Search
Oops...
Slider with alias home slider 3 not found.

Homepage 1

Երբ տեղ հասանք, ինքնաթիռները գնդակոծել, գնացել էին։ Լռություն է, վանքի զանգերը ղողանջում էին, զարկերի չափավորված դադարներում կրկին լսելի է կանգնած լռությունը, նորից զանգերի կանչ…

***
Ինձանից դուրս էր դեպքերի այդ ուղղությամբ ընթանալու պատճառը։ Ստեղծողի մոլագար դողն էր բռնել ինձ՝ կյանքի մանրամասներից դուրս քաշել մարդու ճակատագիրը, դնել գեղարվեստական հոսքի մեջ։ Բառը, նախադասությունը շնչավորելու կախարդանքին տիրապետելու ձգտումը կուրացրել էր։ Արվեստը դիպվածը չէ, որին գումարվում է հորինելու կարողությունը։ Գրածս ամբողջ կյանքում դժվար մենությամբ վաստակած իմ ներսի խաղաղության միջով անցած գյուղի պատմությունն է, ծնված անվերջ հրաժարումից և լիակատար խաղաղության խորհրդից, իմ կենսագրությունը դարձած պատմություն այն մարդկանց մասին, որոնք ենթագիտակցորեն պահպանվում էին իմ գեղարվեստական հիշողության մեջ։ Ժամանակ էր անցել, և հեռվից դիտելու իմ կարողության, տեսնողի աչքին համապատասխան կենսագրությունները, մարդիկ վերստեղծվել էին նորից։

***
Այդպես է՝ իմ զգալը, հայացքը, մահը, սարսափը, ապրելը՝ նրանք վերափոխվում են ինչ-որ մեկ ուրիշ՝ գունային մտածողության, իսկ այդ երկուսի՝ կյանքի և գունայինի՝ կրակների արձակած ջերմությունների իրարից տարբեր լինելը միայն ես կարող եմ որսալ։

***
Դա Հայաստանի ու նրա մարդկանց կերպարանափոխության փուլն էր։ Խորքում անհետանում էր տեսանելին, փոխարենը հայտնվում էր առեղծվածային անըմբռնելին, բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե այդ անըմբռնելին ինչ է լինելու և ինչ ճանապարհով է անցնելու, քանի որ և´ հավատը, և´ վստահությունը դեռ չէր ճշտված նորերի նկատմամբ…

***
Շատ արագ էլ թաքստոցից դուրս եկան ցուրտը, սովը և պատերազմը, բայց դեռ որևէ մեկի կողմից չգիտակցված անմերձենալին կար՝ Հայաստանը՝ հեռուներից, համամարդկային պատմության ընթացքով եկողը։ Անկասկած էր՝ ինչ էլ դառնար այն, դարձյալ պիտի մնար որպես Հայաստան։

***
Մեքենայի բաց պատուհանից դուրս ձյունախառն քամի է։ Քսան-քսանհինգ հոգով ճանապարհ ենք ելել։ Ճանապարհող ընկերների, համաքաղաքացիների աչքերը մեր հերոսությամբ խանդավառ են, հիացկոտ։ Իսկ կանանց, մայրերին թողել ենք տանը՝ մեզ համար լացը փակ պատերի մեջ անելու, արգելել ենք արցունքոտ աչքերով հավաքատեղում՝ ժողովրդի մեջ և մեր կողքին լինել։

***
Մտածում եմ, հաստատ գիտեմ, որ մեզ բան չի պատահի՝ արկը հեռվում կպայթի, գնդակը կվրիպի, ականի մեխանիզմը չի գործի կամ, վատթարագույն դեպքում, կխեղվեն ոտքներս, թևներս, ծնկներս կամ կկուրանանք։ Բազուկներս վիրակապի մեջ կլինեն, ոտքներս՝ գիպսի կամ ձեռնասայլակի մեջ, պատվավոր նստած, զնգզնգացող շքանշանները կրծքներիս կանցնենք շքերթի ելած ժողովրդի առջևով, մեզ մատով ցույց կտան։ Աղջիկներն իրար ականջի մեր անունները կտան, մեր մասին կփսփսան։

***
Քանի սահմանին էինք մոտենում, մեքենայի սլացքին պայթյուններ էին ուղեկցում, ճառերը մնում էին թիկունքում։ Պատմահայրերի, բանաստեղծների ասածները անորոշ էին դառնում։ Ինքնամփոփ ենք՝ մեր ծնկներին, ափներիս տակ, կարաբինի մետաղի պաղը ուռեցնում է մեր կրծքերը, լսել տալիս ներում անցնող արյան ծանր հոսքը։

***
Առաջին անգամ լսեցինք, զարմացանք, որ թափառող գնդակ կա, թշնամին աննպատակ, առանց նշանառության արձակում է, դրանից էլ է մարդ մեռնում։ Առաջին զոհվածին տեսանք, թպրտում ենք, ինչպես կողմնացույցի սլաքը, ջղագարություն է բռնել։ Հիպնոսել, կլանում է, ոտքով ծեծում ենք հողը, պտտվում, շուրջը կանգնել, տենդ է, դողում ենք, հմայված ենք։ Նա մեր հիշողության, զգայարանների մեջ է, որպես հայտնի, անկասկածելի մի բան։ Բայց հենց այնտեղ՝ մեր իմացած գույների, զրնգոցների մեջ, նրա տեղն ու անունն ենք որոնում, չենք կարողանում գտնել, ու դա էլ՝ չգտնվածը, անանունը մեր ճակատագիրն է դառնալու։

***
Հետո գիշերն իջավ, հողմը չի դադարել, նոր հրաման ստացանք։ Փամփուշտների, նռնակների արկղերը շալակներիս, մետաղե ծանրությունից ու ցրտից մատներիս մրմռոցը զսպելով՝ քամու, բքի միջով երկար ճանապարհ գնացինք, երկաթբետոնե ցանկապատի վրա կարաբինների ու աչքներիս համար անցքեր կտրեցինք և այն հավանական տեղի վրա, որ մեզ ասել էին, թե թշնամին պիտի գա, այնքան շատ, ժամերով նայեցինք սպիտակ ձյան վրա, աչքներիս թշնամու տեսքով, քողածածկ խալաթներով դեպի մեզ սողացող սև կետեր երևացին, որոնք գալիս, լցվում էին մեր ներսը։

***

Լևոն Խեչոյան