Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:
1983 թվականին ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1973 թվականից ապրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
1989-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1988 թվականից տպագրվել է հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, ուկրաիներեն լեզուներով: 1994 թվականից սկսած՝ տպագրվել է մոսկովյան «Литературная газета» թերթում, «Дружба народов», «Лепта» ամսագրերում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը լույս է տեսել 1995թ. (Երևան, «Նաիրի»), իսկ 2002թ.` «Երրորդ որդին, Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» ժողովածուն (Երևան, «Նաիրի»): 1997 թվականին մասնակցել է, Վաշինգտոնում կայացած, Ասիայի գրողների համագումարին:
1998 թվականին տպագրվել է «Литературная Украина» թերթում:
Եվրոպա։ Լևոն Խեչոյան։ «Գրական ճեպընթաց ,,ԵՎրոպա-2000,, » :
Արցախ: Ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր: 1989-1994 թվականներ :
1999 թ. տպագրվել է «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: «Սև գիրք, ծանր բզեզ» (Երևան, «Նաիրի», 1999 թ,) գրքի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» մեծ մրցանակի:
2000 թ. լույս է տեսել ուկրաիներեն թարգմանված «Խնկի ծառեր» ժողովածուն` «Гилка Оливи», Львив, «Феникс»: 2000 թվականի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Եվրոխորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպված «Գրական ճեպընթաց ,,ԵՎրոպա-2000,, » միջոցառմանը: Շրջագայել է Եվրոպայի 21 քաղաքներով: Մադրիդում, Փարիզում, Կալինինգրադում, Բեռլինում կարդացել է «Պատերազմը և գրականությունը» զեկույցը: 2001 թվականին Բեռլինում գերմաներեն լեզվով լույս է տեսել «Europaexpress» ժողովածուն, որտեղ ընդգրկված է նաև վերը նշված՝ շրջագայության (103 գրողների մասնակցությամբ) տպավորությամբ գրված «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: Իսկ այդ նույն ժողովածուն 2001 թվականին ռուսերեն լեզվով թարգմանել և հրատարակել է Մոսկվայի «Радуга» հրատարակչությունը՝ «Литературное расписание Европы»:
2002 թվականին լույս է տեսել «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն և «Հունիսի 5-ը և 6-ը» պատմվածքների ժողովածուն: 2003 թվականի մայիսի 14–19-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած Հարավային Կովկասի գրողների հավաքին: 2003 թվականի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել «Հողի դողը» պատմվածքների ժողովածուն: 2004 թվականին «Գրական տապան»` Եվրոպայի գրողները Հայաստանում, ժողովածուում լույս է տեսել «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: 2004 թ. Մոսկվայում լույս է տեսել «Знойный день» պատմվածքների ռուսերեն ժողովածուն:
2004 թվականին պարգևատրվել է «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով:
Հայաստան: Ծաղկաձոր ։ 2001 թ։ Ձախից աջ․ Գալինա Նույկին , Լևոն Խեչոյան , Գենադի Ժավորոնկով , Անդրեյ Նույկին ։
Եվրոպա: Գերմանիա : 2000 թվական : «Գրական ճեպընթաց ,,ԵՎրոպա-2000,, » :
«Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար 2005 թվականին արժանացել է «Հրանտ Մաթևոսյան» արձակի ամենամյա գրական մրցանակի: 2005 թվականին լավագույն պատմվածքի մատենաշարով լույս են տեսել «Ոսկե ձկնիկը» և «Հողի դողը» պատմվածքները: 2006 թվականի մարտին լույս է տեսել «Ձայներ և տեսիլքներ» ընտրանին: 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն Ուզունեան» 2004-2005 թթ. Գրական մրցանակը` «Հունիսի հինգը և վեցը» գրքի համար: 2006 թվականի դեկտեմբերին ստացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակը` «Լավագույն արձակ» անվանակարգում: 2006 թվականի դեկտեմբերին Երևանում լույս է տեսել «CONTEMPORARY ARMENIAN PROSE» ալմանախն անգլերեն լեզվով, որտեղ ընդգրկված էր «Հողի դողը» պատմվածքը: 2007 թ. լույս է տեսել «Ангел-хранитель», Ереван, «Наири», 2007 г., հեքիաթների ռուսերեն ժողովածուն: 2008 թվականի հոկտեմբերին Լոնդոնի «Taderon Press» հրատարակչությունը անգլերեն լեզվով լույս է ընծայել «Black Book, Weighty Bug» («Սև գիրք, ծանր բզեզ») վեպը:
2009 թվականի մայիսին Բուխարեստում ռումիներեն հրատարակվել է «Հայ գրողների անթոլոգիա», ընդգրկված է նաև «Ճանապարհորդը» պատմվածքը: 2009 թվականի նոյեմբերին եղել է Լոս-Անջելեսում` UCLA (Յու-Սի-Էլ) համալսարանի հրավերով: 2009 թ. Գերմանիայում լույս է տեսել «Հայ գրողների անթոլոգիա», որում ընդգրկված է «Երրորդ որդին» պատմվածքը:
2011 թ. ապրիլին «Նահապետ» հրատարակչությունը լույս է ընծայել «Փուշը, Հայր, Փուշը» պատմվածքների ժողովածուն:
2012 թվականին «Срибне слово» հրատարակչությունը լույս է ընծայել «Խնկի ծառեր» գիրքը ուկրաիներեն լեզվով` «Ладановi дерева», Львiв, «Срiбне слово», 2012 г.: 2012 թ. հրատարակության պատրաստեց և նույն թվականին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի` «Ընտրանի»-ն` իր առաջաբանով: 2013 թ. «Անտարես» հրատարակչությունը վերահրատարակեց «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: 2013 թվականին լույս է տեսել «Պատմվածքների և հարցազրույցների» ժողովածուն (Երևան, Հեղինակային հրատարակչություն):
Հայաստան: Երևան: Լևոն Խեչոյան: Լուսանկարը՝ Հերման Ավագյանի :
2013 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է այն ստանալուց: 2014 թ. փետրվարին հրատարակվել է «Մհերի դռան գիրքը» վեպը («Անտարես» հրատարակչություն): 2015 թ. մարտին Արգենտինայում «Hecho atomico» հրատարակչությունն իսպաներեն լեզվով լույս է ընծայել պատմվածքներ` արցախյան պատերազմի թեմայով: