Եվրոպայի երկաթե ճանապարհներին

 Աստված իմ: Լեզուներ չիմանալու պատճառով պապանձվել եմ, կրկին լռելու հնարավորություն տվեցիր:  Դարձյալ պարսատիկից արձակված քար եմ, թռչում եմ ամբողջ Եվրոպայի տարածքով, ինչպես տարիներ առաջ` լալկված թռչում էի պատերազմի միջով` չգիտենալով այդ լեզուն:

Լիսաբոնի Սանտ-Ապոլոնիա կայարանից գնացքը շառաչով սլանում է Իսպանիա: Շոգ է, տապ: Լեռնոտ դաշտերում սուրճի, թե ձիթենու ծառեր են: Սլացքին ետընթաց, փայլատակող ճերմակի բռնկումներով, մի ակնթարթ աչքի դեմ, հետո թռչում է շատ ետ մնացած կանաչածածկ ֆոնի միջից, արևազարկ թփերի, ծառերի ստվերների ներսից սպիտակ  կովերի մեջքերն են ցցվում` անձրևից հետո դուրս լցված սնկերի նման:

Մի սպիտակ  բազե երկնքի կապույտում տեսա: Այդպիսի` նրան կրկին տեսել էի Օմարի լեռներում` պատերազմի ներսով անցնելիս:

Կամեցար` դարձյալ լռեցիր, ճանապարհներին կորոնեմ հորիզոնը… Պարսատիկի քարի նման արձակվել եմ ինքս ինձնից… Խինդոտ լռություն: Հողը դեղին է, կապույտ երկնքի շոգի  մեջ արագիլները պտտվում են` բացված անշարժ թևերի սահքով: Հեռվում, բազմաշերտ գունային երանգներով Գեղամա լեռնաշղթայի նման սարեր են, թվում է` քիչ էլ գնաս, կհանդիպես Սևանա լճին:

Ներսումս դանդաղ արթնանում է անհայտին ընդառաջ գնալու երջանկությունը, ինչպես մահվան վտանգն զգալու ուրախությունը:

Վեց ձի շոգի մեջ, քուռակը մեռածի նման տաք խոտերին է պառկած, սլանում են: Ճեպընթացը կանգնել է, հիմա նրանք են թռչում: Անշարժության մեջ երերում, հողը գնում է, կողքից կողք օրորվելով` փախչում է մարմինս, նրանից դուրս` ճոճքից հավասարակշռությունը կորցրած ուղեղս:

Կառամատույցներում, գնացքի միջանցքներում արդեն իսպանական չորս լեզուներով են խոսում:

Բազկաթոռի մեջ` դեղին մազերով գերմանուհին` ձյունաճերմակ, բաց մեջքով: Տողի մեջ, նախադասությունների կառույցում, թե եղելության ներսում կորցրի արագիլների զգացողությունը: Գնացքը կանգնել է, պատուհանից դուրս վեց կարմիր ձիերն ու քուռակը կարմիր շոգի մեջ կանգնած են անշարժ… ճանապարհներ, չգիտակցված հեռու հորիզոն, դարձյալ գալիս եմ դեպի քեզ, դեպի քո մեջ: Շոգը ձիերի համար կարմիր է, ինձ համար` դեղին:

Դեմս քնել է աղջիկը, մեջքը բաց մի աղջիկ, կծկվել է, ինչպես արգանդի ներսում, ինչպես անհայտի մեջ: Բազկաթոռի վրա արթնացավ, մշուշոտ նայեց ինձ, տեղափոխվեց… այլևս չեմ տեսնում դեղին մազերը: Առարկաների երկրաչափական փոխակերպումը` այս թանձր արևի մեջ, պտույտը արագիլների, ձիթենիների, էլեկտրասյուների, ճանապարհացույց նշանների, երկար, կապտագույն ստվերները: Ծանր արևը կարմիր ձիերի, իմ դեղին շոգը…

Դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ, այս սլացքի հափշտակած թռիչքի մեջ, միտքս հիշում է իմ Կայենի ու իմ Աբելի կերպարները` մի անգամ այսպիսի անծայրածիր դաշտերով անցնելիս եղբայրը սպանել է եղբորը…

Մի՞թե այս արձակ տարածությունների միջով անցնող թնջուկավոր պաստառների ճանապարհը, որի վրա շառաչում է գնացքը, Կայենի ամայության դաշտերը չեն, երբ նա վեր կացավ Հաբելի վրա և սպանեց նրան, մի՞թե այս ճանապարհները Հիտլերի կանաչ երազանքների ուղին չէր, իմ Եվրոպա, որով ցանկանում էր նվաճել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս ցամաքը` մեծ գերմանական Ռայխը ստեղծելու համար: Երեկոյանում է, կապույտ է հեռու լեռների վրա: Երկնքի գույնը իջել է հողին, գեղանկարչական, լայնատարած մանուշակագույն է: 1936-39թթ. երկաթյա այս ճանապարհով  Իսպանիա էին գալիս մերի նման հատուկ նշանակության գնացքներ` բեռնված կամավորական զինվորներով` օգնելու ինտերնացիոնալ բրիգադներին:

Մոտենում ենք Մադրիդին, չգիտեմ ինչու, փոքր հասակից միշտ կարծել եմ, թե արևն այս երկրներում է մայր մտնում:

     (08.06.2000թ.) Դարը, դարաշրջանները, քաղաքակրթությունները իրենց ժամանակի փրփուրից ստեղծում են հասարակարգերին կառավարող միտքը: Քարոզչության մեքենան հղկելով այդ թեթևը` դարձնում է իր հարյուրամյակի մակերեսի վրա ապրող առաջնային` պաշտամունք-գաղափարախոսությունը և հրապարակ է հանում անհրաժեշտ ժամին:

Գլոբալիզացվող Եվրոպայի համար ծնված «Գրական էքսպրես» միջոցառման    կոնցեպտուալ նախագիծը, որ ջանում է մայրցամաքը մտցնել մեկ  մշակութային տարածության մեջ, ստեղծելով նրա ժողովուրդների մտքի փոխըմբռնման եզրեր` փորձելով գրականության հնարավորությունները դարձնել «Նոր Եվրոպա» գաղափարախոսության հիմքը, արդյո՞ք դարի փրփուրը չէ:

Չէ՞ որ Եվրոպան կարիճ է, կարիճ` գլխի և պոչի թշնամական օրենքով ապրող, ինքնաոչնչացման համար ամբարած եռացող թույնի մշտական հակասություններով` կաթոլիկ, մահմեդական, առաքելական, բողոքական, հոմոսեքսուալիստական, կոմունիստական, եհովայական, ֆեմինիստական, հուդայական, դեմոկրատական, ֆաշիստական, ամերիկյան, ազգայնական, ինտերնացիոնալ հավատով և դավանանքով, որոնք անընդհատ եղել են նրա հանճարեղ մշակույթի և ինքնակործան ահեղ պատերազմների հիմքը, հենց սրանք էլ թույլ չեն տալիս այնքան էլ միանշանակ ընկալել եվրոպական  միասնական տան գաղափարախոսությունը:

Հնուց ի վեր հաստատված այս երկու, ծայրահեղ հակասական օրենքների` մակընթացությունների և տեղատվությունների միջև անվերջ, առանց դադարի լցվում և դատարկվում է Եվրոպայի մարդու գոյությունը: Կարիճի նման է Եվրոպան, մի բևեռում լուսապայծառ գլուխն է` կյանքը, մյուսում` մահաբեր խայթոցով պոչը: Նրա մեռնել-հառնելն անբաժան են իրարից, լուսնի լրման և նվազման փուլերի նման մակընթացությունը տեղատվության վերջն է, տեղատվությունը` մակընթացության, մեկը ծնում է մյուսին: Եվրոպայի անվերջ վերադարձի ճանապարհը արվեստն ու քաոսն է: Կմահանա առանց մեկը մյուսի:

Ֆրանսիական հեղափոխությունից հետո, մինչև օրս էլ, թեկուզ տեսականորեն, Եվրոպան բաժանված է երկու մասի` ձախերի և աջերի, ընդմիշտ լինելու է այս բաժանումը:

«Գլոբալիզացվում» է մինչև ո՞ւր, հորիզոնական նրա երկու թևերում երկու օվկիանոսներն են, ուղղահայաց` Ուրալյան լեռները, ինչքա՞ն պիտի նրանցից բարձրանանք,  որ խոշոր երկնաքեր աշտարակի չնմանվի մեր գործընթացը:

Այս առեղծվածային գնացքով քառասունհինգ երկրների, քառասուն լեզուներով, հարյուր հիսուն ստեղծագործողներ` դեպի այնտեղ, գուցե վերադարձ` նորից անհայտը, դարի փրփուրը:

Ինչքան էլ արի լինեմ, չվախենամ, ինձ թվում է, այնուամենայնիվ, ԱՇՏԱՐԱԿԻ սիմվոլը մարդկության մտահորիզոնում պետք է տասնմեկերորդ պատվիրանը լիներ:

Մադրիդի փողոցները` զրնգացող, շառաչող դարերի ժխորով, լեզուներով, մահմեդա-քրիստոնեական ճարտարապետությամբ և ողողված մանուշակագույն թափանցիկ լույսով, մայթերի սրճարաններում նախադեպը  չունեցող սուրճով: