Հայրս

    Դպրոց էի հաճախում, արձակուրդներին սարերում ոչխար էի արածեցնում, մերոնց հետ կարտոֆիլն էի ցանում, մարգագետնում խաղում էի, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերն էի տեսնում` կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչս կտրվում էր․ պապիս թաղեցինք, հետո ավարտական երեկոյի վերջին զանգը եղավ, ամբողջ դասարանով, դիրեկտորն էլ մեզ հետ, երգեցինք «Լենին, դու կյանք ես հարակեզ…» և ես դպրոցն ավարտեցի, տանից փող գողացա ու փախա մայրաքաղաք, դեռ էլի հավատալով, որ ծնվել եմ նռից։

Մայրաքաղաքի վարձով տրվող նկուղներից մեկում, գյուղում բացակա` արգելված «Աստվածաշունչն» էի ուսումնասիրում և, այնուամենայնիվ, հավատում, իր հոր հետ էլ «քաղաքավարի խոսող» մեր գյուղի գրականության ուսուցչին, որ պոեզիան «Աստվածաշնչից» է սկսվում։ Երբ հասա Մատթևոս ավետարանիչին ու Քրիստոսը խաչի վրա դիմանում էր փշե պսակին, նիզակի հարվածներին և մարդու թուլությամբ աղերսում էր Եհովա հորը, որ լեղու բաժակը իրենից հեռու տանեն, չենթարկեն այդ փորձության, համալսարանի շենքի ճակատին ամրացված բարձրախոսները դղրդալով արդեն հայտարարում էին առաջին քննությունների մասնակիցների գնահատականները, իսկ ես այդ օրը հասկացել էի, որ Քրիստոսն աշխարհի ամենամեծ բանաստեղծն է, Չարենցը` ամենախոշոր աստվածը։

Մեր գյուղում միրգ չկա։ Մայրս ինձ պատմել էր, որ մի շոգ օր դաշտում կարտոֆիլն էին քանդել, ու սիրտը թթու բան է ցանկացել։ Ասում էր․ «Չգիտեմ որտեղից, պապդ տելեգրեյկայի գրպանից մի խոշոր, կարմիր նուռ հանեց, տվեց հորդ, ասաց` աշխատանքը ծանր է, թող հարսը տուն գնա»։ Մայրս ասում էր․ «Եկա տուն, նուռը ջարդեցի, դուռը ներսից փակեցի ու կլեպներն էլ հետը կերա»։ Հետո, մի քանի օր անց ծնվել եմ ես ու, համալսարանի քննություններին չմասնակցած, թափառում էի մայրաքաղաքի փողոցներում ու հավատում էի, որ ես ծնվել եմ հենց այդ նռից, որ պապս  տելեգրեյկայի  ծոցագրպանից էր հանել ու տվել մորս։

Փողոցներից մեկում հանդիպեցի պատի տակ նստած ալեխառն մորուքով ծերունուն և նայեցինք իրար աչքերի մեջ, ու ես զարմացած մտածեցի` մի՞թե Քրիստոսը դարձյալ եկել է ու ես տեղյակ չեմ։ Նա կապույտ ու ջինջ աչքերը չէր հեռացնում ինձանից։ Առաջարկեց գնալ իր տուն․ «Կզրուցենք»։ Խաղատախտակը ծնկներիս դրած` նարդի էինք խաղում։ Նրա չոր ծնկները ծնկներիս էին կպնում, նա ծիծաղում էր, ես էլ էի ծիծաղում, հետո նրա ձեռները շոշափելով բարձրանում էին ծնկներիցս վեր ու ավելի վեր։ Ես հաստատ տեսա, որ երբ դուրս թռա, նա նստած մնաց։ Գիտեի, որ նա ինձ չի հետապնդում, բայց ես վազում էի, նա գալիս էր։ Ծառերը, շենքերը մնում էին, նա` չէ, բայց նրա նման մի բան ինձ կառչելով` գալիս էր։ Պարեկ միլիցիոներները կանգնեցրին, նրանցից խոշոր գլուխն ասաց․ «Շունչդ տեղը բեր, հետո կասես, թե ինչո՞ւ ես վազում»։ Շունչս տեղը չէր գալիս, ուզում էի փսխել։ Ձախ ականջին բամբակ խրածն ասաց․ «Ոչինչ, մի քիչ տեղում քայլի, կանցնի։ միանգամից կանգնել չի կարելի, երևում է երկար ես վազել»։ Ծառերը, շենքերը գնում էին, ես կանգնել էի, կապույտ աչքերը կանգնել էին, ոտներս ծալվում էին, չէի կարողանում ոտքի վրա մնալ։ Նրանք թևերիս տակ ընկած` աջ ու ձախ էին քայլեցնում և միաժամանակ գրպաններս ստուգում, ուզում էի փսխել, չէի կարուղանում, ստամոքսս այրվում էր։ Շուրջբոլորակի մարդիկ էին հավաքվել, ձախ ականջին բամբակ խրածը նրանցից պահանջում էր, որ ցրվեն։ «Սոված եմ»,- ասի։ Խոշոր գլուխն անընդհատ պահանջում էր, որ պատմեմ, թե ինչ է պատահել։ Ես նրան պատմեցի։ Նա ասաց․ «Մի վախենա, դու գնա տուն, մենք կգտնենք կապույտ աչքերով Քրիստոսի նման ծերունուն»։ Ուրախացած ասի․ «Գիտե՞ք` ես նռից եմ ծնվել»։ Խոշոր գլուխն ու ձախ ականջի մեջ բամբակ խրածն իրար նայեցին, ծիծաղողներին նայեցին, հետո նորից իրար, նորից ծիծաղ։ Ասին․ «Նստիր մեքենան»։ Ես չէի ուզում նստել։ Նրանք քաշքշում էին, հավաքվածները ծիծաղում էին, էլի ծիծաղ, ասին․ «Մի ստիպի, որ մենք նստեցնենք»։ Ասի․ «Ուզում եմ տուն գնալ, սոված եմ»։ Երկար չէի համաձայնվում , որ իրենք տուն տանեն։

Խոշոր գլուխը օձիքս բռնած` շպրտեց փոքրիկ, անլուսամուտ ավտոբուսի մեջ, ստվերի նման ծեփվեցի թիթեղյա պատին։ Հետո ես ընկա հատակին, ինքը նստած` ծխում էր։

Հաջորդ օրն առավոտյան լույսի մեջ տեսա իմ պատուհանի ճաղերը։ Երկու տղամարդ բուժակներ, որոնք ամբողջ գիշեր խոշոր գլխի պես, միջանցքներում, զուգարաններում, մահճակալների տակ, սենյակից սենյակ թափառող հիվանդների օձիքներից բռնած շպրտում էին դեպի պատերը` հիվանդանոցին պատշաճ խաղաղ գիշերվա պատրանք ստեղծելու համար, ինձ տարան բժշկի մոտ։ Նա երկար զննումներ կատարեց։ Հետո հարցրեց․ «Ձեր ցեղում հիշու՞մ ես որևէ մեկին… ասենք, որ քնից վեր թռչեր, աղաղակեր, հարևաններին վնաս տար…»։ «Չէ, չեմ հիշում»։ Նա կոպերս երկու բութ մատներով սեղմեց, հետո աչքերս փակ, զույգ ձեռներս առաջ պարզած` սենյակում քայլել տվեց։ «Լավ, բա ինչի՞ վախեցար»։ Ասի․ «Որովհետև հավատում եմ, որ նռից եմ ծնվել»։Երկար նայեց աչքերիս մեջ, ասաց․ «Ի՞նչ գիտես»։ Ասի․ «Մայրս է պատմել…»։ Ասաց․ «Հայ ճարտարապետության մեջ, ինչ-որ նման մի տեսություն առաջ քաշում են, հիմք ընդունելով խաչքարերի նռները։ Ո՞ւր է, թե այդպես լիներ։ Մայրդ գյուղում ի՞նչ գործ է անում»։ Ասի․ «Ծաղիկներ, այնպես խոշոր, կրակի գույնի կակաչներ է աճեցնում, որ նույնիսկ մեր գյուղի միլիցիոներ Շալիկոն արգելում էր հաջորդ տարի նորից ցանել»։ «Այ քեզ բան, ինչո՞ւ էր արգելում»։ «Արգելում էր, որովհետև ջահելները կարող էին սերմը գողանալ, մեկ ուրիշ տեղ ցանել, հետո ծխել»։ «Լավ, էլ ի՞նչ էր ցանում»։ Ասի` մանուշակ, նարգիզ, արևածաղիկ…

Բժիշկ.- Ռեհան, պետրուշկա չէ՞ր ցանում։

Ասի․ «Նույնիսկ սարի սմբուլ է աճեցնում, տեսե՞լ եք բարակ, երկար, փափկամազ, փիսիկ էլ են ասում, նույնիսկ ասում են, ով որ տանը պահի, դժբախտություն կպատահի…»։

Բժիշկ․- Կոտեմ էլ չի՞ ցանում։

Ասի` չէ։

Բժիշկ․- Բա, լավ, գյուղից փախել էիր, որ համալսարան ընդունվեիր, ինչո՞ւ քննություններին չմասնակցեցիր։ Ասի․ «Մատթևոսի թղթերն էի կարդում, հետո  իմացա, որ քննություններն ավարտվել են»։

Բժիշկ.- Ենթադրենք մայրդ ճաշ է եփում, սոխի համար շուկա խոմ չի գնա, սոխը  ի՞նչ է, որ ձեր բոստանում չեք ցանում։

Ասի․ «Գույնզգույն մեխակներ է ցանում, քաղաքում դրանց նմանները տեսած չեք լինի, թերթերն այնքան բարակ են, այնպես թափանցիկ»։

Բժիշկ․- Քեզ բուժում է պետք։ Կպառկես, կբուժվես, այդ ընթացքում կհեռագրենք  գյուղ, որ ծնողներդ գան։ Հետո դռան երկու կողմում կանգնած սանիտարներին  ասաց․ «Որ ծնողները եկան, ասեք, թող անպայման ինձ տեսնեն»։

Ինձ բուժում էին։ Բժիշկը հետևում էր նշանակումների արդյունքին, որպեսզի չխուսափեմ, ցավոտ ներարկումներից ձեռներս մահճակալին էին կապում, ես ուզում էի, որ մերոնք գան։ Դիմացի N7 հիվանդասենյակի ճաղատ գլխով, միջին տարիքի մարդը, որին բրդի գործարանի տնօրեն էին ասում, գիշերները քիչ-քիչ, օր օրի ներքնակիս ու բարձիս բամբակն էր գողանում, հետո երկու ամիս անցավ, մերոնք` հայրս ու մայրս եկան։

Մայրս Լենինականի շուկայից խոշոր նռներ էր գնել։ Հայրս բժշկի համար կճուճով բերած մեղրը տարավ նրանց տուն, եկավ, բժիշկը ձեռքով ծանոթացավ հետը։ Ասաց․ «Անվանակիցներ ենք»։Հայրս ժպտաց, վերնաշապիկի օձիքի կոճակը արձակեց։ Հետո նրանք բժշկի առանձնասենյակում զրուցում էին։ Բժիշկը մորս տարբեր հարցեր էր տալիս։ Ասաց․ «Իզուր եք տղայի գլուխը լցրել նռան պատմություններով»։ Մայրս ասաց․ «Այդ օրը շոգ էր, կեսրարս գրպանից նուռ հանեց…»։

Բժիշկը զայրացկոտ ընդհատեց նրան․ «Այ կնիկ, այդ օրերին փորդ բերանիդ էր հասնում, խոսում ես մատղաշ աղջնակի նման։ Նուռ, նուռ… բա մարդդ…»։ Բազմանշանակ նայեց հորս։ Հայրս քարերին առած գունաթափ քթերով կոշիկներին էր նայում, հետո կռացավ, քրտնած ձեռքի ափով մաքրեց նրանք, նայեց բժշկին, արտաշնչելով ասաց` օֆ։

Ես ուզում էի, որ գնանք տուն։ Բժիշկն էլ էր նայում հորս գունաթափ կոշիկների քթերին ու լսում մորս, թե․ «…ինչո՞ւ Ծովինարը… ես անգրագետ կին եմ, բայց ինչո՞ւ Մարիամը…»։ Բժիշկը թղթի վրա բան էր գրում։ Ես ուզում էի, որ գնանք տուն։ Ասաց․ «Տղան հիմա լրիվ բուժված է, իմ խորհուրդն է, նրան այլևս մայրաքաղաքում չթողնել, մեծ քաղաքներում հաճախ են սթրեսներ պատահում, կարող է նորից կրկնվել»։ Հետո երկար լռում էր, երկար նայում էր հորս գունաթափ կոշիկների քթերին, որոնց վրա հորս խոնավ ափի հետքը դեռ մնում էր։ Ես ուզում էի, որ գնանք տուն։ Գրած թուղթը տվեց հորս, ասաց․ «Այդտեղ գրված է, կտաք ձեր գյուղի բուժքրոջը, թող նշանակումը նույնությամբ կատարի, ձեր կնոջն էլ է բուժում պետք, ես դեռ այն ժամանակ էլ կասկածեցի, երբ տղայի հետ էի զրուցում»։ Հայրս զարմացած, հանկարծ նայեց մորս դեմքին, ձեռքի ափով սրբեց ճակատի քրտինքը։ Ոտքերը, խամաճիկի թելն արձակած ոտների նման, ծուռումուռ թափվեցին միաժամանակ ամեն կողմ։ Հավաքում, ուղղում էր, կրկին ծռմռվում, անջատվում էին, գալիս քիթ քթի` իրար հպվում։ Բժիշկն ասաց․ «Վտանգավոր բան չկա, դա ապահովության համար է»։ Հայրս թուղթը վերցրեց, ասաց` օֆ, հապշտապ դուրս եկավ։ Հետո, երբ Ախալքալաքից հասանք մեր գյուղի ճամփաբաժանը, վերին գյուղերը գնացող ավտոբուսը մեզ իջեցրեց, ոտքով ենք գյուղ գնում։ Հայրս ամբողջ ճանապարհին չէր խոսել, միանգամից վրա-վրա ասաց․ «Չեմ հասկանում, ի՞նչ է, բանաստեղծ դառնալու համար անպայման տնից պիտի փախչեիր ու մայրաքաղաքում քյավթառ ծերունիները ծնկներդ պիտի ճակռտեին»։ Մայրս թևանցուկ արեց ինձ, հայրս առաջ էր ընկել։ Վրացիների գյուղից Սերմանը ոչխար էր արածեցնում, հորս բարև գոռաց։ Հայրս, կուզը դուրս գցած, ավելի արագ քայլեց։ Սերմանը բարևը վրացերեն գոռաց։ Մայրս պինդ սեղմեց թևս, ասաց․ «Հետ չնայես»։ Հայրս քայլում էր կուչուձիգ անելով։ Սերմանը շրջանցում էր թմբերը, որ հորս դեմընդառաջ դուրս գա։ Նա կանգնել էր ճանապարհի մեջտեղը, ասաց․ «Բարև, Օնանի տղա, էս որտեղի՞ց եք գալիս էսպես գերդաստանով։ Փոստի Տասոն ասում է` մանչուն խելռնոց էին պառկեցրել, ի՞նչ է պատահել»։ Հացի տոպրակից մի կապոց սինձ հանեց, տվեց ինձ, ասաց․ «Խոզանի անարատ սինձ է, հենց նոր եմ հավաքել, կեր»,- ու նայեց աչքերիս մեջ․ «Երկուսին գումարած երկուս, ի՞նչ կանի»։ Ասաց․ «Տղա, սինձն էլ անլվա ուտե՞ն»։ Բերանիս մեջ զգում էի հողի համը ու ուզում էի լաց լինել։ Հայրս ասաց․ «Հեչ, բան չկա, սխալմունք էր»։ Հետո մենք մորս հետ գնում էինք, նրանք թմբին պառկած ծխում էին։ Նորից հայրս մեզանից մի տասը քայլ առաջ անցավ։ Ես մանր քարերին հարվածում էի կոշիկի քթով։ Քարերը գլոր-գլոր հասնում էին հորս կրունկներին, ես նորից էի հարվածում, հետո նորից, հայրս հետ չէր նայում։

Մայրոն ու Համբոն էին գալիս գյուղից։ Հայդուկի փամփշտակալի նման վանդակավոր շալը խաչուփաչ կապած, Մայրոն առաջ ընկած, պարանով պոզերից կապած կարմիր կովին էր քաշում։ Համբոն հորս բարևեց, ասաց․ «Ֆերշել Գուրգենն ասում է` էս անտերը պրովոդ է կուլ տվել, կամ էլ մինինգիտ է, տանում ենք մթերման։ Փոստի Տասոյից լսեցի` մանչը խելռնոցն էր պառկած, ի՞նչ է պատահել…»։ Հայրս ասաց․ «Սթրես ուներ»։ Հետո նրան հարցրեց․ «Կարող է իմանա, ի՞նչ բան է սթրեսը, բժիշկն ասում է` մեծ քաղաքներում է պատահում»։ Համբոն ուսերը թոթվեց։ Մայրս, ինչ-որ անորոշ մի բանից վախեցած` դողում էր, բերանումս դարձյալ հողի համն զգացի, ինձ թևանցուկ էր արել, մենք գնում էինք, հայրս կրկին առաջ էր անցել, կոշիկի քթով հարվածում էի մանր քարերին, քարերը գլոր-գլոր կպնում էին նրա կրունկներին, մայրս ժպտում էր։

Հայրս հանկարծ կանգնեց, մենք հասանք նրան, շշմած մեզ ասաց․ «Այսքան տարի խելառների հետ եմ ապրել»։ Նա մեզ ասաց, բայց մորս հետ էր խոսում։ Կմկմալուց հասկացա, որ ուզում էր ասել․ «Խելառի եմ սիրել…»,ինձանից ամաչեց։ Հետո խոսքը կիսատ թողած` դարձյալ առաջ անցավ։ Ես չէի ուզում գնալ, ուզում էի նայել Համբոյի ու Մայրոյի կովին։ Հորս վիզը բարակ ու երկար էր, թե «դսնոցվա» վերնաշապիկն էր մեծ, ես չէի ուզում գնալ։ Ասի․ «Ինչո՞ւ ավելի շուտ չէիք գալիս ինձ տանելու»։ Մայրս ասաց․ «Գնանք, գիտե՞ս  ինչ սիրուն ձագեր են հանել էն քո սպիտակ դոխերը»։Ասի․ «Հեռագիրը ե՞րբ էիք ստացել…», ու չէի ուզում գնալ։ Մայրս ասաց․ «Գիտե՞ս, որ էն չորս  համարի  քո գերանդին  հայրդ  շինել է, որ իր հետ քեզ էլ խոտքաղի տանի»։

Ճանապարհամերձ թմբին նստել էի ու չէի ուզում գնալ, քարով կրունկս հարող կոշիկիս մեխն էի ծեծում։ Մայրս ասում էր․ «Իզուր ես հորդ կասկածում, տես` ոնց է վիզը երկարել, այս մի ամսվա մեջ շատ է նիհարել, մեղք է, գնանք։ Կատակելով, խաղալով, մանր քարերին կխփես, քարերը գլոր-գլոր կվազեն, հորդ կրունկներին կկպնեն, հետո կնայի, կժպտա ու չես էլ հասկանա, թե ոնց գյուղ հասանք, կասկածել պետք չէ, մարդ  էլ իր սեփական հորը կասկածի՞, խելքդ մի բան կտրում է, ինչ է, հայրդ քեզ կթողնե՞ր հիվանդանոցում, անխելք»։ Մանր քարերը կրկին հասնում, թույլ կպնում էին հորս կրունկներին, նա հետ չէր նայում. երբ դեռ դպրոցում էի սովորում, պապս մահացել էր, գյուղի տղամարդիկ յայլայում խոտհնձի էին, ես ու հայրս գնացինք Ախալքալաք` դագաղը բերելու։ Վերին գյուղերը գնացող մեքենան իջեցրեց մեզ, ճամփաբաժանից ոտքով էինք գյուղ գալիս։ Դագաղը պարանով ուսած, հայրս առջևից էր գնում, վիզը բարակ ու երկար էր, ինչ-որ բանից վախեցած էր ու այս աշխարհում միայնակ։ Այն ժամանակ էլ, կոշիկի քթով մանր քարերին էի խփում, քարերը հասնում, կպնում էին կրունկներին, նա այդպես քայլում էր դագաղը ուսից կախ, ես այդպես խաղում էի, երբ արդեն հեռվում գյուղը երևաց, նա զայրացած շուռ եկավ, ասաց. «Գլուխս տարար, վերջ տուր, կոշիկներիդ քթերը կպոկես»։ Նա ժպտալով ասաց։ Հետո ճանապարհամերձ թմբին նստած, քաղաքի` բամբակի նման թեթև, սպիտակ հացն ու սխտորի բուրմունքով երշիկ էինք ուտում։ Մեջքիս պառկած, գլուխս նրա ծնկներին, հանգստանում էի, նա մազերիս հետ էր խաղում…

Արդեն գյուղ էինք հասնում, նա հետ չէր նայում, ոչ էլ մեզ էր սպասում, քանի գնում, տարածությունը մեծանում էր, ու խփած քարերն այլևս չէին հասնում նրան: Կռացա ու արևից շիկացած մի գլաքար վերցրի` այրող, մատներս դաղող ափիս մեջ չտեղավորվող, ողորկ մի գլաքար: Մայրս կախվելու  պես թևանցուկ արեց, ասաց. «Մի հորդ վզին նայիր, խոտերի մեջ աքիս տեսած աքլորի վզի նման ոնց է երկարել»: Բարձր ծիծաղում էր, ասաց. «Դու ինչու՞ չես ծիծաղում, մարդու ուշք կանցնի, դու էլ ծիծաղի:  Խաբա՞ր ես, որ հորդ գյուղում խորոզ են ասում: Ինչ էլ ճիշտ անուն են գտել, գետինը մտածները, ինչքան էլ նման է անաստվածը… Ծիծաղիր, որ թեթևանաս… Իզուր ես կասկածում, ո՞ր ծնողներն են հրաժարվել…»: Ասի. «Հորաքույրը հիվանդանոց ինձ նամակ էր գրել, դու ինձ բերել ես, երբ մեր գյուղ հարս ես եկել մուրը ճակատիդ, բարուրով փաթաթած քո հետ բերել ես… Ո՞վ է իմ հայրը»:

Մի ձեռքով բռնելու պես թևանցուկ էր արել, մյուսով քթից ու աչքերից թափվող արտասուքն էր մաքրում: Գլաքարը գցեցի: Հայրս մորս սարսափած լացի ձայնից չէր շրջվում, մեզ թողած գնում էր, քանի հեռանում, ավելի արագ էր գնում, հետո նա այլևս չէր երևում, մենք կանգնել, գյուղին էինք նայում, նախիրն արդեն սարից իջնում էր, օրը պաղում էր, մենք մորս հետ ճանապարհամերձ թմբին նստել, մնացել էինք: