Քամին … պաղ քամին մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա …
Սմքեցրել ես ինձ, քամի, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը: Եղել ես նրա մոտ `արեւածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից: Այնտեղ `արեւածաղկի դաշտերում, հերարձակ նա պարելու էր իմ վերադարձի երգը: Դու թող միալարությունդ, քամի, եւ լսիր, թե ինչ կպատմեմ. ճայերը կորցրել են ծովի անսահմանության կանչող կապույտը եւ ցնորամիտ խաբկանքով թռչում են գետերի վրայով: Ես այլեւս ծովի թռչուն չեմ, դու նրան ասա, որ բավ է ինձ սպասի: Արեւածաղիկները մի օր կհնձեն, եւ ինքն անտուն կմնա այրող արեւի տակ, դու նրան ասա, թող կինը դառնա պահապան անցորդի, ես էլ դարձել եմ նրանցից մեկը: Մի ճայ է թռչում գետերի վրա: