Ճանապարհորդը

     Ժամանակով մի թագավոր է լինում: Երբ առաջացող տարիքի հետ մազերին    արդեն ճերմակն է նստում, հասկանում է Երկրի վրա իրեն տրված միակ կյանքի անցողիկությունը, կորցնում է սրտի զվարթությունը և առանձնության մեջ անընդհատ թախծելով է ապրում. կասկածը տանջում է նրան, թե արդյո՞ք իր ապրած կյանքը եղավ այնպես, ինչպես նախանշված էր ի սկզբանե, թե՞ ընթացքի մեջ երբևէ խախտել է վերին խորհուրդը, արդյո՞ք ճիշտ է օգտագործել իրեն տրված հարստությունը, հզորությունն ու հնարավորությունները:

     Էս թագավորը երեք տղա է ունենում, մի օր կանչում է նրանց, ամեն մեկին ոսկի է տալիս, ասում. «Կենդանության օրոք ուզում եմ տեսնել, թե այս դրամները ձեզանից ով ի՞նչ իմաստությամբ կգործածի, դրանցով ի՞նչ կստեղծի, ո՞վ ամբարներն ավելի կլցնի, ո՞վ արքունի գանձը կկրկնապատկի »:

     Տղաները վերցնում են իրենց հասանելիքը, հեծնում են ձիերը, և ամեն մեկը գնում է տարբեր ուղղությամբ: Ամենափոքրը՝ Արտաշեսը, ճանապարհներին իր ոսկիները աղքատներին և մուրացկաններին բաժանելով՝ գնում է դեպի հյուսիս:

     Մի ցրտաշունչ, հողմազարկ օր ճամփեզրին՝ ծառի տակ նստած Գաբրիել հրեշտակին է տեսնում:

     Բարևում է:

     – Աստծո բարին, բարով եկար, արքայազն:

     Տղան զարմանում է, թե, – այ հալևոր, դու ինչի՞ց իմացար, որ ես թագավորի տղա եմ:

     – Ինչպես թե՝ ի՞նչ իմացա, դու ճանապարհորդում և ուզում ես հասկանալ, թե ինչպե՞ս է, որ միևնույն բանն է պատահաում երջանիկի, դժբախտի, առողջի, տգետի և իմաստունի հետ: Ինձանից բաժանվելուց հետո դու գնալու ես այսինչ քաղաքը, մի հիվանդի տանը հյուր ես լինելու: Ես էլ գալու եմ, էն վատ մարդու, էն գարշելու՝ հոգին առնելու:

     Արքայազնը ինքն էլ չի իմանում, թե ոնց է հասնում այդ քաղաքը, ոնց է գտնում հիվանդ մարդու տունը: Մահամերձի եղբայրները թույլ չեն տալիս, որ ներս մտնի: Տղան համառում է, թե այս գիշերով ո՞ւր գնա, ինքն օտարական է՝ մոլորված ու քաղցած: Քսակով ոսկի է տալիս և, ճանապարհի հոգնությունը թոթափելու համար, գիշերելու տեղ է խնդրում:

     Մութն ընկնում է, մինչև ճրագն էլ վառում են, Գաբրիել հրեշտակը ներս է մտնում և չարչարելով էն վատ մարդուն՝ հիվանդին, հոգին առնում, գնում է: Մերձավորները լաց ու կոծ են սկսում իրենց հարազատի համար:

     Երբ լուսանում է, արքայազնը հեծնում է ձին, հեռանում է քաղաքից, որ կոչվում էր Չորս Գետ:

     Երբ արդեն մոտենում էր հոր երկրին, դաշտի ճանապարհով անցնելիս, կրկին հանդիպում է այլակերպված, ջրհորի մոտ նստած Գաբրիել հրեշտակին: Բարևում է:

     – Աստծո բարին, արքայազն:

     Արտաշեսը զարմացած հարցնում է, – պապիկ, դու որտեղի՞ց գիտես իմ թագավորի որդի լինելը:

     – Որդի, ինչպես թե չգիտեմ, ես Գաբրիել հրեշտակն եմ: Ինձ դու չտեսար, բայց ես եկա հյուսիսի Չորս Գետ կոչվող այդ հեռու քաղաքը, էն անգութ, անխիղճ հիվանդի հոգին առա, և ասում է, – ահա, բռիս մեջ է, նայիր:

     Բացում է, ափի մեջ, ոնց որ սարդ, մի տգեղ, սև բան է թրթռում: Միասին ճաշում են, զրուցում, հետո տղան գալիս, հասնում է արքունիք:

     Թագավորը ծառային է ուղարկում, թե գնա, իմացիր՝ դրամն ի՞նչ արեց, ի՞նչ աշխատեց, վաստակն ի՞նչ է:

     Արտաշեսն ասում է.- թագավորին հայտնիր, որ դրամը տարա ու ամբողջը լցրեցի հյուսիսի ճանապարհի վրա:

     Ծառան հարցնում է.- հիմա էլ ի՞նչ ես ուզում թագավորից: Արքայազնը թե՝ թող մի խուրջին էլ ոսկի տա, այս անգամ հարավ պիտի գնամ:

     Արքան լսում է ծառայի ասածները, ասում է. – նա մեր թագավորությունը պիտի վերջացնե, նա դրամ չի խնայում, նա խնայել չգիտե, մի խուրջին ոսկի տվեք, տեսնենք՝ հարավում ի՞նչ պիտի անի: Արքայազնը լուսաբացին հեծնում է կարմիր ձին, շատ է գնում, թե քիչ, ճանապարհին, մի այլ հանդերձանքով ու տեսքով, հանդիպում է Գաբրիել հրեշտակին:

     Նա զարմանում է, որ ծերունին իմանում է իր ով լինելը:

     Գաբրիել հրեշտակն ասում է.

 – Մի զարմացիր, արքայազն Արտաշես, դու պիտի գնաս ծառի Խեժ քաղաքը: Այնտեղ մի հիվանդ կա, ես պիտի գամ, էն խղճով, էն ողորմություններ անող, էն լավ մարդու հոգին առնեմ:

     Երկար ճանապարհորդելուց և խուրջինի ոսկին աղքատներին ու մուրացկաններին բաժանելուց հետո, Արտաշեսը զարմանքով տեսնում է, որ հասել է մի տուն, որտեղ հիվանդ կա: Բակում հավաքված հարազատները նրան, որպես օտարականի, սիրով, խնդրանքներով ներս են հրավիրում, տակը բարձեր են դնում, կերակրում:

     Երբ աքլորը դեռ առաջին ծուղրուղուն էր կանչել, Գաբրիել հրեշտակը մտնում, հիվանդի հոգին վերցնում, գնում է: Կինն ու հարսները ողբում, լաց ու կական են բարձրացնում, տունն ընկնում է սգի մեջ: Հիվանդի եղբայրները գալիս Արտաշեսի մոտ, ասում են.

     – Օտարական, չլինի՞ թե մտածես, որ քո ոտնամուտից էր մեր հարազատի մահը. Աստված էր նրան տվել, Աստված էլ տարավ:

     Լուսացավ: Եղբայրներով ելան, Արտաշեսի ձին դուրս քաշեցին, և նա հեռացավ ծառի Խեժ քաղաքից, գնում էր դեպի հոր երկիրը: Ճանապարհին՝ խնձորի այգիների մոտ, դարձյալ հանդիպում է այլակերպ Գաբրիել հրեշտակին: Բարևից հետո Արտաշեսը զարմանում է, որ այդ երիտասարդը գիտի իր ով լինելը:

     – Ինչպե՞ս թե չգիտեմ, ես եկա էն խղճով, էն լավ, էն ողորմություններ բաժանող մարդու հոգին առա, և դու գիտես, թե ով եմ ես: Ուզո՞ւմ ես նրա հոգին ցույց տամ:

     -Այո, տեսցրու:

     Բացում է, ափի մեջ, աստղի նման պայծառ, մի բան է թրթռում: Երեկոյան եկեղեցու զանգերն էին սկսել ղողանջել, գալիս հասնում է արքունիք: Թագավորը դրանիկ[1] ծառային է ուղարկում, թե գնա, տես՝ արքայազնը ի՞նչ է արել դրամը, վաստակ արե՞լ է, կրկնապատկե՞լ, թե՞ վատնել է:

     Արքայազնը ծառային ասում է.

     – Չէ, ես վաստակ չեմ արել, բայց իմ միտքը նվիրաբերեցի ճշմարտությանը, որ իմաստությամբ հասկանամ և քննեմ այն ամենը, ինչը որ կատարվում է հողագնդի վրա, ոտնատակ տվեցի հյուսիսի և հարավի հողերը, տեսա, որ ամեն տեղ մարդիկ միանման են մեռնում, ինչը որ պատահում է բարու, նույնը պատահում է չարի հետ: Եվ ինչ որ լինում է մարդկությանը, նույնը պատահում է անասունների հետ, և նրանց շունչը մեկ է, ամեն ինչ ունայն է, իսկ արեգակը հավիտյան կա, – ասում է, – դու թագավորին ասա, թող երկու խուրջին ոսկի տա, վաղն ուզում եմ արևմուտքի և արևելքի կողմերը գնալ: Թագավորը, գանձատան գործերով զբաղվող, Հայր Մարդապետին ասում է.

     -Նա մեր թագավորությունը պիտի վերջացնի, նա դրամ չի վաստակում, նրա երկու եղբայրները իրենց ստացածը կրկնապատկեցին, իսկ սա դեռ էլի արևելք ու արևմուտք է ուզում գնալ, երկու խուրջին ոսկի տվեք, տեսնենք ի՞նչ է անելու նա: Արքայազնը ոսկին ձիու թարքին զարկած, աղքատներին, մուրացկաններին, վանքապատկան ուրկանոցներին ու գոդենոցներին[2]  բաժանելով՝ արևմուտքն ու արևելքն էլ է անցնում:

     Ամառային մի շոգ օր էր, վերադարձի ճանապարհին՝ պտուղ չտվող թզենու տակ, վերքոտված ու բորոտ մի աղջկա է հանդիպում: Աղջիկն արյունոտ ձեռքն է մեկնում, թե՝ այ մարդ, ողորմություն տուր ինձ: Արքայազն ասում է. «Չկա, ամբողջը բաժանեցի սովյալներին, ձիս կտամ, ծախիր, դրամ արա, օգտագործիր կարիքներիդ համար»:

     Ասում է, – դու ծաղրում ես հիվանդին, ճամփորդը ձին կտա՞, որ դու տալիս ես:

     Արտաշեսը թե՝ թերահավատությամբ ես վերաբերվում իմ առաջարկին, եթե ինձ ուզես, քեզ որպես կին կտանեմ:

     Աղջիկն ասում է.

  – Գոդենոցում էի պառկած, բայց քանի գնաց, վերքերս բացվեցին, արյունահոսությունը շատացավ, բուժակներն ու բժիշկները տեսան, որ հիվանդությունս վտանգավոր է դառնում մնացածների ու քաղաքի համար, բորոտի զանգը[3] կապեցին ոտքիս, թողեցին այս շոգ անապատում՝ ճակատագրի քմայքին: Զանգակի ղողանջը լսելիս՝ քարավանատերերը, ճանապարհը կորցրածները, ուխտի գնացողներն ու անցորդները մղոններով հեռու են փախչում ինձանից, անգամ ողորմություն խնդրելու համար չեմ կարողանում մոտենալ նրանց, հիմա ինչպե՞ս կհամարձակվես դու ինձ կին տանել:

     Աղջիկն այսպես է ասում, բայց միաժամանակ մտքի մեջ մտածում է, թե. «Իսկ ինչո՞ւ չեմ գնում, կգնամ, եթե ինձ հետ ամուսնացավ, հո լավ է, եթե չուզեց էլ, գոնե այս անապատից կպրծնեմ, ուր էլ գնամ, սրանից լավ կլինի ու կլինի»:

     Արքայազնը աղջկան դնում է ձիու գավակին, գալիս, հասնում է իր երկիրը, արքունիք: Թագավորը դրանիկ ծառային ուղարկում է.

     – Մեր արքայազնը վերադարձավ, իմացիր՝ ի՞նչ է արել:

     Նա գնում, տեսնում է՝ դուռը փակ է: Ծեծում է, թե՝ արքայազն Արտաշես, դուռը բաց: Չի բացում, ասում է, որ իրեն հանգիստ թողնեն:

     Ծառան աջ է դառնում, ձախ է դառնում, դռան ու բանալու անցքերից է նայում, գալիս է արքունիք: Թագավորը հարցնում է, – ասա, տեսնեմ՝ ի՞նչ իմացար:

     – Արքա, ի՞նչ ասեմ, պատմելու բան չի:

     – Ինչպե՞ս թե:

     – Թագավորն ապրած կենա, վերքոտ, արյունոտ, բորոտ մի աղջիկ է առել, նստել, թե. «Սա է իմ սրտի սիրածը, կա էս է, չկա էս է»: Արքան զայրանում է, – ուրեմն մեր ունեցվածքը խուրջինները լցրեց, տարավ աշխարհի չորս ծագերում վատնեց, հիմա էլ բորոտին առել, եկել է, թե սա էլ թագավորի հարսն է: Ծաղրում է ոչ միայն մեզ, այլ նաև գահն ու երկիրը, – ասում է, – դուրս արեք էդ տղային, ծեծեք, էդ տղան մեզ պետք չէ: Նրա եղբայրները պալատներ շինեցին և պտղաբեր այգիներ տնկեցին: Նրանց նավերը հեռու աշխարհներից սև ու ձայնարկու փայտեր, մետաքսի հակեր բերեցին: Արքունի տան արծաթն ու ոսկին կրկնապատկեցին, նորանոր ծառաներ ու ստրուկներ գնեցին, իսկ արջառների նախիրներին և հոտերին արքունի դաշտերում այլևս տեղ չկա:

     Ծառաները գնում, Արտաշեսի դուռն են ծեծում՝ թագավորի հրամանը կատարելու, նրան երկրից աքսորելու: Արքայազնը հեռանալուց առաջ թագավորից տեսակցություն է խնդրում:

     Թագուհին էլ լացով դիմում է արքային, որ որդուն վերջին անգամ լսեն, գուցե թողություն կամ օրհնություն է խնդրելու:

     Թագուհու խոսքը չեն մերժում, նրանց բերում են արքունիք: Արտաշեսը թագավորի առաջ գլուխ է խոնարհում, ասում.

     – Արքա, չնայած վռնդում ես ինձ հայրական տնից, սակայն շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիր աշխարհով շրջելու: Հյուսիսի և հարավի, արևմուտքի և արևելքի հողերը ոտնատակ տվեցի, աշխարհի չորս ծագերում եղա, վերջ չկար այն բոլոր ազգերին ու ժողովուրդներին, որ տեսա:

     Հիացմունքի և զարմանքի էին արժանի այն ամեն հուշարձանները, որ կառուցվել էին ապրողներից առաջ և կառուցվում էին ապրողների օրոք, սակայն քիչ չէին լացողները, մուրացողներն ու զրկվածները: Արդարների տեսա, որ անգամ մարդկային բարոյականության առաջին աստիճանն էլ չէին խախտել, հանկարծամահ ոչնչանում էին, իսկ խաբեբաներն ու ամբարիշտներն իրենց կյանքն էին երկարացնում՝ կեղծիքներ անելով: Սակայն այդ էլ գիտեցա, որ նրանք երկուսն էլ հողից են ծնվել, ամենքն էլ հող են դառնալու: Այս ամենի խորհուրդը դարձյալ հասկանալու համար, իմ միտքը բացեցի լեռների քարանձավներում և անապատներում ապրող ճգնակյացների ու իմաստունների առաջ՝ գիտություն և հանճար սովորելու: Մտքի աչքով տեսա, որ գիտունին և տգետին միևնույն վերջն է սպասում: Իսկ ինչը որ անհատի հետ է պատահում, պատահում է նաև ամբոխի հետ: Միաժամանակ հասկացա, որ հողագնդի վրա կատարվող բոլոր իրադարձություններին, դեպքերին, երևույթներին, գույներին, հնչյուններին, խոսքերին, շնչառությանը, հևքին մեկ մարդը, ինչքան էլ իմաստուն լինի, չի կարող հասնել: Ամեն կառույց այնքան ճշգրիտ ու վայելուչ է ստեղծված, որ Աստծո արարման սկզբի և վերջի տրամաբանությունը հասկանալն անըմբռնելի է: Նաև մարդու էությունն է անմահ, քանի որ նրա մեջ դրված է հավիտենականության ձգտումը՝ հասկանալ արարման խորհուրդը: Իմ ճանապարհին գտա այս կնոջը, նրա հիվանդությունը դժոխքից առավել սարսափազդու է՝ մարմնի վրա մահաբեր անցքեր է բացել: Սակայն հասկացա, որ Աստծո մարդը նրանից է ծնվում՝ մաքուր, անաղարտ, բարի, գթասիրտ. այդ հետագայում է, որ նրա որդին շատ հնարքներ է գործածում ճշմարիտ ճանապարհից շեղվելու համար:

     Այս խոսքերի վրա, նրանց աչքերի առաջ աղջկա վերքերը սրբվում են, դառնում է մի գեղեցկուհի, որ մինչ այդ նրա նմանը չէին տեսել: Բոլորը զարմանում, մտածում են եղելության խորհրդի մասին:

     Թագավորը հրաման է տալիս՝ հարսանիք բռնեն: Յոթ դհոլ, յոթ զուռնա է բերել      տալիս, յոթ գիշեր, յոթ ցերեկ նվագում, ուրախանում են, երկիրն ընկնում է ցնծության մեջ:

 

 

[1] Դրանիկ – պալատական, արքունի: [2] Գոդենոց – բուժական հիմնարկ, որտեղ մեկուսացրած պահում և կերակրում էին բորոտներին, գոդիների ապաստարան, ուրկանոց: [3] Բորոտի զանգ – առաջներում բորոտությունը համարվում էր անբուժելի հիվանդություն և վարակիչ: Հիվանդին ամբողջ մարդկանցից հեռու պահելու համար ոտքից զանգակ էին կապում, որպեսզի առողջները նրա տեղն իմանան և չշփվեն նրա հետ: