(Անդրեյ Նույկինի «Ղարաբաղն իմ ցավն է» գրքի առիթով)

    Այս գիրքը [1] դեռևս մեզանից մեկի համար դյութական «ղողանջող զանգերի» մասին է, որ գալիք սերունդների համար որպես նախազգուշացում է հնչելու, տարածվելու է երկրագնդի երեսին:

    Այսպես. Խորհրդային Միության փլուզման մոնումենտալ գաղափարների շրջադարձի, հանրապետությունների` միմյանց ծուռ ու ֆշշոցով նայելու, իրարից խոտորնակի փախուստի, խառնակ ժամանակաշրջանի հորձանուտի մեջ, զորությունը կորցրած կրոնների օրոք վերստին մեր դեմ քաոսը, արյունն ու սուրն էին բարձրացել: Մեր դարաշրջանում Ռուսաստանը հեռու և մոտիկ հնարավոր երկրներից լավագույնն էր,  ում շահերը համընկնում էին Հայոց պետականի հետ. արդարամտությունը երկուսի միջև իր որոշակի չափն էր պահպանում: Նույկինի գիրքը պատմում է, թե ինչպես իրենք, խղճով և գութով առաջնորդվելով, մարդկանց մի խմբով 1991 թվականի փետրվարին Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ թռչելուց հետո, նույն օրը ԽՍՀՄ ներքին գործերի զինված ուժերի ստորաբաժանումների և ադրբեջանական ОМОН-ի համատեղ պատժիչ գործողությունների վկան լինելով` իրենք էլ ժողովրդի  պես նսեմացվելով, բռնադատվելով, դեռ Ստեփանակերտ չմտած` Արցախի   օդանավակայանից  վտարվեցին քամահրանքով:  Ապրածից,  տեսածից, լսածից սարսափած` Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը գործող «Ապրիլ»-ականների հիմքի վրա (Գ.Նույկինա, Թ. Գայդար, Վ. Օսկոցկի, Ա. Նույկին, Յ. Չեռնիչենկո)  ստեղծեցին ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն (Կրիկ)-ը, որին ոչ միայն գիտնականներ, երգահաններ, գրողներ, բժիշկներ, առաջադեմ մտածողներ էին անդամագրվել, այլև արտասահմանցի` Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն  Քոքսը: Նրանց ինտելեկտը ցնցում էր Ռուսաստանը, միջազգային լրատվամիջոցները, հասարակական միտքը: Գրքի հմայքը, ոչ միայն ժամանակակից, այլև պատմական փաստերի հանգամանալից ուսումնասիրութ-յունների և զուգորդումների, մի դարաշրջանից մյուսը փոխանցված չլուծված խնդիրներին խիզախ և համարձակ, նոր պատասխաններ առաջադրելու մեջ է, ինչին  իր կյանքի տասնհինգ տարիներից ավելին նվիրաբերեց Անդրեյ Նույկինը: Շարադրանքի հավաստի ոճը, ռիթմը, որոշակի կոմպոզիցիան,  իրադարձությունների հաջորդականությանը տիրապետելը հենց առաջին պահից մասնակից է դարձնում խմբի հետ` հողից ոչ մի բան չմնացած, հողին ոտք դնելուն` ասես դատարկ սևի մեջ սուզվելուն, ամայի ճանապարհների վրա` կիսաձիու, կիսամարդու, կիսատան, ձմերուկի պես կիսված աղջկա, կիսախնձորենու այգիների ու կենդանի ագռավի, ուրվականներին հանդիպելուն:

    Ահա մի հաղորդագրություն հենց այդտեղից աշխարհին, 1991թ., մայիս, Շահումյան, «Ղարաբաղ»-ի օգնության խմբի անդամ Ինեսսա Բուրկովա. «…Այսօր` առավոտյան ժամը 5-ին, խորհրդային «վոյենշչինան» և ադրբեջանական ОМОН-ը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության են ենթարկում հայերին…»: Միաժամանակ Արցախի տարբեր շրջաններում կապույտ կայծակների նման աջ ու ձախից «գրադներն» էին պատառոտում գյուղերն ու քաղաքները: Ռուս մտավորականության կոմիտեն ելույթներով, հոդվածներով, հրապարակախոսությամբ հեղեղել էր մամուլը, հեռագրեր էր հղում Ելցինին, Բուշին, Գորբաչովին, Եվրոխորհրդին, Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին, անգամ, ադրբեջանցի հայտնի գրող Անարին:

    ԿՐԻԿ-ը ամբողջ զորությունն օգտագործում էր  բարձրաստիճան չինովնիկների հետ բանակցելու և հրապարակախոսական ելույթների միջոցով փորձում էր դադարեցնել հայերի զանգվածային կոտորածը:

    Պատերազմը, որպես մի տնից բռնկված բոց, արդեն ծավալվել, հրդեհի նման բարձրացել, թռչում էր Արցախ աշխարհով մեկ: Ժողովուրդն անհավասար պատերազմի շրջապտույտի մեջ էր, նրա  կենաց-մահու տնքոցին է միախառնվում ռուս մարդու` Նույկինի արդարամտությունը, ասելով. «Այս գրքում քիչ չեն դառը խոսքերը, որ ասել եմ իմ բազմաչարչար Ռուսիայի հասցեին…»: Ընդամենն այս երկու տողերի մեջ հանդիպում ես այն ցավին, ինչ իր ներսում Արցախի համար զգացել է նա:

    Այդ օրերին Ռուսաստանում քիչ չէին մարդիկ, որոնց Արցախի ազատագրական պայքարը կայսրության կործանման սկիզբն էր թվում և կային այնպիսիք, որ Քրիստոսի պատմուճանի վրա զառ գցողների նման էին. ամեն բանում նպաստում էին ադրբեջանական ОМОН-ի հաղթանակին (Պոլյանիչկո, Սաֆոնով և այլք):

    Նույկինը նրանց պատմական փաստաթղթեր է ներկայացնում, որ 1813թ. Արցախը Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին է հանձնվել «հավերժական ժամանակով» և իր այս կարգավիճակից ոչ մի անգամ, որևէ փաստաթղթով չի էլ հրաժարվել: Պարզապես, 1921թ. կուսակցական մարմինների կողմից ուղղակի ստիպողաբար բռնակցվել է Ադրբեջանին, ինչը չի կարող Արցախի նկատմամբ իրավական ուժ ունենալ, այն պարզ պատճառով, որ երբ հեղափոխության արդյունքում Ռուսական Կայսրությունը փլուզվեց, և 1918-20թթ. Ադրբեջանը ինքնահռչակեց իր անկախությունը, Արցախը  նրան չէր բռնակցված, իրավական փաստաթղթերում որպես ինքնավար մարզ չէր էլ  հիշատակվում: Հենց իրավական այս պատճառաբանությամբ է Ադրբեջանը զրկվում Արցախի նկատմամբ պահանջատիրությունից: Մյուս կողմից, եթե մեզ հետաքրքրող հարցը աշխարհագրական, տարածաշրջանային, պատմական տեսանկյունով դիտարկենք, ապա ադրբեջանական պետության առաջացումը հիշատակվում է` սկսած միայն 1918-20թթ.: Մինչ այդ, որևէ այլ «Ադրբեջան», բացի Ցարական Ռուսաստանին սահմանակից Պարսկաստանի հյուսիսային գավառից, չի էլ հիշատակվում: Իսկ Արցախը Ռուսաստանի հետ  ոչ միայն պայմանագրերով և ընդհանուր թշնամու դեմ համատեղ թափած արյամբ, այլև ճակատագրով, մշակույթով և հոգեբանությամբ է կապված:

    Այս գրքի խիզախումը տարեգրությունը և իրադարձությունների հաջորդականությունը արխիվային պահոցներին հանձնելը չէ, այլ ժողովրդին արժևորելը, 1991թ. փետրվարին Ստեփանակերտի օդանավակայանում ամիսներով ադրբեջանական ОМОН-ով շրջափակված մարդկանց լռության հետ առաջին անգամ հանդիպելը: Ասում է. «Ժողովրդի մեջ նորածինները, մանուկները չէին լացում, ծպտուն չկար»: Տեսել էր վարար, ափեափ կանգնած լռությունը:

    «Հազարամյա հոգնություն»:

    Նա գնացել էր հազարամյա լռություն պահող Հայ մարդու մոտ, դարերի հերթագայության` ծնունդների ու մահերի շրջապտույտի մեջ. պայքարի ինչ ձև… լռելով, ազատության ինչ ձգտում, ինքնահաստատման համար ինչ զոհեր, երկրագնդի երեսին դեռևս պղպջացող ինչ տաք արյուն և Արցախ երկրի ինքնահաստատման խոշոր ջանքեր` ռուսական, եվրոպական, ամերիկյան, թուրքական գաղափարախոսությունների և քաղաքականությունների արանքում: Ի վերջո, ազատությունը Արցախ աշխարհի համար  իր ամբողջի, Հայաստանի հետ միանալու նպատակն էր: Մարդկային, ռազմական, տնտեսական ռեսուրսներով գերազանցող հակառակորդի դեմ Արցախն  իր գոյությունը պահպանելու համար  մեկ անգամ չէ, որ օգտագործել էր դարերով կուտակած խորքային և հոգևոր արժեքներից հունցված հնարավորությունները և մեկ անգամ չէ, որ փորձությունների ճանապարհին դրանք պահպանել էին իրեն:

    Եվ հանկարծ անգամ լիարժեք պետությունների շարքին չդասվող Ղարաբաղը պատերազմի հաղթողն է: Միանգամից հարաբերական է դառնում մեծաքանակ ժողովրդով ու բանակով հակառակորդի անպարտելիության միֆը` փոխելով դարեր շարունակ մեզ հետապնդող, համոզմունքի աստիճանի հասցված վախի համակարգը: Հենց այդ պահից էլ սկսվում է Ադրբեջանի` այլ երկրներին դիմելով, իրեն փրկելու օգնության աղաղակը: Հենց նրանց այդ աղաղակից  արդեն  Արցախն էլ ուրիշ էր դարձել: Չեչենական, թուրքական, մահմեդական երկրներից օգնության եկած  վարձկանները հանկարծ նկատեցին` Արցախն  այլևս այն փափուկ ազդրը չէ, որ չորս կողմից հափռել ու պատառոտում էին. դարձել էր արմունկների ու ծնկների նման չոր, դիմացկուն և ուրիշ: Արցախ պետությունը ձեռք բերվեց ներկաների, սրբերի կարգը  դասված բացակաների և այսօր տնքացող բերդերում գտնվող ընկերների զորության շնորհիվ: Նրանք` ընտրյալները, փոխեցին համակերպվածության ընթացքը, որպեսզի գալիք ժամանակներն ավելի քիչ դառը, անորոշ ու մահաբեր լինեն, բռնապետության պղտոր թանձրությունը չամայացնի սրտերը, չլինի այնպես, քան այն ժամանակները, որ ապրեց Արցախը 1998թ. սկսած և դեռ ապրում է: Սրանք են  Անդրեյ Նույկինի «Ղարաբաղն իմ ցավն է» գրքում ինտելեկտուալ առաքինությունների իրական, խիզախ օրինակները: Նրա դեմ ոչ միայն ադրբեջանական, այլև Ռուսաստանի Դաշնության դատախազությունն էր քրեական գործ հարուցել. «Ազգային և ռասսայական հավասարության իրավունքները խախտելու» մեղադրանքով: Եվ միայն այդքանը չէր` «Իզվեստիա» թերթում տպագրած «Ղարաբաղյան օրագրեր»-ի համար ադրբեջանցիների կողմից օրնիբուն վիրավորանքների, իր և ընտանիքի անդամների հետ դաժան հաշվեհարդարի սպառնալիքներով նամակներ և հեռագրեր էր ստանում: Այդ ամենին գումարվեց նաև Ադրբեջանի Կոմկուսի  կենտկոմի երկրորդ քարտուղար, Արցախի արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Պոլյանիչկոյի սպանության մեղադրանքը: Ռուսաստանում էլ գտնվեցին մարդիկ, որ մեղքը բարդեցին   ԿՐԻԿ-ի անդամներ Նույկինի, Եմելյանենկոյի, Գուտիոնտովի, Չեռնիչենկոյի վրա, իբրև թե «Պրավդա» թերթում Պոլյանիչկոյի ռեժիմի դեմ գրած հոդվածներով նախապատրաստել էին վրիժառու մարդասպանին: Սակայն նա հակառակորդի և այլալեզու թերթերի մեղադրանքներին, երբեմն էլ մեր` ընկերոջ նկատմամբ դրսևորած աննրբանկատ մոռացկոտության, մեծամտության և թափթփված անուշադրությանն ի պատասխան, ասում է. «Իմ ամենաարժեքավոր պարգևը Արցախի մայրերի` «Մայրական երախտագիտություն» մեդալն է, քանի որ այն Արցախը ռմբահարող «գրադների» բեկորներից է ձուլված»: Հաստատելով, թե ժողովուրդների հուսահատության ժամանակներում ինչպես են իրադարձությունների զգալի մասը հեռանալով` կորչում անցյալի խորքում, իսկ այն, ինչ կարևոր է, որի համար նվիրյալներն ու խիզախները, դիմացկուն պետությունները համբերել ու պայքարել են, դառնում է տվյալ ազգի պատմությունը, նրա միսն ու արյունը:

    Նա վերակառուցման տարիների ամենասուր խնդիրները, նրանց պատճառած ցնցումներն ու նշանակությունը  նաև  պատմափիլիսոփայական տեսանկյունով է դիտարկում` թե ինչպես է մարդը մի կողմից` մոլորվել  պետությունների  և ազգերի խճճված հարաբերությունների պատերազմական թնջուկում, մյուս կողմից` հայտնվել տարերային աղետների, ահաբեկչական հարձակումների, բանկերի փլուզման և անհամաձայնությունների ժամանակներում, որ ամբողջ մարդկության, երկիր մոլորակի գոյությունն է հարցականի տակ առնվում: Գուցեև Անդրեյ Նույկինը ռուս խոշոր մտածող-հումանիստների փաղանգի վերջին հայրենասերներից է` ով թափանցելով հեռուները, պիտի հավատա Ռուսաստանի և համամարդկային գալիքի հաղթանակին այնպիսի ժամանակներում, երբ Ռուսաստանը քանի գնում, ավելի ծանրաշարժ է դառնում, երբ քաղաքականությունները օր օրի կարծես առևտրի են վերածվում, մինչ բազմապիսի թշվառությունները, սնանկություններն ու նրանց հարուցած տագնապները ժողովրդին հուսալքում, ճնշում կամ թևաթափ են անում: Ռուսաստանի համար ամենակարևոր այս փուլում է, որ Նույկինը ձեռք է դնում ցավին` պատճառների թնջուկը բացելով, երբեմն էլ Ռուսաստանի մտածելակերպից տարբերվող նոր լուծումներով նոր խնդիրներ է առաջադրում Ռուսաստանի ամբողջ ինտելեկտուալ ուժին: Նրա վերջին տարիների գործերը  մշակույթի գեղեցկության, բարոյականության և նրա դերի մասին  են, արվեստաբանական և փիլիսոփայական աշխատություններ են:

    Այս խոսքի շրջանակներից վեր է` խոսել նրա փիլիսոփայական ուղղվածության և ըմբռնումների մասին. ինձ համար  էլ, փիլիսոփայական մտածելակերպը, որ տարբեր դպրոցների իմացության գիտելիքներ է պահանջում, իր ամբողջ խորությամբ ըմբռնելի չէ:

 

 

 

 

[1] Անդրեյ Նույկին, «Ղարաբաղն իմ ցավն է», Երևան, «Ամարաս», 2009թ.

 

    Մարդկությունը` ստեղծման օրվանից ի վեր, պետությունների, ազգությունների, ժողովուրդների տեսակն ու ինքնությունն իր իսկ ծանր մոլուցքներից պաշտպանելու համար, որ արճճի նման ոտքերից կախված անընդհատ օվկիանոսի անդունդն է քաշում, դեռևս ավելի արդյունավետ միջոց չի գտել,  քան` բանակն է:

    Եկող դարաշրջանների ընթացքում մարդկության համար ավելի ընդունելի դարձավ իր էվոլյուցիոն ծաղկումն ապահովող  հունա-հռոմեկան մենթալիտետը, որ սովորեցնում էր` ազատության հասնելու ձգտում, ռացիոնալ օրենքներ, կյանքի ներդաշնակեցում նյութական օգտակարության ու հաշվենկատ մտքերի հետ, նաև` դաժանության վարժեցված  բանակի կիրառում:

    Այնինչ, մեկ ուրիշ ճանապարհով էլ գնալու հնարավորություն կար, որ քրիստոնեական վարդապետության կրոնա-էթիկական ամենախոշոր նվաճումն էր` ոսկե պատվիրանը` հարգանք աշխարհաքաղաքացու կյանքի նկատմամբ. «Մի սպանիր»:

    Սակայն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ նախաստեղծ ժամանակներից թագավորությունների ու պետությունների համար ավելի հեշտ է տարիներով պատերազմներ վարել, նույնիսկ` հարյուրամյա, քաղաքակրթություններ, մշակույթներ խորտակել, ժողովուրդներ, ազգեր բնաջնջել հողագնդի երեսից, քան` բանակցելով, մտքի զորությամբ փրկել միմյանց:

    Նրանք բոլորն էլ, որոնց բանականությունը աշխարհն է ցնցել` Զրադաշտը, ինչպես վեդայական բրահմաները, քրմերը, հրեա մարգարեները, Պլատոնը դարեր շարունակ մոգական այն խոսքն էին որոնում, որ զորություն պիտի ունենար` ազդելու իրականության վրա և մարդկությանը պիտի փրկեր ինքնակործան, աղետալի պատերազմներից:

    19-20-րդ դարերում, Հայաստանի` ամենահինավուրց երկրի, առաջնային նպատակն է եղել` ճանաչվել որպես ազգ, որպես պետություն, թերունեցվածքային բանակով պաշտպանվել հոգևոր և պատմական հայրենիքում, թույլ չտալ` հանգի հայ ժողովրդի դարավոր ճրագը:

    Մինչև հիմա էլ Հայաստանը փորձում է դուրս պրծնել Անդրկովկասում իրենց շահերը որոնող և ազդեցության գոտիներ ծավալող խոշոր տերությունների քաղաքական թնջուկից, որոնք իրենց նպատակները հաջողեցնելու համար շատ անգամ են մեր մոխրացած փլատակների վրա միմյանց հետ համբուրվել ու իրար ձեռք սեղմել:

    Այսօր միայն բանակը չէ, որ պիտի ապահովի մեր պետության անվտանգությունը և առաջընթացը: Քաղաքական գործիչները ազգային համաձայնության գալու վերաբերյալ ոչ թե անորոշ գաղափարախոսություններով և աղոտ ճարտասանություններով ճառեր  պիտի արտասանեն, այլ ժողովրդին միասնության տանող իրական քայլեր պիտի կատարեն:

    Ցավոք` ներկա պետական քաղաքականությունն էլ է անարդյունավետ, աննպատակ լողում է հոսանքին համընթաց: Արցախի ժողովրդի ինքնորոշման դարավոր իղձերը ի կատար ածելու համար  հարկավոր է և պետական, և բանակի անկատար համակարգը վերափոխել, ունենալ քաղաքական-մշակութային միասնական մի ծրագիր, վերջ տալ կեղծավորությանը, հաստատել հայկականության տրամաբանությունը, արթնացնել աշխարհասեր առաքելությունը և բարոյականութ- յունը:

    Սակայն  երկու հակառակորդ բանակները դեռ կանգնած են դեմ դիմաց` ատամն ընդ ատամ, ակն ընդ ական և հենց առաջին բախման հետ ամբողջ Անդրկովկասը` քուն թե արթուն,  դարձյալ  տնքալու է,  երբեք չի գալու  ապրելու  ժամանակը:

  Ես տեսել եմ` տիեզերքի հավերժ խաղաղության մեջ փքված, կլոր փորի նման երկրագունդը, նրա բիբլիական Անդրկովկասն ինչպես էր ցնցվում, թպրտում, և այդ պորտի բաց վերքի վրա էր մշտապես ու դարձյալ աղը ցանվում: Չոր հողի երեսը առատորեն թրջած, դեռ պղպջացող արյունը Կովկասի բնակչի համար բնաջնջման սարսափ սփռող անասնական վախ է դարձել:

    Հիմա, այստեղ պատերազմները և դիպվածները այնպես չեն, երբ գալիս էին արգոնավորդները՝ ոսկե գեղմը տանելու: Եթե պատահեր, որ զինվորը նետից կամ սրից խոցված ընկնում էր, պատահականորեն այդ կողմերով թռչող մի հրեշտակ տեսնելով նրան՝ իջնում էր երկնքից, խոտի տերև կամ փետուր քսելով վերքին՝ փրկության լույսն էր վառում:

    Հայկական ավանդապատումներում պահպանված տեղեկություններն էլ ասում են, թե վիրավոր մարտիկը, երբ հայրենի հողից մի պտղունց բերանում ծամելով՝ շաղախ դարձրած  դնում էր կտրվածի վրա, դադարում էր արյունահոսությունը, վերքի բացվածքից հեռանում էր մահը:

    Բիբլիական աշխարհը կողմնակից էր մարդու ապրելուն:

    Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում: Այստեղի կապույտ, պսպղուն երկնքով անցնող հրեշտակներն այլևս չեն կարողանում իջնել այրվող հողին  կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են  անօգնական:

    Ես ինքս, որպես այդ պատերազմի ականատես, գիտեմ և շատ անգամ եմ լսել Աստծո ձայնը, և թիկունքից, և դեմից, թե ինչպես էր կանչում երկրագնդի երեսից գիշերվա մի ակնթարթում կորած իր լեռանը, իր լճին, իր քաղաքին, խնձորի այգուն, իր մարդուն, կորած իր հրեշտակին:

    Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և ցեղի առաջնորդ իր երաժշտությունն է հնչեցնում, ժողովուրդներ են նետում հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու տակ:

    Մարդկային միտքն այսպես մոլոր, կույր, թափառական, դարեր շարունակ հանձնված կարմրածուփ սատանայի ճշտապահ խաղի օրենքին, նորից ու նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ հետ է գալիս  և կանգնում իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած  նույն  պատերազմներն ու նույն խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը…

    Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ այս հանգամանքով է, որ չստեղծվեց Անդրկովկասի միաբանությունը:

    Տակավին դեռ այդպես չէ:

    Բերանում ծամված, շախաղ դարձրած, վերքին դրվող հայրենի հողն էլ այլևս չի փրկում այս պատերազմներից:

    Հիմա գրողի խնդիրը հայրենիքի կառույցը անառիկ պահելու համար ոչ թե պաթետիկ ոճով հերոսական վեպեր գրելով՝ զինվոր դաստիարակելու գործն է լինելու, այլ` մեկ ազգի, մեկ պետություն ոչնչանալը երկրագնդի կործանում համարելը: Գրականությունը կարողանալու հնարավորություն է՝ պատերազմը ատել տալու` առանց նշանակության, թե ու՞մ, ո՞ր երկրի, ո՞ր գերտերության պատերազմն է: Այս մոլորակի, այս մարդու փրկության ճանապարհն անցնում է այն երկրի միջով, որտեղ նրա բնակիչը տուն է կառուցում, որտեղ պահում է իր արվեստագետին, իր գործարանները, իր կնոջը, իր զավակներին, որտեղ բազմանում են բանկերը, ծաղկում է առաքինությունը, որտեղ բորբ արևի տակ ծփում են ցորենի դաշտերը, լճերում խայտում են ձկները, առատությունից շունը կտուրին՝ խոտի դեզի տակ, կատուն պատուհանի գոգին է մեջքը ուռեցնելով ուրախանում, երբ զավակները ուսանում են ցնծությամբ, կույսը հրճվում է, գազօջախի կրակը չի մարում և կյանքի օրհնությունն է թափվում մշտապես :

 

 

 

 

                «Քամու բերանն ընկած թղթի մի կտոր, որի վրա գրված լինի երեք տող, թեկուզ ուրիշի ձեռքով, եթե դրանք պատկանում են Դեմիրճյանի գրչին, ուշադիր ընթերցողը կճանաչի Դեմիրճյանի ոճն ու լեզուն, այնքան ինքնատիպ Է նա»:

                                          

  Ե. Չարենց

 

    Դարաշրջանը այն դարաշրջանն էր, որ արյունը շուրթերին էր եկել: Հեքիաթի վիշապի նման ձգվել, գլուխը գեղեցկուհի Արևմուտքի ծնկներին էր դրել` ականջալուր          իմաստունների գիտության և փիլիսոփայության վերջին ճշմարտությանը, պոչով էլ`     հակառակություններով բռնկված Արևելքն էր սրբում: Հողը ճեղքվում էր, անդունդները ժողովուրդներ էին հափշտակում, մահի բերանն ընկած` ազգեր էին կորչում երկրի երեսից, պետություններ էին փշրվում հիմնահատակ` թափվում ճենապակե սկուտեղների նման, անապատները ճահիճների պես ժողովուրդներ էին ներծծում: Պատմական իրադարձությունների հողմապտույտը թափ էր տալիս բոլոր քարտեզները, տերություններ էր մարդաթափ անում, սահմաններ էր վերաձևվում: Աստվածաշնչի խարան` ամենահին Բաբելոնի պատերին բիրերի սեպագրով հաստատված` աշխարհագրական ամենաառաջին մեծ քարտեզն ամենահինավուրց երկրներով աղյուս առ աղյուս փլուզվում, առ ոչինչ էր դառնում: Կարծես Քսենոֆոնը դեռ երեկ այստեղ, այս երկրում` Հայաստանում  չէր էլ եղել, դարը քարե դամբարանի սև դռները բացել` գլորվում էր իր իսկ հանած` հողի երեսին պղպջացող արյան միջով: Հյուսիսի կողմից էլ անծայրածիր ստեպների վրա հեղափոխություններ էին անում, Մոսկվայից Սիբիր, մինչև Չուկոտկա ամբոխները հինավուրց պատմությունն էին հրո ճարակ դարձնում, ժողովուրդների կենսական կորիզը այրում` հող էր, հող էին դարձնում: Սապոգներով ծեծում էին պետությունների երկաթե դարպասները, թագավորական դարավոր դինաստիաներ էին անհայտության մեջ փոշիանում, բարքեր էին խաթարվում: Դարաշրջանը դեռ Չարենցին, Բակունցին, Զապել Եսայանին, Խանջյանին, Բլոկին, Գումիլովին կուլ չէր տվել, բայց մղձավանջն արդեն պար էր բռնել նրանց շուրջբոլորը: Նրանց միտքն ու բանաստեղծությունն էին, որ աշխարհն էին դղրդացնում. այդ ժամանակ բանաստեղծությունը գեղեցիկ էր, մարդը` դժբախտ:

    Դեմիրճյանի ժամանակը հասունացել էր, ահա այդ դարաշրջանում եկավ: Մենակյաց էր, բայց որոնողի հոգով, տեսանողի աչքով: Ոչ ցարիզմի փոշի դառնալը, ոչ էլ հեղափողությունը միանգամից չընկալեց: Կասկածկոտ, կասկածամիտ էր, սպասում, ճշտում էր իրադարձությունները: Միտքը զննող էր, բնավորությունը` հեռու քաշված, համարյա հոռետես: Խորաթափանց էր, պատմական ժամանակաշրջանների լաբիրինթոսներում կռահումների հետևից գնացող և վերլուծական եզակի կարողություններով:

    Նրան գուցե և կարելի է միայն Չարենցի հետ համեմատել, ում իմացությունն ուղղակի դարերի թնջուկն էր մաղում` փնտրելով ազգի զորության կենսական կորիզը:

    Դեմիրճյանը տասնյակ տարիներ բանաստեղծություններ էր գրում, գրքեր հրատարակում, կասկածում, տապալվում: Երկար որոնումներից հետո Դեմիրճյանն անցավ պատմվածքների ժանրին: Միանգամից հաջողվեց խորը, կյանքի զարկերակը շոշափող հոգեբանական գործեր ստեղծել, կարողանում էր տեսնել այն ամենը, ինչն անմատչելի էր սովորական աչքին: Չնայած որ այդ ժամանակաշրջանում համաշխարհային գրականությունն արդեն իր գանձարանում ուներ վերլուծական արձակի գոհարներ` մեծագույն վարպետներ Էդգար Պոն, Բալզակը, Զոլան, Դրայզերը, Գոգոլը, սակայն նրանց ֆոնին չէր նսեմանում Դեմիրճյանի մուտքը մեծ արձակի ասպարեզ: Նա իր երկերում աշխատում էր հասու լինել ժողովրդի էությանը, մոտենալ դարավոր գոյության խորհրդին, բացահայտել արարելու կարողության առեղծվածը, փորձում էր մտնել հազարամայա ավանդույթի փակ դռներից ներս:

    Կարողացավ հազարամյակների քողը հետ տանել և ճանաչել մեր ժողովրդի հեռուներից բերած ամենախորհրդավոր պատմությունը: Կռահել էր ազգային կերպի առանձնահատուկ շնորհը, որ անվանեց «հայկական համամարդկայնություն»: Գտել էր նախնյաց ոսկե հանճարը, ի դեմս Խորենացու, Կորյունի, Եղիշեի: Նարեկացու, Ֆրիկի, Երզնկացու, Քուչակի գլուխգործոցներում բացահայտել էր հայկական վերածնության խոյանքները: Անպճնազարդ ճարտարապետության, շարականների, մանրանկարչության շերտերում էր հայտնաբերել հայկական համամարդկայնության խորհուրդը, նշում էր նրա առանձնակի կարևորությունը ապագա սերունդների համար: Դեմիրճյանն իր ստեղծագործություններում փորձում էր հինավուրց մեծ ժառանգության, հայ մտքի և ոգու կրողը լինել, փորձում էր նորովի մեկնաբանել նախնյաց բոլոր նվաճումների ոգին:

    Եղիշե Չարենցը տեսավ և շատ բարձր գնահատեց նրա երկերը նորագույն գրականության ասպարեզում` «Հոգեբանական անալիզի նոր խոսք, թափանցող խորը միտք, յուրահատուկ լեզու, անհատական ոճ, հումոր և ինքնուրույն պատկերներ, անսպասելի մետաֆորներ և թևավոր դարձվածքներ, թարմություն և գեղեցկություն»:

    Պատմության խորապես ուսումնասիրելը Դեմիրճյանին ինքնավստահություն հաղորդեց սեփական ուժերի նկատմամբ: Գրեց ոչ թե փլատակների, մահվան մասին, այլ ազգի անցած ուղու, մեծ սխրանքների, մեծ փորձառության գիրք` «Վարդանանքը»: Նրա գեղարվեստական միտքը կռահումներով վերականգնեց նախնյաց սերը հայրենիքի, հողի, արյան, ժողովրդի ոգու մեծ տառապանքի նկարագիրը մեզ և եկող սերունդների համար, որպես օրինակ բացահայտեց ազգային հոգևոր ուժի ամենաէական արժեքը` բարոյական վսեմությունը:

    Այնուհետև գրեց հռչակավոր «Քաջ Նազար» կատակերգությունը: Իբրև իսկական արվեստագետ` ճշմարտությունը իշխանությունների երեսին ասելու համար արևելյան հեքիաթը վերածել էր կատակերգության` փոխել էր սյուժեն, ասելիքը: Չարենցը միանգամից նկատեց, ողջունեց բացառիկ այդ գործը, անմիջապես նախաձեռնեց տպագրությունը «Նորք» ամսագրում:

    Վերլուծական համարձակությամբ, իր ենթատեքստով, նորարարությամբ գլուխգործոց էր ծնվել, այն շատ բարձր գնահատեց նաև Թումանյանը, Իսահակյանը, Շիրվանզադեն:

    Սակայն այնպես չէր, թե Դեմիրճյանի ստեղծագործությունները չունեին թերություններ: Վրիպումներ են նկատվում և պատմվածքների, և պատմական դրամաների և «Վարդանանք» վեպում: Գրեթե բոլոր երկերում էլ նկատվում են սյուժետային կառուցվածքի սխալներ, որ հանգեցնում է երկարաբանությունների: Իրավիճակը փրկելու համար երբեմն չարդարացված` հեղինակային միջամտությունները հասնում են լրագրային մակարդակով արտահայտված հոգեբանական նկարագրությունների:

    Բայց նրա ստեղծագործությունները ամբողջությամբ վերցված` թե նորարարությամբ, թե գեղարվեստական կառույցով, թե համարձակությամբ այնքան լիակատար էին, որ թվարկված վրիպումներն աննկատելի են դառնում, չեն արժեզրկում նրա երկերի գեղեցկությունը և կարևորությունը:

    Դեմիրճյանն այսուհետ ևս լինելու է մեր գրականության համար կամակոր, բայց պահանջված ներկայություն:

    Ազգի ապրել կարողանալու ջանքերը, հոգևոր կամքը, քաղաքացիական կեցվածքը, պատասխանատվությունը սերնդեսերունդ է փոխանցվում մշակութային ոգու ճանապարհով:

 

    Այս տարի մեր արվեստի ամենայն մեծաց` Կոմիտասի (1869-1935) և Թումանյանի (1869-1923) 140-ամյակներ են լրանում։ Երկուսի էլ` երաժըշ- տական և բանաստեղծական, թողած ժառանգության մեջ լույսը և հույսը այնքան շատ են, որ երբեմն թվում է, թե   այս ժողովուրդը չէ, որ անցել է եղեռնի և նախճիրների միջով։

    Սակայն, քանի որ լույսը և հույսը գին ունեն, երկուսն էլ ազգային աղետի զոհասեղանին դրեցին շատ թանկ արժեքներ.  մեկը` պատանի որդուն, մյուսը` իր կյանքը։ Որպեսզի նրանց նման ոգիներ ստեղծվեն, ժողովուրդները դարերով լուռ տքնում են, ինչպես որ մի կաթիլ մեղր ստանալու համար փեթակի լռության մեջ օրնիբուն հազարավոր ջանադիր մեղուներ են աշխատում։ Նրանց ապրած կյանքը, իրոք, նման էր մեր ժողովրդի ճակատագրին, սակայն նրանց գլուխգործոցները ներառում են ազգի 6-7 հազարամյա գոյության ընթացքում փորձով ամբարած ամենայն լավագույնը, կատարյալը, լույսը, այն ոգեղենը, ինչն ապագա սերունդներին մաքառել  է  տալիս կայծակնազարկ փոթորիկների դեմ։

    Թումանյանը հեռավոր խորքերից ճանապարհ ելած մեր գրականության ամենաբարդ երևույթն է։ Սակայն իրապե՞ս ամենաբարդն է, երբ մեծին ու փոքրին մատչելի է. «Քաջ Նազարը», «Գիքորը», «Մի կաթիլ մեղրը», «Անհունը», քառյակները։ Գուցե ամենաբարդ ասածը մեր նախաստեղծ հայրենիքի` Հայասայի, Ուրարտուի, քրիստոնեության ժամանակներից եկող մշակույթից վերցրած ազգային մտածելակերպի խորհուրդը ժողովրդին վերադարձնելու մեջ է։ Ինքն ասել է. «Սովորաբար խոսում են, թե ժողովուրդը քիչ է երևում պատմության մեջ։ Ոչ, ես կարծում եմ, ժողովուրդը կա, երևում է, խոսում է հազար ձևերով ու արտահայտություններով, միայն հարկավոր է կարողանալ գտնել, նկատել և տեսնել նրան»։

    1905 թվականին Անդրկովկասի վրա պղպջում էր հայ-թուրքական բախումների հետևանքով թափված արյունը։ Սպիտակ ձի  հեծած, սպիտակ դրոշ պարզած` իր խմբով գյուղից գյուղ, սարից սար էր անցել.  ոչ թե հակառակորդից խաղաղություն էր աղերսել, այլ` ինչպես որ իքն էր հավատացած անկեղծ համոզմունքով, անդրկովկասյան ժողովուրդների եղբայրական դաշինք էր քարոզում` կանխատեսելով մեծ ապագա։

    Արյունալի օրերին  սահմանամերձ գյուղերից մեկում, հացի սեղանի շուրջ,  հակառակորդ երկու  կողմերին իմաստության խոսք էր ասել. «Եթե ուժեղ ենք ու կռվում ենք` ուրեմն անխիղճ ենք, եթե թույլ ենք ու կռվում ենք` ուրեմն անխելք ենք»։

    Այդ տարիների ահասարսուռ իրադարձություններից կարկամած բանաս- տեղծը ոչ մի տող չկարողացավ թղթին տալ, բայց որպես քաղաքացի, մտավորական գործիչ, հազարավոր կյանքեր փրկեց. «Ես այսօր  գոհ չեմ գրականության մեջ իմ արած գործերից, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ-շատ անմեղների ազատել այս գազանային կոտորածներից»։

    Հայ և վրաց հանրապետությունների բախումների ժամանակ դարձյալ նա էր, որ որպես բաժանարար սահման կանգնեց երկու եղբայրական ժողովուրդների բանակների միջև։

    Հետո պատահեց աղետալի 15-ը, որ օխրայագույն անապատները ծաղկեցրեց մեր սպիտակ ոսկորներով, երկինքներ բնակեցրեց մեր մեռելների հանգիստը չգտած ոգիներով։ Դարձյալ Թումանյանն էր, որ հավատաց մարդուն, նրա խղճին և Հայոց գրողների ընկերության անունից  հեռագիր հղեց, Եվրոպային, Արևմուտքին,  համայն աշխարհի բոլոր մշակութային, հասարակական կազմակերպություններին,  որն  ավելի շատ աղաղակ, հառաչանք, օգնության կանչ էր. «Դիմում եմ բոլորին` սկսել է կոտորած`  Էրզրումից մինչև Կիլիկիա, Սև ծովից մինչև Միջագետք։ Հայոց գրողների ընկերությունն այս ահավոր ճգնաժամին դիմում է բոլոր ազգերի խղճմտանքին, ի դեմս նրանց լուսավոր հաստատությունների և լավագույն զավակների, խնդրում է բարձրացնել իրենց ազդու ձայնն  այս անօրինակ ոճիրի հանդեպ` հանուն մարդկության, հանուն քրիստոնեության և հանուն մշակույթի»։

    Եվ մի՞թե այս հեռագիրը ռեքվիեմ չէ մարդկության արժեքների, բարոյական չափանիշների խորտակման մասին,  ոչ միայն մեր ազգային, այլ եվրոպական  և արևմտյան մարդու դարավոր գոյության  փլուզման խորունկ վիշտ։

    Հետո մի քանի գործիչներով մեկնեցին Վան, Ալաշկերտ, Աբաղայի դաշտ, հետո քար կտրած հոգով վերադարձել էր Էջմիածին, վանքի պատերի տակ կուչուրված որբերի խնամքն էր վերցրել։ Հետո արդեն այդ օրերին պատահել էր անդառնալին.  կորցրել էր հայ ժողովրդի արևմտյան զանգվածի վիթխարի մասը, պատմական հայրենիքը, հարազատ, արյունակից եղբայրներին և Վանի դիրքերում`  նաև  Արտավազդ որդուն։ Մի ամսում միանգամից  սմքել, սպիտակամազ ծերունի էր դարձել ։

    Սակայն  ամենածանրը, ամենադաժանը Անդրանիկի հետ հանդիպումն էր։ Երբ պարտված  մի զորավար և եղեռնի ենթարկված ժողովրդի խիղճը` մի բանաստեղծ, կարծես զառանցանքի, երազի մեջ հանդիպած լինեին. այդ գիշեր հայրենիքի ավերակների դեմ հանդիման`  ով էր ում մխիթարում, ով էր ում ցնորվելուց  հետ պահում, այդքան էլ պարզ չէր։ Կործանարար զարկի ժամանակ երկուսն էլ ժողովրդի հետ էին եղել, նրա տնքոցի մեջ, նրա անունից առաջին շարքերում դրոշակ բռնողներն էին եղել։ Մեկը պետական գործիչ էր պետություն չունեցող ժողովրդի մեջ, իսկ մյուսը` մի հայրենիքի զորավար էր, որը բանակ չուներ, շատ թշնամիներ ու քիչ բարեկամներ ուներ։

    Թումանյանի ամբողջ կյանքը  արարումի և քաղաքացիական պարտքի սխրագործություն էր։ ժողովրդի զոհասեղանին դրեց և կյանքը, և հանճարը։

    Նրա բանարվեստը մարդկության կեցության և տիեզերական օրենքների այնպիսի մի ամբողջականություն է ներառում, որ ազգի ինքնագիտակցության, մշակույթի և բանականության հանրագիտարան է թվում, ինչը ստեղծագործողների մեջ անհատներից ամենաանհատին է տրված լինում։ Նրանցում արևելյան գրականության ոճը չէ, ոչ շքեղազարդություն կա, ոչ էլ երգեցիկ բառերի  վերամբարձ հոգեվիճակ, ինչը նաև Կոմիտասի երաժշտական արվեստին է հատուկ։ Երկու մեծերն էլ մեկ ուրիշ` մեր ազգային մշակույթի ամենահին երևույթին` ճարտարապետության ոճին հատուկ ճանապարհ բռնեցին։ Թումանյանի ստեղծագործությունների ասելաձևը բազմադարյա խորքերից եկող մեր ասացողներին (ժողովրդական) հատուկ լսել տալու դյութիչ խորհրդավորությունը և հասկանալի լինելու պարզությունն ունի։ Ամենաէականն ասելու համար ոչ թե գեղեցկազարդ դրվագներ,  այլ ամբողջի  կոմպոզիցիոն կառուցվածքի ներդաշնակությունն է օգտագործում,  ինչպես մեր հնագույն ճարտարապետությունն է իր ոճով ամբողջական, վսեմությունով տեսանելի, միաժամանակ, պարզ մանրաքանդակների թվացյալ երկրորդայնությամբ լրացնում է մոնումենտալ ամբողջի կառույցը։ Նամակներից մեկում գրում է. «Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդներով է, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում, հաստատվում, առաջ գալիս, որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում է պատկառելի»։

    Այդ Թումանյանն ու Կոմիտասն են, որ հասանելի են ժողովրդի բոլոր խավերին` սկսած հովվից, մինչև ակադեմիկ, սկսած`թերուսից, մինչև ամենակրթյալը, Թումանյանին ու Կոմիտասին հասկանալու համար կրթություն պետք չէ, ցանկացած մարդ գիտի «Շունն ու կատուն», «Անհունը», քառյակները, «Կռունկն» ու «Շողեր ջան»-ը։ Եվ ուրիշ ոչ մի արվեստագետ, մեր տնքացող ոգուն, մեր երեխային, մեր ծերին այնքան հարազատ չէ, ինչքան այս երկու մեծաց աշխարհներն են, նրանցով է, որ կարողանում ենք մերից համամարդկային մշակույթ մտնել։ Փոքրաքանակ ազգերը միայն այս կերպ` խոշոր  տաղանդով  կարող են սուր խաչել մեծ ազգերի հետ, քչաքանակների, բայց տաղանդավորների գումարն  է  հաղթում անկիրթ ազգերի վայրագությանը։

    Առանց Թումանյանի ու Կոմիտասի վարդապետության մենք մոլորվելու էինք խավար ճամփաբաժաններում, չարությամբ ու թշնամանքով էինք նայելու մարդկության իմաստությունը տարածող քրմերին, սակայն, հիմա մերոնց ներկայությամբ այլոց  կարկառուն ներկայացուցիչները մեզ չեն  վախեցնում, մեր մեծերի բացած հորիզոնով է, որ սեր և հարազատության զգացողություն ունենք, անգամ, ամենաայլազան մեծ և փոքրաքանակ ժողովուրդների մշակույթի նկատմամբ, քանզի, արվեստն ամենից առաջ  մեծ հայրենասիրություն է։

 

 

    Մենք, բովանդակ անցողիկի հետ, չենք կարողանում շրջանագծից դուրս գալ, խուփը դրված է, մեր դյուցազներգությունը և մահը ոչ մի կետում չընդհատվող փակ համակարգի մեջ ճչում են: Պետությունը և մշակույթը շրջանակի մեջ իրար բռնելու համար անընդհատ իրար են հետապնդում:

    Միշտ էլ պետությունը ցանկացել է, որ իր ցնորական ճակատը, քաղաքի փողոցները, պատերազմները, ոտքի տակի գորգերը, գետերի կամուրջները մշակույթը զարդարի: Սակայն արվեստը ոչ թե սոցիալ-քաղաքական պայմանների ծնունդ է, այլ՝ մարդու մետաֆիզիկական կացություն:

    Աշխարհի ստեղծման օրից իսկ նրա՝ մարդու համար չար են եղել բոլոր պետությունները, հասարակարգերը: Նրանք մարդու ծնվել և մեռնելու միջակայքում, հանուն հացի և ոսկու, նոր տարածքներ գրավելու համար պատերազմների միջոցով սպանել են քարոզում: Նվաճում, ազատագրում, մեռցնել, հառնեցնել՝ ահա պետությունների էությունը: Պեղումների ժամանակ հողագնդի  երեսը բացելիս, շերտ առ շերտ, քաղաք քաղաքի տակ է, այնքան են դարերը, պատերազմները իրար մոտիկ եղել, որ անգամ մեկից մյուսի դեմքին հարկից հարկ հող է ծորում:

    Միշտ էլ ժողովուրդը խաբվում է. աշխարհում դեռ չի եղել մի պետություն, կամ որևէ երկրում իրագործված հեղափոխություն, որ լավ կյանք ստեղծի, նրանք հակասում են մարդուն, արվեստին, չնայած արվեստի միջոցով է և գովերգվում նրանց խրոխտ արշալույսները, և հասկանալի դառնում նրանց խորտակիչ ուժը, նաև՝ մարդու ողբերգական լինելը:

    Այստեղից է, որ արվեստը թաքնվում է հեռու մի տեղ, խուսափում է պետության հետ հանդիպելուց, վազում է, որովհետև հետապնդվում է:

    Արվեստի համար, ոչ թե, մշտական անկատարելությամբ պայծառ, պետությունն է կարևորը, այլ՝ նրա հողը, նրա ժողովուրդը: Իր լավագույն որակը պետությանը չէ՝ նրա մարդուն է տալիս: Փորձում է՝ դեպի պետության մեջ գնացող մարդու միջոցով՝ սփոփելի դարձնել ժողովրդի, պետության կյանքը: Չնայած, իր լավագույն որակով զարդարված, պետության խորքը հասած որդին հակադարձ ուժով նորից վերադառնում է իր մոտ, պետության անունից շղթաներ է բերում, սպառնում է  և հասարակարգի հաղթանակները չփառաբանելու, և լռել չկարողանալու համար:   Այստեղից էլ առաջ է գալիս արվեստագետի դիմացկունության խնդիրը. որպեսզի նրա մարմինը դիմանա մի արձան, մի գիրք, մի վանք, մի աստղ արարելու չափ՝ ինքնապաշտպանության համար  Առյուծի նման է մռնչում՝ անապատների մայրամուտի առաջ: Ինքը հեռանալով այս կյանքից՝ ազգի բովանդակ անցողիկի մեջ, ժողովրդին պահ տալիս արարած իմաստությունը, որ մտցնի ազգային մշակույթ:

    Քաղաքակրթությունից  քաղաքակրթություն, դարից հազարամյակներ կաթիլ առ կաթիլ  մի եկեղեցի է փոխանցվում, մի արձան, մի մագաղաթ, մի աստղ, որ ձևավորել են ազգի դեմքը, ժողովրդի բնավորությունը: Արվեստը, առանց  պետության հետ լինելու, ստեղծում է պետության հաջողակ լինելը՝ նրա փողոցը, գետերի կամուրջը, ճակատի զարդը:

    Հողը ժողովրդի մաս է կազմում: Մշակույթը հողի բերրիությանը չի նայում: Հողեր կան՝ նավթի խփող շատրվաններ չունեն,  արտերը  ամբարելու ցորեն ու գարի չեն տալիս, օվկիանոսներից կետաձկներ չեն որսվում, ընդերքում ոսկու հանքեր չեն ծփում, տափաստաններում եղջերուների հոտերը՝ իրար դեմ կռվելով, ջարդված պոզերը գցելով՝ չեն պարարտացնում անծայրածիր տարածքները:

    Տիբեթի խորհրդավոր հեռուն, Հիմալայների կապույտ լույսը, Եգիպտոսը՝ անապատի սուլոցով, Արարատ լեռը՝  մերկությամբ՝  երկրագնդի վրա, երկրագնդից հեռու  վիթխարի կամքով վայրերը,  տիեզերական գերագույն հավասարակշռույթը. այդ կետերի վրա է տրոփում հողագնդի զարկերակը՝  մարդկային կյանքին անընդմիջելի էներգիա ուղարկելով:

    Լեռը՝  որի համար բոլոր դարերում կռվում, զարկվում էին: Մեր լեռան վրա,  հարահոս քամիների մեջ, մշտական սառույցների վրա, չոր քարերի տակ ամենադիմացկուն գորշ գայլն անգամ մղկտում՝  չի կարողանում ձագ հանել, մենակյաց լեռը  խորքից ճառագում է արարվող գերագույն հավասարակշռույթը, մենք ենք մեր լեռան հետ՝  նրա կողքինը:

    Մշակույթը ժողովրդի հոգու  բովանդակությունն է, լինելը, դարերի միջով մեռնել-հառնելով անցնելու՝ ուսումնասիրության չտրվող բնավորությունը, անհատա- կանությունը, որ անհնար է որևէ մեկից  ընդօրինակել կամ նմանակել, այն ազգի խորքում է արարվում, ինչպես որ բերված նեկտարի ամեն մի փոշեհատիկն է մեղր դառնում փեթակի փակ մթության մեջ, այնպես էլ՝ դարերի ընթացքում, անհատների իրարու փոխանցած իմաստության հյուլեն է հունցվում ժողովրդի խորքում, մեղրի պես մշակվում դարերի հոսքում:

    Ճանապարհը՝  և  էլի ճանապարհներ կլինեն: