Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց: Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց՝ թմբի բարձրությունը փորին հասավ:
Նա իր դեմ՝ նորածագ պայծառ լույսի և թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ՝ արևածաղկի հատիկների մեծության, հողի երեսին շաղ եկող, սև պեծկլտացող մեջքերով մրջյուններ, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում: Ելենը չշարժվեց, նայում էր, թե ինչպես են նրանք թմբի բարձունքից իջնելուց հետո որոշակի կարգ պաշտպանելով միավորվում՝ անանձրև կարծր հողի վրա բացած հունով հոսում այգու խորքերը: Նա այդպես որոշ ժամանակ կանգնած մնաց, հետո գնաց նրանց ետևից: Չհասած խնձորենիներին՝ ուշադրություն դարձրեց արձագանքին, որն ուղեկցում էր իր բոլոր քայլերին դեռ այն պահից, երբ երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց, թմբի կողքին կանգնեց: Ելենն առավոտյան լռության մեջ, միաժամանակ, կրծող հազարավոր մրջյուններից ելնող ձայնի արձագանքն էր լսել: Նա մի ծառից բռնեց, մտածեց, որ նրանք շատ են վերև-ներքևում: Քաղաքապետարանի երկու աշխատակից իրենց ձեռքով երկաթե դարպասի դռան սողնակը բացելով՝ ներս էին մտել, բարևելով եկան: Տանը, երբ Ելենը գույքահարկը վճարեց, նկատեց, որ անդորրագիրը լրացնող տղայի մի ձեռքը հաշմանդամ է:
Այնուհետև դարպասի դուռը կրկին իրենք բացել- փակելով՝ գնացին:
Սաղարթախիտ ծառն ամբողջովին տերևազուրկ էր: Ելենը տարբեր կողմերից եկող ստորգետնյա անցուղիներ տեսավ: Մերկ ճյուղերի ոստերին գնդված՝ դեղնակարմիր խեժ էր բոցկլտում: Նա նկատեց, որ մրջյունները երթուգալով, քանոնի ճշգրտությամբ ուղիղ, արմատից մինչև գագաթը ածելու պես կտրել են ծառի կեղևը: Նրանց շարասյունը բացվածքի միջով շարժվելիս կարգապահության էր ենթարկվում՝ մի եզրով կեռ ծնոտների մեջ տերևաթերթեր բռնածներն էին գալիս, մյուսով՝ բեռներն արդեն մրջնանոց հասցրածները վերադառնում: Ելենը ծառի կողքին կանգնեց, որը՝ փորը սեղմած, չորս կողմը ձկնկիթ շաղ տված կապտավուն ձկան նման, խոտերի մեջ կիսակարմիր խնձոր էր թափել, նրանց վրա կնճիթավոր ճպուռներ, կանաչաթև ճանճեր էին շրջում: Մտածեց, որ տարվա այդ ամսին խնձորները թթու են լինում: «Տեսնես մրջյունների ինչին է պետք՝ ծառն այդպես դատարկելը»,- մտքում ասաց Ելենը:
Նա զարմանում էր՝ նրանք իր այգում առանց իրեն հաշվի առնելու՝ անտարբեր, արագ անցնում էին կողքով:
Ելենը հանկարծ սկսեց բահով, խոնավության և արմտիքի հոտ ունեցող, մրջնանոցը քանդել: Երբ կանգնեց, նկատեց, որ մրջյունների մնացած մասը հեռանում է այգու խորքերը՝ դեսուդեն փախչելով ներծծվում ամենուր:
Բահը գցեց տանից լսվող հեռախոսազանգն ընկալելուց հետո: Լսափողը վերցնելու պահին գլխի ընկավ, որ զանգը շատ երկար է հնչել: Հակոբի մոր հետ խոսեց: Նա հարցնում էր՝ արդյո՞ք Ելենն էլի լուր չունի Հակոբից: Կամ՝ արդյո՞ք հեռախոսով որևէ բան պարզել հնարավոր չէ:
Ելենն ասաց, որ կամ զանգերն են անպատասխան մնում, կամ էլ լավագույն դեպքում, եթե այնտեղ լսափողը վերցնում էլ են՝ ինչ-որ բան հասկանալն անհնար է:
Նա մայրուղով անցնող խոշոր բեռնատարի շարժիչի հռնդյունից սթափվեց, մտածեց, որ մի քիչ էլ նստած մնար՝ կքներ, բայց դրսում արդեն մութ էր, գլխի ընկավ, որ լավ էլ երկար բազմոցին քնած էր եղել:
Ելենը հեռախոսը ծնկներին դրեց, հեռուստահաղորդում դիտելով՝ մի քանի ընկերուհիների հետ շատ խոսեց: Վերջում նրանք Հակոբի վերաբերյալ համարյա նույն հարցերը տվեցին: Ելենը մեխանիկորեն անգիր արած միանման նախադասություններով պատասխանեց:
Նա առավոտյան այգի գնաց: Տեսավ՝ մրջյունները դարձյալ դուրս են գալիս գետնի տակից, իրար պոչի շարվելով՝ հոծ մարմին դառնում, արևի տակ շողշողալով՝ առվի նման հոսում են դեպի ծառերը:
Ելենը գազօջախին եռացող թեյնիկն արագ քայլքով տարավ՝ քլթքլթացող ամբողջ ջուրը դատարկեց մրջնանոցի անցքից ներս: Տպավորված էր՝ միանգամից ամենուր տիրող լռությունից: Նա աղմուկն ավելի ուշ՝ թեյինկի կափարիչը խոտերի մեջ ընկնելու հետ լսեց, մտածեց, որ կարող է՝ հենց կափարիչի խոտերի մեջ գլորվելն էր:
Տեսավ, թե ինչպես են մրջյունները ուրիշ անցքերից դուրս թափվում: Մի քանիսը տեղ չհասցրած տերևաթերթերն են դեռ բռնած՝ բնազդով իրենց հետ դեսուդեն փախցնում:
Ելենը դատարկ թեյնիկը գցեց՝ լցնելուց ետադարձ գոլորշին ձեռքն էր այրել: Նա հասցրեց նկատել իր ստվերը, որը կեսով ցանկապատին էր թռել, մյուս կեսով ցատկել էր ավտոտնակի պատին: Կրկին լսեց նույն աղմուկը, որը քիչ առաջ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ գլորվելուն էր նմանեցրել: Այգու կեռնեխը խխունջ որոնելով՝ շրջում էր թփերի տակ:
Նա ձեռքի երեսին այրվածքի համար քսուք քսեց: Բազկաթոռի մեջ ոտքերը տակը ծալած՝ ծխախոտ ծխելով սուրճ խմեց: «Ոչ կեռնեխն էր, ոչ էլ խոտերի մեջ գլորված թեյնիկի կափարիչը՝ պարանի վրայի լվացքին զարկող քամին է աղմկում»,- գլխի ընկավ Ելենը: Նա սպիտակ ակացիաների կողքով անցավ, մի շուրթը կոնքին դրած՝ պլաստիկե թասի մեջ հավաքեց սպիտակեղենը:
Քնելուց առաջ լազերային նվագարկիչի ձայնը մինչև վերջ բարձրացրած՝ մի շատ լավ օպերա լսեց:
Ելենը բազկաթոռի մեջ գիշերվա երեքին-չորսին արթնացավ, լսեց, թե ինչպես է ցեմենտի գործարանից՝ ամայի դաշտերի ու մանր բլուրների միջով երկաթգծերին զարկվելով, հեռանում հարյուր հազարավոր տոննանոց ծանր գնացքը, ամառային չոր հողը դողէրոցքով և լուսադեմի նոսր օդը ալիքվելով՝ արձագանքում էին նրա հռնդոցին:
Անկողին տեղափոխվելու ճանապարհին խոհանոցում ջուր խմեց, այդ ընթացքում վերջնականապես արթնացավ, հասկացավ, որ ոչ թե գնացքը՝ իրականում փոթորկոտ քամին է անցնում քաղաքամերձ կարմիր լճի վրայով:
Նա միջքաղաքային կոդ հավաքեց՝ Հակոբի հետ կապվելու համար, համաչափ ազդանշաններ գնացին, սակայն այնտեղ լսափողը չվերցրեցին:
Ելենն անկողնում երկար գիտակցում էր, որ չի կարողանում քնել: Առավոտյան, մայրուղուն զուգահեռ, ջրատարի խանդակ փորող բուլդոզերի շերեփով քարերի վրա թխկթխկացնելուց արթնացավ: Նա ծխելով ու սուրճի բաժակը ձեռքին՝ գնաց այգի: Մրջյունները, թելի վրա շարված ուլունքների նման, ուղղագիծ ձգվել էին ծառից մինչև թումբը: Նրանք, ծնոտների մեջ բարձր բռնած, տերևաշերտեր էին տանում, արևի տակ փայլատակում էր սև օբսիդիանե կողերը:
Ելենը մտքի մեջ ասաց. «Ինչի՞ են դատարկում այգին», -զարմանում էր՝ («Ինչու՞ են եկել»):
Նա հայելու դեմ մազերը սանրելու հետ՝ մտքով կրակ անցկացրեց, միաժամանակ, հրկիզման մասին մտածեց: Բայց լավ չէր հիշում, թե տանը բենզին ունեին, սակայն սպիտակ նավթ ունենալը՝ հաստատ գիտեր:
Ելենը փողոցում առանձին-առանձին մի քանի ծանոթների հանդիպեց, զրուցեցին: Նրանցից մեկը մինչև լուսաֆորը ուղեկցեց: Հարցնում էր, թե հո փոստ չի գնում, որ առավոտյան ինքն արդեն եղել է: Հայտնեց, որ իմացել է՝գիշերը տարբեր տեղերից չորս-հինգ հեռագրեր է ստացվել՝ գուցե այնտեղից էլ լինի: Ելենը մտածեց, որ Հակոբից հեռագիր ստանալը քիչ հավանական է, ասաց, թե շատ ուրիշ գործեր ունի, բայց հենց հարմար պահ գտավ, փոստ էլ կմտնի: Մինչև ավտոբուսի կանգառը ծանոթը կողքով էր քայլում:
Անասնաբուժական դեղատունը թունաքիմիկատների խանութի հետ նկարչական դպրոցի կողքին՝ չորս քարերի վրա դրված «Ուրալ» մեքենայից հանված թափքում էր գտնվում: Ելենը խանութին և ծառին կից, մի քառակուսի մետրանոց, մետաղե ցանցով ցանկապատի մեջ պառկած՝ քնկոտ նոխազին նկատեց:
-Սա ի՞նչ է անում այստեղ,- հետաքրքրվեց նա:
Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը պատասխանեց, որ գյուղերից բերվող այծերին հղիացնելու համար է պահվում:
-Հասկանալի է,- ասաց Ելենը:
-Այծերին արտասահմանյան սպերմայով արհեստական բեղմնավորելը գյուղացու վրա թանկ է նստում: Հիմա այծի պանիրն ու այծ պահելը մոդա է դարձել:
Ելենը զարմանում էր, թե ինչ պարտադիր էր՝ անասնաբուժական դեղատան տիրոջ այդքան մանրամասնորեն գյուղացու դժվարությունների, այծերին թանկ կամ էժան սպերմայով բեղմնավորելու և մոդայիկ պանրի մասին իրեն պատմելը:
Այդպես նրանք մի որոշ ժամանակ խոսում էին: Նոխազը երբեմն-երբեմն աչքերն էր բացում, հոնի հատիկների նման կարմիր վառվող բիբերով չորս կողմը դիտում: Ելենը միայն այդ ժամանակ նկատեց՝ մետաղալարե ցանկապատին կարկատանի պես կպցրած, կանաչ գուաշով գրված ստվարաթղթե ցուցանակը, որ հայտարարում էր՝ «Չմոտենալ՝ խփող է»:
Նա նախազգուշացումը կարդալուց հետո տեսավ նոխազի ոչ սովորական՝ համաչափ ետ շրջված սլացիկ պոզերը:
Այնուհետև, աշխատակցուհին, որ Ելենի ծանոթն էր, գյուղատնտեսը դուրս եկավ:
Հասմիկն ասաց, որ ոչ թումբ քանդելը, ոչ էլ եռացրած ջուրն է օգնում:
Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը գնաց ներս: Ելենը ցանկապատի ցանցից բռնեց:
Հասմիկն ասաց,- Նրանց մանրությանը նայելով՝ երբեմն մեզ թվում է, թե բույնը մոտերքում է: Այնինչ՝ նրանց հասնել ոչ միշտ է հնարավոր… Ելենը ներսից տղամարդու և կնոջ խոսակցության ձայներ լսեց, երբ կենտրոնացավ, Հասմիկը բացատրեց, որ ավագ աղջկան սակավամտության պատճառով դպրոց չի տվել՝ առավոտից իրիկուն հեռուստացույցի ալիքներն է ետ-առաջ տալիս: Աղջկան ամեն օր աշխատանքի բերելը խանութի տիրոջ հետ կոնֆլիկտի պատճառ է:
Այնուհետև Հասմիկն ասաց,- Իրականում նրանց բույնը գտնել, գրեթե չի հաջողվում, հատկապես, երբ այն կարող է բետոնե կառույցի հիմքերի տակ կամ տասը մետր խորության վրա լինել, երբեմն՝ նույնիսկ հողաշերտեր կտրելով, գրունտային ջրերին են հասնում: Թեյնիկով եռացրած ջուր լցնելը կամ բահով թումբ քանդելը ծիծաղելի է անգամ: Ելենը չընդհատեց:
Հասմիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միայն նրանց մի չնչին մասն է ոչնչացվում, իսկ այդ ընթացքում, մյուս ստվար զանգվածը հարյուր, հարյուր հիսուն մետր հեռու է. «Ձեր տան կողքի մայրուղու տակով անցել՝ հարևանի այգու ունեցվածքը բերելու է գնացել»: Հասմիկը բացատրեց՝ ծառից ծառ, այգուց այգի ինչ բարդ կառույցներով ստորգետնյա անցուղիներ են ձգում, որոնք կարելի է իսկական լաբիրինթոսի հետ համեմատել:
Նա ներսում խանութի տիրոջը վճարեց թունաքիմիկատների համար: Այդ ժամանակ էլ տեսավ փոքրիկ գլխով, կոճակի պես շրջանաձև դեմքով երեխային:
Ելենը դրսում կանգնած մնաց մետաղե ցանցով ցանկապատի մոտ՝ բաց դռնով նայում էր կիսամութ դեղատան ներսը՝ այն հավանական տեղին, որտեղ դեռ նստած կլիներ սակավամիտ երեխան՝ բութ մատը ծծելով:
Նա շուկայից մի երկու կիլոգրամ լոլիկ գնեց, վաճառողուհու հետ երկար խոսեցին:
Ելենը երբ աղցան էր պատրաստում, միջանցքում հեռախոսը զնգում էր: Նա գնում էր, որ լսափողը վերցնի, սակայն արդեն գիտեր, որ այնտեղից է: Ելենը ճիշտ էր գուշակել՝ նրանք էլ էին հաստատում, որ այդպես է: Ինչքան էլ նա ցանկանում էր՝ իր տված հարցերին կոնկրետ պատասխան ստանալ, իզուր էր, չնայած, որ այդ ամենը Հակոբի հետ էր կապված: Պարզապես այնտեղին հասկանալն անհնար էր:
Այդ ընթացքում Հասմիկը եկավ, թակեց մետաղե դարպասները: Ելենը դուրս եկավ, Հասմիկը ցատկեց թափքից, երկուսով բացեցին ճռնչացող դռները, նա սանձից բռնած՝ ձիուն քաշեց ներս, ֆուրգոնը մտավ, Ելենը դարպասները տեղը դրեց, գնաց ետևից: Հասմիկը արձակել՝ տնքտնքացող ձիուն արածելու համար տանում էր այգու խորքը, դնչկալի մի կողմից բացած սանձի կաշեփոկով կապում էր ծառից: Վերադարձավ, գնաց ֆուրգոնի ետևը, կիսաշրջազգեստը հանեց: Ելենը եկավ, արմունկով հենվեց անիվին: Հասմիկը կռացավ՝ բանվորական տաբատը հագնելու: Ելենը նկատեց դեռահասի հետույքը: Հասմիկը ուղղվեց, մազափունջը դեմքից ետ գցեց:
Տպավորվել էր՝ կարմիր, առաձգական վարտիքից դուրս մնացած ազդրերի փայլատակած ճերմակը: Ելենին քսվելով անցավ, ֆուրգոնի հակառակ կողմից անվաճաղերը ոստնելով՝ մագլցեց վեր: Երկու հարյուրական լիտրանոց տակառների մեջ պահեց ծորակին միացրած ռետինե փողրակը: Ելենը նստեց բետոնե ելուստին: Հասմիկը ֆուրգոնի փայտե նստատեղի տակից ցելոֆանե տոպրակը հանեց: Սպիտակ դեղափոշին հավասար բաժնեմասերով տակառների մեջ էր դատարկում՝ անասնաբուժական դեղերի վատ առևտրից գանգատվելով, միաժամանակ, թունաքիմիկատը լուծելու համար, հարիսա եփող խոհարարի նման՝ փայտով փայլատակող ջուրը տակառների մեջ անընդհատ կլոր էր պտտեցնում:
Ելենը հարցրեց,- Ինչի՞ են այգին դատարկում, ի՞նչ են ուզում:
Հասմիկը ութ հարյուր լիտր նեոցեդոլով թունավորած ջուրը մրջնանոցի անցքից ներս հոսեցրեց: Անցավ մյուս մետաղե տակառի ետևը, ռետինե փողրակը կախեց մեջը, ասաց, որ նրանք էլ կենսատարածք են ցանկանում ունենալ: Ապրելու տեղի համար են եկել: Նա ցամաքած փողրակի ծայրը բերանը դնելուց առաջ լավ սրբեց ափի մեջ ու մի քանի անգամ քաշեց: Ելենն ասաց, որ զգույշ մնա: Հասմիկը շտկվեց, մեջքով դարձավ նրա կողմը, թքեց խոտերի մեջ, հավատացրեց, որ դեռ երբեք այդպիսի բան չի պատահել, որ անգամ մի կաթիլ ջուր կուլ տա: Պարզաբանեց, որ ռետինը տհաճ համ ունի, փողրակն է լեղի:
Այնուհետև Ելենին ասում էր, որ մրջյունները մարդու չափ հին են, ո՞վ գիտի՝ երկրագնդի որ կետից են սկսել շարժվել. անհաշվելի դարերի ընթացքում հարյուր հազարավոր կիլոմետրեր են կտրել, ո՞վ գիտի՝ քանի օվկիանոսներ են լողացել, քանի անապատներով են անցել, քանի սերունդներ են կորցրել ճանապարհներին, որ հասնեն այստեղ:
Ելենն ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում ընդհատել՝ մեկ տակառների, մեկ էլ ֆուրգոնի ետևն էր անցնում: Այդ ընթացքում հեռվում մի քանի անգամ ձիու փայծաղը ղռղռաց:
Հասմիկը Ելենին թմբի մոտ կանչեց. մրջյունը բրնձահատիկի չափ սպիտակ թրթուրը բերանին փախչում էր: Ասաց, որ հասցրել են, եթե իրենք չմիջամտեին՝ մի քանի օրից նոր մրջյուն կծնվեր, մի ուրիշ ընտանիք կստեղծվեր, երկրորդ, երրորդ մրջնանոցները կբուսնեին այգում: Այն ժամանակ ավելի դժվար էր լինելու առաջն առնելը:
Այգու խորքից վրնջաց ձին: Հասմիկը գնաց այնտեղ ու նրա սանձափոկի մեջ խճճված ոտքն արձակեց: Երբ նա վերադարձավ, Ելենն արդեն հիշել էր՝ ինչ էր ուզում ասել մրջյունների մասին:
– Եթե եկել են, ըստ երևույթին նրանց համար ոչ մի օրենք գոյություն չունի,- ասաց նա: Բայց որտեղ էին նրանք, երբ իրենցից էլ առաջ այստեղ առաջացավ ջուրը և հողը: Փոշեհատիկ էին, երբ հորիզոնում աճում էր մեծ լեռը: Ընդհանրապես չկային, երբ կառուցվում էր իրենց առանձնատունը: Ուր էին, երբ Հակոբի հետ մշակեցին հողը: Աներևակայելի հեռուներում էին, երբ այգու վրայով առաջին անգամ անցան տան էլեկտրալարերը: Որտեղ էին, երբ այստեղ սկսվեց կյանքը:
Ելենն իր դիմաց մրջյուններ տեսավ, որոնք գետնի տակից բոլոր անցքերով դուրս էին նետվում: Փախչում էին՝ սպիտակ բոժոժները բերաններն առած: Վերջից ելնողները թրթուրներն էին փախցնում, սակայն նրանք կամ բեռի ծանրությունից, կամ թունաքիմիկատի ազդեցությունից կորցրել էին հավասարակշռությունը. հանկարծ իրենք իրենց առանցքի շուրջն էին դարձդարձիկ պտտվում: Ելենն սկսեց նայել, թե ինչպես են մրջյուններն ընկնում, ինչպես են դուրս ելնողներն անընդհատ նվազում. հետո միանգամից դադարեց շարժումը:

     Մենք կրակի մոտ էինք նստել, մարդիկ ու առնետներ էին գնում գալիս։ Մարդիկ ցեխոտ, պատառոտված հագուստներով էին, սավանների ու կարպետների մեջ փաթաթած մեռելներ էին տանում։ Մենք՝ Սարգիսը, տղայի հայրն ու ես, արդեն երեք օր է՝ փոխնիփոխ, լինգով երկաթբետոնե սալերին էինք խփում, և սպասում մեզ օգնության դուրս եկած վերամբարձիչներին։ Արդեն երրորդ օրն էր՝ աքլորն ու տղան անընդմեջ բղավում էին, որ իրենց սալերի տակից հանենք։
Կրակի կարմիր բոցը լուսավորում էր հեռվում ընկած կոշիկը, որը թավալվում՝ դիրքը փոխում էր մեր գնալ-գալուց։ Մենք, փոխնիփոխ հանգստանալով, լինգով, ոտքով, խփում, թփթփացնում էինք սալերին՝ համոզելու համար տղային, որ մեզ ամբողջ քաղաքն է օգնության հասել, մի քիչ էլ դիմանա։ Տղան մեզ չէր հավատում, տղան հորը գոռաց․ «Բա ինչո՞ւ իմ վրայի ծանրությունը չի թեթևանում, քանի գնում՝ շունչս կտրվում է»։ Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, բարձրացել էր ամանեղենի վրա՝ մտել շերեփի մեջ։ Հայրն ասաց․ «Դիմանալ է պետք, շնչահեղձությունը գլխիցդ հանիր, դու երկաթի նման առողջություն ունես, պարզապես դա անհամբերությունից է»։ Տղան երկար չխոսեց, Սարգիսը, ավերակ- ների վրա ընկնել ելնելով, հասավ հորը։ Բոցի կարմիր գույնր վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, կանգնել էր ուղիղ իմ դիմաց, երեքօրյա անընդմեջ աշխատանքից ու անքնությունից ողնաշարիս մեջ շամփրում էր ցավը։ Սարգիսն ու հայրը գոռացին․ «Խոսի՛ր, ինչո՞ւ չես խոսում»։ Հայրը ձեռքի լինգը գցեց, շտապով նորից վերցրեց, ասաց․ «Խոսի՛ր, տղա, ինչո՞ւ ես լռում»։ Տղան գոռաց․ «Մթից վախենում եմ, ինչ-որ բան է շարժվում, վրաս հող է թափվում»։ Մենք արդեն երեքով էինք ավերակների վրա, ուրախացել էինք, ասինք․ «Խոսել է պետք, մեզ հետ խոսիր, ինչ-որ մեկն այդտեղ ինչ գործ ունի»։ Հարակից եկեղեցու փլատակների տակից աքլորը կրկին կանչեց։ Տղան ասաց․ «Քաղաքը չկա… ձեզ ո՞վ է օգնելու… Զգում եմ՝ նա այստեղ է, նայում է աչքերիս, պտտվում է շուրջս»։ «Դու հիմար ես,- ասաց հայրը,- ինչպես թե չկա քաղաքը, այդ ինչեր ես մտցրել գլուխդ, չե՞ս լսում, որ մեր շենքի բոլոր բնակիչները աշխատում են»։ Մենք լինգով ու երկաթե ձողերով խփում ու աղմկում էինք։ «Եվ ով պիտի պտտվի քո շուրջը, մութ է, ու քո երևակայությունը որևէ բան է ստեղծում։ Դու գիտե՞ս, որ հիմա մեր քաղաքը դրախտավայր է, չգիտես։ Աստվածներն ու հրեշտակները իջել են երկրի վրա՝ պարում, թռչկոտում են։ Մարդկանց այլևս տներ պետք չեն, մենք ապրելու ենք երկնքում ու երկրի վրա, մեր շուրջը բազմագույն շատրվաններ են գցում։ Ափսոս, որ այդ օրը դպրոց չէիր գնացել, մնացել էիր տանը։ Հրեշտակները քեզ համար շատ են ցավում։ Եվ ամենահաճելին, գիտե՞ս, մարդկանց թիկունքին սկսել են թևեր աճել։ Քեզ դիմանալ է պետք, ուժերդ հավաքիր ու դիմացիր, այդտեղից որ դուրս եկար, ամեն ինչ ինքդ քո աչքով կտեսնես…»։
Ուրվագծերի ու մթան միջից դուրս եկած մարդը մոտեցավ կրակին, ասաց․ «Հետաքրքիր բան եք մտածել, նվագել, էն էլ էս օրերին, ո՞ւմ մտքով կանցներ։ Արդեն երրորդ օրն է, չէ ̃, վախենամ՝ ուսուցչի տղան էլ չդիմանա, էս շենքից պրծնող եղե՞լ է։ Ասում են՝ դագաղներ են բերել, գնամ…»։ Հետո ետ եկավ, շշուկով ասաց․ «Ինչ-որ բանից պիտի սկսել ապրելը, չգիտե՞ք, գեղեցկուհի Մարիամի դիակը գտե՞լ են»։ Ասաց․ «Լավ կլինի՝ ձյունը չկտրվի, ասում են՝ երկրաշարժից հետո համաճարակ է սկսվում, գնամ, տեսնեմ՝ բերածները ինչ չափերի են»։ Ասինք․ «Մարիամին գտել են եկեղեցու փլատակներից՝ աքլորի ձայնը չի կտրվում»։ Ասաց․ «Հաստատ լսե՞լ եք։ Թե չէ էս օրերին ամեն մարդու ներսից մի որևէ կանչ կլսվի»։ Ասաց․ «Դե, որ վստահ եք, թող կանչի, կանչի կենա, երևի մատաղացու էր, զոհ…»։ Նա գնաց, ձյան թացությունը ուսերին, կիլոմետրերով ձգվող խավարի մեջ ու բոցի կարմիր գույնը վրան կոշիկը եկավ փալասների մեջ, բարձրացավ կրծկալի վրա, ու ես նրան չտեսնելու էի տալիս։ Հայրը տղային գոռաց․ «Չէ, դու մի ասա, լսո՞ւմ ես նվագի ձայնը, պարզապես ուզում եմ իմանալ, լսո՞ւմ ես, թե՞ ոչ»։ Սարգիսն ավերակների մեջ շուռ եկած կիսաքանդ դաշնամուրն էր եռանդով տնկտնկացնում։ Ասաց․ «Լսում եմ, բա ինչո՞ւ հրեշտակները միայն նվագում են ու ձեզ չեն օգնում, շունչս արդեն կտրվում է»։ Հայրն ասաց․ «Նրանց թաթիկները նուրբ են, թևերը նոր են աճել, կվնասվեն»։ Ասաց․ «Ձեր չորրորդ «Բ» դասարանը երկնքում է, մի տեսնես՝ ոնց են երամներով թռչկոտում»։Կարմիրը վրան պտտվող կոշիկը դարձյալ դիրքը փոխել էր, մտել կողին ընկած մանկական սայլակի մեջ, մենք դեմ հանդիման էինք, ու ողնաշարիս ցավը շամփրում էր մինչև ծոծրակս։ Տղան ասաց․ «Հայրիկ, առնետը ծոծրակիս է նայում…»։ «Սուտ է, տղա, դու մթան մեջ այդպիսի բան չես կարող տեսնել, պարզապես շփոթում ես, քո կողքին նստածը փոքրիկ հրեշտակ է։ Նա իմացել է, որ դու այդտեղ միայնակ ես ու վախկոտի մեկն ես, նստել է ու աչքերիդ է նայում, որ չվախենաս…»։
Ավերակների, կիսաքանդ շենքերի, մթան ու պաղ դեղնավուն ցեխերի միջից կարմրած, բորբոքված աչքերով տղամարդիկ ու պատանիներ էին գալիս կրակի մոտ, մեզանից իմանալու՝ հարևան ավերակներից հանե՞լ են գեղեցկուհի Մարիամի դիակը։ Հետո նրանցից այն մեկը, որ շրջված՝ սրթսրթալով միզում էր մթան մեջ, հարցրեց․ «Էսքան ժամանակ այստեղ եք նստած, նրա օծանելիքի բուրմունքը չե՞ք առել…»։ Կոշիկը դարձյալ դիրքը փոխել, մտել էր ֆիրմայի փայլփլուն պիտակը դեռ վրան գիշերանոցի մեջ, ես ուզում էի բարձրանալ ու գցել կրակը։ Սարգիսն ասաց․ «Գործ չունես, նա մեզ բոլորովին էլ չի խանգարում…»։ Ասի․ «Նրա ներկայությամբ առար- կաները չեմ ճանաչում…»։ Հարակից փլվածքների տակից լսվում էր աքլորի խուլ կանչը։ Տղան գոռաց․ «Նարինջ եմ գտել։ Սալերի արանքից թափվող հողի հետ նարինջ ընկավ, բուրում է, հայրիկ»։ Մենք ուրախացել էինք, հայրն ասաց․ «Տեսար, որ ասում էի կողքիդ նստածը հրեշտակ է։ Այդ նա քեզ համար բերեց։ Չէ՞ որ դու ասում էիր, որ անչափ ծարավ ես։ Հիմա լսիր, տղա, ատամով մի փոքր ծակիր ու հյութը խմիր, հարկավոր է քիչ-քիչ, որ հետո մի քանի օր էլ ունենաս… չդնես, լսո՞ւմ ես, միշտ պահիր ափիդ մեջ։ Միամիտ տղա, դու չգիտես՝ հրեշտակը քեզ համար ինչ նվեր է բերել»։
Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքափոխվեց, գնաց ճղված բարձերից թափված փետուրների վրա, հետո թավալգլոր հասավ գրքերին և ուղիղ ներբանով կանգնեց հակաբեղմնավորման ապահովիչների ցրիվ տարածքի վրա ու երեսով ուղիղ մեր դիմաց։ Ես չէի ուզում նրան նայել, Սարգիսն ասաց․ «Հոգնել ես, նրա հետ գործ չունես, փորձիր աչքերդ մի քիչ փակել»։ Փակ կոպերիս տակ զգում էի, որ նա հիմա շարժվում է մեկ ուրիշ տեղ, տեղիցս ցատկեցի, Սարգիսն ասաց․ «Այդպիսի բան չանես, այնպիսի հոտ կարձակի, որ հետո էլ դրանից պրծում չենք ունենա»։
Տղան ասաց․ «Ոտքերս սառել են, չեն շարժվում, հոգնել եմ, քնել եմ ուզում…»։ Ասինք՝ չքնես։ Հայրն ասաց․ «Քնելը սխալ է, պիտի փորձես շարժվել, փորձիր մեջքիդ շրջվել։ Պիտի փորձես մատներով մի քիչ փորել ու շրջվել, դա այնքան էլ դժվար չէ»։ Ասաց․ «Որ դուրս գաս, քեզ էլ թևեր կաճեն ու ձեր դասարանի տղաների նման կթռչես երկնքում։ Հիշո՞ւմ ես, ուզում էիր եկեղեցու զանգակատան վրայով թռչել…»։ Ասաց․ «Ես երբեք էլ չեմ ուզեցել զանգակատան վրայով թռչել։ Ինձ հանեք, շունչս կտրվում է, հանեք ինձ…»։ Հայրն ասաց․ «Զանգակատան չէ, բայց դու հո լավ հիշում ես, որ ուզում էիր մեր ձորի ու կորնգանի դաշտերի վրայով թռչել»։ Տղան ասաց․ «Ես խեղդվում եմ, մայրիկին կանչեք, հանեք ինձ»։ Մենք ամբողջ թափով խփում էինք լինգը սալերին։ Ձեռներիս բշտիկները պայթել էին, ու լինգը այրում էր, լաթերով փաթաթեցինք ու էլի ու էլի խփում էինք պատերին, քարերին, աքլորը կանչում էր փլատակների տակից։ Հայրն ասաց․ «Լսո՞ւմ ես գործիքների ձայնը, ամբողջ քաղաքն է աշխատում… Մայրիկն ու քույրիկն էլ թևեր ունեն, թռչում են, ուր որ է կգան։ Մի քիչ էլ համբերիր ու կպրծնես, շատ քիչ է մնացել»։ Տղան ասաց․ «Ես փորձեցի հրեշտակին, նա իմ նարինջը ամբողջովին կերավ։ Լսում էի, թե ինչպես էր քստքստացնում։ Նա փոքրիկ հրեշտակ չէ, նրանից բորբոսի հոտ է գալիս…»։ Հայրը ծխախոտ վառեց․ «Իզուր, տղա,- ասաց,- դու պիտի չփորձեիր»։ «Նրանք շատ են,- ասաց տղան,- բոլոր անցքերից հոսելով գալիս են, նստել ու նայում են աչքերիս»։ Հայրն ասաց․ «Դու կամքից ուժեղ ես, դու դիմացիր, հիշո՞ւմ ես՝ գարնան մի տոթ օր մուտքում հանդիպել էիր գեղեցկուհի Մարիամին ու շրջազգեստն էիր բարձրացրել։ Դու խիզախ ես, ամբողջ քաղաքում դա միայն քեզ է հաջողվել՝ տեսնել գեղեցկուհի Մարիամի սպիտակ հետույքը։ Դրա համար քեզ գոտիով պատժեցի ու չէիր լացում։ Հիմա քեզ ի՞նչ է պատահել։ Ասենք՝ առնետ է, թող առնետ լինի։ Դու նրանց հաղթիր, նրանք սպասում են, դու էլ սպասիր… հասկանո՞ւմ ես, շատ կարևոր է՝ նրանք չզգան, որ դու հոգնել ես։ Նրանք քո ապրելու ցանկությունից կվախենան, երկար չեն սպասի, նրանք էլ հոգնել գիտեն… Առնետն ի՞նչ է, որ չես կարողանում խաբել։ Հողը որ պաղավ, կթողնեն, կգնան… Համ էլ ո՞վ է քո գլուխը մտցրել, թե առնետները մահացածների աչքերին են մոտենում… Ինչո՞ւ չես մտածում, որ նրանք էլ միայնակ են, վախեցած՝ եկել են քեզ մոտ… թե չէ վախկոտի տրամաբանությամբ ինչեր ասես, որ չի կարելի հնարել… Փորձիր շարժել ձեռներդ, ոտներդ, մարմինդ, թեկուզ շատ քիչ, թող տեսնեն, որ քո մեջ ուժ կա, դրանից հետո կմիզեն ու կթողնեն, կգնան։ Ես գիտեմ՝ այդպես է առնետի սովորությունը…»։
Տղան չէր խոսում։ Լինգով խփում, թփթփացնում, դաշնամուրն էինք տնկտնկացնում, նա այլևս չէր խոսում, մենք երկար սպասեցինք, հայրը լինգը գցեց, ասաց․ «Գնամ օղի բերեմ»։ Ասինք․ «Խանութներին չմոտենաս, զինվորները հսկում են՝ կկրակեն»։Ասաց․ «Ոչինչ»։Չէի կարողանում քունս զսպել, հետո թևաբախության ձայն լսվեց, փլատակների տակից դուրս էր եկել վառ, կարմիր կատարով աքլորը ու թռչում էր մեր ու քաղաքի վրայով, նա հեռանում էր մեզանից…

     Կեսօրից հետո եկան, Դանիելին ասացին, որ նախագահը նրան իր հաղթանակի առթիվ կազմակերպած` հանդիսավոր ճաշկերույթի արարողությանը մասնակցելու է հրավիրում։ Սակայն վաղ առավոտյան զանգահարեցին, հայտնեցին, որ հանդիսությունը ոչ թե չորեքշաբթի, այլ ուրբաթ է լինելու։

Դանիելը երեկոյան Վասակի սենյակը մտավ, ասաց, որ միասին գնան։ Նրանք երկար խոսում էին։ Հետո շախմատ շարեցին։ Համակարգիչը դադարներով` երգչախմբի մասնակցությամբ սիմֆոնիաներ հնչեցրեց։ Երբ Վասակն ասաց, որ չի ցանկանում մասնակցել, Դանիելը շախմատի տախտակից հեռացավ, պատուհանի դեմ կանգնեց։ Տղան ասում էր, որ պաշտոնական արարողակարգով երեկոները չեն կարող մարդու սրտով լինել, մանավանդ, որ ինքն էլ հրավիրված չէ։ Դանիելը մտածեց դուրս գալ` սակայն չէր մտաբերում, թե հեռանալուց առաջ ուրիշ էլ ինչ կարող էր ասել։ Նա  հանկարծ  ասաց, որ նախագահն իրեն գիտի, անձամբ ճանաչում է։

Դանիելը կայանատեղիում, մեքենային հարմար տեղ ընտրելու ժամանակ, նախարարների անձայն շարժիչներով մի քանի մեքենաների գալ-կանգնելը նկատեց։ Մթան մեջ խոսակցություններ լսեց, որ ուր որ է նախագահն էլ է ժամանելու։

Հանդերձարանում վերարկուները տվեցին, երկրորդ հարկ բարձրանալիս նա Վասակին հետախուզության վարչության պետի հետ ծանոթացրեց։ Ասաց, որ տղան այս տարի է ավարտել  համալսարանը, ոչ այնքան հայտնի մի թերթում լրագրող է։

Հետախուզության վարչության պետը կանգնեց աստիճանների կեսին, աչքերը կկոցեց, ասաց, որ հիմա կտեսնենք, կիմանանք, կիմանանք։ Դանիելը հիացմունքով նկատեց, որ նա երկու հայտնի գրողների բանաստեղծություններից ներշնչանքով, կախարդող առոգանությամբ ընտիր հատվածներ է արտասանում, մինչև գլխի կընկ- ներ, որ մեծանուն պոետների գործերից մեջբերումներ անելով՝ հետախուզության վարչության պետը այնինչ խորամանկություններ է բանեցնում։ Նա արդեն սկսել էր Վասակին նոր փորձության ենթարկել` իմացության չափը որոշելու համար հարցեր էր տալիս, պահանջելով, որ պատասխանի` իր արտասանած քառատողերում գրողները կանացի կերպարով ինչ են ցանկացել արտահայտել։ Ասում էր` կամ, որ դու լինեիր գրողի փոխարեն, էլ ինչ մակդիր կօգտագործեիր կնոջ բնավորությունն ավելի վառ ընդգծելու համար։ «Շինել լուսամփոփի պես աղջիկներին»։ Դանիելը տեսնում էր, որ մինչ այդ նրանք կանգնած` կարծես խաղաղ զրուցում էին,  հետո  Վասակն առաջ էր ընկել, հետախուզության վարչության պետը նրա թիկունքից մի քանի անգամ «Ի՞նչ ասացիր» հարցն էր կրկնում։

Քանի նրանք շատ բարձրաձայն այդպես խոսում էին, այդ ընթացքում Դանիելը հետախուզության վարչության պետի կնոջն ասում էր, որ այո, նա ճիշտ է լսել, ինքը մոտ օրերս դարձյալ ճանապարհորդության է մեկնելու, բայց այս անգամ տղային էլ է տանելու։ Կինը շրջվեց, տարօրինակ ձևով Վասակին նայեց, երբ մանրահատակը ճռճռաց, այդ ժամանակ Դանիելը նկատեց, որ քառասուներեք համարից ավելի խոշոր, կապույտ գույնի հարթակրունկ կոշիկներ են հագին։ Դեղին մազերը փայլփլում են ոսկու նման։

Ուղեկցողը երկրորդ հարկից ընդառաջ եկավ, բոլորը գնացին ետևից։ Նա ասում էր, որ ուր որ է նախագահն է գալու։

Դանիելն ու Վասակը սեղանի մի կողմից, հետախուզության վարչության պետն ու կինը մյուս` կողք կողքի իրենց հատկացված տեղերն էին գնում։ Դանիելին միանման շարժումներ կատարելը բալետային դահլիճի հայելիների առաջ վարժություններ կատարել թվաց։ Այդ ամենի հետ, նա ակնթարթային մի հայացքով չորս կողմը նկատեց․ սեղանի մի հատվածը` ճենապակիների կուրացնող փայլով, առաստաղի այն մասը, որտեղից բրոնզե երեք փողերը լույսի ձյունանման փաթիլներ էին մաղում պարողների վրա։ Ավելի հեռվում կարմիր գորգապատ աստիճաններով բարձրացող պաշտոնյաների նկատեց, որոնք կանանց հետ զուգարաններից էին վերադառնում։ Նրանց թիկունքում մարդաբոյ սև խոռոչներ տեսավ, միայն քիչ հետո Դանիելը գլխի ընկավ, որ այդ ուղղանկյուն մթությունները ոչ թե պատի երկայնքով իրար կողք շարված սև կափարիչներ են դագաղների, այլ` պատի ճերմակ ֆոնին դրված բարձրախոսներ։ Իսկ խաղացող գլուխներով օձերին, որ դուրս էին լցվել գինու տակառներից, պարզվում էր` բոլորակ սյուների կողքերին ծխախոտի մնացորդների համար դրված` ավազով լցված աղբամաններն էին ծխում մանվածապատ։ Նա դահլիճի կենտրոնում ավելի լուսավոր մի տարածություն էլ նկատեց` առանձին սեղանի վրա, գույնզգույն, անհաշիվ վառվող մոմերով, խոշոր եռահարկ տորթը` գագաթին փողկապավոր նախագահի շոկոլադե արձանը։ Դանիելը մերթընդմերթ շրջվելով` պատասխանում էր իր հետ խոսող ձայներին, նաև հզոր բարձրախոսների դղրդյունն էր ընկալում։ Նա աղմուկի, ուրախ դեմքերի միջով իրենց լողալով առաջ գնալն էր տեսնում, միաժամանակ լսում էր` ինչպես է մանրահատակը հետախուզության վարչության պետի կնոջ ոտքերի տակ ճռճռում։

Միանգամից մի քանի բան տեսնելու և լսելու պատճառով շփոթեց դեմքերը։ Չէր զանազանում` որ խոսքերն են իրեն ուղղված, որոնք` հետախուզության վարչության պետին։ Սեղանի տակ Դանիելի աչքին Վասակի բոբիկ ոտքերն առան, կողքերին` հանդիսության առթիվ իր նվիրած նոր կոշիկները, արձակ քուղերը դեսուդեն թափված` դեղնակարմրագույն անձրևաորդերի նման։

Երբ երաժշտությունը լռել էր, նա նորից սկսեց միջավայրը հստակ ընկալել, սակայն բարձրախոսների դղրդոցից օդը դեռ թրթռում էր ականջների մեջ, պատի ջահերից կախ ընկած փուչիկները դեսուդեն լողալով` դողում էին թելերի վրա։ Դանիելը ափսեն, պատառաքաղն ու դանակն իր դեմ հարմարեցնելու ժամանակ էլ խոսակցություն լսեց, որ սահմանի վրա զինվոր է կորել` հավանաբար թանձր մառա- խուղի մեջ չկողմնորոշվելով` հակառակորդի կողմն է անցել․ հետախուզության վարչության պետը լուրը ֆինանսների նախարարին էր հայտնում։ Դանիելին միանգամից հետաքրքրեց անհետացած զինվորի ճակատագիրը` ցանկացավ հարցեր տալ, թե զինվորն ինչ հանգամանքներում է անհետացել` գիշերվա կամ ցերեկվա որ ժամին կամ ընտանիքի որերորդ զավակն էր։ Սակայն նա չհասցրեց հետա- խուզության վարչության պետի հետ խոսակցություն սկսել` հարևան սեղանից երկաթուղու կայարանապետը մեջ մտավ` երկու օր առաջ կենտրոնական հեռուստատեսությամբ Դանիելի մեծ ճանապարհորդության վերաբերյալ հաղորդում էր դիտել։ Դերասանն ասաց, որ ճիշտ պահն է հենց նրա կենացը խմելու։ Հետախու- զության վարչության պետի կինը բաժակը ետ քաշելով հրաժարվեց` այդ ժամանակ դերասանը խոսեց ու խոսեց մարդկության համար Դանիելի կատարած արժեքավոր նվաճումների, անկրկնելի սխրանքների մասին։

Այնուհետև տապակած փասիաններ բերեցին` դանակների, պատառաքաղների զարկվելու երկար աղմուկ եկավ։ Դանիելը թռչնի մսի խոշոր մի կտոր դրեց վարչության պետի կնոջ ափսեում։ Հետո նա Վասակի կիսաշրջված դեմքին հավատարմության, տառապանքի և Աստված ունենալու հասունություն նկատեց։ Բաժակը հանքային ջուր լցնելով` Դանիելը նրա հետ խոսակցություն սկսեց` եկող տարի մեղու պահելու, մեղրի օգտակարության մասին։ Նա ասում էր, որ ճանապարհորդության ընթացքում հեռավոր մի երկրում, Զատկի երեկոյան իր գլխավերևով` ինչպես թռչող թռչուն, մարդու կերպարանքով մեղու է անցել, չնայած գիտեր, որ այդ թեմայով զրույցը պատահական էր` Վասակի միայնակ չմնալու համար էր սկսել։ Դանիելը նկատեց, որ նախագահի օգնականը մոտեցավ իրենց սեղանին, ձեռքի նշանով Վասակին կանչեց։ Տղան նստած տեղը կռացել էր` սեղանի տակ ոտքերը սեղմող կոշիկների թելերն էր կապում։ Նա հեռվից տեսնում էր, որ օգնականը աչքերը ակնաբների մեջ միջավայրի վրա պտտեցնելով` հատուկ ոճով Վասակի ականջի մոտ խոսում էր։

Հետախուզության վարչության պետը բաժակի գինին խմեց։ Նա ասում էր, որ գիշերը քաղաքի կենտրոնից ձիով մարդու հայտնի արձանն է կորել` այդ լուրը բանկիրին էր հաղորդում։ Ասում էր, որ թանձր մառախուղի պատճառով ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցները որևէ կասկածելի շարժ   չեն  նկատել։

Զարմացած բանկիրը կասկածամտի դիրք էր բռնել, որ գնդակահարես էլ, ինքը չի հավատա, թե հնարավոր է նման չափերի արձանը աննկատ գետնի վրայով տանել։ Գործին նույնիսկ ուղղաթիռի մասնակցություն էր ակնարկում։ Անընդհատ հարցեր էր տալիս` հնարավորություն չտալով Դանիելին խոսակցությանը մասնակցելու։

Մինչ կորած արձանի շուրջ քննարկումները շարունակվում էին, Վասակը վերադարձավ, Դանիելին հայտնեց, թե օգնականը նախագահի խնդրանքն էր փոխանցում, որ ինքն իջնի առաջին հարկ, որպես ֆրանսերեն լավ իմացող` Փարիզից ժամանող հյուրերին դիմավորի։ Նրա գնալուց հետո մատուցողուհին անմիջապես սպասքը տարավ։ Դանիելը հասկացավ, որ տղային բաժանեցին իրենից․ դրանում անըմբռնելի, նյարդայնացնող բան կար։

Արդեն լցոնված նապաստակներ էին բերել․ մատուցողուհին կանանց տեղեկություն էր հաղորդում, որ դրանից քառասուն րոպե անց են իշխան ձուկ տալու, նաև ասում էր, որ եռահարկ տորթը նախագահի գալուց հետո է կտրվելու` ինչին բոլորն են այդքան շատ սպասում։

Հետախուզության վարչության պետն անընդհատ հարցնում էր, թե որտեղ է Վասակը, կարող է` ինչ-որ բանից վախեցել, տուն է գնացել։ Պարբերաբար նույն հարցը տալով` տարակուսանքի մեջ էր գցում Դանիելին,  ինչին  նա պատասխանեց, որ նախագահի խնդրանքով գնացել է արտասահմանցի հյուրերին դիմավորելու։ Հետախուզության վարչության պետը պաղպաղակի վերջին մեկ-երկու գդալը կերավ ու հետո ծիծաղեց։ Սակայն Դանիելին սթափեցնողը ոչ նրա հռհռոցն էր, ոչ դեմքի թերահավատ արտահայտությունը, ոչ էլ ինչ-որ վախեցնող բանի մասին ակնարկները, այլ քիչ անց գլխի ընկավ, որ իրեն միանգամից սթափեցնողը նրա կանաչ թեյի գույնի աչքերն էին։

Այնինչ, Վասակը կարող էր առանց ծպտուն հանելու` շատ ավելի դժվար իրավիճակներ հաղթահարել։ Դանիելին անհավատալի էր թվում, որ նա ինչ-որ բանից վախեցած,  դեռ  լույսը  չբացված` տուն գնացած լիներ։

Երկու տարի առաջ, անհեթեթ դիպվածով, մեկ ժամվա մեջ կորցրել էր ընկերուհուն, որի հետ առաջիկա տոներին պիտի ամուսնանար։ Աղջկան բարձր ջերմության պահին` առանց ենթամաշկային զգայնության փորձ դնելու, պենիցիլին էին ներարկել։

Ոչ թե մինչև քառասունքն էր խմել, այլ ամռան կեսից մինչև խորը աշուն` ուղիղ իննսուն օր։ Քաղաքին մոտիկ ամառանոցում փակվել էր միայնակ․ հորեղբայրները ենթադրել էին, որ առանձնության մեջ ինքն իր հաշիվները կմաքրի։ Բայց դիմացավ մինչև Դանիելի ճանապարհորդությունից վերադառնալը։ Գնաց Վասակի մոտ, այդ ժամանակ արդեն դույլերի, մանկական փչովի լողավազանի մեջ առաջին սառույցն էր կապել։

Ավելի ուշ Դանիելն իբրև թե առաջին հարկում գտնվող զուգարանն իջավ։ Նա բարևեց բոլորակ սյունի հետ կանգնած լռակյաց տնօրենին։ Գնաց, մի քանի բաց դռնից ներս նայեց, որտեղից թրջված գաջի հոտ առավ։ Ափերի մեջ բջջային հեռախոսներ պահած` խմբերով աղջիկներ էին մտնում զուգարան, այնտեղ մշտապես վժժում էին ձեռքի էլեկտրական չորացուցիչները։ Բիլիարդի խաղասենյակ էլ մտավ։

Ճեմասրահում Դանիելի ուշադրությունը գրավեցին պատի մեջ դրված, ուռուցիկ ապակիներով ակվարիումի մեջ պտտվող մրի պես սև ձկները։ Լեղակագույն խալաթով կինը, որ խնամողն էր, ասաց, որ նրանց առաջին անգամ տեսնելով` փայլող սևության և շրջապտույտ սահքի պատճառով, իրեն թվացել էր, թե ջրի մեջ ծիծեռ- նակներ են լողում, այնինչ, նրանք պիրանյաներ են։ Միայն հետո, ավելի ուշ է ընտելացել նրանց վարքին, որ օրական տավարի մի սիրտ են ուտելու։ Դանիելը շենքի պահպանության ծառայողների առանձնասենյակն էլ մտավ, հեռախոսը զանգում էր, վերադառնալիս կրկին լսում էր չդադարող զանգը։

Սպասավորը բացեց դրսի դուռը, այնքան մութ էր, որ անհնար էր անգամ սպիտակ աղավնին տարբերել սևից։ Համոզվելու համար, որ այնտեղ ոչ ոք չկա, մի քիչ կանգնեց, ծխեց։ Վերադարձավ, հանդերձապահը կարծես չէր հասկանում Դանիելին, չէր ցանկանում պատասխանել` «Վասակը որտե՞ղ է»  հարցին, հրաժարվում էր ասել` դուրս գալուց տղան գոնե վերարկուն վերցրե՞լ էր։ Սեղանի տակ ֆշշոց բռնկվեց, հանգավ` կարծես ջուր թափվեց կրակին։ Հանդերձապահը բացատրեց, որ պատահաբար էլեկտրասալիկի կողքին պառկած կատվին տրորեց։ Հետո հեռուստատեսությամբ ցուցադրված պատկերը մտաբերեց, միանգամից ճանաչեց Դանիելին, ասաց, որ հուզված է` այդքան նշանավոր ճանապարհորդի հետ անսպասելի հանդիպելուց։ Դանիելը նկատեց` նա բարձրահասակ էր, սեղանը` ցածր, արմունկները սեղանին էր դրել։

Դանիելն իր ճանապարհորդական դիպվածներից էր պատմում հանդերձապահին, աքլորի կատարի նման կարմիր ռետինե ձեռնոցներով հավաքարարին, շենքի էլեկտրիկին, մեկ էլ նրա կողքին հայտնված լեղակագույն խալաթով կնոջը, որ     երբեմն-երբեմն անջատվում էր խմբից, վազում, վազում, մի ոտքով թպպացնելով, կանգնում  էր  սալիկավոր  միջանցքը  թեք կտրող օխրայագույն ճիճու ների վրա։

Նրանք Դանիելին տեղեկացրին, որ ավտոկայանատեղիի հսկիչը լուրջ պատճառներով շտապ տուն կանչվեց։ Հանդերձապահը նրան ասում էր, որ խնջույքի մասնակիցների մեքենաներին պահակություն անելը կարևոր գործ է, նախագահն է հանձնարարել, որ տղան ժամանակավորապես հսկիչին փոխարինի։ Վասակի հետ այդպես վարվելու համար, հասկանալի է, Դանիելը նրանց ներկայությամբ դժգոհություն չհայտնեց։

Աստիճաններով հյուրերից մեկի որսորդական շունն էր սլացքով իջնում։ Դռների մեջ Դանիելի` մատուցողուհուն տեսնելն ու այդ պահին հանդերձապահի ոտքերի տակ շնից հայտնաբերված` զարկվող կատվի, սեղանին` զանգի նման կենտ մի վնգոցով ընկնելը մեկ եղավ։ Ցնցվող մարմնի հետ նրա դնչի վրա դողէրոցքով էին բռնվել երեք-չորս բեղերը։ Հանկարծակիի եկած մատուցողուհին խորովածով լիքը սկուտեղը գցելու համար տնօրենի առաջ արդարանում էր, որ իրեն թվացել էր` այդ պահին ոչ թե կատու, այլ ականջի տակ, ինչքան ուժ ուներ, մարդ ճչաց։ Մի ոտքից ելած կոշիկը որոնելով լացում էր` շունչը վեր-վեր քաշելով։

Նա երկրորդ հարկ բարձրացավ, երկար նախագահի օգնականի հետ էր խոսում, ցանկանում էր ասել, որ Վասակին անհապաղ ետ բերեն` այդ ի՞նչ մեթոդ են գործածում նրա հանդգնությունը պատժելու համար։ Մինչ ուզածը կասեր, կարմիր կոստյումով օպերային երգիչը կանգնեց` նախագահի մուտքը ողջունելու համար հուժկու գոռալով, իտալերեն մի արիա սկսեց։ Դանիելն իրեն բռնեց այն մտքի վրա, որ համարձակությունը քիչ է` Վասակի համար օգնականին հանդիմանելու։ Նա վերադառնում էր իր տեղը, օպերային երգիչը միանգամից լռեց։ Պարզվում էր, որ սխալվել, նրան երգելու նշան էին տվել` ետևի գաղտնի դռնով դահլիճ մտնող մեկին շփոթել էին նախագահի հետ։

Դանիելը նստելու ժամանակ լսեց, որ ձիավորի հայտնի արձանը մառախուղի ցրվելուց հետո մի ձորից են հայտնաբերել։ Ճշտվել էր, որ այնտեղ գաղտնի ձուլարան էր եղել, բայց այդ հաջողության հետ մի մեծ դժվարություն է ծագել,-  տեղեկացնում էր հետախուզության վարչության պետը,- ասում էր,- գտնելուց հետո պարզել էին, որ ձիու ամորձիները բացակայում են,- ասում էր,- չնայած գողերը դրանով արձանին այնքան էլ մեծ վնաս չեն տվել, բայց  քանդակագործը բարդ մարդ լինելով` հակառակն է պնդում, կտրականապես հրաժարվում է` առանց ամորձիների ձին կանգնեցնել պատվանդանին։ Սպառնում է` դատարան կամ հեղինակային իրավունքներ պաշտպանող միջազգային կազմակերպություններին դիմել։ Հետախուզության վար- չության պետն ասում էր, որ հիմա վաշտերն ամբողջ ձորը մի քանի կիլոմետր շառավղով տակնուվրա են անում, առևանգողները գուցե դեռ չեն հասցրել` ձուլել ամորձիները։ Գործից հասկացող մարդիկ էլ քանդակագործի հետ անընդհատ բանակցություններ են վարում, որ համաձայնվի` գոնե մինչև լույսը բացվելը, անցուդարձի սկսվելը, թեկուզ այդպես,  արձանը տեղը դնեն։

Նա այդ ամենը ակադեմիկոսին էր պատմում, բայց Դանիելն էլ խոսակցության մեջ մտավ։ Նրան շատ հետաքրքրեց, թե գործից հասկացող այդ ինչ մարդիկ են, որ անընդհատ քանդակագործի տուն գնալ-գալով` բանակցություններ են վարում, համոզում են նրան, որ թույլ տա` էգ ձին դնեն պատվանդանին։ Սակայն հետախուզության  վարչության  պետը  չհասցրեց  բացատրություն  տալ  Դանիելին․

սպիտակ մազերն ու բեղերը հարդարելով, ժպտադեմ, կեցվածքներ էր ընդունում սեղանի մոտ հայտնված պոլորոիդով լուսանկարչի առաջ։ Եվ ինչ-որ բան էր ասում կնոջ ականջին` լեզվով բլթակը շոշափելով, նա էլ իբրև թափով բերում, ապտակ էր թեթև չլմփացնում նրա ձեռքի երեսին։

Դանիելը մինչև հետախուզության վարչության պետի հետ նորից սկսեց նախկին խոսակցությունը, բարձրախոսները միանգամից լռեցին։ Դահլիճի կենտրոնում պարողները քարացան, նրանց բարակ հագուստների տակ ողնաշարների սյուներն էր տեսնում։ Կարմիր կոստյումով օպերային երգիչը կրկին ելավ ու միանգամից հուժկու գոռալով` իտալերեն բառերով նույն արիան էլի սկսեց, բայց անմիջապես էլ դադարեցրեց, որովհետև նրան թվացել էր` երաժշտությունը անջատելով հասկացնում են, որ նախագահի մուտքը ողջունելու իր հերթն է հասել։ Սակայն Դանիելը նկատեց, թե ինչպես նվագողներից մի քանի հոգի հեռվից ձեռքի թափահարումով տեղեկացնում էին,  որ լռի` բարձրախոսների ապահովիչն է վառվել։

Հետո նա պատի տակ` ցածր բեմահարթակի վրա, հաղորդավար նրբակազմ աղջկան տեսավ` երաժշտական գործիքների արանքում երևալ-անհետանալով, թնջկված էլեկտրալարերն էր տնտղում, կռանալիս նկատվում էր մեջքի զսպա- նակված կատվային կորը, պղնձագույն կոնքերի բացվածքին միանում էր սև շերտը տրուսիկի։

Այնուհետև Դանիելը հանկարծակի սկսեց հետաքրքրվել հարևանցի նստած, ինստիտուտի ռեկտորի լեզվաբանության բնագավառում հասած մեծ նվաճումներով։ Նրա հայտնագործությունների կարևորությունը հասկանալու համար շատ հարցեր էր տալիս։ Ռեկտորի կինը, որի կրծքին կարմրագույն վարդ էր ամրացված, Դանիելին ասաց, որ դա պատերազմող մի զինվոր էր ուղարկել խրամատներից` հետագայում պատահաբար ականի վրա զոհված։ Բայց անմիջապես էլ անհրաժեշտ համարեց պարզաբանում տալ, որ նա իրականում ականի վրա չէր զոհվել, այլ ձեռքի թաթն ու մի աչքն էր կորցրել, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ չէր ցանկացել ապրել։ Հիմա ինքն ուր էլ գնա, վարդից չի բաժանվում։

Դանիելը բաժակը խփեց` զրնգացնելով ապակին, ռեկտորը չցանկացավ նրանց միանալ, երկուսով կոնյակ խմեցին։

Աստիճանաբար սկսեց միկրոֆոնով խոսող նախագահի դասղեկին ընկալել` նրա դպրոցական տարիներից էր պատմում, օրինակելի վարքից, լեգենդար շարադրություններից։

Դանիելը հասկացավ, որ նույն վիճակն է․ կոնյակից, զրույցներից, լողացող պատկերներին հետևելուց ոչինչ չի փոխվում, ափի մեջ գնդած անձեռոցիկը գցեց ափսեի մեջ, ելավ։ Դեռ սեղանից չհեռացած` նախագահի օգնականը ընդառաջ եկավ, իր ձեռքերը վերցրեց ափերի մեջ։ Այդ շարժումը նա փոքրիկ երեխային քայլ անել սովորեցնելուն նմանեցրեց, երաժշտության ռիթմի հետ ճոճվելով` իրեն պարողների մեջ էր տանում։ Քիչ ուշ, Դանիելը տեսավ, որ ինքն էլ է պարում։

Առաջին հարկում, երբ հանդերձապահը վերարկուն էր դնում սեղանին, պատռվող լրագրի չոր խշրտոց լսվեց, նա հարկ համարեց Դանիելին բացատրություն տալ, որ արմունկով էր կպել, դա լաքապատ թղթե տոպրակի շրշյունն էր` կատվին է մեջը դրել, որ առավոտյան ավտոմեքենայով քաղաքից դուրս` թաղելու տանի։ Մետաղյա համարանիշը վերարկուի տեղը կեռիկից կախելուց հետո ասաց, որ րոպե առ րոպե նախագահի ժամանելուն են սպասում` եռահարկ տորթն այդ ժամանակ են կտրելու, նաև հայտնեց, որ տորթի համար մոտավորապես ութ հարյուր ձու է օգտագործվել։

Քիչ հետո Դանիելը հասկացավ, որ անձրևի տակ է` ծեծվող թիթեղի այդպիսի զնգռտոցը լեփ-լեցուն ջրհորդանից էր գալիս։ Դեռ ավելի շատ մութ էր։ Դանիելը ձեռքերը շալվարի գրպանը մտցրեց, շենքի հարավային կայանատեղին գնաց։ Փոսերի մեջ այնքան ջուր էր կուտակվել, որ երբ ընկնում էր մեջը, չլմփում էր։ Նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ անձրևից վախեցած չէր լինի տղան․ ինքը նրան է որոնում։ Քայլեց մեքենաների շարքերի միջով։ Ծանր անձրևի պատճառով կրկին մեքենաներից մեկի հակաառևանգման ազդանշանը միացավ` լույսերի դեղին թարթոցով։ Դանիելը կանգնեց, որովհետև քամին մի բանի ուժեղ խփեց, միայն երկրորդ անգամ լարված դիտելուց հետո նկատեց, որ դա պլաստիկե մեծ աղբամանն է։ Հեռվում` բարձրահարկ շենքի ետևից, լուսաբացի ճերմակ սյունը բարձրացավ։ Հետո Դանիելը տղայի կողքին էր` անձրևի տակ։



    Վագոնի թախտին արաբի նման ծալապատիկ նստած, պատուհանից դուրս, ցերեկվան ու գիշերվան նայելով՝ երեսունվեց ժամ ճամփա գնացի։

Իմ հեռանալու վեցերորդ ամսին՝ գիշերվա ժամը չորսին, վեր թռա քնից․ անձրևը ցնցում էր տնակը։ Մթան միջով անցնող խոշոր կաթիլների արագընթաց զարկը, հողը ցնցելը, հողի հետ՝ տնակը, տնակի հետ սև շանն ու թիթեղյա տանիքը ծեծելը միայն առաջին օրերին էր անսովոր, ցերեկվա ծանր աշխատանքից հետո մեր քունը քանի գնում, ինքնամոռաց  ուշագնացության էր նմանվում։

Ոտքերս կախեցի մահճակալից, մթան մեջ հենց աչքերս բացեցի, արդեն գիտեի կին ուզելս։ Միտքս շուկայի գիշերային սրճարանի կանանց մասին էր։ Նրանք ժամը մեկին-երկուսին գարեջրից արդեն արբած էին լինում, սկսում էին հաճախ վազել կամրջի տակ՝ պպզելու։ Այդ ճանապարհին կարելի էր վարձել նրանց։ Մտածեցի սրճարանի դռանը հանդիպած՝ դեմի ատամները փտած, կիսաջարդ կնոջ մասին, երբ քիչ էր մնում՝ քսան ռուբլով գնայի նրա մոտ։

Դրանից հետո գիշերները գործատեր հայի մոտից հաճախ էի փախչում շուկայի սրճարանը։

Մոսկվայում, ամեն քայլափոխի միլիցիոներները փաստաթուղթ են ստուգում, երկրի թշնամուն են որոնում։ Արդեն շատ հեռվից, շուրջբոլորակի մի հայացքով, նրանց դարանանման ընտրած դիրքը գիտեմ, գիտեմ՝ որտեղից է դուրս գալու։ Սեղմելու է մետրոյի մուտքի դռներին, պատերի մութ անկյուններին, փոստի գովազդային վահանակին, պատկերասրահի անցուղու բազրիքներին։ Ինչքան հեռանում եմ, ինքն էլ է գալիս։ Լայնատարած փողոցներում հոսում են մեքենաները, մարդիկ։ Սև։ Աղմուկի մեջ եմ, վնգում է ներսս գվվոցն այդ դեղին։ Լիալուսնի ամբողջ առաջին քառորդը անձրևելու է։ Պատահում է՝ հնարավոր չէ խույս տալ, գործատեր հայի կեղծ կնիքով իմ գրանցման մասին տեղեկանքն եմ ցույց տալիս։ Եթե սուտը բացում, կաշառք են ուզում՝ իբրև տուգանք։ Պետք է ասեմ․ «Շինարար եմ, մի տարի է՝ աշխատում ենք, դեռ աշխատավարձ չենք ստացել, խղճացեք»։ Գործատեր հայն է սովորեցրել այդպես խոսել, ասել է․ «Դա էլ որ չանցնի, կգնաք մի վեց ժամ կնստեք բաժնի խցում, հետո բաց կթողնեն, պահեն ի՞նչ պիտի անեն»։

Ինքը մեզ փակ «Ուազով» էլ տանում է աշխատանքի՝ ժամը վեցին։ Վարորդը և նրա կողքին նստածը պիտի ճանապարհաշինարարի հագուստով լինեն, այդպես ստուգումները քիչ հավանական են։ Հացը հենց փողոցում են տալիս, քսան հոգով՝ միանման նարնջագույն ժիլետներով, հուլունքաշարի նման ձգվել ենք մայթին, ծնկների վրա, թղթե ափսեներից ուտում ենք անալի, գունդ-գունդ սառը մակարոնը, քթներիս թացը վեր-վեր քաշելով՝ նայում ենք գույնզգույն անձրևանոցներով անցնող-դարձող կանանց քայլվածքին, նրանց մասին ըղձալի դատողություններ անում։

Մանր, չնկատվող անձրևի թացով թրջվում է քաղաքը։

Այդ ճաշից հետո գործատեր հայը, միայն հաց ու ջրով, մինչև տասնմեկը-տասներկուսը աշխատեցնում է, երբեմն նաև ամբողջ գիշերը, ասում է․ «Խոմ չենք թողնի ասֆալտը «Կամազի» շալակին սառի,– ասում է,– ով դժգոհ է, ով չի ուզում փող աշխատի, թող թողնի-հեռանա»։Ինձ ասում է․ «Դե, ել գնա, բոլ եղավ։ Չեմ հասկանում ինչի՞ց ես դժգոհ։ Հաց չունեիր, տուն չունեիր, փող չունեիր, գրանցում չունեիր, փողոցից վերցրի, բերի, էն էլ ֆլեյտայիդ խաբնվեցի, դեռ պարզ էլ չի, նվագել գիտե՞ս, թե չէ, վեց ամսվա մեջ քո ֆլեյտան անգամ կատվի նման չմլավեց, մի անգամ տուփից չհանեցիր, հունարը չգիտեիր, իսկ ես այդ տուփին խաբնվեցի, տեսքդ ինտիլիգենտի տպավորություն էր տալիս։ Հիմա տղերքին կասկածելի, չհավատալու բաներ ես ասում։ Ինչո՞ւ ես տղերքին իմ դեմ հանում,– ասում է,– ֆլեյտադ վերցրու, դե, ել գնա»։Մի քանի օգնական էլ ունի՝ կոստյումների տակ, մեջքներին անօրինական զենք են կրում։ Նրանք էլ են ասում․ «Ֆլեյտադ վերցրու, դե, ել գնա»։Գործատեր հայը ծոցագրպանից մի քանի թղթադրամ է հանում, ասում է․ «Առ։ Ֆլեյտադ վերցրու, դե, ել գնա»։Չեմ վերցնում։ Ասում է․ «Ինձ համար մեկ է, վեց ամիս ես աշխատել, թե մեկ, այդքան է հասնում, չե՞ս ուզում, էդ էլ չենք տա, և ասում է, և հանկարծ չհոխորտաս, գրանցում էլ չունես, ինչ ասես կարող է պատահել քեզ հետ։ Ես հիմա չեմ էլ կաս- կածում, հաստատ գիտեմ՝ ֆլեյտա նվագել էլ չգիտես, թե չէ այս տեղերում ի՞նչ գործ ունեիր, դու ո՞վ ես։ Հանկարծ չհոխորտաս, գիտե՞ս»։

Մի քանի օգնականները՝ մեկը «Ուազն» է վարում (մեզ աշխատանքի տանող-բերողն է), մյուսը, որտեղ ապրում ենք, քաղաքի մյուս ծայրամասից ճաշն է բերում, էն մյուսը՝ բանկից դրամ ստացողն է, բոլորով վրա են գալիս, ասում են․ «Ֆլեյտադ վերցրու, շուտ արա, դե, ել գնա»։

Վրայիցս պոկում են նարնջագույն ժիլետը, մայթից հրում են փողոց, ասում են․ «Դե, ել գնա, և ասում են, և քո ի՞նչ գործն է, աշխատավարձ կտա՞նք, թե՝ չէ։ Քեզ հաց տալիս էինք, սոված չէիր, էլ ի՞նչ էիր ուզում»: Շուրթերիցս քաշում, ոտքերի տակ են գցում ծխախոտս։ Ասում են․ «Ֆլեյտադ վերցրու, դե, ել գնա»։

Մինչև փողոցի վերջը՝ տների շրջադարձին հասնելը մտածում էի՝ կարող է մատնեմ։ Ետ նայեցի․ տղաները քսան հոգով, նարնջագույն ժիլետներով պեծկլտում էին սև, նոր փռված նավթահոտ ասֆալտի վրա։

Սառնարան վագոն-մեքենաներից ձուկը գիշերն են դատարկում։ Կորեացին զբաղվում է արգելված ձկնատեսակների վերավաճառքով։ Նրա սեփական տունը քաղաքի արվարձանում է։ Մարդաբոյ, յոթանասուն-ութսուն կիլոգրամանոց ձուկը բերում, գցում են ալյումինե թիթեղով երեսպատված սեղանին, տակով էլեկտրական ջեռուցիչ է անցնում, հալոցքից ծովի, մեզի, աղի հոտ է տարածվում։ Չորս հոգով՝ երկուսս մի կողմում կանգնած, երկուսը՝ մյուս, կտրատում ենք ձուկը։ Շերտերը հինգ-հինգ շարում ցելոֆանե ծրարների մեջ։ Պայմանը մինչև լուսաբաց աշխատելն է։ Կորեացին մեզ խոստացել է` կվճարի։ Սեղանի մյուս կողմում կանգնածը և կողքինս ուկրաինացիներ են, նրանց էլ փողոցից է բերել, մյուսը՝ իմ դիմացինը, որ բարակ շերտերը ծրարների մեջ է շարում, կորեացու աղջիկն է։ Օրերով չի խոսում, անընդհատ ձեռներիս է նայում և իր գործն անում։ Ժամը երկուսին գնում է քնելու։

Մենք ամբողջ գիշերն ենք աշխատում։

Կորեացու հարևաններն անընդհատ հետևում են նրան ու մատնում։ Քնում ենք լույսը բացվելուց հետո, այգում՝ փայտե կոճղերի վրա դրված «Ուրալ» մեքենայի հերմետիկ թափքում։ Կորեացին արկղավորված ձուկը վրա-վրա շարում է մեքենայի խցիկում, տանում է քաղաք՝ խանութպաններին բաժանելու։

Այդ ժամանակ էլ այգուց աննկատ դուրս եմ գալիս։ Նենեն գնում է ռուսաց լեզվի դասընթացների, հետևում եմ։ Թիկունքից սեռը չի ջոկվում՝ պատանեկան կլոր հետույք։ Երկու կանգառ ենք անցնում, թևանցուկ է անում։ Փոքրիկ, պինդ ստինքը թևս է շոշափում։ Հայրն ուզում է նրան ասիական ծագում ունեցող ինչ-որ մեկի հետ ամուսնացնել, որը Բուդդային է հավատում և փող ունի։

Ինչ առնում է ճանապարհին, վայրկենապես ուտում եմ։ Երկու գարեջուր է վերցնում։ Իմ մշտական անփողությունը համարյա լացացնում է ինձ։ Ոչ մի գնով ֆլեյտան չեմ վաճառի։ Նենեն ասում է․ «Անգամ ձուկը կտրատելիս մատներդ նվագում են, ես անընդհատ լսում եմ»։ Համբուրում եմ ծոծրակը, միանգամից ընկնում եմ այս դեմքի, սեռը չնկատվող այս մարմնի, այս դեղինի, այս դեղին համի մաշկի մեջ։ Սիրտս խնդում է, մարմնիս մեջ իրար են հաջորդում տաքն ու պաղը։ Տեղ չկա, որ մենակ մնանք, ոչ մի ծածկի տակ չենք կարող գնալ։ Ինքն էլ չգիտի։

Եկեղեցի ենք գնում, խցերից մեկում մոմ ենք վառում, համբուրվելիս նկատում է հոգևորականը, դիտողությունը շուրթերին՝ մեզ դուրս է անում։ Թափառում ենք աղմուկի մեջ, վնգում է մեջս գվվոցն այդ դեղին, անցնում ենք փողոցե փողոց՝ ֆլեյտան թևիս տակ։

Նինա Սերգեևնան։ Սիկտիվկարից էր՝ ռուս։ Կապույտ աչքեր ուներ։ Ընդգծված մարմին։ Նուրբ դիմագծեր։ Սպիտակ ատամնաշար ուներ։

Արդեն կոնյակի երրորդ, թե չորրորդ բաժակն է խմել, ես խմիչքին ձեռք չեմ տալիս, կորեացին արգելել է՝ կարող է մեքենան վարեմ։

Նինա Սերգեևնան երկու ափերով երկու ստինքներին է ձեռք տալիս, ասում է․ «Եթե մեզ՝ կնանոցս թույլ տան, ձեզ` չեչեններիդ, մեր ծծերով կխեղդենք, դուք ո՞վ եք»։ Ասում եմ․ «Ես չեչեն չեմ»։

Ասում է․ «Կապ չունի, դուք՝ կովկասցիներդ, բոլորդ էլ չեչեն եք»։Նինա Սերգեևնան նոր է դադարեցրել Նենեի՝ չդադարող արյունահոսությունը։ Նրա աշխատասենյակի դուռը անընդհատ բացում են, գոռում է․ «Չի կարելի»։ Կոնյակ ենք խմում։ Կորեացին ամեն կերպ ուզում է նրանից խոսք պոկել, թե այդ ի՞նչ արյունահոսություն է, ինչի՞ հետ է կապված։ Անընդհատ նպատակադիր խոսում է։ Ասում է․ «Նինա Սերգեևնա, գիտե՞ս, հազար ինը հարյուր յոթանասունինը թվա- կանին, Նենեն երբ մի տարեկան էր, մսաղացի պտուտակը կուլ տվեց և, փառք Բուդդային, առանց վիրաբուժական միջամտության անցավ»։ Արձագանք չկա։ Լուսնի առաջին քառորդից սկսած անձրևում է քաղաքի վրա։

Ասիական ծագում ունեցող, Բուդդային հավատացող փեսացուն եկավ։ Զանգահարել տուն՝ իմացել է։ Գաղտնագիր կողպեքով, մաքուր կաշվից կարված պայուսակը դեղին ձեռքից կախ, կանգնել է բոլորիս դիմաց։ Զննելիս է սեռը նկատվում։ Կորեացին աթոռ է դնում նրա տակ։ Լիալուսնի երրորդ քառորդն էլ այսպես անձրևելով կանցնի։ Մտքումս խնձորի պատկեր է ծագել, զարգանում՝ երկրորդ հարկի՝ Նենեի պառկած հինգերորդ սենյակն էլ կա։

Կորեացին դարձյալ նպատակադիր խոսում է, կոնյակ եմ խմում, շրջվել է դեպի ինձ, թե․ «Գիտե՞ս, արմյան, հազար ինը հարյուր ութսունմեկ թվականին, երբ Նենեն երեք տարեկան էր, խաղալիք մեքենայի ղեկը կուլ տվեց և, փառք Բուդդային, դարձյալ առանց վիրահատական միջամտության անցավ»։ Նինա Սերգեևնան չի արձագանքում, ինձ ասում է, թե․ «Ի՞նչ պարտություն, եթե մեզ թողնեն, ռուս կնոջ ծծերի փափկությունը բերաններիդ դրած՝ մենք ձեր ամբողջ Չեչնյան խեղդամահ կանենք»։ Դարձյալ զույգ ձեռքերով հափռում է զույգ ստինքները։ Խնձորին եմ նայում։ Նրան ասում եմ․ «Մենք քրիստոնյա ենք»։Ասում է․ «Կապ չունի, ամբողջ Կովկասը չեչեններ են»։

Ճանապարհին կորեացին ասում է․ «Նինա Սերգեևնան լավ գինեկոլոգ է, բայց՝ հարբեցող»։ Դեռ գլխի չի ընկել, ամեն կերպ ուզում է իմանալ՝ Նենեի հետ ի՞նչ է պատահել։ Ասում է․ «Գիտե՞ս, արմյան, հազար ինը հարյուր իննսունմեկ թվականին, երբ Նենեն տասներեք տարեկան էր, մեր աղախնու հետ, իմ նկուղից դուրս գալը տեսավ, դռան բանալին կուլ տվեց և, փառք Բուդդային, դարձյալ առանց վիրաբուժական միջամտության անցավ»։Ինչքան միտքս գնում է, հեռվում որոնում եմ խնձորը։

Գիշերը Նենեի փոխարեն մայրն է իմ դիմաց կանգնել, ձկան բարակ շերտերը շարում է ծրարների մեջ։ Երեք-չորս ժամից միանգամից ընդհատում է աշխատանքը։ Ոչ ինձ, ոչ էլ կորեացուն՝ գետնին է նայում։ Գլխապտույտ ունի։ Գնում է։

Հաջորդ օրը՝ գիշերը, նրան կորեացին է փոխարինել, դեմ դիմաց ենք, ձկան բարակ շերտերը շարում է ծրարների մեջ, հանկարծ կանգնում է, նայում աչքերիս մեջ, անբնական գոռոցով կողքին դրված դանակը նետում է ինձ վրա։ Շուրջը դարձյալ ուրիշ, ինչ-որ սպանող բան է որոնում։ Գոռում է․ «Արմյան, ձեռքդ կկտրեմ, մատներդ գեղեցիկ են, աղջիկս սիրահարվել է մատներիդ»։

Ուկրաինացիներից մեկը նրա թևերից է կառչել, մյուսը ինձ դուրս է տանում։ Դրսում՝ մթան մեջ, ուղեղիս վրա դեռ զգում եմ կրով սպիտակեցված նկուղի ճերմակ-ճերմակը։ Ամբողջ գիշեր փողոցում գնալ-գալով՝  ծխում եմ։

Հաջորդ օրն ինքն է կանգնած դիմացս, Նենեն դեռ չի եկել հիվանդանոցից։ Երեք ժամ արդեն աշխատել ենք, կես մետրանոց տապորն է շպրտում ինձ վրա, աղաղակում է, թե․ «Արմյան, սիրտդ կկտրեմ, մատներդ շատ գեղեցիկ են, աղջիկս սիրահարվել է մատներիդ»։Ուկրաինացին ինձ դուրս է տանում, բոլոր այդպիսի հարձակումներից հետո հստակ չէի կարողանում պատկերացնել, թե ուզածս ինչ է։ Այգում ծխում ենք վրա-վրա։ Առավոտյան կորեացին տոմսի փող է տալիս, ասում է․ «Որպեսզի գիշերը քնած տեղդ  չխեղդեմ, գնա՝ որտեղից եկել ես»։

Նենեն դեռ չի եկել հիվանդանոցից, ֆլեյտան թևիս տակ՝ հեռանում եմ։ Աղմուկի մեջ եմ, վնգում է մեջս գվվոցն այդ դեղին։

     Հարավային Կովկասի լրագրողների համաժողովն էր, նոր էի վերադարձել գործուղումից: Խմբագիրը չթողեց էլ՝ տուն գնամ: Պատմածներս այնքան անսպասելի թվացին՝ խնդրեց թերթի առավոտյան թողարկման համար անմիջապես ճանապարհորդական նոթեր գրեմ:

Հինգ րոպե չէր անցել՝ լուրերի բաժնի աշխատակիցներից մեկը, որ խոսելիս էլ աղջկա նման խնդմնդալ գիտեր, եկավ, կանգնեց անդարակ, շագանակագույն գրասեղանիս առջև, իր իմացածի պես ժպտալով հայտնեց. «Կինդ է եկել»:

Սկզբում խաղաղ էի, բայց մինչև միջանցք կհասնեի, միանգամից Մարոն մտքովս անցավ: Երկու տարուց էլ ավելի կլիներ՝ նրա հետ էի կապված: Մի քանի ամիս առաջ երկկողմ համաձայնությամբ աբորտ էր արել:

Ամեն անգամ խմբագրություն գալուց առաջ անպայման զանգահարում էր:   Կասկածանքներով հասա, դուռը բացելուն հետ նկատեցի՝ ջինսե տաբատով էր, բարակ մատների մեջ ծխախոտ կար: Սևեռված՝ աչքերին նայեցի, հենց տեսավ, իջեցրեց: Չէր կարողանում խոսակցությունը միանգամից սկսել: Միջանցքի կանաչ, մերկ պատի վրա թերթի անվանումով ժամացույցն էր թիթեղին ընկնող կաթիլքի նման հատու թխկթխկացնում:

Ասաց.«Խոսել էր պետք: Դու էլ չկայիր»: Դարձյալ միտքը կտրտվում էր, մի քանի անգամ նույն բանն էր կրկնում: Ինչ լավն էր ջինսե տաբատով: Շփոթվեց: Աչքերը հստակ չէին, հեռավոր մտքի վրա էին, հասկացա՝ գալը իմ ենթադրությունների հետ կապ չուներ:

Ասաց.«Նվարդի համար եմ եկել… հիմա չկա, երեք օր է՝ տուն չի վերադարձել… ոստիկանների հետ շրջել ենք բոլոր դիահերձարանները…»:

Նրան էլ էի լսում, միանգամից սկսեցի ավելի հեռվից եկող՝ մութ հորը կախված վերելակի գնալ-գալն էլ, շղթաները հետևից քարշ տալն էլ, զարկվող մետաղի ձայնն էլ լսել:

Պատմում էր, թե «Վիլիս»-ով դիահերձարանները շրջելիս, բռնած սարսափի պատճառով, ոստիկանների մոտ ինչ հիմար բաներ էր դուրս տվել նրանց պետի հասցեին: Ասել էր. «Շատ էլ ոստիկանապետը այդպիսի անուն ունի, չեմ      հավատում, որ կարող է անգամ ծաղիկ սիրել…»:
Պատմեց՝ բաժանմունք վերադառնալուց հետո պետն ինչպես էր մեկնաբանել կատարվածը, թե. «Նեկտարն ասում էր,- քիչ մնաց ժպտար,- պատկերացնու՞մ ես           Նեկտար անունով ոստիկանապետ…»: Լռեց: Միանգամից խոսում էր ամեն բանի մասին, ասելիքը դարձյալ չէր ստացվում:

Հետո՝ թե. «Նեկտարը համոզված է՝ նրա նման գեղեցիկ կառուցվածք ունեցող աղջիկները զոռով կամ էլ կամավոր ինչ-որ փողատիրոջ սիրուհի են դառնում, բռնի ապրում են նրա ամառանոցում: Պատահում է՝ աղանդավորների են միանում, հոգևոր առաջնորդների հետ գնում են մեկ ուրիշ քաղաք՝ առանձնության մեջ ապաշխարելու,- հետո՝ թե,- Նեկտարն ասում էր՝ երիտասարդների գլուխը սատանայի գործարան է, խմբեր կազմած, մորֆիով, տարբեր թմրանյութերով են տարվում: Լինում է՝ չափին չտիրապետելու պատճառով մեռնում են, բայց նրանց մենք երբեք չենք գտնում՝ գործը չբացվելու համար, խումբն է իրենց մեռելներին սարերում, ձորերում թաքուն թաղում,- հետո նորից՝ թե,- Նեկտարն ասում էր՝ շատ է պատահել, ասենք՝ մեկ կամ երկու տարի հետո մարմնավաճառ աղջիկներ են գտնվել Թուրքիայից, Արաբական երկրներից: Դրամագլուխ ձեռք բերելու, ընտանիքներից անկախ կյանք վարելու համար, մեծ մասամբ, այդ երկրներում հարբեցող ծնողների երեխաներն են հայտնվում…»:

Հետո, թե. «Ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք անելու… ուժեղը դու ես, դու էլ որոշիր…»:     Վախեցածը, խուճապից անհավասարակշիռն է այդպես տագնապում:

Ասացի. «Առաջին կուրսից այդպիսի ճանապարհ չեն ընտրում…»: Որոնում, թաշկինակը չէր գտնում: Շպարվելու հայելին ընկավ ձեռքը:

Աղբամանից պարուրաձև մանվող կապտասպիտակավուն ծուխ էր բարձրանում:

Փողոցում էինք, մտավ դեղատուն, դռանը սպասում էի: Եկավ, չուզեց՝ միասին   քայլեինք, շատ կտրուկ «Չէ» ասաց: Հեռվից Ճանապարհում էի, մի պահ կորավ   ավտոբուսի ուղևորների մեջ, նորից երևաց պատուհանի մոտ:

Երկվագոնանոց տրամվայն անցնում էր, մայթը դղրդում էր ոսկորներիս մեջ:

Գնացի Մարոյի մոտ: Երբեմն ականջներիս մեջ սուլոց էր լսվում:

Նյարդերիս վրա ավելի շատ Մարոն՝ ինքը, սկսեց ազդել: Մինչև վերջ չկարողացավ  լսել: Հենց իմացավ Նվարդի կորելու լուրը՝ սրտխառնուքը միանգամից բռնեց, զուգարանից դուրս եկավ, չվերադարձավ խոհանոց: Գնացել, կանգնել էր պատուհանի առաջ, անհաղորդ փողոց էր նայում: Ակնթարթորեն քար էր կտրել: Մի բան ասելու համար գոռալով պիտի խոսեի՝ չէի կարողանում, դրանից ավելի շատ էի զայրանում: Ափով բերանը փակած՝ երբեմն-երբեմն դարձյալ զուգարան էր վազում: Այնքան էր հետ տվել՝ դատարկ ստամոքսի պատճառով լսվում էր՝ ոնց է ործկտում: Ահագին հեռու էր, բայց ննջարանի վարագույրների արանքից ընկած լույսի մեջ նկատվում էր մեղրամոմի նման դեղնած դեմքը, աչքերը կորել էին, ոչ մի բանի չէին արձագանքում:

Ոտքերիս տակ պառկած կատվին էի շոյում, ափիս հպումից մեջքը ծռում, նվաղուն մլավում էր, երևում էր բոցի նման, կարմիր պղնձի գույն լեզուն: Աբորտից հետո էինք հոգեբույժի խորհրդով տուն բերել:

Այդ պահին զգացի՝ ճանապարհին՝ մինչև տուն հասնելը, անընդհատ խոսել էի ուզել, միանգամից իջած լռության մեջ էլ առաջին անգամ գիտակցությանս հասավ, որ սպանված Է:

Արդեն չորս-հինգ տարի էր՝ ամեն ինչ թողել, միայն մեծածավալ գրքի վրա էի աշխատում: Գինու խոշոր գործարանի փայատերերից մեկը գիրքն ավարտին հասցնելու համար խորհուրդ տվեց՝ քիչ ժամանակ պահանջող, կայուն եկամուտներով գործ սկսել՝ երկլեզվով լեգենդների, էպոսի վերապատումներով, մանուկների համար ժամանցային-զվարճալի պատկերներով համակարգչային սկավառակներ թողարկել: Եթե անհրաժեշտ սարքավորումները ես գնեի, խոստանում էր՝ արտադրական աշխատանքներն սկսելուն պես գործընկեր դառնալ:Հավատացած էր՝ թե ներսի, թե դրսի մեծածախ շուկաներում պահանջարկի պակաս չէինք ունենալու:

Որպեսզի կարողանայի ևս մեկ-երկու տարի աշխատելով մեծածավալ գործը հասցնել իմ ուզածին՝ միանգամից երեք սենյականոց բնակարանը բանկում գրավ դրեցի:

Երբ ճապոնական սարքավորումները տեղադրել էինք վարձակալած նկուղային հարկում, արդեն սկավառակներ, ներկեր, թուղթ էր պետք, նկարիչին, երկու բանվորներին՝ վճարել: Գինու խոշոր գործարանի փայատերը պատճառաբանելով, որ արտասահմանում կապիտալի մեծ կորուստներ է ունեցել, պայմանավորվածությունից արագ հետ կանգնեց:

Մինչ այդ՝ ինձ հարգանքով վերաբերվող մարդկանց հետ էի գործ ունեցել:

Իրար հետևից շրջեցի քաղաքի երկլեզու բոլոր կազմակերպություններում՝ ղեկավարներին պատմելով իրագործվող ծրագրերի կարևորության մասին, խնդրում էի՝ կանխավճարներ փոխանցելով պատվերներ տան, բայց հաշվարկելով եկած գումարները, պարզվեց, որ չեն բավականացնի անգամ բանկի մեկ ամսվա տոկոսները մարելու համար:

Սկսվեցին ինքնախարազանման, մշտական տագնապների ժամանակներ: Երկու ընտանիքների կենցաղն էլ ծանր էր:

Մարոյի հետ առաջին անգամ հանդիպել էինք քանդակագործի մոտ: Երբ գնացի այնտեղ, նրանք չորս-հինգ հոգով արդեն խմում էին: Քսանհինգի մեջ էր, մի տարի առաջ բաժանվել էր «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության աշխատակից շվեjցարացի ամուսնուց: Այդքան ժամանակ էր անցել, բայց դեռ չէր կարողացել ուշքի գալ: Պայմանավորված օրից շուտ էր վերադարձել հագստյան տնից, ամուսնուն մեկ ուրիշ տղամարդու հետ էր բռնացրել:

Երբ դուրս եկանք քանդակագործի արվեստանոցից՝ երկուսս էլ խմած էինք:

Պայմանավորվել էինք, երկրորդ անգամ հանդիպեցինք: Օրագրի ոճով գրված՝ թույլ, շատ երկար, սիրավեպի նման բան էր բերել՝ կարծիք էր ուզում իմանալ: Շնորհալի լինելն զգացվում էր. և ուշքի բերելու, և մոտիկ պահելու համար մի քիչ էլ ավելի գովաբանեցի, իմ թելադրանքով էական ուղղումներ կատարեց, տպագրվեց: Գինի խմեցինք:

Երեկոները թափառում էինք: Ամեն օր հանդիպելու պատճառը նաև՝ աչքերի մեջ եղած լույսն էր, մանկական անմեղ հայացքով աշխարհին նայելը, ինձ տեսնելը՝ միանգամից տեսել էր ինձ:

Երկրորդ-երրորդ հանդիպման ժամանակ լեռանն էինք նայում. սիրում էր կանգնել խոշոր լեռան դիմաց՝ լռելով դիտել ու դիտել, այդ պահին էլ ասացի, որ կնոջիցս երբեք չեմ բաժանվի:

Ինքն էլ, ամեն բան, ինչը դրան էր տանում, կանգնեցնում էր: Այնպես էր անում, որ երկու ընտանիքների անկախությունը չմիախառնվեին:

Այն օրերին մտածում էի. «Տանը կենցաղի շուրջբոլորը պտտվող կինը, առանց հեռվում թաքցրած երկվության, չի կարող ինձ առաջ մղել: Տղամարդը նախաստեղծ դրախտային ժամանակից այնպիսի հատկանիշով է արարված, որ հոգին, երազելու զորությունը չմարելու համար տարածության միջից մշտապես պիտի կնոջ հավերժական կանչը, բուրմունքը որսա»:

Գինու խոշոր գործարանի փայատիրոջ հրաժարվելուց հետո մինչև լույս նկուղում էի մնում, չնչին գումարներ բերող պատվերների պակասը լրացնելու համար սկսել էի սկավառակների վրա նաև ավարտական դասարանների և բուհ ընդունվողների համար իմ կազմած թելադրության նյութերի ժողովածուն տպագրել՝ փորձելով դիմորդներին վաճառել:

Մարոյի հետ հանդիպումները անկանոն էին դարձել: Հակասական զգացումներով սպասում, գիշերներ էր անցկացնում ոտքի վրա, բարեկամներից մի քանիսի ակնարկներն էլ այդ օրերին, որ անբարոյական կնոջ գործելակերպով, ամուսնացածն ու չամուսնացածը իրարից չզանազանելով՝ տղամարդ է ընդունում, բաց թողնում… թռչնի լռակյացության էին հասցրել, միայն խոհանոցում առանձնանում, ինքն իր համար էր երգում, տաք միատոն մեղեդի էր հազիվ լսելի լինում: Նման պահերին՝ միասին լինելու համար, ինչքան էլ ուզում էի՝ իմ հարցերին պատասխաներ, ինչ էլ անեի՝ համառելով ներսից բառ չէր հանում:

Եղբայրը մի օր խմբագրություն եկավ:

Սիրո մասին իմ ասածներից ոչինչ չընդունեց, կտրականապես դեմ էր համատեղ ապրելուն:
Հետո ազգակից տղամարդկանցով հանդիպել, որոշել էին՝ ինձ անդամալույծ դարձնել: Մարոն իմացել, նրանց ասել էր, եթե այդպես անեն, հենց նույն օրը, գրությունը դրած գրպանը, կնետվի քաղաքի ամենաբարձր կամրջից:

Ժամանակավոր լռություն իջավ:

Երկու ամսից ավելի հղի էր եղել՝ առանց տեղյակ պահելու գնացել, աբորտ էր արել: Ավելի ուշ ասաց. «Չեմ ցանկանում ընտանիքդ քայքայվի…»: Աչքերի մեջ լույս կար, մանկական անմեղ հայացքով ինձ էր նայում, հետո՝ հեռվին, թիկունքիցս այն կողմ՝ լեռանը, ասաց.«Միայն նա էր պակաս, եթե նա էլ լիներ, էլ չէիր գրի մեծածավալ զարմանահրաշ աշխատանքը…»:

Մտածում էի.«Ինչ գործի է խառնվել, իրավունք եղել է, չի եղել, տիեզերական մտքի կայացրած՝ արարելու որոշման գործին է միջամտել, միայնակ ուրիշ, անծանոթ, ժամանակի մեջ է մտել»:

Չեմ հիշում՝ ում, ինչ-որ շնորհանդեսի էի՝ մեկ կամ երկու բաժակ էլ կոնյակ էի խմել: Երբ վերադարձա՝ գրություն էր թողել, որ հիվանդանոց է գնացել: Փողոց: Վազում եմ: Մեքենաների հոսքը: Շենքեր, պատուհաններ, ճակատը ոսկեգույն գլխաշորով բոլորած՝ ինչ-որ անտարբեր դեմք է ապակուն հպված վերևից նայում:

Նետվեցի դիմացի մայթը, մյուս փողոցն եմ մտել, նորից մեքենաների հոսքը: Շենքեր, պատուհաններ, նորից ճակատը ոսկեգույն գլխաշորով բոլորած՝ ինչ-որ անտարբեր դեմք է ապակուն հպված վերևից նայում:

Հիվանդասենյակը: Հատակին բամբակ է ընկել, ուժեղ լույսի մեջ ճերմակի վրա արյան կաթիլի կարմիրն է պսպղում, ամեն անգամ դռան բացվել-փակվելուց, նիկելապատ ափսեի մեջ օդի հարվածից դատարկ սրվակն էր ցնցվում: Իրարանցումն արդեն վերջացել էր, երևի դժվար էր եղել:

Նարկոզի ազդեցության տակ էր: Աչքերը չբացեց, բայց գիտեր՝ ձեռքը բռնողը ես էի, փակ կոպերից արցունքները հոսում ու հոսում էին: Հետագա իմ ամբողջ կյանքի ընթացքում էլ չմոռացա այդ տեսակ լացը:

Սավանին, որով ծածկված էր, տեղ-տեղ լվացքատան դեղին ժանգն էր դաջվել:

Տուն գալու օրը ոչ միայն դատարկված արգանդն էր մղկտում՝ մեկ ուրիշ դատարկություն էլ պատերն էր ճանգռոտել տալիս: Համոզում էր՝ հավատամ. աբորտ անելուն ես էլ եմ՝ հա ասել. երկուստեք համաձայնություն էր եղել: Միայնակ չթողնելու համար հաստատեցի:

Մի քանի գիշեր մնացի մոտը, բայց այդպես էլ չպատմեցի, որ հիվանդանոց վազելու ժամանակ, երկու փողոցներում էլ միաժամանակ էի տեսել, թե ինչպես էր վերևի պատուհաններից վրաս նայում՝ ապակուն հպված աղջկա անտարբեր, միևնույն դեմքը, ճակատը՝ լույս տվող ոսկեգույն պսակի նման գլխաշորով բոլորած:

Պահակ չունենալու պատճառով գողացան նկարող մեքենայի ծրագրավորող համակարգիչը: Մինչև ոստիկանությունը կքններ, կվերադարձներ, երեք ամիս անցավ: Դարձյալ կանգնել էին առանց այդ էլ անկանոն ստացվող մանր-մունր պատվերները: Սարսափելի արագությամբ աճում էին տոկոսները, տունը առգրավելու վերաբերյալ ստացվող նախազգուշական ծանուցումները:

Մարոն ինձ փրկելու համար, առանց երկմտելու, պահանջեց՝ իր մի սենյականոց բնակարանն էլ գրավ դնել: Նրա շնորհիվ առգրավման ժամկետը մի տարի էլ երկարացրին:

Նկարիչը, երկու աշխատողներն էլ հինգ օրվա ընթացքում հեռացան: Ցերեկները, գործարքներ կնքելու հույսով, տարբեր գրասենյակներում էի լինում, ֆինանսական գործերով թափառում էի քաղաքում, մեն-մենակ գիշերներն էի աշխատում: Շաբաթներով տուն չէի գնում. Ռուզանը մի քանի օրվա ուտելիք, փոխնորդ, դեղորայք էր բերում: Բժիշկն ասում էր՝ հազիս մեջ եղած անցանկալի երևույթները վտանգավոր չեն, բայց այդպես շարունակել չէր կարելի:

Ճաշի ժամանակ փորձում էի Ռուզանին պատմել իրավիճակի մասին, ուր հայտնվել էի, սարսափած թռչում էր տեղից, չէր թողնում շարունակեմ, կեղտոտ շորերով ցելոֆոնե պարկն էր վերցնում. «Դու պիտի կարողանաս, դեպուտատ»,- ասելով շտապ հեռանում էր:

Չէր հրաժարվում տան օջախի կրակը բորբոք պահելուց, հիմա էլ հսկում էր, որ չհանգի: Աղքատության բոլոր տարիներին էլ քայլել էինք կողք կողքի…բեռն էր չափից ավելի ծանր՝ ուժերը չէին պատում առաջ գնալու համար: Նրան չէր կարելի՝ զարկած ջրհեղեղի բաց օվկիանոս հասցրած փայտաբեկորի վրա, գիշերով միայնակ թողնել: Որպեսզի ուժ տար թևերին, լողար՝ ափին փարոսը վառել, տաք ձայնով կանչել էր պետք:

Հետագայում բզկտում էի ինձ՝ ինչու՞ այդպես չարեցի, խավարի միջով ճանապարհը գտնելու համար՝ թեկուզ լուցկու մի հատիկ, ինչու՞ ափին չվառեցի:

Ռուզանն իմ վարձով փոքրիկ սենյակում հայտնվեց տետրակի գործարանից: Բանակից վերադարձել, այնտեղ երկրորդ հերթափոխի բեռնակիր էի աշխատում, մի տարով էր ինձանից մեծ:

Ցերեկները թերթից թերթ էի շրջում, չնայած առանց բարձրագույն կրթության էի, խբագիրները գրածներիս վրա մի քանի ուղղումներից հետո, թաքուն համակ-    րանքով վստահում, սպորտային ռեպորտաժների հանձնարա-                                    րություններ էին տալիս: Իսկ ես փորձում էի ավելին պոկել նրանցից:
Ռուզանը չգիտեր՝ ինչ է ստեղծագործելը, չէր հավատում, որ կան մարդիկ, որոնց ուղեղի ծալքերում գեղեցիկ, գանձի նման թանկարժեք բան է լինում թաքնված: Ասում էր. «Սպանես՝ չեմ կարող հավատալ, որ եթե օրերով նստես թղթի առաջ, հետապնդես նրան, անպայման կորսաս»: Այդ ամենը «բստրել» էր համարում, ասում էր.« Սուտ խոսելու պես բան է, նայած, թե ով ավելի լավ կստի»: Դա ոչ մի նշանակություն չուներ, այդպես էի սիրում նրան:

Համալսարան ընդունվելու հաջորդ օրը ստիպեց՝  ազատվեմ աշխատանքից:

Երբեմն ձեռները կարող էին յուղոտ էլ լինել, կարող էր տետրերին  ամրագամեր զարկող հաստոցներն էլ նորոգել: Կարող էր կնոջ արժանապատվու-               թյունն ավելի բարձր դասելով՝ արտադրանք տալու ամենաթեժ օրերին գործի  չգնալ, տասը-քսան ներքնաշորերի լվացք սկսել, որպես ներքին և արտաքին անաղարտության նշան՝ ամեն օր կիսավարտիք էր փոխում:
Մեր գոյությունը պահպանելու համար, մինչև ավարտելս, օրական հարյուր-հարյուր հիսուն տասներկու թերթանոց տետրեր էր դուրս հանում գործարանից, երկու ժամում վաճառում էր շրջակա դպրոցներում:

Քանի որ լավ չէր պատկերացնում՝ բանասիրականը ավարտողները հետո ինչ աշխատանք են կատարելու, մի անգամ էլ լայնեզր գլխարկ էր առել, մեր տան տիրուհուն ասել էր. «Որ դեպուտատ աշխատի, կդնի»:

Դրանից հետո թաղի լիմոնադ վաճառող կրպակատիրոջից մինչև փոստատարը հետևիցս ծաղրանքով «դեպուտատ» էին ասում:

Փողոց: Հարսանքավորների զարդարված մեքենաներ: Մայթին՝ արևի թանձր դեղինի մեջ, ձկնավաճառների պայուսակների ներսից՝ թրթռացող մեջքերով ձկների կապտասպիտակավուն ճերմակն է բռնկվել: Ոստիկանություն: Առաջխաղացում չկա: Քննիչն անգամ նեղացավ այցելությունից: Մի ուրիշ՝ կորած մարդու, գործի քննությունն էլ էին նրան հանձնարարել, բացարձակ ժամանակ չէր ունեցել՝ գոնե հաց ուտեր:

Խմբագրություն: Ուշ էր, բոլորը գնացել էին, հակահրդեհային մոմլաթե խողովակների վահանակում թաքցվող բանալիով բացեցի խմբագրի աշխատասենյակի դուռը, ներքին հեռախոսակապով զանգահարեցի ոստիկանության հերթապահին՝ թերթի անունը տալով, խնդրեցի միացնել նախարարին:

Լսեց, խոստացավ գործին հետևել:
Լուսնյակ, ճերմակ գիշեր էր:

Վարորդն անվադողը քաշել էր լուսավոր տեղ, մուրճի ամեն մի հարվածից վերնաշապիկի տակ թիակները վերուվար էին անում:

Սկզբում նրա սարսափած աչքերի մասին մտածեցի, հետո՝ թե այդ տարիքի անօգնական աղջնակը ինչպես թախանձած կլիներ, որ իրեն կենդանի թողնեին… Նստեցի: Նստել, արմունկս դրած սեղանին՝ անցորդներին դիտելով, գարեջուր էի խմում, ճակատը՝ լույս տվող ոսկեգույն պսակի նման գլխաշորով բոլորած աղջկա մասին էլ էի մտածում: Տարվա այդ եղանակին մրսում էի, հետո խանութի ապակու մեջ տեսա, թե ինչպես եմ նստած տեղից բարձրանում, ինչպես է գնում ծանր մարմինս: Ասացի. «Խաղաղվիր»: Մի քանի անգամ ասացի. «Խաղաղվիր»:

Զանգի կոճակն էի սեղմել, վեր թռա՝ ականջս նրա վերադարձի ձայնին պահած, մնացած բոլոր ձայներից խաբվում էի: «Խաղաղվիր»,- ասացի:

Ռուզանն էր դուռը բացել, խոսել ուզեցի, չէր ստացվում, ասացի. «Այս ժամին մարդիկ համերգից էին վերադառնում…»:

Վերջին ամիսներին Ռուզանի մոտ ավելի քիչ էի լինում: Անկանոն սեռական հարաբերությունների պատճառով չոր, նյարդային էր դարձել: Հիմա էլ՝ երկու շաբաթվա ընթացքում կուտակված նամակները հատուկ նետեց սեղանին: Չխոսեց, սենյակից դուրս գալիս զրնգացրեց դռան ապակիները:

Հավանաբար, ինչ-որ բան գիտեր Մարոյի մասին: Գործուղման նախօրեին էի զգացել՝ հայացքի մեջ զզվանք կար: Այդ ժամանակ Նվարդը դեռ դասի չէր գնացել, եկավ հրաժեշտ տալու, դիտավորյալ, նրա ներկայությամբ ասաց. «Եթե ընդհանրապես տուն չգաս, ոչինչ էլ չի պատահի, լավ կլինի երեխաներին դրամ ուղարկես,- լռեց, հետո,- եթե գործուղումից տուն վերադառնաս, հաջորդ օրը ինքս կգնամ… »: Սպառնալիքից չէ՝ գնալուն պատրաստ լինելուց էի վիրավորվել, դրա համար էլ փակվել էի, չկարողացա ասել՝ ինչ գնալ, խելքդ հո չե՞ս թռցրել:

Նամակները բանկից էին, չկարդացի էլ, մտա Էմմայի սենյակը: Բերանքսիվայր մահճակալին էր պառկած՝ ուսերը ցնցվում էին: Կարծում էի՝ բան չգիտեր մեր հարաբերությունների մասին: Նստեցի, ծոծրակը ափիս տակ քրտնած էր: Ասաց.«Ոնց որ օտար բան լինի վրադ իջած, ինչ օտարություն է, ոնց որ ուրիշ տեղից եկած լինի հետևիցդ: Ախ, Աստված իմ, գոնե Ռուզանը քեզ հասկանար…»: Սրթսրթում էր ափերիս մեջ:

Օտարի մասին բարձրաձայն խոսելը հանկարծակիի բերեց՝ չնայած, նրան ինքս էլ էի նկատել, վերջին ժամանակներս ներսիս մեջ անգամ նրա դեմ գործելու հնար էի գտել՝ անընդհատ մտածելով՝ մի՞թե ինձ համար էլ մահ կա:

Մի քանի ժամ զրուցեցինք, մտքներիս մեջ Նվարդն էլ կար, բայց երկուսով էլ խուսափում էինք նրա մասին որևէ բառ ասել, ուրիշ բաներից էինք խոսում: Չէինք էլ խոսում, ավելի ճիշտ, միասին մի տեղում էինք գտնվում, որտեղ ամենահեշտն էր լինել: Երբեմն-երբեմն կարող էր՝ մի բառ էլ ասեինք:

Երեքշաբթի կարողացա օտար լեզուների ինստիտուտի ռեկտորին զանգահարելով՝ իմ մեծածավալ կիսատ գործից երկրորդ կուրսի ուսանողների համար դասախոսություն կարդալու պայմանավորվածություն ձեռք բերել:

Հաջորդ օրն էլ դրամի համար մարտական ընկերներիցս մեկի մոտ գնացի, որոշել էի՝ մինչև երեկո վերադառնալ, բայց գիշերը մնացի. պատերազմի ժամանակ՝ ճակատամարտերի ընդմիջումներին քար կտրած լեզուներս բացելու համար պատահել էր՝ միասին թևերներս էինք ծակել՝ հանգստացնող մի որևէ բան լցնելու համար: Կարող էի նրան պատմել, որ քիչ առաջ փողոցն անցնելու ժամանակ տեսել էի, թե ինչպես էր բարձրահարկից վրաս նայում՝ ապակուն հպված աղջկա ինչ-որ անտարբեր դեմք՝ ճակատը լույս տվող ոսկեգույն գլխաշորով բոլորած, բայց չպատմեցի, անգամ անկողին չմտա, ափսոսում էի, որ սափրված չէի, շատ կուզենայի՝ վայելուչ հագուստով, փողկապ էլ կապած լինեի. ամբողջ գիշեր պատից պատ էի քայլում:

Վերադարձի ճանապարհին մտա՝ տոկոսները փակելու: Դարձյալ հաջողվեց երկու բնակարանների սեփականությունն էլ պահպանել:

Անընդհատ դեպի վերև էի քայլում: Մայթին՝ շան տերը ձախ ձեռքով կաշեփոկն էր պահել, շունը փորին էր հասնում, դնչին ապտակել-ապտակելով՝ հրամաններ կատարել էր սովորեցնում, թե. «Միզիր ծառին, միզիր ծառին…»: Առաջ չէր գնում, անգիտակից գալիս, գլուխը մտցնում էր նրա ափերի տակ, թաց քիթը սվսվացնում՝ ամբողջ մարմնով դողալով վնգստում էր:

Փողոցի ավարտին գտա աղջիկներին, նրանցից մեկի հետ՝ մինչև հաճախորդի գալը թխկենու տակ շատ երկար կանգնեցի: Առանց քաշվելու պատասխանում էր բոլոր հարցերին: Ասում էր. «Գնա քաղաքի եզրը, ուզում ես տեղեկություն ունենալ, գնա այնտեղ»: Հետո մեքենան եկավ, հեռացավ: Մինչև հաջորդ խաչմերուկը թաց ասֆալտը անդրադարձնում էր հետևի լապտերների գույները:
Այդ խոսակցությունից հետո իմ ամբողջ կյանքում, երազիս մեջ անընդհատ կարմրի մեջ խորասուզված քաղաքի նույն եզրն էի տեսնում:

Արդեն հինգ-վեց դասախոսություն էի կարդացել, բայց դարձյալ ոտքերիս տակից օրըստօրե փախչում էր հողը, ոչ մի կերպ չէի կարողանում երկու ընտանիքների համար հենարան լինել:

Մարոն էլ աղքատության մեջ էր, ռադիոլրագրողի ցածր աշխատավարձն անգամ սննդին չէր բավականացնում, վերլուծելով իրավիճակը, հասկանալի էր դառնում՝ նրա բնակարանն էլ էինք կորցնելու: Հույսը, թե մեծածավալ գործը, որ արդեն չորս-հինգ տարի աշխատում էի, կավարտեի միանգամից, խոշոր գումար կբերեր, քանի գնում, ավելի անհավանական էր դառնում: Գոյատևելու համար կենաց-մահու պայքար էինք մղում:

Միմյանց նկատմամբ պատասխանատվությունն ավելի խելահեղ արարքների էր մղում: Իրար պաշտպանելու համար ձեռնարկվող թաքուն քայլերը ժամանակի հետ ավելի ծայրահեղ նյարդայնացնող դարձան, հասարակ բաների պատճառով իրար չէինք խնայում, երբեմն էլ կարևոր հարցազրույցները պատճառ բռնած՝ փախչում էր տնից, վերադառնալուց հետո, եթե մտնում էր լոգարան՝ գինու հոտ էր գալիս զուգարանակոնքից:

Ընկերներից պարտքեր վերցնելու չափաբաժինն արդեն վերջացել էր, շատերն էլ սկսել էին աչքերիս մեջ հասկացողի բացահայտ իմացությամբ նայել, թե իրենք լավ էլ գիտեն՝ իմ կյանքն էլ է անցողիկ:

Փողատեր մարդիկ առերես մերժել չկարողանալու պատճառով քաղաքի մի ծայրից մյուսը՝ իրենց գրասենյակներն էին կանչում, բայց իմ խոցելի լինելը լավ իմանալով պայմանավորված ժամին դիտմամբ տեղում չէին լինում կամ պարտքեր ունենալուց էին գանգատվում՝ հաստատ իմանալով, որ երկրորդ անգամ էլ չէի դիմի:

Գիշերաթիթեռի նման՝ լուսավոր մի բանի շուրջ պտտվելու համար, գրասեղանիս վրա դիզված մեծածավալ գործից էի կառչում, փորձում էի ուշ ժամերին՝ թեկուզ կցկտուր, մի տող կամ պարբերություն գրել այնպիսի բաների մասին, որոնք անշոշափելի, ամենաթափանցիկներն էին, ամենածածուկ երևույթներին էի հասնում, մտածում էի քամիների մասին, որոնք միայն գիշերն էին խոսում, դուրս էին լսողության սահմաններից:

Արդեն մի շաբաթ է՝ սկսել էի երաժշտական, լուսանկարչական տարբեր տաղավարներ մտնել՝ կես գնով առաջարկում էի ճապոնական սարքավորումները գնեին, մինչև որ մի առավոտ բանկի աշխատակիցները հասցրեցին կատարածուների հետ զմռսել նկուղի դուռը՝ արգելք դրեցին որևէ մեկին ներս մտնել:

Հինգերորդ օրը Մարոն արյունոտեց իրեն: Փորին, ստինքներին, ազդրերին, որտեղ ձեռները կպնում էին, անձրևաորդերի երկարության կարմիր մատնահետքեր էին մնում:

Զանգահարեցի, մեր թերթի համար տարեցների կենցաղավարության խնդիրները հոդվածներով պարբերաբար լուսաբանող բժշկին՝ խորհուրդ հարցնելու: Մասնագիտական հանրագիտարանից լատիներեն տեղեկանք կարդաց, թարգմանեց, թե.«Ինքն իրեն, եթե արյունլվիկ անելու չափ քորում-քորում, չի հանգստանում, շատ նման է նյարդային վերջույթների ցավի,-  ասաց,-  բայց լավ կլինի հոգեբույժի էլ դիմես, կարծում եմ՝ այդտեղ հոգեբույժի կարիք էլ կա»:

Քորից լպոկտված Մարոյի ծիրանագույն առողջ մաշկը լույս էր արձակում: Մանկահասակ աղջնակի նման՝ լցված կորագծերով պինդ մարմին ուներ: Սեղան-աթոռի, դռան՝ ինչին քսվեր, ազդրերին, հետույքին, թևերին՝ կլոր, կասկածելի մեծության կապտուկներ էին մնում, մի ժամանակ դրանց պատճառով խանդի տեսարաններ էի սարքում:

Հիմա, երբ լպոկտված մաշկին էի նայում, մտածում էի, որ Նվարդից ընդամենը մի քանի տարով է մեծ, սիրտս հարազատի փաղաքշանքով էր լցվում:

Գնացել էի բժշկին բերելու: Ծանոթ գեղանկարչի ցուցահանդեսի բացումն էր, պայմանավորվել էինք պատկերասրահում հանդիպել:

Վերադարձանք, Մարոն արդեն չկար:

Տանը մի հայտնի տեղ ունեինք՝ իրար երկտող էինք թողնում: Ձայներիզ էր դրել, վերցրեցի այն. ինչպես խավարի միջով անցնելու ժամանակ մի բանից կառչելու հույսով ձեռքերն են պարզում, որ չընկնեն, դես ու դեն քայլելով, ծխախոտ ծխախոտի հետևից վառելով՝ հաղթահարեցի վախս, մինչև հավատացի, որ կարող եմ լսել, ահագին ժամանակ անցավ:

«Մտքերս ձայնագրելու ժամանակ, գիտե՞ս՝ ինչքան եմ ցանկացել՝ քո նկատմամբ ատելություն ունենալ, որոնել, չեմ գտել: Հակառակը՝ սիրում եմ:

Առարկաների էությունը տեսնելու գաղտնիքին քո շնորհիվ հասա: Նրանց Ճանաչելով՝ տարբերվեցի աշխարհից, աստիճանաբար հրաժարվեցի այն ամենից, ինչը ես չէի: Կարող է մարդը մի ամբողջ կյանք լինել երկրագնդի վրա, բայց այդպես էլ չիմանալ, որ իր ֆիզիկական գոյությունից բացի մի ուրիշ խորհուրդ էլ կա, որ մեր մտքի չափումներից դուրս՝ հեռավոր տիեզերքում է բոցկլտում: Շնորհակալ եմ գիշերվա մեջ վառվող լուսատտիկների համար:

Գիտեմ, հենց հայտնաբերես՝ չկամ, վիճակդ՝ օդանավակայան թռիչքի եկած, բայց տոմսը, հագուստների ճամպրուկը, դրամը կորցրած, մոլորյալ ուղևորի վիճակի է նմանվելու… ինքնաթիռներ են բարձրանում-իջնում, շուրջբոլորը մարդիկ են տեղից տեղ շտապում, ինքը կանգնել, մնացել է սպասասրահի ժխորի մեջ, չգիտի՝ ինչ է անելու:

Խնդրում եմ՝ թուլության համար չհիասթափվես ինձանից: Ասել եմ՝ սիրում եմ, մի անգամ էլ եմ ասում՝ ինձ համար ավարտ չունես:

Քո տարիքի տղամարդիկ նողկալի են լինում, շահագործում են երիտասարդ աղջիկներին, օր-օրի քամում են կենսական ուժերը: Եսասեր չես: Մանկան նման միայն շուրջդ եղած քո հասանելիքին ես ընդառաջ գնում: Ներիր: Հավատա և ներիր: Էլ ուժ չունեի՝ հաջորդ թռիչքին սպասելու: Մի քայլ անգամ ոտքերս առաջ չէին գնում: Ներիր, որ ամենափոթորկազարկ ժամին թողեցի օդանավակայանում, փախա: Ի՞նչ ամոթ է, Աստված իմ: Մեծածավալ հրաշալի գործդ ավարտելու ճանապարհին (դեռ քանի մարդ է զարմանալու նրանով), միշտ ցանկացել էի՝ գոնե մի քիչ թեթևացնել տառապանքներդ, մյուս ափը հասնելուդ համար կամուրջ լինել, չկարողացա: Մարդկային ուժից վեր այդ ինչ ափեր էին, արդեն ինքս եմ հոգնած, ծնկներս ծալվում են… փախա օդանավակայանից, ահա՝ քեզ ընդմիշտ կորցնելու պատճառ…

Կատուն մնում է՝ ինչ արի չէր ցանկանում գալ… »

Իրականում ոչ մի ձայներիզ էլ չէր թողել, գնացել էր, հետո միանգամից զարկող լռությունն էր: Չէր էլ փորձում կապվել, այնպիսի անհաղորդ տարածություն էր բացվել, որ նրա սահմաններից դուրս իմ գոյությունն էլ չէր կարևորվում, եթե ցանկանայի՝ կարող էի կյանքիս վերջ տալ: Անգամ դա իր մասնակցությունից դուրս կլիներ:

Մտածում էի՝ ուշքի կգա, չորս օր սպասում էի վերադարձին՝ դատարկ սենյակում հետ ու առաջ քայլելով, ինքս էի հորինել ձայներիզի հերոսության հասնող խոստովանության ամբողջ բովանդակությունը, իբրև թե, տանը երկուսիս հայտնի մի տեղ ունեինք, ուր միշտ միմյանց համար նամակ կամ երկտող էինք թողնում, ահա, այնտեղից էի գտել ձայներիզը:

Կատվին էլ չգիտեի՝ ինչ եմ անելու:

Համարյա վստահ էի՝ եղբոր տանը պիտի լիներ, անընդհատ զանգահարում էի, սպառնալի հայհոյում, ընկալուչը դնում էին տեղը:

Մարոյի հեռանալ, տառապանքից պրծնելը՝ ժամանակավոր թեթևություն էր բերել, բայց միաժամանակ զարկել էր իմ ամենախոցելի տեղին: Գիտակցությունը, որ այսուհետ իմ կյանքից ընդմիշտ է բացակայելու՝ երբեմն խելակորուսության էր մոտենում:

Մի օր էլ մնացի, որովհետև տան մեջ դեռ բուրմունք էր պահպանվում: Մի օր էլ կատվի համար մնացի՝ չէր ցանկանում ինձ հետ էլ գալ:

Քաղաքում մի տեղից միտինգավորների բարձրախոսն էր խոսում: Տուն գնալու ճանապարհին ուշ ժամի մտա խմբագրություն: Հակահրդեհային մոմլաթե խողովակի վահանակի միջից վերցրի խմբագրի դռան թաքցվող բանալին, ներքին հեռախոսակապով զանգահարեցի ոստիկանության հերթապահին՝ թերթի անունը տալով, խնդրեցի՝ միացնի նախարարին:

Լսեց, խոստացավ գործին հետևել:

Մինչև լուսադեմ պատուհաններից նայելով անցկացրի, փողոցները խմբերով մարդիկ էին հատում, թևատակերին փայտե կոթերով ծալծլված ցուցապաստառներ կային:

Զախար Մարգարյանը հայտնվեց. տեսել էր՝ խմբագրության լույսերը վառվում են՝ եկել էր քաղաքականությունից խոսելու: Ասում էր. «Եթե ժամանակ ունես, առաջնորդների մասին այնպիսի բաներ հայտնեմ՝ մազերդ բիզ-բիզ կանգնեն»: Մերժեցի՝ անհետաձգելի հոդված գրելով զբաղված լինելս պատճառաբանելով: Ասաց. «Մեկ է, լուսանալուն մի տեղ պիտի սպասեմ»,- շտապելու էլ տեղ չունի, ընդունարանում կնստի, մինչև վերջացնեի: Ասացի. «Հետո էլ աշխատանքային ժամը կսկսվի, կարևոր առանձնազրույց ունեմ խմբագրի հետ»: Ասաց. «Ափսոս,-  ասաց,- եթե ուզես՝ մինչև տասնմեկը-տասներկուսը կարող եմ սպասել, մեկ էլ տեսար շուտ պրծար»: Լուրեր էին պտտվում, որ հրեա է, գեղանկարչությամբ, թե՞ լուսանկարչությամբ էր զբաղվում, կինը մի իսրայելցու հետ էր փախել: Ասաց. «Փաստեր կարող եմ դնել սեղանիդ, շոգեբաղնիքում՝ առաջնորդների սեռական կյանքի մասին»: Միանգամից՝ ոչ ասացի, ժամանակ չտալով՝ ուշքի գա, անջատեցի լույսերը,  ինքն էլ ինձ հետ դուրս եկավ «Ափսոս»,-  ասելով:

Տանը, Ռուզանը ճամպրուկները կապել, սպասում էր, որ ինչ ժամ էլ լիներ, աչքերիս մեջ ասածի ազդեցությունը ստուգելով հայտներ՝ էլ չի սիրում, միշտ խնդրում էի՝ վերջին խոսքը իրեն վերապահելու սովորույթը թարգեր, դարձյալ չէր անում: Մթնով գնաց ընկերուհու մոտ գիշերելու. մանկապարտեզում միասին դայակ էին աշխատում:

Լուսադեմին գնացքով շրջան պիտի հասներ՝ ծնողների տանը ապրելու:

Էմմայի հետ մեր բնակարանում վերջին գիշերն էինք մնալու: Համալսարան էր ընդունվել, առավոտյան կգնար: Ուշ ժամ էր, դարձյալ սուրճ խմեցինք, ինձ համար կոնյակ էի լցնում, սևեռված՝ ձեռներիս էր նայում, ասաց.«Հայրիկ, միայն թե դու չընկնես, քշիր վրադ իջած օտարին: Բոլորն էլ ասում են՝ լավ հանրակացարան է, կդիմանամ, ինչքան ասես, այնտեղ կսպասեմ քեզ, միայն թե, դու ուզենաս, որ ես սպասեմ:Ես գիտեմ՝ քո մեջ մի ուժ կա, ինչ ուժ է, մարդու ուժերից վեր… Նրանով ավարտիր մեծածավալ գործդ՝ իմ իմացած բոլոր զարմանահրաշ աշխատանքներից ամենալավն է լինելու: Մարոյի տունն էլ, մերն էլ նորից ետ կբերես, միայն թե մնաս, չթողնես՝ մեռնելը մոտիկ գա…»:

Առավոտյան՝ Էմմայի գնալուց հետո, եկան բանալիները վերցնելու: Անխափան հանդարտություն էր իջել, առավոտից իրիկուն խաղաղ մթնող օրվա մեջ էի:

Հետո՝ ուշ ժամի, դարձյալ գնում էի խմբագրություն, հակահրդեհային մոմլաթե խողովակի վահանակի միջից խմբագրի թաքցվող բանալին էի վերցնում, ներքին հեռախոսակապով թերթի անունը տալով՝ ոստիկանության հերթապահին էի խնդրում՝ նախարարին միացնի:
Լսում էր, խոստանում էր գործին հետևել:

Լուսադեմին դուրս էի գալիս շենքից, մի ծանր ինքնաթիռ էր անցնում, ականջներիս մեջ դղրդում էր երկինքը:

   Անձրևը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արևը կուրացնող բռնկումներով դուրս եկավ,  անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը: Հարևան Ներսիկը հարբած քնած էր, ինչքան էլ ձեն էին տալիս, չէր արթնանում: Նրա տրակտորը հանեցինք բակից ու առանց նրա գնացինք լճերի մարգագետինը` խոտը հնձելու:

Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ:

Դեռ չորս շրջադարձ էինք կատարել, ու հնձված խոտի ծորերը ձգվում էին մեր ետևից, կողքիս նստած Սամվելը ծամոնը փուչիկ էր անում ու քթի տակ պայթեցնում, նորից ու նորից պտտեցնում էր դեմի ատամների տակ, շուրթերի վրա փքում էր ու պայթեցնում, հետո խցիկից դուրս ընկավ, ու տրակտորի ետևի մեծ դողը վրայով անցավ: Հայրս խոտհնձիչ-քարշակի վրա էր, առաջինը խոշորացած չափերով նրա դեմքը տեսա ու կանգնեցրի մեքենան: Մի ժամ, երկու ժամ նստել էինք ու չէինք խոսում: Հպանցիկ մկներ էին անցնում-դառնում: Մեզ մոտիկ արտույտն էլ կանչեց: Հետո հայրս ասաց. «Գնա գյուղ, մորդ կանչի` թող գա»: Նրա աչքի տակ մեղուն խայթել էր, կապտած ուռուցքը մի աչքը փակել էր` քիթ ու բերանը լավ ծեծված մարդու նման էր: Ասաց. «Այսպիսի գործին միլիցիան չպիտի խառնվի: Նրանք հարևան Ներսիկին էլ կնստեցնեն, ինձ ու քեզ էլ: Սա մեր գործն է: Մորդ ասա, թող կեսօրվա հացը բերի, ու հարևաններին հարցրու` Սամվելին չե՞ն տեսել, եթե տեսնեն, թող Երեք լճերի մարգագետինը ուղարկեն»: Լճերից մեկը կարմիր էր, մյուսը դեղին, էն մեկը` կապույտ:

Ես միանգամից բարձրացա տեղիցս, շատ արագ էի քայլում ու ետ չէի նայում: Հետո բռունցքից էլ փոքր մի թեթև թռչուն միացավ ինձ ու մինչև գյուղ ուղեկցում էր, համարյա ոտքերիս տակ էր ընկնում, սրընթաց իջնում զարնվում էր ու արագ հեռանում:

Ցանկապատի դռնակը ճռռոցով էլ բացեցի` պապս չարթնացավ: Փեթակների կողքի քարին էր նստած, մեղուների միալար բզզոցից ու շինվող մեղրի բուրմունքից թունավոր` անզգա էր, ու ինձ չտեսավ:

Մայրս մինչև հանդի մեր կերակուրն էր պատրաստում, դուրս եկա գյուղամեջ ու թաղից թաղ յոթ-ութ տարեկան երեխաներին ու մեծերին հարցնում էի. «Սամվելին չե՞ք տեսել»: Վերադարձա, հացը հացին շարված, կապոցը դրված էր. պայուսակները վերցրինք ու դուրս եկանք:

Պապս փեթակների կողքին էլի քարին էր նստած, մոտեցա, ուսը սեղմեցի, աչքը խաղաց ակնակապիճի մեջ, սովորականից մի քիչ բարձր էի խոսում. «Խոտն ենք հնձում, Սամվելը որ տուն գա, ուղարկեք Երեք լճերի մարգագետին` մեզ օգնելու»: Լսում է, ուշակորույս աչքերն ինձ են նայում:

Անընդհատ առջևից ես էի քայլում: Հենց գյուղից դուրս եկանք ու մտանք մարգագետին, այն թռչունը դարձյալ եկավ ու սկսեց թևել ու զարնվել մեր ոտքերի տակ: Մի քիչ առաջ էր անցնում, ետ վերադառնում ու նորից կորչում: Մայրս ասաց. «Մի վախեցիր»: Ասացի. «Մի քիչ նստենք, թող  հեռանա, նոր գնանք»: Ես նստել էի, նա ափը գլխիս դրեց. «Երևի երբ տուն էիր գալիս, էլի ուղեկցե՞լ է, դրա համար սարսափեցիր: Նրա գլխապատառ ճչոցներից վախենալու բան չկա, սովորական թռչուն է: Հիմա շոգ է, բոլոր բզեզներն ու մլակները թաքնվել են խոտերի, տերևների տակ, որ քայլում ենք, ոտքերով կպչում ենք խոտերի ցողուններին ու թռչեցնում նրանց, մեզ ուղեկցող շաղկտիկն էլ, ուրախության ձայներ արձակելով, որս է անում: Ոչ մի խորհրդավոր բան էլ չկա, այդպիսի թռչուն էլ է լինում, վախենալ պետք չէ, նա երբեք մարգագետնի տարածքներից դուրս չի գալիս, սովորությունն  է այդպիսին»: Արագ էի քայլում, շաղկտիկը ուղեկցում էր մեզ: Հեռվից առաջինը երեք լճերը տեսա, հետո` հորս: Նա նույն դիրքով նստած էր: Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ:

Մայրս նույն տրամադրությամբ խոսելով գալիս էր, որ Եփրեմի Սաշիկը Երևանում տուն է գնել, իսկ Եվան գիշերը Մուկուչին մի կճուճ մածուն է տարել: Հետո մենք հասանք ու կանգնեցինք նրանց գլխավերևը, մեր երկու թանձր ու սև ստվերներն էլ էին հողի վրա փռված: Մորս ձեռքից կապոցն ընկավ, բայց չէր լացում, հացերը հավաքում էր կապոցի մեջ, նորից  ընկնում, գլորվում էին, ինքը հավաքում էր` մատների միջից փախչում, շաղ էին գալիս, ոչ աչքերն էին թացանում, ոչ էլ լացում էր, միայն մազերն էին խոնավանում, ջուր դառնում: Հայրս նրան ասաց. «Ինչքան ուզում ես` լաց, մազերդ փետիր, գոռա, սուգդ արա, որ տանը ծպտուն չհանես, ոչ ոք չպիտի իմանա»: Մորս լացն օգնեց` մենք էլ լացեցինք: Մեղվի խայթոցից հորս մի աչքը կապույտ ուռուցքով փակ էր, ու արտասվելիս լավ ծեծված մարդու էր նման, իսկ ձենով լացելիս` նաև փոքրիկ երեխայի պես էր: Երկնքում կուրացնող բռնկումները դառնում են ավելի պայծառ, շողացող բոցերի շեղբը  կտրում է, արցունքներից ոչ թալկանում ենք, ոչ էլ քրտնում: Փորում ենք: Արդեն երեկոյանում էր: Ես ու հայրս ճիմը քառակուսի-քառակուսի կտրել ու փոսը փորել էինք: Վերջում նորից քառակուսի-քառակուսի ճիմերն այնպես շարեցինք, որ մարգագետինը հարթ դարձավ, ու կասկծելի բան չմնաց:

Հետո արևը մայր էր մտնում, հայրս մտավ խցիկը, մեզանից շատ առաջ անցավ. փոսերի վրա ոստոստալիս խոտհնձիչ-քարշակն ահռելի դղրդում էր, մետաղների սուր ճռնչոցներով տրակտորը գյուղ էր տանում:

Մենք մարգագետնի ճանապարհով ոտքով էինք գնում, ու այն թռչունը, որ մեր ոտքերի հարվածներից` խոտերի ցողուններից թռչող բզեզներ ու մլակներ էր որսում, դարձյալ մեզ ուղեկցեց: Աջից ու ձախից թևում էր, գալիս-գնում: Արդեն մարգագետնից դուրս էինք եկել, մոտենում էինք գյուղին, ոտքներիս տակ չոր գետինն էր` նա դարձյալ թռչում էր մեր շուրջը: Մայրս ավելի մոտեցավ` ուսով կպավ ինձ: Վաղուց, երբ ճանապարհ ընկանք, այդ ժամանակ էի նկատել, որ ականջօղերից մեկը չկա, բայց չէի ուզում նրան ասել: Երբ թռչունը դարձյալ հպանցիկ անցավ, մայրս ինձ թևանցուկ արեց, թևի մեջ դող կար, ու հայացքով հետևում էր նրա պտույտներին, այդպես նա տնքում էր դաշտային աշխատանքներից հետո` գիշերները քնի մեջ, ու նրա դողը եկավ իմ մեջ` ես էլ էի սրթսրթում:

Երբ գյուղ հասանք, մութը դեռ լրիվ չէր իջել, ձիու աչքերի մեջ պատկերներ կային: Մեղուները փեթակներն էին մտել, պապս արթնացել էր թունավոր անզգայությունից, ձին կապել էր ցանկապատին ու թիմարում էր, ձիու թրթռացող մաշկի հետ ձեռքը դողում էր, ամբողջ մարմնով ինքն էլ էր ցնցվում: Ձիու խոշոր, սև աչքերի մեջ մենք երեքս էլ դեմքով երևում էինք, ու մորս մի ականջօղը չկար: Ասաց. «Սամվելը դեռ չի վերադարձել, հայրդ գնացել է նրան որոնելու»: Ես ու մայրս, էլ գնացինք ու «Սամվե’լ, Սամվե’լ» գոռալով` եղբորս էինք որոնում գյուղի թաղերում: Գյուղացիներից էլ ոչ ոք նրա տեղը չգիտեր: Երկու հաղթանդամ հորեղբայրներս արյուն իջած աչքերով էին. առնական ու բամբ ձայնով, քրտինքը ճակատներին` բոլորին հարցաքննում և հրամաններ էին տալիս, շատերը միացան մեզ, ու մինչև լուսադեմ, լապտերները վառած, բոլոր հավանական ու կասկածելի տեղերում նրան էին որոնում:

Հովիվներից մեկը` Ավոն, ասաց. «Վայ թե ես տեսել եմ նրան»: Մորս հարցրեց. «Ճերմակ սարոշկա՞ էր հագած, եթե սպիտակ էր հագինը, ուրեմն Սամվելն էր: Դեղին լճում ձուկ էր որսում: Ես էլ ասի` էս մատմ երեխուն ինչու՞ են միայնակ ծովը թողել, ճիշտ է, շատ հեռվից տեսա, բայց հագինը հաստատ ճերմակ սարոշկա էր»: Ճնշումից արնակոխ աչքերով հորեղբայրներս` առաջնորդ, լապտերներով ճանապարհներս լուսավորելով` հասանք լճափ ու, խմբերի բաժանված, նրան էինք որոնում: Մենք էլ բազմության հետ` մթան մեջ, լճի ուղղությամբ նրա անունն էինք գոռում: Սկզբից հորս ծնկներին, կրծքին, հետո կոկորդին ջուրը հասավ` առաջանում էր ու գոռում, առաջանում էր ու գոռում: Մայրս էլ էր կանչում թիկունքից` բազմության միջից, նրա ձայնը տարբերակող, տարորոշ լսվեց, երևի դրա համար հայրս ետ եկավ:

Մորս զգեստի` կրծքերը սքողող մի կոճակը չկար, վաղուց, երբ ճանապարհ ընկանք, այն ժամանակ էի նկատել, բայց չէի ուզում ասել:

Առավոտյան Մակարը շրջկենտրոնից քննիչներ կանչեց: Նրանք, ակումբը գրասենյակ դարձրած, երկու հաղթանդամ հորեղբայրներիս էլ դռանը պահակ կարգած, շատերին հարցաքննեցին: Հորս հարցրին. «Գյուղում թշնամի չունե՞ս»: Արնակոխ աչքերով հորեղբայրներս ծիծաղեցին: Հարցին. «Բա աչքդ ինչի՞ է փակ ու կապտած»: Հայրս աչք, քիթ ու բերանը  լավ ծեծված մարդու էր նման: Նրանց հետ եկած փորձագետը դեմքը զննեց, ասաց. «Ճիշտ է, մեղվի խայթոց է»:

Արձանագրությունների մեջ գրեցին, որ տղան ձուկ որսալիս խեղդվել է լճում: Հորս էլ տակը ստորագրել տվեցին ու գնացին: Մեր տուն հարևան կանայք էին գալիս` մորս մխիթարելու, ասում էին. «Մեկ էլ տեսար, մի տեղից կհայտնվի Սամվելը: Երեխա է, մի տեղ մոլորվել է, մի թփի տակ քնով է անցել, քարից ընկել, ուշաթափվել է` կարթնանա ու կգա»:

Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ:



 

«Օ, հոգս մարդկային, Օ, այս արևի տակ
որքան անիմաստություններ կան:
– Ո՞վ կկարդա սա:
– Ահա ա՞յս: ՈՉ ՈՔ:
– Դու հավատացա՞ծ ես:
– ԵՐԿՈՒՍԸ կամ ընդհանրապես ՈՉ ՈՔ»:


ԱՎԼԱ ՊԵՐՍ ՖԼԱԿՍ
Հռոմեացի պոետ (34-62թթ.)


 

 

Բարև, սիրելիս: Պատասխանե՞լ, թե` չէ, տատանումներիս պատճառով լռությունս շատ երկարեց: Չնայած ահագին ժամանակ անցնելուն, գրում ես, թե տասնհինգ տարուց ավելի է, որ բոլոր գյուղերում, քաղաքներում որոնում, դարձյալ հիշում ես ինձ: Իսկ ես հիշում եմ այն տունը, որտեղ վարձով էիր ապրում և պառավին` սրունքներին քարհանգուստ, վարիկոզյան կարմրակապտավուն երակներով, բուխարու կրակի դեմ նստած. թիկունքում թաքուն համբուրվում էինք քննություններին պատրաստվելիս:

Այստեղ` մեր քաղաքի շրջակայքում, շատ տեսարժան վայրեր, հնագույն հուշարձաններ կան: Թեև լեռներից իջնող վարար ջրերը համարյա շուրջբոլորակի կալել են մեզ, հողը երերուն է դարձել, այնուամենայնիվ, շատ հաճախ գնում ենք զբոսանքների` ծառերի տակ, քաղցրահամ աղբյուրների ակունքներին խնջույքներ անելու:

Անցյալ անգամ, երբ գնացել էի «Կարմիր մատուռի» շրջակա դաշտում տեղադրված փեթականոցը` մեղուներին խնամելու, պատկերացնո՞ւմ ես այդպիսի բան, խեղդվում էի: Խոտն ու գետինը ծեծված` ծանոթ արահետով անցնելիս հանկարծ ոտքերիս տակ հողը փուլ եկավ, ինձ վերցրեց անատամ, փափուկ լնդերի մեջ, ծծում էր: Դուրս գալու համար սեզաճիլերից, ձեռքս ինչ պինդ բանի էր հանդիպում, կառչում էի: Երկնքով չորացած խատուտիկ, մի թռչուն էր անցնում, անգամ նրանցից էի հայացքով կախ ընկնում, ջրերը՝ ափլփում: Երբ ճահիճը բռնում է, հատկապես այդ ժամանակ ես զգում առարկաների` արևի, ջրի, խոտերի, թփերի անշարժությունը: Թաց, կավագույն տիղմե մակերեսի վրա կուրացուցիչ բռնկումներով հոսում են արևի փայլատակումները: Սև ծալքերով հողաթմբե ջրափոսերի մեջ, մասուրի կարմրով ծաղիկներ են վառվում: Եղեգնուտի խորքում հազվադեպ բխկբխկում է ճահիճը, օդը բաց է թողնում, ջուրը լցվում է տեղը, կոկորդը խմում է: Ստորջրյա պարպումները հավասարաչափ, խոշոր ալիքներով հասնում, օրորում են, հետո դարձյալ մածուցիկ տիղմը, դադար է: Անդադար խարխափում էի որ կողմի վրա էլ պատահի` լող տալու ձևով, փորիս վրա` ջրառվույտներից կառչած, ճահիճը դարձյալ ետ էր ծծում: Խորքում ոտքերս ծանր էին: Քոռ մկները ճողփացնում էին ջրերը: Հետո` հորիզոնը, կապույտը, դարձյալ հորիզոն:

Հեռվում` տները, ինչպես մառախուղ: Օր ու գիշեր քայլել եմ քաղաքի փողոցներով, ճանաչում եմ հոտը, կանգառներում սպասել եմ տրամվայ-ավտոբուսների: Ամեն ետնաբակի գինետան գարեջրի և սուրճի համը գիտեմ: Ամենահեռու, նեղ և քիչ բանուկ, փակուղի տանող փողոցներն եմ ճանաչում: Այսքան տարիներ ապրել եմ քաղաքում, հիմա նրա կողքին կորչելու եմ: Կզակով հասել եմ ջրերին, մակերեսին տաք է, ինչպես ամռանն ավտոբուսի մեջ, երբ ժամը երեքին շարժիչի այրած օդի հետ խփում է տոթը:

Հեռվում տների կտուրներից կապտասպիտակավուն ծուխ է բարձրանում: Մարդիկ վառարանները կպցրել, կեսօրվա ճաշն են պատրաստում: Քաղաքն արևելյան կողմից քարակույտի նման գերեզմանատունն է շրջափակել:

Այնտեղ իմ հայրն ու մայրն են դժվարությամբ թաղված, զոհված մարտական հերոս իմ ընկերները: Մի՞թե առօրյա ճանապարհին, տանս այդքան մոտիկ անհետանալու եմ բրոնզագույն տիղմի մեջ: Այս միջավայրում ամեն մի տեսանելի և անտես առարկա ծանոթ է` ձկի, խնջույքների, որսի եմ գնացել-եկել: Ջուրը, թուփը, կենդանին, քարը, ոչ մի բան երբեք փեշիցս չի բռնել:

Սունկ հավաքելու դանակով լայնացնում եմ կուրծքս սեղմող տարածքը, սայրը խրում եմ դիմացինիս մեջ, ականջիս հասնում է ձայնը, որ գոռում եմ ճահճի վրա:

Այդպես մի անգամ հեռվից լսեցի ձայնդ` խոսում էր ինձ հետ, երբ առաջին անգամ սողնակով փակվեցինք քո վարձով տանը: Կանգնած էիր սենյակի կենտրոնում, փայլատակող մերկությունդ, ինչպես ծանրություն, բնակարանը ոտքերիս տակ աջ ու ձախ էր ճոճում: Նիհար, վրձնի պես բարակ-բարակ իրանիդ վրա` խոշոր գլուխ` գանգուր մազերով: Ամաչում էիր պեպենոտ ուսերիդ, մեջքիդ պատճառով և հպարտանում նռան չափի, պիրկ, կանգուն ծծերիդ համար: Կրքի կտրատող պահին ականջիս անվայելուչ բառեր ասացիր, ինչքան էլ հանկարծակիի էի եկել, այդպիսի խոսքեր լսելը ստիպում էր դաժան վերաբերվել քո մարմնին:

Փոքրուց միաժամանակ և խորթ, և հարազատ մայր ունեիր: Հայրդ` հարբեցողության վերջին փուլում, մանկամիտի խելքով, մեր երկրի ամենահայտնի դերասաններից մեկն էր եղել:

Ժամը գիշերվա երկուսն անց կես դարձավ, թևիս վրա դեմքով լուռ պառկած էիր, պատշգամբի տակ շուն էր հաչում, սպասում էինք բուխարու մոտ նստած պառավի անկողին մտնելուն, որ գնայի: Չնայած քեզանից տասներկու տարով մեծ, արդեն մեռնել-ապրելու փորձով տղամարդ էի, նրան հավատացրել էինք, որ կուրսեցիներ ենք, դժվար քննությունները հանձնելու համար երկուսով պիտի պարապենք:

Հաղորդումները չէին ավարտվել, պատի ռադիոն դեռ խոսում էր. տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներին եղեռնի  մասին հարցեր են տալիս: Միայն թե չսխալվեմ, դու չէիր ցանկանում կյանքում պատահած ինչ-որ բանի համար իմ միջոցով վրեժ լուծել: Պարզապես ինձանով ելք էիր որոնում փակուղուց` անընդհատ հավատացնելով, թե սերը և մարմնական մերձեցումը բացարձակ տարբեր բաներ են:

Մի շաբաթ հետո, երբ վերադարձա, գյուղում ինձանից փոքր քրոջս թաղումն էր, վարձով տանն այլևս չկայիր: Պառավի մոտ հասցե, հեռախոսի համար չէիր թողել, շշմել էի կատարվածից: Ինն օր անց Կարենի հետ տեսա: Շատ թեթևամիտ, անհեռատես, թուլակամ պահվածք դրսևորեցի: Գիշերը, երբ ծեծում էի արվեստանոցի պատուհանը, տեղյակ էի` ներսում ես: Հետևել էի, միաժամանակ ձևացրի, թե չգիտեմ այնտեղ լինելդ:

Խաղաղ, միամիտ ժպիտով Կարենը կանգնել էր դեմս, կիսաբաց դռնից երաժշտություն էր լսվում: Հավատացած եմ` լսում էիր մեր խոսակցությունը, հատկապես իմը, դիտմամբ էի բարձր խոսում, թե մի բան կանեմ ինձ հետ, եթե քեզ չգտնեմ: Մտածում էի` այդպես կվերադառնաս: Նա համոզում էր` գնամ տուն, խոսելուս հապաղումներն ու դեմքիս ճերմակը տեսնելով` կարծում էր` շատ վատ եմ: Ասում էր` հիվանդ ես, վաղը միասին կորոնենք, ինքը մի տեղ գիտե, ուր հնարավոր է` լինես:

Չնայած իմ ամենամոտ ընկերն էր, երբեք նրան շնորհքով նկարիչ չէի համարել: Ժպտում է, երբ աչքի առաջ մայթեզրին կանգնած արտասահմանյան ամենաթանկագին մեքենան սկսեցի քարով ջարդել, որ տերերը դուրս թափվեն: Մինչև շտապ օգնության մեքենայի գալ-տանելը և հիվանդանոցում յոթ օր պառկելս, դուրս չեկար արվեստանոցից, չվերադարձար:

Երբ հասա այս քաղաքը, կանգ առա փողոցներից մեկում, ճամպրուկները դրեցի` շունչ քաշելու, այնպիսի մի վիճակում էի, կարծես թե շատ գիշերներ առանց դադարի վազել եմ: Այս քաղաքում սպիտակեց մորուքս, և ահա նրա կողքին կործանվում էի: Տարբեր հնարքներով ուզում էի դուրս լողալ, ոտքերիս տակ դատարկ, փափուկ էր: Բռնածս պոկվում, մատներիս արանքից հոսում, գնում էր: Մկաններս աստիճանաբար թուլանում էին: Հոգնությունը, հետո` թախիծ: Հենարան չունեի, ուզում էի մնալ մակերեսին, գոնե այն դիրքով, որ կայի մինչև հիմա:

Ահագին հեռու, ջրերի, թմբերի վրա, դանդաղ բարձրանալ-իջնելով` երկու կրիաներ կռվում էին: Հարվածներից խեցե պատյանները խուլ դմփդմփում են: Նորից ու նորից զարկվում են, մեկը մյուսին շուռ տվեց մեջքին, այդպես ընկած պիտի մնար մինչև բազեի գալը: Սեզաճիլի միջից երևում էր տարօրինակ դեղին փորը:

Եղեգնուտում` բխկբխկալով ճահիճը դարձյալ թողնում է, որ օդը դուրս գա, տեղը լցվում է ջրով, կոկորդը խմում է: Ստորգետնյա պարպումները հավասարաչափ, խոշոր ալիքներով հասնում, օրորում են ինձ, հետո դարձյալ օխրայագույն տիղմը, ամեն բան անշարժ է:

Արևելքի ուղղությամբ, աչքս ինչքան կտրում է, կետ եմ որոնում, մի հյուլե: Գերեզմանատան հարևանությամբ մշուշի պես երևում է բարձր, ձյունածածկ լեռը: Այնտեղից մշտապես սպասում էինք հպարտությամբ մեր թշնամու հարձակմանը: Իսկ գերեզմանոցում` ակացիայի տակ, թաղված է ավտովթարից զոհված ավագ որդիս` երիտասարդությանս պտուղը: Առաջնեկի իրավունքով` ուժիս և զորությանս սկիզբը: Նրան էի տվել իմ ամենալավը` նպատակասլացությունս, խիզախությունս, լայնատարած հեռուներ նվաճելու կատաղի խենթությունս, տոկունությունս: Նա, անցյալ պարունակների մի տեղից փոխանցված, երկրավոր իմ մարմնի խոնջանքների ծնունդն էր: Կարող է այդպես է` սերը և մարմնական մերձեցումը բացարձակ տարբեր բաներ են:

Արդեն մի ժամ կլինի` ականջիս մետաղի զնգոց է հասնում, հավանաբար քաղաքում դարբինները մուրճերն անդադար սալերին են զարկում:

Մի՞թե չեմ կարողանա դուրս գալ այս կլանող խորությունից ու տանս առօրյա ճանապարհին, զանգակատանը, անկողնուս, թաղերի լվացքի պարաններից կախված գունավոր վերնաշապիկների կողքին աննկատ հանգչելու եմ, իսկ կապույտ տանիքով տանը, ինձ այսչափ մոտիկ, կրտսեր որդիս է: Կյանքիս երկրորդ` ետմիջօրե գլորվող կեսի տրտմության և խնդության ակունքը: Հաստ, ամրակուռ ոսկորներով տղամարդկությանս զավակը: Նրան էի ժառանգություն հասցրել անօթևան թափառումներիս փորձով վաստակած ամենաթանկը` երկայնամիտ ոգիս, իմաստությունս և պատրանքները հեռվից ճանաչելու խորաթափանցությունս:

Սաստկանում է շոգը, երկինքը մուգ կապույտ է դառնում, ճահճի վրա թափանցիկ, մանուշակագույն մշուշ է: Զանգակատան գմբեթի բարձրությանը հասնող տարածքներից, մթության վիթխարի ծավալով, մինչև ճահիճն են իջնում փեթակը լքած, արևի դեմ փայլատակող արծաթաթևերով` ձագ տված մեղվի բազմաթիվ պարսեր: Սպիտակ սեզառվույտների արանքներով, ջրերի մեջ շորորալով` քայլող զույգ ուրվապատկերներ են երևում,  չգիտես կտցարնե՞ր են, ճահճակուղբե՞ր, թե՞ բադեր:

Զգում եմ ցրտի անցնելը` արագ, թեթև:

Հայացքս թփերին, հեռվի վրա, նրանցից անդին գիծը փլվում է:

Արևազարկ, ճանճերից նեղված, խոշոր, սև կովը կողքից կողք շորորալով` ջրի է գալիս: Կճղակով փորում, հողից հոտ է քաշում. փնչալով պառկեց ճահճի ափին, ոնց որ ռոյալը բեմին, ողնաշարը փայլփլում է արևի տակ, պատրանք է թվում: Հետո մեկն էլ եկավ, նրա ետևից` մյուսը, երեք խոշոր, սև ռոյալներ նվագում են ափին:

Եթե մայրամուտից հետո չվերադառնան, որոնողները կգան նրանց հետքերով, կհասնեն ճահճին:

Ուժեղ շողարձակումների մեջ ծիածանի գույներով արծաթափայլ երկթև ջրաբզեզներ են պտտվում: Փորիս, արմունկներիս վրա առաջ եմ գնում, ինչքան հնարավոր է հեռու, ճահիճը դարձյալ ետ է քաշում: Անընդհատ բարձրաձայն խոսելու կրքոտ ցանկություն ունեմ: Մի բառ եմ արտասանում, որ խոսքի նման չէ, հաջորդն էլ է անիմաստ, ինքս չեմ հասկանում ասածս, բայց խոտերի մեջ ճողփաց ջուրը, մի թևաբախյուն լսվեց:

Հեռվից` թաղերից քամու հետ հասնող, անորոշ կանչերը բռնկվում, մարմրում են: Քաղաքի շշեր հավաքողի ձայնն է: Մեր փողոցով կանցնի, հիմա կապույտ գույնով` իմ դարպասի դեմ է կանգնել, շղթայակապ կարմիր շունը, չենթարկվելով դուրս ելած կնոջ սաստումներին, հալածում է նրան:

Կնոջ նկատմամբ հոգատար եղա ու պաշտպան: Արևածագի հետ սկսած աշխատանքով և խելքով վաստակած հարստությունը ծախսեցինք խորը հիմքեր փորելու, հաստ պատեր շարելու համար:

Կնոջ հետ մեր զավակների համար կառուցեցինք տունը, որ այնտեղ մեր նախնիների և որդիների ոգին օթևան գտներ:

Մի՞թե ուժերս ավելի շուտ կլքեն, քան կհասցնի ինձ օգնել վտանգի դեմ հաջողակ լինելս, խորագիտությունս, փորձս և գրասեղանիս, բարձիս, գրչիս այսքան մոտիկ կհանգչեմ անընդհատ թանձրության խորքն իջեցնող լռության մեջ:

Համարյա քնած էի, երևի թմբիր էր, դեմս թռչկոտում էին կանաչ, կապույտ գույների ծավալներ` անվերջ փոխակերպվելով երկրաչափական տարբեր պատկերների. միանգամից զարթնեցի, որովհետև այդ վայրենին, այդ կրակը, տաքը, անտանելի հուրը հեռանում էր երկնքից: Մթնում է: Ձայները ձայների ետևից մարում, ստվերները ստվերների թիկունքից գալիս, խավարեցնում, զարկում, ջարդում էին օրը: Հանգչում էր հրաբորբ երկնակամարը, լայնատարած, անձայն գալիս է գիշերը:

Կովերը բարձրանում են, որ գնան. կտրուկ լռություն է: Գոռում, աղաչում եմ` մի քիչ էլ մնան, ժամանակ կա: Անորոշ ուրվապատկերներ մթան միջով դեպի քաղաք են գնում: Ես եմ հեռվում, հետո լուռ է, քիչ էր մնում քնեի, երևի քնել էի:

Ճահիճը անշարժ է, մնում եմ: Նրա եզրին լսվում է քաղաքի աղմուկը, այսքան մոտիկ. ճահիճը կշարունակի իր հավերժ լինելը:

 

     Փողոց։ Մեկական պայուսակ ձեռներին` այդքան ճանապարհը ոտքով են վերադարձել, երկուսն էլ հոգնած են։ Երկար, անընդհատ օրվա արեւը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ։ Միատարր, միապաղաղ երանգով, լուսնային կապտաճերմակ գույնով։ Պաղ կապույտ։ Ձայն` սկսվում է մոծակի բզզոցի տոնայնությունից։ Միալար ձայն` ամեն տեղ կա։ Աճում է, չպարզված գվվոց է դառնում հողի մեջ, օդի, տարածության… դեռեւս չհստակեցված, շատ հեռու քառատրոփ է։

Ավտոբուսի վերջին կանգառում երկու պատանիներ` կարմիր գլխարկներով, դեմքները չձեւավորված, միաժամանակ աղջնակ հիշեցնող։ Նրանց հետ` երկուսը հեծանիվներով, մեկը իր եղբոր տղան է։ Չորսով խնդրել էին նրան հեծանիվի դողեր բերել քաղաքից։

Նրանք հաղորդում են, որ իր երեքամսյա բացակայության ժամանակ բժիշկը նրանց տանը` իր մահճակալին էր քնում։ Թռչում են, հեծանիվները նկատվում են, չեն նկատվում, վերացական են, հեռվից նիկելի փայլատակող ճերմակ, ոտնակների կողքից կողք ընկնելով` ավելի հեռվում են, միաժամանակ, չղջիկի թեւերի թափահարում են հիշեցնում։

Նրանցից հետո` հեռագրասյունը։

Մինչեւ տուն նրանք ոտքով են գնում։ Ցանկապատի դուռն են բացում, պայուսակները դնում են գետնին, տեսնում է` կինը տան կտուրին է, ծառից թթու խնձորներ է պոկել, ուտում է, աչքերի խորքում պեծկըլտոց կա, այդ կայծերին հասնելը Մինասին անհնար է։

Նույն գույնով` անցումային տեսարան։ Մինասը, տեսարանը։ Ճանապարհին մի նորածին, հողե ճամփին` մեջքի վրա, նորածինը կնոջ երեխան է։ Նախկին ձայնը։ Աճող քառատրոփ, նրան համահավասար փնչոց` լեռները, հողի դողը, դղրդոցը, անդունդները, ցնցումը, փոշին, ճամփեզրին աստղափշերը դողում են` նրանց դողէրոցքը, նրանց չորի ցնցումը։ Ժամանակը նույն ժամա նակն է, անընդհատ օրվա արեւը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ։

Բայց դրանից առաջ ուժեղ շոգ է եղել` տոթ, տապ, քար է ճաքել, թռչունները դեռ բաց կտուցներով են շրջում, տերեւները կրկված են։ Հեռվում, շատ հեռվում կենտ մի գայլ, կարմիր լեզուն։ Թեք անցնում է ճանապարհը։

Ձայնը եւ փոշու ամպ` աստիճանաբար աճում է հեռվի մեջ, չափավոր, շատ թույլ հիշեցնում է ատոմային ռումբի սնկին։

Սեւ, մանր կետեր։ Հանկարծ` արջառների նախիրը։ Շնչառությունը, քառատրոփը, գալիս են։ Շատ են, համատարած դաշտերով գալիս են, անչափ շատ են, ամբողջ հորիզոնը բռնել են։

Հողի գվվոցը, լեռները, անդունդները, ձորերը ցնցվում են։ Ամենա բարձր լեռների գագաթներից իրենք իրենց գլաքարեր են պոկվում, կոբրա օձի ֆշշոցով սլանում են ցած։

Ինքը գիտե, որ մանուկը երեխան է, դրել են այդտեղով անցնող վայրի, խելահեղ արջառների ճանապարհին, որպեսզի նրանք ոտքերով ճզմեն։

Ձայնը, քառատրոփը, գալիս են, այս անգամ համատարած հորիզոնը բռնած, նրանց ծավալի մեջ հազիվ նշմարելի, որոշակի, մի քանի սպիտակ կետեր են նկատվում։ (Մնացածը մուգ գույնի արջառներ են)։

Նույն արագությունը, դմբդմբոցը, ոռնոցը շարունակվում է։ Առջեւից գալիս է սպիտակ ցուլը` չորս ոտքերի արանքում է պահում նորածնին, մութ` սեւ ցուլերի նախիրն անցնում է։ Անցումը խավարի ծավալ է։

Սպիտակ ցուլը` կոտոշների հարվածից, անգամ միայն այդչափ անցողիկ հպումից, արյունաքամ է եւ՛ գոլորշիանալու պես է, եւ՛ տապալվելու նման է։ Նորածինը նրա չորս ոտքերի ու փորի տակ անընդհատ տարածվող կարմրի մեջ է, կարմիրը եւ հեղուկ է, եւ ծավալ։ Ցուլը` կողին, հողի վրա է, ընկած է, տպավորությունը ոչ թե ընկածի է, այլ` ԱՆԿՅԱԼԻ։

Ընկած է, անկյալ է։

Վերացարկված նրա զանգվածը գեղեցիկ չէ։ Ցլի աչքը։ Աստղափշերի ֆոնին շատ որոշակի մի թռչուն է կանգնած` կարմրալանջիկ։ Թռչում է` թեւերի բացվելը տարածության մեջ։ Ցլի ճերմակ գույնի երկինք համբառնելը։ Ճերմակ գույնը հե ծանվա – վոր սպիտակ չղջիկների երամ դարձած` միանում է երկնքին։

Հեռվում, շատ հեռվում` կենտ մի հեռագրասյունը։

Լուսանում է։ Կողքին` քնի մեջ տնքում է կինը, դպրոցում բարձր դասարանցիները հոգնեցնում են նրան։

Ինքն ամբողջ գիշեր բաց աչքերով առաստաղին է նայել։ Ուժասպառ է, այդքան ժամանակ մարտնչել է երեխայի փրկության համար։

Դրսի պղնձագույն աշունը, նրա կավագույնը։



    Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ: Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղ ների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց` իրար ետեւից ընկնող գյուղերի միջով:

Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր: Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ: Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով` դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին: Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբեւխումբ թիկունք էինք ուղարկում:

Քնում էինք քնապարկերի մեջ` թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ` մտանք տափաստան: Դեմ֊դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել: Դադար առանք ու օձերի` կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով` քնեցինք դեղին դդումների դաշտում:

Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչեւոր բուրմունքների միջով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ` մտանք գյուղ: Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար:

Հետո նրանց աղջիկը, որ զինվորական շորերով նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էր ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին, հանձնվեց հուսախաբ: Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին: Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւքի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր… ես չեմ վախենում»:

Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ` խնձորի ծառը մոտիկ էր: Ես գիտեի` նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր: Մենք բոլորս էլ գիտեինք` ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլքտող ցավը զսպելով` ծխում էինք:

Մեկն եկավ` մյուս ջոկատներից էր, ասաց. «Լավ էլ ուրախանում եք, նստել ինչի՞ն եք սպասում, տարեք, միաժամանակ երեք անցքն էլ փակեք, մի դրա երակներին նայեք, տարեք այդ գործն արեք, դրա նմաններն այդպիսի բաներ շատ են սիրում»: Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը, թիկունքից էլի ձայն լսեցի, շրջվեցի` ոչ ոք չկար ու չհասկացա, թե ինչին էի կարոտել ու այլեւս չէի ուզում լսել մյուս ջոկատից եկած հրամանատարին, հրազենով վիրավորված Կամոն փսխում էր, գնացի նրան հույս տալու:

Հետո, կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված ու ձայնի տաք ելեւէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով` գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ` մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը:

Ծակող, թանձր տաքությամբ արեւը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երրորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սեւ չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արեւի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել:

Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող` փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երեւում: Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիոկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մեջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել: Օդը ոռնում էր: Չէինք խոսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկվել էին փոշով, բերաններիս շնչառությունը տաք էր ու նիկոտինով հագեցած:

Մեզ գյուղը ցույց տվեցին: Ռադիոկապով հրաման տվողներն ու գեներալներն ասացին. «Այն գյուղը վերցրեք ու բազա դրեք»: Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձյալ գնացինք` մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրա սյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների ու տարաբնույթ բուրմունքների միջով, եւ նրանք մեր մոտենալը տեսել էին, ու գյուղում բնակիչ չկար:

Մեր հրամանատարն ասաց. «Ստուգեք տները մեկ առ մեկ, թաքնվածներ մնացած չլինեն»: Նրանց շները պատառոտում էին մեզ, ամեն կողպեքը կախած փակ դռան ետեւը նրանք իրենց գամփռներին էին դրել, որոնք ներս մտնելուն պես հափռում էին մեր տղաներին, իսկ մենք, ինչքան հասցնում, գնդակահարում էինք նրանց օդի մեջ, դեպի մեր կոկորդը թռիչքի պահին: Հետո երեկոյան, մեր ցրված ջոկատը, ամենքը մի տեղից` թփերի, ծառերի, տների թիկունքից, ստվերների ու մութի միջից գալիս էին` տափաստանի փոշին թարթիչներին ու մորուքներին:

Գալիս էին գյուղի չորս կողմից` էշով, էն մեկը` ձիով, հովտի խաղողի ողկույզներով, թզով, խնձորով, նռով, ավարով` անծայրածիր դեղին անապատի չորս ծայրերից` իրար ձայն տալով էին գալիս, որ մոլորվածները չկորչեն: Երբ հավաքվեցինք մի տեղ ու բերաններիս մածուկված փոշին էինք թքում, նկատեցինք, որ բոլորիս ջրի տափաշշերն էլ դատարկ են: Միանգամից վտանգը զգացինք, մեզանից ոչ մեկը գյուղում աղբյուր չէր նկատել: Մեր ծարավը սաստկանում էր, գյուղը տակն ու վրա էինք անում, ջուր չկար:

Տղաները գնացին ու տափաստանի խանձված, եռացող բլրակների ետեւից անհամ, անջուր, ծարավ չհագեցնող ձմերուկներ բերեցին, եւ դարձյալ բոլորով մռայլ էինք: Մենք գիշերատեղի դարձրած կանաչ ու մուգ կանաչ պատշգամբով տունն էինք կարգավորում, պարսերով եկած երկարակնճիթ մոծակները մեզ ուտում էին, իսկ ամբողջ գյուղով մեկ ցրված տղաները դարձյալ չէին կարողանում ջուր գտնել, ու շատերս տրտնջում էինք եւ դժգոհում: Հարեւան գյուղի իրենց բազայից մեկը եկավ` Սերոբին էր որոնում:

Մեր հրամանատարին ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել: Անընդհատ աջ թեւից էր գալիս»: Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա: Ջրոտ տանձ տվեցինք, ճաքճըքված շուրթերին փոշի կար, կիսակծեց` տանձի վրա որդ խաղաց, չնկատեց, կրկին կծեց: Ուզում էինք, որ նա գնա, ասաց. «Ես էի բերել նրան, առաջին անգամ ինձ հետ եկավ: Կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու»: Քնատ աչքերը փակվում էին: «Դե լավ, գնամ, որ տեսնեք, իմաց տվեք»: Ուզում էինք, որ նա գնա: Հետո Գեղամը եկավ, ասաց. «Այս գյուղում ջուր չի էլ լինի, տափաստանում աղբյուր որտեղի՞ց լինի, ես ջրհոր եմ գտել»: Հրամանատարը չէր ցանկանում, որ այդ ջրից խմենք, համառորեն մերժում էր, նա գիտեր, որ ջրհորները ամենահարմարն են թունավորելու համար: Ասաց. «Համբերեք, կարող է թիկունքից ջուր են հասցնում, կապով կպարզենք»: Շարժական ռադիոկայանը միացրինք, մեկը դարձյալ Սերոբին էր ուզում: Կապավորին գոռացինք. «Անջատիր, ապուշ, կյանքումդ երբեւէ միացե՞լ ես, անհրաժեշտության պահին միշտ էլ փորլուծ ես ունեցել, անջատիր…»: Կապավորն ասաց. «Գիշերայինով դուրս գամ, գիշերային գիծը միշտ էլ ազատ են թողնում, յոթանասունինն ազատ կլինի»: Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մեջ մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում: Ես այդ ժամանակ, կրկին թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար: Տղաները կապավորին գոռում էին. «Անջատիր, անջատիր…»:

Ծարավը սաստկանում էր, մենք ջուր էինք ուզում, եւ հրամանատարը տեղի տվեց, միայն թե եռացրած ջրի առաջին բաժակն ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան: Էլի յոթ օր անցավ, ու մոծակները մեր մարմնի վրա ջրակալ վերքեր էին բացել, իսկ գիշերային դիրքերից վերադարձած տղաներին` ցերեկը ճանճերը, ու պղտոր եւ թթվահամ ջրից, սաստիկ ծնոտային ատամնացավերը չէին թողնում քնեն, ու շատերի բորբոքված աչքերի մեջ մազանոթներ էին պայթել եւ արյան նիշ էր իջել անքնությունից, փոշուց եւ տափաստանի անսահմանու թյունից:

Մի քանի օր էլ անցավ, եւ գյուղի չորս ծագերից դուրս եկան ու մեր բնակատեղը լցվեցին մանր ու խոշոր, գույնզգույն, ռմբակոծություններից վիրավոր ու փրկված, տարացեղ պատկանելության կատուների խմբեր ու շների ոհմակներ: Նրանք քաղցից մլավում, կաղկանձում եւ ոսկորի համար իրար կոկորդ էին ծամում: Մեր ձեռքից, մեր թափոնից ու խոհարարի թասերից պատառներ էին թռցնում: Ցերեկները նրանք ուտում էին մեր հացը, մութն իջնելուն պես հեռանում էին, նստում իրենց բաց դռների առաջ, վերքերն էին լիզում ու կատաղի հաչում մեզ վրա, կամ իրենց պսպղուն աչքերի բոցը երկնքին տված` լուսնահաչ էին տալիս: Մենք նյարդայնանում էինք, մեր ջղերը չէին դիմանում:

Գիշերը գյուղում պարեկություն անողներիս եւ բազայի շուրջը պահակակետի կանգնածներիս համար խախտվում էր բնական լռությունը, որի մեջ մենք միշտ էլ որսացել էինք նրանց հետախույզի ծածուկ տեղաշարժերը: Լուսածրային կրակոց-ազդանշանով մեր ընկերներին օգնության դուրս թռչելու պահին, մութի մեջ մեր ոտնատակերից կակղամորթ, պստիկ ու մեծ, փափուկ մարմինների արձակած մլավոցն ու կաղկանձը, ցավից սրընթաց, պատեպատ, տեղից տեղ նետվելու աղմուկն ու թշնամու ոտնաձայները շփոթում էինք, չէինք կարողանում տարորոշել:

Գիշերվա հետ հարավից ու հյուսիսից փչող քամին ծեծում, շրխկացնում ու ճռռացնում էր հարյուրավոր տների բաց ու փակ դռներն ու լուսամուտները, ինչքան էլ մենք գիտեինք, որ հիմա թիկունքում շրխկալու է դուռն ու լուսամուտը, այնուամենայնիվ, վեր էինք թռչում, ձայնը կրկնակի էր դառնում, որովհետեւ մի անգամ էլ մեր ներսում էր պայթում, ու գիշերը, փշրված ապակու նման, թափվում էր մեր ոտքերի տակ, որի վրայով բոբիկ ներբաններով քայլելու պես պիտի գնայինք, լավ գիտակցելով, որ մութի մեջ, մեր շուրջը դաշույնի շեղբն էր պտտվում:

Նռան ծառն էլ էր մեզ նյարդայնացնում, գիշերվա լռության մեջ հանկարծ պայթում էր նուռը ու ճայթոցով ճղում թանձր, հարահոս մութը: Մենք գիտեինք, որ շներին ու կատուներին չի կարելի սատկացնել, դա արդեն արել էինք, երբ առաջին օրը գյուղ էինք մտել, տները խուզարկելու ժամանակ դեպի մեր կոկորդները ոստնող գամփռներին գնդակահարել էինք ու, գյուղում տարածված, անտանելի նեխահոտը մեղմելու համար, նրանց լեշերի վրա մեր զինվորական մեքենաների սոլյարկան էինք շաղ տալիս:

Քսաներորդ օրը, երբ բոլորս ոջլոտել էինք ու արեւածագի հետ պատի երկայնքով նստած` բութ մատի եղունգի վրա շապիկներիս ոջիլներն էինք ջարդում, նա էլի եկավ, հարեւան գյուղի բազայից, որ շուրթերը ճաքճքված էին ու Սերովբեին էր որոնում, ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել, կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու: Առաջին անգամն ինձ հետ էր եկել»: Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա, ապուր տվեցինք, հացը թաթախելով էր ուտում, քնատ աչքերը փակվում էին. «Դե, ես գնամ, որ տեսնեք, իմաց արեք»: Մենք ուզում էինք, որ նա գնա:

Այդ օրը, այգիների ու տափաստանի իրենց թաքստոցներից գյուղի ամայի փողոցները պայտերի տակ դմփդմփացնելով, փախուստի պահին լքված, սմբակները ջարդոտված ու մազաթափ ավանակներ, ջորիներ, պառաված ձիեր եկան: Նրանք ծարավից խելակորույս, մեր ջրի ամանների շուրջը սմբակներով հողն էին տնքոցով փորում ու ստվերների միջից գտած ամեն մի խոնավ բան ծամելով, աչքերի թացությունը խմող, կապտաթեւ ճանճերի պարսից հալածված` մեզ էին նայում ու վրնջում: Մենք հեծնում էինք ու նրանց դողդոջուն մեջքների վրա հարմար կեցվածք ընդունած, կրծքներս ուռեցրած` լուսանկարվում:

Տղաներից Շահենն ու էլի մի քանի հոգի, եկան պահակակետից ու ասացին. «Մեր գիշերատեղի դիմացի տունը պիտի հրկիզեն»: Հրամանատարն ասաց. «Չէ, այդպիսի բան անել պետք չէ: Չանեք եւ` վերջ»: Շահենը տեղի չէր տալիս. «Պետք չէ, բայց այդպես էլ դիրքի կանգնել հնարավոր չէ: Կտուրը կղմինդրից է, հենց դրանք մի թեթեւ տեղաշարժ են կատարում, կամ թեւ են թափ տալիս, ոնց որ այնտեղ մարդ ման գա: Ամբողջ գիշերը էդ է, ուղիղ մեր բազայի դիմաց. էդ տունը չպիտի մնա, կմիամտվենք, ու մի օր թշնամին կբարձրանա կտուր»:

Ես ու Կարոն միասին էինք դիրքի կանգնում ու կանանց կարոտի մասին էինք խոսում: Ասացի. «Ներսումս մեկը կա, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կգնամ կիսավեր տաճարը, արյան ավազանի մոտ»: Ասաց. «Նա քո զոհը կդառնա»: «Ոչ,— ասացի,— ոչ, նա ոչ մի փորձության չի դիմանա ու ինձ կմատնի»: Իսկ գիշերվա միջով սրընթաց չղջիկներ էին անցնում, ասաց. «Թուլու թյուն է, երակները լցնելու… թե չէ դեռ չեղածը դու ինչի՞ց ես իմանում, որ պատահելու է…»:

Հեռու մի տեղից աղմուկ էր լսվում, գնացինք ու, շունչներս պահած, տարբեր կողմերից մտանք երկհարկանի տան բանջարանոցը. սոված գամփռը հորթին էր խեղդում: Երբ ետ էինք գալիս, փշատենու սաստկացած բուրմունք էր գալիս, ասացի. «Թիկունքից չորս անգամ ձայն եմ լսել»: Լռում էինք, հետո առաջինն ինքը խոսեց. «Դա լարվածությունից է, էն մեծ գյուղը, որ մտանք, այնտեղ մտնողը ինչ ձայն ասես, որ չէր լսի: Այդպիսի բան հնարավոր չէ, քո ուղեղն է հնարել… տագնապի պահին ուղեղը սիրում է բաներ հորինել…»: Հանկարծ մութը կարմրեց` հրկիզել էին մեր գիշերատեղի դիմացի տունը, ու կղմինդրե տանիքից հարյուրավոր աղավնիներ օդ բարձրացան, գիշերվա ու կարմիր մութի մեջ նրանց թեւաբախությունն էր պայթում: Մենք վազում էինք այնտեղ, ես թիկունքից դարձյալ ձայն լսեցի ու կանգնել, չէի ուզում գնալ:

Հետո կենտրոնից հրամանատարների ու գեներալների հրամանը եկավ` գերեզմանոց չպղծել: Բայց նրանց ձայնի վրա, մեր ալիքի մեջ, մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում: Հաջորդ օրը, նրանք` կենտրոն ժամանած ֆրանսուհի լրագրողին առած եկան, ու մենք բոլորս դուրս թափվեցինք: Սպիտակ վերնաշապիկով, ակնոցներով դեպուտատների ու նրա խոսքերը, նրա ասածները մեզ պետք չէին, հափշտակված նայում էինք նրա ճերմակ ատամնաշարին, խոնավ շուրթերին, տաք մատներին, ուսերին թափված բարակ մազերին, նուրբ ու ճկուն մեջքի ալիքվելուց, կարմիր, համարյա թափանցիկ շրջազգեստի տակ երերացող ստինքներին:

Նրա զրնգուն ծիծաղը թանձր շոգի մեջ թափվում էր մեր գլխին: Ասաց. «Թուզ տվեք», տղաները թուզ բերեցին: Ասաց. «Նուռ տվեք», տղաները նուռ քաղեցին: Ասաց. «Խնձոր տվեք», տղաները հափշտակված խնձոր բերեցին: Ասաց. «Խաղող տվեք», տղաները վազերը ճռաքաղ արին: Շիրակը ձեռքերը երկինք պարզեց, հետո գլուխը բռնեց ու նրան ասաց. «Վայ, մամա ջան, Տեր Աստված, թզի տերեւ ուզիր, թզի տերեւ ցանկացիր…», ու դեռ չէինք ծիծաղել, դեռ չհռհռացած` հասկացանք, թե մարտերը ինչ թափով, ինչ երկար, ինչ ուժեղ ու ինչ դաժան էին եղել:

Ծիծաղի ու հռհռոցի ալիքը եկել ու բացվել էր մեր անքուն, անձրեւն ու քամին տեսած, գիշերները ավտոդողի խարույկից մրոտ ված, արեւով եփված դեմքներիս վրա, ու այդ պահին էլ բոլորս տեսանք, թե ինչպես անցյալ տարի, հեռու լեռներում թշնամու գնդակից ընկած մեր ջոկատի Անդրեի ստվերը եկավ, տվեց ու մեր միջով անցավ:

Հրամանատարը տխուր էր, երբ մենակ մնացինք, դուրս եկանք քայլելու, տափաստանային խորը, անդունդն ընկած գիշերվա մեջ, մենք մեր ոտքի ձայնը ու մեր խոսքի արձագանքն էինք լսում: Հեռու, անաստղ երկինքը, մեզ համար ջրհորի վրա իջած կափարիչի փակվածության նման էր, ու մենք դրանից նեղվում էինք, եւ մեր խոսակցությունը կիսատ, կիսաբառ ու անհասկանալի էր դառնում: Ճերմակում էր գիշերը: Գյուղում ինչ֊որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը` որ մթեղեն ստվերներն ու լույսի հակակշիռ ուժերը վերադառնան իրենց տեղերը:

Մենք եկանք ու միացրինք ռադիոկայանը` շտաբից սնունդ պահանջելու համար: Ու մեկը դարձյալ միապաղաղ ձայնով, ալիքների մեջ Սերովբեին էր որոնում: Հաց ու ծխախոտ չուզած` շտապով անջատեցինք կայանը ու նստեցինք սեղանի առաջ, արդեն բոլորը քնել էին, մեր դեմը տան բազմաթիվ կանաչ ու մուգ կանաչ, մեր հոգու հետ չհամադրվող դռներն էին, որոնցից ներս մութ էր: Մենք գինի էինք խմում:

Հրամանատարի աչքերը թախծոտ ու անքուն էին, գիշերը ջրհորի նման մութ էր ու խորը, ասաց. «Մենք հասանք երազների հովիտ, դու ի՞նչ ես կարծում, արդեն հասե՞լ ենք»: Կրկին մեր խոսակցությունը չէր ստացվում, ու մենք գինին էինք ավելացնում: Ես դարձյալ թիկունքից ձայն լսեցի: Գյուղում ինչ-որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը: Լուսանում էր, արդեն չորրորդ օրն էր` մենք հրկիզել էինք մեր դիմացի կղմինդրե տունը, իսկ աղավնիները չորս օր է երկնքից կախված, առանց վայրէջքի, շրջապտույտ ու շրջապտույտ պտտվում էին նրա վրա:



Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է և չի լուսանում: Նա մտածեց` դրա պատճառը գուցե երկինք-գետին բռնած, մի շաբաթ անդադար թափվող թանձր անձրևն է, կամ նրանից է, որ օդը անտառածածկ ահռելի լեռների մութ անդրադարձն է կլանում, կամ գուցե նրանից է, որ թրթռացող, կարմրած լույսերով ընթացող տրակտորների` կահ-կարասիներով բեռնված կցասայլակների կողերից սև խաղողի ողկույզների նման գունդ ու կծիկ, թաց մարդիկ են կախ ընկել` իրարից կառչած, կամ գուցե նրանից է, որ առջևից գնացողների, ուղեցույց լինելու համար վառած ջահերը` լաթեր փաթաթած փայտերի վրա, սուր խանձահոտ է արձակում, կամ գուցե նրանից է, որ խուճապահար փախչող մարդիկ ուսերից` խուրջինի նման ետ, առաջ, գույնզգույն հավեր են կախ տվել գլխիվայր, կամ նրանից է, որ մեքենայի տեղապտույտների ժամանակ թփերի կաթկթացող տերևների արանքներից թափառական կենդանիների պեծկլտացող աչքեր են նայում, կամ գուցե նրանից է, որ լեռնանցքում խարխափող նահանջողների հետ ամենուր ջրիկ, կավագույն ցեխ է հոսում, կամ նրանից է, որ նահանջողների համար ճակատ ճակատի կանգնած տղաների ձայնը «Վիլիս»-ի մշտական աշխատող ռադիոկապի մեջ գնալով սառում է, կամ գուցե նրանից է, որ միապաղաղ տոնով անդադար Կարմիր խաչի երեք անդամների` երկաթգծի ուղեփակոցի մոտակայքում կորելու մասին են հաղորդում, կամ էլ նրանից է, որ սովխոզի ձիաբուծարանի բարձունքում ութ հոգի ռումբերը սպառած` «Հաուբեց» հրանոթի հետ շրջափակման մեջ են ընկած: Լռելով` սպասում են:
Մանուկը պարզորոշ նկատեց` Գոռը, որ «Վիլիս»-ի առջևն էր նստած, ուսերը կախվեցին: Քիչ անց ուզեցին մեքենայից դուրս գալ. նրանց թվաց, որ դա զզվանք էր` միապաղաղ առոգանությամբ հաղորդումների նկատմամբ: Մանուկը մտածեց, որ ինքը քնած է, իրեն երազում է տեսնում` «Վիլիս»-ի կանգնելը, իրենց` երեքի, կախ ուսերով իջնելը, խանդակը թռչելու պահին միմյանց կրունկներին զարկելը, բոխու շուրջը` չռած ոտքերով պար բռնելու պես կանգնելը, այնպես, կարծես վստահ չէին` արդյոք ուզում էին, որ իրենք միզեին: Մասուրի ճյուղերը` երակների պես ուռուցիկ, ճառագայթող:
Խճուղու վրա ճայթյուն լսվեց, Մանուկը գլխի ընկավ, որ քամին դատարկ «Վիլիս»-ի բաց դուռը թափով փակեց, այնտեղից հասնող միատոն խշշոցն ակնթարթորեն լռեց և նա ճանապարհի վրայից եկող ձայները լսեց: «Թաթ»` կանչն այդպիսին էր, քիչ հետո նա կրկնությունը մի անգամ էլ լսեց` «Թաթ»: Մանուկը, որ արդեն հինգ օր լսում էր այդ նույն կանչը, այն ընկալում էր` կարծես թե մեկը պարբերաբար մետաղե փակ դարպասներին բռունցքով հարվածելն է կրկնում: «Ինչու՞ բռունցքով` մետաղին, ի՞նչ կապ ունի այստեղ փակ դարպասը»,- ինքն իրեն հարցրեց Մանուկը:
Նա մտքի մեջ ասաց. «Չթուլանաս, չԷ որ նման անունով կարող են և կորած շանը, և ձիուն, և տղամարդուն կանչել»: Գնալով` ձեռները թփերի թաց տերևներին քսեց, «Վիլիս»-ի սև թափքից վերև, երբեմն նշմարվող` գորտի պես նստած, կես լուսնին նայեց, միաժամանակ, խճուղուց` ժողովրդի միջից, ելնող գվվոցը լսելով, նրան թվաց, թե հողի երեսով վազող քամին բոլոր անցքերով անտառ է մտել: Մանուկը դարձյալ լսեց` դադարներով հնչող ձայնը արձագանքվելով` «Թաթ» գոռաց, քիչ հետո նա կրկնությունը մի անգամ էլ լսեց` «Թաթ»: Գլխի ընկավ, որ նահանջողների երթը տակնուվրա անելով` որդուն որոնող մայր է եռում փուռը ընկածի պես:
Տեղահանված բնակչության հեռանալն էին ապահովում: Կրնկակոխ հետապնդողներին զսպում էին տղաները, ժողովրդին ապահով մի վայր էին տանում:
Մանուկը, վերջ ի վերջո, Գոռին ու Սրապյան Հենդոյին ասաց, որ կգա մի պահ` իրենք այլևս չեն կարող դիմադրել:Արդյո՞ք նրանք վախ չունեն, թե՞ դեռ օգնության են սպասում: Այդ պահին, գրպանի լապտերի լույսով ծնկների վրա կանաչ քարտեզը նայելով` միաժամանակ խոսում էին` առարկելով Մանուկին: Նա նկատում էր, թե ինչպես է ինքը մի խոսք, երկուսը ասում և նրանց առարկությունները վեճ են դառնում: Քիչ անց ինք էլ միացավ ծխելուն, ավելի ուշ` ոլորվող ծխով ծխախոտը նրան տվեցին: Մանուկը ետ ընկավ թիկնակին, զգաց, որ մի կեսով վայրկենական քնեց, մյուս կեսով դեռ լսում էր, թե ինչպես է Սրապյան Հենդոն ռադիոկապի կոճակը ճտճտացնելով` վրա-վրա ազդանշանը կրկնում: Կարծես այնպես էր, որ նա քնի մեջ քնած չէր և միանգամից արձագանքեց իրադրությանը, ասաց, որ կանխազգում է` քիչ հետո ջոկատը նահանջելով կգա:
Որոշ ժամանակ անցավ, էլի ընդառաջ գնալով` խճուղու շրջադարձի վրա սպասեցին: Մանուկն իջավ, անձրևի տակ ափերի մեջ ծխեց` խավարին նայելով: Նա շարունակեց, երկրորդը ծխելով, «Վիլիս»-ի շուրջը պտտվել` թքելով ինչքան կարող է հեռու, հետո խաղը հրապուրեց նրան, փորձեց էլ ավելի հեռու թքել: Այդ ընթացքում տեսավ, որ մի քանի հոգի իրար հետևից, ուժերից վեր բեռը գետնին քսելով, ինչպես դուրս եկան սաղարթախիտ անտառից` սայթաքելով բերեցին թաց բրեզենտի մեջ կուլուլած Շիրակին, հետևի նստարանին դրեցին: Նա, երբ դեռ ծխելով, տղաներին էր օգնում, Շիրակը կառչեց շորերից, Մանուկը կարծրացած մատների միջից պոկելով բուռը հավաքած օձիքը, հանգստացրեց նրան: Այդ ժամանակ մեկն ուտելիք ուզեց: Նա բեռնախցիկից թաց հացը բերեց, այնուհետև անձրևը սաստկացավ, երևում էր, թե ինչպես մթության մեջ, «Վիլիս»-ի շուրջն այստեղ ու այնտեղ կանգնած, մատներով բուռ-բուռ պոկելով, հացից ուտում են:
Քիչ հեռու` անձրևի տակ, զրուցողների խոսքերից Մանուկը որոշ բառեր ընկալեց, սակայն գիտեր, որ նման խոսակցություններն իմաստ չեն ունենում: Հետո նրանք ուտելով` խճուղու աջ ու ձախ կողմերը բռնած, ցեխի մեջ հոսելով հեռացան: Նա քիչ հետո նկատեց, որ Շիրակը երկու ձեռներով կրծքին է խփում` կարծես ծոցն ընկած կրակի պեծն է ցանկանում մարել: Մանուկը, պինդ, գլուխը ծնկներին սեղմած պահեց. միևնույն է, պառկած տեղից թռչում, փորձում է փախչել թևերի միջից: Երբ հույս տալով հանգստացնում էր Շիրակին, զգաց, որ տակը թաց է, մատները սոսնձվում են կաշվե նստարանին, անմիջապես հասկացավ` նա շատ արյուն է կորցնում: Մանուկն այդ պահին չգիտեր` ինչ պիտի անի:
Գոռն ու Սրապյան Հենդոն ասացին, որ իրենք էլ չգիտեն: Մանուկը փորձեց ծիծեռնակներ հիշել` նրանց առաջ դրած հացն ու ջուրը: Հետո նա, Շիրակի ցավոտ աղաղակները դադարեցնելու համար, մի ձեռքով գլուխը ծնկներին սեղմեց և հենց մեքենայի ընթացքի ժամանակ, գրպանի լապտերի աղոտ լույսի տակ, մողեսի նման կանաչավուն շշի բերանից թթի օղի խմեցրեց: Այնուհետև Մանուկն ինքն իրեն հարց տվեց` արդյո՞ք Շիրակի անընդհատ ջուր ուզելը, շաղված խոսելը սխալ չհասկացավ և օղին այդքան շատ իզուր չխմեցրե՞ց: Նա, խցիկում դեռ կանգնած օղու բուրմունքի մեջ, Շիրակից միանգամից տարածվող քրտինքի հոտն առավ: Մանուկը քաղցած էր: Նա այնքան էր թուլացել, որ չէր կարողանում ուղիղ դիրքով նստել: Հետո լսեց, թե ինչպես տնքաց Սրապյան Հենդոն` ղեկը պտտեցնելու հետ, խճուղու լայնությունը չհերիքելու պատճառով ճամփեզրի խանդակի մեջ կողքից կողք գցելով` մեքենան շրջում էր:
Մթան միջից կերպարանքներ էին ելնում: Մանուկը դա հետևի ապակուց նայելով տեսավ: Նրան թվաց` խավար կաղնուտից այդպես թռչկոտելով եկողները կարող են խրտնած հորթեր կամ լավ սպիտակ այծեր լինել: Մանուկը, երբ դարձյալ գլուխը մոտեցրեց ապակուն, տեսավ մեկին, որ դուրս եկավ խճուղու վրա, հետո էլի մի մարդ տեսավ: Նա երկար նայեց, մինչև աչքերը վարժվեցին մթին և հնարավոր եղավ հստակ զանազանել, թե նրանք քանիսն են: Այնուհետև Մանուկը ահագին ժամանակ դեռ չէր կողմնորոշվում, թե ինքը ցանկանում է այդ մասին հայտնել Գոռին:
Կասկածից վեր էր, որ շրջակայքում տեղահանվածներից որևէ մեկը մնացած լիներ, նա համոզված էր` դատարկվող տարածքները ստուգվում են: Հետո ուշադրությունը գրավեց, թե ինչպես է մեքենայի աշխատող շարժիչի հետ ոտքերի տակ դողացող մետաղե կարծր հատակը դողը փոխանցում Շիրակին, թե ինչպես է նույն դողէրոցքը Շիրակից փոխանցվում իրեն: Մանուկն ասաց, որ մարդկանց է տեսնում` մեքենայի հետևից են գալիս` երբեմն երևալով, երբեմն անհետանալով: Բոլորը շրջվեցին, սկսեցին նայել. տատանվեցին-տատանվեցին, Գոռի խոսքը որոշիչ էր, վերջ ի վերջո կանգնեցին:
Մանուկը դուռը բացեց, առանց իջնելու` մի ձեռքը բռնակին կիսաշրջվեց, ձայն տվեց խավարի մեջ, ի պատասխան ոչինչ չլսեց: Նա մտածեց, որ գուցե նրանք էլ իրեն են կանչում, մոմլաթե տանիքին թափվող անձրևի պատճառով է, որ պատասխանը չի լսում: Հավանաբար նեխահոտը անտառի թացությունից էր գալիս, հետո Մանուկն զգաց, որ հոտը ոչ թե անտառից է առնում, այլ բրեզենտից` որով Շիրակին փաթաթած բերեցին: Սկսեցին սպասել` մինչև նրանք ցեխի մեջ ընկնել-ելնելով կգային, կհասնեին մեքենային, այդ ընթացքում Շիրակը, ուշաթափվելուց առաջ, աղերսանքով մի քանի անգամ բարու և չարի անուններ տվեց: Մանուկը նրա դեմքին ջուր ցողեց, ականջի տակ` «Շիրակ», «Շիրակ» գոռալով, ուշաթափությունից հետ բերեց, միայն դրանից հետո նկատեց, որ նրանք եկել, «Վիլիս»-ի բաց դռան դեմն են կանգնել: Նա, խցիկից ընկնող աղոտ լույսի մեջ, իր դեմ` ձեռքերը ձեռքերի վրա փորներին շարած, խորը ծերության հասած երկու միանման պառավների տեսավ: Տեսնում էր, թե ինչպես է քթների ծայրից անձրևաջուրը կաթկթում:
Սրապյան Հենդոն հարցրեց, թե ինչու՞ են նրանք նահանջող ժողովրդից այդքան շատ հետ ընկել:
Մանուկը նկատեց, թե ինչպես նրանցից մեկը դեմքից հոսող ջուրը ափով մաքրելուց հետո, ձեռքը փեշի վրա սրբելով` պատասխանում էր: Անձրևի պատճառով նա բառերը ամբողջական չէր լսում: Մտածեց, որ մոմլաթե տանիքին կտկտոցը` գուցե Մորզեի ազդանշաններ են:
Հետո Մանուկն սկսեց բարձրաձայն առարկել: Նա համոզված էր, որ ճիշտ կլիներ չտեղաշարժեին Շիրակին, թողնեին` հետևի նստարանին պառկած հանգիստ մեռնի: Մանուկը կրկին հակառակվելով խոսեց, թե ինչ անհրաժեշտություն կար վերցնել պառավներին` ինչն էր դրդել այդպես:
Նրանցից մեկն ասում էր, որ արդեն, իրենք նույնիսկ օգնություն չէին կարողանում կանչել:
Մանուկի ուշադրությունը գրավեց այն, որ նրանց` «Վիլիս»-ի բաց դռան դեմ հայտնվելուց ի վեր, Շիրակը միանգամից խաղաղվեց: Այդ միտքն ավելի կաշկանդեց նրան: Մանուկը լսեց, թե ինչպես ճչաց գիշերային թռչունը, սակայն նրա ճիչն ինքը «Վիլիս»-ի մեջ չէր լսի:
Ավելի ուշ, տեղ բացելու համար, Գոռը Սրապյան Հենդոյի օգնությամբ առջևի երկու նստարանների արանքից Շիրակին դեպի իրեն էր ձգում: Մանուկը լսեց, թե ինչպես Շիրակի բաճկոնի կտրտվող կոճակները կտկտալով շաղ եկան: Հետո նա տեսավ, թե ինչպես Գոռը նրա վիրավոր մարմինը, փոքր երեխայի պես, վերցրեց գիրկը, երկու ձեռները մտցրեց թևատակերից` ագուցելով փորի վրա, սեղմեց կրծքին:
Մանուկը նաև այդ պահին նկատեց, թե ինչպես են պառավները Շիրակի ազատված տեղը զբաղեցնում: Տեսավ` նրանք ոտաբոբիկ են, այնպես, կարծես շատ հարգված սրբավայր կամ եկեղեցի մտնեն: Ձգված նստեցին, հետո ամեն մեկը ցեխակոլոլ կրկնակոշիկները դրեց գիրկը. մազերից ու հոնքերից ջուր էր կաթկթում:
Մեքենայի շարժիչը չէր աշխատում, դրա համար էլ Մանուկը պարզորոշ լսեց, թե ինչպես անտառում ոտքի տակ ընկած ճյուղ ճայթեց, քիչ հետո` կենտ մի հազ: Նրա լարվածությունը միանգամից Գոռին ու Սրապյան Հենդոյին փոխանցվեց: Պառավը հանգստացրեց նրանց, ասաց, որ խրտնած եղջերուն մացառուտն է ընկել: Մանուկը հարցրեց, թե նա որտեղից գիտե, երբ ոչին չի երևում: Ասաց, որ գիտե: Մանուկը հարցրեց, թե նա դրանով ինչ է ցանկանում ասել, սակայն իր տված հարցը շատ անիմաստ թվաց և նրանցից պահանջեց, որ հագնեն կոշիկները, որովհետև հատակին` դեղերի ջարդոտված սրվակների ապակիներ են թափթփված: Նրանք ծնկների վրա պահելով կրկնակոշիկները` համառորեն հրաժարվեցին: Մանուկը վեճի բռնվեց պառավների հետ և ասաց` ինչ անհրաժեշտություն կար նրանց վերցնելու: Ցածրահասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածն ասաց, որ արդեն իրենք անգամ օգնություն չէին կարողանում կանչել:
Մանուկի զգոնությունն այնպես էր սրված, որ «Վիլիս»-ի շարժիչի հետ միացած լույսերի մեջ անմիջապես նկատեց` թաց խճուղին ակնթարթորեն կտրող եղջերուին: «Դուրս է եկել»,- ասաց պառավներից մեկը: Մանուկը դրանից բորբոքվելով ասաց` «Հետո ինչ» և դարձյալ իրենը պնդեց` հարվածելով կոշիկներին նրա գրկից թափեց ցած: Պահանջեց, որ հագնեն: Ցածրահասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածը վերցրեց կրկնակոշիկները, դարձյալ դրեց ծնկներին: Գոռն ու Սրապյան Հենդոն սաստեցին, որ Մանուկը լռի: Որոշ ժամանակ անցավ, նա գլխի ընկավ, որ նրանց` մեքենան մտնելուց ի վեր, Շիրակը տառապանքներից, հուսահատ վախից այնպես է հանգստացել, որ մի խաղաղ ժպիտ է ձգվել շուրթերին:
Շիրակի մեռնելուց մի քանի վայրկյան առաջ, փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածն ասաց, որ ոտաբոբիկ ներս գալով` իրենք այդպես հարգում են նրանց: