Ժամանակին մի ճգնավոր ապրում էր քարանձավում, արդեն քառասուն տարի:
Քառասուն տարի ճգնել էր և հասել կատարյալ իմաստության. պարզկա գիշերներին նայել էր երկնքին ու աստղաբաշխություն սովորել, նայել էր լեռներին ու ավազի հատիկի պատմությունն էր հասկացել, կայծակներից կրակ ստանալու գաղտնիքն էր կորզել:
Եվ ահա, օրերից մի օր, քաղաքի չոբանը հոտը պատահական տանում է այդ քարանձավի մոտերքը՝ արածացնելու: Մեկ էլ անձավից ճգնավորն է դուրս գալիս, ոչխարները հանկարծ ծունկ են չոքում և այդպես մնում ճգնավորի առաջ: Չոբանը զարմանքից շվարում է, թե էս ի՞նչ բան է. «Այսքան տարի ես հովիվ եմ եղել, այսպիսի բան չեմ տեսել, որ ոչխարի հոտը ծունկ չոքի մարդու առաջ»: Հետո ճգնավորը նշան է անում, ձեռքով հասկացնում է հովվին, որ մոտենա իրեն: Հարցնում է, թե. «Էս ո՞ւմ հոտն է»:
Չոբանն ասում է. «Թագավորի ոչխարն է»:
– Լավ, – ասում է ճգնավորը, – երեկոյան, քաղաք տանելուց առաջ, դարձյալ կգաս, ես քեզ բան կտամ, որ տանես ձեր թագավորին:
Մայրամուտին, երբ ստվերները երկարեցին, մրջյուններն ու սողունները սկսեցին հողի տակ մտնել, հովիվը եկավ քարանձավի մոտ:
Ճգնավորը թաշկինակի մեջ մի գունդ կրակ դրեց, տվեց նրան, ասաց. «Կտաս թագավորին»:
Չոբանը վերցրեց, բայց ոչ ինքն էր այրվում, ոչ էլ թաշկինակը, զարմանք կտրած՝ ոչխարը քշեց ու բերեց քաղաք: Հոտը տեղավորեց գոմերում, եկավ արքունիք: Գահի առաջ յոթ անգամ խոնարհվեց, ձեռք բռնեց ու կանգնեց:
Թագավորն ասաց. «Հը, չոբան, ի՞նչ կա»: «Թագավորն ապրած կենա,- ասաց հովիվը, – այսօր ես իմ հոտը տարել էի քարանձավի սարը: Այնտեղ ապրող ճգնավորը տեսավ ինձ, կանչեց, այս կրակը թաշկինակի մեջ փաթաթած տվեց ինձ, թե տար քո թագավորին՝ իմ կողմից նվեր»: Կրակը դրեց գահի առաջ:
Թագավորը մտքերի մեջ ընկավ, մտածում էր, ասաց. «Առավոտյան դարձյալ հոտը տար այդ կողմերը, ես էլ քեզ հետ նվեր կուղարկեմ ճգնավորին»:
Արևագալին նա եկավ արքունիք, յոթ անգամ խոնարհվեց գահի առաջ, կրկին ձեռք բռնեց, թագավորից վերցրեց թաշկինակը՝ լիքը ջրով:
Ասաց. «Հովիվ, ճգնավորին կտաս այս նշանը և կասես, որ այս ջուրը քո կրակը կհանգցնե»:
Ճգնավորը նվերը որ ստացավ, զարմացած մնաց: Ասաց. «Չոբան, որ քաղաք գնաս, թագավորին կասես՝ վաղը լուսածագին քաղաքի մեջ ոչ մի կին չերևա, իմ քառասուն տարվա ճգնակեցությունից հետո պիտի գամ իրեն տեսության»:
– Լավ, – ասաց հովիվն ու գնաց:
Երեկոյան հոտը տարավ գոմը, գնաց թագավորի մոտ, գահի առաջ խոնարհվեց ու ասաց. «Թագավորն ապրած կենա, ճգնավորն ասաց, որ արևագալին կգա արքունիք, սակայն թող հրաման լինի, որ ոչ մի տան բակում կին չերևա»:
– Լավ, – ասաց թագավորն ու հրամայեց, որ առավոտյան լվացք արած կինը դուրս չգա՝ լաթերը պարանին գցելու:
– Լավ, – ասաց թագավորն ու հրամայեց, որ առավոտյան ամուսնուն կորցրած այրին դուրս չգա, պատի տակ չնստի՝ զավակների համար փող մուրալու:
-Լավ, – ասաց թագավորն ու հրամայեց, որ արևագալին հերարձակ կույսը դուրս չգա ծաղկած բալենու տակ՝ մազերը սանրելու, – ասաց, – իմ քաղաքի կանայք վաղը թող տներում փակվեն, – ասաց, – տեսնենք այդ մարդը, որ քառասուն տարի ճգնել է, ի՞նչ է իմացել:
Նրա շուրջը՝ առաջին, երկրորդ, երրորդ բարձերին նստող պալատական ազնվականներն ու դրանիկ ծառաները անմիջապես կատարում էին հրամանները, գահի ոտքի մոտ նստող դպիրները միանգամից գրում էին նրա ասածները:
Թագավորը մի ուրիշ հրաման էլ տվեց, թե մի խոշոր գերան տանեն ու գցեն ճգնավորի ճամփի վրա: Լծել տվեց գերանի ամեն մի ծայրին մեկ-մեկ զույգ եզ և ասաց. «Թող քաշեն ամեն մեկն իր կողմը»: Նույն ճանապարհին՝ կտավատի պահեստների մոտ, նստեցրեց մի մարդ, խոշոր լեռ քար դրեց և մի պարկ էլ ընկույզ տվեց նրան, ասաց. «Որ ճգնավորը կգա, կհասնի քեզ, ընկույզը հատ-հատ կվերցնես, կզարկես ժայռին՝ տեսնենք իմաստունն ի՞նչ կասի»: Նույն ճանապարհին՝ դրանից էլ մի քիչ այս կողմ՝ «Քոռ կամրջի» մոտ, ջրաղաց շինել տվեց ու ամբարը ցորենով լցնել տվեց, իսկ ալյուրի ամբարի տեղը բաց թողեց, ջրաղացպանին ասաց. «Որ ճգնավորը գա, հասնի քեզ, սկսիր ջրաղացը աշխատեցնել, թող աղա, ջուրը ալյուրը տանի, տեսնենք՝ իմաստունն ի՞նչ կասի»:
Արևագալի հետ, հուշիկ և խարազնազգեստ, մինչև անգամ առանց կոշիկների, քաղաք մտավ ճգնավորը: Նա ամռանը ոտներին փոկերից ու խսիրից հեսկ էր փաթաթում, իսկ ձմռանը՝ խոտերից ոլորած չվաններ՝ կեմ կապում:
Եկավ ու փոշոտ ճանապարհի վրա հանդիպեց մշակներին, որոնք գերանի երկու հակառակ ծայրերին էին լծել եզները:
Հարցրեց. «Այդ ինչո՞ւ եք թարս ու շրջոնք քաշում, լծեք երկու զույգն էլ մի գլխից, որ կարողանաք տեղաշարժել»:
Ասացին. «Թագավորի հրամանն է»:
Նրանցից անցավ: Եկավ, հասավ մարդուն ու ընկույզներին: Տեսավ, որ այս մարդը վերցնում է ընկույզն ու խփում է խոշոր քարին, որ քարը ջարդի: Ասաց. «Այդ ինչի՞, քարը ջարդելու համար ընկույզով ես խփում, էնա մուրճ վերցրու և զարկ քարին»:
Ասաց. «Թագավորի հրամանն է»:
Նրանցից էլ անցավ, եկավ հասավ «Քոռ կամրջին»՝ ջրաղացին: Տեսավ, որ ջրաղացն աղում է, բայց ալյուրը ջուրն է տանում: Զարմացավ, ասաց.«Ինչի՞, ձեր քաղաքի մեջ մուրացկան, աղքատ չկա՞, որ ալյուրը հավաքեք, տաք նրանց»:
Ջրաղացպանն ասաց. «Թագավորի հրամանն այսպիսին է»:
Եկավ, հասավ արքունիք: Թագավորը հարցրեց, թե. «Ճգնավոր, դու որ գալիս էիր, ճանապարհին ինչերի՞ հանդիպեցիր»: Իմաստունը բոլոր իր տեսածների մասին պատմեց: Հարցրեց. «Դու ի՞նչ հասկացար այդ բոլոր տեսածներիցդ»:
Ճգնավորն ասաց. «Ես խորհուրդ տվեցի, որ եզներն արձակեն մի գլխից, մյուս գլուխը լծեն, որ կարողանան միաուժ գերանը տեղից տանեն: Դրանից հետո էն մորուքավոր մարդուն ասացի, որ ընկույզը քարը չի կարող ջարդել, մուրճով թող քար ջարդի: Այնտեղից էլ եկա, հասա «Քոռ կամուրջ»-ին, ջրաղացպանին խորհուրդ տվեցի ամբար դնեն, որ ալյուրը իզուր ջուրը չտանի, այլ հավաքեն և դրանով կերակրեն աղքատին, կարոտյալին, հիվանդին ու մուրացկանին»:
«Դրա՞նք են քո բացատրությունները», – հարցրեց թագավորը:
«Դրանք են», – պատասխանեց իմաստուն ճգնավորը:
Թագավորն ասաց. «Չէ, դու չես հասկացել: Հիմա լսիր ես բացատրությունը տամ: Էն եզները, որ տեսար, դա երկիր միաբանությունն է. թե որ մի երկրի մեջ «իմ» ու «քո» եղավ, ամեն մի իշխան իրենը վերցրեց ու փախավ երկրից, գործը առաջ չի գնա:
Այս կողմը, կտավատի պահեստների մոտ, որ տեսար այն մարդուն, դա էլ հասկացող և չհասկացող իշխանների և պալատականների մասին է: Թե որ նրանք հասկացող չեղան, այդ լեռ քարի նման կլինեն, ինչքան ցանկանում ես խփիր, ընկույզի նման կոտրիր, միևնույն է, նրանք չեն հասկանա, իսկ դրանից երկիրը կթուլանա:
Ջրաղացի խորհուրդն այսպես է. քարը երկրի ժողովուրդն ու աշխատավորն է՝ բանում, ստեղծում, լցնում է աշխարհը, իսկ ալյուրի ամբարը պալատականներն ու իշխաններն են, եթե նրանք պետության հարստությունը մի տեղ չամբարեն, ժողովրդին չապրեցնեն ու իրենք չապրեն, այդ հարստությունով պատերազմներ չմղեն ու աշխարհներ չնվաճեն, հողին հատիկը աճեցնել չտան, ոչխարի հոտեր չունենան, եթե այս ամենը չլինի, ապա ժողովրդի աշխատանքը ջուրը կտանի»:
Ճգնավորը գլուխը կախեց ու մտածեց, որ քառասուն տարի ճգնել է, քառասուն էլ ճգնե, դարձյալ բան չի ավելացնի, որովհետև իմաստությանը միայն սովորելով չեն հասնում, այլ նաև նրա մեջ թափանցելու համար ներսի՝ սրտի մեջ ապրող խաղաղությանը լսելու զորություն է պետք ունենալ: