Լինում է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում: Էս մարդը սրա-նրա դուռը մշակություն անելով, կինն էլ մեծահարուստների տներում լվացք անելով կամ խնոցի հարելով՝ իրենց մինուճար տղի՝ Զոհրաբի, օրական ապրուստը հազիվ էին հոգում:
Մի անգամ, գյուղի կամուրջը կառուցելիս, Զոհրաբի հորը հրավիրում են մշակություն անելու. կամարի տակ աշխատելու ժամանակ մի քար է ընկնում էս մարդու գլխին, երկու ամիս ծանր ցավեր քաշելուց հետո մեռնում է:
Այդ ժամանակ Զոհրաբը չորս տարեկան էր: Ընտանիքի ամբողջ հոգսը ընկնում է մոր վրա: Նա սրա-նրա գոմը մաքրելով, հացը թխելով՝ հացեն է, թե թան ու թացանեն, հասցնում տղային, պահում էր: Այսպես էլի մի քանի տարի անցավ, բայց այդ կողմերում ժանտախտ մոլեգնեց, ժանտախտը սրանց գյուղն էլ ընկավ, քսանհինգևերեսունի չափ մարդիկ մեռան: Էդ ժանտախտի տարին Զոհրաբի մայրն էլ մահացավ, նա մնաց որբ:
Դրկիցներից մեկը, որ ունևոր էր, տավարի ու ոչխարի տեր էր, խղճաց որբ երեխային, մյուս կողմից էլ մտածեց, թե տղան ինը տարեկան է, եթե հաց էլ կերցնի, կորած տեղ չի, հորթ ու գառ կարածեցնի: Զոհրաբին տարավ իր տունը, իսկ ծնողների ունեցվածքը՝ խարխուլ քողտիկը, որ բանի պետք չէր, դարձրեց իր այգու պահակատունը:
Զոհրաբը քանի մեծանում, երևելի էր դառնում, ամենուր հովիվները նրա մասին էին խոսում: Տասնհինգ տարեկանում գառներ վստահեցին: Իսկ երբ մի անգամ գառների մեջ ընկած գայլի բկին չոքելն ու խեղդելը մեկ եղավ, մեծահարուստը վստահեց նրան ու դարձրեց իր ոչխարների հովիվը:
Զոհրաբը ոչ մի բանից վախ չուներ, ոչխարի հոտը չորս-հինգ վերստ հեռու էր տանում, այնտեղ՝ ձորերում էլ գիշերում էին: Շներին բաց էր թողնում փարախի չորս կողմը, ինքն էլ պառկում էր դռան տակ ու հանգիստ քնում էր:
Օրերից մի օր Զոհրաբի սիրտը կասկած է ընկնում՝ ոնց որ թե իր հաց ու ջրին գիշերը ձեռք տվող է լինում: Էս կասկածից երկար ժամանակ չի կարողանում ազատվել: Մեկ չէ է ասում, մեկ էլ՝ հա: Ասում է. «Շները ամբողջ գիշեր արթուն, դրսում պառկած էին, ոչխարն ու այծն էլ խուրջինին չէին հասնի, ո՞վ պիտի ձեռք տա»: Էլի մի քանի շաբաթ է անցնում, մեծահարուստի կինը մի բաղարջ ու չորս ձու էր բաժին դրել Զոհրաբին: Նա էլ այս ամենը, ոնց որ կար, խուրջինով կախում է գլխի վերևը, առավոտյան տեսնում է, որ բաղարջի կեսն ու երկու հավկիթը չկան: «Ահա, հիմա հաստատ է, – ասում է, – այստեղ մեկը կա՝ գիշերը հաց ու ջուրը ինձ հետ կիսող»:
Այդ օրը Զոհրաբը չի հանգստանում, համբերությունը սպառվում է, շուտ-շուտ արևին ու ստվերներին է նայում, թե երբ պիտի մութն ընկնի, որ ոչխարը տանի փարախ, ստուգի, թե գիշերն այդ ո՞վ է, որ անվախ գալիս է և իր հացն է կիսում: Մի կերպ օրը մթնեցնում է, արագ-արագ հոտը հավաքում է, բերում մակաղատեղին՝ քարանձավը: Քուրք ու կուլաբը[1] վրեն է քաշում, սուտ քուն է լինում, բայց քուրքի տակից ծիկրակում է ու մատծում. «Հանկարծ, որ սատանա-չարք լինի՞»:
Այդպիսի տագնապների մեջ էր. ահագին ժամանակ է անցնում, բան չի երևում, ձեն ու ձուն չի լսվում, լռությունից Զոհրաբի քունը տանում է, պիտի քներ, մեկ էլ ականջին խշխշոց է հասնում՝ ոչ քամու անցնել էր խոտերի միջով, ոչ էլ կզաքիսի քարից քար թռչել, քունը փախավ: Մեկ էլ՝ ի՞նչ տեսնի, երանի տեսնողի աչքերին, մի ջահել աղջիկ, կլիներ տասնվեց-տասնյոթ տարեկան, աղջիկ մի ասի, մի մոմե պատկեր ասա, մի հուրի-փերի, որ արևին ասում է՝ դու մի ելնի, իմ լուսեղեն դեմքը աշխարհին լույս կտա, ոչ ուտես, ոչ խմես, նրա քայլվածքին նայես:
Այս որ տեսնում է Զոհրաբը, քիչ է մնում խելքը թռցնի, ուզում է փաթաթվի աղջկան, հազիվ է զսպում իրեն:
Աղջիկը խուրջինն է իջեցնում կախած տեղից, խմում է ջրից, հացից էլ իր հասանելիքն է վերցնում, շրջվում, գնում է, որ մտնի քարափի մեջ որտեղից որ եկել էր, հենց այդ պահին Զոհրաբը բռնում, փաթաթվում է աղջկան, ասում է. «Ո՞ւր ես գնում, այ գեղեցկուհի, դու ճակատագրով իմ հասանելիքն ես, որ կաս, մնա»: Աղջիկն արցունքն աչքերին՝ դալուկ լուսնի կապույտ լույսի տակ, Զոհրաբին խնդրում է, թե. «Թող ես հեռանամ, ինձնից քեզ բարիք չի լինի, իմ պատճառով քեզ փորձանքի մեջ կգցես»: Զոհրաբն ավելի է հուզվում, թե. «Քեզ համար կյանքս կտամ, Աստված իմ, այս ի՞նչ գեղեցկություն է: Ոչ մի բանից չեմ վախենում, և ոչ ոք ինձ չի վախեցնի, միայն թե դու մնա ինձ մոտ»:
Այս ուժեղ մարդու նվիրական խոսքերն ավելի են հուզում աղջկան, ասում է. «Դե որ այդպես է, ուշադիր լսիր ասածներս: Այստեղից յոթ սար այն կողմ մի շատ զորավոր արքա կա, անունը՝ Զարզանդ, նրանից վախենում ու դողում էին բոլոր թագավորները: Նա իմ հայրն է: Մի անգամ, սրանից չորս-հինգ ամիս առաջ, հորս վրա յոթ
թագավորներով կռիվ ելան: Նա զորքը հանեց, գնաց նրանց դեմ պատերազմելու, իսկ երկու եղբայրներս մնացին տանը՝ երկիրը կառավարելու և հորս զորքին սնունդ մատակարարելու: Հենց այդպիսի խառնակ ժամանակ, արևելքից սև դևն իր վեց եղբայրներին վերցրած՝ եկավ քաղաքի ու եղբայրներիս դեմ, որ ինձ տանի: Մերոնք էլ, չեղած տեղից դարձյալ քիչ ու միչ զորք հավաքեցին, գնացին արևելքից եկած էդ սևերի դեմ կռվելու: Տասն օր զարկեցին-զարկվեցին, տասնմեկերորդ օրը սևերից չորսին սպանեցին, բայց այդ օրն իմ մեծ եղբայրն էլ զոհվեց: Իսկ տասներեքերորդ օրը փոքր եղբայրս ու մի դևն էլ ընկան: Մեր զորքն, ահելներից ու տկարներից էր հավաքագրված՝ փորձ չունեցող զինվորներ էին, կռվելու արվեստը չգիտեին, շատերը կոտորվեցին, եղբայրներս էլ, որ արդեն չկային, օգտվելով դրանից, մնացածները փախստական դարձած՝ ցրվեցին, գնացին տները:
Արևելքից եկած սև դևը եղբայրների մեջ ավագն էր, ինքն ինձ վերցրեց, տարավ իր երկիրը: Երբ հասանք բերդը, ջահերը վառել տվեց, դրանիկներին, ծառաներին, պալատականներին՝ մեծից փոքր, հրաման տվեց, որ խոնհարվեն իմ առաջ: Հարստություններն ու հրաշալիքները ցույց տալուց հետո ասաց. «Դու այլևս տեր ու տիրական չունես, իմ իշխանության տակ ես, խորհիր և խելոքացիր, ես էլ քեզ աչքիս լույսի պես կպահեմ»:
Հակառակվեցի, չցանկացա, որ նա դառնա ամուսինս:Այդպես՝ քառասուն օր իմ ննջասենյակի դռան ետևից աղաչում էր, երբ շրջում էի պարտեզում, ոտներս էր ընկնում, համոզում էր: Նրա նկարիչները պալատի պատերին իմ պատկերով զարդարված տախտակներ էին ամրացնում: Ինքը գիշերները քնահարամ՝ թափառում էր դաշտերում, վերադառնում էր լուսաբացին և իմ պատուհանի գոգին՝ դրսից, խոտի տերևների վրա շարված ցողի կաթիլներ էր դնում: Ծառաները գանձարաններում պահված ամենամեծ ադամանդներն էին բերում և շաղ տալիս ոտքերիս տակ: Դարձյալ համոզում էր, երբեմն-երբեմն էլ՝ վախեցնում: Կրկին. «Չեմ ուզում», – ասացի – իմ խոսքը պահեցի:
Օրեր շարունակ հեռվից հեռու նայում էր ինձ և ախ քաշում, քառասուներոդ օրը հիվանդացավ, ընկնավորվել էր, զարնվեց գետնին, փրփուրը տվել էր բերանին, աչքերը մարում էին, թավալգլոր ծեծկվում էր գետնին և անգիտակից. «Սիմիզար, Սիմիզար» էր գոռում:
Դևի պառավ մայրը, որ տգեղ մի բան էր, շուրջս էր պտտվում, համոզում էր՝ որդու նկատմամբ գթասիրտ լինեմ, չսարսափեմ նրա սևածավալ բնույթից: Երբ ասում էի. «Չէ, ես լույսն եմ գերադասում», – ատամներն էր կրճտացնում, աչքերն էր ոլորում, շուռումուռ տալիս, ուզում էր կտոր-կտոր անել որդու այսչափ տանջանքները տեսնելիս, բայց միաժամանակ վախենում էր նրանից, զսպում էր իրեն:
Երեք օր հետո ընկանավորությունից ուշքը գլուխը եկավ, դարձյալ քառասուն օր աղաչանք էր անում և ծունկ չոքում:
Անգամ աշխարհի չորս ծագերից, ոսկու և ադամանդի շեղջեր խոստանալով, լավագույն բժշկապետերի ու հմայողների հրավիրեց իր սևածավալ բնույթը փոխելու համար: Շաբաթների ու ամիսների՝ նրանց իզուր չարչարանքից հետո բոլորին էլ մութ զնդանները նետեց:
Իսկ իրեն կրկին խփեց ընկնավորությունը, ծեծկվում էր գետնի վրա ու անգիտակից. «Սիմիզար,Սիմիզար» աղաղակում: Երեք օր անց դարձյալ խելքը գլուխը եկավ: Ասացի. «Չեմ ուզում»: Նա էլ կանչեց մորը, պատվիրեց. «Այս քարեղեն պատկերը տար աչքիս առաջից, չվնասես, բայց պահիր իրեն արժանի մի տեղ»:
Դևի պառավ մայրը, որ տգեղ մի բան էր, հմայել գիտեր, չգիտեմ էլ՝ ինչպես արեց, աչքերս բացեցի, մեկ էլ տեսնեմ՝ այս քարափի մեջ եմ: Էս պառավը ձեռքի կանաչ ճյուղով երեք անգամ քարաժայռին խփելով՝ ասաց. «Քար, տեղ տուր թագավորի աղջկան և այնքան պահե քո խավար ներսում, մինչև ինքն էլ մթնի ու սևածավալ դառնա, թող ազատագրվի այն ժամանակ, երբ ծիծեռնակը նրան որոնող տղային ճանապարհը ցույց կտա»: Դարձյալ քարափին հրամայեց, թե. «Կես գիշերին մի քանի անգամ կբացվես, որ դուրս գա՝ հաց որոնելու և չտեսնի ճերմակը»:
-Հովիվ, սա էր իմ պատմությունը, դե հիմա թույլ տուր վերադառնամ իմ մութ և խավար տունը, դու էլ իմ պատմածից, եթե չես հիասթափվել, ու ասածներդ ճիշտ են, և էլի սիրում ես ինձ, գնա, որոնիր այն ծիծեռնակներին, որոնք գիտեն ինձ ազատագրելու գաղտնիքը»:
Տղան թողեց աղջկան, որովհետև կես գիշերն անցնում էր, և նրա վերադարձի ժամն էր վրա հասել, ինքն ընկավ խռովահույզ մտքերի մեջ:
Հաջորդ օրը, երբ լույսը բացվեց, նա հոտը քշեց ուղիղ մեծահարուստի բակը: Այսքան տարաժամ ոչխարի հոտի տուն բերելը զարմացրեց տանտիրոջը: Զոհրաբը գլուխ խոնարհեց, մեծահարուստին խնդրեց, որ իրեն ինչ աշխատավարձ որ հասնում է, թող տա, այլևս չի ցանկանում հովվություն անել: Հարուստը շատ համոզեց նրան, որ իր մոտից, գյուղից չհեռանա, չկարողացավ ետ պահել: Վարձը տվեց ու օրհնանքով ճանապարհ դրեց:
Զոհրաբը գյուղից դուրս եկավ, կանգնեց ճամփաբաժնում՝ երեք ճանապարհի վրա ու վարանեց, թե որ մեկով գնա: Շատ միտք արեց, հետո «Հայր մեր»-ը շշնջաց ու աչքերը փակ, ձեռքի ցուպը ֆռֆռացնելով, նետեց: Աչքերը բացեց, տեսավ մահակն ընկել էր մեջտեղի ճանապարհին: Բռնեց այդ ճամփան ու գնաց, շատն ու քիչը Աստված գիտե: Երեկոյան մթնշաղին հասավ մի գյուղ:
Անցավ փողոցներով ու նայում էր տների երդիկներին, թե որտեղից են ելումոտ անում ծիծեռնակները, որոնք իրեն սովորեցնելու են Սիմիզարին ազատագրելու հնարը: Զարմացած գյուղացիք նայում էին այս անծանոթ օտարականին, որ թափառում էր թաղերում ու ծիծեռնակների էր որոնում: Երբեմն մտածում էին, թե հարևան գյուղի եկեղեցու ուրկանոցից[2] փախած ցնորամիտն է:
Անցնում էր այս տան կողքով, էն տան առջևեն, ուզում էր ծիծեռնակի բույն տեսնել, մեկ էլ, երբ հասել էր գյուղի ծայրամասին, մի փոքրիկ տան առջև տեսավ՝ մի ծիծեռնակ դռնից դուրս է գալիս ու դարձյալ մտնում է ներս: Զարմացել էր, ինքն իրեն ասաց. «Այս ուշ ժամին, եթե ծիծեռնակը դուրս ու ներս է անում, գուցե բարին սա է, մտնեմ, խնդրեմ, կարող է գիշերելու տեղ տան, տեսնենք՝ առավոտյան ինչ ճանապարհ կբացվի»: Մոտենում է տանը, տեսնում է դուռը բաց է, մի պառավ էլ ուզում է ճրագը վառել: Բարևում է:
«Նանե, – ասում է Զոհրաբը, – օտարական եմ, այս գյուղում ոչ բարեկամ, ոչ էլ ծանոթ ունեմ, չի՞ լինի, որ գիշերն ինձ հյուր ընդունես»:
Պառավը ներս է հրավիրում, իր հնարավորության սահմաններում, հյուրասիրում է, քնելու ժամանակը որ գալիս է, անկողին է գցում նրա համար:
Տղայի քունը չի տանում, հազար բան է անցնում մտքով, թե. «Տեսնես, Աստված իմ, սրանք այն ծիծեռնակներն են, որ պիտի սովորեցնեն Սիմիզարին ազատելու հնարը, թե դեռ էլի պիտի թափառեմ նրանց գտնելու համար»: Այս մտքերի մեջ էլ քնեց: Առավոտյան բարի լույսի հետ զարթնում է, աչքը գցում է բնին, ծիծեռնակները թև են թափահարում և ծլվլում: Զոհրաբն Աստծուն աղաչանք է անում, թե. «Ի՞նչ կլինի, որ ինձ շնորհք տաս՝ սրանց լեզուն հասկանալու»: Այդ խոսքին ծիծեռնակի մեկը ծլվլում է, թե. «Էս տղային ճանաչո՞ւմ ես»: Էգը ասում է, թե. «Մի տեղ տեսել եմ, բայց լավ չեմ հիշում: Մի՞թե այն տղան չէ, որ քարափ էինք գնում՝ ոչխարի փարախի վրայով թռչելու, մոծակ, բզեզ-մզեզ որսալու, նա մեզ հացի փշրանքներ էր տալիս»: Ասում է. «Հա, գտար, սա որբ Զոհրաբն է, մեզ է որոնում, որ սովորեցնենք, թե սև դևի գերությունից ինչպես ազատի Սիմիզարին»: Մյուսը՝ թե. «Լավ է, որ հիմա է եկել, մի քանի օր էլ ուշանար, կգնայինք տաք երկրներ»: «Թող նա այսպես անի, – ասում էգը, – գնալուց, երեք անգամ պինդ համբուրի տանտիրոջ ձեռքը և երեք անգամն էլ ասի՝ շնորհակալ եմ բարի նանե»: Պառավը մնացածը կսովորեցնի, թե ինչ է անելու»: Այս ամենը, որ լսում է, Զոհրաբը ուրախությունից չի իմանում ՝ ինչ անի: Թռչում է տեղից, արագ հագնվում, գնում է պառավի մոտ, թե. «Ճամփորդ եմ, պիտի գնամ», – ու ձեռքն է համբուրում երեք անգամ, երեք անգամն էլ ասում է՝ շնորհակալ եմ, բարի նանե: Պառավն էլ հուսադրում է նրան, թե. «Իմ հյուընկալությունը հալալ լինի, որբ Զոհրաբ, գնա, Աստված կհասցնի քո նպատակին, մի վախենա»: Տասնչորս հատ պնդուկ է տալիս, երկու հատ ընկույզ, փոքրիկ մի շշով ջուր և տոպրակով ալյուր, ասում է. «Ես գիտեմ՝ ուր ես գնում, սև բերդը այստեղից յոթ օրվա ճանապարհ է, տասնչորս պնդուկներից օրական մեկը արա քո ուտելիքը: Գյուղից մի քիչ որ հեռանաս, կավե հեղեղատը իջնես, երկու ընկույզները ջարդիր և ճանապարհի համար ինչ-որ անհրաժեշտ է, կունենաս: Սև բերդը յոթ մզրղի[3] խորության մեջ է, այդ խորությունը նրա մայրն է հսկում, երբ որ հասնես այնտեղ, շշից ջուր կվերցնես բերանդ ու շաղ կտաս նրա դեմքին, որ թմրի, իսկ ինքդ կմտնես խորության մեջ, հրաշագեղ պալատում քնած կտեսնես մի սև տարածություն, նա դեռ էլի երեք օր ունի, որ զարթնի: Կողքին՝ կավե կժի մեջ, կանաչ ճյուղն է դրված՝ կապույտ շղարշով ծածկված, վերցրու, դուրս արի: Իսկ այս ալյուրը, եթե պետք գալու լինի, այնտեղ քեզ ասող կլինի, թե ինչ անես: Դե, բարի ճանապարհ»:
Զոհրաբի ուրախությանը չափ չկար: Արագ-արագ քայլելով, աջ ու ձախից հաչացող շներին ուշադրություն չդարձնելով՝ գյուղից դուրս եկավ, մտավ կավե հեղեղատը: Հանեց մի պնդուկ, ջարդեց, կերավ, սովը հագեցրեց. խորը մտածմունքների պատճառով երկու օր ոչինչ չէր կերել: Իսկ երբ ընկույզներից մեկը ջարդեց, ի՞նչ տեսնի՝ մի ձի, ձի եմ ասում, հրեղեն, միայն թե թևերը մարդկանց համար աներևույթ էին: Էս ձին իր արծաթե թամքով, սարքով կանգնեց նրա առաջ: Մյուս ընկույզն էլ ջարդեց, տեսավ՝ մի տեգ դուրս եկավ, մի թուր, որ քսեիր պողպատին էլ, կկտրեր և մի վահան՝ տակը մի քանի մարդ կտեղավորվեր և սրանց հետ էլ հագուստ, բայց ի՞նչ շորեր, որ ասելու, պատմելու բան չէ: Զոհրաբը թռավ ձիու թամքին, եթե ցանկանար մի ժամում կհասներ աշխարհի ծայրը, սակայն նանեի խրատից դուրս չեկավ, յոթ օր ճանապարհ գնաց ու հասավ սև բերդին:
Ոնց որ պառավն էր սովորեցրել, այնպես էլ արեց: Անցավ յոթ մզրղի խորության մեջ, մտավ պալատը, որտեղ ամենուր Սիմիզարի պատկերով արձաններ էին կանգնեցված, կավե կժից վերցրեց կանաչ ճյուղը, դրեց ծոցն ու թռավ ձիու թամբին: Երեք օր ճանապարհ կտրեց, չորրորդ օրը՝ երեկոյան, թիկունքից մի ձայն լսեց՝ գոռոցի, աղաղակի, հառաչանքի նման: Շրջվեց, տեսավ՝ կարմիր մայրամուտի մեջ փոշի ու ամպ է բռնել, ու այդ կարմրի միջով սև հսկան ու մայրն են գալիս, որ հասնելու վրա են: Աստծո հրամանով Թիփի անունով ձին լեզու է առնում, թե. «Տղա, ալյուրը քամուն տուր»: Թափած ալյուրը քամին թռցնում է, նրանց արանքում մի ակնթարթում անտառ է աճում, այնպես խիտ, որ ճյուղերի արանքով մի ակնթարթում անտառ է աճում, այնպես խիտ, որ ճյուղերի արանքով անգամ ծիտը չէր կարող անցնել:
Զոհրաբը շատ է առաջ անցնում, նրանք մնում են անտառի մյուս կողմում: Մի օրվա ճամփա էր մնացել, որ հասներ Սիմիզարի քարափին. անընդհատ նրա մասին էր մտածում և շուտով հանդիպելու ակնկալիքից հուզվում: Հանկարծ թիկունքից ձայն լսվեց՝ հառաչանքի, կանչի, թե աղաղակի նման: Շրջվեց, լեռների կապտականաչավուն ֆոնի վրա տեսավ սուրացող սև զանգվածին ու մորը: Դարձյալ Աստծո հրամանով ձին խոսեց, ասաց. «Մի վախենա, կանգնի՛ր, նրա հետ կռվենք»: Զոհրաբը հուսադրող այս խոսքերը որ լսեց, սպասեց, մինչև նա հասավ:
Իրար աչքերի մեջ էին նայում: Հետո հսկան ձեռքը գցեց, որ նրա գլխից բռնի, զարկի քարերին, ոչնչացնի: Որ նետվեց, տղան աջ թեքվեց, իր թափից առաջ գնաց, ոտքի տակից քար փախավ, սայթաքեց: Զոհրաբը հասավ ու թրով կողը ծակեց: Ուղղվեց, աչքերի մեջ տագնապ կար, կողը սեղմած մատների արանքից արյուն էր կաթում, ձին էլ հասցրեց քացի տալ դեմքին, նա երերաց, այդ պահին տղան մի անգամ էլ սրահարեց նրան: Չգիտես՝ որտեղից սև զանգվածը ուժ առավ, մի քար պոկեց ժայռից, նետեց նրանց վրա, տղան վահանը պահեց ժայռաբեկորի դեմ, մի կերպ խույս տվեց, քարն ընկավ գետին, այդ ժամանակ էլ նետվեց ու նիզակով հարվածեց: Սև զանգվածը հալվեց, շունչը փչեց: Ինքն այևս ուժ չուներ, հևասպառ էր, ծունկը վիրավոր էր ժայռաբեկորի հարվածից: Շրջվել, սև հսկայի մորն է որոնում, չկա, նոր այդտեղ էր, հիմա չկա ու չկա: Վիրավոր և ուժասպառ՝ նստեց ձին, շարունակեց ճանապարհը: Մեկ էլ մի մեծ լճի է հանդիպում, որ քառասուն հազար տոննա ցորեն ցանես, էլի քիչ է, ափին՝ եղեգների մեջ էլ կտցարն էր երգում, զարմացավ, լավ հիշում էր՝ գալուց այդտեղ լիճ չկար: Ձին դարձյալ Աստծո հրամանով խոսում է, թե. «Էս լիճը սև հսկայի մոր թուքն է, ուզում է դրանով քարափ տանող մեր ճանապարհը փակել, որ Սիմիզարին չհասնենք: Տեսնո՞ւմ ես եղեգների մեջ լողացող սև կետը, դա էլ ինքն է, բադ է դարձել, ջրից մեզ է հետևում: Իմ բաշից երեք մազ պոկիր, նետիր լիճը»: Մազերը ջրերի վրա կամուրջ դարձան, նրանք անցան:
Հասան ժայռերին, Զոհրաբն իջավ ձիուց, կանաչ ճյուղը հանեց ծոցից, երեք անգամ խփեց քարափին ու երեք անգամ ասաց. «Քարափ, բացվիր, ճանապարհ տուր թագավորի աղջկան»: Ժայռերը բացվեցին, Սիմիզարը դուրս եկավ, ընկավ Զոհրաբի գիրկը և ուշագնաց եղավ: Խոտերի վրա պառկեցրեց նրան, պատմուճանը դրեց գլխի տակ, դեմքին ջուր շաղ տալով, ծոծրակին սառը թրջոց դնելով՝ կամաց-կամաց ուշքի բերեց: Նրանք երջանիկ էին, Զոհրաբը պատմեց իր գլխին եկածը և բարի նանեի մասին: Ասաց. «Չի կարելի, որ մենք նրան մտահան անենք: Սրանից հետո ուր գնանք, նա էլ մեզ հետ է լինելու, որովհետև խնամքի կարիք ունի, և նրան մոր պես պիտի պահենք»: Սիմիզարն էլ հավանություն տվեց, ճանապարհվեցին գյուղ: Երեկոյան, երբ ոչխարի հոտը նոր էր սարից իջնում, հասան այնտեղ: Պառավը, բանտարկությունից ազատված Սիմիզարին տեսնելով, շատ ուրախացավ, մանավանդ, որ իմացավ՝ իրեն էլ են տանելու:
Հաջորդ օրը հավաքեց իր ունեցած-չունեցածը, և ճանապարհվեցին դեպի Սիմիզարի հոր երկիրը:
Շուկային մոտիկ՝ ցորենի պահեստների հարևանությամբ, տուն են վարձում: Հաջորդ օրը պառավը գնում է արքունիք, նստում է դռան խնամաքարին:
Պալատականները, թագավորի շուրջը՝ բարձերին նստող իշխանները, դրանիկները, ծառաները, մատռվակները զարմանում, անհավատալի բաներ են պատմում և փսփսում իրար ականջի, թե ո՞վ կարող է լինել քարին նստած այս կորամեջք պառավը, որտեղի՞ց կարող էր իմանալ այդ մեղեդին, որ հիմա երգում է:
Պալատից սենեկապետն ու Հայր Մարդպետն են գալիս, թե. «Արքունիքը աղջիկ չունի կնության տալու: Եվ պետք չէ կորած արքայադստեր հիշատակը ծաղրել: Թագավորական տան նկատմամաբ այդպիսի վերաբերմունքի համար մահապատիժ է նրան սպառնում»:
Պառավը համառորեն պնդում է, որ իրեն տանեն պալատ, ինքը կարևոր լուր ունի հայտնելու: Թագավորն ու թագուհին նրան ընդառաջ են գալիս, հրավիրում, նստեցնում են բազմոցին, խնդրում են՝ ասի, թե այն երգը, որ երգում էր դռան քարին նստած, որտեղի՞ց է լսել, դա իրենց հափշտակված աղջկա մանկության օրերի ամենասիրած երգն է, այդ մեղեդին դարձյալ լսելիս՝ իրենք տառապանք և ցավ զգացին:
Այստեղ նանեն պատմում է իր ամբողջ գիտեցածը:
Հավաքվում են պալատականները, դպիրները, դրանիկ ծառաները շքախմբով, կառքերով ու երկանիվ ռազմական սայլերով գնում են Զոհրաբին ու Սիմիզարին, շուկային մոտիկ՝ ցորենի պահեստների մոտ, վարձած տնից բերելու: Իշխաններն ու ազատանին թագավորի շուրջը, ըստ հերթականության, իրենց բարձերին են բազմում, մատռվակները և դրանիկ ծառաները գինի են մատուցում: Պսակում են Զոհրաբին և Սիմիզարին: Սակայն հարսանեկան արարողության ժամանակ ձիապանները պալատ են գալիս, խոնարհվում են Զոհրաբի առաջ, թե. «Տեր, ներող եղիր, բայց չենք կարող չզեկուցել՝ էս երկու օր է, մի մոծակ է լույս ընկել, ձիուն հանգիստ չի տալիս, որը քրտինքի մեջ կորել է, բերանից փրփուր է թափում»: Զոհրաբը բարձրանում է տեղից, որ գնա իր աչքով տեսնի ձիուն, պառավը չի թողնում:
– Ես կգնամ, – ասում է: Գոմում ավշանի երկու ճյուղ է վառում, մոծակը ձիուն թողնում, դռան ճեղքից դուրս է գալիս, անհետանում է:
Չնայած պառավին լավ սենյակներ և ծառաներ էին տվել, անցող-դարձող պալատականները խոնարհվում, պատիվ էին տալիս, բայց այդ գիշեր չգնաց իրեն հատկացված սենյակը, շատ անհանգիստ էր, երբ պալատի ջահերն ու ճրագները հանգցրին, բոլորն արդեն քնել էին, գնաց Զոհրաբի ննջարանը, եռաժանին ձեռքը նստեց և ինչ-որ բանի էր սպասում: Կեսգիշերից հետո հանկարծ մի ֆշշոց է լսվում, տեսնում է, որ գալիս է, ում սպասում էր, վիշապանման օձի պես, սևը փռվելով ու տարածվելով՝ ալիք-ալիք գնում էր դեպի Զոհրաբի ու Սիմիզարի մահճակալը: Պառավը եռաժանին խրում է նրա մեջտեղը, ահարկու աղաղակից զարթնում են նորապսակները և տեսնում են, թե սևն ինչպես է հալչելով մեռնում: Պառավն ասում է. «Սևը խավար զանգվածի ծնողն էր, մոծակ էր դարձել՝ վնասելու համար, հիմա էլ թանձր մութի տեսքով դեպի ձեր մահճակալն էր հոսում՝ լույսի մեջ ապրող ձեր մարմիններին մահաշունչ խայթոցը դնելու համար»:
Թագավորը, ի պատիվ լույսի հաղթանակի, երեք օր եկեղեցիների զանգերը զարկել տվեց, մեծ խնջույք ու հրավերք կազմակերպեց, կերան, խմեցին: Վերջում էլ իր գահն ու թագը Զոհրաբին զիջեց, քանի որ արդեն ծերացել էր և արդեն գտնվել էր իրեն արժանի փոխանորդ:
[1] Կուլաբ- թաղիքից պատրաստված հովվական վերարկու: [2] Ուրկանոց – բորոտանոց (բորոտ – քոսոտ, ուրուկ): [3] Մզրղի- երկարության չափ: