Հարևանի Սև Կատուն

     Ժամանակով Կարին քաղաքում մարդ ու կին էին ապրում: Նրանց հարևանը մի սև կատու ուներ: Կատու մի ասի, մի կրակ ասա: Ցանկապատի վրայով անցնում, նրանց հաց ուտելու պահին հանկարծ ցատկում էր սեղանին, աման-չամանն էր ջարդում, համով բաներն էր տանում, դիմադրելու դեպքում հարձակվում, երես ու ոտք էր ճանկռտում, օրորոցի մեջ երկու տարեկան մանկանն էր արյունոտում, հետո դարձյալ ցատկում էր ցանկապատին, պոչը տնկած քայլում էր քարերի վրայով, նրանց խոլոր նայելով՝ հեռանում էր:

     Էս հարևան մարդ ու կինը, էս կատվի պատճառով, անընդհատ տագնապի մեջ էին: Ամեն գիշեր անկողին մտնելուց աղոթքով, Աստծուց ոչ միայն իրենց համար էին հանգիստ քուն խնդրում, այլ նաև հարևանի սև կատվին խաղաղություն էին աղերսում: Մարդը կարմիր տների հրապարակում բաղնեպան էր, կինը ամառվա երեք՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին մեծահարուստների համար գետակում բուրդ էր լվանում: Ամուսինը, գործի գնալիս, աշխատանքի պահին անընդհատ հարևանի սև կատվի մասին էր մտածում, նույնն էր նաև կնոջ վիճակը:

     Մի օր նրանք իրար հետ խոսելիս հասկացան, որ սև կատվի տագնապը իրենց հասցրել է մղձավանջի: Ինչ անեն-չանեն, որ ազատվեն նրանից, որոշում են կայացնում, խորամանկելով ու խաբելով որսում են կատվին, ոտքերի տակ մի կտոր տախտակ են կապում, գիշերով տանում, գցում են ծովը:

     Սև կատվի բախտը տես. տախտակի վրա դես է գնում, դեն է գնում, վերջում ալիքները քշում, տանում են արքունի ամառանոցի մոտ: Թագավորի տրամադրությունն այդ օրը թախծոտ է լինում, ինքն էլ կանգնած էր պատուհանի առաջ, ծովի կապույտն է դիտելիս լինում: Նկատում է՝ հեռվից՝ ալիքների վրա, մի բան է գալիս: Մտածում է՝ ի՞նչ կլինի, ի՞նչ չի լինի այդ սև կետը, միգուցե խորհրդավոր ուժերի կողմից իրեն ուղարկած նշան է՝ տերության չլուծվող հարցերի պատասխանը:

     Դրանիկ[1] ծառաներին է կանչում, ասում է. «Ծովի վրա ինչ-որ բան տեսնո՞ւմ եք»: Ասում են. «Չենք տեսնում, թագավորն ապրած կենա, բայց որ դու տեսնում ես, մենք էլ ենք տեսնում»: «Դե, գնացեք, բերեք»: Ծառաները վազում են ափ, արքունի սպիտակ զբոսանավերը իջեցնում են ծով, թիավարում են ընդառաջ, տեսնում են մի գարշելի սև կատու, ոտքերին տախտակ կապված, գլուխը բարձր պահած, գալիս է դեպի թագավորի ամառանոցը: Բռնում, բերում են ապարանք:

     Թագավորը տեսնում է՝ կատուն իր Մարդպետին[2], հանդերձապետին, մատռվակներին[3] ու պալատականներին բոլորովին բանի տեղ չի դնում, ոնց որ իր շուրջը երկրորդ, երրորդ բարձին նստող արքունի մեծավոր՝ գնում, բազմում է գահին մոտիկ դրված թագավորական թախտին ու բերանն է բացում-փակում և բեղերն է հանդարտ սրբում, խոլոր, վեհերոտ նայում է շուրջը հավաքվածներին: Թագավորն ասում է.

     «Այդ կատուն, որ ոտքերին տախտակ է կապել, որ չխեղդվի ու նոր է դուրս եկել ճանապարհորդության, նշանակում է՝ խելքով կատու է, այդ իսկ պատճառով հրամայում եմ՝ իմ հրովարտակը կապեք վզից, որ մարդ չհամարձակվի կպչել նրա մազին: Էս կատվի մեջ խորհուրդ կար, որ ծովի վրայով եկավ, հայտնվեց մեզ»:

     Խորհրդականներին, աստղագետներին, օձահմաներին5 հարցնում է. «Հավատո՞ւմ եք»: Ասում են. «Չենք հավատում, թագավորն ապրած կենա, բայց որ դու հավատում ես, մենք էլ ենք հավատում»:

     Գրում են հրովարտակը, ձիու հյուսածո՝ պինդ, չկտրվող մազով կախում են կատվի վզից, արքունի ծառաներն էլ առոք-փառոք ճանապարհում են՝ ծափ զարկելով ու երգեր երգելով: Քաղաքի փողոցներում ով որ հանդիպում է նրան, ճանապարհից կողքի է քաշվում, գլուխ է տալիս: Պետական ծառայության մեջ եղողները տագնապած, բարձր ձայնով գոռում են. «Թագավորի կատուն է անցնում, հրովարտակ կա վիզը, ուշադիր եղեք՝ չնեղացնեք նրան»: Շուկայի հրապարակում կարգ ու կանոն պահպանող գումարտակի հրամանատարն էլ գոռում է. «Նա կատու չէ, նա մեզ համար միանգամից և՛ հրամանատար է և՛ զորավար, ճանապարհ տվեք, չխանգարեք երթը»: Մունետիկներն էլ քաղաքի գլխավոր դատավորի անունից մարդաշատ վայրերում և հրապարակներում հրաման կանչեցին, որ. «Քանի սև կատուն հյուրընկալվում է քաղաքում, փողոցներում հանկարծ շներ չերևան, – ասացին, – սարսափելի տանջանքների կենթարկվի նա, ում շունը կհաչի սև կատվի վրա, ասացին, – ազգովևտակով կկորչի նա, ում շան հարձակման պատճառով վախից սև կատուն, մի արասցե, ծառ բարձրանա, – ասացին, – իսկ թափառական շների հարձակումների համար պատասխանատու է նա, ում հանձնարարված է քաղաքի բնակիչների կյանքը պահպանել, – ասացին, – այդ գործի համար էլ, իր գլխով քաղաքապետն է պատասխանատու»:

     Սև կատուն լսում, թե չէր լսում, պարզ չէր, միայն գլուխը բարձր պահած՝ առաջ էր գնում, մարդկանց, կարգ ու կանոն պահպանող ջոկատին, պետական ծառայողներին, գլխավոր դատավորի մունետիկներին բոլորովին բանի տեղ չէր դնում, գնում էր նրանց միջով, ոնց որ անցներ խոտերի և անմարդաբնակ տարածքների վրայով:

     Օրեր ու շաբաթներ են անցնում, հրովարտակը վիզը՝ սև կատուն ճանապարհ է գալիս. մի տեղ կառքով է անցնում, ահագին տեղ՝ ոտքով, մյուս մասը՝ ձիերով ու ջորիներով գալիս, հասնում է իր տիրոջ տունը:

     Հարևան մարդ ու կինը, որ տեսնում են նրան, ծնկները թուլանում են, իրար երեսի են նայում, բայց քանի՞ գլուխ ունեն, որ ձայն հանեն: Նստում, լացում և իրենց օր ու արևն են անիծում: Ամուսինը ասում է. «Այ կնիկ, այդ կատուն մինչև հիմա առանց հրովարտակի էր մեր տունը ավերում, հիմա, որ հրովարտակ ունի, անգամ մազին չենք կարող կպչել, մեզ աքսորել կտա. ել, մեր ունեցած-չունեցածը հավաքենք, գնանք օտար տեղ ապրենք, թե չէ մեր գլուխներն էլ նրա պատճառով կկորցնենք: Ես վստահ եմ, որ նա նույնիսկ մեզ լսում է ու կարող է սուտ լուրեր տանել թագավորին»:

     Այլևս ճար չկար, մարդ ու կին իրենց կահ-կարասին բարձում, գիշերով փախչում են օտար քաղաք: Բայց կատվից չեն պրծնում. ուր գնում են, նա գնում, գտնում էր նրանց: Էն առաջվանից ավելի կատաղած էր ճանկռոտում, թռնում էր հացի սեղանին, աման-չամանն էր ջարդում, օրորոցի մեջ պառկած տղային էր կծոտում, տան համով բաներն էր գողանում, իսկ մարդ ու կին ոչինչ չէին կարողանում անել, բացի աղոթելուց, Աստծուց ոչ միայն իրենց համար էին հանգիստ քուն խնդրում, այլ նաև սև կատվին խաղաղություն էին աղերսում, քանի որ այս անգամ նա ավելի հզոր էր, թագավորի հրովարտակն էր կախված նրա վզից, և ինչպե՞ս կարող էին մեղանչել հարևանի սև կատվի դեմ:

 

 

 

[1] Դրանիկ – պալատական, արքունի: [2] Մարդպետ – պալատական պաշտոնյա: [3] Մատռվակ – խմիչքեղենը տնօրինող, լցնող ու խմողներին մատուցող սպասավոր: