Հին ժամանակներում հնարամիտ, ազնվատոհմ ծագումով մի աղվես էր ապրում: Այդ աղվեսը էն աղվեսի թոռան թոռն է լինում, որը ջրհեղեղի ժամանակ մտել էր Նոյի տապանը:
Էս աղվեսը շատ ուսումնական էր, իմաստունների ու գիտնականների հետ էր նստում, վեր կենում, շատ հաջողված ու գեղեցիկ բանաստեղծություններ էր գրում: Եթե ցանկանար, կարող էր թալիսման անել, գիր կապել-կտրել, հեքիմություն էր ձեռքից գալիս, բայց թե գրել էր սիրում և իրեն տրվածը համարում էր վերին ուժերի կողմից ուղարկված խորհուրդ: Համառորեն, անխոտոր գնում էր իր ճանապարհով, տքնում և բարձրարժեք գործեր էր ստեղծում:
Չնայած որ աղվեսը մեծ ուսման տեր էր, գիտակ էր ամեն բանի և շատ հետաքրքիր, կարդացվող պոետ էր, սակայն նրա՝ մեկը մյուսից խորհրդավոր, ձեռքից ձեռք փոխանցվող գրքերը հաց չէին բերում, նա տարին` տասներկու ամիս քաղցած էր լինում:
Օրերից մի օր էլ, երբ պարտքատերերը ծեծում են, հայհոյելով դատարան են քարշ տալիս, սկսում է կասկածել իր իմաստության գրած բանաստեղծությունների արժեքավոր լինելուն: Կասկածը աստիճանաբար մաշում է հաստատակամությունը, ինչպես որ ջրի կաթիլն է, գիշեր ու զօր ընկնելով, գլաքարը ճաքեցնում: Մշտական քաղցը սասանում է հավատը առեղծվածի նկատմամբ:
Ասում է. «Իմ իմացած գիտությունը, բանաստեղծությունները ինչի՞ են պետք, եթե ես անընդհատ սոված եմ: Բարձրանում եմ սար, ծաղիկ եմ տեսնում, իջնում եմ ձոր՝ փափուկ խոտ, բայց այս արժեքներն ինձ համար սնունդ չեն դառնում, ես դարձյալ քաղցած ու մերկ եմ մնում: Հողագունդը ունայնություն և տխրություն է, սակայն նրան իբրև դրախտ են փառաբանում բանաստեղծներն ու նկարիչները: Գուցե ամեն բան թողնեմ, գնամ աշխարհից աշխարհ, քաղաքից քաղաք, անապատից անապատ, իսկական դրախտը անպայման մի տեղ պիտի որ լինի, և իմ գիտելիքների, իմացությունների շնորհիվ հնարավոր չէ, որ մի քիչ դրամ չվաստակեմ»:
Ճանապարհ է ընկնում աշխարհի չորս ծագերը՝ հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը, ոտքի տակ է տալիս: Մի անգամ էլ, երբ լեռնային հովիտներով էր անցնում, մեկ էլ իր դիմաց մի այգի է տեսնում՝ ջրավազան-շատրվաններով: Բազմազան զվարթացնող բուրմունքներով ծաղիկներ՝ մանուշակ, հազրեվարդ, նարգիզ ու շուշան, բալասան ու յոթ եղբոր արյուն: Անհաշիվ թռչուններն ու երգող հավքերը այնպես են երգում, որ մարդ քարանում, այլևս չի ցանկանում տեղից շարժվել: Բազմատեսակ մրգերն են երփներանգվում ծառերի ճյուղերին, պայթում իրենք իրենց հասունությունից, հմայում են մարդու: Քանի որ աղվեսը շատ բանիմաց էր ու զգացմունքային, միանգամից գլխի է ընկնում, որ հասել է դրախտին, հենց դա է, որ կա՝ Եդեմի այգին: Վերադառնում է նրան լքած հավատը, լցվում է խինդով, շրջում է դրախտը ծայրից ծայր, միաժամանակ, արեգընդդեմ եղած պտուղներից համտես է անում, նույնիսկ մի քիչ էլ շատ է ուտում, փորը սկսում է թեթև ցավել: Պառկում է խոտերին, թավալվում, ուրախանում է, ծիծաղում, երգում է: Հետո ոտքի է կանգնում, ասում է. «Իմաստունները փորձով գիտեն, որ շատ ուրախությունը իր հետ շատ տրտմություն է բերում: Ճիշտ կլինի՝ մի քիչ էլ թափառեմ, տեսնեմ էլ ինչ կա, ինչերի կհանդիպեմ»:
Ահագին որ գնում, հասնում է դրախտի կենտրոն, մեկ էլ տեսնում է կենաց ծառն իր բոլոր պտուղներով՝ շլացնող, գայթակղիչ, իսկ նրա տակ մի թակարդ է դրված՝ կեռին դմակ՝ տեսակ-տեսակ համեմունքներով համեմված, խայծը գայթակղության: Կերակուրն անդիմադրելի հմայքով ձգում է, մի անտեսանելի ուժ մղում, տանում է նրան դեպի խայծը: Բերանի ջրերն են գնում, չի կարողանում զսպել, դմակի բարերար ազդեցության հետ կապված հազար ու մի պատմություններ է հիշում՝ թե աղիներ է մաքրում, լյարդ է սաղացնում, խուլ ականջ է բուժում, ճողվածք է կպցնում, դեղին մաղձն է թափում: Հեռվից այնպես է գայթակղում դմակը, այնպես է ձգում, որ ուզում է վերցնել, սակայն նորից հիշում է իմաստունների խոսքը, թե. «Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»: Բարձրաձայն խոսում է ինքն իր հետ, ասում է. «Սա այն հացն է, որի համար շատ զորավարներ են գլուխները հողին դրել, գիտնականներ են քունը կորցրել, կանայք են ամուսիններին դավաճանել, գողերը կոկորդներ են կտրել, բանաստեղծներ են իրենց տողերից հրաժարվել, ամրակուռ բերդերի ու քաղաքների դարպասների բանալիներ են թշնամիներին հանձնվել, ահա դրախտը, ահա նրա հացը, ահա դմակը՝ ինձ սպասող մահը»:
Այս երկար մենախոսությունից հետո, ինչպես ամեն մի մահկանացու, իր ճակատագիրը չտեսնելու տալով, իմաստություններ ասելով, ինքն իրեն հուսադրում էր, թե՝ չէ որ վաճառականներն իրենց ունեցվածքները նավերին բարձած՝ փոթորկած ծովերով օվկիանոսներով են նավարկում, բայց դարձյալ հասնում են իրենց երազած ափերին: Մարդ որ փշից վախենա, ինչպե՞ս է վարդից հոտ քաշելու: Լավ լողորդը ծովի հատակը որ չսուզվի, ինչպե՞ս է այնտեղից մարգարիտ հանելու: Հասկանում է, որ մահվան դեմ հարկավոր է մահով ճանապարհ բացել: Դրախտից դուրս է գալիս, բարձրանում է սարերը, կածաններ է ոտքի տակ տալիս, մեկ էլ հանդիպում է իր որոնած մահին՝ ոսկրոտ, չորացած աչքերով, խելքից պակաս մի երկար գայլի: Բարև է տալիս, բարև է առնում: Հարցնում է. «Գել ախպեր, էս որտեղի՞ց ես գալիս, երեսիդ սև է իջել, աչքերդ պղտոր են, շունչդ կտրվում է, փորդ կպել է կողերիդ, բուրդդ թափվում է»:
Գայլը ռնգախոս չէր, բայց սովից ուժասպառվել, քթի մեջ էր խոսում, ինչ-որ բան էր ասում, աղվեսը չէր հասկանում՝ ինչ է ասում, նորից ու նորից էր հարցը տալիս: Գայլն ասում է. «Քո բարևը գրոշ չարժե, դու ասա՝ ինչպե՞ս հաց ճարենք»: Աղվեսն ասում է. «Տեսնում եմ, որ քաղցը նեղում է քեզ, եկ գնանք տուն, այսօր ինձ հյուր եղիր»: Ուրախությունից պեծկլտում են գայլի աչքերը: Վերադառնում են՝ նա օրորվելով, աղվեսը թռչկոտելով: Գալիս, հասնում են այգուն, աղվեսը թռչում է ցանկապատին, քաշում է նրան վեր, մտնում են ներս: Ասում է. «Աղվես, շատ գեղեցիկ այգի ունես, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ վախենում և ափսոսում եմ, որ եկել եմ: Հանկարծ այստեղ չմեռնե՞մ անտեր-անտիրական, ի՞նչ կարծիքի ես, չե՞մ մեռնի»:
Աղվեսն ասում է. «Ի՞նչ պիտի լինի, մի ափսոսա: Աշխարհում երեք ափսոսալու բան կա՝ կույրի առաջ լույսը բռնելը, արևի դեմ ճրագ վառելը, մյուսն էլ էն է, որ հողագնդի վրա գիտունը ապրում է անգետի հետ…»: Գայլը հիացմունքով բացականչում է. «Ամեն ինչ ճիշտ մեկնեցիր, եղբայր, գայլի անունն է դուրս եկել, բայց աղվեսի գեղեցիկ խոսքերն են աշխարհ կործանում: Մի ժամանակ էլ ասին, թե գայլն է իսրայելցի Հովսեփին կերել, բայց իրականում, ամբողջ աշխարհն էլ գիտե՝ եղբայրները Հովսեփին ծախեցին Մսրա քարավանատիրոջը, բայց մահը վերագրեցին գայլի գիշատչությանը, սակայն ճշմարտությունը պահանջում է ասենք, որ գեղեցիկ խոսքը Հովսեփի հորը՝ Հակոբին խաբեց, այսինքն, աղվես եղբայր, քո գեղեցիկ ասածը և խորամանկությունն արեցին իրենց գործը»: «Ճշմարիտ է,- ասում է աղվեսը,- խորամիտ, գեղեցիկ, փառասեր և ոգեղեն խոսքի միջոցով մենք կարող ենք զորեղներին միմյանց հետ կռվեցնել ու թշնամի հզորներին հաշտեցնել, աստվածային ներշնչումով գրված բանաստեղծության տողով չսիրող սրտեր կկապենք, աշխարհի մարդու ներսից մահվան սարսափը կհանենք, երկար ժամանակը կարճ, կարճը երկար ժամանակ կդարձնենք»: Գայլն ասում է. «Մեզ էլ մեր ուժը՝ սփռած մահն է պատիվ բերում, – ասում է, – օրինակ՝ իմ մեծ պապը, ողորմի հոգուն, զռլամա մի գայլ էր, երկու եղնիկ էր միանգամից բռնում, մեկն ինքն էր ուտում, մյուսն էլ տուն էր հասցնում, ես հենց այդ գայլի թոռան թոռն եմ»:
Այսպես, հին բարեկամների նման խոսելով, գալիս, հասնում են դրախտի կենտրոն՝ ծառին, որի տակ դրված էր թակարդը:
Քաղցած գայլ և համեմված դմակ. բերանի ջրերն են գնում, մթագնում է ուղեղը, քիչ է մնում ուշաթափվի, ուզում է դմակը վերցնի, աղվեսը խորհուրդ է տալիս, ասում է. «Գայլ, մի քիչ համբերիր, մինչև ջուր բերեմ, սար ու ձոր, քաղաքից քաղաք ես թափառել, թաթերդ լվա, նոր հաց կեր, այդ ընթացքում ես էլ սեղանը կբացեմ, դանակ-պատառաքաղ, ափսեներ կդնեմ, կրթված իմաստունների նման նստենք, հաց ուտենք»:
Կուժն է վերցնում, իբրև թե գնում է ջրի, սակայն գայլն այլևս չի կարողանում համբերել, պնչերն է փքում, քիթն է ֆսֆսացնում նետվում է դմակի վրա. թակարդն էլ փակվում է, մնում է մեջը: Աղվեսը մոտենում, հանգիստ վերցնում է դմակը, առանց շտապելու սկսում է ուտել: Իսկ գայլը, հազիվ զսպելով ոտքերի ու մեջքի ցավը, մեղադրելով նրան խարդախության մեջ, անիծում է:
Աղվեսն ասում է. «Տո, լոլոզ, կեռպոչ հիմար, դու հիմա ես խոսում խաբեության մասին: Իսկ երբ քեզ առածների ու առակների միջոցով խորհուրդներ էի տալիս, ինչո՞ւ ականջ չէիր դնում: Բորբոքվել էիր ինքդ քո աչքածակությունից: Բոցավառվեցիր դրախտի փայլից, չդիմացար, կլլեցիր խայծը, մի՞թե ես մեղք ունեմ»:
Մի քիչ էլ մտածեց և իր մենախոսությունը գայլի թակարդի առաջ ավարտեց այսպես. «Գայլ ախպեր, այս հողագնդի վրա բոլորը դատապարտված են մենության, մեզանից ամեն մեկը հանկարծ մի օր հայտնվում է թակարդում: Եվ հիմա ես այստեղից ուր էլ գնամ, սար ու ձորեր, թե դրախտներ, ինձ էլ թակարդն է սպասում»: Ու գայլի համար լացելով՝ գնում, հեռանում է դատաստանի տեղից: Նրանից հետո մի մարդ է գալիս, տեսնում է՝ երկար, նիհար, մազաթափ մի գայլ է թակարդն ընկել, կանչում է այգու մշակներին, բոլորով քարկոծում են նրան, մուշտակ կարելու համար մորթազերծ են անում: