Ո՞րն էր Սովետի այն զսպաշապիկը, որի բացակայությունից անկախ Հայաստանի մարդը մոլորվեց ազատության մեջ։
-Ջուրը և հայելին մեր առաջին փիլիսոփայությունն են։ Մարդուն չի տրված` իր աչքերով իր դեմքին նայել։ Պետք է մարդկության փորձի վրա հենվելով` հայելու միջի արտացոլանքին հավատա, որ երևացող կերպարը և ինքը նույնն են…
Ազատությունը երբեմն շատ հեռու` յոթ ծովից, յոթ սարից այն կողմ է, երբեմն էլ շատ մոտիկ` հոգու մեջ է, ազատությունը մարդու արտացոլանքն է, եթե չհավատանք նրան, չտեսնենք հեռվում բոցկլտացող լույսը, մեր կյանքը կիսատ կմնա։
Կարծում եմ` ֆիզիկական և հոգևոր կարգում ամենաներդաշնակ, վեհ զգացողությունն է ազատությունը։ Առաջին մարդն անգամ դրախտից դուրս մնաց` խոստացված անմահությունը փոխարինելով բարին և չարն իմանալու ազատությունով։ Դրանից հետո էր, որ մարդկությունը նկարիչների, բանասացների, երգահանների միջոցով իր լավագույն որդիներին սովորեցրեց` մեծ նահատակությունների արահետներով գնալ ազատությունը որոնելու։ Պրոմեթևսը, Իկարը, Մհերը, Դավիթը, Չարենցը… նրանք էին լույսի զավակները, որ միշտ հայտնվում էին խավարի ճանապարհներին։
Հարցն այնպես չպիտի հնչեցնել, թե արդեն Խորհրդային Միության զսպաշապիկ ասվածը չունենալով` վնասվել ենք։
Մատնագրերով, գնդակահարություններով, հոգեբուժարաններով, ռադիո-լրագրերի մշակված քարոզչական շանտաժի մեթոդներով միլիոնավոր մարդիկ աքսորի ճանապարհներով, անծայրածիր ցրտաշունչ Սիբիրի հազարավոր դարերի տայգաներում էին հայտնվում, որտեղ ժամանակը հետ էր հոսում, անհաշիվ «խուլ» բարաքներում, անգամ, իրենց դատապարտվածության ժամկետներն էին մոռանում։ Չնայած բռնության այդ ձևի մեջ դարձյալ կային խիզախ ոգիներ` Մահարին, Սոլժենիցինը, Բրոդսկին…, որ թանկ գնով Սիբիրի ճանկերից մարդկությանը ազատության լինելիության մասին լուրեր էին բերում։
Կարծում եմ` իր ստեղծման օրից մարդկության նվաճած ամենախոշոր արժեքը առաջին սահմանադրությունն է, որ արձանագրեց մարդու ազատ լինելը ։ Ինձ թվում է` թերահաս սոցիալիզմի զսպաշապիկը, որ հողագնդի ամենամեծ խոտանն էր, անկախ Հայաստանի մարդը թոթափելով այն` ոչ մոլորվել է ազատության մեջ, ոչ էլ տուժել է։
Ջրի և հայելու փիլիսոփայությունը շատ կարևոր ճանապարհ է, պարտավոր ենք հավատալ` հողագնդի ազատ երկրների փորձին։
Որպես ՀՀ քաղաքացի և գրող հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունես։
-Հայ-թուրքական արձանագրությունները մեր ժողովրդի կամքի արտահայտությունը չեն։ Իբրև թե նրա շուրջ քննարկումներ են կատարվում հասարակական կազմակերպություններում, մամուլով, հեռուստատեսությամբ, որոշակի հեղինակություն և որոշակի դիրք ունեցող մարդիկ են հանդես գալիս, իրականում իմիտացիա է այդ ամենը, որևէ կերպ չի արտահայտում ժողովրդի ցանկությունները։ Այնպես, ինչպես որ թմբկահարվում է, թե Ազգային ակադեմիան քննարկել է փաստաթուղթը և հավանության է արժանացրել, այդպես չէ։ Այնտեղ էլ իմաստուն, վառ հոգիներ կան. բա ո՞վ էր սոցիալիզմի 70 տարիներին մեր հոգևոր հայրենիքի մասին կրակը վառ պահում։
Ինքնին հարց է ծագում. եթե արձանագրություններն արդեն ստորագրվել են և նրանցում որևէ բան փոխելն անհնար է (Նալբանդյանի և Էրդողանի վկայությամբ), էլ ինչ հասարակական քննարկումների մասին կարող է խոսք լինել։ Ասես` այդ ամենն արվում է միայն մի նպատակով` ինչքան շատ լինեն թատերականացված քննարկումներին մասնակից մարդկանց բազմությունը, ապագայում այնքան չքմեղանալը և ապացուցելը հեշտ կլինի, որ գործած մեղքին ամբողջ ազգն է մասնակից եղել։
Միշտ էլ կողմ եմ եղել, որ Թուրքիան սահմանը բացի, բայց ոչ այն գնով, որ պահանջում է, ոչ էլ այն շտապողականությամբ, որ գլխապատառ գիրկն ենք նետվում։ Գերմանիան, անգամ, որ Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկն է, դեմ է նրա` Եվրամիությանը անդամակցելուն, պատճառաբանությամբ, թե ոչ իրենց մշակույթը, ոչ էլ տնտեսությունն է պատրաստ 70 միլիոնանոց Թուրքիայի հետ խաչաձևվելուն։ Հիմա մենք մեր այս վիճակում մի՞թե ունենք սև հեղեղի դեմն առնելու զորությունը։ Էլ չեմ ասում` ստորագրված արձանագրությունների մի քանի կետերի մասին, որոնք ընդհանրապես անընդունելի են։
Մի՞թե կարելի է, որ նա այդպես մեր արժանապատվությունը վիրավորի` ինչ` ջուրը, ինչ` արյունը, հա՞, մեկ ու կես միլիոն մարդ է երկրի երեսից վերացրել, արդյո՞ք ներողություն է խնդրել մեր ժողովրդից, թեկուզ գաղտնի, մի հայի դեմ ծու՞նկ է չոքել կամ որևէ գրողի, դրամատուրգի բերանով մի գեղարվեստական գործում, մի ներկայացման մեջ ասե՞լ է` ես մեղա, ես անարդար էի, կամ թողության խոստովանությու՞ն է արել իր մեջիթի, կամ դերվիշի առաջ։ (Օ. Փամուկի անունը մեջտեղ չբերես, նա պարզապես Նոբելյան ստանալու համար հայկական հարցը ամենաարհեստավարժ աճպարարի պես խաղացրեց Եվրոպայի աչքի առաջ, այնինչ, այդ ամենաարդար ամբիոնից իր ճառի մեջ պիտի ասեր, որ եղել է ցեղասպանություն։ Գուցե դրանից հետո հասկանալի դառնար այդ ազգը)։ Ինքն է փակել սահմանը, բացելու համար գին պիտի վճարենք, այն էլ` միջազգային ասպարեզներից «ցեղասպանություն» բառը հանելով, Հայ դատի պահանջատիրությունից հրաժարվելով կամ Ղարաբաղի յոթ շրջաններն էլ պիտի տանք Ադրբեջանին, դեռ պահանջած հանձնաժողովն էլ պիտի փորձի ապացուցել, որ անապատներում թափառող ուրվականներն էլ մերոնք չեն» Որևէ դիվանագիտություն, անգամ` հաղթանակած, ոչ մի արժեք չունի, եթե նման գին է պահանջվում, եթե ազգի ողնաշարը, քրոմոսոմն է տրոհվում…
Բայց փաստն այն է, որ դարձյալ երես առ երես կանգնել ենք Թուրքիայի 900-ամյա դիվանագիտության և «ասկյարի» դիմաց։ Դու էկրանին` Էրդողանին զննիր, քո դեմ փողկապով և ժամանակակից հագով «ասկյարն» է։ Կանգնել է Եվրոպայի պարիսպների տակ, բայց նրա պատերազմը չի ավարտված։ Նա դեռ զինվոր է, մի ձեռքով Եվրոպայի դարպասներն է թակում, մյուսով` մեր պատմական հայրենիքն է վերցրել, էն մեկով` Կիպրոսը, էն մյուսով` Նախիջևանը, մեկով քրդերին է մեռցնում, մյուսով` Իսրայելի նախագահի երեսին է թռնում, էս մեկով` Անդրկովկասում անկայունություն գցելով է աշխարհին սպառնում, մյուսով` Ամերիկայի նշանակած թիկնապահին է հարվածում, և այլն, և այլն … Զինվոր է, կռվում է։ Եվրոպայի համար` վայրի մեղրի պես դառը, քաղցրահամ … Ահա, թե ով է մեր երկիրը մտնելու` զարգացած տնտեսությունով, բազմաձև ազդեցիկ մշակութային ծավալներով, 70 միլիոնանոց մի հզոր պետություն։ Արդյո՞ք մենք, հայտնի փորձություններից հետո, բարոյա-հոգեբանական այսպիսի ճաքով պատրաստ ենք դիմակայելու նրան` ով դարեր շարունակ մեզ ֆիզիկապես բնաջնջելու իր նպատակը չի էլ թաքցրել։ Իսկ ո՞վ է ասում, թե կրնկի վրա բաց դռներով մեր երկիրը մտնելուց հետո մեր որդիների հետ ավելի բարյացակամ է լինելու։ Սկսած ամենահին ժամանակներից, երբ հարցն ազգային անվտանգությանն է վերաբերել` ժողովուրդը աշխարհաժողովների միջոցով կարողացել է պետությանն իր կամքը թելադրել, անգամ, թագավորների` գահին մնալ-չմնալու խնդիրն է լուծել։ «Հայոց պատմության» մեջ Բուզանդը հիշատակում է, որ 4-րդ դարում ժողովուրդն Արշակ թագավորին աշխարհաժողովով է գահից հրաժարեցրել։ Մեկ ուրիշ աշխարհաժողովի մասին է հիշատակվում` դարձյալ չորրորդ դարի 353 թվականին, երբ Ներսես Մեծին Ամենայն հայոց կաթողիկոս են ընտրել։ (Բուզանդ, չորրորդ դպրություն, գլ. ԾԱ և գլ. Գ)։
Հիմա ևս նույնանման իրավիճակ է` հայ-թուրքական արձանագրություններն իրենց լուսումութ կողմերով որոշելու են մեր ապագան։ Մի խնդիր, որ համայն հայությանն է վերաբերում և միայն ժողովրդին է տրված` նման արձանագրությունները վավերացնել կամ` նախագահի հրաժարականի գնով կանգնեցնել վտանգավոր գործընթացը։
Երբ հերոսները մոռացվում են ու ստեղծվում են չարդարացված հերոսների կերպարներ, կարո՞ղ ենք արդյոք համարել, որ հասարակությունն արժանի է իր ստեղծած հերոսին։
Ընդհանրապես մարդն ինչպե՞ս է հերոսանում և ի՞նչ չափումներով է ժողովուրդը հերոս ստեղծում։
-Բոլոր ժամանակներում էլ իշխանության և ժողովրդի միջև մրցակցություն է ընթանում։ Իշխանությունները միշտ էլ ժողովրդական հերոսներին զուգահեռ` իրենց ստեղծած կեղծ (պսեվդո) հերոսներին են ասպարեզ հանում, որոնք հասարակությանը ուղղորդելու, ցանկացած պահի նրա միակամության մեջ խառնակչություն առաջացնելու, հեշտ կառավարելու ատրիբուտներից մեկն են։ Բայց, ի վերջո, ժողովրդի միջից ելած հերոսն է ապրում։ Ժողովուրդը չգիտակցված, բայց գոյություն ունեցող մի զգայարանով, որով աստղի ընկնելը, տարվա երաշտ լինելը, կնոջ` տղա կամ աղջիկ բերելն են գուշակում, այդպես էլ հերոսին` Անդրանիկին, Նժդեհին, Մանթաշովին է ճանաչում։ Նրան կորցնելուց` ամբողջ մարմինը տնքում է, ինձ թվում է` հերոս դառնալու խորհուրդը հենց այդ տնքոցի մեջ էլ թաքնված է։ Օրինակը հինգերորդ դարն է, երբ Պարսկական միապետության դեմ կրոնական շարժում սկսվեց, և Վարդանը կար, և Վասակը, որ պարսից շահերն էր պաշտպանում։ 1600 տարի է անցել, բայց ժողովուրդը Կարմիր Վարդանին է հիշում, որ 287 մարդով պարսից կանոնավոր բանակի դեմ ճակատամարտելիս նահատակվեց։ Ճիշտ է, հիշողության մեջ Վասակն էլ կա, բայց եկեղեցականները Վարդանի անունով են կոչվում։
Երբ Սասուն Միքայելյանի ջոկատը գնում էր կռվելու` համարյա ամբողջ քաղաքն էր հավաքվում եկեղեցու դռանը` ճանապարհելու, ջոկատի մեկնելուց հետո ամբողջ քաղաքը մոմ էր վառում։ Հիմա ժողովուրդը տնքում է Սասունի և Արամ Բարեղամյանի համար։
Ովքե՞ր են այսօրվա հերոսները։
-Ափսոս, ցավեցնող, բայց տեսանող քննադատությունը, որ չորացած թզենին պիտի ծաղկեցնի, չի ընդունվում։ Այն դասական հասկացությունը, թե ծաղրածուն թագավորի երեսին ճշմարտություն ասելով երկիրը պիտի փրկի` փոխվել է։ Քանի գնում` երեսպաշտությունն է ավելանում, ոսկե կուռքերի տապանակներ են պտտեցնում փողոցներում։ Չեմ էլ կասկածում` գուցե և գա ժամանակը, խոհարարական գիրքը կհռչակվի ամենաբարձրարժեքը։
ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀ–ում մարդը բարձրագույն արժեք է։ Մեր իշխանությունների համար մարդն իսկապե՞ս արժեք է։
-Իսկ ի՞նչ է Սահմանադրությունը, որ ծիածանի նման զվարթ և անկասկածելի յոթ գույն պիտի ունենա, արդյո՞ք գործում է հոգին, որ արժեք ունենար` տասը մարդ կզոհվե՞ր։ Խորհրդարանական հանձնաժողովը, որ պիտի պարզեր` ինչ էր պատահել նրանց հետ և ովքեր են մեղավորները, մեկուկես տարի որոնեց, բայց ոչ մեկին չգտավ, հայացքը փախցրեց ճշմարտության աչքերից։ Գյուղացին կալ անելիս, քսան տոննանոց գարու շեղջի միջից, անգամ, մի քարի հատիկն է գտնում։ Երկրի հեռադիտակները նույնիսկ Մարս մոլորակի ջրերով լցված լճերն են գտնում… Հիմա տասը զոհվածների հարազատները և նրանց գումարած` բարեկամ-ազգականները, տես` ինչքան կլինեն, կասե՞ն` մարդը Սահմանադրությամբ պաշտպանված բարձրագույն արժեք է…
Մարդու ներսի պատերազմն ի՞նչ ճանապարհով կարող է խաղաղության հանգել, մանավանդ, որ այդ կռիվը սեփական եսի կամ հարևանի հետ չէ, այլ` շրջապատի, երկրի, իշխանությունների։
-Երբ սահմանադրական կատարյալ երկիր կունենանք, երբ ազգովի օրենքի առաջ հավասար կլինենք, երբ սև ջիպերը միայն իրենց խոշորության առավելությունով ճանապարհդ չեն կտրի … բանկերը կծաղկեն, մանուկները կչկչալով դպրոց կհաճախեն, ծերերը չեն տնքա հացի պակասից, երբ ընտանիքները դրամագլուխներ կունենան ու արդեն ջլապնդվող արու զավակները հայելիների առաջ քյանքյուլները ուռեցնելով` կպտտվեն լիքը դրամագրքույկների շուրջը և հարևանից` վախը ծխի պես կչքանա …
Չգրված օրենք կամ աքսիոմա կա. երբեք հասարակությունն իր երկրի իշխանությանը չի սիրում։ Ի՞նչ ես կարծում որևէ լիդերի կամ իշխանության սիրելը մի՞ֆ է։ Հասարակություն–իշխանություն փոխհարաբերության մեջ սիրելու գաղափարը ծիծաղելու աստիճան աբսու՞րդ բան է։
-Պետք չէ հարցն այդքան կտրուկ դնել։ Եվ պատմությունն է ապացուցել և ներկա իրականությունը` հին ժամանակներում էլ, հիմա էլ հարյուրավոր երկրներում, և սիրված իշխանություններ, և լիդերներ կան։
Մարդու դրվածքը հետաքրքիր է. ինքը ձգտում է իշխանության, բայց իշխանություն ունեցողին չի սիրում։
-Շատ ազնիվ մարդիկ կան, նայած` ով …
Լևոն, մարտական ընկերներդ բանտում են, գրական ընկերներդ «արտաքսված»։ Մենա՞կ ես …
-Չգիտեմ` մենակ ասածն ինչքանով է վիճակին բնութագրական։ Տիեզերքի անսահմանության մեջ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը գրելով, երգելով, նկարելով, պատերազմել` հող ազատելով` հարազատ ոգի և հայրենիք է որոնում։ Երբ սկսում են բացակայել շուրջդ եղած մարտական և հոգևոր ընկերներդ, սենյակում լույսը վառել-մարելու պես է` փոխնիփոխ հայտնվում ես ուժեղ ճերմակի, հետո` ուժեղ սևի մեջ … Շատ հաճախ թվում է` գուցե այդ հերոս, մարտի ելած տղաների և խիզախ հոգիների` հայրենիքի համար պատերազմը երազում է շառաչել։
Էսօր արվեստագետները դարձել են քննադատության թիրախ, որովհետև չեն մասնակցում երկրում կատարվող իրադարձություններին։ Մտավորականին ո՞ր վարքագիծն է հարիր. գլուխը կախ ստեղծագործե՞լ, թե՞ արտահայտել քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում և երկրի համար վճռական քայլերում լինել ուղղորդող։
-Երբ արվեստագետները չեն մասնակցում քաղաքական անցուդարձին, նշանակում է` կատարյալ է տվյալ երկիրը։ Լռության համար ոչ թե պիտի պարսավել նրան, այլ` խրախուսել։ Նրանք լռության մեջ են մասնակցում երկրի շինարարությանը։ Կարծում եմ` լռության ժամանակ է գտնվում ամենահեռավոր լուսապայծառ միտքը, որը և գուցե տասնյակ ոսկեհանքերի, լավ զինված բանակների, հայրենիքի ճակատին փողփողացող մի դրոշակի արժեք ունենա։ Նրա տեսակն է այդպիսին` կապիկի նման մենակ` անծայրածիր ջունգլիներում, բայց միշտ ամենաբարձր ծառերի կատարներին։ Իսկ երկրի համար կենաց-մահու պահերին մի վճռորոշ ժամանակ կա, որ ոչ միայն արվեստագետի, մտավորականի, այլ բոլորի տունդարձի` հայրենիքի հետ լինելու ժամանակն է։