Անմահական Վարդ

    Ժամանակով մի թագավոր է լինում: Էս թագավորը զարմանահրաշ ծաղիկներով պարտեզ է ունենում և մի Անմահական վարդենի: Բայց թագավորն ինչ անում, չի անում, ինչ պարտիզպան էլ վարձում է, ինչ պահակախումբ էլ կանգնեցնում է և սրանք, ինչքան էլ զգոն ու զգույշ են մնում, չի լինում. հենց գալիս է վարդի բացվելու ժամանակը, հողի տակից ելնում է որդը, հասնում-ուտում, գնում է, չի թողնում, որ կոկոնը բացվի:

     Այսպես անցնում է մի տարի, երկու տարի, երեք, չորս ու հինգ տարի, մազերի սպիտակը ավելանալու հետ, թագավորի տխրությունն ավելի է սաստկանում, քանի որ մոտալուտ ծերության պատճառով ամեն մարդ ձգտում է Անմահական վարդի անհայտ գեղեցկության հետ հանդիպելու մասին:

     Օրերից մի օր քաղաքի արևելյան «Զվարթնոց» դարպասից գործիքները շալակին, ճանապարհի փոշին մորուքին, թարթիչներին՝ մի պարտիզպան է գալիս արքունիք:

     – Թագավորն ապրած կենա, – ասում է, – որ ինձ պարտիզպան վարձես, այնքան աչալուրջ կհսկեմ, որ որդը չի կարողանա վարդը ուտել:

     Թագավորը երաժշտություն է լսում, ծափ է զարկում, սենեկապետին[1] ասում է.

     – Երաժիշտները թող գնան:

     Շրջվում է եկվորին՝ թե.

     -Տղա, իմ երկրում և աշխարհի չորս ծագերում էլ հայտնի ու անհայտ պարտիզպաններ չեն մնացել, եկել են:Նրանք էլ ոչինչ չեն կարողացել անել, դու ի՞նչ պիտի անես:

     – Թագավորն ապրած կենա, – ասում է, – ես կարող եմ, չկարողացա, կպատժես:

     – Լավ, – ասում է թագավորը, – եթե կարծում ես՝ Անմահական վարդին տեսնելն այդքան դյուրին է, գնա պարտիզպանություն արա:

     Հենց գարունը գալիս է թե չէ, տղան նետ ու աղեղը վերցնում, գնում է Անմահական վարդի թփի տակ գիշերուզօր պահակություն է անում: Ինքը փորձ ունեցող պարտիզպան էր, ծառի տեսքից ու կոկոնից գուշակում է՝ ուր որ է ծաղիկը պիտի բացվի, ավելի է զգոնանում և զգուշանում: Անցնում է մեկ, երկու, երեք օր, մի շաբաթ, հենց էն է էդ գիշեր վարդը պիտի բացվեր, մի կարճ պահ նրա քունը տանում է, որդը ելնում է հողի տակից, վարդն ուտում, գնում է:

     Նա զարթնում, տեսնում է՝ ոչ վարդը կա, ոչ էլ որևէ արարած:

     Հաջորդ օրը, երբ թագավորը վերադառնում է եկեղեցուց՝ «Չարչարանաց ուրբաթ»-ի արարողությունից, տղան գալիս, պալատի մուտքի մոտ գլուխը կախ կանգնում է նրա ճանապարհին և հաղորդում տխուր լուրը.

     – Թագավորն ապրած կենա, ամբողջ մի շաբաթ գիշեր-ցերեկ պահակություն արեցի, հենց եկավ Անմահական վարդի բացվելու ժամանակը, պահը չկորցնելու լարված զգոնությունից առաջացած թմրությունը հաղթեց ինձ, և ես քնեցի, որդը եկավ կողքովս ու կերավ վարդը: Այս անգամ ներող եղիր, եկող տարի չեմ խաբվի:

     Թագավորն ասում է.

     – Դեռ էլի քանիսը կընկնեն անհայտ գեղեցկության համար, որդն ինքն էլ այդ ճանապարհին կոչնչանա, – ասում է, – գնա, պարտիզպանությունդ շարունակիր:

     Ծառեր էտելով, մոլախոտեր քաղհանելով՝ անցնում է էդ մի տարին, գալիս է էն մյուսը: Գարունը բացվում է թե չէ, դարձյալ գնում է պարտեզ, աչալուրջ հսկում Անմահական վարդին: Հենց հասնում է բացվելու ժամանակը, տեսնում է հեռվից որդը գալիս է, բահը վերցնում է, որ սատկեցնի, մեկ էլ գիշերային մի թռչուն հասնում, որդին կտցում, կորչում է մթան մեջ:

     Պարտիզպանը տանում է վարդը թագավորին: Արքան, պալատականները, իշխանները, ազատանին[2], դրանիկներն ու ծառաները հիանում են Անմահական վարդի գեղեցկությամբ: Նրա բուրմունքից մի խորհրդավոր զվարթություն է իջնում բոլորի վրա: Թագավորը ուրախության պահին ասում է.

     – Գիտե՞ս, պարտիզպան, գիշերային թռչունն էլ, որ կտցեց որդը, կոչնչանա:

     Թագավորը հրամայում է, սեղանապետն ու մատռվակները ճաշկերույթի աղանդերներ են մատուցում, շեփորահարները ցնծության փողեր են փչում:

     Օրերն ու շաբաթներն անցնում, կամաց-կամաց տարի են դառնում, արքունիքում էլ արդեն թուլանում է Անմահական վարդի բուրմունքից ծնվող խորհրդավոր զվարթությունը, դարձյալ թագավորը սկսում է տխրել:

     Օրերը տաքանում են, գարնանը՝ ճիշտ ժամանակին, պարտիզպանը գնում է Անմահական վարդին պահակություն անելու, գիշերուզօր ծառից չհեռանալու: Հենց գալիս է վարդի բացվելու ժամը, տեսնում է հողի տակից անցյալ տարվա որդի տեսակից մեկ ուրիշը եկավ ու վրա պրծավ վարդին: Այդ պահին հակառակ կողմից էլի հայտնվեց անցյալ տարվա գիշերային թռչունը, որ որդը կտցի, բայց թփերի միջից շառաչելով դեղին աչքերով մի վիշապ ելավ, երկուսին էլ միանգամից կուլ տվեց:

     Պարտիզպանն ուրախացած քաղում է ծաղիկը, տանում թագավորին:

     Արքունիքում ճոխ ճաշկերույթի սեղաններ են բացում, ցնծության փողեր են փչում, կրկին Անմահական վարդի բուրմունքից բոլորը տոգորվում են խորհրդավոր զվարթությամբ: Երբ թագավորն ու պարտիզպանը միայնակ են մնում, տղան ասում է.

     -Թագավորն ապրած կենա, էս տարի էլ, ամեն տարվա նման, մի որդ եկավ, որ վարդը ուտի, խավարից դարձյալ նույն գիշերային թռչունը հայտնվեց. հենց ուզում էր որդը կլլի, այդ պահին թփերի տակից շառաչով ցատկեց վիշապը, միանգամից երկուսին էլ կուլ տվեց:

     Թագավորն ասում է.

     -Դեռ էլի քանի՞սը, դեռ էլի քանի՜ նույնանման որդեր, թռչուններ ու վիշապներ ձվերից, թրթուրներից, արգանդներից դուրս կգան ու կընկնեն այդ անհայտ գեղեցկության համար, – ասում է, – վիշապը ինքն էլ կոչնչանա, վիշապը չի կարող եկող տարի նույն տեղում չհայտնվել:

     Եվ հաջորդ տարի, երբ արքունիքում բոլորը թախծում էին ու սպասում նոր Անմահական վարդի բացվելուն, դեպքը նույնությամբ կրկնվեց: Պարտիզպանը գնաց ծառը հսկելու, նույնանման որդը եկավ վարդն ուտելու, գիշերային թռչունը վրա հասավ՝ որդը կլլելու, շառաչող վիշապը նույն վայրկյանին երկուսին կուլ տվեց: Պարտիզպանը այս անգամ չհամբերեց, քաշեց նետ-աղեղը, վիշապն արյունաշաղախ ընկավ: Տարավ անաղարտ վարդը, հասցրեց արքունիք: Ծաղկի բուրմունքից առաջվա նման խորհրդավոր զվարթություն եկավ բոլորի վրա:

     Նրանք հիացմունքով նայում էին պատվանդանին՝ ջրամանի մեջ դրված Անմահական վարդի անհայտ գեղեցկությանը, բարի ու երազկոտ էին դառնում:

     Թագավորը խոսեց տղայի հետ, ասաց.

     -Նույն գեղեցկության համար սերունդների՝ կուրորեն կրկնվող զոհվելու բնազդը, պարտիզպան, քեզ էլ չի խնայի:

     Տղան մտածում, մտածում է, չի հասկանում ասվածի իմաստը, բայց վախենում է թագավորի զայրույթից ու չի խնդրում մեկնել:

     Ցնծության, ուրախության մեջ են անցնում օրերը, շաբաթներն ու ամիսները: Արքունիքում պատվանդանի ծաղկամանից բուրում էր վարդը, ամենքը լիքն էին խորհրդավոր զվարթությամբ ու երազկոտությամբ: Տղան էլ, զարմանահրաշ ծաղիկների պարտեզում, հողն էր փխրեցնում, նորանոր գույնզգույն ծաղիկներ էր աճեցնում և սպասում հաջորդ տարվան՝ Անմահական վարդի բացվելուն:

     Թագավորն այդ պարտեզում սպիտակամարմար մի ջրավազան ուներ, երբեմն հուլիս-օգոստոս ամիսների շոգ օրերին թագուհու հետ գալիս էր լողանալու: Մի անգամ պարտիզպանը բարձրացել էր ջրավազանի մոտի ծառը՝ վերևի հասած մրգերը քաղելու: Հանկարծ տեսնում է, որ թագուհին իր սպասուհիներով եկավ լողանալու: Նրանք մերկացան, և պարտիզպանը սարսափից ծառից էլ չիջավ, մտածեց. «Մնամ, լողանան, պրծնեն, կգնան, կիջնեմ»: Հիմա թագուհին լողացել է, դուրս է եկել, մերկ, հերարձակ կանգնել է, չի հագնվում, աչքը հեռվին՝ պտտվում է, օդի միջով մի խատուտիկ է թռչում՝ սահելով, թագուհին աչքը նրան՝ ինքն էլ ճկվում, գալարվում է: Մի պահ է լինում, գլուխը բարձրացնում, տեսնում է՝ պարտիզպանը ծառին: Տղան, շշմած նրա գեղեցկությունից, քարացել էր ծառի վրա: Թագուհին պալատականների, իշխանների, ազատանու և դրանիկ ծառաների բամբասանքներից խուսափելու համար չի աղմկում, ձևացնում է, իբրև չի նկատել, գալիս է արքունիք ու պատմում է թագավորին: Ասում է. «Պարտիզպանը նպատակադրված բարձրացել էր ծառը, որ իմ մերկությունը տեսներ»: Թագավորը սփրթնում է, ուղարկում է դահճապետին, որ բերեն նրան:

     Տղան մահառաջի վերջին խոսքն է խնդրում: Ասում է.

     -Թագավորն ապրած կենա, եթե ճիշտ էր Ձեր այն անգամ ասածը, թե միևնույն գեղեցկության համար սերունդների՝ կուրորոն կրկնվող զոհվելու բնազդը ինձ էլ կսպանի, ապա այդ անմահական գեղեցկության պատճառով՝ որդից մինչև թագավոր ոչնչանալու օրենքի անհրաժեշտությունը քեզ էլ չի խնայի:

     Թագավորը միտք է անում, մատծում է երկար, նրա խորհրդատու աստղագուշակները ականջին մտքեր են ասում, հավահմաները[3], մաղ պտտողներն ու օձերի՝ ավազի վրա թողած հետքերով գուշակություն անողները առաջարկություններ են անում, բայց թագավորը դարձյալ լռում էր ու կարծես իր ներսից էլի ինչ-որ բանի էր ականջ դնում: Մայրամուտից առաջ վերջապես խնայեց պարտիզպանին:

     Երեկո էր: Քաղաքի «Զվարթնոց» դարպասից գործիքները շալակին դուրս եկավ պարտիզպանը, գնում էր արևելք:

[1] Սենեկապետ – Սենեկապետը հսկում է գրագրության վրա: Նա միաժամանակ թագավորի անձնական քարտուղարն է: [2] Ազատանի – Ազատներ, ազնվականներ: Ազատների դասակարգը: Ազնվական: [3] Հավահմա – Թռչունների թռիչքից կամ ձայնից գուշակություններ անող մարդ: