛յր, դու կի՛ն, դու արո՛ւ Արամազդ, Արամա՛զդ»։ Տաճարի առաջին քուրմ Ողյումպը անուշահոտ խնկով օծեց ցլի դունչը, ու նրան տարան արյան ավազանի մոտ։ Հետո տաճարի հայեցողը մոտեցավ ողջակիզության համար արդեն մորթված, արջառի միսը շարած սեղանին և նրա տակ վառեց սրբազան կրակը։ Սրինգների և լարաձայն գործիքների նվագի տակ, ծիրանագույն և կարմիր վարագույրների ծալքերից մերկ դուրս եկավ ամլության Խարման աստծուն ծառայող քրմուհին ու մյուս զոհասեղանի վրա պառկած Դրաստամատի շուրջը պարեց:

Վախեցած Դրաստամատն ուզում էր լացել, բայց երբ քրմուհին փափուկ ստինքները, ստինքների պտուկները քսեց ու գոլ շնչով ումպ-ումպ համբուրեց նրա ամորձիքը, խտուտից լացը ժպիտ դարձավ, ու այդ պահին ականջին աքլորի կանչ հասավ։ Քրմուհին տաճարի մարգարեից իմացավ տիեզերքի խորհուրդն ու բոլորին բարձր հայտարարեց. «Երկնքում աստղերի դասավորությունը այս պահին զոհն ընդունելի է համարում, իսկ Երևակ մոլորակը չեզոք դիրք է բռնել, մենք ընդունում ենք եկվորին»։

Թմբուկներին հարվածվող անընդհատ նույն ռիթմը, բայց միշտ ուրիշ և ուրիշ հնչեղությամբ, անցնում էր օդի, տաճարի ու մասնակիցների միջով, մարմինները տրվում էին նրան։ Երգչախումբը հիմնի Արամազդ բառին ձայնակցում էր արցունքահոս: Տաճարի չորս անկյուններում վառվեցին յոթնաջահ աշտանակները, կապուտակ-ծիրանագույն ու կրկնակի կարմիր վարագույրները բացվեցին, դուրս եկավ ոսկե պոզերով, պտղաբերության Անահիտ դիցուհուն ծառայող քրմուհին։ Թմբուկների զարկերի տակ նրան ուղեկցում էին կենդանակերպ մորթիներով փաթաթված քրմերը։ Անուշահոտ ծխերի բուրմունքը վրան՝ քրմուհին Դրաստամատի պառկած սեղանի շուրջ մերկ պարում էր՝ զնգզնգացնելով թևերի ու ոտքերի ապարանջաններն ու փորձում արծաթե
գավով թուրմը խմեցնել նրան։ Նա զարմացած էր քրմուհու ոսկե պոզերի մեջ ամրացված հուրհրացող արևով, դողում էր և չէր ուզում խմել: Վագրի ու շան մորթով երկու քրմերը Դրաստամատին շատ արագ ոսկեհյուս պարանով ոտքերից ու ձեռքերից կապեցին սեղանի չորս անկյունների եղջյուրներից: Նա դարձյալ չէր ուզում խմել: Նրա կողքին կանգնած հայրն ասաց. «Չլացես, որ չլացես, սպիտակ նժույգը քեզ եմ նվիրելու և ինձ հետ տանելու եմ կարմիր ծառերի անտառ՝ վարազի որսի»։ Դրաստամատն ասաց. «Իմ տիրոջ բեղի տակ շրթունքը դողում է, բա ինչո՞ւ է նրա շրթունքը դողում»։ Գարջույլն ասաց. «Իզուր չես խմում քրմուհու տված թուրմը։ Խմի՛ր, որ մեր տոհմը հաճո լինի ամենակարող Արամազդին: Այս տարվա նման, եկող տարի մեր մանր ու խոշոր կճղակավոր չորքոտանուն զույգ ծին տա, ոչխարի խուզը տարեկան երկու անգամ լինի, ու մեկ մոդ սերմնացուն հարյուրապատիկ բերք տա»: Դրաստամատը հարցրեց. «Իմ տիրոջը արդյոք հաստատապես հայտնի՞ է, որ այն սպիտակ-կապույտ ցլի ողջակիզությունը Աստված հայրիկի՝ իմ տիրոջ շատ սիրելի առաջնեկ, կապուտաչ որդու փոխարեն ընդունելի և բավարար կհամարի՞»: «Հաստատապես պարզ է, այստեղ եղող բոլորին հայտնի է, որ հայրիկի կապուտաչ, ոսկեգանգուր տղային Աստված խնայել է ու ցլին ընդունել: Հայրիկի շատ սիրելի առաջնեկ տղան թող մտածի, որ իր տիրոջ շրթունքի դողալը հովիվների դեմ զայրույթից է: Ճանապարհին լրաբերը հաղորդեց, որ նախարարության սահմաններում թափառող երեք վհուկները ոչխարի հոտից չորս խոյ են գողացել»,– ասաց Գարջույլը: «Նշանակում է՝ այդ չորս խոյերն էլ իմ տիրոջ առաջնեկ որդու փոխարեն ընդունեց Աստված, և իմ սիրելի հայրիկի ձեռքերի դողալը կապ չունի տանը հուսակոտոր մայրիկի՝ իր մեղրաշուրթ տղայի համար կոծ անելու հետ։ Պատճառը վհուկներն են ու չորս խոյերը։ Տանը սուգ մտած մայրիկը, ուրեմն, իզուր է մազերին մոխիր լցնում»: Գարջույլն ասաց. «Ճիշտ է ասում խորաթափանց, ճշմարտությանը հասու, խելացի տղան»։ «Իմ տերը հաստատապես գիտե՞, որ իր խորաթափանց և ճշմարտությանը հասու խելացի տղային ոչ քարե դանակը կհասնի և ոչ աստվածների կրակը, ու իմ տիրոջ ճակատին շարված քրտինքի կաթիլները չե՞ն գալիս նրա հոգու տագնապից»: «Հայրիկի շատ սիրելի առաջնեկ որդին թող միանշանակ իմանա, որ նրան ոչ դանակը կհասնի, ոչ աստվածների կրակը: Պարզապես նրան սեղանի վրա քնել է պետք, որ մեծահամբավ Արամազդ աստված նրա մեջ իմաստության լույսը սերմանի»: Դրաստամատը շրթունքները մոտեցրեց գավին, հետո դրսից ձիու խրխինջ լսեց ու ավելի ուժգին՝ աքլորի երրորդ կանչը։

Ողյումպ քուրմը, օբսիդիան քարից դանակը ձեռքին, մոտեցավ թուրմից քնած Դրաստամատին: Նրա ծնկի տակ բարձ դրեցին, մինչև տասը հաշվելու չափ ժամանակ անցավ ու մորթե կեղևից հանած ամորձիքը տարավ, գցեց Արամազդի առաջ ողջակեզի համար վառվող սրբազան կրակի մեջ, ու մսի հոտը, անուշահոտ խնկի ծխի հետ միախառնված, բարձրացավ առ Աստված։ Քրմապետը նորից չոքեց բարձին ու բարձրացավ, ճեղքված կեղևից փողորակի մեջ առած արյունը քսեց ողջակեզի սեղանի չորս եղջյուրներին ու Արամազդի ոտնաթաթերին։ Ոսկե մատուցարանով սրբազան, բարակ ալյուր բերեցին, ալյուրը դարձյալ արյունով սրսկեց ու այրեց աստվածների կրակով։ Տաճարի առաջին մարգարեն հայտարարեց. «Երկնքում մոլորակներից ամենակատարյալ Աստված Արեգակը այսօր՝ եբրայական Միհրշրվան, Ասորական Թշրին Հրա, հայոց Ահեկան ամիսների տասնիննին, գիշերվա Կամավոտ ժամին մտել է Կարիճ համաստեղությունը, որը համապատասխանում է մարդու առնանդամին, և Հրատի, Արեգակի ու Լուսաբերի գոտիներում գերիշխում է Հայաստան աշխարհին, Հռասափ հողմին, որը փչում է հարավ-արևելյան կողմից։ Ժամը պատեհ է և հաճո երկնային ուժերին։ Ընտրյալը գալիս է առ Աստված և դեպի քեզ, թագավոր, որպես հավատարիմ ծառա՝ երկնային ուժերից առաքված, նրա ծնունդը լուսնի տասնութերորդ օրն է, առողջությունը կատարյալ կլինի, նախանշված է՝ երկարակյաց լինի, հիվանդանալու դեպքում՝ մահ չկա, ընդամենը երեք օր կտագնապի ու արագ կառողջանա՝ նրա համար շահաբեր երակ թողնելու միջոցով, թող ընդունելի լինի»։

Բորբոքված կրակի վրա այրած ամորձիքի և արյունաշաղախ ալյուրի մոխիրը տաճարի սպասավորները լուծեցին ջրի հետ և լցրին բակի սուրբ սոսիների արմատներին, որ հետագայում, ծառի տերևների սոսափյունով, տաճարի մարգարեները գուշակեն Դրաստամատի՝ թագավորին նվիրվածության աստիճանը:

Դրաստամատը, երբ արթնացավ, երջանիկ էր։ Քրմերի նման երկար, բատիստե սպիտակ շապիկ էր հագած ու մեջքին կապած կարմրածուփ գոտու ծայրերը գետնին էին կպնում։ Նրան անհանգստացնողն աճուկների ցավն էր, իսկ առողջացման օրերին Դրաստամատին խնամող Արձան քուրմը հետևում էր, որ նա ձեռները չխոթի շապիկի տակ, չվախեցնի պորտի տակ կանգնած սպիտակ թիթեռին: Ու երբ լրացավ Արեգակի Կարիճ համաստեղությունում լինելու երեսուն օրը, հինգ ժամը, չորս մասը և վերին կիսագնդերով անցնելու երեք հարյուր վաթսունհինգ ցերեկային ժամերի և չորս մասերի ժամանակը, քուրմըն արձակեց Դրաստամատի վերքին կապված բանդը, ու սպիտակ թիթեռը թռավ նրա գրկից՝ զարմացած հայացքի և իր ու Արձան քուրմի ծիծաղի տակ։ Ու կապույտ շապիկ հագցրին։ Երկու և կրկնակի անգամ լուսնկան ամիս անցավ, երկու և կրկնակի անգամ մազերը սափրեցին և հինգերորդ, վեցերորդ լուսնկան ամիսներին՝ քրմերի հետ անցկացրեց լուսատուների և աստղերի լույսի տակ, տաճարի երկնքի դիտանոց աշտարակին։ Հետևելով տիեզերքի անսահմանության մեջ լուսատուների ու մոլորակների իմաստությամբ լեցուն տեղաշարժերին՝ քուրմը տեսցրեց նրան երկինքը և վարժեցրեց մոլորակները և լուսատուները ժամադետի կողմից՝ կրկնամասերի, մանրամասնակների և մանրաերկրորդականների բաժանման հմտություններին: Հետո՝ մինչև սեղանատամի ընկնելը, անցկացրեց քրմական գիտության դպրանոցում՝ Արամազդի գրչի դիվանի՝ երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտասանության ուսման մեհյանում։ Սովորեց գաղտնիքների աղյուսակն ու նրա բացման բանալին։ Ուսուցիչ քուրմը ցույց տվեց թիվը, ասաց. «Թիվը իր մեջ պահում է առարկաների գաղտնիքը, իսկ համաշխարհային ներդաշնակություն ասածը Աստծու արտահայտությունն է։ Տես, յոթ լարաձայն նվագարանի՝ յոթ սրբազան տոնայնությունը համապատասխանում է յոթ գույնին լույսի, յոթ մոլորակներին և յոթ տեսակին գոյի՝ նյութական և հոգևոր կյանքի բոլոր ոլորտներում կրկնվող։ Սա իմաստության առաջին օրենքն է, խորաթափանց եղիր և հիշիր»: «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը: «Շատ լավ,– ասաց Արձան քուրմը,– գտիր լուսնային ժամերը»: Դրաստամատը բարձրաձայն հաշվեց. «Երբ լուսինը մեկ օրական է, կրկնապատկիր այն՝ կլինի երկու, երկուսը չորեքպատկիր՝ կլինի ութ, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ մաս՝ կմնա երեք, կրկնապատկիր այն՝ կլինի վեց, նրանից մեկ ժամի համար հանիր հինգ՝ կմնա մեկը, այն էլ կիսաժամի մասն է»: Եվ դարձյալ նրան փորձեց Արձան քուրմը։ Գիշերով դուրս հանեց, կանգնեցրեց վերջ ու սահման չունեցող աստղալից երկնքի դիմաց, ասաց. «Բաժանիր այն»: Դրաստամատն անսահման երկինքը բաժանեց տասներկու կենդանակերպ համաստեղությունների միջև: Ասաց. «Ուսուցիչ, կան աստղեր, որոնք մշտնջենավոր են՝ ոչ մոլորվում, ոչ շեղվում են իրենց սեփական շավղից, ինչպես մոլորակները, այլ միշտ նույն ճանապարհն ընթանալով՝ կատարում են իրենց ընթացքը։ Սրանցից տասներկուսն են գլխավորը և կոչվում են կենդանակերպեր։ Նրանք շարժվում են յոթ մոլորակների գերիշխանության տակ։ Ու դուրս են աստղատներից, այդ պատճառով էլ կոչվում են աստվածներ, իսկ մյուս աստղերն ու լուսատուները բաժանված են այս տասներկու աստվածների գերակայության տակ»։ Նրա վրայից հանեցին կապույտ շապիկը և տարան արքունիք, արքայազնի մոտ։

Նա արդեն սովորել էր գիտությունը հանքանյութերի և բույսերի մասին, մարդու և ժողովուրդների պատմությունը, գիտեր ճարտարապետությունը, աստղագիտությունն ու սրբազան երաժշտությունը, սովորել էր հիվանդությունների, դեղերի և մարդկային մարմնի մասին ամենակարևորները։ Եվ ուսուցիչ Արձան քրմի ցուցումով, մինչև տասնվեց տարին լրանալը, քնեց արքայազնի ծոցն ու սովորեց հուզմունքի, սարսափի, երջանկության, վախի պահերին թագաժառանգի մարմնից արձակվող բուրմունքների տարատեսակներին ու նրանց՝ այդ անտեսանելի բույրերի ազդակներով գուշակեց թագաժառանգի համար վտանգ պարունակող առարկաների տեղն ու հեռավորությունը և ճշտեց այդ ակնթարթին իր գտնվելու անհրաժեշտ անսխալ կետը՝ նրան պաշտպանելու համար, քանի որ նա միանշանակ գիտեր, որ մարմնի անդամները համադրվում են տիեզերքի կենդանակերպի հետ, ու ամեն ինչ ղեկավարվում է Արեգակով և Լուսնով, ու հողագնդի վրա գտնվողներից ոչ մի բան, տեսանելի և թե անտեսանելի, լինի բուրմունք, երջանկություն և թե դարանակալ մահ, նրանց ենթակայությունից դուրս չէ, ուստի հասկացավ, որ ամեն պահ անհրաժեշտ է սթափ լինել, քննել ու գտնել Արեգակի և Լուսնի շարժումների առանձնահատկությունները և իմանալ, թե ինչ ներազդեցություն է հատուկ նրանցից ամեն մեկին։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը: Քուրմն ասաց. «Քանի որ Արեգակին վիճակ է ընկել ցերեկը, ուստի նրա համաստեղության նշանը արական է ու ծագումն՝ արևելքից: Նրա զինակիրներն են Հրատ և Լուսաբեր աստղերը»: Արձան քուրմն ասաց. «Դու արդեն գիտես, որ Փայլածուն իր բնույթով չեզոք է և փայլում է Արեգակի ծագման ժամանակ արևելյան կողմից։ Իսկ Լուսինը, ծագելով արևմտյան կողմից, դարձյալ ունի չեզոք բնույթ. բարություն սփռող աստղի հետ լինելիս բարություն է տալիս, չարություն տվող աստղի հետ լինելիս՝ չարություն»։ Արձան քուրմն ասաց. «Դու պարտավոր ես այդ երկու աստվածների առանձնահատկություններն իմանալ ու ճարտար հաշվարկներով թագաժառանգի հարաբերությունները այնպես ստեղծել, որ նրանց չարության փուլերը չներազդեն նրա վրա, ու նա երկնային լուսատուների հետ ապրի հաշտ ու խաղաղ, հողագնդի վրա լինի իբրև մի երրորդ Աստվածություն»։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը:

Արձան քուրմը քրիստոնեական ուսմունքի դասընթացներ անցկացրեց։ Սուրբ գիրքը կարդաց ու ցույց տվեց Աստծու Որդու անձնական միայնակությունը, նրա հնազանդությունը՝ իր իսկ ուսերին դրված փայտին։ Ցույց տվեց լուսնյակ գիշերվա նրա ընթրիքը պարտեզում ընկերների հետ. «Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց և նրանց տվեց, և ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է… Այնպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ և ասաց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով»:

«Դու նրա խոսքը լսիր սրտով ու գործը քննիր՝ տես, թե նա՝ Մեծ ուսուցիչը, ո՞ւր էր հասել: Թեև քրիստոնյաները չեն ընդունում այս իրողությունը, բայց իրականում նա իրոք, իր մարմնից կտրել ու խառնել էր հացին և իր արյունը լցրել էր գինու մեջ ու կերակրել իր տասներկու աշակերտներին։ Նրանց ուսուցչապետն իր հոգին ու մարմինը այնպես էր կրթել, որ տիեզերքի բարդ օրենքներից հանել էր ու հասցրել բացարձակ ճշմարտության, որը և անմահությունն է։ Դու խորաթափանց եղիր և արդեն շատ բան գիտես մոլորակների գաղտնիքների մասին և կհասկանաս, որ Աստծու Որդին, իր մարմնական մահից հետո փոխակերպվելով բացարձակի ու լինելով մեկ ուրիշ ժամանակի մեջ, կարող էր իր միսն ու արյունը ճաշակած աշակերտների հետ այստեղ, աշխարհի վրա հաղորդակցվել, բայց ինչ պատահեց»,– Արձան քուրմը տասներկուսի միջից ջոկեց, հանեց Հուդային, ասաց. «Ահա, դու տես և ճանաչիր նրան, սա մանանեխի հատիկի չափ հավատ կրող այն մեկն է, որի միջոցով Աստծու Որդին պիտի փրկեր աշխարհն ու մարդուն, բայց այդ միջոցին նա արդեն ձեռքը Փրկիչի հետ մտցրել էր պնակը ու վաղուց երեսուն արծաթով վաճառել էր նրան ու Աստծու Որդուն այլևս չէր ճանաչում, մինչև լուսադեմին աքաղաղը երրորդ անգամ կկանչեր»։ Դրաստամատը հասկացավ ու սովորեց սրի հարվածի ժամանակ իր մարմնով պաշտպանել թագաժառանգի սիրտը։ «Ավելին ուսուցանիր ինձ, տեր իմ Արձան քուրմ»,– ասաց Դրաստամատը։

Երկրի չորս ծագերից ու աշխարհի տարբեր վայրերից հրավիրված լավագույն բժիշկները, բժշկապետ քրմի հետ, նրան ասացին. «Մարմինը, տիեզերքի օրինակով, երրորդությամբ է ստեղծված՝ պինդ, հեղուկ և եթերային նյութերից»։ Ասացին. «Մարմնի հոգեկան աշխարհի առաջնորդը՝ մարմնի շարժողականության աղբյուրը, լյարդն է,– ասին,– Իսկ մարմնի հիվանդության պատճառը որոնիր նրա արտաթորանքի մեջ…»: Եվ երբ թագաժառանգը բարձրանում էր գիշերանոթի վրայից, նա, բժշկապետ քրմի, մասնագետ բժիշկների հետ, չորեքթաթ՝ հոտոտում էր պարունակությունը՝ նրա մարմինը և հիվանդությունները ճանաչելու համար։ Նա սկզբից գիշերանոթի, հետո թագաժառանգի ու աշխարհի դեմ զզվանքը հաղթահարեց, հետո բոլորին հակառակ՝ տեսավ ու հասկացավ, որ առաջ թագավորն է, հետո նոր՝ Աստված։ Ծնկաչոք, հենց ոսկե գիշերանոթի վրա կռացած, աղաղակեց. «Մեղա քեզ, Աստված»։

Պատանության տարիներին, երբ նրա աղվամազը սկսի նոր սևին տալ, կհասկանա իր համար անդառնալին։ Անտառի փեշին, թագաժառանգի հետ զինավարժությունների ժամանակ, կզգա ոտքերի տակ հողի տրոփյունը, հետո՝ քառատրոփ վազքից՝ հողի դղրդոցը, հետո՝ օդի տատանումից առաջացած ալիքը, գլորվելն ու շեշտակի հարվածը՝ սկզբից մոտակայքում իր պոչի հետ գզվռտվող, իր պոչի հետևից շրջապտույտ վազող որսկան բարակ շանը։ Հարվածող ալիքից սարսափած՝ բարակը կլանչելով իրեն անտառ կգցի, ու նոր ինքը կտեսնի սուրացող կարմիր աչքերով ցլին՝ անտառի կապույտից պոկված: Ցուլը, սահմռկեցուցիչ բառաչով, առանց ընթացքը դադարեցնելու, կգա ու կթռչի բացատում արածող կովի վրա։ Կովը կերերա ու չի ընկնի: Կովի առջևի ոտները կծալվեն, ծնկները կխրվեն հողի մեջ, ու նորից կկանգնի, անտառի կապույտի մեջ կպարպվի կովի տնքոցը։ Դրաստամատը կրքից կայծկլտացող թագաժառանգի աչքերին կնայի ու չի հասկանա եղելությունը։ Միայն աչքերի կարմիրը կորցրած ցուլի իջնել-նահանջելուց, որսկան բարակի ծառի թիկունքից դուրս գալուց հետո դողէրոցք կունենա: Հողի դմփդմփոցն ու կովի տնքոցը անտառի կապույտի հետ կլցվեն ոսկորների ու նյարդերի մեջ, կհասկանա: Զույգ ձեռներով կհափշտակի կապայի առաջամասը ու կաղաղակի, կգոռա թագաժառանգ Արշակի քիթ ու բերանին. «Չի կարող պատահի՝ իմս մեռած, ճլորած լինի»: Շրջակա լեռները, Դրաստամատին արձագանք տված, կաղաղակեն, կգոռան: Վանդակների տանիքներին նստած որսկան բազեները սարսափած կթռչեն, կգնան:

Արշակ թագաժառանգը նրա ուսը կսեղմի, կասի. «Փաստաթղթերը՝ քո պատվի ու իշխանության նշաններն էլ են պատրաստ։

Թագավորը հրաման է տվել. այսօր արքունիքում քո նոր անվանակոչության արարողությունն է կայանալու, և ի լուր համայն Հայոց աշխարհի՝ դու անվանվելու ես հայր թագավորի, ու քո տնօրինությանն են հանձնվելու այն բերդերը, որտեղ պահվում են արքունի հարստություններն ու գանձերը: Դու պատվով ու դիրքով մեր երկրի առաջին մարդն ես լինելու»։ Նա թագաժառանգի խոսքը մինչև վերջ չի լսի, կցատկի մոտիկ արածող ձիուն։ Կգա, կհասնի հոր՝ Գարջույլ իշխանի դաստակերտը: Զարմանքից շվարած ծնողներին, կարգի համաձայն, չի երկրպագի: Ախոռից կհանի այն սպիտակ նժույգը, որ հայրն Արամազդի տաճարում խոստացել էր իրեն նվիրել ու կարմիր եղեգների անտառ վարազի որսի տանել: Նժույգը կքաշի, կբերի ապարանքի մարմարե աստիճանների մոտ ու հոր ոտքերի առաջ սրախողխող կանի՝ արյունը ցայտեցնելով նրա ոտքերին ու սպիտակ մարմարին: Մինչև դաստակերտից դուրս գալը՝ կդառնա, խաղողի վազերի տակից մի բուռ խոտ կպոկի, խոտով արյունոտ ձեռքերը կմաքրի, ինքն, արդեն դարպասից դուրս, խոտը կշպրտի բակ, մորը կասի. «Բադը, հավը ձագին կարողանում են խնայել, մայրիկը իր մեղրաշուրթ առաջնեկին չկարողացա՞վ պահել»: Տնեցիները՝ քույր ու եղբայրները, ծառաները, կցանկանան բան հասկանալ ու չեն հասկանա։ Միայն լացող մայրը նրա փարթամացող մարմնի տեսքից ու ձայնի չառնականացող, բարակ, մեղմահունչ երանգից կգուշակի եղելությունը: Իսկ բեղի տակ դողացող շրթունքով հայրը կհասկանա, որ Դրաստամատն այլևս չի հավատում նախարարության սահմաններում թափառող երեք վհուկների պատմությանը:

Այդ պահին դաստակերտի սահմաններից դուրս Արշակ թագաժառանգը, ձին թավիշ խոտի մեջ արձակած, ինքը ձիթենու ծառի տակ պառկած, նրան էր սպասում։

Նույն այդ գիշեր, գիզակ ժամին Արամազդի տաճարի պուրակում սուրբ սոսիների տերևները սկսեցին սոսափել: Տաճարի հայեցողներն ու մարգարե քրմերն իրենց լսածը մեկնաբանեցին։ Պայծառատեսության մեջ անսխալ ասացին. «Դրաստամատին տիեզերքի լուսատու աստվածները մտցրին անսահման միայնակության փուլ։ Նա՝ վերջնական ու անմնացորդ, արդեն նվիրվել է թագաժառանգին»։

 

Երբ յոթ տարի Հայոց աշխարհը պատերազմ մղեց Պարսից թագավորի դեմ, երբ այդ պատերազմից ձանձրացան ու քայքայման սկիզբ դրեցին և սկսեցին հայոց տերության բանակից քակվել ու հեռանալ մեծամեծ նախարարները, երբ նրանց սահմանամերձ և գաղափարակից ազնվականությունը՝ նույնպես, բոլորը միասին ապստամբեցին Հայոց Արշակ արքայի դեմ, երբ նաև միջնաշխարհում մնացածները երկմտեցին թագավորից և չէին կամենում նրան լսել ու որևէ հրաման կատարել, ու երբ այդպես հայոց թագավորությունը տրոհվեց, երբ Արշակ արքան Պարսից աշխարհի Անհուշ բերդում արգելափակվեց ու արծաթ շղթաներով պատերին գամվեց, Դրաստամատը Պարսից աշխարհում մնաց ու Ֆարուխի հետ թագավորի համար հնարավոր և անհնար միջոցներով փախուստի ճանապարհներ էր որոնում, նա այդ տարիքում բժշկագիտության մեջ արդեն այնքան գիտակ ու իմաստնացած էր և այնքան էր առաջ գնացել, որ նրան հրավիրում էին տարբեր երկրներ՝ բժշկագիտության վիճաբանական հարցեր մեկնելու։

Նրան լուր են բերել Հայաստանից երթևեկ քարավանապետները, ասել են. «Դրաստամատ ներքինի, եթե հնար ունես, հասիր մեր աշխարհ: Արշակի որդի Պապ թագավորին հոգևորականներն ու նախարարները բզկտում են, մեղադրանք կարդում։ Հասիր Եկեղյաց գավառ, քո խոսքն ասա, դու բժշկագիտությունից հասկանում ես, շատ երկրների տերեր ականջալուր են եղել քո խոսքի ճշմարտությանը»։

Երկու օրում եկել, հասել էր Հայաստան, կանգնել էր Խախ ավանում, դագաղի մեջ պառկած Ներսես կաթողիկոսի գլխավերևը, ձեռքերը կրծքին ծալած լսել մահացածի անունից հոգևորականների ու խռովահույզ նախարարների մեղադրանքը: Ասել էր. «Չի կարող պատահի,– ասել էր,– այդպիսի թունավորման պատմություն չկա, բժշկությունը ժխտում է»: Ասել են. «Դու շահագրգիռ կողմ ես։ Բա ինչո՞ւ կաթողիկոսը, որ մտավ Պապ թագավորի մոտ, իրեն առույգ էր զգում, գինի խմելուց հետո հանկարծ նվաղեց։ Մենք մեր աչքով ենք տեսել, երբ եկավ կացարան ու պարեգոտը արձակեց, սրտի վրա մի սև կետ էր՝ դրամի մեծության, հետո աստիճանաբար տարածվեց, դարձավ նկանակի չափ»: Ասել են. «Իզուր են քո չարչարանքները, դժվար թե քեզ հավատանք։ Դու շահագրգիռ կողմ ես։ Համ էլ այս աշխարհից փոխվելուց առաջ կաթողիկոսի բերանից գունդ-գունդ արյուն էր գալիս, ինչո՞ւ», Դրաստամատը՝ թե. «Ինչը որ տեսել եք, Մանեճ իշխան, ճիշտ եք նկատել, բայց հո դուք չէի՞ք կարող տեսնել կաթողիկոսի ներսը, թե ինչպես թոքի մեջ երակը ծակվեց»։ Ասել են. «Հնարում ես: Շահագրգիռ կողմ ես ու հնարում ես»: Դրաստամատն ասել էր. «Ձեր մի թագավորը օտար աշխարհի բանտի հացն է ուտում, իսկ այս մյուսին՝ Վաղես կայսեր հրամանով Տերենտիոս դուքսը բերեց, գաղտագողի Հայաստան աշխարհի գլուխ դրեց, որն անգամ թագավորական տիտղոս չունի, նա ձեր այս ամբաստանություններով կմերժվի ժողովրդից։ Մտածելու առիթ կա, թեև քիչ չէ նաև ճակատագրի ծաղրը, բերեք մտածենք, խաղաղվենք ու դիահերձենք»: Ասել են. «Քրիստոնյային կդիահերձե՞ն, այն էլ՝ կաթողիկոս առաջնորդի՞ն»: Դրաստամատը հարցրել է. «Թագավորին կհալածե՞ն, կամբաստանե՞ն գահ անգամ չունեցող թագավորին, երբ աշխարհի ամենամեծ՝ Քաղդեական բժշկագիտությունը մի դեպք անգամ չի նշում նմանաձև թունավորման»։

Քանի որ Հունաց աշխարհում օրենք գոյություն ուներ՝ կասկածելի դեպքերի համար Կեսարիա, Հունաց պատրիարքի մոտ թղթի վրա դեպքերի ու պատահարի նկարագրությամբ դեսպան են ուղարկել: Գնացել տեսել, եկել ասել է. «Կարելի է»: Հոգևոր դասի ու կասկածող, չհավատացող իշխանների աչքի առաջ դիահերձել են Ներսես կաթողիկոսին, տեսել են՝ թոքի մեջ մի մեծ երակ էր ծակված։

 

Մի օր՝ արքունական խորհրդակցությունից հետո, երբ նրանք երկուսով են մնացել ու զբոսնել են թագավորական տան պարտեզում, Դրաստամատն Արշակ արքային ասել է. «Մեր մարդիկ եկել են Պարսից աշխարհից: Տեղեկություններն հավաստի են, նրանք պատրաստվում են պատերազմի»: Պարտեզում աշխատող ստրուկները գետնատարած երկրպագել են թագավորին։ «Իսկ Ներսես կաթողիկոսն ի՞նչ է անում, տեղեկություններ ունե՞ք։ Պատերազմը հասկանալի է, մենք նրանց՝ բյուզանդացիների հետ վարած բանակցություններից համարյա թե գուշակում էինք դեպքերի ընթացքը: Ներսեսն է ինձ մտահոգում»։ Ծաղկանոցների մոտ, ձեռները կրծքներին սեղմած կիսախոնարհ, նրանց ողջույնի էին կանգնել պարտիզպանն ու այգեգործները։ «Մեզ զենք է պետք, արքա՛, մենք կարծես թե ուշացել ենք։ Անկախ պատճառներից՝ պիտի պատրաստ լինեինք այս պատերազմին»։ «Իսկ ցորենի շտեմարաններն ի՞նչ վիճակում են։ Հոների հետ կապ կա՞»։ «Թագավո՛ր, արքունիքին պատկանող բոլոր ամուր բերդերում շտեմարանների շինարարությունն արդեն ավարտվում է։ Ազնվականությունն ու նախարարները սահմանված կարգով հարկվում են, հազարապետ Վրիվ Գնունին զբաղված է ցորենի ու գարու պահեստավորումով։ Թագավո՛ր, արքունական հրամանը կատարվում է, արդեն բոլոր գավառներում ձիերի հաշվառում է անցկացվում։ Իսկ հոները հաստատապես զենք կվաճառեն, նրանց հետ գործերը վատ չեն, ամեն ինչ արվում է պայմանավորվածության համաձայն։ Անցյալ գիշեր հրեա վաճառական Աբրահամին էինք հրավիրել: Վասակ զորավարն էլ էր ներկա հանդիպմանը, խոստացավ՝ մի քարավան զենք էլ ինքը կհասցնի Պաղեստինից։ Սակայն թագավորին հայտնի է՝ արքունական գանձարանն այդքան հարուստ չէ»։ «Իսկ Ներսեսը ի՞նչ է ասում, Դրաստամատ, մի՞թե մինչև վերջ համառելու է ու չի գիտակցելու, որ մենք մեզ պաշտպանող զենքի տերը պիտի լինենք»: «Այո, թագավո՛ր, համառելու է, բացահայտ ասել է, որ մի ոսկի անգամ չի տա: Ես վախենում եմ՝ դեպքերի ընթացքին որ նայենք, առժամանակ հետո նույնիսկ պատերազմողներ չենք ունենա։ Պահը վճռորոշ է, թագավոր, խորաթափանցություն է պահանջում: Սուրհանդակները տեղեկացրին, որ անցյալ շաբաթվա համաժողովից հետո Ներսես կաթողիկոսը դեռևս չի վերադարձել մայրաքաղաք, հոգևոր
շքախմբով շրջագայում է Տարոնի գավառում»։ «Դրաստամա՛տ, կարծում ես՝ Ներսեսի գործողությունները մտածված են ու հատուկ նպատակներ ունե՞ն»: «Ոչ միայն նպատակամղված են, այլև կոնկրետ ու հստակ են, արքա։ Ժամանակին հաշվենկատ չեղանք ու սխալվեցինք, եթե վերլուծենք անցյալ շաբաթվա նրա կոնդակով Հայոց աշխարհի հոգևոր դասի հրավիրված համաժողովը Աշտիշատի եկեղեցում, շատ բան կպարզվի: Դա մեր համայն աշխարհին վերաբերող օրենսդիր ժողով էր, թագավոր։ Ցանկանում են աշխարհական կարգերը նորոգել, հենց այդպես էլ սկսել են: Հռոմեացոց հավատի նմանությամբ ընդհանուր կանոններ են սահմանել: Ազնվական շատ տներում խոսում են ու հիացած են Ներսեսի մուծած այդքան համարձակ բարեկարգումներով»։ «Այո, Աշտիշատի հոգևոր համաժողովը տարորոշեց մեր ու նրանց դիրքերը, Դրաստամատ»: Հետո երկար, անորոշ, մտածկոտ երկնքին էր նայում, ասաց. «Անձրև է գալու»:

«Արքա, եթե փորձենք այդ համաժողովի ասելիքը մեկնել, կստացվի, որ նրանք, հավատացյալների քանակը ընդլայնելուց բացի, ձգտում են ստեղծել միություններ և դրանցով իսկ կապ հաստատել մինչ այդ ցիրուցան, անկազմակերպ համայնքների միջև։ Անորոշություն չկա, արքա, պարզ տեսանելի է նպատակը, ցանկանում են շրջանցել թագավորության վարչապետի իրավասության տակ գտնվող աշխարհիկ կարգերը՝ այդ համայնքներին իրար միացնող կենտրոն դարձնելով նախևառաջ միայն հոգևորականությանը՝ անկախ մեր ցանկությունից: Այն եպիսկոպոսները, որոնք մինչև հիմա կանգնած էին առանձին համայնքների գլուխ և չունեին միասնական կանոնակարգ, մի քանիսով կմիավորվեն ու կստեղծեն վարչական մեկ միավոր՝ որևէ մեկի գլխավորությամբ։ Թագավոր, պարզ նշմարելի է, որ արտաքին տեսքից հանդարտ այս գործողության տակ ստեղծվում է կուռ հոգևոր վարչակարգ՝ իր հզոր կառավարման կենտրոնով: Արդեն Ներսես հայրապետի հրամանը կա՝ կաթողիկոսարանում աշխատելու են տասներկու դռան եպիսկոպոսներ, որոնք լինելու են կաթողիկոսի խորհրդատուները: Նրանց համար արդեն պաշտոններն էլ են ստեղծված՝ աղքատանոցների, ուրկանոցների, դատավարության, լուսարարապետության տեսչություններ, որոնց միջոցով հսկողություն կսահմանեն աշխարհիկ կարգերի վրա։ Թագավո՛ր, այս ամենը վտանգավոր է, ես այս ամենը հաստատապես վտանգավոր եմ համարում»։ Նրանք վերադարձել էին պարտեզում զբոսնելուց. թագավորի առաջ արքունի կարապետները բացեցին սյունազարդ դահլիճի դուռը, հարալեզ շունը չէր հեռանում նրանից:

Արշակը, երբ թագավոր օծվեց, նրան հոգևոր առաջնորդ էր պետք, այնպիսի մի առաջնորդ, որին դեմ չլիներ բյուզանդական կայսրը, և նա կարողանար նաև ժողովրդին համախմբել հայոց թագավորի շուրջը։ Դրաստամատն ասել էր. «Նա Գրիգոր Լուսավորիչի տոհմից է, ժողովուրդը նրան կսիրի։ Համ էլ նրա Բամբիշ մայրը քո հոր՝ Տիրան թագավորի քույրն էր»: Ասել էր՝ հա։ Ասել էր. «Ներսեսը կրթությունը Կեսարիայում է ստացել, քեզ էլ գահ բարձրացրեց Բյուզանդական երկիրը, թող նրանց Կոստանդիոս կայսրը մտածի, որ քո կողմնորոշումը բյուզանդական աշխարհն է, աչքը քաղցր կլինի մեզ վրա»։ Արշակ թագավորն ասել էր՝ հա։ Ասել էր. «Արքա, ժամանակ կշահենք, պետությունը կհզորացնենք»: Թագավորն ասել էր. «Հա, Ներսեսը լավ է: Հիմա, այս ժամանակի համար լավ է, բայց պիտի միջամտենք, որ Աղբիանոսականները հզորանան»: Դրաստամատն ասել է՝ հա:

Այդ օրը արքունիք՝ երեկոյան ժողովին հրավիրյալ նախարարները, մեծամեծերը, գնդերի և դրոշակների տերերը, բոլոր սատրապները, ազնվականներն ու սահմանապահները, ինը հարյուր հոգին, որոնք իրենց բարձ-բազմոցը ունեին թագավորի սեղանի շուրջը, և նրանք նույնպես, որ ոտքի վրա կանգնած էին լինում, ասել էին. «Հա»։ Գոռացել էին. «Ներսեսը լինի մեզ հովիվ: Մեր հովիվը Ներսեսն է որ կա»։ Ձեռքերի ափ ու երես իրար էին խփել ու ասել էին. «Տե՛ր Աստված, ընտրությունն էս ինչ ճիշտ է, ուրիշ էլ ոչ մեկին չենք ուզում»: Ներսեսը հրավիրյալների առաջ ոտքից ոտք է ձգվել, թե՝ «Ես ինչ գիտեմ։ Ես հայրապետության համար մեղավոր անձ եմ»: Հավաքվածները ժպտացել են, թագավորն էլ նրանց հետ ծիծաղել է։ «Ինչի՞»,– հարցրել է թագավորը: Ներսեսը սկզբից նախարարների աչքերին է նայել, հետո թագավորի, ասել է. «Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել: Իմ պապը կաթողիկոս է եղել, հայրս՝ սարկավագ, ես նրանց պատմությունը լավ գիտեմ: Եկեղեցու խորանի կանթեղը մարելու բարձրացած՝ սանդուղքից ընկնող մարդը ողնաշարը կջարդի՞, կամ սարկավագ պաշտոնյան կանթեղը մարելու համար սանդուղքը կբարձրանա՞ր: Ինչ է, ժամկոչ չկա՞ր: Չեմ կարող լինել և վերջ»։ Ասել են. «Հիմքից զուրկ, անցած պատմություններ ես հիշում»։ Թագավորն ասել է. «Ափսո՜ս»: Հավաքվածները տեսել են, որ Ներսեսն էլ մատներով չի խաղում պատմուճանի ճարմանդի հետ ու չի ձգվում ոտքից ոտք, ու թագավորի ժպիտն էլ չկա։ Ներսեսն ասել է. «Դուք այսօր իզուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք»։

Արշակ արքան բարձրացել է գահից, Ներսեսին ասել է. «Դու էլ սենեկապետ չես իմ արքունիքում»։ Ներսեսի պատմուճանը արձակել, գցել է ոտքերի տակ, գոտուց պոկել է ակնակուռ, մարգարտազարդ, ոսկի պատյանով պողպատյա սուրն ու ասել է. «Արիացիր, մենք երկիր ունենք կառուցելու»։ Ներսեսն ասել է՝ «Չէ՛»։ Թագավորն ասել է՝ «Հա՛»,– նվիրակ պաշտոնյային ասել է. «Կանչեք վարսավիրներին»: Գուսանների խումբը նվագել է, թագավորական դռան հացարարը սեղան է բացել: Իշխանական տների ու տոհմերի մեծամեծ նախարարները գարեջուր ու գինի են խմել, ասել են. «Մեր հայրապետի կենացը»: Դրանիկ ծառաներն ու վարսավիրները Ներսեսի ոտքերն ու ձեռքերը կապած՝ տիկնանց ու օրիորդների, բոլորի աչքի առաջ խուզում էին նրա գանգուր, վայելուչ վարսերը:

Հավաքված ծիծաղողների մեջ լացողներ կային, լացը կոծ դարձնողներ էլ եղան։ Իսկ պարտեզի վանդակում պատեպատ խփվող վագրին Արշակ արքան ասել է. «Թողեք դուրս»։ Իր զինակիրներից երկուսին ասել է՝ սպանեք դրան: Զինակիրները, նիզակները ձեռքերին, կանգնել են վագրի առաջ: Նրանք վագրին նիզակահարել, սպանել են հավաքված ծիծաղող-լացողների, վարսատ Ներսեսի աչքի առաջ: Մինչև ծերունի Փավստոս եպիսկոպոսը Ներսեսին կձեռնադրեր սարկավագ, արքունական տան դարբինները աշխատեցրին փուքսերը ու կռած մեխերով վագրին բերանից ու թաթերից, թագավորի հրամանով, մեխեցին պալատի արտաքին պատի ճակատին, ու հավաքվածները հանդարտվեցին, Ներսեսը լռեց: Արքան հրաման տվեց: Հանդերձապետը սարկավագին պատշաճ ոսկեկար զգեստներ բերեց, ու արքունի երեց Մրջյունիկը հագցրեց Ներսեսին:

Արշակ թագավորի հրամանով արքունի դպիրները հրովարտակ են գրել վավերագիր թագավորական կնիքով, գանձապետը թանկագին նվերներ է պատրաստել, հայոց մեծամեծերից, նախարարներից ու քսանութ հոգևորականներից դեսպանություն են կազմել: Արտաքին աշխարհի նիստուկացը իմացող, դեռևս Տիրան թագավորի ժամանակներից օտար արքունիքներում հարգված և իր իմաստնությամբ ճանաչված հայր Մարդպետին շքախմբի առաջնորդ են կարգել ու Ներսես սարկավագին Կեսարիա են ճանապարհել՝ Հայոց աշխարհի համար ձեռնադրվելու, բոլոր քրիստոնյա երկրների նման իր հոգևոր առաջնորդը ունենալու համար:

Լրտեսներն այնտեղից վերադարձել, Արշակ արքային հայտնել են, որ ձեռնադրվելուց հետո Ներսես կաթողիկոսն այցելել է բյուզանդական ազնվական ընտանիքներին ու հանդիպում է ունեցել Կոստանդիոս կայսեր հետ, ասել են. «Բայց լուր չունենք, թե ինչի շուրջ են զրուցել: Խոսակցությունը եղել է առանձնության մեջ, դեմ հանդիման, երկուսի միջև»: Ասել են. «Մեր տեղեկությունները թռուցիկ են՝ դրանիկ ծառաներից լսած ու արքունի գիշերանոթներ մաքրողներից, թագավոր, հավաստի ասել չենք կարող, բայց իբրև թե պետական հարցեր են քննարկվել»։ Ասել է. «Իմացեք», ու ինքը մտասույզ՝ թախծել է։ Բայց լրտեսների այս լուրը բերելուց առաջ մի լուր էլ էր հասել Հայաստան, թե. «Ներսեսին ձեռնադրելու ժամանակ Աստծու սքանչելիքը նրա վրա երևաց՝ մի սպիտակ աղավնի եկավ, նստեց նրա գլխին, ու հիմա զարմացած Բյուզանդական աշխարհը, նրան դիմելով, աղաղակում է. «Դու հաճելի եղար Աստծուն»։ Ու նրան ներբողներ է երգում»։ Հայոց աշխարհն էլ ընկավ ցնծության մեջ՝ գիշերուզօր ալելուիաներ էին երգում ու ծնծղաներ խփում հրապարակներում, լուրը տարածվում էր, թե՝ «Ներսես կաթողիկոսի վրա Սուրբ հոգին հանգչեց սպիտակ աղավնու տեսքով: Նրա խոսքն ու գործը այսուհետ Աստծուց է լինելու։ Ում օրհնեց՝ նա օրհնվելու է. ում անիծեց՝ նա անիծվելու է»։

Արքունի խորհրդականները խռնվել են Արշակ թագավորի շուրջը, ասել են. «Արքա, այս ի՞նչ է կատարվում, ժողովրդի աղաղակի մեջ ինքնամոռացություն կա, գլուխ չենք հանում, թե մենք ի՞նչ ենք անելու»։ Արշակ թագավորը հրաման է տվել, մունետիկները գավառներում ու մեծ քաղաքներում փող են փչել, ոտքի ելած շինական ու ազատանի Դվին մայրաքաղաք են կանչվել։ Ինքը ձի է հեծել, իշխանների ու նախարարների շքախումբ է հանել, պալատական գուսանների դասն է վերցրել։ Ախոռապետից պահանջել է՝ արքունի զբոսանքի սպիտակ կառքը ժապավեններով, ծաղիկներով, վարագույրներով զարդարել, Ներսես կաթողիկոսի համար ճերմակ ջորիներ լծել։ Մառանապետին հրամայել է արքունի հնձաններից հինգ հարյուր տիկ գինի վերցնել ու հինգ հարյուր գլուխ ոչխարի հոտ քշել իր շքախմբի հետևից։ Ժողովուրդը եկել, հորձանք է տվել՝ իր արքունիքի պաշտոնյաներով, նրանց գլուխն անցած նվագով, պարելով, ծնծղաներ ղողանջեցնելով, ալելուիա երգելով ու աղավնիներ թռցնելով՝ գնացել, հասել են հայոց սահմանը, Առյուծ լեռան մոտ, նոր ձեռնադրված հայոց կաթողիկոսին դիմավորել։ Արշակ թագավորը հրամայել է, ու Ներսես հայրապետի գլխի վրայով տարածվել է քառանկյուն կերպասից պատրաստված և չորս կողմերը ծոպերով զարդարված, բարձրաստիճան վիճակավորին հատուկ պատվի նշանակ ամպհովանին, որը Արշակ թագավորի պահանջով վեց պատվավոր նախարարներ, վեց ձողերով աջ ու ձախ կողմերից բարձրացրած՝ հորիզոնական դիրքով տանում էին Ներսես հայրապետի՝ թափորով քայլելու ժամանակ։ Դարձյալ հրամայել է
Արշակ թագավորը, Վասակ զորավարը ցած է իջել ձիուց, Ներսես կաթողիկոսի աստիճանի հայտարար, մարդու հասակից բարձր, Ասա անվանարկյալ հովվական գավազանը՝ իբրև նրա իշխանության նշանակ, քայլեցրել է աշխարհաժողով բազմության առջևից ու այդպես, գավազանը դրոշակի պես պահած, երկար ճանապարհ է քայլել, մինչև որ անցել են սահմանաբաժան գետը, ու հացենիների պուրակում խնդությունից հողը դղրդացնող խնջույք են արել:

Հետո ազնվական տներում խոսում էին, թե. «Արշակ թագավորն ու նրա հարալեզ շունը պարել են Ներսես կաթողիկոսի առաջ»,– թե. «Արքան նրբանկատորեն լավ էլ շրջանցեց Ներսեսի վրա Սուրբ հոգու՝ աղավնու տեսքով հանգչելու և ժողովրդի կողմից Ներսեսին սրբերի շարքը դասելու մեծարման արարողությունը, իբրև թե՝ իր շեփորների ձայնն էր, որ տերության բնակչությանը ոտքի հանեց, ինքը աշխարհական բազմությանը առաջնորդ չլիներ, ցնծությունն ու դղրդոցը, կեցցեների աղաղակը այդքան ահեղաձայն չէին լինի։ Ինքը միակն է, որ կարող էր իր թագավորական անսահմանափակ իշխանությամբ այդչափ ժողովուրդ առաջնորդել ու իրեն երկրպագության եկած ժողովրդի սիրուց ու մեծարման փշրանքներից էլ Ներսեսին բաժին հանել»: Նաև ասում էին, թե. «Նա այդքան դաժան չպիտի լիներ սպարապետի նկատմամբ, Ներսեսն ո՞վ էր, որ Վասակի նման զորավարին ձիուց իջեցրեց, գավազանը ձեռքը տված, քայլեցնել տվեց նրա առջևից։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, հասկանալի էր, վեց նախարարների կերպասե ամպհովանին նրա գլխի վրա պահելը, նրանք՝ վեցը միասին, մի Վասակ չարժեն,– ասացին,– բայց Վասակ զորավարի նկատմամբ այդքան ստոր լինե՞լ… Երկրի տիրոջ այդքան վախկոտ լինելը տանուլ տալու պես մի բան է նշանակում»։ Ասում էին. «Տեսնես այդպիսի ստորացման համար Վասակը երբևէ կների՞ թագավորին, դժվար թե ների…»:

Այդ օրերին, նորից ու նորից, առանց հանգստի ազնվական ընտանիքների ճաշկերույթներին հրավիրված, գինովցած Հայր Մարդպետը ասել էր. «Դե, թևերը բացած չէր պարում, բայց մի անգամ թագավորը ձին խաղացրեց կաթողիկոսի ու սպիտակ ջորիներ լծած կառքի դեմը, որ պարելու նման մի բան դարձավ»։

Ու այդպես մեծ ցնծություններով Ահեկան ամսի հինգերորդ՝ Ահրանք օրը Կեսարիայից վերադարձավ և Արշակի թագավորության առաջին տարում հայոց հայրապետության աթոռին նստեց Մեծն Ներսեսը՝ Աթանագինեսի որդին, Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու, և հոգս էր տանում իր հոտը անվնաս պահելու՝ երևացող և աներևույթ թշնամիներից։ Եվ այդ նպատակով էլ կաթողիկոսը գնացել-հասել էր Տարոնի գավառ՝ նախնյաց եկեղեցական ժողովների հավաքատեղը, ու Աշտիշատից Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին ազգապահպանության կոնդակ էր հղել ու նրանց մեկտեղ գումարել:

Ժողովը բացել էր Ներսես կաթողիկոսը, ելույթ էր ունեցել, թե. «Անիծյալ լինի տիրոջ գործը թուլությամբ անողը, և անիծյալ լինի իր սուրը արյունից չխնայողը…»: Ընդմիջման ժամանակ միջանցքներում ու եկեղեցուն կից պարտեզում նրա ելույթի կետերն են քննարկել։ Ճառը ոգևորել ու զարմացրել է լսողներին իր ամբողջականությամբ, խորաթափանցությամբ, աշխարհի բոլոր երկրների քաղաքական դրության այդքան ճշգրիտ մեկնությամբ։ Ընդմիջումից հետո իր ելույթը շարունակել է կաթողիկոսը, թե. «Ինչ բարեկարգություններ, որ ես տեսա Բյուզանդիա աշխարհում, մանավանդ նրանց թագավորանիստ քաղաքում, նույնը պիտի սահմանենք և մեր աշխարհում…»,– ասել է. «Թող ամեն մի գավառում շինվեն աղքատանոցներ և նրանց կից շտեմարաններ…»: Նա անուն առ անուն թվարկել է բոլոր գավառները ու բաշխել բացվելիք հիվանդանոցների վրա։ Ասել է. «Թող վերոհիշյալ երկրների ագարակներն ու ավանները իրենց արտերի բերքից, արածող մեծ ու փոքր անասունների կթից ու բրդից բաժին հանեն հիվանդանոցներին և նրանց պետքերը հոգան…»: Բագունք գավառի Մարի երեցը հարցը ուղիղ է տվել, առանց ծռմռելու ասել է. «Հայրապե՛տ, հոգևոր դասը իրավունք ունի՞ աշխարհական կարգերը բարեկարգելու։ Բոլորս էլ գիտենք՝ թագավորն է աշխարհիկ կյանքի տերը։ Նրա հազարապետ պաշտոնյան է իբրև անմիջական տեսուչ հարկերի»։ Ներսես կաթողիկոսն ասել է.
«Թագավորության հազարապետության հարկահավաք տեսուչի ու ազնվական ընտանիքների ողորմածությա՞նը սպասենք, բայց մեզ պարզ է նրանց անգթությունը՝ նույնիսկ ալևորների մուրալու
արհեստի նկատմամբ»,– ասել է. «Լավ, առաջ չանցնենք, Մարի երեց, այդ հարցերին քիչ հետո կանդրադառնանք։ Հիմա եկեք պատասխան գտնենք, թե ինչ անենք, երբ ազնվական ընտանիքներում գործում է արյունակցական ամուսնությունների սովորությունը, օտարները՝ Հռոմը, մեզ պախարակում, բարբարոս է համարում այդ սովորույթի համար, կամ թագավորը աչք է փակում ամուսնալուծությունների վրա, որոշ հոգևորականների և Մարի երեցի ասելով, մենք չխառնվենք, մենք գործ չունենք, մեր լռությամբ գործակցենք չարին, կլինի՞, չի՛ լինի»։ Ժողովը ելույթին հավանություն է տվել, բայց ընդմիջման ժամանակ պարտեզում ջրավազանների շուրջը զբոսնողները և կաթողիկոսի ելույթը վերլուծողներից շատերը ասել են. «Սա Բյուզանդիա չէ, շատ ազգային սովորույթներ Հռոմի բարքերի հետ չպիտի շփոթել, կաթողիկոսը, վայ թե, շփոթում է»: Բայց Մարի երեցն իր իմացածը չէր ասել, հարցի վրա չէր կանգնել, իր տված հարցը հաստատապես չէր պնդել։ Սակայն զղջացել՝ ընդմիջումից հետո կրկին խոսք է վերցրել, թե՝ «…Դա լավ կյանքից չէ, որ մեր աշխարհում արյունակցական ամուսնությունների սովորություններ կան, դուք ինձանից լավ գիտեք, որ նախարարությունների՝ ագարակներն ու ոստանները օժիտ տալու սովորությամբ՝ բաժան-բաժան չանելու, երկրի ամբողջականությունը պահելու այդ միակ միջոցն է։ Իսկ ամուսնալուծությունները, որպես հոգևորական, ես ինքս էլ չեմ ընդունում, բայց գերության տարվածներ ու մարդաթափ գավառներ ունենք։ Այս հարցն էլ քննարկելու պահանջ ունի, այս հարցի շուրջն էլ խոսենք։ Ես չեմ ասում, թե մեր օրենքը վատն է, բայց գերության գնացած ամուսնուն, երբ մանկամարդ կինը տասը տարի է սպասում, ինչքանո՞վ է ճիշտ, ինձանից լավ գիտեք, շատ գյուղեր ու գավառներ ամայացած են։ Հայրապետ, ես չեմ հակադրվում, թող իմ ասածն այնպես չդիտվի, թե ես դեմ եմ, որ կանայք սպասեն գերության քշված ամուսիններին, ես ասում եմ՝ երկիրը աճ պիտի ունենա»։ Ներսես կաթողիկոսի փոխարեն նրա Խադ տեղապահն ասել է. «Երե՛ց, Աստծուն ծառայելը միայն շուրջառ հագնելը չէ»: Այդպիսի հավաքներից հետո էր, որ շատ հոգևորականներ զրկվում էին աստիճանից, ծխից կամ ուղարկվում էին հեռու անապատներ: Խադ տեղապահը նորից է կրկնել իր միտքը, Մարի երեցը
թույլ ասել էր՝ «Հա»: Տարոն գավառի Շմավոն եպիսկոպոսը ասել է. «Հայրապետ, եթե ախտավորների, բորոտների, ցավագարների ու հաշմանդամների համար կացարաններ ու անկելանոցներ շինենք և ժողովրդից տուրք պահանջենք, խելքս բան չի կտրում, թագավորական դուռը մեր բռնած դիրքին ինչպե՞ս կնայի…»: Ներսես եպիսկոպոսն ասել է. «Ի՞նչ ես դռանն ու երդիկին նայում, մտքինդ ասա»: Շմավոնը շուրջառը հետ է տարել, գոտուց մետաքսե թաշկինակն է հանել, ճակատի քրտինքն է սրբել, թե. «Բա, որ մեր բարեգործության պատճառով ռազմական հարկերը պակասեն, պետությունը ի՞նչ վիճակի մեջ կընկնի: Այստեղ ուրիշ կարծիք չի կարող լինել՝ կա՛մ ռազմական տուրքերը պիտի պակասեն, կա՛մ մի տուրք էլ ժողովուրդը բարեգործության համար է վճարելու»: Ներսես կաթողիկոսն ասել է. «Շմավոն եպիսկոպոս, պատասխանս վերաբերում է նախ Մարի երեցին, դուք տեսե՞լ եք մայրաքաղաքի պարիսպների պատերի տակ, հեռու և խուլ անկյուններում ժողովրդից վտարված բորոտներին, հիվանդներին, ալևորներին՝ իբրև անասուններ հողը փորել, մտել են մեջը։ Մայրաքաղաքի դարպասները վերահսկող պահակազորը նրանց քաղաք չի թողնում՝ հաց անգամ մուրալու։ Գութը պիտի շարժենք մեր ւսշխարհի մեջ, Աստված պիտի մերժվածներին տեր լինի։ Ասված է, չէ՞, Կեսարինը տուր Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Ընդմիջմանը՝ ասվածը հոգևոր դասը էլի քննարկել ու վերլուծել՝ դեմ ու կողմ են եղել։ Համաժողովը նորից է շարունակվել, Բագրևանդցի Տաճատ եպիսկոպոսը համաձայն չէր։ Վիճում, ապացուցում էր, որ. «Այն էլ հիմա, երբ երկրի քաղաքական վիճակը կայուն չէ, ժողովրդին
փորձ անել դարձնել իբրև վանականների մի ընդհանուր միաբանություն, կամ եպիսկոպոսությունները միացնել ու ստեղծել վարչական ավելի մեծ տարածքներ, կամ հոգևորականների թիվը բազմապատկել երկրում, այդ գահը վերցնելու պետական խռովության պես բան է, գոնե մտածե՞լ եք՝ արդյունքում ի՞նչ կլինի»։ Էլի են վիճել, կողմերի են բաժանվել ու վեճը չեն դադարեցրել: Ներսես կաթողիկոսը խոսք է վերցրել ու ասել է. «Իմացեք բոլորդ, վեճն անիմաստ է, որովհետև կրոնը և թագավորությունը անբաժան են, նրանցից ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի, որովհետև կրոնը թագավորության սիրտն է, իսկ թագավորությունը՝ կրոնի արյունը»:

Ժողովը դարձյալ շարունակվում էր ու ոչ մի կերպ չէր խաղաղվում։ Ներսես հայրապետը հրամայեց, ասաց. «Սրբերին բերեք անապատներից»։ Նրանց հետևից սուրհանդակ գնաց: Շաղիտան նստում էր Առյուծ լեռան վրա, Եպիփանը՝ Անահիտի աթոռ մեծ լեռան Մամբրե կոչվող անապատում, Մանիշեղ գետի կողքին։ Իսկ Գինդը Տարոն գավառից եկավ։ Նրանք եկան ու ասացին։ Եպիփանը գլխի թաշկինակը հետ տարավ ու ասաց. «Ինչ որ Մեծն Ներսեսն ասում է, ճիշտ է ասում»։ Ժողովականներն էլ ասացին. «Ներսեսը ճիշտ է ասում», քանի որ Եպիփանն այնպիսի սրբության էր հասել, որ ամեն ոք սպասում էր նրա մահվանը, որ որպես նշխարք կարողանա նրա մարմինը ձեռք բերել: Ժողովն էլի մի ժամ շարունակվել է, ու պաշտոններ են բաժանել, այդ ընթացքում խաղաղության են հասել: Հայրապետը բոլոր բարեգործական հիմնարկների վրա հայր և հսկիչ է նշանակել Շաղիտային, Եպիփանին, Եփրեմին և Գինդին՝ Սլկունյաց ցեղից, իսկ նրանց վրա վերահսկողության գործը հանձնել է իր ձեռնասուն Խադ անունով եպիսկոպոսին, որ Կարնո Մարգաց գյուղից էր ու իր վարքով, մաքրակենցաղությամբ Մեծն Ներսեսին էր նման, մանավանդ աղքատների խնամատարության գործում։ Սակայն սատանան նրան հանգիստ չէր տալիս, նրա շուրջն էր պտտվում ու ոչ մի կերպ չէր կարողանում նրան դիպչել, բացի մի բանից.– որ նա զգեստի կողմից պճնասեր էր ու ձիասեր:

Համաժողովից հետո՝ տունդարձի ճանապարհին, ոչ մեկի ջորին, ուղտը, ձին չի խրտնել, հեծվորին պատեպատ չի խփել: Եղեգնուտներում նստած վագրը չի դարանակալել չորքոտանիներին հեծած հոգևոր դասին։ Կարիճը չի թունավորել ճանապարհամերձ թմբին հացի նստածներին։ Ամենքը գնացել, հասել են
իրենց գավառները։ Երթևեկ քարավաններից ու գրություններից իմացել են, որ ամեն մի եպիսկոպոս բարեհաջող տեղ է հասել: Հոգևորականությունը եզրակացրել է, որ Աշտիշատի ժողովի ժամանակ թագավորի լրտեսները վատ են աշխատել կամ էլ անհոգություն ցուցաբերած՝ բացարձակ չեն գործել։ Այդ ժողովից հետո էր, որ ամբողջ Հայաստան աշխարհում բարեգործական տներ բացվեցին և աշխարհիկ օրենքները բարեկարգվեցին ու հուզեցին երկիրը։

Լուրեր էին պտտվում, թե Ներսես հայրապետի կացարանի նկուղներում կճուճներով պահվող յուղը, մեղրը, ամբարների հացահատիկն ու ալյուրը անհատնում են Աստծու օրհնությամբ, ինքը գիշերուզօր բաժանում է ժողովրդին, առավոտյան գալիս, տեսնում է՝ կրկին լցվել, կրկնապատկվել ու քառապատկվել է: Հետո գավառներից, գյուղերից սայլերով, ջորիներով բարիքներ տանելու եկած ժողովուրդը երախտապարտ փառաբանում էր իր շարքերի միջով անցնող Ներսեսին՝ աղաղակելով. «Դու ցանկալի ես քո բարձր հասակով», «Դու գրավիչ ես գեղեցկությամբ», «Տենչալի», «Մարդասեր», «Սուրբ և պարկեշտ», «Շատ իմաստուն», «Անաչառ», «Իրավադատ», «Հեզ ու քաղցր», «Դու խոնարհ ու աղքատասեր», «Ամուսնական կյանքում՝ օրինավոր», «Դու զարմանալի և պատկառելի բոլոր նայողների համար»։

Նույնիսկ հայր Շաղիտան, Եպիփանը, Եփրեմը և Գինդը՝ Սլկունյաց ցեղից, և եկեղեցու սպասավոր կազմը, ալելուիաներ երգելով ու ծնծղաներ զարկելով, մի քանի անգամ կաթողիկոսարանից դուրս բերեցին Վեհափառի իշխանության նշանակ Ասա անվանարկյալ գավազանը, որ գիշերը անկյունում դրած տեղը ծաղկել ու նշի պտուղներ էր տվել, ու ման տվեցին հորձանուտ տվող ժողովրդի մեջ։ Եվ եղան այնպիսիք, որոնք անհույս հիվանդատերեր էին, եկան հեռու գավառներից՝ նշի պտուղներ տանելու իրենց մահամերձ հիվանդների համար, ու հրապարակներում և բանուկ փողոցներում աղաղակ բարձրացրին՝ իրենց սայլերի վրայից գոռացին. «Դու ապրում ես Տիրոջ պատվիրանի համաձայն՝ մեզ սիրում ես ինչպես ինքդ քեզ»: «Ապրում ես արդարությամբ՝ անարատությամբ ու ընկերներիդ ծառայություններ անելով»։ «Դու մեզ նման աղքատներին ու տառապյալներին սիրում ես ու խնամք ունես նրանց վրա, մինչև իսկ քո զգեստներն ու կերակուրները կիսում ես նրանց հետ»: «Դու մեծ մարդ՝ զրկվածների հովանավոր ու պաշտպան»։ «Ձանձրանալ չգիտես, Աստծու սքանչելիքը Բյուզանդիա աշխարհում որ իջավ քո վրա, սրտումդ է, ու եռում ես Սուրբ հոգով, սուրբ մարդ»։

Վախեցած Արշակ թագավորը հոգևորականության շուրջը ժողովրդի զանգվածային այսչափ կուտակումներից՝ ասել է. «Ժամանակն է, Դրաստամա՛տ, Չունակի գործունեության ճանապարհները բացելու: Շատացրեք նրան ենթակա առաջնորդարանի բնակիչներին։ Ապստամբ նախարարներից բռնագրավված կալվածքներ կցեք նրա եպիսկոպոսությանը: Նրա թեմում նոր եկեղեցիներ բացելու ծախսերը հոգացեք արքունի գանձարանից»:

Այդ գիշեր սուրհանդակները հասել են Մանավազակերտ, Չունակի աթոռանիստ գյուղը ու նրան հրավիրել են արքունիք: Թագավորական տան կարապետները հայտարարել են նրա ժամանումը, գահից ընդառաջ ելած թագավորին օրհնել է եպիսկոպոսը, սյունազարդ դահլիճի չորս անկյունների վրա խաչ է հանել, ասել է. «Բարին արքային և պալատին, նաև տանս արքունի»: Թագավորը թույլատրել է, առանձնացել է եպիսկոպոսը ու հատկացված ժամանակում ճանապարհի հոգնությունն է թոթափել, հետո նրանք առանձնացել են խորհրդակցության:

«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքով լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում։ Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»։ Արշակ թագավորը հարալեզ շան դունչը հրել է ծնկներից, բարձրացել է գոմեշի կաշվից հյուսածո բազկաթոռից, բաց պատուհանի առաջ է կանգնել, հետո շրջվել, սկահակի մեջ դրված ջրաշուշաններին է նայել, հարցրել է. «Ինչպե՞ս, կաթողիկո՛ս»։ «Թագավո՛ր, մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, որ մանր և խոշոր անասնապահությունը և նրա առևտուրը, որ մեր աշխարհի ծայրամասերի ժողովրդի սովորույթն է, այնտեղ բնակվող նախարարների մեծ մասին գայթակղում է դեպի Պարսից երկիրը։ Իսկ հայոց միջնաշխարհի նախարարության համակրանքը Հռոմի արվեստի, շռայլ կյանքի ռազմական ուժի և ցոփության կողմն է։ Արքա, մեզ այնպես է թվում, թե քանի գնում,
մեր աշխարհը կտրվածք է ստանում այս երկու երկրների բարքերի նմանությամբ: Մենք պիտի թույլ չտանք, որ ազգի այդ օտարամոլ հակումը շարունակվի։ Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը առաջարկում են ժողովրդի համար արժեք ստեղծել, որ հունամետներին ու պարսկասերներին միաբանի»։ Լռությունը կտրել. «Այդպիսի բան հնարավո՞ր է, եպիսկոպո՛ս»,– հարցրել է Արշակ արքան։ «Հնարավոր է, թագավոր, եթե մեր նշանագրերն ունենանք։ Ազնվականությունն իր զավակներին էլ չի տանի օտար դպրոցներ, կկործանվի այլադավան կուռքերի հետագա երկրպագության հիմքը»։ Թագավորը մտածել է, թե. «Չե՞ս սխալվում, Չունակ եպիսկոպոս»,– հարցրել է. «Ձեր վերլուծությունը չի՞ կարող սխալ լինել»։ «Թագավոր,– ասել է Չունակ եպիսկոպոսը,– դեպքերին նայենք, Աշտիշատի համաժողովում, առանց արքունի կամքը հաշվի առնելու, ստեղծվեց հզոր հոգևոր մի կենտրոն՝ իր տասներկու խորհրդական կաթողիկոսների դռան եպիսկոպոսներով: Արքա, երկիրը եկեղեցու գերիշխանության տակ միավորելն է նրանց նպատակը։ Գրիգորի մահից հետո առաջին անգամ իրականանում է լուսավորչականների երազանքը՝ դնել աստվածապետական երկրի հիմքը։ Արդեն իսկ ոչ միայն հունաց լեզվով են կատարվում պաշտամունքները, ծեսերը, աստվածաբանությունը, այլ նաև շրջանցած մեր ազգային ավանդական սովորույթները, այդ կողմնորոշմամբ են առաջ տանում ազգի մտավոր զարգացումը, գիտությունը, ուսուցանելու արտոնությունները: Արքա, մենք այս պատճառով ենք պնդում և համոզված ենք, որ նշանագրերը համազգային արժեք կլինեն՝ օտարի նկատմամբ սերը թուլացնելու»:

Լռությունը երկարում էր, թագավորը քայլում էր, ծափի ձայնի վրա ծառաները եկան։ Թագավորի համար տհաճ էր պատին ամրացված մեդեայի ձեթով վառվող ջահերի արձակած հոտը։ Նվիրակ պաշտոնյային հրամայեց՝ ստրուկները սյուներին նոր ջահեր ամրացրին։ Եպիսկոպոսը օշարակ խմեց։ Արշակ թագավորը հարալեզ շան գլուխն էր շոյում, հարցրեց. «Ինչպե՞ս է այդ հնարավոր անել, եպիսկոպոս»: Ասաց. «Մեր թեմում Հաբել անունով հիշատակագրող դպիր կա, որը գիտի, հաստատապես տեղյակ է, որ Ասորիքի՝ Ուռհա քաղաքի դիվանի իշխան, հեթանոս Պիղատոս անունով ճարտասանի
մոտ պահվում են հայերեն նշանագրերը»,– ասել է. «Հաբել քահանայի գիտելիքներին ու խոսքին կասկածել պետք չէ, թագավոր։ Աստծու առաջ խոնարհ քահանա է»: Արշակ արքան ասել է. «Չունակ եպիսկոպոս, քո թեմի բանիմաց գիտուններից խումբ կազմիր, Հաբել քահանային առաջնորդ կարգիր, արքունական գանձարանի ծախսերով թող գնան Ուռհա»: Ծառաները Չունակ եպիսկոպոսին ճանապարհեցին Մանավազակերտ:

Սակայն այդ օրերին, երբ Ներսես կաթողիկոսի գավազանը մի գիշերվա ընթացքում անկյունում դրված տեղը ծաղկեց ու նշի պտուղներ տվեց, և ժողովուրդը, ամբողջ Հայաստան աշխարհից հորձանք տված, ուխտի էր գալիս՝ երկրպագելու Աստծու խորհրդով ծաղկած գավազանին, զարմանահրաշ, հրաշքների մեջ նմանը չունեցող մի դեպք էլ տեղի ունեցավ Չունակ եպիսկոպոսի աթոռանիստ գավառում, ու սքանչելիքը լուսաբանող գիրը, և Չունակ եպիսկոպոսի հաստատող խոսքերը այսպիսին էին, որ շրջում էին Հայաստան աշխարհում և ուխտագնացության հրավիրում Աստծու ժողովրդին. «Լսեք այս հրաշքի և փառավոր նշանի մասին, որի նմանը չի եղել և որը վերաբերում է մեզ, ձեզ և մեր բոլոր ժողովրդին, որովհետև երկրավորներիս համար դժվար է հասկանալ և հավատալ այդ զարմանալի երևույթը: Բայց այն մենք տեսանք մեր աչքով, շոշափեցինք մեր ձեռքերով և մեր շուրթերով կարդացինք, ուստի դուք, առանց կասկածի, պարտավոր եք հավատալ։ Սահմի ամսվա տասնիննին, ուրբաթ օրը Հարք գավառի Մանավազակերտ ավանի մի գյուղացի անտառից փայտ բերելու ժամանակ թագակիր մի օձ տեսավ։ Օձը նրա աչքի առաջ ժայռերի մեջ մի ձու ածեց, որի վրա կային պարզ, հստակ ընթեռնելի տառեր։ Տառերը ձվի մասն էին կազմում, երևում ու շոշափվում էին, ճիշտ այն տառերի նման, որ ճարտար քարագործները փորագրում են կոթողների վրա այնպես, որ փորվածքները կույրն անգամ կարող է զգալ. այսպես էր այն՝ ձվի մի կողմը նկարված էր խաչ, որը պտտվում էր ձվի շուրջը և գալիս, հասնում էր գրված տառերին։ Նորից մի թագ էր նկարված, որը միանում էր գրին, որտեղ որ գրված էր՝ միաբանություն։ Եվ մեր գավառում չկա ոչ մի քրիստոնյա կամ հեթանոս, որ տեսնելով այս հրաշքը՝ անդադար չփառաբանե Աստծուն: Բայց ինչ վերաբերում է տառերին, որոնք Աստված իր աջով նկարել էր օձի ներսում, մենք չենք կարող նմանը արտագրել, որովհետև դրանք չափազանց գեղեցիկ էին։ Ով որ լսի այս հրաշքի մասին, առանց կասկածի թող հավատա»։

Ժողովուրդը երկրպագության համար հիմա էլ հորձանուտ տվեց դեպի հարավ՝ Հարք գավառ։ Ներսես կաթողիկոսը աղբիանոսականներից օձի ձուն պահանջեց։ Նայեց և տեսավ՝ գրածի նման էր: Վեճ բացեց, ձուն գտնող գյուղացուն էլ պահանջեց բերել ու երդվեցրեց Սուրբ գրքի վրա։ Գյուղացին տեսածը կրկին հաստատեց։ Առարկություն չընդունող Չունակին հրապարակայնորեն ասաց. «Ծաղկող ու պտուղ տվող գավազանը հասկանալի է, որովհետև Սուրբ գրքում նմանատիպ գավազաններ ինչքան ուզես՝ որոնք նույնիսկ օձեր են դարձել: Գավազանների սրբանալու նախատեսակներ շատ ունենք, իսկ օձի՝ ոչ»,– ասել է. «Չունակ եպիսկոպոս, ի՞նչ է, վերցնենք ու օձին սուրբ հայտարարենք, կլինի՞։ Գոնե աղավնի լիներ՝ Սուրբ հոգու երկնային պատկերը, կհասկանայինք, օձը՝ չէ։ Ձեր առաջնորդարանը կենդանապաշտությամբ է զբաղվում, ժողովրդին գցում է հեթանոսական մոլությունների մեջ»։ Չունակ եպիսկոպոսը նրան պատասխանել, հավաքվածների ներկայությամբ ասել է. «Ինչո՞ւ, կաթողիկոս, սուրբ գավազանը օձ կդառնա, իսկ գավազանը, որ օձ դարձավ, սուրբ ձու չի՞ ածի»։ Հայրապետը երկար ժամանակ լռելուց հետո պատասխանել է, Չունակը ներկա է եղել, պապանձված ժողովրդին է ասել. «Հիշեք դուք նրա քրմական կուսակցությունից ծագումը ու կհասկանաք, թե ինչո՞ւ էր նա ձվի հրաշքի մասին պատմող գրությունները ուղարկել երկրի հենց այն գավառները, որտեղ դեռևս հեթանոսական սովորույթներն են գերիշխում, և ինչո՞ւ է օձին ընտրել, որովհետև թևավոր օձը հեթանոսության գխավոր խորհրդանիշն է, այն էլ օղակ դարձած օձը, նրանց լեզվով ասած՝ համաշխարհային կյանքի խորհրդանիշն է, որ գոյին դնում է շարժման մեջ և տիեզերական լույսի ճառագման մոգական ուժն է նշանակում, նա հրաշքների այս հորինվածքներով ախտավոր հեթանոսներին ու տաճարների քրմերին իրենց համայնքներով հավաքագրում է արքունիքի շուրջը»,– հետո շրջվել, Չունակին ասել է. «Քո՝ արքունիքին ծառայելու ցանկությունները հասկանալ կարելի է,
եպիսկոպոս, բայց արի տես, որ հասկանալ հնարավոր չէ, թե ինչու գավազանը, որ օձ դարձավ խաչի պատկերով, ձու չի կարող ածել»: Իսկ խաչի պատկերով ձուն Ներսես կաթողիկոսը ուղարկել էր Կեսարիա՝ աստվածաբանների ու սրբերի ժողովի քննարկմանը։ Նրանց վեճն էլի երկար է շարունակվել, նրանք իրար չեն հանդուրժել, պատեհ ու անպատեհ իրար դեմ վեճեր են բացել:

Այդ օրերին, Սահմի ամսվա քսանութերորդ՝ Սիմ օրը, երրորդ՝ իր նախադեպը չունեցող երկու դեպք էլ պատահեց. Աղիհովիտ գավառում, Գնելի հարսանիքի ժամանակ, հարսի ու փեսայի գլխին անհամար քանակությամբ ոսկեդրամներ էին շաղ տվել և հողը դմբդմբացնող շեփոր էին փչել, որը տերության օրենքով՝ միայն թագավորի ներկայությամբ էր թույլատրվում փողհարել:

Մյուս դիպվածի մասին ժողովուրդը խոսում էր զուսպ ուրախությամբ, իսկ ազնվականությունը՝ անթաքույց ցնծությամբ։ Թագավորության առաջին մարդկանցից մեկն էր զոհվել, որի դեմ շատ թակարդներ էին լարվել, դավեր նյութվել, մահափորձեր ձեռնարկվել, բանսարկություններ սարքվել, իր ճկունության և խորաթափանց մտքի շնորհիվ նա բոլորից էլ խույս էր տվել:

Դրաստամատը չէր կարող չզեկուցել թագավորին, զեկուցեց՝ ասաց. «Արքա՛, այսօր առավոտյան լուր ստացանք, Հայր Մարդպետը սպանվել է»։ Հետո նայում էին իրար աչքերի մեջ։ Թագավորն ասաց. «Համընդհանուր ողբերգություն դարձրեք՝ ի տես բոլորի: Իսկ ժողովուրդը ինչպե՞ս է մեկնաբանում դիպվածը»։ «Արքա՛, շատ հետաքրքիր մեկնություններ են պտտվում ժողովրդի ու բանակի մեջ,– ասել է Դրաստամատը,– խոսում են, իբրև թե Հայր Մարդպետը դուրս է եկել իր նախարարության սահմանները շրջելու, հասել է իր տիրույթներին սահմանակից Տարոնի գավառ։ Ներսես կաթողիկոսն էլ Աշտիշատի հայտնի համաժողովից հետո դեռ այնտեղ է եղել՝ սրբերի գերեզմանների մոտ նրանց հիշատակը հարգելու։ Նրանք հանդիպել են իրար։ Կաթողիկոսը, Հայր Մարդպետի նման, հյուրի պատվին ճաշկերույթ է տվել: Միասին ճաշել են պարտեզում ու իրար պատվել, հետո Մարդպետը հրապուրվել է տեղի վայելուչ տեսարաններով, իրեն հատուկ չարության մոլուցքով է լցվել: Ու գինովցած ժամանակ ասել է, թե. «Այսպիսի զմայլելի տեղերը
տվել են կանանց շորեր հագած հոգևորականներին,– ասել է,– մենք այս տեղերը կքանդենք ու նրանց տեղը արքունի հանգստյան պալատներ կշինենք, թող միայն ես թագավորի մոտ հասնեմ»։ Հետադարձ ճանապարհին՝ Խոռխոռունիք գավառում, նրան հանդիպել է Շավասպը ու զրույցի ժամանակ նրան պատմել է, որ անտառում ձյունի նման սպիտակ մի արջ է տեսել։ Հայր Մարդպետն էլ այնքան գինովցած է եղել, որ ո՛չ անտառում շրջող սպիտակ արջին է կասկածել, ո՛չ էլ իրեն կրնկակոխ հետամուտ Շավասպին։ Կառքից իջել է, մտել թավուտ։ Շավասպն էլ հանել է հագուստների տակ թաքցրած աղեղը ու թիկունքից նետահարել։ Թագավոր, այս պատմությունը պատմողները նաև ասում են, թե Տիրանի թագավորության տարիներին Հայր Մարդպետը կոտորել էր ամբողջ Արծրունյաց տոհմը։ Մահապատժից մազապուրծ փրկվել էր միայն Շավասպը։ Արքա՛, այս բերնեբերան անցնող պատմության մեջ ազնվական ընտանիքներին և թե ժողովրդին բավարարող վրեժ կա, նախանձություն և բացահայտ ատելություն։ Ասում են՝ Շավասպն էլ չկա։ Ասում են՝ թագավորական գնդերը, երկիրը ոտնատակ տված, որոնել են նրան՝ չկա, անհետացել է, չեն գտել։ Ասում են՝ Հայր Մարդպետի երկու տղաներն էլ են իրենց գնդերով նրան որոնում»։ Դրաստամատը մի շնչով պատմեց երկրի ներսում զարգացող դեպքերի ընթացքը, ու նրանք նայում էին իրար աչքերի մեջ։ Հետո, թե. «Թագավո՛ր, դարձյալ ասում են, թե Հայր Մարդպետի որդիները հայտարարել են՝ եթե երեք օրվա ընթացքում չգտնեն Շավասպին, ստիպված Աշտիշատի եկեղեցին էլ են խուզարկելու, այս գործում եկեղեցին անմեղ չէ»։ Արշակ արքան ասել է. «Հայր Մարդպետի թաղումը շուքով, արքունի առաջին մարդուն վայել պատվով կազմակերպեք։ Երկրում թող Տրե ամսվա Արեգ, Հրատ, Արամ առաջին երեք օրերը սուգ հայտարարվի»: «Թագավո՛ր, արքունի տան ու հրապարակի դրոշները արդեն խոնարհված սգում են։ Լալկան կանանց ու ողբասացներին թագավորական տան գանձարանից է վճարվել։ Ամեն ինչ արվում է մեծ ուշադրությամբ, հուղարկավորման արարողությանը կմասնակցեն արքունիքում թագավորի շուրջը պատվի բարձերին նստող բոլոր մեծամեծերն ու նախարարները»։ Ասել է. «Թագավո՛ր, նաև մեր լրաբերներից այսօր հավաստի տեղեկություններ հասան, որ
Հայր Մարդպետը, մինչև սպանվելը, Աշտիշատի եկեղեցում Ներսես կաթողիկոսի ճաշկերույթի սեղանի հյուրն է եղել, ու նրա մատնած արքունի գաղտնիքը ցնցել է հոգևոր դասին ու տագնապ է առաջացրել նրանց մեջ։ Նրանք գիտեին, որ Հայր Մարդպետի նման մարդը որևէ տեղ հենց այնպես չի մեկնում, և նրա հայտնած տեղեկությունը անհիմն չի լինում։ Հաճախ ինձ թվում է՝ հենց այնտեղ է թաքցրած այնինչը, որը մենք որոնում ենք»։ «Դրաստամա՛տ, մի քանի գունդ պիտի ուղարկենք Տարոնի գավառ, Աշտիշատի եկեղեցուց սկսած թող այդ տարածքներում զորավարժություններ անցկացնեն ու միաժամանակ աչք պահեն հոգևորականների տեղափոխած բեռներին։ Պատրվակ կա, պատրվակը խոսեք, թող բերնեբերան անցնի, պտտվի, թե եկեղեցին պաշտպանության կարիք ունի, եկեղեցուն արքունիքը չի կարող միայնակ թողնել Հայր Մարդպետի որդոց զինված գնդերի դեմ, հոգևորականները, իրենց համար այս անբարենպաստ պայմաններում, չեն համարձակվի գանձարանը տեղից տեղ տանել: Մենք կշահենք, երբ շարունակենք նրանց տագնապը բորբոքել»։ Թագավորը երկար լռում էր, հետո գարեջուր խմեց, ասաց. «Դրաստամա՛տ, ժամանակն արդեն հասունացել է, որ կաթողիկոս Ներսեսը գնա Բյուզանդիա։ Նա արդեն գիտե՝ ինչ է մեր ցանկացածը ու աչալուրջ է մեր ամեն մի ձեռնարկման նկատմամբ։ Կաթողիկոսի բացակայությամբ ավելի դյուրին կլինի։ Նրա՝ երկրից ժամանակավոր հեռանալը անհրաժեշտ է։ Պատրաստեք դեսպանությունը, պահանջվող գրություններն ու վայելուչ նվերները, թող երեք օրից մեկնի»։

Երկու շաբաթ առաջ Դրաստամատը գիշերով արագընթաց ձիով աննկատ դուրս էր եկել Հայաստանից ու հասել Հռոմ։ Կանգնել էր Վաղես կայսեր գահի առաջ, խոնարհվել էր մինչև գետին, ճակատը խփել էր գորգին։ Իր հետ քսակով բերած մարգարիտն ու ամենագոհարն էր դրել կայսեր ոտքերի տակ՝ բարձին, ասել էր. «Բարձրագո՛ւյն քրմապետ, Կեսա՛ր, Օգոստո՛ս, աստվածների ու Մարսի սպասավո՛ր, ֆրանկների ու բարբարոսների կործանո՛ղ, գաղիացիների ու իտալացիների ազատարա՛ր, մեր մե՛ծ արքա հայոց մեծաց Արշակն ասում է՝ նեղն եմ, ձեր օգնության կարիքն ունեմ»։ Եղնիկի հյուսածո քսակից իր նմանակը չունեցող ադամանդն էր հանել, դրել նրա ծնկներին, ասել էր. «Մեր թագավորն ասում է՝ ձեր աջակցությունն է անհրաժեշտ»։ Տոպրակներով ոսկին էր դրել, ասել էր. «Մեր երկիրը պատերազմի առաջ է կանգնած, նույն հավատի ու կրոնի մարդիկ ենք, դուք պարտավոր եք օգնել՝ գործը միասին առաջ տանենք»։ Արծաթե սալիկները դրել էր ու ասել. «Մեր Ներսես հայրապետին ուղարկենք, թող գա հասնի Բյուզանդիա, քո ցանկությամբ մեր երկրին կաթողիկոս կարգեցինք, թող քո կամքով էլ միառժամանակ Հռոմում մնա: Մեր ժողովուրդը մեկ տեղ չի գալիս, բուռ չի հավաքվում»։ Վաղես կայսրը խոշոր, հուրհրացող, շիկագույն, արնատեսիլ ադամանդը լույսի ու աչքի դեմ է պահել, ասել է. «Դուք մտածե՞լ եք՝ ինձանից ի՞նչ եք ուզում։ Հայաստան աշխարհի ժողովուրդն ինձ թշնամի կհայտարարի։ Ինձ կանգնեցնում եք փակ ճանապարհի առջև, դժվար ճանապարհ է»: Դրաստամատն ասել էր. «Աստվածների ու Մարսի սպասավոր Վաղես կայսր, հայոց լավագույն ութ գնդեր, մեր աշխարհի ծախսերով, բյուզանդական լեգեոնների հետ կռվում են քո թ