Դատավորը

     Ժամանակով խոշոր մի քաղաքում հայտնի Դատավոր էր ապրում: Բոլորը  նրան հարգանքով և ակնածանքով էին վերաբերվում:

Այդ ժամանակ երկրում երկու տարի իրար վրա երաշտ եղավ: Խոտ ու կեր չլինելու պատճառով անասունները սակավանում էին, սով է սկսվում: Ինչքան սաստկանում է սովը, այնքան էլ վատանում էին Դատավորի գործերը: Պարտքատերերն ու պարտք ունեցողները, հարուստներն ու աղքատները, իշխաններն ու ռամիկները մոլեգնող սովի պատճառով ունեցվածք, կահ-կարասի ծախծախում, գալիս, իրար են հավասարվում:

Գողերը, գանձարանների դատարկ լինելու պատճառով, այլևս դռներ չեն կոտրում, ավազակները մեծ ճանապարհին դաշույնները մեծահարուստների կոկորդները չեն խրում, արդարությունը վերականգնելու համար էլ դատավորներին ոչ ոք չի վարձում, նրանք էլ, բոլորի նման, մատնվում են քաղցի:

Մի օր էլ, երբ Դատավորը տան վերջին թանկագին ճենապակե սպասքն է փոխանակում փողոցում շրջող փերեզակի առաջարկած եգիպտացորենի մի թաս ալյուրի հետ, տրամադրությունը շատ է ընկնում և որոշակի զգում է ընտանիքին սպառնացող սովամահության վտանգը: Երկար, համարյա ամբողջ գիշերը նստած է մնում, մտածում և վշտանում է:

Առավոտյան իր որոշումն է հայտնում կնոջը, թե. «Այսպես կկոտորվենք, տեսնում ես՝ հացը թանկ է, տան շունչը պահելու համար միտք եմ արել՝ գնամ օտար քաղաքներ, աշխատանք գտնեմ, գուցե մի բան ձեռքս ընկնի, բերեմ, երեխեքին ապրեցնենք»: Կինը, ճիշտ է, լաց է լինում, ծնկներին է խփում, բայց թե ասում է. «Դու գիտես, – գոգնոցով աչքերն է սրբում, ասում է, – դու խելացի ես, ինչպես որ խելքդ կտրում է, այնպես էլ արա»: Կրակ է վառում, արագ-արագ եգիպտացորենի ալյուրից հունցած խմորով երկու ճադի է թխում, դնում է կապոցի մեջ, կապում է Դատավորի մեջքին, գավազանն է տալիս ձեռքը ու, մինչև պարիսպներից դուրս՝ չորս ջրաղացները, արցունքն աչքերին ուղեկցում է նրան:

Դատավորը քաղաքից երեք, թե չորս ասպարեզ[1]  հազիվ էր հեռացել, մեկ էլ տեսնում է դեղձենիների այգուց մի տասնհինգ տարեկան թեթևաշարժ տղա է գալիս, հասնում: Բարևում են իրար: Հարցնում է. «Դատավոր, Աստված հաջողե, ո՞ւր ես գնում»: «Է՜, որդի, թանկ տարի է, պակասությունների տեր եմ, գնում եմ օտարություն՝ աշխատանք գտնեմ, մինչև սովն անցնի, վաստակածս էլ ուղարկեմ, ընտանիքս ապրի»:

«Դատավոր, – ասում է տղան, – ինձ չե՞ս վերցնի քո ձեռքի տակ, ես էլ որբ տղա եմ, ինձ էլ սովը չի խնայում, քեզ փոքրավոր կլինեմ, գրել, կարդալ գիտեմ, քո թղթերը կլրացնեմ, քեզ համար կերակուր կպատրաստեմ, ձեռներիդ ջուր կլցնեմ, միառժամանակ այսպես կապրենք, մինչև այս թշվառությունն անցնի»:

«Կվերցնեմ, որդի՛, առանց այդ էլ, ինձ մի գրագետ փոքրավոր էր հարկավոր»:

Երկուսն էլ ուրախացած հաջող հանդիպումով՝ շարունակում են ճանապարհը: Տղան հարցնում է Դատավորին, թե ինչ է տանում կապոցի մեջ: Ասում է. «Որդի, այսօր առավոտյան մեր վերջին ճենապակե սպասքն ենք վաճառել, ճանապարհի համար երկու ճադի է դրել կինս»: Տղան ասում է. «Քանի որ արդեն ընկերներ ենք, ահա, մի հաց էլ ես ունեմ, սա էլ դիր քո հացերի հետ, ճանապարհին որ սովածանանք, կուտենք»: Դատավորը հացը վերցնում, դնում է իրենի հետ, դառնում է երեք հաց: Գնում են: Պատանին թեթև ոտք է լինում, ծաղիկ, թիթեռ, ծիտ է տեսնում, վազում է, մեկ առաջ է ընկնում, մեկ՝ ետ: Թռչկոտում, ծիծաղում, վազում է, Դատավորն էլ ոտքը կախ է գցում, մեկ էլ տղան հեռվից տեսնում է, որ նա ինչ-որ բան է ուտում: Ձայն չի հանում, իր խաղն է շարունակում:

Գալիս-հասնում են մի աղբյուրի, արդեն շոգն էլ սաստկացել էր, որոշում են հաց ուտեն, ուռած ոտքերը դնեն սառը ջրի մեջ, մի քիչ էլ հանգստանան: Դատավորը սփռոցն է բացում, երկու հաց է դնում: Պատանին հարցնում է. «Դատավոր, չէ՞ որ մենք երեք հաց ունեինք, ո՞ւր է մեկը»: «Չէ, որդի՛, մենք միշտ էլ երկու հաց ենք ունեցել»: «Դատավո՛ր, հո, երկու հաց քոնն էր, մի հաց էլ ես տվեցի, չեղա՞վ երեք: Չլինի՞ էն մի հացը կերել ես»: «Չէ, ի՞նչ ես ասում, ա՛յ որդի, իմ դատավորական կոչումը վկա, մենք միշտ էլ երկու հաց ենք ունեցել»:   «Դատավո՛ր, եկ, խոստովանիր, որ էն մի հացը դու ես կերել»: «Չէ, ինձ մոտ միշտ էլ երկու հաց է եղել»:

Տղան ինչքան աղաչում, խնդրում, նրա առաջ ծունկ է չոքում, Դատավորը չի խոստովանում: Շարունակում են իրենց ճանապարհը. այս գյուղը, էն գյուղը, այս քաղաքը, էն քաղաքը, փոքր-մոքր դատեր կապելով, սրա-նրա նամակը, բողոքն ու հայցը գրելով՝ գալիս մոտենում են մայրաքաղաքին: Երբ նստում են նավակը, որ նեղուցն անցնեն, հասնեն քաղաք, Դատավորը նավակի կողից ջրերի վրա կռացած՝ ձկներին է նայելիս լինում, տղան այդ պահին հասնում, նրա գլուխը մտցնում է ջրի մեջ, երբ սկսում է բլբլթացնել, մորուքից քաշում, հանում է, ասում է. «Դատավոր, եկ, խոստովանիր, թե էն հացը ո՞վ կերավ»: Դատավորը սրսրթալով ասում է. «Իմ կոչումը վկա՝ ես հաց չեմ կերել»: Մի անգամ, և էլի մի անգամ, տղան նրա գլուխը մտցնում է ջրի մեջ ու խեղդելու չափ պահում, հանում է:    Դատավորը դարձյալ. «Չէ, որ չէ, ես տեղյակ չեմ, ես հաց չեմ կերել»:

Վերջը գալիս, հասնում են մայրաքաղաք, տուն են վարձում, ապրում են: Մանր-մունր գործեր անելով՝ օրվա հացի փող են վաստակում, գոյատևում: Նրանք առավոտից իրիկուն շուկայում էին լինում. վեճերի, կռիվների, խաբեությունների առիթը, ամեն տեղից հաճախ, այնտեղ էր ծագում, և մի քանի լումայով դատեր էին բացվում ու կապվում:

Մի կիրակի օր՝ առավոտյան, շեփոր փչելով արքունի մունետիկը եկավ, հայտարարություն կանչեց, թե. «Թագավորի մինուճար տղան ծանր հիվանդ է, հա՜յ, հարա՜յ, հասե՛ք, ով կարող է լավացնել, թող գա, թագավորը մի խուրջին ոսկի է տալու՝ որպես պարգև»: Տղան, ամբոխին հրմշտելով, մունետիկին է մոտենում, ասում է, որ իրեն տանեն պալատ, ինքը կբուժի արքայազնին:

Երբ բերում են արքունիք, պալատականները, դրանիկ ծառաները, հանդերձապետը, բժշկապետն ու թագավորը տեսնում են նրա պատանեկան հասակը, անմազ երեսը, կասկածանքով են վերաբերվում նրա՝ արքայազնին բուժելու խոստումներին: Տղան էլ է նկատում նրանց ընդգծված թերահավատությունը, խոնարհվում է գահի առաջ, ասում է. «Թագավորն ապրած կենա, եթե չկարողանամ բուժել, կտրիր իմ գլուխը»: Համաձայնվում են: Տղան ու այս անգամ իրեն օգնական դարձած Դատավորը մտնում են արքայազնի առանձնասենյակը: Տղան թևերն է քշտում, լվացվում է, հիվանդի զարկերակն է լսում, ոտք ու գլուխն է ստուգում, ականջն է դնում արքայազնի սրտին, ծոցից նշտարն է հանում, հիվանդի սիրտն է ճղում, ինչ որ կտրելու է, կտրում է, ինչ որ գցելու է, գցում է, ինչ որ կարելու է, կարում է, դեղեր է ցանում, խեժ է քսում, ծուխ է տալիս քթին, հիվանդը սրթսրթալով բարձրանում, նստում է, ասում է. «Ի՜նչ քաղցր քնած էի, ո՞վ զարթնեցրեց»: Դատավորը վազում է դուրս, աչքալուսանք է տանում թագավորին:

Արքան, թագուհին, վեզիր ու նազիր, դրանիկ ծառաներ ու դայակներ գալիս են ներս, տեսնում՝ ճշմարիտ է՝ արքայազնը նստած է անկողնու մեջ, զրուցում է:

Թագավորը հրամայում է, ուրախության, խնջույքի սեղաններ են բացում: Ի՜նչ ուրախություն, ի՜նչ նվագ ու պար, ի՜նչ ողորմություն ու նվերներ են բաժանում աղքատներին: Վանքապատկան գոդենոցներին և ուրկանոցներին էլ առատ, ճոխ կերակուրներ են ուղարկում: Երեք մահապարտների են զնդաններից հանում տոնի առթիվ, թագավորի ներման շնորհն են տալիս ու արձակում: Ամբողջ երկիրն ընկնում է ցնծության մեջ: Դատավորին ու տղային էլ մի խուրջին ոսկի են նվիրում, արքունի կառքով տուն են հասցնում: Դատավորի քեֆին քեֆ չէր հասնի. նոր շորեր է առնում իրեն, գրպանով սերթուկ է կարել տալիս, ոսկեկար մույկեր է հագնում, մայրաքաղաքի դատավորի նման էլ շրջում է քաղաքի հրապարակներում և մարդաշատ վայրերում: Աղմկոտ քեֆեր էր կազմակերպում, ուտում, խմում էր: Գիշերները անառականոցներն էր այցելում, աղքատներին ու նեղյալներին ողորմություն չէր տալիս, քնելուց «Հայր մեր»-ը չէր ասում: Ահագին ժամանակ այսպես, ցոփության մեջ ապրում էր Դատավորը:

Հետո նրանք մի անգամ էլ կիրակի առավոտյան գնացին շուկա և լսեցին, որ մունետիկը բարձր ձայնով կանչում է, թե. «Թագավորի զորավարի տղան ծանր հիվանդ է, հա՜յ, հարա՜յ, հասե՛ք, ով որ նրան բուժի, որպես պարգև երկու խուրջին ոսկի կստանա»: Դատավորը տղայի արգելքները, հորդորները չի լսի, կճիտկնա՝ կաքլորանա, կգնա մունետիկին կասի. «Ես կսաղացնեմ զորավարի տղային, ինձ տար նրա մոտ»:

Տղան խնդրում, աղաչում է. «Դատավոր, ա՛յ հորդ Աստծուն մեռնեմ, վերջ տուր, դու չես կարող այդ բանն անել, գլուխդ կկորցնես, մի անի այդպիսի թեթևամտություն: Տես, հետո չասես՝ չասաց»:

Դատավորը՝ չէ ու չէ, չլսեց: Ասաց, որ դժվար գործ չէ զորավարի տղային բուժելը, ինքը տեսել է, թե նա ինչեր արեց արքայազնի հետ: Հետո երկու խուրջին ոսկին էլ քիչ հարստություն չէ ու պետք չէ ձեռքից բաց թողնել: Մունետիկների առաջն ընկած՝ գնաց ու կանգնեց զորավարի դեմ, ասաց՝ չնայած, որ ինքը Անատոլիա երկրի դատավորն է, բայց արտակարգ բժշկություն գիտի ու կբուժի նրա տղային: «Լավ, և ասաց թագավորի Բագրատ զորավարը, և բուժեցիր որդուս, ասել եմ՝ երկու խուրջին ոսկին կստանաս, սխալվեցիր, չկարողացար՝ կախաղան կբարձրացնեմ»:

Դատավորին տանում են տղայի առանձնասենյակը, նա թևերն է քշտում, անում է նույն՝ կտրելևկապելու գործողությունները, ինչը որ տեսել էր, ինչը որ արվել էր արքայազնի հետ, սակայն հիվանդը մեռնում է: Դատավորը շշմում, մնում է: «Ա՛յ, քեզ բան,և ասում է, և էդ իմ աչքը ինձ խաբեց, էդ ո՞նց էդպես եղավ»:

Սարսափից քաշվում, սենյակի մի անկյունում կուչ է գալիս: Զորավարն ու ծառաները սպասում, սպասում են, լուր չկա, մտնում, տեսնում են՝ իրենց հիվանդը մահացել, փայտացել է:

Թագավորի Բագրատ զորավարը սարսափում է, քիչ է մնում՝ խելքը թռցնի, հետո ոտքը գետին է զարկում, թիկնապահները Դատավորին առաջներն են գցում, լանգերով[2] զարկելով, թրով ծակոտելով՝ տանում, կախաղանի տակն են կանգնեցնում:

Տղան էլ այնտեղ է լինում, տեսնում է, որ պարանը գցեցին Դատավորի վիզը, կախեցին: Նա էլ արդեն լեզուն դուրս է գցել, թպրտում է: Հասնում, բարձրացնում է Դատավորին, թուլացնում է վզի օղակը, հավաքվածներին, հրամանն ի կատար ածողներին ասում է. «Ես կսաղեցնեմ թագավորի Բագրատ զորավարի տղային, ազատեք Դատավորին: Եթե չկարողացա, ինձ էլ նրա հետ խեղդամահ արեք»: Հրաման կատարողներն ու թիկնապահները որոշում են սպասել, լրատար են ուղարկում զորավարի մոտ՝ նրա ասածները հաղորդելու: Իսկ տղան այդ ընթացքում շշուկով խոսում է Դատավորի հետ, դարձյալ աղաչում է, թե. «Դատավոր, ասա, այն մի հացը դո՞ւ ես կերել, ասա, որ քեզ ազատեմ այս փորձանքից»:

Դատավորն ասում է. «Չէ, կոչումս վկա՝ ես հացը չեմ կերել»:

Տղան պարանը բաց է թողնում, նա դարձյալ լեզուն դուրս է գցում, թպրտում, կապտում է: Կրկին բարձրացնում է, շունչն ու խելքը տեղն են գալիս, հարցնում է. «Դատավոր, հացն ո՞վ կերավ, խոստովանիր, թե չէ կթողնեմ, կխեղդվես, մի՞թե չես տեսնում՝ մահը կանգնած է քո գլխավերևը»: Ասում է. «Չէ՛, չէ՛, չէ՛, ես հացը չեմ կերել»:

Այդ պահին վերադառնում են Բագրատ զորավարի մոտ գնացած լրատարն ու թիկնապահները: Դատավորին ժամանակավոր իջեցնում են կախաղանից: Տղային տանում են զորավարի դղյակը: Նա մոտենում է հիվանդին, ինչը որ Դատավորը կտրել, ավերել էր, շինում է, պես-պես խեժեր է քսում, ծուխ է տալիս քթին, փայտացած, մահացածը բարձրանում, նստում է:

Երեք օր ամբողջ քաղաքն ընկնում է ուրախության ու ցնծության մեջ: Երջանկացած զորավարը Դատավորին ու տղային երկու խուրջին ոսկի է տալիս, իր ռազմական ոսկեզօծ կառքով ու թիկնապահներով տուն է ուղարկում, քաղաքի տարածքում առևտրական գործերում էլի շատ արտոնություններ է տալիս: Գալիս, նրանք մի երկու շաբաթ էլ իրենց նախկին կյանքով են ապրում, հետո մի օր տղան ասում է. «Դատավոր, էլ ինչի՞ մնանք օտար երկրում, բոլ ոսկի էլ ունենք, վերադառնանք մեր տները»: Նա էլ այդպիսի մտադրություն ուներ, հավանություն է տալիս տղայի ասածին, իրենց ունեցվածքն ու ոսկին բարձում են երկու ջորիները, բռնում վերադարձի ճանապարհը: Երբ գալիս, հասնում են այն նույն տեղը՝ դեղձենիների այգուն, որտեղ նրանք հանդիպել էին, տղան ասում է. «Այստեղից մեր ճանապարհները բաժանվում են, դու հարավ ես գնում, ես՝ հյուսիս, եկ, ոսկին կիսենք»:

Ոսկին լցնում են գետնին, տղան բաժանում է երեք մասի, Դատավորը զարմանում է երրորդ բաժնի վրա:

«Որդի, – ասում է, – մենք երկուսով ենք, ինչի՞ երեք շեղջ արիր»: «Դատավոր, – ասում է տղան, – այդ մի շեղջը քեզ, մեկը ինձ, էս մյուսն էլ էն հացն ուտողին»: «Վա՜յ, կոչումս վկա, – ասում է Դատավորը, – վա՜յ, ասում է, – էն հացը ես եմ կերել, ոսկու երկու շեղջն էլ ինձ է հասնում»: Որ այդպես է ասում, ոսկիները ամբողջությամբ հող են դառնում, տղան էլ դառնում է աներևույթ հրեշտակ, բարձրանում է երկինք:

 

[1] Ասպարեզ – երկարության չափ = 230, 112 մետրի: [2] Լանգա – ոտքի հարված՝ ետևի կողմից: