– Ինչու՞ փոփոխություններ չեն լինում Հայաստանում, պատճառները որոնք են:
– Կարծում եմ` նշանակալից փոփոխությունների համար նախ մարդը, հետո ժողովուրդը, նաև երկիրը պիտի պատրաստ լինեն:
Որևէ անհատ, կուսակցություն, իշխանություն գործում է այն չափով, ինչքանով ընկալում է ազգային կառույցի միջուկը: Ժողովրդի հասունության չափը, ապագայի խորություններին հայացք գցելու կարողությունը, փորձի վերլուծությունը, հենց սրանք են, որ վճռում, ուղեգծում են ազգերի պատմության սահմանները: Շատերը նույնիսկ չգիտեն` սիրում են արդյոք իրենց երկիրը, թե հենց այնպես ապրում են այնտեղ:Այնինչ ամենախորքային հասկացությունն է, ահավոր խորհրդավոր է «հայրենիք» բառն իր զորությամբ:
Հին դարերից մինչև մեր օրերը թանկագին կորստի այնպիսի հիշատակներ կան թիկունքներիս, ինչքան էլ նրանք կանչում, աղաղակում են, անգամ վախենում եմ հետ նայել` առասպելի հայտնի հերոսի պես քար չդառնալու համար:
Հենց այդ թանկագին, բացակա հիշատակներն են մեղրի թունդ անուշի պես այրում մեր ներսը: Այդքանից հետո փորձը, թեկուզ գուշակության չափ, մի բան սովորեցրած պիտի լիներ: Գիտեք չէ՞, մեր բարի, հին հեքիաթների վերջում ինչ է ասվում. «Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը` լսողին, մյուսը` ականջ դնողին, էն մեկը` պատմողին»: Լսողի և ականջ դնողի միջև մեծ տարբերություն կա, այսինքն, ականջ դնողը պատմության իմաստնությունը սովորողն է, մարդկության` փորձով նվաճված արժեքները առաջ տանողը: Սակայն իմաստություն տվողը խնձորներից մեկն է, բայց երեքի ներդաշնակ միասնությունից է հեքիաթի խնձորը իմաստության ոսկե խնձոր դառնում:
Ազգային թերության պես մի բան է դեպքերից առաջ ընկնելը, իրադարձություններին խոտորնակի, համընթաց չքայլելը:
Իշխանությունն էլ պակաս չէ, փոփոխություններ առաջարկողների դեմ մահակը լավ է օգտագործում, օրինակ` այդքան մեծ աղմուկ կար գնաճի` էլեկտրաէներգիա, ջուր, գազ և այլնի պատճառով, էլ չեմ ասում սահմանամերձ գոտիների թշվառության, օրեցօր հողը կորցնող գյուղացու մասին, հողը էլ չի խոսում գյուղացու հետ` ահա և ունենք իմաստնությունը կորցրած գյուղացիություն, եթե դեմոկրատիան այս վիճակում է, էլ փոփոխություն որտեղից լինի: Ազատության արդյունք է, և փոփոխությունը, և սպասումը:
–Ասում ես համակարգն է պատճառը, իսկ ինչպես պետք է լինեն այդ փոփոխությունները նման համակարգում:
– Եթե հենվեմ պատմական անցյալի օրինակների վրա, նման իրավիճակներում, երբ երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվել, ազգը աշխարհաժողովներ է հրավիրել, նույնն է, թե այսօր էլ ներքևից վերև նոր ընտրությունների կարիք կա: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում. ժողովուրդը, իշխանությունը պատրա՞ստ են այդ նոր ընտրություններին: Կարծում եմ` չէ, մեր չորս կողմը աշխարհներ են ծաղկում, կանաչ-կարմիր նորանոր արևներ են ծագում, իսկ մենք պտտվում ենք դեռևս ի շրջանս յուր: Մեր վարքը նման է պղպեղին` այն կանաչ, մուգ կանաչին, այն բարակ երկարին, որ ինչքան բերանդ այրում է` հետը կռիվ տալու պես կրկին ուտում ես:
– Իսկ վերևներից հնարավոր չէ՞ անել բեկումնային փոփոխություններ:
– Ինչու չէ, այդպիսի բան հնարավոր է, նման փուլերով անցնող երկրներ էլ կան, մեզ մոտ էլ փոխվում են բաներ, սակայն այն չափով, ինչ չափով փոփոխությունները վտանգավոր չեն իշխանական բուրգի համար: Կարծում եմ` նշանակալից փոփոխություններ գրեթե անհնար են:
– Երբ հասարակության ինչ–որ խմբեր ակտիվ են լինում, սկսում են ազդել իշխանության վրա, կարողանում են ստիպել փոփոխություններ անել, այդպե՞ս է:
– Պարբերաբար, եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա մի ստվար մասը մասնակցում է ազգային նշանակություն ունեցող կարևոր իրադարձություններին: Բողոքում, ցույցեր է կազմակերպում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերակառուցման, լրագրողներին զսպելու նպատակով ԱԺ-ում քննարկված զրպարտության և վիրավորանքին վերաբերվող օրինագծերի փաթեթների, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության դեմ: Երբ հասարակությունը միասնական, միակամ է լինում, հասնում է հաջողությունների:
Բայց այս խնդիրներից ամենակարևորը լեզվի խնդիրն է: Փոքրից մեծ շատ սրբազան մի բան պիտի իմանանք` ով քուրմ չէ, ով չգիտի լեզվի արարողակարգը, ուրեմն տաբու է դրված, երբեք չպիտի փորձի նրան մոտենալ, առավել ևս, օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությամբ հանդես եկողները:
Նրանք իրենց գիտեցած հայերենով են չափում հայերենը:
Համաշխարհային լեզվաբանության մեծանուն ներկայացուցիչներ` հայագետներ Մարկվարտը, Հյուբշմանը և մյուսներն ասում են, որ հայերենը իր թարգմանական հնարավորություններով երբեք չի զիջում բնագրին, դրա վկայությունն է Մաշտոցի, Սահակի և աշակերտների 5-րդ դարի «Աստվածաշնչի» թարգմանությունը, մի՞թե մեզ սրանից ավելի ապացուցելի վկայություն էլ է պետք:
Մեր լեզուն մենք չենք հորինել, մինչև գրավոր դառնալն այն կար, Աստված էր տվել: Իսկ պետություն և եկեղեցի հաստատություններն ինքնապաշտպանության համար ազգն է ստեղծել: Լեզուն է, որ ժողովրդի արյան մեջ որպես ոգի է բոցկլտում:
– Իսկ կա՞ ինչ–որ բան, որը կարող է հանգեցնել ժողովրդի ըմբոստությանը:
– Ես քաղաքագետ չեմ, գրողի տեսանկյունով եմ նայում: Ավելի շատ խղճի անունից եմ խոսում. ժողովրդի խոշոր հատվածը քաղցած է, պետությունը պիտի խոհանոցները մտնի, ժողովրդին օգնել է պետք, իսկ ըմբոստությունը շղթա կտրել է, ժողովուրդը պատրա՞ստ է, վախեցած չէ՞, կցանկանա՞ ազատագրվել: Բայց հարցը մյուս երեսն էլ ունի` երկիրը կդիմանա՞ ևս նման մի ցնցումի…չէ որ մարտի մեկի տասը հոգու հանգիստ չառած ուրվականները դեռևս թափառում են քաղաքում…
– Ես միշտ մտածում եմ, որ այս ամենի պատճառը արտագաղթն է, որովհետև ակտիվ հատվածը լքում է Հայաստանը, այսինքն լիցքը չի մնում երկրում, իսկ պարպված երկրում փոփոխություններ չեն կարող լինել:
– Կարծում եմ` պետության ամբողջականությունն է ծնում ազգային հոգեբանություն, քաղաքական տրամադրություններ և ուղեգիծ: Արտագաղթը սմքեցնում է երկիրը, մանավանդ, երիտասարդ մտավորականների և կանանց դուրս գալը: Ինձ միշտ սարսափեցրել և դաղել է աղջիկների մայրացու գենոֆոնդի և մտավորական տղաների մատրիցայի զորության` համար մեկ հակառակորդի դուռը գնալը: Մեր այս երկու չափազանց մեծ արժեքները պետականորեն պաշտպանված չեն:
Կարելի է կարծել` դա էլ է քաղաքականություն, այստեղ աշխատանք չկա. աղքատների, հագնել-ուտել ուզողների, բողոքավորների թիվը մեծ է, ինչքան շատ դուրս գան, այնքան հեշտ կլինի մնացողներին կառավարելը, վերջիվերջո, նաև արժույթներ կուղարկեն երկրում մնացած հարազատներին: Նման մտայնությունը, ասել է թե` աչք փակել ազգային անվտանգության մեծ հարցի հանդեպ:
– Ընկերներիցս մեկն ասում է` հայը իր հայրենիքում չի կարողանում հանգիստ ապրել: Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը:
– Մենք ունենք նաև գնացողների ենթագիտակցական մեղքի զգացողության ինքնաարդարացման փիլիսոփայություն: Ինչքան էլ ճշմարտությանը մոտիկ լինի, ես նման ըմբռնումը չեմ արդարացնում: Հիվանդոտ է, ունայնություն է, երբ մտածում ես. «Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը, դու քո երկրում տեղ չունես»: Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե` ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե` ոչ: Ասել. «Հայը իր հայրենիքում չի կարող ապրել», նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է: Բա որտե՞ղ է կարողանում ապրել, բա այս լեռների խորքերում չէ՞, որ սկսած վաղնջական ժամանակներից, որպես իմաստուն տեր, ուժեղ և դիմացկուն ապրում է, այդպիսին կոչվելու իրավունք ստացել է, այս ամենի բանալին ոչ թե մեր բանականության, այլ բնազդի մեջ է:
– Էդ ո՞նց է, որ թուրքը, վրացին իրենց երկրներում կարող են երջանիկ լինել, իսկ մենք` ոչ: Պետք է երկրում իշխանությունը խղճով բանեցնել, որ բոլորս տեղ ունենանք, այդ ինչպե՞ս է` վեց-յոթ տոկոսը շքեղության մեջ ծփում է, մնացածը փոր հացով է օրն անցկացնում, ի ամոթ մեզ, աղբարկղներից էլ ուտելիք վերցնողներ կան:
Այդ ինչպե՞ս է` հրեան իր ունեցած-չունեցածը դնում, չի թողնում մի հավաքարար, մի կոշկակար, մի մուրացկան լինի իր ազգից:
Ինչպես որ պետություն ունենալը, այնպես էլ մեծահարուստ լինել` դրամագլուխ ունենալն է մշակույթ, առավել ևս, նրա ծախսելը: Տունդարձի ճանապարհին մեր մեծահարուստը պիտի վիրավորվի աղբարկղներին ձեռք գցողների համար:
– Ինձ թվում է, որ հայերը իրենց իրավունքների համար պայքարող ազգ չեն:
– Չէ, ես այդպես չեմ մտածում, հենց նրանց եմ տեսել պատերազմի դաշտում` ինչպես էին պայքարում և ընկնում իրենց հայրենիքի, օջախի, զավակների, նախնիների հողերն ազատագրելու համար… Դարձյալ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին պիտի ասեմ, թե ոնց էր ջոկատը, հանուն հայրենիքի, տանում պատերազմի քաոսի միջով:
Պատերազմ ասելը բերանով է հեշտ` ժամանակակից տեխնիկայի դեմ կռվել և արյուն չմիզել, հողի խորհուրդը հասկացողներին է տրված… Սասունի հարցը լուծված չէ. որքան էլ դատապարտված լինի` ութ տարի, տասը տարի, ցմահ, միևնույն է, հարցը լուծված չէ, միշտ մեկը լինելու է հիմա և երկուսը կլինի եկող սերունդների մեջ` պատասխան պահանջող:
– Նորից սկսել ենք խոսել պատերազմի մասին, հողերը տալու մասին, ու՞ր են քո ասած տղերքը:
– Այո, ինչքան էլ ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և այլ երկրներ փորձեն պատերազմի դեմն առնել, կարծում եմ սպառնալիքը կա, ավելի շատ Թուրքիայի դարավոր ուխտադրուժ հնարամտություններից եմ վախենում, քան նրանց լավատեսական հույսերին եմ հավատում:
Որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի, նախ պիտի արձակել բոլոր տասնհինգ քաղբանտարկյալներին: Մեր մյուս թուլությունը` աղքատությունը, թշվառությունը, անհպարտ մարդն է, որոնք երբևէ չեն եղել հաղթանակ խմորողներ: Միայն ինքնությունն զգացող, խղճով քաղաքացին և արժանապատիվ պետությունը կարող են հայրենիքի համար պատերազմ մղել:
Ինչ վերաբերվում է հողերի վերադարձին` ժողովուրդն իր լավագույն զավակների զոհողության գնով է ազատագրել, այս դեպքում ժողովրդին էլ պետք է հարցնել. համաձայն է տալուն, թե` չէ:
Քսաներորդ դարի վերջին իրականացավ ժողովրդի երազանքը: Հայաստանի մի հատվածը, փոքր, բայց կարևոր մասը` դեռևս ինքնությունը չկորցրած Արցախն ազատագրվեց ադրբեջանական լծից:
Այն արյունը, որ նրա համար վերջին անգամ Սյունիք-արցախյան ազատագրական պատերազմների ժամանակ Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետի և Եսայի Հասան-Ջալալյանի ու Ավան հարյուրապետի (յուզբաշի) գլխավորությամբ թափել էին հայերը, արդեն երեք դար է անցել: Եվ դեռևս այն ժամանակ` 1720-ական թվականներին, Արացախն իրավունք ուներ լիակատար անկախության:
Նրանք ոչ միայն իրանապատկան հյուսիսային Ադրբեջանի խաներին էին ջախջախել, այլև հաջողակ հաղթանակներ էին տարել Հալիձորում` օսմանյան թուրքերի դեմ:
Մի՞թե հին ժամանակների քաղաքական կողմնորոշումները ուղեցույցներ չեն նոր ժամանակների համար: Ուզում եմ հարցնել` քաղաքական այս մեծ հարցի հանդեպ ազգային մտադրությունը արդյո՞ք էլ հավատարիմ չէ նախնյաց ավանդներին:
Մենք` ինքնապաշտպանվող: Մենք` հայրենասեր: Մենք` մեծապետական:
– Ի՞նչը պետք է դառնա էս երիտասարդության համար իդեալ:
– Շատ բարդ և պատասխանատու բան է նման հարցադրման պատասխանելը. ամեն մի դարագլուխ (էպոխա) իր պաշտամունքային արժեքն է բերել, բայց պատմության խորքերը նայելով` համընդհանուր մարդկության համար դարձյալ հայրենքն է մնում որպես ամենանվիրական իդեալ: Երիտասարդությունը հոգևոր և ֆիզիկական կառույցով պորտալարով կապված է պետության մարմնի հետ: Ցնցումները, որ պետությունն է կրում, կրում է երիտասարդությունը:
Քիչ եմ գնում հանդիպումների. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում, «Գլաձոր» համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եմ եղել: Երիտասարդները հարց ու պատասխանով, գրականության իմացությամբ արթուն, երկրի ցավին տիրապետող էին: Կարծում եմ` նրանց համար առաջին հերթին պիտի կարողանանք մասնագիտական աշխատատեղեր, կայուն աշխատավարձ, բնակարան ունենալու հնարավորություն ստեղծել, այն ամենը, ինչ Եվրոպայում ապրող նրա հասակակիցն ունի:
Գերմանիայի Հաննովեր քաղաքում, աչքով եմ տեսել, մի աղջիկ գնացքում ուզում էր ոտքերը դիմացի ազատ նստարանին դնել` հագի բաճկոնը հանեց, գցեց նստարանին, ոտքերը նոր դրեց: Դա է իդեալը, հայրենասիրությունը, երբ քո բաճկոնից ավելի շատ ես սիրում գնացքը, որ քո հայրենիքն է:
Հարցազրույցը վարեց` Էդիկ Բաղդասարյանը