–Գրականությունն ինչի՞ հետ կապ ունի` ծնունդն էլ նկատի ունենք, ընթացքն էլ, ամբողջացումն էլ. պահի, օրվա՞, թե՞ ժամանակաշրջանի:
-Ենթադրում եմ` գրողը, գրականությունը կապ ունի անգամ` հազար տարի առաջ, Հայոց 465 թվականին, հնձի օրերին, ցերեկվա պայծառ ժամին երկնքում գիսավոր աստղի երևալու կամ այդ տարի առաջին անգամ Առաջավոր Ասիայի դռներին հայտնված` տարօրինակ արտաքինով, աղեղնավոր, կանանց նման հերարձակ, նետողաց ազգի հետ, որ սփռվեցին մեր աշխարհի երեսով մեկ և նրանց ձիերի սմբակները մաշեցին մեր լեռներն ու բլուրները: Արարատյան հարթավայրի հետ էլ է աղերսվում, որտեղ ծանր շոգը խոշոր քարեր հրկիզեց: Գրողի գեղարվեստական հիշողությունը, դեռևս, լոլիկի դաշտում աշխատող, արևով եփված, կուպրի պես սև, տախտակի նման հարթ կնոջ արգանդը ընկնել` իրենով հղիացվելուց առաջ արձագանքում, հունցվում էր տիեզերական շշուկների հետ: Անգամ լսում էր անձրևից հետո ծառի տերևներից ընկնող կաթիլների ձայնը: Դա, անհասկանալի պատճառներով, անպայման քեզ փոխանցված գեղարվեստի թաքնագիտական ժեստերի պատճառով է, որին միայն դու ես տիրապետելու, այնուհետ` ծիծաղի և մորմոքի հետ հարաբերվելու համար: Ինչպես խուլհամրերն են իմանում նշանների լեզուն, ինչպես արևն ու լուսինն են առանց խոսքի օգնության մութուլուս նշանները ցույց տալով հողագնդին` կատարում շատ դժվարին պարտականություն:
Գրողն էլ հասարակության մեջ ցույց է տալիս թմրամոլին, գողին, պետության մահակի տակ ընկած-ծեծվածներին, մահացու ախտով բռնվածներին, փառապանծ մահապարտ-կամավորականներին, անգամ` մեռել-զոհերին` քաղաքով մեկ շրջող նրանց ուրվականներին, բայց մերժվածների հանդեպ այս համակրանքը սատանայապաշտություն չէ: Դեպի կրակը թռչող գիշերաթիթեռի նման խավարի հակակշիռն է ստեղծում` բացելով խելացի տառապանքի ճանապարհը:
–Կա՞ բան, որ կուզենայիր գրած չլինել: Եվ բան, որ անընդհատ ուզում ես, բայց չի գրվում:
-Չէ, չկա նման գործ: Ոչ թե հնարավոր չէ թերագնահատել ունեցածներս, այլ խնձորի որդի պես ամբողջ մի կյանք իմ ներսում են ապրել, ուտելով` մոտեցրել են ծառից ընկնելու ժամանակը. այդ քաղցր որդը: Ինչպես` քեզանից կատարյալը վերցրած քո որդին` երազանքներիդ խաչափայտը, որ երբեք հարազատ հոգի չի դառնում, շրջված պատկերը` սրտիդ մեջ չղջիկի պես գլխիվայր կախված` քո կենսական ուժերով սնվող հակոտնյա նմանակդ:
Գիրը մարդու տառապանքների մասին է, այս մենավոր հողագնդի վրա խարխափող, օգնություն կանչող միայնակ մարդու, որ լավ գիտե` մի խավար ժամանակ խաչմերուկին շեփորող հրեշտակին չի հանդիպելու, որովհետև ինքը նրա զավակը չէ:
Գիշերը, երբ ջրաղացպանի քունը չի տանում, գնում, գլխաբաց կանգնում է մոլորակին համընթաց պտտվող ալրաղաց քարի մոտ:
Անդինում ապրող մի բան էլ կա, որ նրան այդպես էլ ոչ գրիչն է բռնում, ոչ` միտքը: Նրա գոյությունը միայն կռահելի է, խնդության նման դյութանք է, որ ամբողջ մի կյանք տանում է իր հետևից կամ յոթ սարից այն կողմ ապրող մի հավք է, որի համար տնից հեռացած շատերը հեքիաթի հերոսների նման կես ճամփին քար են դարձել:
Կարծում եմ` բոլոր արվեստագետներն էլ գիտեն ՆՐԱՆ , որ ապրելու աղն է, սակայն նրա մասին անհնար է հանրության առաջ խոսել: Եվ գուցե նա է արվեստի հավերժական լինելու գաղտնիքը:
–Գրողի մե՞ջ է քաղաքացին, թե՞ քաղաքացու մեջ է գրողը: Թե՞ դրանցից ամեն մեկն իր համար:
-Հարցն ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Դրան պատասխանելը նույնն է, թե ներդաշնակության ոլորտում խառնաշփոթություն գցել, բնության փոխարեն գրող արարել, իսկ դա էլ հավասարազոր է` գրողի տեղը նրա ստեղծագործությունները գրելուն:
–Մեր ժամանակների մասին ե՞րբ է, քո կարծիքով, լուրջ գործ ստեղծվելու: Հարցնում եմ, որովհետև անգամ 15-ի մասին մինչև օրս լուրջ գործ չկա: Դա ինչի՞ հետևանք է. խնդրի մեծությա՞ն, թե՞ անողի փոքրության:
-Ասել, թե 15-ի վերաբերյալ մեծ գործ չլինելը խնդրի մեծության կամ արվեստագետի փոքրության պատճառով է, կնշանակի կասկածել բնության փորին, հավատալ նրա չբերությանը ու չտեսնելու տալ օվկիանոսների և ծովերի տեղատվություններն ու մակընթացությունները, որոնցով շնչում է տիեզերքը:
Ըստ իս, կան թեմաներ, որոնց մասին մարդկային հասկացության ոչ այսօրվա և ոչ վաղվա չափանիշներով չեն գրվում, ինչպիսին` 15 թվականի եղեռնագործությունն է: Արվեստը մշտնջենականի ոլորտի արժեք է, ուստի այսօրն ու վաղը նրա խորքում գուցե և մարդկային հասկացության չափանիշներով երկու-երեք հազար տարվա տևողություն ունենա, իսկ տիեզերական ժամանակի մեջ` երկու-երեք րոպե: Ինչպե՞ս է ծաղկափոշուց մեղրը հունցվում առանձնության մեջ, փեթակի մթության խորքում. այդպես էլ 15-ի մորմոքը հեռու մի տեղ` տիեզերքի բանականության մեջ հունցվում է գալիք գրողի շաղախի հետ, որը գուցեև երկու-երեք հազար տարի կամ երկու-երեք շաբաթ հետո է գալու. սպասենք նրան:
–Որ էդպես է` այսօրվան վերաբերող հարցերը միասին տանք.
Ինչպիսի՞ն ես տեսնում այսօրվա երկիրը. գրելու չէ` ապրելու տեսանկյունից:
Մինչև մարտի 1-ը, մարտի 1-ին և դրանից հետո քո զգացողությունները, ընկալումները, բնութագիրը: Եվ վերջապես, ինչպե՞ս ես տեսնում վաղվա օրը. գրողին վաղվա օրվա մեջ, մարդուն, երեխային, պետական գործչին…
-Հարցերի պատասխանները ոչ միայն այսօրվա, այլ նաև դարերի հեռավորության մեջ պիտի որոնենք մասամբ:
Ի ցավ մեզ, պատերազմներն ու գաղթերը, որ մշտապես ամայացրել են երկիրը, ավերել ու չեն խնայել նաև մեր հոգևոր կառույցի ամբողջականությունը: Իսկ նման ողբալի փլուզումներն ավելի մեծ ձախորդությունների են հասցրել, քան թշնամին` իր գրաված գյուղ ու քաղաքներով:
Ի՞նչ արեցինք մարտի մեկին և գիշերը: Խավարի մեջ փողոցները, ապակիները, ասֆալտը ղողանջում էին պղնձի նման: Հրդեհի բոցերը դեղին կատուների պես ավտոբուսների, տրոլեյբուսների, մարդատարների շալակներն էին ելել: Դպիրի գրի տողաշար ճշգրտությամբ նշանառուի գնդակի ծանրությունն ուռչում էր բոլոր շերտերի` պատերի, մարդկային մարմնի, խաչմերուկների մեջ: Ամեն բան զրնգոցով ճողվեց, փողոցները լայնացան, տները հոսեցին իրենց տեղերից, ճեղքերը բացվեցին և ուղտն անցավ ասեղի ծակով:
Ահա թե ինչ արեցինք այդ գիշեր, տասը զոհ տալով, ուղտին անցկացրինք ասեղի անցքով, համազգային ողբերգությունը հասցրինք մեր տները:
Հիմա այդ հրապարակը պաղպաղակի արկղի պես է` սառույցով լցված, որը չի հալվելու ամռան ամենաթեժ օրերին անգամ, այնտեղից մշտապես սողալու է ցուրտը` արագիլի պես մի ոտքին կանգնած Երևանի վրա:
Այսքանից հետո ճիշտ ժամանակն է` կանգնել, որովհետև կառուցել` նշանակում է կռվել երկրի դատարկության դեմ:
Բանակցությունները, քաղբանտարկյալներին ազատելուց հետո, ԵԽԽՎ-ի չորս կետերի պահանջների շուրջ, հենց այսօր շատ կարևոր են: Անդրկովկասյան իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ մեր ազգային ինքնությունը վտանգված է: Արտաքին թշնամուն դիմակայելու համար մեր փեշերից քար է պետք թափել: Հուսահատված հասարակության հավատը, միաբանությունը վերականգնելու միտումով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող անկախ հանձնաժողով է հարկավոր ստեղծել, որտեղ հավասարապես վճռորոշ ձայնի իրավունքով ներառված կլինեն բոլոր կողմերը: Արդեն անհեթեթության է հասնում խորհրդարանի, թերթերի, հեռուստատեսության միջոցով աբսուրդի հասնող այն բանավեճը, որ մեկս ասենք` արևն արևելքից է ծագում, մյուսս ժխտենք, թե` չէ, արևմուտքում է մայր մտնում:
Իսկ ինչու՞ պիտի բանակցություններ չստացվեն, եթե իշխանությունները փորձեն հասկանալ ներկայիս հասարակական պայթունավտանգ տրամադրությունները, որ այն ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչությամբ է պայմանավորված, այլ` հասարակության արժանապատիվ կյանքի պահանջով: Ինչքան էլ ասվի, թե ընդդիմադիրները հասարակության քիչ տոկոսն են կազմում, և չտեսնելու տալ երկիրի ջղաձիգ պրկվածությունը, նշանակում է, խաղաղությունը թողած` մեծամտության կողմը բռնել:
Չէ որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին միասին աշխատելիս խոսել են իրար հետ: Դե, թող հիմա էլ խոսեն մեր ժամանակների և վառված հացի դառնահամ լեզվով:
Քամահրել ենք հարևանի տգիտությունը, միշտ հպարտացել մեր երեքհազարամյա մշակույթով, առաջին քրիստոնյան լինելով, Անդրկովկասի ազգերի մեջ առաջին գիրը ունենալով, մեր գործարար, բանիմաց խելքով:
Այո, այս բոլոր արժեքները անժխտելի են, ունեցել ենք դարերի խորքից եկող նման առավելություններ, ինչն էլ հիմնարար զորություն է տվել , որ մինչև 20-րդ դարի կեսերը Անդրկովկասում լինեինք ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ամենաաչքի ընկնող ժողովուրդը, երբ դեռ այդ ժամանակ մեր հարևանները փորձում էին իրենց ազգային պատկանելությանը վերաբերող հարցեր ճշտել:
Խնդրում եմ, խնդրում եմ հիմա դեպի հյուսիս` Վրաստանին նայեք, արևելք` Ադրբեջանին դիտեք, մեր թիկունքում էլ` թփերի մեջ յաթաղանով մարդն է նստած: Մի՞թե նկատելի չէ, որ հատուկ պայմանավորվածությամբ, Կարս-Ախալքալաք- Թբիլիսի երկաթուղին շրջանցում է մեզ:
Ինչքան էլ ասեն` նա փոխվել է, այլևս նախկինը չէ, սակայն անժխտելի է, որ մեր պետությունը տնտեսական շրջափակման ենթարկելով, 21-րդ դարի լուսաբացին ցեղասպանության մեթոդները հղկելով` հասցվել է նրբագույն գիտական չափանիշների: Կամ, Եվրոպայի սրտում այսօր էլ, հայ լինելու համար կացնով սպանեցին սպային: Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Մեզ սրանից խոշոր էլ ինչ վտանգ է սպառնալու, որ բանակցենք իրար հետ, այսինքն` խոսենք: Մեծ ու փոքրավորով հիշել է պետք, թե մեծն Չարենցն ինչպես էր մղկտում «Երկիր Նաիրի»-ում` անհեթեթ պատճառներով հայրենիք կորցնելու համար:
Հույսը` դարավոր մեր փորձը, իմաստությունն է լինելու, պիտի որ այն մի բան նշանակի: Մեր խառնակ ժամանակների մեջ է օտարը շահ փնտրել: Ինչպես հիմա, այնպես էլ վաղնջական ժամանակներում աշխարհի հզորները և կռվել են մեր տան համար, և ձեռք են տաքացրել հրկիզված մեր տան կրակի վրա` ինչպես դա պատահեց ոչ անցյալ` 15 թվականին: Այս ամենը պատճառներ են բոլորիս համար` քենն ու խռովությունը մի կողմ դնելու: Աշխարհի պրակտիկայում նախադեպեր կան, երբ պետություններն իրենց ազգային շահի համար, մեծ խաղաղություն ունենալու նպատակով` խորհրդարաններ, նախագահական պաշտոններ են լուծարել. իսկ ի՞նչն է խանգարում մեզ դա անել:
Հասարակության համար գնահատելի կլինի` կալանքի տակ գտնվող ազատամարտիկների և քաղբանտարկյալների, մինչև դատավարության փուլի ավարտը, խափանման միջոցը փոխելով` ազատ արձակելը: Որովհետև, ինչքան էլ նրանք հայրենասեր միտք, պինդ ոգի ունենան, միևնույն է, բանտը վնասելու է նրանց: Ինչպես որ ազատության մեջ լինելն է վնասելու նրանց, ովքեր նրանց դեմ սուտ ցուցմունքներ են տալիս:
Կալանավորվածների ողղորդած ցույցերը, Ազատության հրապարակում ժողովրդի բարձրացրած որոտներն ինչքան էլ պախարակվեն հակաքարոզչության միջոցով, այնուամենայնիվ, առաջընթացի (պրոգրես) օրենքով չեն թողնում, որ հասարակությունը վերածվի խոնարհ ու հնազանդ զանգվածի:
Ոչ միայն ազատամարտիկները, այլև նրանց ընտանիքները մրուր ճաշակեցին պատերազմի դառնությունները: Ժողովրդի ծոցից ելած այդ խիզախ ոգիները ոչ մահվան առաջ կանգ առան, ոչ էլ Աստծուն ծաղրեցին: Նրանց դատերին էլ եմ մասնակցում, մասնակցում ու նրանց տեսնելով ձեռնաշղթաներով` ամայանում, մասնակցում եմ ու կծկվում: Երեք փամփուշտի, մի ատրճանակի, տանկի դեմ կռվելու նռնակի համար դատվում են, երբ դեռ պատերազմի առաջին օրերին նրանցից շատերն էին ունեցվածքը վաճառում` երեք փամփուշտ կամ մի ատրճանակ ունենալու համար: Եթե ազատամարտիկ են` խուզարկության ժամանակ նրանց տնից զենք էին գտնելու, հո եղ ու մեղր չէ՞ին գտնելու:
Պատմության բավիղներում բազում դժվարին հակառակորդներ ենք ունեցել, շատերն են փորձել մեր սեփական տնից քշել, որպես կատվի` պարկն են գցել, տարել են գետի ջրերում խեղդելու :
Այսօր ամեն մի հայ իր տանը զենք պիտի ունենա:
Փոքրաքանակ ժողովրդի համար կամավորական-մահապարտի կարևոր գործոնը դարերի ընթացքում ձևավորված ավանդույթ է, որ սերնդեսերունդ մինչև մեզ փոխանցված ամենալավն է, ինչ մենք ունենք այսօր` մեր տեսակը պահպանելու համար: Հիշենք` ինչքան էինք ուրախացել, երբ ռազմաճակատում պարտվողական դրությունը փրկելու համար, ամենաճակատագրական պահին Վազգեն Սարգսյանը հեռուստաելույթով ազգից հինգ հարյուր մահապարտներ խնդրեց և երբ ինը հարյուրը ստացավ: Մեզ մոտ իր վաղեմությամբ կամավորական–մահապարտի ավանդույթն ավելի հին է, քան եվրոպական երկրների շատ մայրաքաղաքներ:
Հինգերորդ դարում Վարդան Մամիկոնյանը կամավոր-մահապարտներով, Արաքսից ոչ հեռու, ճակատամարտ տվեց Պարսից պետության դեմ: Ճակատամարտը դեռ չսկսված, ռամիկ զինվորները փախուստի դիմեցին: Երկու հարյուր ութսունյոթ ուխտ կապած կամավորական-մահապարտներ մինչև վերջին շունչը կռվելով` Կարմիր Վարդանի հետ գլուխները դրեցին հայրենիքի համար:
Իսկ ո՞վ էր Սողոմոն Թեհլերյանը, մյուսները, շատ-շատերը, մարտիրոսվածները:
Զարմանալ կարելի է` Շուշիի հատուկ գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու, բայց աքսորելու տարբերակներ արծարծելու տրամաբանության վրա: Լիբանանում իրենց կամքն են թելադրում «Համաս» ու «Հըզբոլլահ» կազմակերպությունների ազգայնականները: Ինչքան էլ նրանք հայկական գաղութների նկատմամբ չեզոք են, բայց դաժան են ցանկացած մահմեդական երկրի դեմ կռված մարդու նկատմամբ. ի՞նչ է, մեր զինվորին աքսոր ենք ուղարկում, որ նրան այնտեղ գնդակահարե՞ն:
Երբ փորձառու հրամանատարները, հաշմանդամները, մարտական խաչը կրծքին զինվորները փամփուշտ կամ զենք ունենալու համար ազատազրկվում են, դրանով անխոհեմաբար կտրում ենք դարեր շարունակ մշակված մեզ պահպանող ազգային գոյատևության տրամաբանությունը, որը մեր կամային սկիզբն է եղել, նրանով ենք հատուկ պնդությամբ, վստահ, աշխարհի հետ ներդաշնակորեն, բարձր և մարդկային պարզությամբ կյանքի և ապրելու կամք դրսևորել: