(Հատված)
Իմ ճանապարհին ես հիվանդացա:
Եվ երազի մեջ ես թափառում եմ
Արևից այրված արտերի վրա:
ԲԱՍԻՈ. «Մահամերձի երգը»
Նվիրվում է հրազդանցի ազատամարտիկներին.
նրանք ոչ մահվան առաջ կանգ առան,
ոչ էլ Աստծուն ծաղրեցին:
Եթե ես իմանայի, որ պատասխանում եմ նրան, ով կարող է վերադառնալ աշխարհ, այս բոցը չէր դողա, բայց եթե ճշմարիտ է, որ ոչ ոք կենդանի չի վերադարձել այս խոսքերով, ես քեզ կպատասխանեմ՝ չվախենալով խայտառակությունից:
ԴԱՆՏԵ, «Աստվածային կատակերգություն»,
դժոխք, երգ 27, 61-66
ԽՆՈՑԻՆԵՐ ՀԵԾԱԾ ՅՈԹ ՎՀՈԻԿՆԵՐԸ
Անհամբեր լուսաբացին սպասելը, տասն օրվա անքնությունը, պատից պատ գնալ-գալով տառապելը՝ գիշերվա ժամը չորսի խաղաղ լռության մեջ ձայներ էր լսել տալիս, թե ինչպես սարից իջած մառախուղը հողը լիզեց, մթան մեջ քար ճաքեց, անձրևի առաջին կաթիլն ընկավ, ու իմ ոտնաձայնը, անշտապ երթը, չվազելը, ջրափոսերի միջով անցնելը, այդ թաղի շների արթնանալ՝ միանգամից հաչելը, բարակ անձրևի՝ նրա պաղի՝ անընդհատ, ուղիղ վերևից ներքև գլխիս, քիթուբերանիս խփել՝ ջրի՝ արդեն մարմնիս հասնելը, սայթաքել բարձրանալս, ետևիցս քայլող իմ ոտնաձայնը, առանց ետ նայելու բացակա գնալս՝ սվսվացնող քթերով շների՝ տարբեր բակերից միանգամից դարձյալ հավաքվելն ու կատաղի հաչոցներով ուղեկցելը, թաց դնչերը սրունքներիս հասցնելը, երկնքի, մթի, պաղ անձրևի միջով՝ անցնող գիշերային մի թռչնի՝ կենտ կանչը, հիվանդանոցը դարձյալ տեսնելու սաստկացող վախից՝ շներին քշելու համար իմ չշրջվելը, ետ չնայելը, իմ ոտնաձայնը, ծառերից այն կողմ, մութ զանգվածի մեջ լույսի բռնկվել-հանգչելը՝ կայծակի շառաչը, համատարած խավարը՝ նրա մեջ ինչ-որ բանի ներկայությունը՝ ձիու, չղջիկի, չգիտակցվածի անցնելու նմանությունը, հետո իմ բացակա, չորըորդ հարկ բարձրանալը, բայց դեռ առաջին հարկից՝ ոտնաձայներիս լսվելը, մեր դուռը չէ, հարևանի դռան ծեծելը՝ դրկից կնոջ՝ դեմքս զննելը, նայելն ու միանգամից տեսնել-ասելը. «Օնան, հայրդ մահացավ», ժպիտը… իմ ժպտալու անվերջությունը, ոտնաձայներիս առաջինից արդեն երրորդ հարկ հասնելն ու իմ՝ միայն այդ բացակա պահին գլխի ընկնելը, որ կինը հղի է…
Հետո, տարիներ անց, մեր այդ դեմ-դիմաց կանգնելու, նաև հանկարծակի սկսված, չդադարող իմ զկռտալու տեսարանը, երբ ուղեղս սկսեց առանց պատճառի նորից վերադարձնել և, որպես արձանագրած փաստ, հաճախ կրկնել՝ հասկացա, որ այն ժամանակ՝ իմ մեխանիկական գոյության օրերին, գիշերանոցի տակ նրա պտուկներն եմ տեսել:
Հիվանդության տասներորդ օրը՝ գիշերվա ժամը մեկին, հայրս օդ ուզեց, ասաց. «Օդ չկա»: Հերթապահ բժիշկը բոլորին անհայտ մի տեղ էր քնել, նրան չէի կարողանում գտնել: Բուժքույրերն էլ ասում էին. «Թթվածին չկա,– ասում էին,– շաբաթ, կիրակի է եղել, մեքենա չեն տրամադրել, բերող չի եղել»: Գնացել եմ մոտակա թաղամասը, կանգնել եմ բակում մեքենա կայանած տան առաջ, թակում եմ դուռը, հետո՝ պատուհանը: Ասում եմ. «Հորս թթվածին է պետք, մի ժամվա ընթացքում պիտի բերենք»: Վարորդը հարբած, քնած է, չի արթնացել: Հեռու տեղից՝ քենու թաղումից նոր է վերադարձել: Խնդրել եմ՝ գոնե իրենց ձեռնասայլակը թող տան: Բուժքույրերն օգնել են, թթվածնի բալոնը դրել ենք սայլակին: Հետո նրանցից՝ չնկատվող ստինքներով, այն նոսր բեղերով թուխը, որն իմ վերադարձը տեսնելով՝ ներքև վազեց օգնելու, ասում էր. «Որ եկար, աչքերդ կարմիր-կարմիր էին, միանգամից հասկացա, որ ձեռնասայլակի բռնակը կրծքիդ դեմ արած քաղաքի մի ծայրից մյուսը լացելով ես գնացել, լացելով եկել, բայց արցունքներդ ներս, փորդ են լցվել»:
Թթվածինը միացրել եմ, հորս շուրթերը ճաքճքված են, ասում է՝ չէ: Մեջքի վրա պառկած՝ ամբողջ մարմինը՝ չէ, միայն գլուխն է շրջում դեպի պատը, գիտեմ, որ հիմա կմեռնի, ժամացույցին եմ նայում՝ գիշերվա չորսն է, խաղաղ հանգավ: Եվ լաց լինել և ծխել եմ ուզում: Նրանից ամաչում եմ, երբեք իր ներկայությամբ չեմ ծխել, ոչ էլ լաց եմ եղել, դուրս եկա միջանցք: Որովայնիս բոլոր մկանները միանգամից թուլացել են. ծխախոտը բերանիս, կանգնել զուգարանի մութ մթի մեջ, պորտիս տակի սուր մրմռոցով միզում եմ պատերին, հատակին, ծնկներիս: Մի տեղ՝ խորշում, քնի մեջ հիվանդը տնքում է, նաև մորս երգն եմ լսում: Ծխախոտ ծխելու չափ ժամանակ է անցել, հորս դեմքին մի անծանոթ գույն էլ կա: Մայրս լաց չի լինում, արձակել է ոսկեդեզին վարսերը՝ մինչև կոնքերն են հասնում, երգում է: Չեմ էլ հասկանում, այդ երգելը կո՞ծ է, թե՞ դանակը ձեռքին և մազերն է կտրում, և լաց է լինում: Զարթուցիչի զանգն է միանում, սկզբում նա, հետո,ես` ահաբեկված նայում ենք հորս դեմքին, ուրեմն զանգը սարսափելի ուժեղ է: Ժամացույցն եմ որոնում, միանգամից ճիշտ տեղը չգտնելուց զգացվում է, որ զանգի հնչեղ սառնությունը սողում է ուղեղի վրա…
Մորս միայնակ չթողնելու համար հարևան սենյակից հիվանդատեր ծեր կինը եկավ: Ասում է. «Գիտե՞ք, աղջկաս ասացի, որ այդ մարդը կմեռնի,- ասացի,- տես ինչ բլբուլ է կտրել, խոսում-խոսում՝ տղային ինչպիսի խորհուրդներ է տալիս, ասացի,- նա կմեռնի: Այդպես էլ եղավ, օղորմի նրան: Պատը բարակ է, մենք ամեն ինչ լսում էինք, երբ տղայի մասին էր խոսում, թե քանի անգամ Աստված նրան փրկեց մահապատիժ իրականացնողների դարաններից, որ իր սիրտը խնդացնի…»: Խոսքը կիսատ է թողնում, ուշադիր դեմքս է զննում, ասում է. «Միջանցքով գնալ-գալուդ ժամանակ տեսել էի՝ դեմքիդ պատահածների նշանը կա… Ուրեմն, երբ հասավ ձեր ընտանիքին, թե ում եք դուք և ո՞վ է ձեզ փող պարտք և ժամանակն է, որ ձեր պատշգամբի հին փեղկերը փոխեք, աղջկաս ասացի՝ վերջ, Էլեկտրա: Մենք հույն ենք, դրա համար աղջկաս անունը ձեր անուններին նման չէ: Ասացի՝ վերջ, նրան էլ փրկություն չկա,- ասացի,- բայց դու այդ մարդուց սիրտ պիտի վերցնես,- ասացի,- տեսնո՞ւմ ես՝ ինչ համարձակն է, վերջին վայրկյանին էլ չի վախենում, իբրև թե մահն ի՞նչ է որ, դուք պատշգամբի համար նոր փեղկեր գնեցեք,- ասացի,- դու էլ նրանից օրինակ վերցրու, այդքան վախենալ պետք չէ»: Շրջվում է դեպի ինձ. «Աղջիկս էլ էսօր-էգուց է»– ասում է,– օղորմի հորդ…»: Նա էլի խոսում է, մայրս նրան չի լսում՝ հորս մարմինը փոքր է, գլուխը՝ խոշոր, մազերն է հարդարում, որ ծնոտը կապելուց գզգզված չցցվեն կապիչի տակից, սանրը շարժում է խոշոր գլխի վրայով, մահճակալի զսպանակները, ձեռքի ռիթմին համապատասխան, մետաղի ձայն են հանում՝ բարձր, հետո՝ թույլ… Երգ է ասում՝ փորձում է ծնոտը կապել, չեմ հասկանում, այդ երգելը մեղեդի՞ է, թե՞ լաչակը ձեռքին և ծնոտն է կապում, և լաց է լինում: Ինչքան կապում է, չի փակվում, ծնոտը նորից բացվում է: Հետո հույն կինը մորս ձեռքից վերցնում է լաչակը, ինձ հարցնում է. «Լսե՞լ ես, քաղաքում խնոցիներ հեծած յոթ վհուկներ են երևացել…»: Մոտենում, կռանում է հորս խոշոր գլխի վրա, ականջին իրե՞նց, թե այլ լեզվով խոսք է ասում, և ծնոտը կապվում է: Շրջվում, ինձ ասում է. «Բա, տղա ջան, մարդն անշունչ մարմնի անհատակ խորքում է, եթե հեռանում էլ է, դարձյալ այնտեղ է, գարնան հոտն առած աքաղաղի նման զորեղ ձայն պիտի հասցնես ականջին, որովհետև մահացածները գիտեն, որ ողջերը հենց դրան են հավատում»:
Դուրս եմ գալիս, նստում եմ հատակին, մեջքով հենվում եմ միջանցքի պատին, ծխում եմ: Բժշկին չեմ գտել, որ մեզ օգնի: Բուժքույրերի ցուցումով, այն բոլոր հավանական սենյակներում, ուր նա պիտի քնած լիներ, որոնում, չեմ գտնում: Բուժքույրերն իրենք էլ որոնում, չեն կարողանում գտնել:
Հույն կինը կողքովս անցնում, գնում է: Ներսում մայրս երգում է, չեմ էլ հասկանում՝ դա երգե՞լ է, թե՞ խոնավ լաթը ձեռքին և հորս մարմինն է լվանում, և լաց է լինում: Մահճակալի զսպանակները գլորվող ծանրության պատճառով պայթում, կտրտվող սարթ մետաղի ձայն են հանում, մայրս հիմա նորից շրջում է մյուս կողին, հետո նորից գլորվում է ծանրը, պայթում է զսպանակե մետաղը, լողացրել, ավարտել է, ձյունաճերմակ սպիտակեղեն է հագցնում, հարդարում, ահա կրկին շրջում է ծանրին՝ զսպանակները սարթ մետաղե ձայն են հանում, մահճակալը դողում, ցնցվում է: Հիմա ոսկեդեղին, մինչև կոնքերը հասնող վարսերը կտրում է երգ ասելով և հյուս առ հյուս պառկեցնում է հորս կողքին:
Նա այդպես, երեք օր անընդհատ երգում է, մինչև հորս տանելու վերջին վայրկյանը, ու պարզ չէ՝ դա երգ ասե՞լ է, թե՞ կոծ:
Հորեղբայրներս դագաղը՝ նոր լվացած, փայլփլուն ավտոբուսի մեջ, ոտքերի տակ՝ հատակին են դնում, իրենք՝ վեց հոգով, «Պրիմա» պապիրոսները բերաններին, մահուդե մուգ կարմիր կոստյումներով՝ ցանկապատին թառած աքաղաղների պես, շարվել են հերթականությամբ դագաղի երկկողմ նստարաններին:
Իրենք էին նրան գյուղից բերել բուժելու, հիմա եկել, անկենդան մարմինն անխոս ետ են տանում:
Թաղումը, յոթը անցել է, քառասունքի օրը մայիսն է. կանաչի մեջ զեռուններ են թռչկոտում, թաց քթերով շները ոհմակներով շրջում են հեռուներում, ոտքերի տակ խոտ է ջարդվում, մայրս, արարողության մասնակից ժողովրդի ներկայությամբ, շիրմաթմբի վրայից հայտարարություն է անում, թե՝ «Հանգուցյալը հանդապահությունից ավելի շատ հարստություն տուն բերեց, քան իր ամբողջ կյանքում աշխատած մնացած տեղերից միասին վերցրած»: Խոսքն իրեն այդպես խարազանողի մասին է: Ինքն էլ հրաժարվում է, էլ չի ցանկանում գյուղում ապրել, ասում է. «Պիտի գնամ քաղաք, Օնանի տանն եմ ապրելու»:
Հայրս գիշերվա ժամր չորսին մահացավ հիվանդանոցում: Մորս թողեցի նրա մոտ, հաչող շների ոհմակը ետևս գցած, առանց շրջվել-նայելու եկա տուն, կանգնեցի հարևան կնոջ դռանը:
Իսկ նա չի հարցնում, ասում է. «Օնան, հայրդ մահացավ»: Ներս չի թողնում, ձեռքս բռնում՝ միասին գալիս, կանգնում ենք մեր դռան առաջ: Տեսնում եմ, թե ինչպես է նրա բարակ, թափանցիկ մատը դռան զանգի կոճակը սեղմում: Մի քանի բան՝ գիշերանոցի կարճաթևությունից դուրս մնացած ուսերը, ստինքների կորը, մարմնից եկող անկողնու բուրմունքը միանգամից, միաժամանակ հասու դարձան ինձ: Դուռը բաց է: Նոյեմն ընդառաջ եկավ: Երկուսով պառկեցնում, ծածկում են վերմակով: Նրանք՝ սկզբից Նոյեմը, հետո նա լաց են լինում: Ես քնած եմ: Ուղեղիս ձայն է հասնում՝ լաց: Շնչառություն. «Քնիր, քնիր, այս ժամին դուրս չգաս, չդիմավորես քո հորը: Նրա դեմքին՝ քեզ հետ խոսող այնպիսի բան կտեսնես, որ այլևս չես վերադառնա: Չդիմավորես քո հորը՝ դեմքի նշանը չտեսնես»:
Լույսի շրջանագիծ է մարում պատին: Նրանք՝ խնոցիներ հեծած յոթ վհուկները, անցան, գնացին: Քնած եմ, ամեն ինչ հանգած է իմ ներսում: Ուզում եմ արթնանալ, չեմ կարողանում, իսկ հավասար քայլքը գալիս էր, դմբդմբոցը հասնում էր, շատ մարդկանց՝ միասին աստիճանները բարձրանալու, աստիճանները զույգ-զույգ՝ դըմբ, դըմբ, դըմբ: Ուսերի վրա դագաղ բերելու քայլք էր, բազմության գալուստ, շքերթով անցնող ժողովրդի միահամուռություն, իսկ ես դեռ քնած եմ:
* * *
Աննայի հետ օդանավակայանում ենք: Հունիս, թե հուլիս ամիսն էր, կամ էլ` հունիսը վերջացել, հուլիսի սկիզբն էր: Ասֆալտը ջրիկացել, հոսում էր, մեքենաների դողերի տակից փախչում, գալիս սապատ-սապատ կանգնում էր լուսանշանների տակ՝ փողոցների բերանին: Արևն այրում էր: Ասացին` «Աննան հեղինակավոր թերթերից մեկի աշխատակիցն է»: Մեզ ծանոթացրեցին, չորսով ծխում՝ թերմոսից սուրճ ենք խմում՝ գունաթափ տաքսիների վարորդները հեռվից մեզ են զննում: Դես-դեն ընկած լրագրերը շոգից դեղնել են: Նրանք՝ ծանոթացնողները, գնացին, երկուսով գործուղման ենք մեկնում: Ինքնաթիռը չվացուցակից երկու ժամ ուշացել էր:
Երբ հասանք, օդանավակայանում ցանկացած ժամանողի ստուգում էին: Երկուսիս խուզարկեցին: Պայուսակներիս պարունակությունը ցաքուցրիվ շրջեցին, թափեցին ոտքերի տակ, տոթ՝ քրտինքի հոտ կա: Անձնական իրերը մեկառմեկ զննում են: Աննայի սպիտակեղենին ձեռք են զարկում: Տեսնում եմ ձյունաճերմակ երկու ներքնաշորերը: Առարկություն չէր ընդունվում: Բերանների շնչառության տաքի հետ՝ օղու և անքուն գիշերներ անցկացրած տագնապած ուղեղի կծվահոտ է փչում: Մեր գործուղման թերթիկներին, ձայնագրիչ մագնիտոֆոններին կասկածում են:
Ուսս ցավեցնելու չափ հրելով՝ ասացին. «Վեճի արդյունքը շատ վատ է լինում»: Հատուկ ջոկատի հրամանատարին բացատրում էի՝ մի վանք կա, եկել ենք նրա յոթ հարյուրամյակի արարողությանը մասնակցելու, լրագրողներ ենք, ձայնագրիչներն էլ այդ նպատակի համար են: Մի տեղ գինի էր թափվել, թթված գինու հոտ էլ կար: Օդանավից իջած կանայք չէին կարողանում բողոքել, որ իրենց տղամարդ զինվորներն են խուզարկում: Կապիտանը զանգահարեց, ճշտեց, մեզ ասաց՝ գնացեք:
Պայուսակները ձեռքներիցս և ուսներիցս կախ՝ մեզ հատկացված հանրակացարանն էինք որոնում, չէինք կարողանում գտնել:
Զինվորական մեքենա եկավ, մեզ սեղմեց մայթեզրին, սոլյարկայով աշխատող մոտորը հռնդում էր, սև ծուխը փչում դեմքներիս:
Ասացին. «Անցաթուղթ չունեք, իսկ պարետային ժամն սկսվել է»: Դրեցին մեքենան, տարան մի մեծ գործարանի բակը: Բերանքսիվայր, ասֆալտին պառկած մարդիկ կային: Անձրևանոցի գլխարկի տակից մայորի միայն քիթն էր դուրսը, ասաց. «Դուք էլ պառկեք, որ իմանաք, թե «где раки зимуют»: Մայորի քիթն անձրևոտ էր, թաց, համարյա միմյանց աչքերը չէինք տեսնում, ասացի. «Մայոր, ահա իմ ձայնագրիչը, ճապոնական է, ձայնագրիչը վերցրու, թող քեզ նվեր լինի: Ինձ պառկեցրու գետնին, աղջկան՝ չէ. նա իմ սիրած աղջիկն է, թող չպառկի»: Մագնիտոֆոնը խոթեց գրպանը. «Թող նա կանգնած մնա»,– հրամայեց: Հետո փորիս տակ թաց ասֆալտը զգացի, բերանիս մոտ Աննայի ոտնաթաթերն են ու հսկող զինվորների գնացող-եկող սապոգները: Մանր, պաղ անձրևի կաթիլները ականջիս տակ հարվածում են ասֆալտին, Աննայի կոշիկներին: Տնքում են հեռվից, մոտիկից: Ով չի դիմանում, ցանկանում է բարձրանալ, կրակում են նրանց գլխավերևով, ստիպում նորից պառկել: Կրկին լռություն է իջնում՝ սաստիկ թանձր, խուլ անձայնություն: Ավելի ուշ Աննան լաց եղավ, մթան մեջ մյուս կանայք էլ էին հեծկլտում:
Հողը սեղմվում է ազդրերիս արանքը, շնչում է փորիս տակ. մարմինս թույլ, ծանր և անզոր պառկած է նրա վրա, չէի հասկանում՝ ինչից է այդքան անուժ:
Մութը կապտեց, ծիտը ծառին թևը թափահարեց, դեռ լույսն աղջամուղջից չէր տարանջատվել, հազիվ նշմարվում էին զինվորների դեմքերն ու զենքերը, ճակատս դրեցի Աննայի ոտնաթաթերին: Բերանս հողի վրա է: Աննան էլ է զենքը տեսնում, ասացի՝ ահա հավերժականը: Զինվորը եկավ, իմ դիրքից չէր երևում, սապոգը գալիս էր, բարձրացավ ձեռքիս, մատներս մնացին ներբանի ու հողի արանքում:
Նրա ձայնն ավելի վերևում էր հնչում, ձայնն Աննային ասաց՝ չխոսեք: Ջարդրտված մատներիս մեջ առած Աննայի ոտնաթաթերը դողում էին, գիտեի՝ նա չի մրսում, նա սրթսրթալով լաց է լինում ինձ համար… Իսկ հողը կար, շնչում էր իմ փորի տակ… Քիթ ու բերանս հողի վրա է:
Սև ասֆալտը՝ ստվերներով:
Լույսը բացվեց, մեկը պառկած տեղից բարձրացավ, սաստող ձայն չհնչեց, հետո տնքոցով մեկ ուրիշը, դարձյալ արգելող չեղավ, բոլոր պառկածներս բարձրացանք, տեսանք մեր շուրջը ոչ ոք չկա: Մենք իրար հետ չէինք խոսում, ամեն մեկը գլուխը կախ արագ հեռանում էր: Գործարանի բակում կարծես զինվորներ չէին եղել, նրանցից հետք չկար, անգամ գիշերը կրակած դատարկ պարկուճներ, գինու շշեր, ծխախոտի մնացուկներ էլ չտեսա: Միջատները կապտաթև սահում են ջրափոսերի վրա: Անձրևը կտըրվեց, արևը բարձրանում է, գուցե դարձյալ տոթ լինի:
Նորիկը մեքենան է վարում, ես օղի եմ խմում, Աննան, գիշերվա անքնությունից հետո, ետնամասում քնած է: Այդ օրերին, ովքեր կարող էին ինչ-որ բան անել, գալիս, հավաքվում էին մի տեղ: Նորիկն ասաց, որ կարող է մարդ սպանել: Դրա համար է եկել: Նա մի անգամ դա արել է:
Ճամփեզրին կանգնեց, չոր լաթով հողմնապակին էր մաքրում, ես էլի օղի խմեցի, Աննան քնի մեջ տնքաց: Մեքենան քարուքանդ ճամփի վրա ոստոստում է, չէինք խոսում: Նորիկը դարձյալ ծխեց: Երկու բաց կողապակիներից փոշու հետ միջանցիկ քամին է խփում: Այդպիսի լռությունը պետք էր, հետո միանգամից կտրվեց:
Ասում է. «Ինձ տարան իրենց մայրաքաղաքը ու նստեցրին մահապարտների խուցը: Դատական որոշումը ի կատար ածելու հրամանը Մոսկվան պիտի տար: Ես էլ տեղյակ չէի, մահմեդականների մեջ ինձ ո՞վ պիտի տեղյակ պահեր, որ կաթողիկոսը ներում հայցող գրություններ է հղում այստեղ ու այնտեղ…»: Մինչ այդ, որ հրաժարվում էր խմելուց, վերցրեց, միանգամից խմեց, ինձ էլ լցրեցի… Դարձյալ երկար լռություն… «Լսում էի, թե ինչպես են կողքի խցերի մահապարտներին գիշերով տանում. նրանք այլևս չէին վերադառնում: Ամեն մի բացվող-փակվող դուռ ներսս՝ ոչ թե որևէ օրգան, այլ ամբողջ ոսկորներս էլ էր ցավեցնում: Այդպես էլ չսովորեցի, ինձ համոզում էի, որ շուտով սովորական կդառնա… Ութսունհինգ կիլոգրամից քաշս իջավ քառասունութ: Հետո բժիշկներից իմացա, որ եթե կես կիլոգրամ էլ նիհարեի՝ չէի ապրի: Բա, ախպերս, այդպիսի բան էլ է պատահում: Իսկ գրել կարելի էր, գիշեր-զօր գրում էի: Երկու վառվռուն շորերով մարդիկ էին գալիս, գլխիս վերևը կանգնում, իրակա՞ն էին, ի՞նչ էին, չգիտեմ, ասում էին՝ գրիր: Գրում էի: Ընդհանուր տետրի մեջ էի շարադրում, լցվում էր, բանտապետը վերցնում, նորն էր տալիս: Երեք տարի տվեցի, ես հո չգիտեի, որ երեք տարի է անցել, այդպիսի դեպքերում ժամանակն էլ պետք չի լինում… Հետո կաթողիկոսի ներում հայցող գրությունները հարգվեցին…
Պատկերացնո՞ւմ ես, Օնան, մի բառ չեմ հիշում, թե ինչ եմ գրել… Երանի այդ տետրերը մի անգամ կարդայի:
Հիմա եկել, հասել եմ այստեղ, մերոնց ասում եմ. «Եթե ինձ բան պատահի, ընտանիքս կերակրեք, ես գնամ դրան՝ մայրաքաղաքից եկած հատուկ կառավարության նախագահ կոչեցյալին սպանեմ: Նրա հրամանով են մեծ գործարանի բակում մարդկանց ասֆալտին պառկեցնում»:
Նորիկը հավաստիացնում էր, թե կարող է մարդ սպանել, չէի հավատում, որ նա այդ բանը արդեն մի անգամ արել է:
Երբ տեղ հասանք, ինքնաթիռները գնդակոծել, գնացել էին: Լռություն է, վանքի զանգերը ղողանջում էին, զարկերի չափավորված դադարներում կրկին լսելի է կանգնած լռությունը, նորից զանգերի կանչ…
Թիթեռները կարմրաթև սահում են ղողանջների վրա: Անտառները կապույտ՝ ստվերներով:
Դուրս են գալիս թաքստոցներից:
Վանքի յոթ հարյուրամյակի տոնական արարողությունը:
Աննային արթնացրինք, սփրթնած է, ափիս մեջ ճակատն այրվում է ջերմությունից: Վերքոտ, ուռած մատներս կապեցինք թաշկինակով: Երեքով օղի խմեցինք: Կարմիր զանգերի հարվածները իջնում, կռանում են գետնի վրա, օդը տաք, խավոտ է, կպչուն:
Նորիկն ասաց. «Դե՛, դուք գնացեք ձեր հարցազրույցներն արեք, այստեղ մոտերքում նրանց գյուղերից կա, ես էլ գնամ մի քանի հոգու պատանդ վերցնեմ, բերեմ»: Ասացինք՝ պետք չէ: «Ախր դժվար բան չի, ձեռքի հետ արվող գործ է: Դուք գնացեք կաթողիկոսի հետ ձեր հարցազրույցն արեք, ես մի ժամից այստեղ կլինեմ»:
Երեկո էր, Նորիկը չկա, մեզ ասացին. «Նա քաղաք է վերադարձել, իզուր էլ սպասում եք»: Պատահական, այդ կողմը գնացող ավտոբուս նստեցինք, մենք էլ էինք վերադառնում:
Ավտոբուսի հարբած վարորդն ու նրան ուղեկցող տղաները տեսան՝ Աննան տանջվում է ետևի նստարանի վրա, տեսան՝ ինչպես է ձողից կառչել ու, լվացքի պարանից կախված սավանի նման, աջ ու ձախ է զարնվում, հաճույք ստացան: Հայելու մեջ ընդգծված բոլորակ դեմքով վարորդի աչքերը նկատվում էին ու կորչում, նրա կողքին կանգնածը ծիծաղեց: Փոքրիկ, չոր ավտոբուսն ավելի ուժգին թռցրեց փոսերի վրայով, որ Աննան ձողից զույգ ձեռքերով կառչի, հնարավորություն չունենա ազդրերը ծածկել, իրենք մինչև տրուսիկը տեսնեն ու զվարճանան: Երբ գոռացի, նրանք բոլորն ինձ էին նայում, ես՝ բոլորին: Ավտոբուսը կանգնեցրին, դուռը բացեցին, ասացին. «Իջեք, եթե ուզում եք»: Նրանք էլ, ես էլ գիտեի, որ այդտեղ չի կարելի իջնել, սահմանը շատ մոտիկ է գտնվում:
Լուռ էին, փորձող հայացքներ ունեին, սպասում էին:
Ոչ մարդ կար, ոչ մեքենա, լոշտակի լայն տերևներին փոշի էր նստել, և շոգը ոչ տոթ էր, ոչ էլ խեղդող ծանր, կպչող շոգ էր: Շոգը տաք էր ու երազկոտ: Թևս թմրեց, ավտոբուսի դուռը փակելու ժամանակ նրանցից մեկը, որ մեզ բոլորից շատ էր ծաղրում, ում հետ վիճեցի, ուսիս մոտիկ, դանակով, ինչ-որ բանով ծակել էր, արյունահոսությունը չէր դադարում: Աննան իր ծաղկազարդ շրջազգեստի փեշը պատռեց. նրա կարճացած շրջազգեստը կիրք էր բորբոքում: Կապելուց առաջ թևիցս լեզվով արյուն վերցրեց: Արյունոտ լեզուն կիրք է բորբոքում: Ինքն արյան համը զգացել, սարսափում է: Անսահման տարածության ու ծանր շոգի մեջ, մեր շուրջն իջած մենակությունից վախեցել, ամբողջ մարմնով դողում է: Հասկացել է՝ այդքան համով արյան դեմ ամեն մի դարանակալ դեպք միշտ կատարվում է այդպիսի ամայության ժամանակ, վիճեց: Հետո խռովեց: Խանդը, ինքնասիրությունը, վեճը նրանց հետ Աննային բոլորովին դուր չի եկել: Իմ արյան համը դեռ նրա մեջ էր՝ հանգիստ չէր տալիս, ասում է. «Եթե բռնեն» դու գիտե՞ս՝ նրանք ինչ են անում կանանց: Մոտներս էլ այդքան ձայնագրություններ կան՝ քաղաքական գործիչների կոչերով: Նրանք տղամարդկանց հետ էլ վարվում են այնպես, ինչպես կանանց»: Իրար հետ չենք խոսում, խռոված քայլում ենք` մեկս ետ ընկած, մյուսս՝ առաջ: Օրը երկար էր, չէր մթնում, անընդհատ երեկո էր, արևը մայր չէր մտնում: Աննայի մի փեշը կարճ էր, մինչև ազդրը բաց ու կիրք էր բորբոքում: Առաջ ընկած՝ ճամփին հանդիպած խավոտ հազարտերևուկներից, ապրեմ-մեռնուկներից, դեղին կուժկոտրուկից, սողոսկուն ոլոռներից, ջրախոտից, կարմրածուփ գայլախոտից ծաղկեփունջ էր հավաքում: Օրը՝ ծանր, կպչուն շոգով, երկար էր, չէր մթնում, անընդհատ երեկո էր, երեկոյի մեջ էլ անորոշություն և կիրք բորբոքող բան կար: Մի կանաչ «Մոսկվիչ» եկավ, ուզում էր կանգնել, կասկածեց, անցավ, արգելակների լույսերը վառվեցին: Ուզում էր կանգնել, մեր հուսահատ ձեռների թափահարումը տեսավ, կասկածով երկար գնաց ու կանգնեց: Աննան ծաղկեփունջը նետեց, մենք վազեցինք: Երբ նստեցինք, դուռը փակեցինք, տեսանք, որ դրսում գիշեր է, այն էլ արդեն վաղուց կեսգիշեր:
Վարորդն ասաց. «Հա, Նորիկին ճանաչում եմ, ժամանակին պինդ էր, այստեղի երիտասարդները հպարտանում էին նրանով, նկարը կրծքներին փակցրած էին քայլում փողոցներում: Մահապարտների խուցը նստելուց հետո մոտը հիվանդությո՞ւն է, ի՞նչ է առաջացել, արևը մայր մտնելուց առաջ անպայման տանը պիտի լինի: Ժամանակին հայտնի էր, բոլորը նրան ճանաչում էին: Դպրոցի տնօրենին, մեղադրյալի աթոռի վրա, դատավորների ու զինված պահակախմբի աչքի առաջ սպանել էր: Տնօրենը ինը տարեկան մի հայ տղայի բռնաբարել, հետո սպանել էր: Երբ մահմեդական դատավորը նրան երեք տարի ազատազրկման ղատապարտեց, Նորիկը գնացել էր դատարան, նրանց ասել, թե՝ «Ինձ դուր չի գալիս այդքան ազգայնամոլ դատավարությունը, լրիվ կյանքից հիասթափվել եմ»: Բոլորին անսպասելի շրջվել էր, դպրոցի տնօրենի հարցերը այս կյանքի հետ լուծել: Այն ժամանակներում դրան հավասար հերոսություն դեռ չէր եղել, դրա համար էլ թե մեծ, թե փոքր մի տարի նրա լուսանկարը կրծքներից ցած չիջեցրին»:
Մեր գործուղումներն ավարտվել էին, իրարից խռոված էլ ինքնաթիռ նստեցինք: Լեռների ամենաբարձր կետում, որտեղից հակակարկտային թնդանոթներով խփում էին մեր քաղաքացիական ինքնաթիռներին, սավառնակը մտավ օդային միջանցքի մեջ, ընկնում էր: Խուճապ բարձրացավ, դարձյալ կտրտված ընդմիջումներով անընդհատ ընկնում էր, Աննան տեղից թռավ, փաթաթվեց վզովս, գոռում էր. «Մամա ջան, մամա ջան, մի թող»: Գիտեի՝ իմ արյան համը դեռ նրա ներսում է, սիրում է ինձ ու պահանջում է այն, ինչը տղամարդու մեջ և միաժամանակ նրանից դուրս է, և երբեք չի դադարում խորքում լինելուց, որը ես իրավունք չունեմ իրեն տալու:
* * *
Զանգահարեցին տուն: Հայտնի ամսագրերից մեկի խմբագիրն էր, որտեղ առաջին անգամ տպագրվել էր իմ վիպակը: Ասաց՝ արի մայրաքաղաք: Խմբագիրը ծանուցագիրը դրեց սեղանին, ասաց. «Հանրապետության դատախազից է»: Նման ծանուցագիր իմ գրպանում էլ կար: Ասացի. «Չեմ ներկայանա դատարան, մինչև որ հեռուստատեսությամբ ու լրագրողներով չապահովվի դատը»: Սուրճի հետ կոնյակ խմեցինք:
Ասաց. «Դա միայն քո անձնական գործը չէ, ամսագիրն էլ են դատի տվել, միասին պիտի պաշտպանվենք:
Ջավախքի իշխանությունները համոզված են, որ վիպակի մեջ ազգամիջյան բախումներ հրահրելու կոչեր կան: Մեր դատախազին կենտկոմի անունից նեղն են դրել, դատավարություն են պահանջում»: Խմբագիրը չհրկիզվող պահարանից ստացած մեղադրականի արձանագրությունների թղթապանակը հանեց, շրջեց վերջին թերթը, ազգանունները կարդաց, ասաց. «Իմիջիայլոց, իշխանության ներկայացուցիչները բոլորն էլ հայեր են, իսկ մեկը քո ազգականն է»: «Նա իմ հորեղբոր տղան է»: Խմբագիրն արձանագրությունները չէր կարդում, բանավոր էր խոսում, ծանոթ էր նյութերին: Մենք ծխեցինք ու դարձյալ կոնյակ խմեցինք: «Նրանք ասում են՝ դու գրել ես, թե ձեր գյուղում սկզբում հայկական եկեղեցին է կառուցվել, հետո նոր՝ վրացականը, ու այդ մտայնությամբ հայ համայնքին թույլ ես տալիս մտածել՝ ոչ թե հայերն են եկվորներ, այլ՝ վրացիները: Գրել ես՝ խաչը ջուրը գցելու տոնական օրերին վրացիներն ու հայերը վիճում են, թե իրենցից ում խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու: (Նախադասությունն ամբողջությամբ ընդգծված է կարմիր մատիտով): Հայ տեր Հակոբը և ուփալո Լոմոն իրար չեն զիջում, քահանաներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը՝ ավելի վերև: Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում: (Նախադասությունն ամբողջությամբ ընդգծված է կարմիրով): Հրացանով հայտնվում է Մալխասը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո Լոմոյին: Մալխասն ասում է. «Տեր Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև-ներքև չկա»: (Նախադասությունն ամբողջությամբ երկու գծով է շեշտված կարմիրով):
«Արձանագրությունների տակ ստորագրողներից մեկը քո ազգականն է …»:
«Ոչ, նա իմ հորեղբոր տղան է …»:
«Այո, հենց նա էլ պնդում է, թե Մալխասը իր հայրն է ու մարդ չի սպանել, Մագադանում էլ պատժապարտ չի եղել: Դու ամբողջը հնարել ես, թե նրան ազգի պատիվը փրկող հերոս պետք չէ, թե նրան հայր է պետք, որը մարդ չի սպանել: Ուփալո Լոմոն նրա համար առաջին հերթին մարդ է, հետո նոր՝ որևէ ազգի ներկայացուցիչ, վերջում՝ սրբազան»:
Նոր տպագրած վիպակի ամսագրային տարբերակը:
Գեղարվեստը հիվանդագին ընկալած համագյուղացիների մեկնությունները:
Վիրավորված բազմության հուզումները:
Իշխանությունների կայացրած որոշումը՝ դատարանում, ամեն գնով ինձ կանգնեցնել օրենքի առաջ:
Վտանգ ներկայացնող առաջին լուրջ արձագանքները:
Համագյուղացիներից սպառնալից նամակներ ստանալը:
Գրում են. «Ոչ միայն այդտեղ, այլ նաև այստեղ ապրելու ժամանակ դու արդեն մեր հողի մարդը չէիր, նրա ժողովուրդը քեզ համար օտար, անծանոթ մարդիկ էին …»: Հիշեցնում են՝ կայծակի՝ գյուղի էլեկտրակայանին շանթելու հողմակոծ օրը, վրացի Աբեզարայի կարմիր բիբերով շան՝ խնձորի այգում ոռնալը և մի գիշերում Օհաննայի ջրաղացից անհետանալը:
Գյուղում բարձր պաշտոններ ունեցող մի քանի հոգի՝ դպրոցի տնօրենը, ֆերմայի վարիչը, խոտնոցի պահեստապետը, ԷՄՏԷԷՍ-ի տնօրենը, էլի մի քանի մարդ, վիպակի գործողություններում ապօրինի կերպով ապրող կերպարների վարքը նույնացրել են իրենց հետ: Բոզության օրինակներ են բերում իմ իսկ ծնողների ապրած կյանքից: Հիշեցնում են, թե մայրս ինչպես էր լուսածիրային «ռակետը» գիշերանոցի մեջ դրած քնում, որպեսզի վրացի Աբեզարան չբռնաբարի իրեն:
Մալխաս հորեղրորս տղան, որ շրջկենտրոնում է աշխատում և իշխանավորների մեջ շատ բարձր դիրք ունի, մեղադրական հայցերի տակ ստորագրողներից մեկն է: Վիպակի ամսագրային տարբերակը ձեռքին մտել էր այն վրացիների տները, որոնց անունները շոշափվում էին գործում, ու նրանց համար, ոտքի վրա, տպված հայերենը թարգմանել էր վրացերեն: Դրանից հետո վրացիներն էլ սկսեցին անհանդուրժողական նամակներ ուղարկել: Գյուղի հայտնի մարդկանցից մեկը գրել է, թե՝ «Ճիշտ էիր պատմել, որ Հայկուշ տատիդ շնամսին շները հոշոտեցին ձեր արտում՝ Բախտիարի թմբի վրա: Նաև ճիշտ էր, որ խելքը կորցրել էր՝ գիշեր-ցերեկ, գարուն թե ձմեռ, թափառում էր հանդերում, բայց ճիշտ չէր, ճիշտ չէիր գրել՝ իբրև նրա՝ ինչ-որ բան որոնելու այդ հիվանդոտ սովորույթը կորցրած հարազատների ու Էրգրի կարոտից էր: Իմացած եղիր, որ դա անտերությունից էր, մերձավորների կողմից լքված անտեր պառավի որբությունից …»: Ինձ թվում է՝ քեզ հայտնի էր, և դու նաև գրած պիտի լինեիր, թե ինչքան էր խելքը թռցրել ու աննկատ, քաղցած մնացել, որ ինքն իր սեփական որդիներից հաց էր մուրում:
Քանի անգամ մայրդ փորձեց թույն խմեցնելով մեռցնել խեղճ պառավին: Թե չէ ինչի՞ նման է, մեկի մասին գրում ես, թե շները հոշոտեցին թմբի վրա, իսկ մյուսի՝ հորաքրոջդ՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսի մասին չես գրում, թե ինչպես վրացի Աբեզարան խեղդել տվեց թանգարան գնալու ճամփին: Հեգնանքով ավելացնում է. «Բա՜, մեր տղա, պիտի այս էլ իմանայիր …»:
Վրացական համայնքը լուրը բանավոր խոսքով եկող-գնացողի հետ է ուղարկել՝ իրենց դաշույնից արյուն է կաթում, եթե երբևէ համարձակվեմ գյուղ գնալ, անպայման հետս դագաղ տանեմ:
Գրականության ուսուցիչն էլ է նամակ ուղարկել, թե. «Սիրելի Օնան, չես պատկերացնի, թե ամսագրում տպագրած քո անգրագետ շարադրվածքի պատճառով ինչ ցավ է ոստոստում սրտիս վրա: Մեզանից ծծած ուսումը թող հարամ լինի քեզ: Չնայած այն գլխից էլ մի բարի պտուղ չէիր: Հիշո՞ւմ ես անվայելուչ խոսքը, որ դանակով խազել էիր գրատախտակին, ինչի համար էլ՝ մանկավարժական խորհրդի որոշումով երեք շաբաթով հեռացրինք դպրոցից: Թեպետ քո վիպակում քեզ արդարացնում ես, մեզ մեղադրում աննրբազգացության համար: Գրում ես, թե այդ անվայելուչ բառը ոչ թե դու, այլ ձեր դասարանցի Դերժինսկի անունով տղան էր գրել, իբրև դու նրան խղճացել ես, որովհետև բոյը կարճ էր, աղջիկները նրան մատնաչափիկ էին կոչում, և ինքն էլ անհայր էր, այդ էր պատճառը, որ մեղքը քեզ վրա ես վերցրել … ինչպես քո մյուս գրածները, այդ էլ էր սուտ: Տարիների հեռվից քեզ որպես հերոս ես ուզում ներկայացնել… դու էլ կարծում ես՝ մենք կհավատա՞նք:
Դերժինսկին՝ այդ հայր չտեսած տղան, որ հիմա ինքն է երեք զավակների ծնող, քո վիպակում՝ մեզ մեղադրող խոսքի կապակցությամբ, երբ մոտը պարզաբանող հանձնաժողով ուղարկեցինք, ինչպես այն ժամանակ, դարձյալ պնդեց, որ այդ անվայելուչ բառը դու էիր գրել: Չնայած հանձնաժողովը միաժամանակ պարզեց, որ եթե խեղճ տղայի բոյը մի կես սանտիմետրով էլ կարճ լիներ, նրան կսպառնար անպտղությունը: Մնաս բարով և մեզ այլևս չհիշես: Ինչին որ մենք օրհթնենք՝ օրհթնված է, ինչին որ անիծենք, անիծված է …»:
Հեռախոսազանգ էլ եղավ աշխատանքի տեղը: Զանգահարող մեր դասարանցիներն ասացին. «Ֆիլմադարանի տնօրենին ենք ուզում,– ասացին,– սպասիր, մինչև այս շաբաթվա վերջը կգանք»: Սպասեցի, երկու շաբաթ, երկու օր անցավ, նրանք եկան: Մեջքների կողմից՝ գոտկատեղերը, ատրճանակներ են խրել: Հանել, դրել են իրենց առաջ՝ իմ աշխատասեղանին: Ես էլ իմ ատրճանակը դրել եմ սեղանին՝ ձեռքիս տակ: Մեկ ժամ խոսել եմ գրականության, մարմին և շունչ առնող նրա մարդկանց մասին: Նաև՝ թե՝ «Կերպարների ճշմարտացի լինելը չի նշանակում երկրագնդի մեկ մարդու և մեկ գյուղի պատմություն»:
Օղի ենք խմում, ուսուցչի նամակից տողեր պատմեցի: Ծիծաղելով հիշել ենք, թե ինչպես Մեծ պատերազմին մասնակցած գրականության ուսուցիչը իր դասաժամին երբեմն ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի մասին էր խոսում, ուր դատապարտված էր եղել: Նրա պատմածով՝ մեկ էլ փշալարի վրա մի սոխակ է հայտնվում: Թռչունի դայլայլի նմանակությունը, որ հիմա անելու էր, խանգարող աղմուկը պատրվակ բռնած՝ մոտենում է իններորդ դասարանցի աղջիկներին, իբրև թե սոխակի երգը լսելի դարձնելու համար լռություն և անշարժություն է պահանջում, նրանց խոպոպիկներին ու ստինքներին ձեռք է դնում և այդ ակնթարթից աչքերը փակ՝ փշալարին կանգնած սոխակի երգն էր սուլում, երբեմն էլ նմանակությունը կոկորդային ձայների ծլվլոցով է առնմանեցնում:
Հետո, երբ բացում է աչքերը, նկատում տղաներիս կասկածամիտ հայացքները ձեռքերին, կրակից վառվողի պես ետ է քաշում, ուշքի եկած՝ հակառակություն չհանղուրժողի տոնով ասում է. «Փշալարին կանգնած այդ ծիտն էլ դեղին գույն ուներ: Ցորենի արտը ինչպես է աշնանը դեղնում, վառվող, մարդու ներսը հրդեհող դեղինով, այ, խոսքն էլ հենց այդպիսի դեղինի մասին է …»: Հիշելով պատմել ենք անցածը, ծիծաղում ենք: Երեկոյան վերադարձան գյուղ:
Երբ վաղուց մայրաքաղաքում բնակվող վեց եղբայրներից կենդանի մնացած ավագ, Տիրան հորեղբորս տուն հյուր գնացի, ասաց. «Այդ ի՞նչ էիր գրել, աշխարհին դուր գալու համար մարդ սեփական տոհմին գետնին կհավասարեցնի՞: Ես, որ ամբողջ կյանքս համեստ, խիստ, օրինակելի ու ամենաբարոյական ուսուցիչն եմ եղել, ես ինչպե՞ս թույլ կտայի, որ իմ տղան Մալխաս եղբորս խորթ աղջկա հետ կտուր բարձրանար, այնտեղ աճած ավելների ու փշերի մեջ էլ նրա ծծերը տրորեր: Թեկուզ աղջիկն էլ խորթ էր: Դու մտածե՞լ ես բարոյական պատասխանատվության մասին: Այստեղ՝ մայրաքաղաքում, այդքան աշակերտներ ունեմ, որոնք հիմի մինիստրների պաշտոններ են վարում, ի՞նչ կմտածեն իմ մասին, որ ես իմ սեփական որդուն չե՞մ կարողացել ղաստիարակել (թեպետ Հայաստան տեղափոխվելուց հետո նրան ոչ ոք չէր այցելում, չէր էլ ճանաչում): Ասաց,– իրականում խիստ պիտի լինեիր հորդ կերպարի նկատմամբ, բայց պահանջկոտ չես եղել: Չէ՞ որ մեր եղբայրներից կրտսերը նա էր, ինքն էր պարտավոր գերեզմանաքար դնել մեր ծնողների շիրիմներին: Իսկ նա, օրերով հարբած, շրջում էր գյուղերում և աղբյուրների մոտ առասպելներ ու ավանդապատումներ մեկնելով՝ ժողովրդին խռովահույզ էր դարձնում: Կոնստիտուցիայի համար էլ աննկատելի, խեղճ մարդ էր»:
Առարկություն չի հանդուրժում: Ասում է. «Դե, այդ դեպքում, թող մայրդ չհայտարարեր, բա ինչո՞ւ էր մայրդ նրա անհատակ ունեցվածքի մասին վկայություն տալիս ժողովրդի առաջ, թե նա հանդապահությունից ավելի շատ հարստություն է բերել տուն, քան իր ամբողջ կյանքում աշխատած, մնացած բոլոր տեղերից …: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ …»: Դարձյալ չի ցանկանում առարկություն լսել…: Ամբողջ դրամական ծախսերն ինքն է արել ու գերեզմանաքար դրել: Մետաղյա, մի թիզ բարձրությամբ, կարճ՝ մի քանի ոտ երկարությամբ ցանկապատ է կապել, իսկ կենտրոնում՝ լուսանկարով մարմարե մի փոքրիկ քար է կանգնեցրել: Բայց միայն հոր վրա, ամեն ինչ արված է այս կյանքից հեռացածների համար՝ օրինապահների անվրեպ մտքով: Միայն թե չափերն են փոքրացրած, թվում է՝ այդտեղ մի քանի ամսական մանուկ է հուղարկավորված, իսկ Հայկուշ տատիս շիրմաթումբը ցանկապատի մեջ չի վերցրել, որ հայրս գյուղի առաջ ամոթով մնար, և նրա համար, որ ոչ միայն սուրբ չէր, այլ նաև տատս իրեն մի տարեկանից էր խնամել՝ խորթ մայրն էր …: Ասաց. «Ահա թե ինչ, Օնան, լավ շարադրանք չանելու համար քեզանից շատ խիստ նեղացած եմ, այլևս ոտք չդնես իմ տունը»:
Նրան սիրում էի: Վեց եղբայրներից միայն ինքն էր ողջ: Հորս նկատմամբ տարեցտարի սաստկացող կարոտը մեղմելու համար հաճախ էի նրան այցելում: Ձեռքերի կապույտ, դուրս ցցված երակները, լայն ճակատը, հուզվելիս՝ ներքևի շրթունքի դողալը, սափրվելիս՝ միշտ ձախ այտի ելունդը կտրելը այնպիսի հազվադեպ ճշգրտությամբ էին կրկնում հորս, որ նրա՝ ինձ տանից վտարելուց հետո ընկճվածությունն ու ստամոքսիս սուր ցավերը մի քանի ամիս չէի կարողանում հանդարտեցնել:
Ինձանից դուրս էր դեպքերի այդ ուղղությամբ ընթանալու պատճառը: Ստեղծողի մոլագար դողն էր բռնել ինձ՝ կյանքի մանրամասներից դուրս քաշել մարդու ճակատագիրը, դնել գեղարվեստական հոսքի մեջ: Բառը, նախադասությունը շնչավորելու կախարդանքին տիրապետելու ձգտումը կուրացրել էր: Արվեստը դիպվածը չէ, որին գումարվում է հորինելու կարողությունը: Գրածս ամբողջ կյանքում դժվար մենությամբ վաստակած իմ ներսի խաղաղության միջով անցած գյուղի պատմությունն է, ծնված անվերջ հրաժարումից և լիակատար խաղաղության խորհրդից, իմ կենսագրությունը դարձած պատմություն այն մարդկանց մասին, որոնք ենթագիտակցորեն պահպանվում էին իմ գեղարվեստական հիշողության մեջ: Ժամանակ էր անցել, և հեռվից դիտելու իմ կարողության, տեսնողի աչքին համապատասխան կենսագրությունները, մարդիկ վերստեղծվել էին նորից:
Այդպես է՝ իմ զգալը, հայացքը, մահը, սարսափը, ապրելը՝ նրանք վերափոխվում են ինչ-որ մեկ ուրիշ՝ գունային մտածողության, իսկ այդ երկուսի` կյանքի և գունայինի` կրակների արձակած ջերմությունների իրարից տարբեր լինելը միայն ես կարող եմ որսալ:
Անգամ այն մարդիկ էին ինձ նզովում, որոնց մասին ոչինչ չէր գրված: Կարդացել էին վիպակը, հաստատապես համոզված էին, որ նրա հանգույցներում իրենք իրենց են տեսել՝ մի պատմություն, որ դիտավորությամբ հորինված կեղծ հերյուրանք է՝ իրենց ցեղի, ազգի, տոհմի դեմ: Ու իրար ետևից անդադար գալիս էին սպառնալից, ոխակալ նամակները:
Գիշերները անքուն, գլխացավերով էի անցկացնում, աչքերի մեջ արյուն էր իջնում, լուսնոտի՝ քշվող քայլքով շրջում էի տեղից տեղ, զայրանում էի, որովհետև, եթե նույնիսկ գյուղին անծանոթ մի պատմություն, կերպարներ էլ հորինեի և իրենց նման խեղճուկրակներին էլ, որպես գործող անձինք, դնեի գեղարվեստական կառուցվածքի մեջ, եթե ես չցանկանայի, անգամ իրենք իսկ իրենց չէին կարող ճանաչել և, ընդհանրապես, նրանց համար գուշակելն էլ անհնարին կլիներ, թե ով ով է: Առօրյայի իմ ընկալումը կարող էր նաև այդպես ձևափոխվել, որը հետո վերափոխվում էր գեղարվեստական խոսքի:
Սպասված ճանաչումն ու փառքը, որ գրականությունն էբ բերելու, չկար: Նզովք, սպառնալիքներ: Ընկճվածությունը և հուսահատությունն է ափեափ լցվում:
Գնում եմ նրա մոտ: Ինչ գործուղումից վերադարձել ենք, Աննային չեմ տեսել: Զանգահարել եմ, գիտեմ՝ լեռներում, անտառի մեջ, հանգստյան տանն է: Նստեցի մեքենան, գնացի: Մինչև մութն ընկնելը թափառեցինք անտառում: Առաջին անգամ համբուրվեցինք: Շաղկտիկը երգեց թփերի մեջ, հետո մութն էլ իջավ:
Աննան բազմոցին է պառկած, գնացի նրա մոտ, դարձյալ համբուրվեցինք, գլուխը բազմոցի թիկնակին է, նկատեցի՝ բարձ չկա. մահճակալի վրայից բարձը բերեցի, համբուրվեցինք, հետո հեռուստացույցն անջատել էր պետք, հետո լույսը, հետո` պատի ջահը: Գնում-գալիս եմ: Աննան միանգամից տրվեց, լացելով՝ առանց դիմադրության, որ զգեստը որ հանում էի նրա վրայից, հանվում էր, որ տեղը շոշափում էի, շոշափվում էր: Աննան լաց է լինում, հեկեկում է, իմ համբույրներն անմասնակից են մնում:
Սրտիս զարկերն էլ չեն խփում պտուկներիս մեջ: Ընկճվեցի: Անընդհատ հսկում եմ, որ չլքվեմ, չթողնեմ ինքս ինձ: Այնպես եմ աշխատում չփակվել, չթողնել ինձ, անընդհատ լինել Աննայի մոտ: Այդ ցանկությունն ավելի է կենտրոնացնում կատարվելիքի վրա: Հասկացա՝ լքվել, ինձ թողնելուց հետո կանգնել եմ քիչ հեռու, ինչպես կողքի կանգնած մարդը, հետևում եմ իմ ամեն մի շարժմանը: Բռնացրեցի, ես ինձ բռնացրեցի հաշվարկ անելիս, որ հաշվում եմ իմ վերից վար շարժումները: Հուսալքվում եմ, փորձում եմ մտածել Խաղաղ օվկիանոսի մասին, դրանից ամեն ինչ ավելի վատթարացավ, քանի գնում, ավելի վատ ու վատ է դառնում:
Աննան ասում է՝ մի գնա: Դարձյալ լաց է լինում, դեմքը առա ափերիս մեջ, համբուրեցի շուրթերը, արցունքի աղոտ համը զգացի, ամաչում եմ: Հագնվեցի: Խոհանոցում սառնարանը միացավ, սառնարանի զնգռտոցը: Պատուհանը բաց է, մթան մեջ՝ ծղրիդի կանչը:
Մինչև հիվանդանոց հասնելս լույսը բացվեց: Բուժքույրերը գնում են հերթապահ բժշկին կանչելու, արդեն փոշմանել եմ, որ հիվանդանոց եմ եկել: Այդ պահին նա եկավ: Օգսենն իմ դեմքի արտահայտությունը լավ գիտեր, տեսավ՝ չեմ կարողանում խոսել, ասաց. «Պիտի որ արտակարգ բան պատահած լինի»: Ժպտալով էր խոսում, ասաց. «Վիրահատարանում հենց նոր մարդ մահացավ, շշմել էի, միջանցքներում թափառող դեղին աչքերով մի կատու, նրա հոգեվարքի պահին, չեմ կարող նկարագրել, դժվար է այդպիսի մլավոցը հասկանալ, տարօրինակ կանչով իրեն խփեց պատին …»: Ինձ ասում է. «Այ քեզ բան, պիտի որ արտակարգ բան պատահած լինի քեզ հետ»:
Պատմեցի, լսեց, ժպտաց, ասաց: Ժպտալով էր խոսում, արևն էլ նոր էր ծագել, առավոտի տաքը բուրում էր. «Հիմար բան է մտքովդ անցնում, բժշկությունը հաստատում է, որ բոլոր տղամարդիկ էլ երբեմն այդպես ընկճվում են, նորից գնա նրա մոտ»:
Ճնճղուկները ծառերից ու պատերի ճեղքերից իջել գետնին, ասֆալտի վրա փշրանքներ են կտցում, պստիկ ոտքերի հնգամատ կարմիրը միստիկ է:
Աննան սպասում էր, վազելով եկավ, հենց մեքենայի դուռը բացեցի, փաթաթվեց, ասաց. «Գիտե՞ս, կյանքում ես այդքան երջանիկ չէի եղել, գիտեի, որ կգաս: Քո գնալուց հետո մարմնիս մեջ դող կար, մինչև լույս լացել եմ, բազմոցն ու սրբիչը թրջվել են»: Ասացի. «Նստիր մեքենան, գնում ենք լեռները՝ ուրց քաղելու»:
Հետո այդ ուղևորությանը վերաբերող պատմությունը մեկ ուրիշի՝ Փառանձեմի համար գրվեց, բայց Աննային էր վերաբերում: Իրականում Աննային ավելի շատ էի սիրում, բայց պատմավեպում գրեցի Փառանձեմ թագուհու համար»
«… Առաջին գիշերը, երբ Արշակ արքան գնացել է Փառանձեմի մոտ, նա բազմոցին է պառկած եղել ու շուտ է մերկացել՝ աչքերը թաց, քիթ–բերանը թաց, մազերը թաց, ստինքները թաց, ամբողջովին թաց, մարմինն էլ է լացած եղել: Արշակ արքան պառկել, պառկել է նրա կողքին ու թողել–գնացել է: Առավոտյան Փառանձեմի մայրապետը եկել է նրա շորերը հագցնելու, տեսել է բազմոցը ջուր, Փառանձեմը` ջրի մեջ: Ձեռները ծնկներին է խփել, ասել է. «Վույ, կուրանամ, էս ինչքան է լացել,– ասել է,– նա չի կարողանում թագավորին սիրել, որովհետև նրա մարմինը թուխ է, ինքը՝ թավամազ»:
Հաջորդ օրը, բաց դաշտում զինավարժությունների ժամանակ, գնդից գունդ անցնելու պահին, զինվորների հետ խորոված ուտելու, գինի խմելու, հարճերին պարեցնելու, նրանց հետ գինարբուքի պահին, հանկարծ թևերը թուլացել են. Փառանձեմի մասին է մտածել թագավորը:
Գիշերը դարձյալ գնացել է նրա մոտ, նա բազմոցին է պառկած եղել ու շուտ է մերկացել, աչքերը շոշափել է՝ պաղ, քիթ–բերանը շուրթերի մեջ է առել՝ պաղ, մազերը դեմքին է հոսեցրել՝ պաղ, լեզուն ստինքներին է հպել՝ պաղ, մատների տակ ողնաշարի փոսիկներն ու հետույքը՝ պաղ, ամբողջ մարմնով օտարացած է եղել: Արշակ արքան պառկել, պառկել է նրա կողքին ու թողել, գնացել է:
Առավոտյան Փառանձեմի մայրապետը եկել է նրա շորերը հագցնելու ու մարմնի խնամքը հոգալու: Տեսել է՝ բազմոցը ջուր, Փառանձեմը ջրի մեջ, զնգռտոցից կուրծքն է պատռվում: Իսկ դրանիկ ծառաները, աղախիններն ու պալատական ազնվականները զարմացած են այդպիսի գիշերից, այդպես թագավորին տրվելուց, այդքան անկարող կին ու թագուհի լինելուց: Մայրապետը ծնկներին է խփել, բազմոցին լճացած արցունքներն է սրբիչով արծաթյա կոնքի մեջ հավաքել, ասել է. «Նա չի կարողանում թագավորին սիրել, որովհետև նրա մարմինը թուխ է, ինքը՝ թավամազ»:
Հաջորդ օրը, առավոտյան Արշակ արքան ախոռապետին ասել է. «Կառքը լծեք, գնում ենք ուրց քաղելու»: Սպիտակ կառքն ու սպիտակ ձիերը երեք օրվա ճանապարհ են կոտրել, եկել–հասել են Արագածոտն, բարձրացել Ամբերդ: Փառանձեմ թագուհուն բերդի շինություններն ու կամարներն է ցույց տվել: Մտել են եկեղեցի, ու սրբապատկերների աչքերի առաջ թագուհու շուրթերն է համբուրել: Բերդի տիրոջը՝ կայազորի պետ Զարմայր նախարարին չի լսել, նրա մոտ չի հյուրընկալվել, ոտքերի տակ մորթված սպիտակ ցլի տաք արյան եռոտանու մեջ լցվելուն չի սպասել, թիկնապահներ ու ծառաներ չի վերցրել, ասել է. «Գնում ենք ուրց քաղելու, թագուհին ուրց է ուզում»: Գնացել, հասել են դաղձախառն աղբյուրներին, արևից շիկացած քարերից հալվող, կաթկթացող քարաքոսներին ու թավալվել են ուրցի մեջ: Հետո սև, մութ ամպեր են հորդառատ հոսելով եկել, ցածրացել, քամին ու փոթորիկը ցընցել, գետնից պոկել ու գետին են գցել կառքը, թափահարել ու արթնությունը քնի են նմանեցրել, քիչ է մնացել՝ վերցնեն կառքը, գցեն ձորը, ու հորդառատ անձրևը շփշփացրել, շրմփացրել է կառքի տանիքը. լեռներից, սարերից, անդունդներից ու երկնքից եկել, ուժ է կուտակվել Արշակ արքայի մեջ, ու նա ճկվել–բացվելով, սրթսըրթալով, գալարվելով ու դողալով պառկել է կառքի հատակին, Փառանձեմի հետ այնքան ժամանակ, մինչև որ թագուհու մեջքը փորից փափուկ է դարձրել: Ու երբ բացել են կառքի դուռը, պայծառ, թանձր դեղինով արև է եղել, հենց կառքի դռան առաջ, տաք արևի մեջ, ճաղատ, կարմիր մորուքով հովիվն է կանգնած եղել, իսկ հովվի առաջ՝ չորեքթաթ տալով, կառքից դուրս եկող՝ երկու մերկ մարմին: Հովիվն ասել է. «Կառքի վարագույրներն էլ փակ էին, կառքի միջից ահավոր վնգստոց էր գալիս, հալածված շան վնգստոց, ես ասի՝ մեր շներից են գողանում»: Հետո կառքի զինանշանն է նկատել ու փռվել ծիրանին ուսերին գցող Արշակ թագավորի ոտքերի տակ, ասել է. «Տեր, ներող եղիր խոսքերիս համար, իրոք, անցյալ շաբաթ քոչվորները մեզանից շուն էին գողացել»: Կարմիր մորուքով հովիվը նրանց գավով կաթ է հյուրասիրել: Արշակ թագավորը, երբ վերցրել է Փաււանձեմ թագուհուց կաթով գավը, գգացել է, որ նրա ձեռքերից տղամարդու սերմի, կավի և ուրցի բուրմունք է գալիս: Հետո նրանք Արագածից ցած են իջել, ու նրանց հետևից անձրև է բռնել, նրանց հետևից անձրևը եկել, իջել է բերքատու դաշտերին, հանդերին և պտղատու այգիներին: Ամբողջ մի շաբաթ անձրև էր գալիս, իսկ տարին երաշտով էր սկսվել, եթե Արշակ արքան ու Փառանձեմ թագուհին տարվա այդ եղանակին լեռները չբարձրանային, հայոց աշխարհում սով կլիներ, ու չէր ծնվի Պապ թագավորը: Գետնի տակ սգում էր դժոխքը, իսկ վերևում ցնծում էր երկինքը»:
Այս ամենը Աննայի մասին է, բայց վերագրում էի Փառանձեմին: Այդպես էլ եղել էր, բարձրացել էինք Արագած: Մեքենայի փակ թափքում մեջքը փորից փափուկ դարձնելու պատմությունն էլ, շան նման վնգստալն էլ եղել էր: Կարմիր մորուք հովիվը քարով ծեծել էր մեքենայի թափքի փակ դուռը, ստուգել էր, թե այնտեղ գողացված շուն չկա ու չորեքթաթ տվող երկու մերկ մարմին էր տեսել, գավով կաթ էր հյուրասիրել. այս ամենը ճիշտ էր, ճիշտ էր նաև այն, որ Աննայի ձեռքերից առել էի սերմի, ուրցի ու կավի բուրմունքը …
Ծխեցի: Աննան էլ է ծխում: Պատմում է գործուղման ժամանակ Մոսկվայի հյուրանոցում հանդիպած ֆրանսիացու մասին, որը հիմա Հայաստան է եկել:
Վախենում եմ, միանգամից առաջարկում եմ երեխա ունենալ: Ափիս տակ՝ փորը, պորտն եմ շոշափում, իմ մեջ բարձրանում է ծանր տաքը:
Ասում է. «Ո՞նց կլինի, հայրս շատ ծեր է հայր չունեցող թոռնիկի տառապանքը տեսնելու համար»: Պատմում է, որ ոչ այնտեղ՝ Մոսկվայում եղած ժամանակ, ոչ էլ այստեղ՝ գիշերը չի հոժարել ֆրանսիացուն:
Տեսնում է աչքերիս մեջ միանգամից իջած փոփոխությունը: Այնպես եմ անում՝ չլքվեմ իմ միջից, չփակվեմ, «չթողնեմ ինձ», լինեմ Աննայի մոտ: Այդ պատճառով ավելի եմ կենտրոնանում, թե ինչ է պատահել: Խփում եմ դեմքին. հասկացա, որ ինչպես կողքի կանգնած մարդ, հետևում եմ իմ ամեն մի հարվածին, ասում եմ՝ էլի շարունակիր, հաշվում եմ: Նա խոստովանում է, որ ֆրանսիացուն հոժարել է ամուսնության առաջարկություն ստանալուց հետո: Ասում է.
«Բայց քեզ եմ սիրում»: Դրանից ամեն բան ավելի է խճճվում, քանի գնում, վատ ու ավելի վատ է դառնում:
Գոռում է. «Աղաչում եմ, միայն թե փորիս մի կանգնիր»:
Ընկած է: Իմ ետևից չեկավ: Հեռվում՝ քարին նստած, թիկունքով իրեն՝ ծխում եմ:
Մտածեցի՝ Աննայի բուրմունքից է, ծխելուց է, լեռան բարձրության վրա թթվածնի նոսրությունից էր խաբվելս:
Իմ անունն է գոռում՝ շրջվել եմ, կարմիր մսագունդ է ընկած: Ինձ ավելի ուժեղ ցավ պատճառելու համար ուժեղ ճչում է՝ քոնն է:
Ինքն ընկած է, լուռ է: Սկզբից մեքենայի փայլփլուն դեղինի արյունոտ ձեռքերի դաջած կարմիրը տեսա, արտույտի երգ էլ էի լսում՝ ընդհատ-ընդհատ, երբ միանգամից դեպի ուղեղս հոսող արյունը խցանում էր ականջներս, թոքերիս խզզոցն էլ էի լսում, արդեն հողի վրա լճացած արյուն կար: Աննային վերցնում եմ ձեռքերիս վրա: Ոտքերի արանքից տաք արյունը լցվում է թևերիս, փորիս: Բաց կարմիր եմ:
Զեփյուռն է շնկշնկում:
Երկու անգամ ուշաթափվում է: Վայրկյան վայրկյանի ճշգըրտությամբ հասանք հիվանդանոց:
Դարձյալ այդ ամիսներին էր, որ ոչ մի կաթիլ անձրև չէր ընկել: Հարթավայրի դաշտերում աշխատող տղամարդիկ ու կանայք, չնայած մերկ էլ չէին, դեմքերի գույնր սև, դեղնած էր, կաշիները չորացել էր ձիգ ու շոգ բռնած երաշտի պատճառով:
Այդ օրը մեր ետևից հորդառատ անձրև էր եկել:
Սարսափելի բան կար, ի՞նչ էր դա: Աննան վախեցնում էր իմ մեջ ապրող` տարիների ցնծությունից ու աղմուկից զտած խաղաղությանը, որից պիտի ծնվեր գրողն ու մեծ գիրքը:
Ուժերը, որոնց ես ամբողջ մի կյանք որոնում էի ինքնահրաժարումով, չէին ընդունում ոչ սիրո, ոչ էլ կնոջ պաշտամունք դառնալը:
Գրողին այդքան փայփայելն ու մշտապես խնայելն էլ մեզ լավ բանի չի հասցնի:
Ընդվզում էի: Աննան էլ արդեն զգում էր, թե ես իրեն ինչը չեմ կարող տալ: Դրա համար էլ, երբ զենքը ուսիս արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ վեց ամիս թափառելուց հետո վերադարձա, նա չկար: Հասկացվեց անդառնալին. ամուսնացել էր և մեկնել Ֆրանսիա:
Փեսացուն արդեն մեր ընդհանուր ծանոթն էր, ավելի ուշ Աննան ինձ ծանոթացրեց նրա հետ: Երբեմն Աննային ու ինձ ռեստորան էր հրավիրում: Մեր բանկերից մեկի, թե՞ ինչ-որ բարեգործական ֆոնդի աշխատակից էր, թողել էր աշխատանքը: Նա այդ բանը Աննայի համար մի անգամ էլ էր արել, երբ Մոսկվայից եկավ:
Ես չեմ կարողանում մենակ մնալ: Առաջին օրը վերջնական հարբած, մնացած վեց օրը անզգա՝ մահճակալին եմ՝ մեծ գործարանի հաշվապահուհու տանը: Ամուսինը լայնեզր գլխարկը վերցրել, գնացել է առողջարան: Յոթերորդ օրը նա էլ ինձ հետ անկողին մտավ: Մերկ էր, բայց կարծես հագուստով լիներ: Մեջքիս վրա, աչքերս փակ, գուշակելով որոնում եմ, թե ինչ է դա: Քրտնել եմ, ջուրը հոսում է, անընդհատ հեղուկ եմ ուզում: Հոդերս են: Ասում եմ. «Չեմ սխալվում, հաստատ ինչ-որ բան կա»: Նա՝ թե. «Ի՞նչ պիտի լինի»,– ինքն է ինձ ներարկել, ասում է. «Ներարկվելուց հետո զգայարաններդ նրբացել, ամեն պատահական բան ընկալում են»: Գդալի մեջ պղպջացող հեղուկի բուրմունքից, քրտնած մարմինս համբուրելուց՝ ինքն էլ մի քիչ արբած՝ մշուշոտ է: Քրտինքս աչքերս է լցվում, սրբիչով չորացնում է ճակատս, կուրծքս: Ոսկորների մեջ ծուծքը հրդեհվել, տոթը փչում է շուրթերիս, կոկորդս չորացրել է, հեղուկ եմ ուզում: Նարինջ էր, թե` կիտրոն, շուրթերիս կպցրեց: Միանգամից վեր թռա, նստեցի մահճակալին: Ինքն էլ վախեցավ, ասացի. «Ցույց տուր ափդ»: Չի բացում: Ասում է, քրտնած մարմինս վերից վար համբուրելուց, թաց բուրմունքս անընդհատ շնչելուց չկենտրոնացած, թալկացած, ասում է. «Ամաչում եմ, այնտեղ եղածը մի արտասովոր բան չէ, պարզապես ամաչում եմ»: Բռունցք արած ափը ճզմելով բացում եմ, գործարանի չհրկիզվող պահարանի ոսկեդեղին բանալին է: Հագնվում եմ: Խնդրում է, որ մնամ. «Դա անմեղ սովորություն է, բանալուն կարևորություն տալ պետք չէ»: Հագնվում եմ, դուռը բացում եմ, ասում եմ. «Դա ինքը՝ երրորդն է»:
Դարձյալ հեռանալ, գնալ էր պետք, այնպիսի մի տեղ, ուր կրկին խավարի, մենության, սուզումի, լռության մեջ զգայի իմ ներսի գիրքը: Երկու ամիս է՝ փակվել եմ ստեղծագործական տանը, այդ պատմավեպն եմ գրում, իմ ու Աննայի հետ պատահածը վերագրում եմ Փառանձեմ թագուհուն:
Հանկարծ Սրբուհին եկավ, հասավ ինձ մոտ:
Հասել է այդ հեռուն, եկել է, հիմա ամաչում է ներս գալ: Ճամպրուկի մեջ գույնզգույն գիշերանոցներն էին խցկված, բուրմունքով սուրճ, տասը-տասնհինգ հատ էլ նարինջ: Անընդհատ նարնջի և լիալուսնի մասին էր խոսում: Համբուրվեցինք՝ պաղ, խավոտ քրտնած է: Ճամպրուկից խառնիխուռն գիշերանոցներ, ներքնաշորեր հանեց՝ պահել էր այդ օրվա համար: Րոպեն մեկ վազում է պատուհանի մոտ՝ տեսնի՝ լիալուսին կա՞, հետո նարինջը, դարձյալ նարինջը, մաքրում է, ափի միջից կերակրում: Նարինջը՝ դեղինը նյարդերիս մեջ մխրճվելով էի ընկալում՝ դեղին, դեղին-դեղին էր նաև նրա վազքը դեպի պատուհանը: Ասաց. «Լիալուսինը հիմա դուրս կգա, գիշերանոցս հագնե՞մ»: Չգիտեմ՝ որտեղից կարդացե՞լ, թե՞ լսել է, որ կանայք լիալուսնի ժամանակ են հղիանում, եթե գիշերը բուն չվայի: Երևի տարիքն առած կանանց սովորությունն է՝ կուսությունը կորցնելուց առաջ թևատակերից քրտինք է գալիս, վախը հաղթահարելու համար նարինջ ու լիալուսին են ասում:
Արագ, առանց դադարի խոսում է. «Օնան, օրինակ ինչի՞ համար պիտի քեզանից երեխա չունենամ: Ինչքան էլ դու ուրիշ կնոջ հետ ես ամուսնացած, ընկերուհիներս ասում են՝ վերջիվերջո երեխան Օնանի նման մեծ մարդուց կլինի: Ասում են՝ թող էլ անհավատարիմ լինի, կամ անհայտ ճակատագիր ունենա, ո՞ր արվեստագետն է իր մահով գնացել: Ասում են՝ մեկ է, էլ չես ամուսնանա, ասում են՝ մի քանի տարի հետո այլևս էլ չես կարող երեխա ունենալ, քեզ հենց այդ մարդն է պետք, հենց այդ մարդուց երեխա է պետք: Ասում են՝ կանացի խաղերով հիշեցրու, Օնանի՝ ջահել ժամանակ քեզ սիրահարված լինելը, ձևացրու, թե այն ժամանակ նրան մերժելը, հիմա դու հասկացել ես, եղել է քեզ համար ճակատագրական սխալ, որ եղել ես ջահել ապուշի մեկը, որ ընկճված ես, ծնկաչոք հասել ես նրա մահճակալին: Ասում են՝ աղջի, անպայման այդպես արա, մեղք ես, մի քանի տարի էլ կանցնի, չորս պատի մեջ մենակ բուի պես կմնաս: Իսկ տղամարդիկ մեղանչող կանանց սիրում են»:
Կոնքի վրա շրջազգեստի կոճակն է արձակում, սպիտակ ոտքերի շուրջը թափվում է շրջազգեստը՝ կլոր ալիքվելով, կարծես գորտ է ցատկել ջուրը: Գիշերանոցը հագավ, փեշին մի քանի հատ արտախուր-խավարտի և խավարծի խոտ էր կարված: Հարցնում եմ. «Դա ինչի՞ համար է»: Ասում է. «Դու չգիտե՞ս, սրանք հմայիլ բույսեր են, ապահովության համար, եթե հանկարծ այնպես պատահի՝ բուն վայի …»: Որտեղ որ դաս էր տալիս, այդ գյուղի պառավներից մեկն էր սովորեցրել: Համբուրվում ենք: Դուռը ծեծեցին: Օգսենն է, ցերեկը զանգահարել էր, կոնյակ էի խնդրել: Երեքով կոնյակ ենք խմում, ուզում եմ հարբել, պրծնել: Օգսենը զուգարան է գնում, նա դարձյալ տեղից ցատկեց, նայեց պատուհանից, ասաց. «Լիալուսինը հիմա դուրս կգա, այսօր պիտի որ դուրս գա, ես հաստատ գիտեմ, նայել եմ լուսնային օրացույցը»: Համբուրում է շուրթերս: Դարձյալ նարնջից. «Եղբորս մանչուկի պուպուլը տեսել եմ, ամորձիքը ոնց որ փոքրիկ, փոքրիկ նարինջներ: Ճիշտ չէ՞, Օնան, նման են»: Օգսենն եկավ, դարձյալ խմեցինք: Ասացի. «Սրբուհուն, որպեսզի առավոտյան դասերից չուշանա, քեզ հետ քաղաք տար»: Հետո երկար լռություն իջավ, Սրբուհին զգեստները հավաքում է ճամպրուկի մեջ, թևատակերի քրտնքի սևը մեծանում է՝ ավելի սաստկացնելով լռությունը: Հետո Օգսենի մեքենայի լուսարձակները ճեղքեցին գիշերվա մութը, նրանք գնացին:
Արդեն լուսանում էր, վերջացնում էի նոր գրքի՝ Փառանձեմ թագուհուն վերաբերող հատվածը, որ Աննայի հետ էր պատահել:
Կոնյակի շիշն էլ, ծխախոտի տուփերն էլ դատարկ են: Նիկոտինով հագեցած շնչառությունս ծանր է, սրտիս զարկերը քանի գնում, հարթ, թելանման են դառնում:
Հեռախոսը զանգեց, ավելի ուշ գլխի ընկա, որ հեռախոսն է: Սրբուհին ասում է. «Խոզ ես,– ասում է,– ամբողջ գիշեր պատուհանից նայել եմ, լիալուսին ու լիալուսին էր»: Երկնքին ես էլ էի նայել, գիտեի, որ ամբողջ գիշերվա ընթացքում լուսինը դուրս չեկավ:
Սրբուհին չգիտեր, չէր տեսնում, որ իմ ներսում, մեծ խաղաղության մեջ, վերջապես փայլատակել էր ամբողջ մի կյանք սպասված գիրքը, այդ պտուղը չէի կարող տալ որևէ մեկին:
* * *
Հայրենի գյուղից դեռ նամակներ էին գալիս տպագրած վիպակի ամսագրային տարբերակի համար: Միաժամանակ մոտենում էր այդ գործի՝ ամբողջական գրքով հրատարակվելու օրը:
Մինաս եղբայրս տրակտորիստ էր գյուղում, աղերսագին գրում էր. «Այլևս չտպագրես այդ վիպակը,– գրում էր,– որպես ապրողներ՝ մեզ էլ նկատի ունեցիր և լույս աշխարհ մի հանիր այդ պատմությունը»:
Ուղեղի բորբոքումով գրված, ոխակալ վրեժի տենդով բռնկված նամակները դեռ էլի գալիս ու գալիս էին, ավերում էին իմ՝ տարիների փորձով կուտակած խաղաղությունը, ինչով ես սնվում էի:
Չէի ցանկանում ինքս ինձ խոստովանել, որ հենց այդպես է վտանգը մոտենում: Երևակայությանս մեջ չէի էլ կարող նկատել այդ բացասական ուժերի կործանիչ փայլատակումը: Քանի որ վիպակում գեղարվեստը կենդանի էր, բառը՝ ինքնատիպ, նախադասության շնչառությունը, պատկերները, կերպարների ամրությունը ստացված, ինքս զարմացած էի նրանցով, չէի կարող խորհրդավորից հրաժարվել, այդքան բան մեռցնել: Բայց գիտեի նաև իմ երկրի սովորույթները. բնազդը հուշում էր, որ այնտեղ՝ գյուղի ակումբի նրանց հավաքներում, իմ անունն են անընդհատ տալիս:
Գիրքը տպագրվեց. նրա լույս աշխարհ գալը համընկավ հազար ինը հարյուր ութսունութ թվականի ձմռան վերջին ամսվա հետ, երբ Հայաստանը պիտի հայտնվեր մի նոր կերպարով և անցներ անդունդների եզրով: Ձմռան վերջին՝ փետրվար ամսին, երբ դեռ օրերը ձյունախառն են լինում, օպերայի բակում, որ «Ազատության հրապարակ» անվանվեց, ուր գրանիտե հաստատուն պատվանդանների վիա նստած են ազգի մեծերի արձանները, հանկարծ լսվեց ահեղաձայն պայթյուն, սարսափելի մի դղըրդոց, ինչը երկրի չորս ծագերում լսեցին, որը նման էր հազար ինը հարյուր տասներկու-տասնհինգ թվականների խլացուցիչ շառաչին:
Ամրակուռ, կարմիր մամռածածկ պատը փլվեց, որը ստեղծվել էր քարոզչական մեքենայի երկար տարիների անխնա աշխատանքով:
Դա Հայաստանի ու նրա մարդկանց կերպարանափոխության փուլն էր: Խորքում անհետանում էր տեսանելին, փոխարենը հայտնվում էր առեղծվածային անըմբռնելին, բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե այդ անրմբռնելին ինչ է լինելու և ինչ ճանապարհով է անցնելու, քանի որ և՛ հավատը, և՛ վստահությունը դեռ չէր ճշտված նորերի նկատմամբ, ովքեր առաջնորդելու էին պետությունը: Նրանք ևս հազար ինը հարյուր տասներկու-տասնհինգ թվականների ոգով խանդավառված՝ մի հեղափոխություն էին սկսել՝ առանց իսկ մշակված ազգային ծրագիր ունենալու:
Ժողովրդին այրել էին հայրենասիրական կարգախոսերով, բայց առանց հարցնելու, նրան մասնակից էին դարձրել արդեն նշմարվող փորձություններին. այդ անորոշության պատճառով ավելի էր սաստկանում վախն ու հուսահատությունը:
Համարձակախոսներին արհամարհեցին: Ողջախոհներին լռեցնում էին:
Մի թերթ խորամանկություն արեց: «Տեսակետ» խորագրի տակ, խոշոր գլխատառերով «ԴԱՎԱՃԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ» վերնագրով մի նյութ տպագրեց, բայց իրականում համեմատական վերլուծություններ էր անում այսօրվա իրադրության և հազար ինը հարյուր տասներկու-տասնհինգ թվականների հեղափոխական-ազատագրական շարժման միջև, թե ինչպես Արևմտյան Հայաստան հասած վեց-յոթ ջոկատներ ազատագրական գործունեություն ծավալեցին: Մտերմիկ հարցնում էր. «Եղբայր, արդյո՞ք հարցրել էիք երեք հազար տարի իր հողի վրա ապրող հային՝ ինքը ցանկանո՞ւմ է ազատագրվել: Հիշում էր Մաղաքիա Օրմանյանին, թե նրան մի քանի հեղափոխականներ ինչպես ծեծեցին սեփական տան պատի աակ, որովհետև միայն նա էր, որ սթափորեն զգուշացնեմ էր հեռու մնալ արկածախնդրությունից: Հետո փաստերով գրում էր այդ թվականներին այնտեղ ապրող բնակչության թիվը, հետո՝ թե նրա աճը ինչքան կլիներ մինչև հազար ինը հարյուր երեսունինը-քառասունհինգ թվականների երկրորդ համաշխարհային մեծ պատերազմը, ու հարցնում էր՝ պատկերացնո՞ւմ եք, եթե չլիներ տասներկու-տասնհինգ թվականների անհեռատես հեղափոխական գործունեությունը, մենք քառասունմեկ-քառասունհինգ թվականներին ի՞նչ ռեալ հնարավորություն կունենայինք Արևմտյան Հայաստանը, գերաճած բնակչության ցանկությամբ, ազատագրելու, երբ այդ ժամանակ պատերազմում հաղթանակած գերպետությունների համակրանքը մեր օգտին էր … Այսպիսի անստորագիր հոդվածների ու ժողովրդի մեջ պտտվող կարծիքների պատճառով թուլանում էր նրա վճռականությունը. ոչ հավատը, ոչ էլ վստահությունն էր լիարժեքավորվում ապագայի նկատմամբ:
Շատ արագ էլ թաքստոցից դուրս եկան ցուրտը, սովը և պատերազմը, բայց դեռ որևէ մեկի կողմից չգիտակցված անմերձենալին կար, Հայաստանը՝ հեռուներից, համամարդկային պատմության ընթացքով եկողը: Անկասկած էր՝ ինչ էլ դառնար այն, դարձյալ պիտի մնար որպես Հայաստան:
Պետական, նորաստեղծ, մասնավոր թերթերը լուրը շատ արագ, միաժամանակ հաղորդեցին թշնամու՝ սահմանամերձ ավան մտնելը, երկաթգծի կայարանի և գինու գործարանի գրավելը:
Ճառ ասողները կոչեր հնչեցրին, ռադիոն կարգախոսներ հաղորդեց, հեռուստատեսությունը հերոսապատում երգեր ցուցադրեց: Ժլատները շռայլներ դարձան, խռովյալները՝ համերաշխ …
Երկրի չորս ծագերում, մեր փոքրիկ քաղաքում էլ կամավորների էին ցուցակագրում:
Մեքենայի բաց պատուհանից դուրս ձյունախառն քամի է: Քսան-քսանհինգ հոգով ճանապարհ ենք ելել: Ճանապարհող ընկերների, համաքաղաքացիների աչքերը մեր հերոսությամբ խանդավառ են, հիացկոտ: Իսկ կանանց, մայրերին թողել ենք տանը՝ մեզ համար լացը փակ պատերի մեջ անելու, արգելել ենք արցունքոտ աչքերով հավաքատեղում՝ ժողովրդի մեջ և մեր կողքին լինել:
Բարձրախոսը խշշաց: Համլետը ձեռքերն է շփում, ասում է. «Սկսվեց»: Բոլորը՝ ամբողջ քաղաքը, սպասում էր դրան: Քանի օր կամավորների էին ցուցակագրում, այդքան օր էլ դպրոցի տնօրենը, տանը փակված, առանց հաց ու ջրի, իր ճառն էր պատրաստում: Ամբողջ քաղաքը հավաքվել է՝ ճառը լսելու: Գրական ծածկանունն էլ Մանասե է, մամուլից հայտնի, ցանկալի անուն:
Հենց ասում է. «Իմ ժողովո՛ւրդ, ականջալուր եղեք»,– կանանցից մի քանի հոգի ուզում են հեծկլտալ: Նա ասում է. «Նզովում եմ, թող անիծյալ լինի արցունք թափողը»: Լռություն է:
Նա թե. «Երկար ժամանակ՝ դարերով, պետություն, թագավորներ, օրենսգրքեր չունեցող երկրից հավաքվել են մեր զավակները, տանում են իրենց կյանքը՝ բանաստեղծներից լսած հայրենիքի զոհասեղանին դնելու: Այո, նրանք հայրենիք ասածի դաստիարակությունը պոետներից են ստացել»:
Հեկեկալ ցանկացողներին դարձյալ նզովում է. «Ձեր որդիներն իրենց ամբողջ կյանքում Խորենացիներին, Չարենցներին, Նարեկացիներին են առաջնորդվելու նշանացույցեր ունեցել: Մեր զավակները գնում են կարմրածուփ ոգեշնչությամբ, վերոհիշյալ մեծերից ստացած կրթությունը հակադրելով կռվելու՝ օրենսդիր պետությունների դեմ, թագավորներին երդում տված գերազանցիկ սպաների ձեռքի տակով անցած, կարգուկանոն սերտած, պատերազմելու օրենսգիրքը այբբենարան դարձրած բանակների դեմ …»:
Մանասեն ինքն իրենով պարծենում է, բայց դա ինձ համար էական չէ: Մտածում եմ, հաստատ գիտեմ, որ մեզ բան չի պատահի՝ արկը հեռվում կպայթի, գնդակը կվրիպի, ականի մեխանիզմը չի գործի կամ, վատթարագույն դեպքում, կխեղվեն ոտքներս, թևներս, ծնկներս կամ կկուրանանք: Բազուկներս վիրակապի մեջ կլինեն, ոտքներս` գիպսի կամ ձեռնասայլակի մեջ, պատվավոր նստած, զնգզնգացող շքանշանները կրծքներիս կանցնենք շքերթի ելած ժողովրդի առջևով, մեզ մատով ցույց կտան: Աղջիկներն իրար ականջի մեր անունները կտան, մեր մասին կփսփսան:
Բայց Մանասեի այդ ճառը, շրջանային թերթում տպագրվելուց հետո, հափշտակեցին հանրապետության բոլոր լրագրերը, ու մի օրում արտատպության տպաքանակը երկու միլիոնի հասավ:
Քանի սահմանին էինք մոտենում, մեքենայի սլացքին պայթյուններ էին ուղեկցում, ճառերը մնում էին թիկունքում: Պատմահայրերի, բանաստեղծների ասածները անորոշ էին դառնում: Ինքնամփոփ ենք՝ մեր ծնկներին, ափներիս տակ, կարաբինի մետաղի պաղը ուռեցնում է մեր կրծքերը, լսել տալիս ներսում անցնող արյան ծանր հոսքը:
Երբ տեղ հասանք, արդեն կային հրացաններ, որոնց փողերի մեջ ուռել էին առաջին փամփուշտները: Կային առաջին զոհերը: Առաջին կեղծիքը թղթի վրա հաստատված, ու առաջին եղբայրասպան զինվորները, որ կարաբինի ձգանը ապահովիչից հանել չիմանալու պատճառով խաղաղության ժամին իրենց զինակիցներին էին մեռցրել: Զինվորական ատյաններ չլինելու պատճառով քաղաքացիական գործերի քննիչ-ոստիկաններ են եկել, որոնք առաջին անգամ զինվորական պատահարներ են քննում և մոլորվել են. իրենց արձանագրություններում գրեցին, թե զինվորի սպանված ժամին մեր դիրքերն ահեղ ռմբակոծության են ենթարկվել:
Առաջին անգամ լսեցինք, զարմացանք, որ թափառող գնդակ կա, թշնամին աննպատակ, առանց նշանառության արձակում է, դրանից էլ է մարդ մեռնում: Առաջին զոհվածին տեսանք, թպրտում ենք ինչպես կողմնացույցի սլաքը, ջղագարությունն է բռնել: Հիպնոսել, կլանում է, ոտքով ծեծում ենք հողը, պտտվում, շուրջը կանգնել, տենդ է, ղողում ենք, հմայված ենք: Նա մեր հիշողության, զգայարանների մեջ է, որպես հայտնի, անկասկածելի մի բան: Բայց հենց այնտեղ՝ մեր իմացած գույների, զրնգոցների մեջ, նրա տեղն ու անունն ենք որոնում, չենք կարողանում գտնել, ու դա էլ` չգտնվածը, անանունը մեր ճակատագիրն է դառնալու:
Անխուսափելին, առեղծվածը:
Արտասովոր էր զոհին տեսնելը, որովհետև այդ նա՝ հետագա ամբողջ կյանքի ընթացքում մեր ետևից պիտի քայլեր, ինչպես պարանը վիզը գցած կարմիր երինջ:
Նրանով դառնալու էինք մեկընդմիշտ կապանքված՝ ծանր, գերծանր բան՝ հողագնդի վրա ընկած:
Արդեն կային և առաջին խրամատները՝ երկրի սահմանագիծ վերջին հողի վրա: Նրանց մեջ պառկեցինք պինդ, հյութեղ, ճկուն, ջլապինդ մարմիններով, որը կարող էր տալ և առնել:
Կարաբինը ձեռքիս պառկել եմ հողի վրա՝ փորիս տակ շնչում, ազդրերիս արանքը սեղմվում, խլրտում է հողը, պառկել եմ նրա վրա, ինչպես սեփական կնոջ վրա են պառկում՝ որդեսերման սերմով բեղմնավորելու համար:
Հետո գիշերն իջավ, հողմը չի դադարել, նոր հրաման ստացանք: Փամփուշտների, նռնակների արկղերը շալակներիս, մետաղե ծանրությունից ու ցրտից մատներիս մրմռոցը զսպելով՝ քամու, բքի միջով երկար ճանապարհ գնացինք, երկաթբետոնե ցանկապատի վրա կարաբինների ու աչքներիս համար անցքեր կտրեցինք և այն հավանական տեղի վրա, որ մեզ ասել էին, թե թշնամին պիտի գա, այնքան շատ, ժամերով նայեցինք` սպիտակ ձյան վրա, աչքներիս թշնամու տեսքով, քողածածկ խալաթներով դեպի մեզ սողացող սև կետեր երևացին, որոնք գալիս, լցվում էին մեր ներսը:
Շատ հոգնածները, ուժասպառներն էլ ծղոտի հակերը քանդեցին, բաց երկնքի տակ պառկեցին, զառանցում և տնքում էին քնի մեջ: Արթուն մնացածներս զրուցում էինք: Օգսենը, երբ ինձ ճանապարհում էր, տղաներին ասել էր, որ գրող եմ: Ու հիմա նրանք գրողների մասին հարցեր էին տալիս, ճշտում նրանց անձնական կյանքի զարմանահրաշ, բոհեմական ապրելակերպի մանրամասներն ու մանրամասնիկները: Հատկապես հատուկ կարծիք ունեին նրանց պագշոտ սիրուհիների մասին, համոզված էին, որ գրողների շուրջը գիշերուզօր, թիթեռների պարսերի նման, ընտրովի աղջիկներ էին պտտվում:
Երբ իմ պատասխանից իմացան, որ իրենց գիտեցածը այնքան էլ ճիշտ չէ, անգամ մի գրողը մյուս գրողի կյանքի մասին կարող է բացարձակ իմացություն չունենալ, որովհետև գրողը՝ իսկական գրողը, միշտ միայնակ է լինում հոգու խուճապի պահին, ակնթարթի բերած հայտնության ժամանակ և հեռավոր ափերի չընկալվող ձայները լսելիս:
Հիասթափվեցին, կասկածեցին իմ իսկական գրող լինելուն: Սակայն առավոտյան, երբ ամբողջ ճակատի ընդհանուր հրամանատարը, ում մասին հարգանքով ու ակնածանքով էին խոսում, ինձ տեսավ, զարմացած, ուրախացած և զայրացած ասաց. «Դու ի՞նչ գործ ունես այստեղ»: Այդ օրը՝ գիշերը, հավաքվել էինք երկաթբետոնե ցանկապատի ետևը, Մակարին նոր էինք ընտրել ջոկատի հրամանատար: Ասաց. «Ձեր հրամանատարին փոխանցեք՝ թող Օնանին ետ ուղարկի, նա այստեղ անելիք չունի»: Տղաների վերաբերմունքը փոխվեց իմ նկատմամբ, սկսեցին հավատալ իմ խոսքերի նշանակությանը:
Մեզ այցի էին գալիս մասնավոր ու պետական թերթերի խմբագիրներ, որ այդ օրերին ինքն իր մասին մեծ կարծիք ունեցող ամեն մարդ հրապարակում էր: Շռայլ հարուստներ, որ նախորդ իշխանությունների ժամանակներից մեծ դրամագլուխներ ունեին կուտակած, հիմա մեզ կերակուր՝ մորթած կով, ոչխարներ էին բերում: Գործարանների տնօրենները հրուշակեղենն անձամբ իրենք էին հասցնում, որ մենք իրենց, իրենք էլ մեզ տեսնեն, ձեռքները վզներիս գցած` լուսանկարվում էին իրենց հետ բերած սարքերով: Թշնամու հրետանու հարվածի տակ գտնվող շրջակա գյուղերի կոլտնտեսականները, նրանց նախագահները խոզ, ցլիկներ չէին խնայում տոլմա, խորովածի համար, մեքենաների վրայից, գոլորշի արձակող խոշոր կաթսաներից սպիտակ խալաթներ հագած, խստադեմ, անժպիտ, բարեպաշտ կանայք բաժանում էին առատորեն, առանց սահմանափակության: Լուծը միանգամից խփեց, նորաշեն փայտե զուգարանի առաջ հերթեր գոյացան: Կաթողիկոսն արտասահմանյան ծանրոցներ էր ուղարկել, պարունակությունը երբևէ չէինք տեսել ու չէինք իմացել, կերանք, ու լուծն ավելի սաստկացավ:
Ճարպիկ գործարարները մայրաքաղաքից բոզեր էին բերել, և դրա անհրաժեշտությունն ունեցողներս ու չունեցողներս գինու գործարանի ահռելի տարածքում նստած, պառկած, կանգնած, այդ գործն էլ արեցինք:
Առաջին զոհերին շքեղորեն, ճառերով ու միտինգներով «Ազատության հրապարակից» տանում էին պանթեոնները դնելու:
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ
5 ապրիլի
«-Լուսացավ: Անընդհատ քամի է: Մեծ մասն ականջակալներով գլխարկներ չունի: Հրամանատարը շտաբից է եկել, վաղը երկաթբետոնե դիրքերից կտեղափոխվենք հյուսիս-արևելք: Նշանառուն, լեռան գագաթից խաչմերուկի վրա մի գյուղացու սպանեց: Գործարանի բակում երեք զոդողներ ճապոնական «Կամացո» տրակտորը թիթեղապատում են, որ տանկի տեղ գործածեն: Դարձյալ քամի: Մութ, անաստղ ամայություն է …»:
6 ապրիլի
«-Գիշերը մի քանի տեղ փչացավ մեքենան: Լուսադեմին հասանք Նոյեմբերյան: Տաք, արևոտ օր է: Ռուսական կանոնավոր բանակի զորքերը երկդիմի կողմնորոշումով մեզ վրա են կրակում և թշնամու: Տանկերը, խուճապն ավելի սաստկացնելու համար, ուղիղ նշանառությամբ դպրոցին, մանկապարտեզին են խփում: Չդադարող ռմբակոծությունը գյուղին ստիպում է տեղահանվել: Աղմուկ է, աղաղակ, փուլ եկող տների պատերից սպիտակ փոշի, կրակի կարմիր բոցեր են բարձրանում: Տարիներով չորացած փոշին կանգնել, չի ցրվում, հազացնում է… լաց, իրար են որոնում, փողոցներում անտեր կովեր են թափառում, նրանց բառաչը… էշը հեռվից, բլուրների հետևից է զոռում… Մի քանի տեղ հրդեհ բռնըկվեց …»:
7 ապրիլի
«… Հոգնած ենք: Գիշերը ոտքի վրա անցկացրեցինք: Ջոկատի կեսը, խավարից, մառախուղից օգտվելով, անցավ անտառ: Կըռվում է: Մյուս կեսով գյուղի ծայրամասում (հարձակումը այս ուղղությամբ է սպասվում)՝ տների շուրջը, դիրքավորվել ենք, որ նահանջողների անվտանգ հեռանալը ապահովենք: Պահածո բացելիս Խաչիկը մատն է կտրել, կատակում են: Գյուղից տարեց մարդիկ, ծերեր եկան. առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմներին են մասնակցել: Միասին ծխեցինք, հին պատերազմից անեկդոտներ պատմեցին: Մոտակայքում հեռագրասյունը բզզում է, ցանկանում էի վեր կենալ, ականջս դնել կողին: Տղաները, անատամ ծերունիները ծիծաղում են: Հետո նրանք մեղադրում էին, որ կռվելու տակտիկա չգիտենք: Խորհուրդ են տալիս ռազմական ճիշտ հոտառություն ունենալ՝ դիրքներս փոխենք, գնանք դիմացի լեռան լանջերը: Չգիտեմ՝ ով ասաց. «Այդպես չի լինի, լերկ լեռան լանջին այնքան տեսանելի կլինենք՝ բոլորիս հատ-հատ նույն ակնթարթին կխփեն»: Մեջս ցանկություն կար ականջս դնել հեռագրասյան կողին, լսել բզզոցը, տեղիցս չէի բարձրանում: Կրկին միասին ծխեցինք, անցած պատերազմներից անեկդոտներ պատմեցին: Ասացին. «Այն բնակարանները, որոնց շուրջը դիրքավորվել եք, ամբողջ կյանքի ընթացքում ենք կառուցել, միլիոնների արժեք ունեն: Հրետանին ձեզ ոչնչացնելու համար, ուզած-չուզած, տներին էլ պիտի հարվածի: Հարկ է, որ այդպես էլ մտածեք, ինչո՞ւ չեք մտածում»:
Դարձյալ ծխախոտ խնդրեցին, էլի անցած պատերազմներից հին անեկդոտներ են պատմում: Նրանց ծխախոտ խնդրելը բառով չմերժեցինք, պարզապես լռություն էր, որի ժամանակ ոչ անեկդոտ կպատմվեր, ոչ էլ երկար ներկայություն կապահովվեր: Մացոն բլրակի իր դիրքից եկավ, ասաց. «Անտառի տղաների հետ կապը կորել է, ռադիոկապ չկա»: Լեռների ծանր ստվերները …
8 ապրիլի
«Երրորդ, թե չորրորդ գիշերն է՝ չենք քնել, գլխիս մեջ մշուշ է: Լեռների թիկունքից արևը միանգամից բարձրացավ, տաք է: Տղաներն անտառից դուրս են գալու, թիկունք ենք պահել: Ամենավերջում մենք էլ նահանջեցինք: Փոխհրամանատար Սանոն կորավ խնձորի այգում: Մեր երկու առաջնորդներն էլ՝ Մակարն ու Սաքոն, ռուս զինվորների ձեռքն ընկան: Նրանց դրել են հետևակի մեքենան, պատանդ են տանում թշնամու քաղաքը: Դրամ կստանան:
Կուզեկուզ, ցանկապատերի, խանդակների մեջ թաքնվելով՝ եկանք, ձյուների, ցեխի մեջ տեղապտույտ տվող մեքենայից հանեցինք նրանց: Մակին վազելիս քիթ-բերանով ծեփվել է ցանցկեն ցանկապատին, արյունահոսությունն են դադարեցնում, միաժամանակ բոլորս ծիծաղում ենք: Խնձորի այգում կորած Սանոյին չէին խփել, գտանք: Ձեռքի գնդացիրների, փոքր տրամաչափի հրանոթների համարյա ճիշտ գնդակոծության տակ նահանջելով՝ մտանք անտառ: Երկար ժամանակ չենք լողացել, մորուքներս, մազներս կոշտացել, մաշկներս քոր է գալիս:
Մացոն ռադիոկայանի անտենան է բարձր սաղարթներին ամրացնում: Մնացածները, թփերի մեջ ցիր ու ցան, քնած են, գլխումս մշուշ է: Գիշերը հեռվից, գյուղի եկեղեցու զանգի ղողանջը հասավ՝ մի զարկ էր: Ամայի գյուղ է, գիշերային թռիչքի ժամանակ չղջիկն է կպել զանգին»:
12 ապրիլի
«Հրամանը երեկ ենք ստացել՝ այսօր ուղղաթիռ պիտի գար, չեկավ: Տեղաշարժեր չենք կատարում, սպասում ենք ուղղաթիռին: Արևը նոր դուրս եկավ, անտառի խոնավ պաղը կտաքանա:
Ծորակից անընդհատ ջրի խշշոց եմ լսում, ջրի կենդանությունը ձգում է: Չգիտեմ՝ այսօր ուտելու բան կլինի՞, երեկ մի կերպ ծայրը ծայրին հասցրինք … Քամին է շնկշնկում …»:
13 ապրիլի
«Ուղղաթիռ չկա: Քաղցի՞ց է, թե՞ նրա չգալուց, ոչ մեկս տրամադրություն չունի … Մի օձ տեսա …»:
14 ապրիլի
«Հեռվում ծառերի սաղարթներն ուժեղ ճոճվում էին՝ ուղղաթիռը եկել է: Կապույտ, թափանցիկ, թռիչքային եղանակ է: Օդ բարձրացանք: Ամենքս՝ ծնկների վրա, պահածո ենք ուտում: Խոսակցություն չկա, լինի էլ՝ իրար չենք լսի: Շարժիչը վնգում է, ոռնում: Ուտում ենք: Ինքնամփոփ ենք»:
15 ապրիլի
«Երեկոյան գյուղի շրջակա անտառում վայրէջք կատարեցինք: Շոգ է, մոծակներ կան: Ամբողջ երեկոն՝ մինչև գիշերվա չորսը, լուսնյակի կապույտ լույսով, երկտակ գերանածածկ գետնափոր շինեցինք:
Կորյունը թունավորվել է, սուր փորացավեր ունի, լավ կլինի լուծը խփի:
Հեղեղատում կանգնած եմ առվակի ափին: Խոշոր, հաստ ծառերի ստվերները ձգվել են երկար-երկար, նայում եմ վազող ջրին: Հանկարծ տեսնում եմ սև ամպը: Համատարած ամպ է, հազարավոր սև քուլաներ սրընթաց շարժվում են երկնքում … քանդվում են, նորից միանում: Դարձդարձիկ գալիս են, շեշտակի աճում: Փախչել եմ ուզում, բայց ծխախոտ վառեցի, աչքերս երկնքին՝ ծխում եմ: Ամպերի մութն ու մանր քուլաները փքվում են, շրջապտույտ-շրջապտույտ գալիս՝ գլխիս վերևն են, չեմ գոռում, չեմ աղաղակում … Երկնքի, երկրի տարածության մեջ միայն փայլատակող սևն է, նրա մեջ սուզվում, կլանվում է ամեն բան:
Մի ծանր բզեզ անցավ:
Արևի խավարման օրը դարձյալ վախեցել էի մառախուղի հետ իջած թանձր խավարից: Չեմ ցանկանում նյարդային ցնցումը կրկնվի՝ զսպում եմ: Իսկ համատարած սևը արագընթաց գալիս, խփում է՝ ինչպես աստվածաշնչյան մորեխի և խավարի արշավը հողագնդի վրա… Ամբողջ գիշեր գլխացավ ունեի …»:
16 ապրիլի
«… Լուսացավ: Թռչունները երգում են, անդորր է: Տղաները թղթախաղով են զբաղված: Փոքր Վահանն ու Մարկոսը զենքերն են մաքրում: Արշակն արդեն երկար ժամանակ է՝ ջրի է գնացել, չկա: Տարբեր տեղերից կրկին հինգ-հինգ, աասը-տասը, երեք-չորս մարդուց բաղկացած ջոկատներ են գալիս: Տոթ է, շատերի թոքերն են ուռել: Գյուղացիներն ասում են՝ հարավից փչող ջերմ ու խոնավ քամու պատճառով է … Լուսնի կապույտ լույսով՝ չղջիկի թռիչքը …»:
17 ապրիլի
«Կենտրոնից մեր բոլոր ջոկատների համար ընդհանուր հրամանատար են ուղարկել: Ասում են՝ փորձ ունի: Աֆղանստանում է կռվել: Հանդիպեցինք, պարզ, հասկանալի բացատրեց մեր անելիքը: Աչքերը խաղաղ են: Անտառներում աննկատ պիտի մնանք, միաժամանակ գյուղը պահենք թշնամու «օմոն»-ի հարձակումներից: Նայում ենք, աչքերը չի էլ փախցնում:
Գյուղացիք գիշերները թաքուն սննդամթերք են բերում: Օճառ էինք ճարել, լողացանք: Գիշերը մի թռչուն էր կանչում»:
18 ապրիլի
«Գիշերը խաղաղ անցավ: Նախաճաշի հետ սխտոր բաժանեցին՝ լնդացավերի դեմ: Դիրքից ռադիոկապով Շուրիկը Բորիսին հայտնեց՝ գյուղին հետևակի երկու մարտական մեքենաներ են մոտենում: Դուրս եկանք անտառի մեր թաքստոցից: Ծառերի ստվերները հեռու ձգվել են երկար-երկար: Նրանց հաստ բներին միզող տղաների ստվերներն էլ են երկար: Ծառերի բարձրությունից մի փետուր էր իջնում, պտտվում-պտտվում, սահում էր օդի մեջ, հողին չէր հասնում: Միզում ենք, երեսունհինգ հոգի, պորտներս ծառերին արած, դեմքներս՝ երկնքին, հայացքներով պտտվում ենք փետուրի հետ:
Մեքենաներին նահանջել տվեցինք: Վերադարձանք ճամբար: Պահածոների գունդ-գունդ մսեղենն ենք կուլ տալիս, չենք խոսում: Մի անգամվա գործածության հակատանկային «Մուխաները», որ տվել էին ուղղաթիռ նստելիս, հուսադրել, թե. «Հինգ տանկ լինի կանգնած, հինգին էլ կծակի-կանցնի»,– պարզվում է՝ ուսումնամարզական խաղալիքներ էին: Իսկ Մակարը թաքստոցից դուրս եկավ, ուսին դրած, կանգնեց մեքենայի դեմ: Այդպիսի դեպքերում կամ մեքենային, կամ մարդուն փրկություն չի լինում:
Բորիսր հայհոյում էր, աչքերը խաբող չեն: Տղաների դեմքերին դալկություն կա:
Ձեռքի նռնակներով ենք ստիպել մեքենաներին նահանջել: Հենց նահանջի պահին էլ մեքենան կավե հեղեղատի լանջին՝ հոնի ծառերի մեջ, Տարոնի ջոկատի Գարեգինին կրծքից խփեց, դիակը ձեռքերի վրա բերեցինք գյուղ:
Մոծակների բզզոցի, հրադադարի շոգի մեջ՝ վերագտնվում, մենք դանդաղ բացում ենք աչքներս՝ կանք: Լեռների մութ ուրվագծերի վրա դեռ երևում է ծիրանագույն լույսի շերտը, նրա շրջանակի մեջ կորչում են մարդիկ, բուսականությունը, հողի պնդությունը:
Լեռների ծանր ստվերները:
Գյուղացիք դուրս են եկել դիմավորելու: Մենք՝ չէ, նրանք լաց են լինում: Գիշերն իջավ, դարձյալ չենք խոսում: Այնքան լսեցի լռությունը, որ ականջներս սկսեցին ցավել, անընդհատ տհաճ, պաղ քրտնում եմ …»:
21 ապրիլի
«… Արդեն երկու, թե երեք օր է, սպասում ենք ուղղաթիռի: Ռադիոկապով ասում են՝ կգա, բայց չի գալիս, որ Գարեգինի դիակը տուն ուղարկենք: Գյուղի բժիշկն էլ արդեն մի տարի կլինի՝ հեռացել է, դիահերձող չկա: Լյուդմիլան բուժքույր է, բայց այդպիսի գործ երբեք չի արել: Լաց լինելով անում է: Չհասկացա՝ ինչի համար է լացում, որ այդ գործն իր ուժերից վե՞ր է, թե՞ Գարեգինի ներսը բացելու, սիրտն իր ձեռքով հանելու, մեզ տալու համար: Սիրտը տարանք, թաղեցինք գյուղի բարձր կողմում, բլրի վրա, Եփրեմի կաղնու տակ, որտեղ միշտ ուղղաթիռներին ենք սպասում: Առավոտյան տեսանք՝ այդտեղ խաչքար է կանգնած, գյուղացիք են դրել: Խոսելիս տարբեր բառերի վրա, որոնք առաջ ազատ արտասանում էի, լեզուս փաթ է ընկնում, չքնելուց կլինի:
Դիրքի կանգնած մարտիկներն ու հետախուզության գնացածներն եկան, նրանց զեկույցին բոլորս էլ ներկա ենք, ձորի ճանապարհի վրա մարտական մեքենաներ են նկատել, քանի գնում, շատանում են:
Գարեգինի դիակն ամբողջ օրը մեզ հետ ենք պտտեցնում: Ֆորմալին էլ չենք ճարել, գիշերը թաղում ենք անտառում, առավոտյան հանում, բերում թռիչքների հրապարակ, խոստացված ուղղաթիռը դարձյալ չի գալիս: Արդեն չորրորդ անգամն է՝ թաղում, հողից հանում ենք: Վերջապես եկավ ուղղաթիռը, սննդամթերք է բերել: Գարեգինին տարավ տուն:
Անդին պիտի հանդիպեինք, փոսը մառախուղով էր ծածկված, ընկա մեջը:
Գիշերը խաղաղ անցավ, մի կենդանի էր կլանչում …»:
22 ապրիլի
«Երկինքը պայծառ է, օրը՝ տաք, շիկացած արևի տակ գոլորշի արձակելով՝ եռում է օդը, նրա հետ՝ սարերը, պատռված հողը, գույնը, անտառի ծանր ստվերները, գոյը, ամեն բան ցնդում, հեռանում է ընդմիշտ:
Բորիսը ջոկատների հրամանատարներին խորհրդակցության է հրավիրել: Մակարը վերադարձավ, բացատրեց մեր անելիքը: Կավե հեղեղատով, Ենոքի հոնի ծառերի միջով իջանք ձորի ճանապարհը, մեծ քանակի ուժանակ դրեցինք: Գյուղի կանանց, երեխաների խումբն իջավ, նստեց մեքենաների դեմ: Հենց հասան ճանապարհի միջին հատվածը, պայթեցրինք: Դուրս եկանք դարաններից, ձեռքի նռնակներով վախեցրինք անձնակազմին, մետաղե խցիկներից դուրս քաշեցինք, ծեծկռտելով զինաթափեցինք:
Բոլորն էլ ռուս զինվորներ էին:
Արագ էինք գործում, մեքենաները տարանք գյուղ: Գյուղացիք շտապ քանդեցին հրանոթները: Գերիներին ծեծելով հասցրինք գետնափորը: Բորիսը հրամայեց, Մացոն կապի դուրս եկավ, վերջապես գտավ ռուս հրամանատարների ալիքը, ասաց. «Ձեր գերիները քսանյոթն են, նրանց պատանդ ենք պահելու: Եթե գյուղն անվնաս մնա, ոչինչ չի պատահի նրանց հետ»:
Սանոն գետնափորի առաջ, կաղնու ծառի տակ, գերիներին շարք կանգնեցրեց, ասաց. «Ահա պայմանը՝ բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի,– ժպտում է,– դուք իրար պիտի մատնեք, եթե մեկը փորձի փախչել, մնացած բոլորին կգնդակահարենք և հակառակը: Ձեր ապրելու համար եմ խորհուրդ տալիս, իրար հսկեք, մեկդ մյուսի նկատմամբ աչալուրջ եղեք»:
Սանոյի ճառից հետո գիշերները, քնելուց առաջ, պատանդներն իրենք են մոտենում մեզ, խնդրում, որ ձեռքները կապենք, կրկին ու կրկին խորհուրդ են տալիս՝ կապը մի քիչ էլ պնդացնենք՝ չլինի, թե ինքն իրեն բացվի… Խաղաղ գիշեր, մարմինս պաղ էր, տաք քրտնում էի …
Մեղրահոտը, կորնգանի դաշտերի վրա ճերմակ լիալուսինը …»:
Երեքշաբթի, 23 ապրիլի
«Խոտն արևալույսի մեջ: Լուռ առավոտ: Օդի միջով հոսում են, բազմաքանակ սև կետեր շարժվում են, բացվում են, քանդվում են, նորից միանում, դարձդարձիկ գալիս, շեշտակի աճում …
Աստվածաշնչյան մորեխի և թանձր խավարի արշավն է՝ ընկել է երկրագնդի վրա, կտրում, խուզում է: Ուզում եմ փախչել … Օդը վնգվնգում, գվվում-գվվում, ճաքում է, լեռան թիկունքից հանկարծ հայտնվում են ուղղաթիռները: Երկնքից կախվել են ճամբարի վրա, քթներին կանգնել, գնդակոծում են: Թռչունները միանգամից լռեցին կամ հեռացան:
Թաքստոցներում քրտնել ենք:
Երկնքի ու երկրի արանքում միայն պսպղուն, փայլատակող սևն է, նրանով զարկվում, կլանվում է ամեն բան:
Արևի խավարման օրը դարձյալ վախեցել էի մառախուղի հետ իջած համատարած սևից:
Իրար ձայն էինք տալիս, իրար չէինք լսում: «Կոբրա» ուղղաթիռների «Նուրսերի» համազարկից կաղնու ծառերն առանց ճռինչի, խոնարհ թափվում էին, հնձվում խոտի նման: Քարերը, ժայռերը տաշտշվում են փափուկ փայտի պես: Մեր ուղղաթիռների արանքում կրակից շիկացած, դողացող օդն է, նրա ակնթարթային բռնկման կուրացնող ճերմակից փլվում է հորիզոնը, հափշտակվում են ժայռերը, անհետանում է ճիգը, տիրապետումը, կամքը: Մի ծանր բզեզ անցավ:
Իրար ձայն ենք տալիս, իրար չենք լսում:
Նահանջում ենք անտառի խորքերը: Նրանք որոշել են մեզ հետ նաև իրենց զինվորներին ոչնչացնել …
Աստվածաշնչյան մորեխի և թանձր խավարի զարկն է երկրագնդին՝ կտրում, տապալում, խուզում է …
Վայրի տզան խնձորենին՝ թափանցիկ, կրկնակի ճերմակ, աչքի ընկնող, ծաղկել է: Զսպում եմ …
Անվտանգ, թավուտ մի տեղում, դադարի ժամանակ Մացոն աշխատեցրեց ռադիոկայանը: Պահածո ենք ուտում: Դեմքներս դալուկ է: Բորիսը՝ միկրոֆոնը բերանին սեղմած, կենտրոնի հետ է խոսում: Խնդրում է «Կարմիր խաչին» փոխանցել, թե մեզ մոտ քսանյոթ պատանդներ կան: Այնտեղից կտրուկ ասացին. «Այդպիսի բան մի արեք, արձակեք գերիներին»: Բորիսն ասելիքը նորից բացատրում է, որ ամբողջ ջոկատի փրկությունը միայն կարող է հնարավոր լինել, եթե գերիներին մեզ մոտ պահենք, ձայնի ելևէջը հստակ է, խաբուսիկ չէ: Ասում է. «Հակառակը, մի սխալվեք, «Կարմիր խաչին» հայտնեք, որ այդքան գերիներ կան մեզ մոտ»: Նրանք այնտեղից դարձյալ համաձայն չեն: Ասացինք. «Մեզ կոչնչացնեն»: Նրանք դարձյալ պնդում են. «Արձակեք գերիներին»: Հայհոյեցինք նրանց, նրանք՝ թե. «Կապի վերջը»: Բորիսը հրամայեց. հայացքը հաստատուն է, տեղից տեղ չի փախցնում, Մացակը բաց՝ առանց ծածկալիքի դուրս եկավ եթեր, միկրոֆոնի մեջ գոռաց. «Բոլորին … բոլորին… բոլորին, ով կա եթերում …»:
Հետո, երբ հաց կերանք, այլևս օգնության ակնկալիք չկար, ամեն մի ջոկատի հրամանատար վերցրեց իր տղաներին, ցրվեցինք անտառներում, այդպես գոնե մի ջոկատ դուրս կգար շրջափակումից:
Ջոկատի ու խոհանոցի ետևն ընկած շունը գիշերներն անդադար հաչում, կաղկանձում է ստվերների, հեռավոր ձայների, չըղջիկների վրա, լրտեսներին մատնում մեր տեղը: Եվ լույսը բացվելուն պես՝ ճիշտ մեր գիշերատեղի վրա, հայտնվում են «Կոբրաները», քթների վրա կախվում: Լուսինը»:
24 ապրիլի
«… Սգո օր … Պորտիս շուրջը ծակոցներ ունեմ:
Լուսինը՝ ճյուղամիջից»:
25 ապրիլի
«Առավոտ: Նորից է սկսվում փախուստը, հետապնդումը: Անընդհատ սարքվող դարաններից խույս ենք տալիս: Գերիներին իծաշարուկ շարքի մեջ գցած՝ սրընթաց գնում ենք արևելք: Ցերեկը երկնքից ուղղաթիռները, գետնից հետևակն է աքցանում: Գիշերը մոծակների պարսերը, շրջակա գյուղերի մատնիչների խմբերն են հալածում: Գնում ենք խորքերը, հասել ենք անտառի ամենահեռավոր՝ մարդու ոտք չկպած թավուտները, հաստաբուն, դեղնած սնկերով պատված ծառերի մեջ հանկարծ ռոյալ ենք տեսնում, սև, խոշոր ոոյալ է՝ անընկալելի է, սարսափից չենք մոտենում, ահագին տարածություն պահած՝ շրջանցում ենք ու նետվում առաջ:
Տղաներից` Գարանյան Սերոժը, որ մեզ առաջնորդում է, ծնունդով այդ կողմերից է, անտառի կածանները, ոտքի ճանապարհները ավելի լավ գիտե՝ մենք հակառակորդից միշտ ավելի արագընթաց ենք լինում: Նույնիսկ բնության գաղտնիքներն է իմանում, թե տնտեսության համար անտառի փայտը հոկտեմբերի տասնհինգին, տասնվեցին պիտի կտրել, որ ուշ փտի: Հուլիս ամսին, երբ ջերմությունն էր շատանում, մոծակների պարսերը մեզ ուտում էին, ասում էր. «Դա նրանից է, որ հուլիսին մոծակը ձագ է հանում»: Դրա համար էլ նրան ոչ ոք անունով չէր կոչում, ամբողջ ջոկատով «բիձա» էինք ասում:
Շունը մեզ խանգարում էր, անցած ճանապարհի վրա կեղտի, մեզի հետքեր է թողնում, մատնիչները, հետապնդողներն այդ նշաններով են կրնկակոխ գալիս: Շուրիկը Սիմոնի հետ շանը հաստաբուն մի ծառի վրա դաշույնով խաչեցին: Հետույքն էլ ցից խրեցին՝ ի տես հետապնդողներին, որպես սարսափազղու նշան: Անդին պիտի հանդիպեինք, փոսը մառախուղով էր ծածկված, ընկա մեջը: Գիշերն աղվեսը հազում էր»:
Ուրբաթ, 26 ապրիլի
«Լուսադեմին, գերիներից՝ բարձրահասակ, գեղեցկադեմ սպան բռնվեց: Մնացած պատանդները սփրթնած են, մրսում են, գիտեն իրենց պատժապարտ լինելը:
Շուրիկը փախչել փորձածին է ուզում: Ասաց. «Հրամանատար, էդ լեյտենանտին տուր ինձ, շալվարն իջեցնեմ, տեսել եմ՝ սպիտակ էլ հետույք ունի …»: Չենք հասկանում՝ ի՞նչն է կատակ, ի՞նչը՝ լուրջ: Ծիծաղում ենք: Շուրիկը հարվածեց, մինչև նրա խփելը՝ էլի են ծեծել: Ասաց. «Լեյտենանտ, այս գիշեր իմն ես, քեզ կփչացնեմ. գեղեցիկ էլ դեմք ունես, աղջիկները հավատարիմ են լինում, տղամարդիկ՝ զգայուն»:
Հետո հրամանատարի որոշումով մենք խոտ, սիբեխ, ծառի խեժ կերանք, պատանդներին հակագազի տոպրակի մեջ պահած մեր սննդամթերքի վերջին շաքարները տվեցինք:
Լեռան աջ կողմից դուրս եկած լիալուսնի դեմ՝ ծառին մի բու էր կանգնել՝ ամբողջ գիշեր վայեց …»:
7 մայիսի
«Գրելիս զգում եմ, որ նախադասությունները չեմ կարողանում ճիշտ շարադասել: Երևի չքնելուց կամ թերսնումից է: Մեր թափառումների տասներկուերորդ օրն է՝ երկու գերուն մի շաքար հասավ: Ժայռերի մեր թաքստոցում ոչ ուտելու խոտ կա, ոչ էլ ծառերը խեժ ունեն: Քաղցից սիրտ է նվաղում: Թուլացածների աչքերը փայլը կորցրել են: Քարերը շրջեցինք, հողի խոնավության միջից մի քանի գորտ գտանք, կրակը վառվում է, հեռվից չնկատվող կրակ է … Սևակի լեզուն դարձյալ կուլ գնաց, բենզոնալի դեղահաբերը վերջացել են: Սվինով բացեցինք ծնոտը, լեզուն քաշեցինք, դեմի ատամներից մեկը ջարդվեց: Ժայռերի ստվերները երկար-երկար ձգվել են: Բազե՞ է, ուրո՞ւր է՝ սահելով պտտվում է երկընքում: Հետո գլխի ընկա, որ օդի մեջ ոչինչ էլ չկա: Մացակը գոռաց՝ կապ: Մեր բաց տեքստով հաղորդումները որսացել են: Մոսկվայից դեպուտատներ, մայրական կոմիտեից ներկայացուցիչներ էին եկել, որ հավաստիանան՝ պատանդները ողջ են: Ասացինք. «Միայն երկուսը, երկուսից ավելի եղավ, թույլ չենք տա ճամբարին մոտենալ: Երկու մարդ թող կավե հեղեղատի մոտ, հոնի ծառերի մեջ լինեն, մեր ուղեկցորդները կգան: Երկնքում էլ ուղղաթիռներ չերևան»: Ձորի պռնկին, անտառի մեջ սպասեցինք. Արշակն ու փոքր Վահանը գնացին՝ Մոսկվայից եկած երկուսին բերեն:
Նրանք արդեն բարձրացել են ճանապարհի կեսը, իջանք դիմավորելու: Արշակը կնոջն առաջ է թողել, ինքը տեղ-տեղ հետույքից հրելով՝ օգնում է վերելքին: Կինը շունչը տեղը բերելու համար նստեց ծառի տակ, իրար մոտիկ էինք քայլում, համարյա բոլորս էլ լսեցինք: Արշակին ասում է. «Որդի, գիտեմ` ինչ ես ուզում, մորդ տարիքին եմ, լացս գալիս է, որ չեմ կարող …»: Երկուսով՝ մայրերի կոմիտեի նախագահը, Արշակը դեռ նստած են ծառի տակ. սարսափելի տխուր են, հասել ենք ձորի պռնկին, նրանց ենք սպասում: Բանակցություններ վարեցինք գյուղի անձեռնմխելիության վերաբերյալ, պատանդներին արձակեցինք: Գնալուց առաջ նրանք մեզ հետ համբուրվում են, հասցեներ փոխանակում: Մայրերի կոմիտեի նախագահը դարձյալ սրթսրթալով լաց եղավ, ինչպես այն անգամ, երբ մենք հասել էինք ձորի պռնկին, իսկ իրենք Արշակի հետ դեռ մնացել էին թխկի ծառի տակ…»:
13 մայիսի
«Երեք, թե չորս օր է, ոչինչ չեմ գրել, զզվում եմ: Տանկը պարբերական դադարներով խփում էր մեր դիրքերին: Արկի բեկորը ջարդեց Արշակի գանգը: Արյունը չենք կարողանում դադարեցնել, աչքերը շրջվել են, ուզում է խոսել, չի կարողանում, շնչառություն չկա: Վիրավորներով լցված ուղղաթիռն արդեն երկնքում էր, բաճկոնները հանեցինք, թափահարում ենք, ազդանշան՝ լուսածրային գնդակներ ենք արձակում: Նկատեց, իջավ»:
14 մայիսի
«Ապրիլի տասնութին, քսաներկուսին, քսանչորսին, երեսունին մեծ մարտեր եղան:
Վեց-յոթ ամիսը լրացավ, ձմեռվա ձյունը դնելուց երեք-չորս օր առաջ վերադարձանք տուն»:
* * *
Տարիներ առաջ էր, երբ Սեթից ու Արայիկից հետո ծնվեց Սոնան, համարյա մի տարեկան էր դառնում, Նոյեմը գնաց հիվանդանոց: Հիվանդասենյակում պառկած՝ անընդհատ առաստաղին էր նայում: Ոչինչ չէր ուտում, միայն հյութ էր խմում և միշտ լուռ էր: Նրա ու աշխարհի միջև բան է փակված: Հուլիս ամիսն էր, պատուհանը բացեցի, մյուսն էլ քամին շրխկացրեց, միջանցիկ հովը կտրուկ անցավ: Թևերի ձայնը գալիս է, սենյակում, ինչ-որ տեղ ծանր բզեզ է թռչում: Ասում է. «Դու էլ ինձ չես սիրի»: Դեմքը դալուկ է, շուրթերը՝ չոր, ճաքճքված: Իմ ծխախոտի ծուխը ոլորապտույտ բարձրանում էր, ինքը դարձյալ առաստաղին է նայում: Ես պիտի խոսեի. «Այդքան շուտ ամեն ինչից չեն հրաժարվի»: Ասում է. «Հիշո՞ւմ ես, տասնհինգ տարի առաջ, կիրակի՝ մեր հարսանյաց գիշերը հագած իմ գիշերազգեստի գույնը»: Ծորակից ջրի կաթիլ է միապաղաղ ընկնում կոնքին: Մի կերպ, զոռով խոսում եմ. «Վարդագույն, իսկ թեզանիքի և վզի շուրջը երիցուկահյուս ժանյակներ կային»:
Այդ օրը տպագրված լրագրերից՝ հանրապետությանը վերաբերող, ցնցող տեղեկություններ եմ պատմում: Երկար եմ խոսում, որ ինքը չխոսի:
Ինքն էր. «Վարդագույն չէր, կապույտ, ավելի ճիշտ երկնագույն էր, իսկ ժանյակների մասին համաձայն եմ»: Պատուհաններից մեկը ետ, իր շրջանակի մեջ զարկվեց, դուռն են բացել: Բուժքույրը երակից ներարկում է անում, ինքն ակնդետ առաստաղն է դիտում, օդի մեջ սպիրտի հոտ է տարածվել: Ուզում էի` բուժքույրը երկար մնար, հարցեր էի տալիս: Հետո նրա հետ դուրս եմ գալիս, որ բժշկին տեսնեմ:
Մի ամիս ու կես էլ Նոյեմը պառկեց հիվանդանոցում, վերադարձավ տուն: Մեր միջև մութը չէր հաղթահարվում, վերմակը չէր հաղթահարվում, շնչառությունը չէր հաղթահարվում … Վարագույրից պատի վրա ծալծլվող ստվերներ էին շարժվում: Նոյեմի մերկությունը՝ մի ստինքով, և տձև էր, և գեղեցիկ: Վանող անհամաչափություն՝ փակ աչքերի թարթիչները հմայիչ, մի ձեռքս հարթ տափակության վրա ուսից ուղղաձիգ իջնող սպին է շոշափում, կարերի փոթը: Չեմ դիմանում, ուժերս չեն հաղթահարում օտարին: Անծանոթն անընդհատ ներկա է: Հեռու՝ հետո նորից ներկա: Լույսը չենք վառում, պատի տակ դրված երեք աթոռների կուչ եկած մութ տեսիլքներին եմ նայում: Մթի ու վերմակի տակ պառկում էի անշարժ՝ գիտենալով, որ նա վերմակը կբացի, կգա: Գալիս էր, ուզում էր ընտելացնել ինձ իր այդ տեսակ մերկությանը, օգնում էր օտարի՝ իմ հաղթահարելուն: Դրա համար չէր նեղանում, երբ պիրկ ձգված ոտներս ու ծնկներս լարվածությունից իրար կպած էին լինում: Շոյում էր մարմինս, գուրգուրում էր, ես էլ օգնում էի, որ իր ուզածի պես լինի: Հետո շրջվում էի դեպի պատը, ընկնում պաղի մեջ, փոսի ցուրտ: Թափառող, պատահական շողքը զարդասեղանի հայելու մեջ մեկ ճերմակում է, մեկ մթնում:
Մտածածս երբեմն չէի հասկանում ուժասպառությունից: Այդչափ տխրությունը նշանակում է հերթական անգամ հրաժարվել օտարից, անհնար է ապրել անծանոթի կողքին, ու անխուսափելի է անքնությունը այս մահճակալի վրա:
Նոյեմին անորոշ, խորհրդավոր խոսքի երանգով բժիշկն առաջարկեց հեռացնել ստինքը, երկար ժամանակ պետք եղավ համոզել, հետո ստիպել նրան, որ համաձայնվի, դա մեր սիրո համար ոչ մի նշանակություն չի ունենա: Իսկ ինքս մտածում էի՝ հետագայում ինչ էլ պատահի, կարող եմ փրկել մեր ընտանիքը: Մի անգամ, երբ մթան մեջ ափով գուրգուրեց դեմքս, ու մատները կպան թաց այտիս, մտածեց, թե դրանք հաղթահարված գիշերվա, երջանկությունից խոնավացած աչքեր են, ձեռքը պորտիս դրած՝ անտագնապ քնեց:Իմ ներկայությունից անդին՝ հեռվում, չէր տեսնում վրիպում
ներս: Մոխրամանի եզրին մինչև վերջ իրար ետևից այրվող ծխախոտները, մատներիս արանքում մոռացված գրքի բանաստեղծությունների միևնույն տողերը դեռ երկար, մեքենայորեն պիտի կրկնեն ուղեղս ու շուրթերս» Նոյեմը քնի մեջ տնքաց, վեր թռավ: Նստած է: Տագնապած, քնկոտ ու պղտոր աչքերը մթան մեջ՝ ինձ է որոնում, «Օնան, Օնան, դու մեծ մարդ ես, Աստծուն ասա, որ ինձ խնայի»: Ես դարձյալ մտքիս մեջ Աստծու հետ խոսեցի, խնդրեցի, որ երկուսիցս մեկին՝ ինձ կամ իրեն, վերցնի:
Վեր եմ թռչում, չեմ էլ հասկանում՝ այդ երբ քնեցի, հիմա քնա՞ծ եմ, թե՞ արթուն: Կանաչ աչքերովը ոտքերիս է պառկել: Առաջին անգամ, երբ եկավ, կատվի չափ էր, հետո՝ ուլի, հիմա մեծացել, կարմիր բիբերով խոշոր շան չափ է դարձել… աճում է…
Լռություն է, այս գիշեր էլ անխուսափելի է անքնությունը: Երբեմն ուղեղիս խորքում, երբեմն կոպերիս վրա պտտվում է վայրկենական քունը, մատներիս մեջ մոռացված գիրքը ընկնում է վերմակի վրա, մթի մեջ, առաստաղին նայելով, սպասում եմ լուսաբացին …
Նոյեմը հասկանում է, թե մեր չստացվող համատեղ կյանքի խորհուրդը որտեղ է փակված: Առանց պատճառի փնթփնթում է, երբեմն լաց լինում: Գոռում է երեխաների վրա՝ նրանց ամենալուռ ժամանակ: Խաղերի հաճելի պահերին փողոցից տուն է բերում: Արգելում է կինո գնալ: Առիթի դեպքում և փոքրերին, և մեծերին ապտակում է ցուցադրաբար: Հետո բոլորը միասին, ինքն էլ նրանց հետ, լաց են լինում: Օրը ցերեկով, տնքտնքալով անկողին է մտնում, երևակայում է, թե տկար է, հիվանդությունը կրկին արթնացել, լափում է: Ամենքի ներկայությամբ ինքն իրեն անպետք էր համարում:
Ասում էր. «Ո՞ր կարգին կինն իր սեփական երեխաների հետ այդպես կվարվի,– ասում էր,– իհարկե, միայն ողորմելին»:
Բերված ապացույցներն ու խոսքերը, որ ինքն անհատականությունից զուրկ է, թեթևամիտ է, անգամ բոզի չափ ինքնասեր չէ, կին էլ չէ՝ կնիկ է, լվացարարուհի, իր տեղը խոհանոցն է, մայր, ամուսին լինելու իրավունք չունի, այս ամենը անընդհատ ասվում, կրկնվում էր, որ խղճահարվեի, չլքեի: Հասկացնում էր, թե ինքն ինչքան իմ՝ իր կողքին լինելու կարիքն ունի: Ամոթ էր, ամաչում էի, որ նա ամենավերջին ճիգով փորձում է ինձ իր կողքին պահել:
Սիրել սեփական խեղաթյուրությունը՝ որտեղ էլ լինել, փախչել ամեն տեղից, հիվանդություն է: Մենամոլ, անհասկանալի օտարացում: Ինչի՞ց է՝ մեծը ներսում կրելուն հավատալո՞ւց, հիմարություն …
Հետո ինձ հանդիպեց Աննան, որ ֆրանսիացուն հոժարեց, հեռացավ անվերադարձ: Հետո՝ Հերմոնեն, որ կույս էր, օրինապահ: Հետո՝ Ջուլիետը, որ թեթև էր խատուտիկի նման, ու քամին տանում էր ամեն կողմի վրա: Մելանը, որ կյանքի լավագույն տարիներն անցկացրել էր սեռական անկարողների հետ, բայց ինձ վարակեց: Հետո Ելենը՝ այդ շնացող լիրբը, բոզը, բժշկի կարիքավոր, հիվանդ կրքերով անասունը, երբեք չեմ մոռանալու՝ այդ քածը գիշերներն անապատով անցնող իմ քարավաններն էր կտրում, իսկ ցերեկը գողացածները վերադարձնելով՝ երջանկացնում էր ինձ:
Գիրքն արդեն տպագրվել, բաժանվել էր գրախանութներին: Այդ օրերի՝ համընդհանուր աղմուկի, հեղափոխության, սովի և պատերազմական իրավիճակների մեջ ոչ քննադատները նկատեցին, ոչ էլ՝ ընթերցողները: Ուսանողները տարել էին գյուղ, մեկնել իմացողները՝ կարդացել, համոզված էին, որ այնտեղ նկարագրված ամեն մի կերպար իրենցից ծուռ պատճենահանված, իրենց վարկաբեկող մարդկային տեսակ է: Գիշերը Մինաս եղբորս տրակտորն էին վառել: Ինձ էլ ասում էին՝ գյուղ չգաս: Իրենց հասու բոլոր միջոցները՝ դեպուտատներին ու շրջկոմի քարտուղարներին օգտագործեցին, անգամ երկու երկրների իշխանություններն արձանագրություններ վավերացրին, ու իմ գյուղ գնալուն պետության դատախազը արգելք դրեց մեկընդմիշտ:
Ավտոբուսով գնացող-եկող ուսանողների, մասնավոր մեքենաներով երթևեկ հիվանդատերերի միջոցով, այս անգամ սպառնալի նամակները, կարճ ու հատու երկտողերը, ավելի հետևողական, համառորեն հեղեղեցին: Հունիս ամսի հենց մեկին՝ քաղի առաջին, երկրորդ օրերին, գյուղի հրապարակում Մինաս եղբորս ծեծեցին:
Ինձ էլ ասում էին. «Օր ու արև չեք ունենալու»:
Իրենք էին հարձակվում, նամակներն այնպես էին շարադրում՝ առաջին տողից մինչև վերջինը հայհոյանք ու հերյուրանք էր լինում:
Ասում էին՝ իմ գիրքը գուցեև հասկացվեր, եթե ես անաչառ լինեի, նույն ազնվությամբ նկարագրեի իմ ծնողների վարք ու բարքը, ինչը որ արել եմ համագյուղացիների դեպքում: Ինչո՞ւ չեմ գրել, ասենք, թե ինչպես էր մայրս հորս հանդապահության օրերին լուսածիրային հրթիռը ձեռքը պահած քնում, որ վրացի Աբեզարան չպղծի իրեն:
Ծաղրում էին, որ և ինձ էր վերաբերում, և հորս: Ծաղրանքով հարցնում էին, թե ինչու չեմ ասել, որ հորս սուրբ լինելն անգամ խայտառակությունից չկարողացավ փրկել:
Գրում էին. «Աշնանը «Աղ դարձած աղջկա» ճերմակ քարկիտուկի մոտ, երբ մայրդ «Ջութակ» անունով կարմիր երինջն էր որոնում, վրացի Աբեզարան բռնաբարեց նրան: Իսկ արդեն երեք ամիս հոգեբուժարանում գտնվող սրբին լուր տարան, թե վրացի Աբեզարան իբրև լուսածիրային ռակետով հրկիզվել է բռնաբարության փորձ անելուց առաջ»:
Դարձյալ պաղ հեգնանքով գրում էին, թե. «Ինչ մեծ վարպետությամբ ես շրջանցել ձեր հարս Օհաննայի հետ կապված, ձեր տոհմը վարկաբեկող իրադարձությունները, թե. «Օհաննան ծնողներ չուներ, նա գալիս էր տատիս մոտ»: Գրում էին. «Ի՞նչ հեշտ է, գրում ես նախադասությունը «նա ծնողներ չուներ», դնում ես վերջակետը ու պրծավ գնաց, քեզ համար տեղում վերջացավ մարդը և նրա պատմությունը, կարծես այս երկրագնդի վրա ոչ այդ խեղճ աղջիկն էր եղել, ոչ էլ նրա կենսագրությունը»:
«ԲԱ ԶԱՔԱ՞ՐԸ, ՈՐ ՕՀԱՆՆԱՅԻ ԱՄՈՒՍԻՆՆ ԷՐ»:
Զաքարն իմ ամենակրտսեր հորեղբայրն էր, որ չվերադարձավ աֆղանական պատերազմից: Տատս, «սև թուղթ» չեկած, գուշակում էր, որ Զաքարի հետ մի վատ բան էր պատահել, քանի որ դեռ պատերազմի սկզբներին սպիտակ կովը ծնել էր երկգլխանի մի սև հորթ:
«ԲԱ ՊԱՊԻԴ ՈՒ ՏԱՏԻԴ ԱՆԲԱՐՈ ԹՈՂՏՎՈՒԹՅՈ՞ՒՆԸ …»:
Մի օր Օհաննան պապիս հետ գնացել է կալ՝ ցորենը կալսելու, երեկոյան ետ գալուց ոտքը կախ է գցել, ուշ է տուն եկել: Մի ուրիշ անգամ պապս գիշերը նկատել է, որ անկողնում չէ: Երբ տատիս հետ խորհրդակցել է, տատս ասել է. «Օնա՛ն, լեզուդ քեզ քաշի, ահավոր մենակություն կա էդ աղջկա շալակին, մեղք է»: Այդ գիշեր գյուղով մեկ լսվում էր բվի վայոցը:
«ԲԱ ՆԱԼՈԳ ԱԲԳԱ՞ՐԸ …»:
Մի արևոտ օր Օհաննան բակում, ծալապատիկ նստած, սանդերքի վրա բուրդ է գզել: Փոստատար Արգարը թաքուն, ցանկապատի վրայով նայել, նայել է Օհաննայի կիսաբաց ստինքներին, լսել ավելուկի թփերի մեջ երգող երաշտահավին, արբել է: Այլևս ետ չի դարձել, որ սպասի մերոնց հանդից գալուն, օրորվելով մոտեցել է Օհաննային, միակ աչքը՝ վերև փախած շրջազգեստի տակ՝ ազդրերին, կանգնել, մնացել է, հետո հիշել է ու նրան է մեկնել Զաքարի «սև թուղթը»: Օհաննան չի լացել, մազերը չի պոկել, երեսը չի ճանկռոտել, «սև թուղթը» ձեռքին մտել է մարագ, դուրս չի եկել: Լռությունը երկարել է, Աբգարը գնացել է մարագ: Պարանից կախ, ճոճվող, ուշակորույս Օհաննային իջեցրել է ու խելագար համբուրել նրա ստինքները, գեղեցիկ դեմքը:
Ու մի գիշեր Օհաննան գնաց քոռ Արգարի տուն ու էլ ետ չեկավ:
«ԲԱ ԴՈ՞Ւ …»:
Նալոգ Աբգարը հաճախ էր բացակայում տնից: Նրա բացակայության օրերին շատ էի գնացել-եկել նրանց տուն: Չարդախենց Հոռոմը իրենց կտուրից շատ անգամ էր նկատել, որ ես այնտեղից խոնջացած եմ դուրս գալիս, մի օր կտրել էր Աբգարի ճանապարհն ու ասել. «Աչալուրջ եղիր»:
Օհաննայի տունը տաք էր: Օհաննայի մարմինն ու անկողինը տաք էին: Ես պառկել էի նրա վրա: Աբգարը հրացանի սառը փողը դրել էր մեջքիս, սարսափահար գոռում էր. «Չշարժվես, շան ծիծ կերած, բոզի տղա, մեջը արջի գնդակ է, երկուսիդ էլ ցրիվ կտամ»: Անկյունում դրված դույլից ջուր էր կաթում: Աբգարի սարսափահար սուր ձայնն ուղեղս ու գիշերն էր ծակում. «Հասեք, հե՜յ, օգնեցեք, հե՜յ…»: Բակում շղթաները կտրատող շները արձագանքում էին նրան, լսվում էր հարևանների հարայ-հրոցը, կատուն կտուրից աստիճաններով ցած էր իջնում: Օհաննայի քրտնաթոր փորը պաղ էր, ու այդ ամենը՝ իմ շուրջը գոյություն ունեցող կյանքը, սարսափելի ու զվարճալի էր: Տեղից բարձրանալու մի շարժում՝ և ամեն ինչ կջնջվի. կատուն կմնա ընթացքի մեջ՝ աստիճանների կեսին, «օգնեցեքը» կմնա Աբգարի շուրթերին, շների հաչոցը չի շարունակվի: Ու չի շարունակվի մեր անիծյալ տոհմի մեծ ճշմարտությունը, թեպետ քիչ չէր նաև նրա ճակատագրի ծաղրը: Օհաննան երկու ձեռքով փաթաթվել էր մեջքիս, աչքերը՝ թալկացած ու ցնորված, բոցկլտում էին. «Չբարձրանաս, չանես այդ բանը, ապրել եմ ուզում, չբարձրանաս, աղաչում եմ: Հիշիր «Քոռերի թմբի» մրջնանոցները, միայն ես ու դու գիտեինք շեկ մրջյունի՝ հողի երես դուրս գալու ճիշտ օրը: Բա ո՞նց էիր պատի ծեփերը եղունգներով քանդում …»: Ամեն ինչ ծիծաղելի էր. վախը, սարսափը, իմ առաջին սերը, մեր տոհմը, հրացանի սառը փողը, ու այս ամենի մեջ կար գայթակղիչ, վիճելի մի ճշմարտություն: Հայրս, հարևանների ծիծաղ, աղաղակի մեջ, քնքշանքով հանեց ինձ Օհաննայի վրայից, շորերս հագցրեց, տարավ տուն:
Տանը ցուցամատն ու բութը իրար միացրած՝ տարավ բերեց քթիս տակ. «Էհե՜յ, նոր գարուն ելած մոզիների պես դեռ կրունկներիդ ես ցռում ու կարծում ես, թե ես թույլ կտա՞մ, որ պառկես Զաքարի կնոջ վրա»:
Աբգարը մերկ Օհաննային տնից դուրս էր քշել, հրացանը ճոճելով՝ ետևից ընկել, իսկ նա վախեցած, առանց հագուստի, գյուղի միջով վազել էր դեպի տուն, և դեռ մերկ կին չտեսած գյուղի տղաները՝ ետևից: Օհաննան ծնողներ չուներ, նա գալիս էր տատիս մոտ …
Գրքում, Օհաննային վերաբերող պատմությունը, այստեղ ավարտվում էր վերջակետով, այլևս նրա կերպարը չէր շարունակվում: Իսկ գյուղացիք իրենց նամակներում` հեգնախառն, սպառնալից հարցնում էին. «Ինչ դժվար է, չէ՞, երբ մարդու կյանքը մի անգամ պղծել, ավերել ես, դեռ մի անգամ էլ այդ ամբողջ պատմությունը մանրամասն թղթի վրա պիտի նկարագրես: Դրա համար էլ ասելու ամենահեշտ ձևն էիր գտել, թե՝ Օհաննան ծնողներ չուներ, նա գալիս էր տատիս մոտ …»:
«ԲԱ ՎՐԱՑԻ ԱԲԵԶԱՐԱ՞Ն …»:
Աբեզարան Օհաննայի հայրն էր, որ խեղդեց հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին: Իրականում դեպքն այսպես էր պատահել. Օհաննան ոչ թե գալիս էր տատիս մոտ, այլ վազում էր դեպի ջրաղաց՝ հոր՝ Աբեզարայի մոտ: Առանց հագուստի, նրա ետևից հրացանը ձեռքին նալոգ Աբգարը, նրանց ետևից՝ դեռ մերկ կին չտեսած գյուղի տղեկները և մյուս հանդիսատեսները, որոնք տեսանելի մի հեռավորություն պահած՝ երկար, շատ երկար սպասում էին, թե հետո ինչ է լինելու:
Հայրս ավելի ուշ գնաց ջրաղաց: Նրանք վրացի Աբեզարայի հետ դուրս եկան, վիճում էին դռանը: Ձեռքերի շարժումներից, դես ու դեն գնալուց, նորից իրար դեմ առնելուց՝ հեռվից մենք ու ամբողջ գյուղը գուշակում էինք, որ նրանց խոսքերն ավելի թունդ են, քան վեճն է:
Թիկունքում լեռնաշղթան էր ձգվում՝ խոշոր սարերի ֆոնի վրա, նրանք ձեռքերն էին թափահարում իրար քթի տակ: Նրանց վեճը չէր դադարում ու մինչև արևի մայր մտնելը շարունակվեց: Գյուղի ծերունիները, խելացի մարդիկ, հորեղբայրներս եկան մեր տուն. հորս ասում էին, որ ճիշտ կանի, եթե վրացի Աբեզարային քշի ջրաղացից, իսկ իրենք կքշեն գյուղից:
Հայրս այդ վեճից հետո ոչ միայն չքշեց նրան, այլև ինքը գնաց հանդապահության՝ ջրաղացի տնօրինությունը թողնելով վրացի Աբեզարային:
Մի ամիս էլ անցավ, ու ջրաղացից հանկարծ Օհաննան անհետացավ: Սկզբում նրանց խելագար շունը՝ միշտ ջրաղացի ետևի խնձորի այգում էր կապված լինում, սկսեց ոռնալ: Քանի միայնակ էր կաղկանձում, ժողովուրդը մտածեց, թե սև կարիճն է կծել, բայց մի երկու օր հետո՝ հողմակոծ գիշերը, երբ նրան միացան գյուղի մնացած շները, կայծակն էլ էլեկտրակայանին խփեց, հրդեհի բոցերը երկինք հասան, և գյուղը չորս խավար գիշեր անցկացրեց, Պեպան անունով թափառական կատուն էլ դուրս եկավ թաքըստոցից ու սկսեց մութ տեղերում շրջել, ժողովրդի առօրյա կյանքը փոխվեց, հարաբերությունների մեջ անզուսպ լարվածություն, քեն նկատվեց: Գյուղխորհրդի նախագահը հուսահատ գրով անանուն նամակ ստացավ, այլևս չհամբերեց, շրջկենտրոնից քննիչներ բերեց:
Վրացի Աբեզարան նրանց ասաց. «Բատոնեբո, այդ ի՞նչ հարց եք տալիս, մի՞թե իմ աղջիկը չէ: Դուրս է գալիս՝ գյուղացիք իմ աղջկան ավելի շատ են սիրում, քան` ես,– ասաց,– կինս մահացած է, Օհաննայի տատը դեռ կա, նա վերադարձել է տատի մոտ, մենք այնտեղից էինք եկել: Այսքան պատմություններից հետո ինչո՞ւ բնական չէր նրա այս գյուղից հեռանալը»:
Բողոք չկար, քննիչները համարեցին, որ գործ էլ չէր կարող լինել: Արձանագրություններ ստորագրել տվեցին վրացի Աբեզարային, ընթերականերին, գյուղխորհրդի նախագահին, գնացին:
Գյուղում խոսակցությունը միանգամից տարածվեց, թե վրացի Աբեզարան արժանապատվության ամոթից սպանել է Օհաննային, դիակը թաքցրել:
Ծերունիները, խելացի մարդիկ, հորեղբայրներս եկան մեր տուն, հորիցս դարձյալ պահանջեցին, որ վրացի Աբեզարային քշի ջրաղացից, իսկ իրենք կքշեն գյուղից: Ասում էին. «Պատահում է, իսկ ձեր միջև այդքան վատ բան է պատահել»:
Տարիներ առաջ՝ լիալուսնի լրման ու ջրերի մակընթացության ժամանակ, երբ ձկները Քռից վտառներով գալիս, ուռչող գետերով բարձրանում էին լեռները՝ ձկնկիթ դնելու, մենք էլ նրանց վերելքի ճանապարհը ուռկաններով, քթոցներով, թարփերով դարանում էինք ու փթերով հանում:
Այդ՝ մեր ձկնորսության հինգ-վեցերորդ, օրերին գետափից ձեռքներս ճակատներիս՝ աչքներիս հովար արած՝ հեռվից առաջին անգամ տեսանք վրացի Աբեզարային:
Հետո այդ նույն երեկոյան աղջնակի և խելագար շան հետ, որ երբեմն իրենց էլ էր կծում, հայտնվեց մեր ջրաղացի դռանը: Կապոցն ուսին, սովը կոկորդներին, թեյնիկը խուրջինի մի կեսում, ընտանեկան ունեցվածքի գույնզգույն շորն ու կտորեղենը՝ մյուս, կարմիր բիբերով շանը ետևները գցած՝ այդպես միայն հապշտապ փախստականը, մազապուրծը կամ գաղթականն է անցնում:
Նրանց ճանապարհը Վրաստանի խորքերից էր գալիս:
Ալյուր խնդրելու պահին ձայնի երանգն այնպես հնչեց, որ նման չէր ուզվորության: Հայրս, երեք-չորս գունդ խմորի համար, նրա խնդրած ալյուրը տվեց: Կողք կողքի, քարին նստած՝ հորս ծխախոտը ծխեցին: Ջրաղացից ալյուրը բերել, կանգնել էի նրա առաջ, մի ձեռքով վերցրեց, մյուսով մազերս խճճեց: Ափի մեջ կավե կարմիր թռչնակ կար՝ փչելուց սուլում էր, տվեց ինձ: Արդեն գնում էին, տոպրակից բռով ալյուր հանեց, բթի ու ցուցամատի արանքում տրորեց, ասաց. «Սալաքարը թեքություն ունի, տարիների ընթացքում շեղվել, չի նկատվել, ասել թե՝ ալյուրը բարակ, խաս ալյուր է, սխալ կլինի»: Հայրս զարմացել էր, չթողեց գնան, մի-մի հատ էլ ծխեցին. ջրաղացքարերի գույների հնչերանգների գաղտնիքներից էին խոսում:
Աղջնակն առվակի մեջ սանդալներն էր լվանում, մեկը դրել էր քարին, որ չորանա, նրա մետաղյա գամերի վրա մի քանի արև էր շողշողում: Հայրս, վրացի Աբեզարան միասին աշխատելու համաձայնության եկած՝ իրար ձեռք սեղմեցին: Երկու շաբաթում քարի թեքությունը զինգելով հանեցին, և ամբողջ շրջկենտրոնի տարածքում նրանց նման բարակ, խաս ալյուր աղացող չկար:
Հետո՝ ավելի ուշ, մենք հարազատներ դարձանք: Աշնանը՝ սեպտեմբերի քսանյոթին, երբ խոյն արդեն առանձնացրել էին ոչխարի հոտից, ու դեղին ծղոտի դեզերը դեռ հանդերից տուն չէին բերել, հայրս գրպանը մի չարեք օղի դրեց, գնաց ջրաղաց՝ Օհաննային մեզ հարս բերելու:
Օհաննայի հետ գիտեինք մրջյունի՝ հողի երես դուրս գալու ճիշտ օրը: Ամեն տարի՝ մարտի յոթին, թաքուն գնում էինք «Քոռերի թմբի» մրջնանոցները: Փորներիս պառկած՝ սպասում էինք տարեսկզբի բորբ արևով տաքացող հողի աակից առաջին շեկ մրջյունի դուրս գալուն և նրա խելացնոր պարին: Առաջին մրջյունին տեսնելու օրը գիտենալը մեր գաղտնիքն էր: Երբ վերադառնում էինք, ջրաղացի պատի տակ կանգնած՝ ինքը քիթն էր վեր քաշում, իսկ ես իրեն նայում, եղունգներով պատի ծեփերն էի քանդում:
Մենք հասակակիցներ էինք, բայց նրան ամուսնացրին ամենակրտսեր՝ Զաքար հորեղբորս հետ:
Երբ գյուղի ծերերը, խելացի մարդիկ և հորեղբայրներս եկան, հավաքվեցին մեր տանն ու հորս ասացին, թե. «Դու Աբեզարային քշիր ջրաղացից, մենք էլ կքշենք գյուղից, նա տղային պսպղուն հայացքով է նայում: Պատահում է, իսկ ձեր միջև այդքան վատ բան է պատահել»:
Մայրս էլ էր նկատել, որ նա ինձ պսպղուն հայացքով է նայում, հորս՝ իրեն հալածողին, ինքն էլ ասաց. «Եթե նրանց չես լսում, դե արա քո իմացածի պես, դու մեծ մարդ ես, պիտի որ իմանաս՝ ինչ անես»:
Այդ ժամանակ նա արդեն հանդապահության էր գնացել. եռաժանիով մկների բները քանդելիս բաց աչքով տեսել էր մասրենու՝ կրակով հափշտակվելը: Դրա համար էլ մայրս իմ՝ Աբգարի հրացանի սառը փողից փրկվելը, երկրորդ անգամ վրացի Աբեզարայի սարքած մահապատժից խույս տալն ասում էր նրանից է, որ. «Հայրդ մեծ մարդ է, հանդապահությունից ավելի շատ հարստություն բերեց տուն, քան իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատած մնացած տեղերից,– իրեն կոտրողի մասին ասում էր,– ձեր տունը հարուստ է, որովհետև Աստծո հրեշտակները բաց, ամայի դաշտում այցելեցին հորդ: Սա է ձեր տոհմի մեծ ճշմարտությունը, թեպետ քիչ չէ նաև նրա ճակատագրի ծաղրը …»: Ու ինձ համար գիշերները շնչահեղձ, տաք հեծկլտոցով այնպես էր լաց լինում, որ հայրս լսեր նրա այրող հեծեծանքը և լիալուսնով գիշերն անքուն անցկացներ:
Բայց երբ մի անգամ՝ լուսաբացին, մահվան պինդ դարանից խույս տված՝ գետնախնձորի թփերի միջով վերադարձա տուն, խոտերն էին իմ արյունով կարմրում, հայրս ինքը հորեղբայրներիս հրավիրեց խորհրդակցության: Որոշում կայացրին. Սերո հորեղբորս ուղեկցությամբ ճանապարհեցին Հայաստան՝ ուսումս այնտեղ շարունակելու:
Այդ օրերին մայրաքաղաքից ինստիտուտն ավարտած հորաքույրս՝ հյուսքավոր կույսը, վերադարձավ, ու նրան, որպես հազվագյուտ դիպլոմ ունեցողի և ամբողջ շրջկենտրոնում միակ եբրայերեն իմացողի, միանգամից Հայրենական պատերազմում զոհված ութսունհինգ զինվորներին նվիրված` գյուղի տուն-թանգարանի վարիչի և մեծերի՝ սիրողական թատերական խմբի գեղմասվարի պաշտոնը տվեցին:
Սակայն վրացի Աբեզարան դարձյալ պսպղուն հայացքով էր նայում՝ այս անգամ մայրաքաղաքից վերադարձած հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին, հետո՝ մորս:
Ամեն առավոտ՝ հյուսքավոր կույսի թանգարան գնալու ճիշտ ժամին, կանգնում էր ջրաղացի դռանը և պսպղուն հայացքով ուղեկցում նրան:
Իսկ գյուղխորհուրդը, բժիշկն ու նրա տասներկու օգնականներն այնպես էին անում, որ հորս պահակության օրերն ավելի ձգվեն, երկար մնա հանդերում: Նրանց համար արդեն անտանելի էր դարձել, թե ինչպես է նա հարբած ժամանակ, գյուղի հրապարակում, աղբյուրի մոտ, հավաքվածներին առասպելները, հիշողության հետ կապված պատմությունները և հեթանոս երգերը ազգայնական տեսակետից մեկնում:
Նրա խոսելու, դեմքի, աչքերի, բառերի, տաք ձեռքերի հատու և ծանր շարժումների արտահայտություններից թվում էր, թե ահա, ուր որ է, ժողովրդի ձեռքին հանկարծ կհայտնվի մի մահակ, մի սուր, մի քար, մի բան՝ արյուն հանող …
Այդպիսի պահերին շատ արագ, շրջկենտրոնից բեղավոր բժիշկը և միանման պորտֆելներով նրա տասներկու օգնականները գալիս, կապկպելով հորս շուռ էին տալիս մահճակալի վրա, լուսամուտներից նայող թաղի երեխաների աչքերի առաջ բացում էին ճերմակ հետույքը և կարմիր դեղերով ներարկումներ անում:
Որպեսզի նրա բացակայությունը գյուղից երկար ժամանակով լինի, և ժողովուրդը իր հիշողության գրքերի թղթերից խռովահույզ չդառնա, մի նոր աշխատանքի էլ նշանակեցին: Հեծնել տվեցին կոլտնտեսության Ասանեթ անունով սպիտակ յորղա ձին, ասացին. «Գնա, ճանապարհներն էլ վերահսկիր»: Նա էլ բերքահավաքից հետո, երբ հանդերում այլևս պահելու բան չէր մնում, բարձրանում էր հեռու` լեռների փեշերին տեղավորված յայլաները: Նրանց՝ դաբաղով հիվանդ նախիրների մասին կազմած տեղեկանքներ էր ուղարկում շրջանի գլխավոր անասնաբույժին: Եվ այդ ճամփեքին, ճերմակ ներկով ժանգոտ թիթեղների վրա գրված՝ «Յաշչուր, կարանտին» զգուշացման նշաններ էր դնում:
Դրանից էլ հետո՝ հոկտեմբերի քսանիննին, երբ փորերի վրա գնացող բոլոր սողուններն սկսում էին մտնել հողի տակ, և պաղ անձրևների, քամիների շրջանն էր սկսվում, ու սարերից անասուններին ցած էին բերում, գյուղխորհուրդը, բեղավոր հոգեբույժն ու նրա տասներկու օգնականներն այնտեղ մի նոր աշխատանք էին հորինում՝ թե ճանապարհները պիտի վերահսկի: Շրջել էին տալիս լեռնային ճանապարհներով, գտնել տալիս սողքի տակ մնացած երթուղիները: Հորդառատ անձրևներից, ջրհեղեղներից թեքված ու տապալված ճանապարհացույց նշաններն էր նորից կանգնեցնում, ջուրը տարած կամուրջների տեղը նշող, վտանգը կանխարգելող ցուցիչներ էր դնում: Նրա՝ այդպես տեղից տեղ թափառելը, մի սարի ճանապարհից մյուսին անցնելը, տարվա այդ եղանակին լեռներում, վայրի կատուների հետ միայնակ լինելը ավելի շատ հալածանքի էր նման: Դրա համար էլ, երբ շաբաթը կամ երկու շաբաթը մեկ վերադառնում էր գյուղ, հարբում էր, գիտակցությունը կորցնելուն պես գնում էր հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսի տունը, և ամբողջ գյուղը լսում էր մորս աղաղակը, լացն ու ճիչերը, թե հեռուներից ճերմակ սատանան է իրեն հյուր եկել … Հետո նրա հեծկլտոցին հաջորդում էր մի հարվածով ջարդվող լուսամուտի ապակիների՝ գիշերվա մեջ թափվելու խշրտոցը, հագուստները պատառոտող հորս ոռնոցներն ու վայնասունը. բոլոր թաղերից ականջ դնողները գիտեին, որ այնտեղ ապահարզանով բաժանված հայրս բռնաբարում է իր կնոջը ու առավոտյան ներսը կտրատող թախիծը դեմքին, կոլտնտեսության Ասանեթ անունով սպիտակ ձին տակը վեհորեն քայլեցնելով՝ նորից բարձրանալու էր լեռները: Իսկ այդ ընթացքում վրացի Աբեզարան դարձյալ պսպղուն հայացքով էր նայում մորս, հետո՝ մայրաքաղաքից վերադարձած հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին: Գյուղի խելացի մարդիկ, հորեղբայրներս էլ, որ տեսել էին, թե հորս բացակայության ժամանակ վրացի Աբեզարան ինչ պսպղուն հայացքով է նայում մորս, եկան մեր տուն և կրկին հորս խորհուրդ տվեցին նրան քշել ջրաղացից, իսկ իրենք կքշեն գյուղից:
Հայրս լեռներում շրջելիս կանոնավոր բանակի զինվորներից մի չարեք ցորենի օղիով լուսածիրային հրթիռ էր առել, որ մայրս բարձի տակ դնի: Բռնակի պտուտակն էր բացել, մորս ասել էր. «Քեզանից մեծ բան չի պահանջվում. ահա այսպես կբացես, ահա այսպես կբռնես, ահա այս թելը կքաշես»: Ու դարձյալ գնացել էր իր աշխատանքին:
Իսկ վրացի Աբեզարան, դարձյալ ամեն առավոտ՝ հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսի թանգարան գնալու ճիշտ ժամին, լափը ձեռքին կանգնում էր խնձորի ծառի տակ՝ շղթայված, կարմիր բիբերով խելագար շան կողքին, կքակզած՝ նրա ականջին ատելության բառեր էր շշնջում. լափը չէր տալիս այնքան ժամանակ, մինչև որ նրան էլ էր ստիպում՝ թաթերին դրած գլուխը բարձրացնի, պսպղուն հայացքով դիտի հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին:
Սերո հորեղբորս շատ բան դուր չէր գալիս: Մի օր հարբել էր, ջրաղացից խանութ՝ ծխախոտի գնացող վրացի Աբեզարային ինքը, մեր ազգականները, մորս կողմից բարեկամները, ընկերները և գյուղի ջահելները խմածի գիտակցությամբ ծեծեցին, առջևի ատամները թափեցին:
Նա մի շաբաթ ջրաղացից դուրս չեկավ, երևի անկողնում էր պառկած, ու այդ յոթ օրը՝ ամեն առավոտ՝ հյուսքավոր կույսի թանգարան գնալու ճիշտ ժամին, կարմիր բիբերով շունը թաթերի վրայից բարձրացնում էր գլուխը և պսպղուն հայացքով նրան էր ուղեկցում:
Մի անգամ կավագույն աշնանը՝ սեպտեմբերի տասներկուսին, երբ արագիլները տաք երկրներ էին չվում, նրանք հանդիպեցին: Մայրս մեր կորած Ջութակ անունով կարմիր երինջն էր որոնում: Կոլտնտեսության մարգագետնում` «Աղ դարձած աղջկա» ճերմակ քարկիտուկի մոտ, երբ լռությունն ու ամայությունը սաստկացավ, զգաց, որ էլի մեկը կա, որ այդ մեկը վաղուց հետևում է իրեն: Վախից այնքան անշարժ կանգնեց, մինչև որ նա դուրս եկավ թաքստոցից, ձեռները կոնքերին կանթեց ու սկսեց պսպղուն հայացքով նայել: Նա այնպես էր պսպղուն աչքերով նայում, որ մայրս սարսափից գոտկատեղը խրած լուսածիրային հրթրռը հանեց ու քաշեց թելը: Ձեռքին մնացած խողովակի միջից՝ օձի կարմրակապտավուն լեզվի նման, ֆշշոցով դուրս թռավ չերևացող բանը ու բռնեց վրացի Աբեզարայի փեշերից, նույն ակնթարթին էլ հրդեհը հափշտակեց նրան:
Աղեկտուր ոռնոցով իրեն խփել էր դեզի մեջ, կրակը թողել էր խոտի վրա, ինքը մյուս կողմից մխալով, որպես վառված մսագունդ, դուրս էր ընկել: Շրջկենտրոնից ժամանած միլիցիոները ում քննել էր, գյուղացիք ասել էին. «Գազից է: Գազի բալոնը գիշերը մոռացել, բաց է թողել, դրա համար փորձանք է պատահել: Ինքն էլ վրացի չէ, հայ է: Անվան պատճառով է, որ այդպիսի մականուն ենք կպցրել»: Գնացել էր հիվանդանոց, պարզվել էր՝ վրացի Աբեզարան ինքն էլ բողոք չուներ, խոստովանել էր, որ միամտաբար գազի բալոնը չի փակել:
Քննիչը գործ չբացեց, թողեց-գնաց:
Այդ օրերին, երեք ամիս հոգեբուժարանում լինելուց հետո, հայրս նոր էր վերադարձել: Ծերունիները, խելացի մարդիկ ու հորեղբայրներս հավաքվեցին, եկան մեր տուն, դարձյալ խորհուրդ էին տալիս, որ նրան քշի ջրաղացից, իսկ իրենք կքշեն գյուղից:
Այդ նույն ժամանակ վրացի Աբեզարան էլ էր վերադարձել հիվանդանոցից: Դեմքի մի կեսը սպիտակ էր, մյուսը՝ վարդագույն, մի ձեռքի մաշկը մազաթափ ճերմակ էր, աջինը կարծես իրար վրա հավաքած, սոսնձած լիներ: Մազ չկա, հոնք չկա, թարթիչ չկա, ու այդպես կանգնում էր ջրաղացի դռանը և դարձյալ պսպղուն հայացքով էր նայում մորս, հետո՝ մայրաքաղաքից վերադարձած հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին:
Առավոտյան՝ նրա թանգարան գնալու ճիշտ ժամին, լափը ձեռքին կանգնում էր խնձորի ծառի տակ շղթայված խելագար շան կողքին, կքակզում էր նրա վրա, ականջին ատելության բառեր էր շշնջում, լափը չէր տալիս այնքան ժամանակ, մինչև որ նա բարձրացնում էր թաթերին դրած գլուխը, ու հորաքրոջս հետևող նրա կարմիր բիբերի մեջ նույն հայացքն էր լինում, ինչ որ տիրոջ:
Հաջորդ տարի՝ հուլիսի վերջին, երբ հինգ օր անընդհատ անձրև էր գալիս, վեց-յոթերորդ օրերին ջերմ արև ծագեց. գյուղացիք արդեն երկու օր պարկերով, կողովներով մարգագետիններից ու սարերից սպիտակ սունկ էին բերում: Երրորդ օրվա առավոտյան հեռվից տեսանք՝ վրացի Աբեզարան ետ-ետ գնաց, մեջքը հենեց պատին, աջ ձեռքով սիրտը բռնեց ու նստեց: Դեռ բակերից դուրս չէինք եկել, հայրս վազեց, մենք էլ պարկերը, կողովները գցեցինք, վազեցինք:
Խոսել ընդհանրապես չկարողացավ: Պառկեցրեց նրան: Գլխի տակ բաճկոնն էր դնում: Խոսքը չէր հասկացվում: Հատուկենտ, երբեմն-երբեմն արտասանած բառերը անկապ էին, լեզվի տակ ծամծմված, անըմբռնելի: Հետո խելքն ամբողջովին կորցրեց, մի կոշիկն էլ դուրս եկավ ոտքից, մեռավ: Մինչև արևի մայր մտնելը, մինչև դագաղ բերելը, ինքը պառկած էր ջրաղացի դռան քարին, պառավներից Էփրոնը, կողքին թիկն տված ծխում էր: Նրան նստեցրել էին, որ գյուղի ամենախոշոր՝ Պեպան անունով թափառական կատուն հանկարծ դիակին չխփի:
Նա, մահվան մեջ միանգամից ծերացել, սխտորահոտ էր արձակում:
Գյուղի ծերունիները, խելացի մարդիկ ու հորեղբայրներս հավաքվեցին, եկան մեր տուն և հորս խորհուրդ էին տալիս, որ նրան տանի շրջկենտրոն, ծերանոցի գերեզմանատանը թաղի: Ասում էին. «Քրիստոնյային և ընդհանրապես գյուղին վայել չէ, որ մարդասպանին եկեղեցու կողքին՝ ընդհանուր գերեզմանատանը թաղի: Նա մարդ է սպանել»:
Հայրս այդպես չարեց: Նրանք՝ վրացի Աբեզարայի հետ, իրար ձեռք էին սեղմել, մինչև օր-ծերություն միասին աշխատելու խոստում ունեին կապած:
Երբ կրտսեր՝ Զաքար հորեղբորս էլ մյուս զինակոչիկների հետ տանում էին Աֆղանստան, այդ տարի թույնից մեռած գյուղի ամենագեղեցիկ աղջկա համար սուգը դեռ չէր վերջացել: Երիտասարդներից շատերն էլ հուսահատվել, կամավոր «պրապորշչիկներ» էին գրվում, իրենց նետում էին զորակոչիկներին պատերազմ տանող ծածկած թափքավոր մեքենաների մեջ:
Զաքար հորեղբայրս, ուսապարկն էլ մեջքին, Օհաննային սեղմած մեքենայի երկաթների վրա՝ շուրթերը երկար համբուրեց, իմ մազերը խճճեց ու իրեն գցեց բրեզենտով փակված թափքը. Հետո ամբողջ կյանքում, իմ ներսում՝ փակ աչքերով մազերս էր խճճում իմ ու Օհաննայի Զաքարը: Տուն վերադառնալու ճանապարհին Օհաննան սրթսրթալով, քիթ ու բերանից թափվող արցունքներով լաց էր լինում, ես լռում էի: Զաքար հորեղբորս համար ցանկանում էի մի տեղս ցավեցնել, արյուն հանել ինձանից:
Մտա գոմը, հինգ հատ աղավնի մորթեցի: Իսկ գյուղը, դեռ լույսը չբացված, արդեն գիտեր, որ առավոտյան շրջկենտրոնից դարձյալ կգան բեղավոր բժիշկն ու միանման պորտֆելներով նրա տասնհինգ օգնականները, հորս՝ հատուկ նշանակության ջոկատի մեքենաների դեմ, կամրջի վրա՝ նավթի շշերով ու որսորդական հրացանով դիրք բռնելու համար՝ հոգեբուժարան տանելու: Սիրգի սարի վրա նոր, միանգամից ծագած արևի դեմ գայլն արդեն կանչել էր: Լեռների ստվերներից ազատվել, տաքը լցվում էր գյուղը: Մորուքավոր բժիշկն ու օգնականները. ուր որ է պիտի տեղ հասնեին. մինչև նրանց գալը արդեն ժողովուրդն իրար խառնվեց:
Ողբում էին: Աղաղակում էին:
Թանգարան գնալու ճիշտ ժամին հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին, խնձորի ծառի տակ կապված խելագար շունը գլուխը բարձրացրել թաթերի վրայից, կարմիր բիբերը հառած, պսպղուն հայացքով էր նայել: Երբ տասը քայլ է եղել բաժանող տարածությունը, հինգ ամիս, վեց ամիս, յոթ ամիս, գիշերուզօր երկաթե շղթան վզի վրա մաշած շունը արձակվել, ոստնել է այդ հեռավորությունը, մինչև թավալգլոր կտապալվեին, արդեն ժանիքները խրած էր եղել քներակի ու շնչափողի մեջ:
Հորաքույրս վաղուց անշունչ ընկած էր, շունը չէր հեռանում: Ինչ անում էին, ծնոտը չէր բացում: Ծեծելն ու ծխախոտով դունչը վառելը ոչ մի նշանակություն չուներ: Ծնոտների մեջ պինդ մետաղ, ատամների արանքը խարտոց էլ մտցրին, միայն աչքերն էր բացուխուփ անում և երբեմն տնքում: Հետո «Կարաբին» հրացան բերեցին, կրակեցին ականջի մեջ, տեղից ցատկեց, զարնվեց հողին, ու նրա անշնչացած դիակից երկար վազում էր մեզը:
Երբ վրացի Աբեզարան միայնակ մնաց հակառակորդ ամբողջ գյուղի դեմ, հասկացավ. եթե իրեն բան պատահի, կարմիր բիբերով խելագար շունը պիտի կարողանա առանց տիրոջ հակակշիռ լինել բոլորին:
Գիտեր՝ տարիների ընթացքում մաշվելու է շղթան, արձակվի, դրա համար էլ խնձորի ծառի տակ, ամեն առավոտ լափը ձեռքին, շան ականջին բառեր շշնջալով՝ նպատակն էր տեսցնում, հորաքրոջս՝ եբրայերեն իմացող հյուսքավոր կույսին ատել էր սովորեցնում: Գյուղացիք, վիպակի՝ ամսագրում տպագրվելուց հետո, երբ լույս տեսած ժողովածուն էլ կարդացին, ահա այս պատմությունը չգրելը, կողմնապահ շրջանցելն ու անաչառ չլինելն էին կեղծիք, իրենց նկատմամբ ծաղրանք և հերյուրանք համարում, այդ պատճառով էլ մոլագարի՝ վրեժխնդրություն հիշեցնող նամակներ, երկտողեր էին ուղարկում, հեռախոսազանգեր հնչեցնում: Դրա համար անցյալ տարի՝ ամռանը, Մինաս եղբորս՝ Հեղուշ անունով շեկ, գանգուր մազերով կնոջը, խանութի դռանը, երբ ընկնավորությունն էր խփել, կուլ գնացած լեզուն ոչ մեկը չէր քաշել, ինձ էլ սպառնում էին՝ մի օր գյուղ գնալու դեպքում հաշվեհարդար տեսնել:
Գնալ, հեռանալ էր պետք, առեղծվածը նորից պիտի սկսվեր: Առեղծված՝ անհայտի, անգո թշնամու դեմ:
Չգիտեի՝ ինչից եմ փախչում՝ Նոյեմի՞ց, թղթի ճերմակի՞ց, ապրելո՞ւց, արյա՞նն եմ կարոտել, թե՞ սպասող հողին: Գնալ, հեռանալ էր պետք:
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ
1 հանիսի
«Մայրաքաղաքում անտանելի շոգ է: Շոգի, փայլատակող սև ասֆալտի վրա՝ կարմիր շենքերը:
Մակարը վիրավոր է, դեռ պառկած է հիվանդանոցում: Օգնեցի, փախավ: Ջոկատը, արդեն մի շաբաթ է՝ առանց մեզ է մեկնել: Ամբողջ օրը բարձր տրամադրությամբ «Նիվայով» ճանապարհ գնացինք: Շրջկենտրոնում՝ գլխավոր շտաբից իմացանք մերոնց տեղը: Հասնում էինք, գյուղի վրա ուղղաթիռ է պտտվում: Տրամադրություններս ընկավ: Բան պիտի պատահած լիներ: Ջոկատի «Ուազը» ընդառաջ էր գալիս: Ասացին. «Հենց նոր ուղղաթիռը Գոմեշին տարավ»: Փոխհրամանատար Սանոն կրծքից վիրավորվել էր: Եկանք բազա: Առաջինը բոյով Սահակին տեսա, ոտքերը բոբիկ են, միշտ ոտնամանները սեղմում են: Ծխում է, մնացած բոլոր տղաները ծխում են: Գիշերվա ժամը չորսին գնացել են հարձակման, արդեն ժամը յոթը-ութն է՝ ճակատամարտից նոր են դուրս եկել:
Գյուղը, հողը անընդհատ ցնցվում է. հրանոթները հարվածում են, պատասխան հակահարվածը չկա: Բոլորի աչքերի տակ կապտած է, պարկեր են կախվել: Մերկացել են, մարմինների վրա՝ ջրակալ վերքեր: Թևներն ու դեմքները կտրել է սև մասրենու փուշը: Ցորենի դաշտով էլ են անցել, մինչև ծնկները ասեղնահարված կարմիր ծակոտկիներ են՝ հասկի քիստն է խփել, մոծակները բորբոքում են վերքերը: Ճանճերի պարսը արյան վրա է, չի թողնում կտրվածքները լավանան:
Մհերը չկա: Հարձակումը դարձել է շուրջկալի մեջ ընկնել: Ճեղքել, դուրս են եկել, Մհերին ոչ ոք չի տեսել: Թթի ծառի տակ ստվեր կա, նստած ենք: Հողի վրա փայտիկով նկարագրում են մարտի ընթացքը և վերջին պահը, թե ով որտեղ էր տեսել Մհերին: Մակարի աչքերը պաղ են: Բոլորի աչքերն էլ պաղ են: Տոթը չի հովանում: Գյուղից եկած խոհարար կինը ջրիկ, նամշահոտ կորկոտե շիլա է լցնում ամանները, անխոս շարում սեղանին: Ծծերին եմ նայում: Պնակների առաջ նստած ենք, բայց չենք ուտում: Մի քանիսը ուտել են ձևացնում: Երրորդ օրն է՝ ոչինչ չեն կերել: Հեռահար թնդանոթները հարվածում են, գյուղի տները քարուքանդ եղան: Բազան՝ մանկապարտեզն էլ է նշանառության տակ, ապակիները զանգակների պես զրնգում են: Դեռ հույս ունենք՝ մութն ընկնելուն պես անտառներից, ծերպերից, որևէ ձորակի թաքստոցից դուրս կգա Մհերը: Արդեն կեսգիշեր է, հրամանատարը չկա, շրջկենտրոն՝ գլխավոր շտաբ, խորհրդակցության է գնացել: Սպասում ենք, ով նստած կամ պառկած էր, այդպես էլ քնեց: Չգիտեմ՝ գիշերվա որ ժամն էր, հողն ու քարերը թափվում էին մանկապարտեզի թիթեղյա տանիքին, շենքը ցնցվում, դողէրոցքի մեջ է: Քնած տեղից ցատկեցի, վերցրի զենքերս, բայց դեռ քնած էի: Փաթաթվեցի Մարկոսին, նա էլ նստեց, բայց դեռ քնած էր: Հետո սթափվեցի, նայեցի՝ տղաները, այդպես էլ սպասելով, խորը քնած են, Մհերը չի վերադարձել:
Հրետանին մինչև լույս հարվածեց: Վառվածի հոտ կա, օդն է խանձվել …»:
2 հունիսի
«… Արևը ծագել է: Հրետանին խփում է անդադար: Մոծակները, ճանճերն էլ ետևներս ընկած՝ շրջում են մեզ հետ ամենուր: Արտաքնոցում էլ հետույք բացելն անհնար է: Ուզում եմ հարմար պահ գտնել, Մարկոսին խնդրել, որ գիշերվա դեպքի մասին (հետո՝ առավոտյան հիշեցի, որ ոչ միայն նրան էի փաթաթվել, այլև գոռացել) տղաներին չպատմի: Բայց աչքերի, դեմքի արտահայտությունից զգացի՝ ոչինչ չի հիշում: Մակարը գիշերվա որ ժամին էր վերադարձել, չգիտեմ, կաղում է: Երկուսով նորից գնում ենք շրջկենտրոն՝ շտաբ: Ամբողջ ճանապարհին մեքենային հրանոթի արկերն են ուղեկցում, չենք խոսում, տրամադրություն չկա: Շտաբի բակում զինվորական, անձնական օգտագործման մեքենաներ են կանգնած, ժողովուրդ էլ կա հավաքված՝ վիճում, գոռգոռում են: Խուճապը զգացվում է: Բնակիչների մեծ մասն անտառներում է թաքնվել: Ինքնաթիռից են վախենում: Գերձայնային սև «Սու» օդանավը նոր է ռմբակոծել: Քաղաքի վրա կանգնած չոր փոշին կոկորդ է քերծում: Բոլորը գիտեն՝ գնաց շրջադարձ կատարի, էլի գա: Հետո աննշմարելի կետից է սկսվում, թանաքի կաթիլի նման մի սև է՝ իջնում է՝ օդի մեջ կա միայն ինքնաթիռի փայլատակող սևը՝ երկնքի, երկրի արանքում միանգամից, անսահման խոշորանում, նրանով զարկվում, խեղդվում էր ամեն բան: Բարձրահարկ շենքերը ոտքերի ջիլը կտրած ցլի նման տապալվում են, հետո նոր՝ կարծրը կարծրին զարկվելով՝ նրանց փլվելու դղրդոցը ուղեղ է շաղափում: Սողում է ճերմակ, բարակ փոշին, լցվում է աչքներս, բերաններս: Սպիտակ փոշու մեջ դողում է լույսի ճերմակը:
Շտաբում` պատերի երկայնքով շարված ռադիոկայանները ոռնում են՝ բոլորը միաժամանակ տարբեր տեղերից օգնություն են կանչում: Մի ջոկատ, յոթանասուն հոգով շուրջկալի միջից, հետո նրա հետ էլ ռադիոկապը խզվեց: Խնձորի այգում, շրջափակման մեջ ընկած տանկը պարբերաբար, թախանձագին, հայհոյելով, պահանջելով օգնություն էր կանչում: Նրան էլ օգնության չէին գնում:
Հրամանատարների վերլուծելով, իբր թե նա այդքան երկար՝ առավոտից միայնակ պիտի որ չկարողանար դիմանալ, ուրեմն թշնամին գերել է նրանց, ստիպում է մյուս տանկերին էլ կանչի, որ ծուղակը գցեն:
Ներսում՝ սրտի մեջ, արյուն է զարկում, երակ է փքվում, հարվածի հետ սրտի ձայնը մեծանում, խոշորանում է, և կրծքավանդակում այլևս տեղ չկա, զարկը հասնում է ականջներին, ուղեղ է ցավեցնում … աչքերի մեջ լույս է բաբախում՝ սև, ճերմակ, սև …
Արևը մայր է մտել, տոթը՝ կրկին կպչուն: Վերջին շիկակարմիր լույսը հորիզոնն է բռնել: Հեղեղատի խնձորի այգուց տանկը դեռ օգնություն է կանչում: Հետո նրանց ռադիոկապն էլ կտրվեց:
Խնդրեցինք հրամանատարությանը, որոշեց մի գերի տալ: Մեզ ասացին. «Պիտի հասցնեք,– ասացին,– մեկ օր, ամենաշատը օրուկես ժամանակ ունեք»: Հասկացանք, որ շրջկենտրոնը տալու ենք: Ճանապարհին հանդիպում ենք մարդկանց՝ հավ, աքլոր գլխիվայր ուսած, ջուրը, հացը՝ լաթի մեջ, թևերի տակ, ձեռնափայտով ծերունիներին, պառավներին, անասուններն առաջները գցած՝ անտառներից դուրս են եկել, խումբ-խումբ հեռանում են: Վաղը երեկոյան մենք էլ կնահանջենք՝ նրանց անվտանգությունն ապահովելով: Կրկին մանկական կոշիկ տեսա, մի պահ էր, անցանք: Զինվորն ընկնում է, արցունք չկա՝ նրա փոխարեն կարող էի ես լինել, ես-ը դառնում է շատ զինվորներ, որոնք հեռանում են: Ճանապարհին կամ եզրին ընկած մանկական կոշիկը հուզում է, ներսում հարվածում է արցունքոտ մի տեղի:
Իսկ թշնամու ինքնաեռը, որ դիրքերից փախածները թողել են, դեռ գոլորշի է արձակում, թեյն էլ բուրում է, լացի հակակշիռն է ստեղծում:
Մեքենան ոստոստում էր խանդակների, փոսերի վրա: Հրամանատարի խոսակցությանը չեմ արձագանքում, երևի պատճառը նահանջող բնակչության շարքերին խառնված, ճակատը լքող տղամարդկանց կռվելուց հրաժարվելն է, մեկ էլ մանկական կոշիկը, որ ճանապարհի եզրին մի պահ հպանցիկ տեսա:
Իմ լռությանը նշանակություն չտալով՝ հրամանատարն ասաց. «Քո կերպ մտածելը և միայն հեռացողներին մեղադրելն էլ ճիշտ չէ, գուցե մենք լավ զինվոր չենք, որ նրանք լքում են հողը»:
Հեռահար թնդանոթն անդադար դղրդացնում, պատռում է շրջակայքը: Ավելուկի տերևները վերջալույսի մեջ …»:
3 հունիսի
«… Լուսացավ, արդեն տհաճ է կանգնած օդը: Մոծակների պարսերը պտտվում են:
Շտաբից երեկ բերած գերուն ուզում ենք փոխանակել Մհերի դիակի հետ: Չի ստացվում: Լուրից լուր քաղելով՝ պարզեցինք, որ գյուղի անտառապահը դեռ թաքուն կապեր ունի նրանց անտառապետի հետ: Ասացինք՝ գնա: Դժգոհությունը հաշվի չառանք, ուղարկեցինք հեռվի տարածքները: Խոսել են: Նա սրան ասել է, որ իրենց հրամանատարը գերի չի ուզում: Ոչ մի գերի: Իր եղբոր դիակն է պահանջում, որ քառասուն օր առաջ հարձակման ժամանակ զոհվել է անտառի եզրին: Այս է Մհերի դիակը ստանալու պայմանը: Տեղեկությունները բերել է, պատասխանը տանելուց հրաժարվում է, էլ չի ցանկանում բանակցությունների գնալ: Ասում է. «Կարող է ինձ էլ խփեն»: Հավաքված մտածում ենք: Չգիտեմ՝ վերջին անգամ երբ ենք հաց կերել: Շտաբից արդեն որերորդ անգամ կապվեցին, շտապեցնում են: Գյուղի բնակիչներին կանչեցինք, որոնք գիտեին քառասուն օր առաջ հողած նրանց դիակների տեղերը: Անտառապահին համոզեցինք, սիրաշահեցինք: Ասացինք՝ էլ ելք չունենք, ու սարսափելի վախեցրինք, որ դարձյալ գնա, փոխանակության օր նշանակի: Ի վերջո հագավ ռետինե սապոգները, սիրահոժար չէր, մեզ ասաց. «Եթե էդ բոզերը ինձ խփեն, պատասխանատու եք երեխեքիս առաջ»: Գնաց, լեռների դեղին ուրվագծերի վրա՝ խոսելով գնում էր հանդի փոշոտ ճանապարհով: Մեզ է հայհոյում:
Փորում ենք, հողը ետ ենք տալիս, հակագազի դիմակներով բոլորիս տեսքը միանման է, ինչ-որ կենդանու ենք նման: Ռետինե դիմակը սեղմում է. դեմքներս քրտնել, կապտել է, թոքերը կծկվել, շնչահեղձ են լինում: Փորում ենք, հողը ձեռքերով ետ ենք տալիս: Ամեն փափկած, ջուր դարձած դիակների միջից, մեզ ուղարկած նշանով, պիտի գտնենք նրան, ում սեղանատամները պողպատից են, առջևի երկուսը՝ ոսկուց: Ձեռք ենք տալիս, փլվում, սահում է. խյուս է՝ ջրի պես հոսում է մատների արանքից: «Գրադի» արկի արկղի մեջ մի մարդու կմախք հավաքեցինք: Արկղը ուսներիս դրած՝ զինահանդերձանքի ծանրության տակ գնացինք: Տասը-տասնհինգ կիլոմետր ձորերով, սարերով, անտառով, հեղեղատներ իջնելով ու թփերի միջով պիտի անցնեինք: Հակագազի փողրակները խշշում են, թաց, ծանր օդը տանում, ետ են բերում, մեր շնչառությունը կրկնապատկված՝ պայթում է նրա մեջ: Օդ չկա, ապակիները քրտնած են, թթվածինը թորվում, ջուր է դառնում, գլխապտույտ, թոքներս բարձրացել, կոկորդներիս մեջ են կանգնել: Հակագազերը հանեցինք: Միանգամից արկղը գցեցինք. հետ ենք տալիս: Առանձնահատուկ հոտ էր՝ կտրող ու թափանցող: Ներսում չէր տեղավորվում, ինչ օրգանի կպչում, ոլորում, քերծում էր, հարվածում էր ստամոքսին, ինչ կա չկա բերում, թափում էր: Միայն մարդու հոտն է այդպիսին: Իշամեղուները պտտվում են ջուր արձակող դագաղի վրա, կպչում են, ջրի մեջ քաղցրություն կա: Գնում ենք: Կրկին կանգնում, արկղը դնում, երեք-չորս հոգով միանգամից հետ ենք տալիս: Ստամոքսից արդեն զուլալ ջուր է գալիս, հետո՝ ոչ մի բան, ուզում է կտրվի, դուրս ընկնի: Սերոժի բերանից արյուն է գալիս՝ խոցն է բացվել: Հոտը միաժամանակ ամեն տեղ կա: Չեմ թողնում` մտնի ներսս, ինքը փորձում է, ես հետ եմ տալիս կրկին ու կրկին: Դիմադրում եմ, չեմ ուզում, գալիս, ետ է թափվում: Իսկ ինքը արդեն իմ միջով անցել է: Մարմինս՝ ոտքիս մատներից մինչև մազերիս ծայրը, վերցրեց նրան:
Ես գնում էի առանց խոսելու: Ես միանգամից դարձա ծանր: Ես ինձանով ծակում էի հողագունդը: Ես շոգ լռության մեջ լսեցի պտտվող իշամեղվի բզզոցը: Ես զգում էի, թե ինչպես են թփերի միջից անցնելիս, պատռվող սարդոստայնները փաթաթվում քրտնած դեմքիս: Ու պրծում չկա՝ հոտից, մոծակներից, տոթից, սև մասրենու թփերը ճղել են մարմիններս. քունած ճանճերը տեսել են արյան համը, մեզ բաց չեն թողնում, իշամեղուները կպել են դագաղին:
Ժամանակ չի եղել՝ շտապել ենք, մեր անվտանգությունը համարյա չենք էլ ապահովել: Նրանք գիտեն, որ այդպիսի բանակցությունների ժամանակ նշանառուներ և օգնական ուժեր են նստում թփերի մեջ, հույսներս դրա վրա է: Նորից փսխում ենք, ջուրը ծորում է: Մակարը կաղում է, մի կերպ քարշ է տալիս վիրավոր ոտքը: Արկղը դարձյալ դնում ենք ուսներիս, մարմիններս ջրազրկվել են, բոլորիս շրթունքները միանգամից ճաքճքեցին: Արևը դեմից է ընկել, ստվերներս ձգվել են դեպի ետ, ոնց որ սատանաներ՝ պոչներս քարշ տալով գնում էինք: Նրանք էլ եկան նշանակված տեղը: Մակարը գնաց բանակցությունների:
Հետո Մհերին չէինք ճանաչում, մարմինը մաշվել էր: Ոտքերը կապել էին հետևակի մարտական մեքենայից, բնակչության կռվելու ոգին բարձրացնելու համար ցուցադրական քարշ էին տվել իրենց գյուղերի միջով: Հողի հետ շփվելուց դեմքը, ձեռքերը իրենք իրենց արձակած յուղից վառվել, հալվել ու սևացել էին: Գարանյան Սերոժը գուլպայից ճանաչեց, ասաց. «Մհերն է: Երեկ գիշեր՝ մարտից առաջ, գուլպան ես եմ կարկատել: Ինքը չէր կարողանում, տվեց ինձ, հաստատ ինքն է, սա իմ կարն է»:
Նրանց հեռահար թնդանոթները անդադար խփում, քարուքանդ են անում գյուղը: Շտապողականություն կա, ժողովուրդը, խմբեր կազմած, հեռանում է: Գերեզմանոցում երկու-երեք հոգով մեռել են թաղում: Ով գիտի՝ որտեղ մնացած ձի է խրխնջում: Օրը ավարտվում էր: Թնդանոթի արկերը պայթում, նորից պայթում են:
Երեք-չորս երինջներ, գլուխ գլխի, գավակները ձայնին արած, բառաչում են գյուղի դեմ …
Գիշերվա մեջ օրն է պաղում… Անդին պիտի հանդիպեինք, փոսը մառախուղով էր ծածկված, ընկա մեջը …»:
4 հունիսի
«…Երկու հարյուր կիլոմետր եկել էինք բեռնատարով, էլի չորս հարյուր կիլոմետր պիտի անցնեինք: Երկաթե թափքը հարել է մեր կողերը, ամբողջ մարմնով ջարդոտված էինք: Բեռնատարը, առանց ընթացքը դադարեցնելու, անցնում է անկամուրջ գետերի, քարուքանդ ճամփեքի, անորոշ հոտ արձակող հրկիզված գյուղերի, փոշու և ճանապարհի եզրերը բռնած գաղթականների քարավանների միջով: Ոչ մեկին չէինք վերցնում, առանց խտրականության, ծեր լիներ, թե` մանուկ: Մեզ դուր չէր գալիս, որ նրանք այդպես հապշտապ հեռանում էին: Նույն ընթացքով լեռնոտ զառիվայրեր ու մի քանի շրջադարձեր անցանք. հրամանատարը ես չէի, բայց մեքենայի խցիկը ծեծեցի, որ կանգնի: Նրա դատարկ պայուսակը մինչև հետույքն էր հասնում, մյուսներին ետ էր թողել, նրանցից շատ էր առաջ անցել: Նիհար, երկար ոտքերով լոք տալով՝ քայլում էր արագ-արագ, շտապելով: Հրամանատարը ես չէի, բայց ասացի. «Փաստաթղթերդ ցույց տուր,– ասացի,– ասա ինչո՞ւ հեռանալու թույլտվություն չունես»: Մենք արդեն անցնում էինք նրանցից վերցված տարածքներով, նույն տեղում երկար կանգնել չէր կարելի, վարորդը շտապեցնում էր:
Ասաց. «Կիսլովոդսկ եմ գնում, ուսուցիչ եմ, գիշերն ուզում եմ թռչել Կիսլովոդսկ, քույրս այնտեղ մահացել է, ուզում եմ թաղմանը հասնել»: Տղաներն ասացին. «Խաբում է, թող ոտքով գնա»: Այդ տարածքներում, երկարող օրվա, խանձված բլուրների ու թանձրացող ստվերների մեջ մարդ թողնել չի կարելի, Մակարն ասաց. «Թող նստի»: Տղաներն ասացին՝ չէ: Նա անվարժ բարձրանում էր թափք, մեզանից ոչ մեկը չօգնեց, նրա շալվարի կարերը քանդվեցին: Մենք այնպիսի դիրք ընդունեցինք, որ նրան առաջամասում տեղ չլինի: Ուսերով ու մեր երկաթե հանդերձավորումների մեջ սեղմրտելով՝ քշում էինք ետ:
Տղաներից փոքր Վահանը, պառկած տեղը իբրև շրջվում էր, զինվորական չոր կոշիկով խփեց սրունքի ոսկրոտ տեղերին: Նա գնաց ու կծկվեց թափքի հետնամասում: Քամին մեր տակի ծղոտի մղեղը պտտեցնում-պտտեցնում և ուղիղ խփում էր նրա դեմքին: Մենք գիտեինք, որ, ուր որ է, աչքերը կարմրելու են: Մեզանից շատերի աչքերն էին բորբոքված երկար անքնությունից ու մղեղի դիմահարությունից: Մենք նրա՝ խնդրագին ծխախոտ ուզելը բանի տեղ չդրեցինք: Սլացիկ քամին մեզ խանգարում էր նրա հետ խոսել, բայց Սիմոնը գռռալով ասաց. «Մենք այդքան երկար այնտեղ էինք, դու երիտասարդ ես ու թողած գնում ես: Մեկ է, քեզ իջեցնելու եմ մեքենայից, հենց հասանք մեր տարածքները, գիշեր լինի, թե ցերեկ, առաջին կանգառի ժամանակ իջեցնելու եմ մեքենայից»: Ասաց. «Քույրս մահացել է Կիսլովոդսկում»: Իբրև քամին խանգարում է՝ գռռացինք. «Խաբում ես, բոլոր փախչողներն էլ այդպես են ասում»: Գոռալով ասացինք. «Խաբեբա, դու ոչ մի ուսուցիչ էլ չես»: Չգիտեմ՝ ով, մեզանից մեկն ասաց՝ տականք: Մենք բոլորս լսեցինք, ինքն էլ լսեց ու էլ ծխախոտ չուզեց: Մեզանից մեկը պառկած տեղից բարձրացավ, ծնկաչոք գնաց մեքենայի հետնամասը ու նրան մոտիկ զինամթերքով արկղը հեռացրեց ոտքերի առաջից: Նա արդեն բորբոքված, արնակոխ աչքերը խոնարհեց: Մի վերնաշապիկով էր, ու սլացող մեքենայի հարվածող քամին թափքի հետնամասում էր շրջապտույտ-շրջապտույտ պտտվում, որտեղ նա էր նստած: Մենք գիտեինք, որ մրսում է, ու մեր տաք մուշտակները, որ մեր տակ էինք գցել, նրան չէինք տալիս:
Տղաներից մեկն ասաց. «Ուսապարկը չստուգե՞նք, կարող է ոսկի-մոսկի էլ գողացած լինի: Չեմ հավատում, դժվար թե ուսուցիչ լինի»: Ձորի հարևանությամբ՝ երկու լերկ սարերի արանքում, հանկարծ մեքենան կանգնեց: Մեզանից ոչ մեկն այդպիսի տեղեր չի սիրում: Վարորդը՝ Սամոն, ասաց. «Դողը նստեց, այսպես երկար գնալ չի լինի, ստիպված այստեղ պիտի փոխենք»: Զենքերով թափքից ցատկեցինք, մեքենան շուրջանակի պաշտպանության տակ առած՝ դիրքավորվեցինք: Վարորդը հապշտապ դողն է փոխում: Մենք հեռվից՝ մեր դիրքերից, տեսնում ենք, որ ուսուցիչն էլ է թափքից չարչարվելով, անվարժ իջնում, հետո գնաց, վարորդի դիմաց, որ կողմից որ վտանգ կա, մի քարի նստեց: Նա այդպես նստած է, հետո տղաներից մեկն ասաց. «Էդ ձեռքը ինչի՞ է վերև պարզել: Հեռադիտակը Շուրիկի ձեռքին էր, ասաց. «Մատների վրա զատիկ է նստեցրել, զատիկի հետ է խաղում»: Ստարշինան ասաց. «Չգնա՞մ ու դրան խփեմ, էդքան սիրտ ունեիր՝ չհեռանայիր: Գնում եմ փամփշտակալը վրեն դատարկեմ»: Մակարը մեզ վրա գոռաց, ասաց. «Վերջ տվեք ծխելուն, ծխախոտի հոտը գցել եք, չե՞ք տեսնում՝ քամին ծուխը էն կողմն է տանում»: Ստարշինան չէր խաղաղվում. Սուրենը սապոգը հանել, գլաքարով կրունկը հարող մեխն էր ծեծում: Մակարը ասաց. «Այտա՛ …», հետո գոռաց. «Հագիր սապոգդ, այտա՛ …»: Ստարշինան այլևս չբարձրացավ պառկած տեղից, զենքը դրեց գետնին, շրջվեց մեջքին, ձեռքերը գլխի տակ այնքան նայեց արևին, մինչև աչքերից արցունք եկավ: Մարկոսն ասաց. «Էդ Սամոյին նայեք, նրան ծխախոտ է տվել»: Մի ծխախոտ էլ վարորդի բերանին կար: Մենք էլ չէինք ծխում, ոչ էլ խոսում էինք, բայց նեղվում էինք արևի հարվածից, երբ մեջընդմեջ դադարում էր սարերի միջով հոսող միջանցիկ քամին, մի տեսակ կծող շոգ էր իջնում ու անվստահություն առաջացնում մերձակա լուռ ձորի, երկու լերկ, անթռչուն սարերի նկատմամբ. բոլորս էլ գիտեինք, թե ինչ բան է շուրջկալը: Հետո վարորդը զգույշ գոռաց, մենք եկանք, անաղմուկ բարձրացանք թափքը: Նա դարձյալ ուզում էր առաջամասում՝ մեր մեջ նստել, «տականք» չասինք, բայց ասացինք. «Ուրեմն թողել և գնում ես, վախկոտ: Այդպիսի ուսուցիչ կլինի՞»: Տղաներից մեկը մյուսին լուցկի էր նետում. ուսուցիչը ծնկաչոք երկուսի մեջտեղն էր, կպավ դեմքին: Առանց ծպտուն հանելու գնաց մեքենայի հետնամասը՝ իր տեղը: Հետո երկար ճանապարհի ընթացքում պաղ քամին, մղեղը դիմահար խփում ու խփում էին նրան, ու ճակատին քրտինքի կաթիլներ շարվեցին: Մեր բժիշկն առաջամասում նստածներիս ասաց. «Ներքին օրգանների հիվանդություն ունի, պաղը չի կարելի նրան»: Մենք բոլորս աչքներս փակ պառկած էինք, չարձագանքեցինք. լռությունն այնպես իջավ, թվաց՝ բոլորս քնած ենք: Բժիշկն ինքն էլ ալարկոտ էր, անգործունյա, քնածի պես: Մի քանի օր առաջ թշնամու դիրքերում տեսել էր Մհերի ընկնելը, ոչնչով չէր կարողացել օգնել, դրա համար էլ ոչ մի տագնապ չկար ձայնի մեջ, երբ ասաց. «Նրան պաղը չի կարելի, ցավի նոպաներ կսկըսվեն»: Հետո այդպես, համարյա քնած, ծեծված կողերի վրա շուռումուռ գալով՝ գնացինք ու գնացինք, հասանք մեր տարածքի լեռնոտ, ամենացուրտ գոտին. մեքենան կանգնեց աղբյուրի մոտ: Անմթերք մառանապետ-խոհարարը դարձյալ հայտարարեց. «Սուխարի, շարվեք, երկուսին՝ մի սուխարի»: Արդեն վերջին բոլոր օրերին այդ նույն հայտարարությունն էր անում, դրա համար էլ նրան մի կծու հայհոյանքով անուն էինք դրել, ինքը լսում ու չլսելու էր տալիս: Պաքսիմատից զզված՝ հաց էինք ուզում: Պաքսիմատը անախորժակ, մի կերպ ծամում, ջուր ենք խմում: Մեքենան հեռվում էր, նրան մեքենայի վրա էինք թողել, իջել, եկել էր մեր մեջ: Ուսապարկից մի կտոր հաց էր հանել, ասաց. «Երկու օր ոտքով եկա, էսքան մնաց …»: Սուրենը՝ Մհերի դպրոցական ընկերը, նրան թիկունքից հրեց, ասաց. «Հացդ առ, ես քո …»: Սարիկը նրան չհայհոյեց, ոչ էլ նրա մորը, անմիջապես և միանգամից նրա պարզած հացին հայհոյեց: Մարտի մտնելուց առաջ Մհերը նրան ասել էր. «Հաց չուտե՞նք, առանց հաց ուտելու մարդու կռվելն էլ չի գալիս»: Հետո Սուրոն, երբ հացի անուն էր լսում, անմիջապես հայհոյում էր հացին: Երբ ասում էի՝ հաց հայհոյելը մեղք է, իմ մեղք ասածին էլ էր հայհոյում: Ասում էր. «Ձեզանից ոչ մեկի գործն էլ չէ, ինչքան սիրտս ուզի՝ պիտի հայհոյեմ: Պրծանք, գնացինք, վերջ»: Ճանապարհին վերցվածը գնացել, մեքենայի հակառակ կողմն էր կանգնել, մենք նրան չէինք տեսնում, բայց գիտեինք, որ այնտեղ է: Տղաներից չգիտեմ՝ ով էր, ասաց. «Գնամ տեսնեմ, հանկարծ դողի վրա միզած եղավ՝ սատկացնելու եմ,– ասաց,– հրամանատար, չարգելես, ես դրան սատկացնելու եմ»: Արդեն մթնում էր, մենք բարձրանում էինք մեքենան, նա, հակառակ կողմից թիկն տված դողին, հաց էր ծամում: Սուրենը թափքից նրան ասաց. «Քեզ չասի՞նք՝ մեր տարածքում հենց առաջին կանգառից ոտքով ես գնալու»: Տեսանք՝ մրսում է, ճակատին առատ քրտինք կա: Ասաց. «Քույրս Կիսլովոդսկում մահացել է …»: Հետո ուսապարկը ուսեց, ուզում էր հեռանալ: Ջոկատի տղաներից ամենաբոյովը չթողեց, բռնեց նրա վերնաշապիկի օձիքից, վերև քաշեց: Ինքն էլ ձեռքերով թափքից կառչեց, օգնում էր Սահակին, որ իրեն բարձրացնի: Բարձրահասակը օձիքից հարմար չէր բռնել, չէր էլ բռնում, խեղդրտելով ու նրա վերնաշապիկի օձիքի կոճակները կտրտելով է վերև քաշում: Ասաց. «Վեր ընկիր տեղդ»: Հետո մութը ընկել է, ու մենք չենք խոսում, Մհերի դագաղի շուրջը պառկել ու կծկվել ենք, երևի մեր կեսից ավելին անքուն գիշերներից հետո թմբիրի մեջ է՝ այտուցված կող ու կոնքի վրա: Մեքենայի հետնամասից տնքոց, թե հեծկլտոց լսվեց: Մենք ուսուցչին չենք տեսնում, նրա նստած տեղը սև նշմարելի զանգված է: Մեզանից Արոն մթան մեջ խոսեց. «Բժիշկ,– ասաց,– էնտեղ կին ասածը մտքովս չէր անցնում, հիմա ոնց որ թե լրիվ տղամարդ եմ, շալվարս ուր որ է կճղվի, էդ ինչի՞ց է»: Ասաց. «Գլուխը ինչի՞ համար է, դու մտածիր»: Հետո նորից պարզ լսեցինք ուսուցչի լացի ձայնը, մենք նրան դարձյալ չենք տեսնում, նրա նստած տեղը սև, ծալծլվող, նշմարելի զանգված է: Մութ տեղը խոսողն ասաց. «Բժիշկ, պաղը ինչի՞ չի կարելի ուսուցչին»: «Բոլորիդ արդեն ասել եմ, համ էլ խոսելու ցանկություն չունեմ»: Մեզանից մեկը գնաց, ուսուցչի ձեռքից բռնած՝ բերեց մեր մեջ, մութ է, ու չիմացանք՝ ով էր: Բայց երբ բացում էինք աչքներս, ուսուցչի նստած նույն տեղում դարձյալ զանգվածաձև մեկը կար, ու չգիտեինք՝ մեզանից մեկը հաստատ գնաց, նրա ձեռքից բռնած բերե՞ց մեր մեջ, թե՞ մեքենայի հետնամասում նստած մութ զանգվածը նա էր …»:
Ուրբաթ, 5 հունիսի
«Լուսանում է: Հասել ենք մայրաքաղաք: Մեքենան կանգնեց: Կարճ դադար: Իջանք՝ կող ու կոնք հանգստացնելու: Եվ ասֆալտն է դմբդմբում, և երկաթը երկաթին է զարկվում, մի տեղ տրամվայը շարժվեց:
Հոտն անցել է իմ միջով: Մարմինս, ոտքիս մատներից մինչև մազերիս ծայրը, հիշում է նրան: Ձախ ձեռքով հենվել տներից մեկին, փսխում էի մայթերին, շենքերի պատերին, փողոցներին: Մարդիկ հավաքվեցին, երեք-չորս հոգի են: Հեծանիվով մի անցորդ, նրա շունն էլ մոտեցան:
Այսօր դարձա երեսունինը տարեկան: Հազար ողորմի իմ ծնող հորը …»: