Աներևույթ Վիշապը

     Ժամանակով մի ծեր արքայի է տանում մահը: Թագավորությունը մնում է տղային: Էս տղան էլ իր հասկացածի չափով, ինչքան որ խելքը կտրում է, այդ կարողությամբ էլ, կառավարում է երկիրը:

Քանի ժամանակն անցնում է, ժողովուրդը տեսնում է, որ թագավորը չի կարողանում թագավորել:

     Քաղաքի ծերերը, փորձ ունեցողները, իմաստունները հավաքվում են խորհրդի, թե ինչ անեն, որ թագավորին օգնել կարողանան: Երկրի հարստությունը, հանքատները և ունեցվածքը ճիշտ օգտագործելու առաջարկություններ են մշակում: Բայց թե թագավորը ոչ մեկի խորհուրդը չի լսում, դարձյալ անում է իր իմացածի պես, իսկ ժողովրդի վիճակը օրեցօր ավելի է ծանրանում: Քաղաքներն ու գյուղերը լցվում են տեղից տեղ թափառող աղքատներով, մուրացկաններով, շներով ու կատուներով: Մսավաճառի կրպակում էլ էշի գլխի գինը քառասուն ոսկի է դառնում: Տերության ծերերը, փորձ ունեցողներն ու գիտնականներն էլ սկսում են թագավորին հասարակական տեղերում և հրապարակներում քննադատել ու թերությունները մատնացույց անել: Թագավորն էլ իր լրտեսներին, հասարակական գործերով զբաղվող կառավարչին հանձնարաություն է տալիս՝ առանց աչք ծակող միջադեպերի, աստիճանաբար, նրանց վարկաբեկող պատմություններ հորինել ու աքսորել երկրից: Ինչքան էլ արքունի խորհրդականները, մաղխազը[1], Հայր Մարդպետը թագավորին հորդորում, խորհուրդ են տալիս, որ հարկավոր է ծերերին, փորձ ունեցողներին և իմաստուններին պահել, երկիրը նրանցով է հասակ քաշում, թագավորը չի լսում:

     Երեք տարվա ընթացքում տերության մեջ այլևս իմաստուն մարդ մնացած չի լինում: Իննսունինը տարեկան վերջին գիտնականն էլ մեղադրվելով՝ «Ինքն իր իմաստությանը սիրահարված լինելու համար», Ավագ շաբաթ քշվում է երկրից:

     Հենց այդ օրերին էլ հացթուխը, լուսումութին գործի գնալիս, բրնձի պահեստների պատերի տակ, կոկորդները միանման կտրած, տասը մարդ է տեսնում: Հաջորդ գիշերը քարվանատներից, օտար երկրներից առևտրական գործերով ժամանած, յոթ ճանաչված վաճառականներ են անհետանում:

     Մի հայտնի իշխան, մի հոգևորական, մի ջրկիր, մի ծառա է անհետանում, մի կաթ ծախող, մի ձի, մի ջորի է կորչում:

     Ասողներ էլ են լինում,  թե թագավորի ծաղրածուն էլ է չքացել:

     Ասում էին՝ օրենք չլինելուց է, ոմանք էլ ասին՝ անկառավարելիությունից է, երրորդները, թե՝ կաշառակերությունից է:

     Հենց այդ ժամանակ էլ երկրորդ լուրը ակնթարթորեն ու միանգամից տարածվեց, որ վիշապը մտել է քաղաք, ու բոլորը սահմռկեցին:

     Փակեցին դուռ, լուսամուտ, ոչ մեկն էլ տնից դուրս չէր գալիս: Պտտվող լուրերի համաձայն, իբրև թե թագավորի ուղարկված մարդիկ ու զորքն էլ ոչինչ չեն կարողացել անել, ոչ հաջողվել է սպանել նրան, ոչ էլ քաղաքից քշել: Արդեն չորրորդ օրն էր՝ վիշապն ընկած էր քաղաքի մեջ և կանգնեցրել էր հասարակական կյանքը. ոչ ոք տնից դուրս չէր գալիս, անգամ հացի կրպակներն էին փակ, նույնիսկ տաք կտուրներին շրջող կատուներն էին չքացել:

     Սակայն քաղաքում Հովան անունով մի հարբեցող ազնվական կար, որ քամահրանքով էր վերաբերվում օրենքներին ու պահանջներին և ապրում էր շվայտ կյանքով:

     Երբ թագավորի հրամանով, ակնավաճառության մեջ զեղծարարության մեղադրանքով, նրա ծեր հորն էլ աքսորի կարգադրություն արեցին, Հովանը խախտեց արքունի հրամանը, հորը թաքցրեց քաղաքից դուրս իր առանձնատանը ու բոլորից գաղտնի հոգաց և խնամեց նրան:

     Սակայն վիշապի հայտնվելուց հետո, արդեն չորրորդ օրն էր, ինքն էլ չէր  կարողանում դուրս գալ: Հինգշաբթի հասկացավ, որ այլևս չի կարող համբերել, արհամարհելով փորձանքը, մթնով ելավ տնից, կերակուր հասցրեց արդեն ուժասպառ հորը: Ծերունին էլ մտածում էր, թե որդին միգուցե ուրացել է իրեն:

     Հերթական այցերից մեկի ընթացքում Հովանը պատմեց հորը, թե ինչ փորձանք է եկել քաղաքի բնակիչների գլխին, որ թագավորի խոստացած մի քաշ ոսկին անգամ ոչ մեկին չի ոգևորում, որպեսզի վիշապին քաղաքից քշեն:

     Ծերունի իմաստունն ասում է. «Որդի, նրան ոչ սուրը կկտրի, ոչ վաղրը[2] կճղի, ոչ էլ նետը կծակի, որովհետև նա չի երևում, անգո է, բայց ամեն տեղ է, ներծծվել է քաղաքի ու մարդկանց մեջ: Վիշապին գտնելու համար հայելի է պետք: Երբ վերադառնաս տուն, էն մարդաբոյ հայելին կվերցնես, առավոտյան, արևածագի հետ դուրս կգաս հրապարակ ու կպահես մարդկանց դեմ: Նրանք հայելու մեջ իրենց դեմքից բացի էլի բան կտեսնեն»:

     Տղան հասնում է տուն, պատրաստվում մենամարտի:

     Առավոտյան հայելին ձեռքին քայլում է քաղաքի փողոցներով, վիշապին է որոնում: Մարդիկ իրենց փակ դռների ճեղքերից և լուսամուտներից նայում են տղային ու ծաղրում: Բոլորն էլ գիտեին, որ նա իրենց քաղաքի հարբեցողն է ու անառակը: Թերահավատները մտածում էին, որ, էսա, ուր որ է, վիշապը հափռելու է նրան, և իրենք լսելու են պատառոտվող մարդու աղիողորմ ճիչերը: Սակայն անցնում է այդ օրը, հաջորդ կեսօրին թագավորն իր թիկնազորով և պալատականներով դուրս է գալիս արքունի հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես է անառակ հարբեցողը հայելիով վիշապին որսում:

     Քառաձի արքունի սպիտակ կառքը կանգնում է շատրվանների մոտ, մունետիկները թագավորի գալստյան փողեր են փչում, ծառաները ոտքի տակ բարձ են դնում, իջնում է թագավորը, մոտենում է տղային, արևի շողքը հայելուց անդրադառնում է աչքերի մեջ, ցնցվում, ետ-ետ է գնում, իսկ նա, հայելին արևին դեմ արած, էլի է գնում դեպի թագավորը: Արքան այնտեղ հանկարծ տեսնում է իրեն ու էլի ինչ-որ բան, մերկացնում է սուրը, հետո շրջվում, սկսում է փախչել, հասնում է ձորակին, այդ պահին ոտքի տակից քար է գլորվում, ժայռից ընկնում, մեռնում է:

     Հովանի հայրը՝ ծերունի իմաստունը, քաղաք է վերադառնում. արդեն տներից, թաքստոցներից ու խավար նկուղներից արքունի հրապարակ լցված ժողովուրդը ցնծության երգեր է երգում, աղավնիներ է թռցնում, ճառասացները ելույթներ են ունենում: Հովանի հորն էլ խոսք են տալիս, խնդրում են, որ ժողովրդին խաղաղեցնի: Նա էլ արքայի և հրեշի մասին է խոսում, ասում է. «Իրեն թագավորը հայելու մեջ տեսել էր, արդեն վիշապի վերափոխված, դրանից հանկարծահաս սարսափը խելագարացրել  էր նրան ու քշել քաղաքից, հասցրել մահվան անդունդը: Ասում է. «Եթե մի երկրի մեջ չի հարգվում ծերը, գիտնականն ու իմաստունը, կաշառակերության, խաբեության, աղքատության, վախի, բամբասանքի, առևանգումների տեսքով քաղաք է մտնում աներևույթ վիշապը և կուլ է տալիս բոլորին»:

     Հրապարակում հավաքված ժողովուրդը տեսնում է, որ իմաստուն ծերունու խոսքերը ճիշտ են և նրա խորհրդով էր, որ Հովանը վիշապին հաղթեց: Չնայած նրա առաջացած տարիքին, իրենց թագավոր են կարգում:

[1] Մաղխազ- թագավորի թիկնապահ զորքի հրամանատար: Նրա պարտականության մեջ էր մտնում նաև արքունի պաշտպանությունը: [2] Վաղր – սրի մի տեսակ